Չորրորդ օրը կալանավորներին զբոսանքի հանեցին։ Չիպոլինոն սկսեց աչքերով փնտրել հորը։ Բայց սա բակում չէր, և ոչ ոք չէր կարողանում ասել, թե ինչ է պատահել։ Մի քանի անգամ շրջանցելով բակը, Չիպոլինոն վերադարձավ իր խուցը և հուսահատված նետվեց մահճակալի վրա։ Նա գրեթե իր ամբողջ հույսը կորցրել էր։
==Գլուխ քսանհինգերորդ==
Կաղլիկ Սարդի ու Յոթ ու կեսի արկածները
Իսկ ի՞նչ եղավ փոստատար սարդը։ Հիմա ձեզ կպատմեմ։
Բանտից դուրս գալով, նա գնաց փողոցով, աշխատելով որքան կարելի է մոտ լինել մայթին, որպեսզի սայլերի, սայլակների ու կառքերի տակ չընկնի։ Բայց քիչ էր մնացել ընկներ հեծանվի տակ։ Եթե ժամանակին մի կողմ չփախչեր, տեղն ու տեղը կճզմվեր։
«Աստվա՜ծ իմ, ― մտածեց նա, ― իմ ճանապարհորդությունը քիչ մնաց վերջանար առանց սկսվելու»։
Բարեբախտաբար իրենից քիչ հեռու նկատեց անձրևաջրի խողովակի բաց անցքը և ներս մտավ։ Նոր էր մտել, երբ մեկը նրան ձայն տվեց։ Իր անունը լսելով, Կաղլիկը շուռ եկավ և տեսավ իր հեռավոր ազգականներից մեկին։ Այդ ազգականը մի ժամանակ ապրում էր կոմսի խոհանոցում։ Սրա անունը Յոթ ու կես էր, որովհետև յոթ ու կես ոտք ուներ միայն։ Ութերորդ ոտքի կեսը կորցրել էր մի դժբախտ դեպքի հետևանքով, երբ անհաջող ընդհարում էր ունեցել ավելի հետ։
Կաղլիկը քաղաքավարի բարևեց իր հին բարեկամին, և Յոթ ու կեսն ուրախ շաղակրատելով ամեն ինչի մասին, իսկ ամենից շատ այն մասին, թե ինչպես կորցրեց իր ուրթերորդ ոտքի կեսը, քայլեց նրա հետ։
Յոթ ու կեսը հաճախ կանգ էր առնում, որպեսզի ավելի մանրամասն պատմի չարաբաստիկ ավելի հետ ունեցած իր ճակատագրական հանդիպման մասին, բայց Կաղլիկը կանգ չէր առնում և, Յոթ ու կեսին հետևից գցած, առաջ էր գնում, վախենալով, թե կարող է գայթակղվել և իր ուղեկցի հետ երկար ու սրտառուչ զրույցի բռնվել։
― Ո՞ւր ես այդպես շտապում, ― վերջապես հարցրեց Յոթ ու կեսը։
― Գնում եմ հորեղբորս տղայի մոտ, ― խուսափելով պատասխանեց Կաղլիկը։
Բանտում նա գաղտնապահության էր սովորել, դրա համար էլ լռեց այն մասին, թե Չիպոլինոյից Բալուկին ու Խլուրդին նամակ է տանում։
― Հորեղբորդ տղայի՞, ― հարցրեց Յոթ ու կեսը, ― նա, որ ապրում է ամրոցո՞ւմ։ Նա ինձ վաղուց է կանչում իր ձեղնահարկը։ Գիտե՞ս ինչ, ես կգամ քեզ հետ, մանավանդ որ հիմա ոչ մի շտապ գործ չունեմ։
― Կաղլիկը նույնիսկ չգիտեր դրա համար ուրախանա՞ր թե տխրեր։ Բայց հետո որոշեց, որ երկուսով ավելի ուրախ կլինի․ բացի այդ, եթե ճանապարհին իր հետ մի բան պատահեր, սա կարող էր իրեն օգնել։
― Ի՞նչ կա որ, գնանք, ― սիրալիր ասաց նա, ― միայն թե չէի՞ր կարող մի քիչ արագ քայլել։ Բանն այն է, որ ես շտապ հանձնարարություն ունեմ, և չէի ուզենա ուշանալ։
― Դու դեռ բանտում փոստատա՞ր ես, ― հարցրեց Յոթ ու կեսը։
― Ոչ, ազատվել եմ, ― պատասխանեց Կաղլիկը։
Թեև Յոթ ու կեսը նրա բարեկամն էր և նույնիսկ ազգականը, բայց որոշ բաներ կան, որոնց մասին պետք չէ ասել նույնիսկ ամենամոտիկներին։
Հանգիստ զրուցելով, նրանք քայլեցին, մինչև քաղաքը վերջացավ։ Այստեղ որոշեցին անձրևաջրի խողովակից դուրս գալ։ Կաղլիկը թեթևացած շունչ քաշեց, որովհետև խողովակի մեջ օդը շատ ծանր էր, և նրա գլուխը պտտվում էր։
Շուտով դաշտ դուրս եկան։ Հրաշալի օր էր, քամին օրորում էր բուրավետ խոտը։ Յոթ ու կեսը այնպես ագահորեն էր բերանը բացել, կարծես ուզում էր ամբողջ օդը կուլ տալ։
― Ինչքան լա՜վ է այստեղ, ― բացականչեց նա։ ― Ահա արդեն երեք տարի է, որ իմ անձրևաջրի խողովակից քիթս դուրս չեմ հանել։ Իսկ հիմա արդեն ինձ թվում է, թե ես ոչ մի գնով այնտեղ չեմ վերադառնա։ Չտեղափոխվե՞մ այս խաղաղ ու անմարդաբնակ գյուղական վայրը։
― Կարծեմ այստեղ շատ խիտ է բնակչությունը, ― առարկեց Կաղլիկը, ցույց տալով մրջյունների երկար շարքը, որոնք մի թրթուր էին քարշ տալիս մրջնաբուն։
― Քաղաքացի սինյորներին երևի դուր չեն գալիս մեր գյուղական վայրերը, ― չարությամբ ասաց իր բնի շեմին նստած ծղրիդը։
Յոթ ու կեսը որոշեց ինչ գնով էլ լինի կանգել և բացատրել ծղրիդին, թե ինքը ի՛նչ կարծիք ունի գյուղական հասարակության մասին։ Ծղրիդը պատասխանեց։ Յոթ ու կեսն առարկեց։ Ծղրիդն ինչ֊որ բան ծղրտաց։ Յոթ ու կեսը չհամաձայնեց նրա հետ։
Մի խոսքով՝ խոսակցությունը երկարեց, իսկ ժամանակը առաջ էր գնում ու ոչ մի րոպե կանգ չէր առնում։
Վիճաբանողների շուրջը մեծ բազմություն հավաքվեց՝ ծղրիդներ, բզեզներ, զատիկներ ու նույնիսկ մի քանի մժղուկ, որոնք զրույցին մասնակցում էին որոշ հեռավորությունից։
Ճնճղուկը, որ մինչ այդ ցույց էր տալիս, թե կարգավորում է փողոցային երթևեկությունը, ուշադրություն դարձրեց հավաքվածների վրա և թռավ եկավ, որպեսզի ցրի նրանց։ Այստեղ նա անմիջապես նկատեց Յոթ ու կեսին։ Ծի՜վ֊ծիրիրի՜։ Վատ պատառ չի իմ ծիտիկների համար, ― ծվծվաց նա։
Լավ էր, որ մժղուկը ժամանակին տագնապ բարձրացրեց․
― Փախե՜ք, փախե՜ք, ոստիկանը։
Մի ակնթարթում բոլոր բզեզներն ու զատիկները չքվեցին, կարծես գետնի տակ անցան։ Յոթ ու կեսը և Կաղլիկը թաքնվեցին ծղրիդի բնում, որը դուռն շտապ փակեց ու շեմքին պահակ կանգնեց։
Յոթ ու կեսը սարսափից ամբողջովին դողում էր, իսկ Կաղլիկը սկսեց արդեն զղջալ, որ իր հետ վերցրել է մի շատախոսի, որն առաջին պատահածի հետ վեճի բռնվեց և գրավեց ոստիկանության ուշադրությունը։
«Ահա և ինձ նկատի ունեցան, ― մտածում էր ծեր փոստատարը։ ― Ճնճղուկը անպայման իր մատյանում գրեց իմ մասին։ Իսկ ով ընկնի այդ մատյանը, ոչ մի լավ բան թող չսպասի»։
Նա դարձավ Յոթ ու կեսին և ասաց․
― Լսի՛ր, քավոր, ինչպես տեսնում եմ, մեր ճանապարհորդությունը քանի գնում վտանգավոր է դառնում։ Գուցե կբաժանվե՞նք իրարից։
― Ճիշտն ասած, դու ինձ զարմացնում ես, ― բացականչեց Յոթ ու կեսը, ― սկզբում ինքդ համոզեցիր, որ հետդ գամ, իսկ հիմա լքո՞ւմ ես դժբախտության մեջ։ Խոսք չկա, լա՛վ ընկեր ես։
― Բայց դու ինձ առաջարկեցիր միասին գնալ։ Ասենք, ոչինչ, այդ չէ կարևորը։ Ես ամրոց եմ գնում կարևոր հանձնարարությամբ և այստեղ նստելու ժամանակ չունեմ, թեև հյուրասիրության համար շատ շնորհակալ եմ ծղրիդից։
― Լա՛վ, ես քեզ հետ կգամ, ― համաձայնեց Յոթ ու կեսը, ― հորեղբորդ տղային խոստացել եմ այցելել իրեն և խոսքիս տերը կլինեմ։
― Դե ուրեմն գնանք, ― ասաց Կաղլիկը։
― Սինյորներ, մի րոպե սպասեցեք, ես նայեմ դուրս, տեսնեմ ոստիկանը որտեղ է, ― առաջարկեց զգույշ ծղրիդը։
Պարզվեց, որ ճնճղուկը դեռ իր պոստումն է։ Նա ցածր թռչելով, ուշադիր նայում էր խոտերին։
Յոթ ու կեսը մտահոգ հառաչեց և ասաց, որ նման պայմաններում ոչ մի քայլ չի անի։
― Որ այդպես է, ես մենակ կգնամ, ― վճռականորեն ասաց Կաղ Սարդը։
― Ի՞նչ ես ասում, ես ոչ մի կերպ քեզ թույլ չեմ տա, որ կյանքդ վտանգի ենթարկես, ― զայրացավ Յոթ ու կեսը, ― ես ճանաչում էի հանգուցյալ հորդ և ի սեր նրա հիշատակի պարտավոր եմ թույլ չտալ, որ դու գնաս դեպի անխուսափելի կործանում։
Մնում էր նստել ու սպասել։ Եվ քանի որ Ճնճղուկը չէր հոգնում և միտք չուներ գնալ հանգստանալու, ամբողջ օրը անցավ սպասողական ծանր դրության մեջ։ Մայրամուտին ոստիկանը վերջապես գնաց իր զորանոցը՝ գերեզմանոցի մոտակա սոսիները, և մեր ճանապարհորդները սիրտ արեցին նորից ճանապարհ ընկնել։
Կաղլիկը շատ էր վշտացած, որ մի ամբողջ օր կորցրեց։
Գիշերը նրանք կարող էին ցերեկվա տեղը հանել և բավականաչափ հեռու գնալ, բայց Յոթ ու կեսը հանկարծ հայտարարեց, թե շատ հոգնել է և ուզում է հանգստանալ։
― Դա հնարավոր չէ, ― բողոքեց Կաղլիկը, ― միանգամայն անհնարին է։ Ես այլևս չեմ կարող կանգ առնել։
― Ուրեմն ուզում ես ինձ գիշերը թողնել կես ճանապարհի՞ն։ Այդպե՞ս ես վարվում քո հոր հին ընկերոջ հետ։ Շատ կուզենայի, որ խեղճ ծերուկը հիմա կենդանի լիներ և բարեկամների հետ այնքան անգութ վարվելու համար մի լավ հախիցդ գար։
Կաղլիկը ստիպված էր այս անգամ էլ հնազանդվել։ Ճամփորդները ինչ֊որ մի եկեղեցու ջրհորդանի հետևում հանգստանալու համար տեղ գտան։
Կարիք չկա ասելու, որ Կաղլիկն ամբողջ գիշերը աչք չկպցրեց և կատաղությամբ նայում էր իր ճամփորդության ընկերոջը, որը փառահեղ կերպով խռմփացնում էր։
«Եթե այս վախկոտն ու շատախոսը չլիներ, ես հիմա տեղ հասած կլինեի, գուցե նույնիսկ լինեի վերադարձի ճանապարհին», ― մտածում էր նա։
Լույսը բացվելուն պես նա առանց երկար֊բարակ մտածելու Յոթ ու կեսին արթնացրեց։
― Գնա՛նք, ― հրամայեց նա։
Բայց Կաղլիկը դեռ ստիպված էր սպասել, մինչև Յոթ ու կեսն իրեն կարգի բերեր։ Անպիտան ծերուկը յոթ ու կես ոտները խնամքով մաքրեց, վերջացրեց և միայն դրանից հետո ասաց, որ պատրաստ է ճանապարհը շարունակել։
Առավոտն անցավ առանց որևէ արկածի։
Կեսօրվա մոտ ճամփորդներն ընկան մի բաց տեղ, ուր բազմաթիվ անհասկանալի հետքեր կային։
― Տարօրինակ տեղ է, ― ասաց Յոթ ու կեսը, ― կարելի է կարծել, թե այստեղից մի ամբողջ բանակ է անցել։
Հեռվում մի ցածրիկ շինություն էր երևում, որտեղից ինչ֊որ բարձր, տագնապալից ձայներ էին գալիս։
― Ես հետաքրքրասեր չեմ, ― նորից քրթմնջաց Յոթ ու կեսը, ― բայց իմ ութերորդ թաթի երկրորդ կեսն էլ կտայի, որպեսզի իմանայի, թե որտեղ ենք, և ովքեր են բնակվում այնտեղ։
Բայց Կաղլիկն առանց շուրջը նայելու, արագ֊արագ առաջ էր գնում։ Նա սարսափելի հոգնել էր, որովհետև ամբողջ գիշեր չէր քնել։ Բացի այդ, գլուխն էլ շոգից ցավում էր։ Նրան թվում էր, թե երբեք չի հասնի ամրոցին, և թվում էր ինչքան գնում են, ամրոցն այնքան հեռանում է։ Ո՞վ գիտե, ճանապարհը չի՞ շփոթել։ Չէ՞ որ ամրոցի բարձր աշտարակները արդեն պետք է երևային․․․ Դե, իհա՛րկե, նրանք ճանապարհը կորցրել են։ Չէ՞ որ երկուսն էլ ծերացած են և ակնոցներ չունեն (որովհետև ոչ ոք դեռ ակնոցավոր սարդ չի տեսել)։ Գուցե անցել էին ամրոցի մոտով և չէին նկատել։
Կաղլիկն ամբողջովին տարված էր իր տխուր մտքերով, երբ մի փոքրիկ կանաչ որդուկ ճչալով սլացավ նրա մոտով․
― Ով կարող է թող ազատվի, հավե՜րը․․․
― Կորա՜նք, ― սարսափահար ծվաց Յոթ ու կեսը, որը շատ էր լսել այդ մեծ ու ագահ թռչունների մասին։
Իրեն կորցրած, նա արագ փոխելով իր իր յոթ բարակ ու երկար ոտները և կախ գցելով ութերորդ խեղված ոտքը, դիմեց փախուստի։
Նրա կաղ ուղեկիցն այնքան ճարպիկ չէր․ նախ այն պատճառով, որ նա շատ էր զբաղված իր մտքերով, երկրորդ՝ երբեք դեռ հավերի չէր հանդիպել և նույնիսկ չէր լսել նրանց մասին։ Բայց երբ այդ սարսափելի թռչուններից մեկը կտուցը բարձրացրեց, որ խփի, նա այնքան սիրտ ունեցավ, որ նամակների պայուսակն նետեց ընկերոջն ու ճչաց․
― Տա՛ր․․․
Բայց նա այլևս ժամանակ չուներ ասելու, թե ումն են ուղղված այդ նամակները։ Մի ակնթարթում հավը կուլ տվեց նրան։
Խե՜ղճ փոստատար։ Նա այլևս նամակներ չի տանի խցից խուց և կալանավորների հետ չի շաղակրատի։ Ո՛չ ոք այլևս չի տեսնի թե ինչպես է նա կաղալով բարձրանում բանտի խոնավ ու մռայլ պատերն ի վեր։
Ընկերոջ կործանումը Յոթ ու կեսին փրկեց։ Նա կարողացավ անցնել հավանոցը հարթակից բաժանող ցանցի հետևը և դեռ հավը չէր դարձել նրա կողմը, երբ նա արդեն անվտանգ տեղումն էր։ Դրանից հետո նա երկար ժամանակ գիտակցությունը կորցրեց։
Երբ Յոթ ու կեսն ուշքի եկավ, ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, թե որտեղ է գտնվում։ Արևն արդեն մայր էր մտնում․ ուրեմն՝ նա մի քանի ժամ ուշաթափված է եղել։
Իրենից մի երկու քայլ հեռու նա տեսավ սարսափելի հավին, որն ամբողջ ժամանակ աչքը նրանից չէր կտրում և աշխատում էր երկաթալարի ցանցի միջով կտցել նրան։
Այդ սարսափելի կտուցը սարդին հիշեցրեց Կաղլիկի տխուր վախճանը։ Յոթ ու կեսը ծանր հառաչեց իր մեռած ընկերոջ համար և փորձեց տեղից շարժվել։ Եվ միայն այստեղ նկատեց, որ իր խեղված ութերորդ ոտքի վրա ինչ֊որ ծանրություն է ընկած։ Դա այն փոստային պայուսակն է, որ Կաղլիկը մեռնելուց առաջ նետեց իր կողմը։
«Իմ քաջ ընկերը կտակեց՝ նամակները տանել ինչ֊որ մեկին տալ, ― մտածեց Յոթ ու կեսը, ― բայց ո՞ւմ, ո՞ւմ․․․ Լավ չի՞ լինի այս պայուսակը նետել առաջին պատահած առուն և վերադառնալ անձրևաջրի խողովակը։ Այնտեղ ոչ ճնճղուկ կա, ոչ էլ հավ։ Ճիշտ է, խողովակի մեջ օդը շատ հեղձուցիչ է, բայց անվտանգությունը լիակատար է։ Բայց թե աչքի անցկացնեմ պայուսակը, միայն հետաքրքրության համար»։
Նա սկսեց նամակները կարդալ։ Կարդում ու արցունքները չէր կարողանում զսպել։ Մի քանի անգամ արցունքները սրբեց, որ կարողանա ընթերցանությունը շարունակել։
― Եվ ինձ ոչի՜նչ չասաց իր հանձնարարության մասին։ Ես էլ ոչինչ չիմանալով, անընդհատ իմ շատախոսությամբ նրան ետ էի գցում, այն ժամանակ, երբ նա պետք է շտապեր։ Ո՛չ, ո՛չ, հիմա ինձ ամեն ինչ պարզ է, Կաղլիկն իմ մեղքով զոհվեց, և ես պարտավոր եմ կատարել նրա վերջին կամքը։ Թեկուզ և մեռնեմ, գոնե հավատարիմ ընկերոջս հիշատակը հարգելու համար մի բան արած կլինեմ։
Յոթ ու կեսը ճանապարհ ընկավ նույնիսկ առանց քնելու և լուսաբացին բարեհաջող հասավ ամրոց։ Նա հեշտությամբ գտավ ձեղնահարկը, և նրան ջերմորեն ընդունեց ազգական սարդը։ Եղածի մասին մի փոքր զրուցելուց հետո, նրանք նամակները տվեցին Բալուկին, որը խռովությանը մասնակցելու համար պատժված լինելով, դեռևս նստած էր ձեղնահարկում։ Հետո ամրոցում ապրող սարդը Յոթ ու կեսին առաջարկեց ամբողջ ամառն անցկացնել իր մոտ, և ծեր շաղակրատը սիրով համաձայնեց։ Նրա համար շատ սարսափելի էր վերադառնալը։