Խցից դուրս գալով, Կաղլիկը սարդոստայնով իջավ ցած և գնաց իր գործին։
==Գլուխ քսանչորսերորդ==
Չիպոլինոն հույսը բոլորովին կտրում է
Հենց նույն օրը Չիպոլինոն իր շապկից մի կտոր կտրեց և բաժանեց մի քանի մասի։
«Ահա նամակի թուղթ, ― հաճույքով մտածեց նա ― Սպասենք մինչև թանաք բերեն»։
Երբ Լիմոնուկը նրան ընթրիքի համար ապուր բերեց, Չիպոլինոն չկերավ։ Գդալով նա պատի աղյուսից մի քիչ քերեց և, լցնելով ապուրի մեջ, լավ խառնեց։ Հետո գդալի պոչով մի քանի նամակ գրեց։
«Թանկագին հայրիկ, ― ասվում էր առաջին նամակում, ― դու հիշո՞ւմ ես, թե ես ինչ եմ խոստացել քեզ։ Ահա՛, այդ րոպեն մոտենում է։ Ես ամեն ինչ լավ մտածել եմ։ Համբույրներով քո՝ Չիպոլինո»։
Երկրորդ նամակում, որ հասցեագրված էր Խլուրդին, ասվում էր․
«Սիրելի ծերուկ Խլուրդ, չկարծես, թե ես քեզ մոռացել եմ։ Բանտում անելիք չունեմ և անընդհատ մտածում եմ իմ հին բարեկամների մասին։ Շատ մտածեցի, մտածեցի և տեսա, որ դու երևի կկարողանաս ինձ ու իմ հորը օգնել։ Գիտեմ, որ դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց եթե քեզ հաջողվի մի հարյուր խլուրդ հավաքել, ապա ընդհանուր ուժերով հնարավոր կլինի բոլոր դժվարություններն հաղթահարել։ Սպասում եմ քո պատասխանին, ավելի ճիշտ՝ սպասում եմ քեզ իմ խցում։ Այսպես, ուրեմն, ցտեսություն։ Քո վաղեմի բարեկամ՝ Չիպոլինո»։
Հետգրություն․ «Այստեղ քո աչքերն այլևս չեն ցավի։ Իմ նկուղում ավելի մութ է, քան թանաքամանի մեջ»։
Երրորդ նամակում ասվում էր․
«Թանկագին Բալուկ, քո մասին ոչինչ չգիտեմ, բայց հավատացած եմ, որ դու մեր անհաջողությունից չես վհատվել։ Խոսք եմ տալիս քեզ, որ մենք շուտով ասպետ Պոմիդորի հաշիվը լրիվ կմաքրենք։ Այստեղ ես շատ բաների մասին խորհեցի, որոնց մասին դրսում մտածելու ժամանակ չկար։ Սպասում եմ քո օգնությանը։ Մի նամակ էլ ուղարկում եմ քեզ՝ Խլուրդի համար։ Դիր պայմանավորված տեղը։ Շուտով էլի կգրեմ։ Բարևիր բոլորին․ Չիպոլինո»։
Նամակները նա պահեց բարձի տակ, մնացած թանաքը թափեց մահճակալի տակի փոսը, դատարկ ամանը տվեց Լիմոնուկին և պառկեց քնելու։
Հետևյալ օրը նույն փոստատարը Չիպոլինոյի հորից մի ուրիշ նամակ բերեց։ Ծեր Չիպոլոնեն գրում էր, որ շատ ուրախ է տղայից լուր ստանալու համար և խորհուրդ էր տալիս շապիկը խնայողաբար օգտագործել։
Չիպոլինոն գրեթե ամբողջ շապկի կեսը կտրեց, փռեց հատակին, մատը թաթախեց թանաքի մեջ և սկսեց գրել։
― Այդ ի՞նչ ես անում, ― ընդհատեց նրան փոստատարը, ― եթե դու ամեն մի նամակի վրա այդքան մեծ կտոր օգտագործես, մի շաբաթ հետո էլ ինչի՞ վրա պիտի գրես։
― Մի՛ վախեցիր, ― պատասխանեց Չիպոլինոն, ― մի շաբաթ հետո ես այլևս այստեղ չեմ լինի։
― Տղա՛ս, վախենում եմ սխալվես։
― Հնարավոր է։ Բայց ինձ դիտողություն անելու փոխարեն, չէի՞ր կարող արդյոք օգնել ինձ։
― Իմ ութ ոտներն էլ քո տրամադրության տակ են։ Ի՞նչ ես ուզում անել։
― Ես ուզում եմ մանրամասն գծագրել բանտի հատակագիծը։ Ճշտությամբ նշել բոլոր հարկերը, արտաքին պատը, բակը և այլն։
― Այդ արդեն դժվար չէ․ ես բանտի ամեն մի սանտիմետրը գիտեմ։
Կաղ սարդի օգնությամբ Չիպոլինոն գծագրեց բանտի հատակագիծը և բակի տեղը մի խաչ դրեց։
― Ինչո՞ւ ես այստեղ խաչ դնում, ― հարցրեց Սարդը։
― Մի ուրիշ անգամ կբացատրեմ, ― խուսափելով պատասխանեց Չիպոլինոն, ― իսկ առայժմ քեզ երեք նամակ կտամ։ Մեկը կտաս հորս, իսկ այս երկուսը և հատակագիծը հարկավոր է տանել ընկերոջս։
― Բանտից դո՞ւրս։
― Այո՛, երիտասարդ կոմս Բալուկին։
― Իսկ հեռո՞ւ է ապրում նա։
― Կոմսի ամրոցում, բլրի վրա։
― Հա՛, գիտեմ որտեղ։ Հորեղբորս տղան ծառայում է այդ ամրոցի ձեղնահարկում։ Ինչքա՜ն է ինձ իր մոր հրավիրել, բայց այդպես էլ ազատ ժամանակ չունեցա։ Ասում են, այնտեղ շատ գեղեցիկ է։ Ի՞նչ կա որ, կգնամ, միայն ո՞վ պիտի իմ փոխարեն փոստը բաժանի։
― Թեև դու մի ոտքով կաղում ես, բայց գնալ֊գալու համար քեզ երկու օր է պետք։ Ես կարծում եմ, որ երկու օր կարելի է առանց նամակի յոլա գնալ։
― Ես ոչ մի օր էլ չէի ուզենա բացակայել, բայց եթե հարկավոր է այդ նամակները շտապ տեղ հասցնել․․․
― Շա՜տ շտապ, ― ընդհատեց Չիպոլինոն, ― խոսքը վերաբերում է չափազանց կարևոր մի գործի, որից կախված է կալանավորների ազատագրությունը։
― Բոլո՞ր կալանավորների։
― Այո՛, բոլոր, ― պատասխանեց Չիպոլինոն։
― Այդ դեպքում, հենց որ այսօրվա փոստը բաժանեմ, ճանապարհ կընկնեմ։
― Սիրելի բարեկամ, չգիտեմ, թե ինչպես շնորհակալ լինեմ քեզանից։
― Սա շնորհակալության համար չեմ անում, ― պատասխանեց կաղ փոստատարը, ― եթե բանտը դատարկվի, և վերջապես կկարողանամ բնակվել գյուղում։
Նամակները նա դրեց պայուսակի մեջ և կաղալով գնաց դեպի պատուհանը։
― Ցտեսությո՜ւն, հաջողությո՛ւն քեզ, ― շշնջաց Չիպոլինոն, հայացքով ուղեկցելով փոստատարին, որն այս անգամ անվտանգության համար մագլցում էր առաստաղով։
Այն վայրկյանից, երբ Սարդը կորավ պատուհանի հետևում, Չիպոլինոն սկսեց հաշվել ժամերն ու րոպեները։ Ժամանակը շատ դանդաղ էր անցնում։
Երբ մի օր անցավ, Չիպոլինոն մտածեց․ «Հիմա նա ամրոցի մոտերքում կլինի։ Բայց ճանապարհը կգտնի՞։ Ինչ խոսք, որ կգտնի․ ամրոցի մոտերքում շատ սարդեր կան և եթե իմանան, որ փոստատարը կոմսի ձեղնահարկում ապրող նշանավոր սարդի բարեկամն է, մեկն ու մեկը երևի կուղեկցի նրան»։
Եվ Չիպոլինոն պատկերացրեց, թե ինչպես է փոքրիկ, պառաված ու սպիտակած սարդիկը կաղալով մագլցում ձեղնահարկ, ինչպես է իր հորեղբոր տղայից իմանում Բալուկի սենյակի տեղը, ապա իջնում նրա մոտ և, կամաց արթնացնելով՝ նամակները տալիս նրան։
Չիպոլինոն ուղղակի չգիտեր, թե ինչ անի․ ամեն ժամ, ամեն րոպե սպասում էր փոստատարի վերադարձին։ Սակայն երկրորդ, երրորդ օրն էլ անցավ, բայց Կաղլիկ Սարդն այնպես էլ չէր երևում։ Կալանավորները նամակ չստանալով, շատ անհանգստանում էին։ Գնալիս փոստատարը ոչ ոքի չէր հայտնել իր գաղտնի հանձնարարության մասին, միայն ասել էր, թե երկու օրով արձակուրդ է վերցնում։ Իսկ ինչո՞ւ չէր վերադառնում։ Չլինի՞ որոշել էր այլևս բանտ չվերադառնալ և գնալ գյուղ, որի մասին նա այնքան երազում էր։ Կալանավորները չգիտեին, թե ինչ ենթադրեն։ Սակայն ամենից շատ Չիպոլինոն էր անհանգստացել։
Չորրորդ օրը կալանավորներին զբոսանքի հանեցին։ Չիպոլինոն սկսեց աչքերով փնտրել հորը։ Բայց սա բակում չէր, և ոչ ոք չէր կարողանում ասել, թե ինչ է պատահել։ Մի քանի անգամ շրջանցելով բակը, Չիպոլինոն վերադարձավ իր խուցը և հուսահատված նետվեց մահճակալի վրա։ Նա գրեթե իր ամբողջ հույսը կորցրել էր։