Changes

Ապուշը

Ավելացվել է 210 033 բայտ, 14:01, 21 Փետրվարի 2016
— Ես ինքս էլ, Կոլյա, մտադիր էի. ինձ պետք էր տեսնել ձեր հայրիկին... մի առիթով... Գնանք, ուրեմն։
===XII===
===XIII===Կոլյան իշխանին ուղեկցեց մինչև Lիտեյնայա, մի սրճարան֊բիլիարդանոց, ցածի հարկում, մուտքը փողոցի կողմից։ Այստեղ աջակողմյան անկյունում, առանձին սենյակում, ինչպես սովորական հին հաճախորդ, տեղավորվել էր Արդալիոն Ալեքսանդրովիչը, շիշն առաջը գրած փոքրիկ սեղանին և իրոք «Independance Belցe»֊ի ձեռքին։ Նա սպասում էր իշխանին. հենց որ տեսավ, անմիջապես մի կողմ դրեց լրագիրը և սկսեց տաք֊տաք երկար֊բարակ մի բացատրություն, որից, ի դեպ, իշխանը գրեթե ոչինչ չհասկացավ, որովհետև գեներալը արդեն համարյա պատրաստ էր։
===XIV===— Տասը ռուբլի ես չունեմ,— ընդհատեց իշխանը,— Բայց ահա քսանհինգ, մանրեցեք և տասնհինգը ինձ տվեք, որովհետև ես ինքս էլ մնում եմ առանց կոպեկի։
===XV===— Օ, անկասկած, և վստահ եղեք, որ դա իսկույն ևեթ...
— Բացի այդ, ես մի ուրիշ խնդիրք ունեմ, գեներալ։ Դուք երբե՞ք չեք եղել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ — Ե՞ս։ Ե՞ս չեմ եղել, դուք այդ ի՞նձ եք ասում։ Մի քանի անգամ, սիրելիս, մի քանի անգամ,— բղավեց գեներալն ինքնագոհ և հաղթական իրոնիայի նոպայով,— բայց ես, վերջապես, ինքս վերջ տվի, որովհետև չեմ ուզում խրախուսել անվայելուչ միությունը։ Դուք ինքներդ տեսաք, դուք վկա էիք այս առավոտ, ես արեցի այն ամենը, ինչ կարող էր անել հայրը, բայց հեզ և ներողամիտ հայրը, իսկ հիմա բեմ դուրս կգա մի ուրիշ տեսակի հայր, և այն ժամանակ կտեսնեք, կնայեք, արդյոք վաստակած հին զորակա՞նը կհաղթահարի ինտրիգը, թե՞ անամոթ կամելիան կմտնի ազնվաբարո ընտանիքը։ — Իսկ ես հենց ուզում էի ձեզ խնդրել, չե՞ք կարող դուք, որպես ծանոթ, այսօր երեկոյան ինձ տանել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Դա ինձ պետք է անպայման հենց այսօր, ես գործ ունեմ, բայց ես բոլորովին չգիտեմ, թե ինչպես մտնեմ։ Ինձ այն ժամանակ ծանոթացրին, բայց չհրավիրվեցի, այսօր այնտեղ հրավիրյալ երեկույթ է։ Ես, ի դեպ, պատրաստ եմ թռչել որոշ քաղաքավարությունների վրայից, և նույնիսկ թող վրաս ծիծաղեն, միայն թե մի կերպ մտնեմ։ — Եվ դուք միանգամայն, միանգամայն իմ միտքն արտահայտեցիք, իմ երիտասարդ բարեկամ,— բացականչեց գեներալը հիացմունքով,— ես ձեզ այս մանրուքի համար չէի կանչել,— շարունակեց նա, ընդսմին չանթելով փողը և ուղարկելով իր գրպանը,— ես հենց կանչում էի ձեզ, որպեսզի հրավիրեի ընկերանալու դեպի Նաստասյա Ֆիլիպովնան արշավելու, կամ, ավելի լավ է ասել, Նաստասյա Ֆիլիպովնայի վրա արշավելու։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկիՆը։ Ի՜նչ տպավորություն կգործի սա նրա վրա։ Իսկ ես, նրա ծննդյան օրը, սիրալիրության անվան տակ, վերջապես, կբարբառեմ իմ կամքը, անուղղակի, ոչ ուղղակի, բայց ամեն ինչ կլինի կարծես թե նաև ուղղակի։ Այն ժամանակ Գանյան ինքը կտեսնի, թե ինչպես վարվի, արդյոք վաստակած և... այսպես ասած... և այլն հա՞յրը, թե... բայց ինչ լինելու է, այն էլ կլինի։ Ձեր իդեան վերին աստիճանի արգասավոր է։ Ժամը իննին մենք կգնանք, մենք դեռ ժամանակ ունենք։ — Նա որտե՞ղ է ապրում։ — Այստեղից հեռու է. Մեծ թատրոնի մոտ, Միտովցովայի տանը, համարյա հենց հրապարակի վրա, գեղահարկում... Նրա մոտ մեծ հավաքույթ չի լինի, շատ էլ որ անվանակոչիկ է, և վաղ կցրվեն... Վաղուց արդեն երեկո էր. իշխանը դեռ նստած ականջ էր դնում, սպասում էր գեներալին, որն անթիվ-անհամար անեկդոտներ էր սկսում, բայց ոչ մեկը չէր վերջացնում։ Երբ իշխանը եկավ, նա մի նոր շիշ պահանջեց և միայն մի ժամ հետո վերջացրեց այն, հետո մի ուրիշը պահանջեց և դա էլ վերջացրեց։ Պետք է ենթադրել, որ այդ ընթացքում գեներալը հասցրեց պատմել համարյա իր ամբողջ պատմությունը։ Վերջապես, իշխանը վեր կացավ և ասաց, որ այլևս չի կարող սպասել։ Գեներալը շշից խմեց վերջին տակուցքը, վեր կացավ և դուրս եկավ սենյակից, ոտները շատ անհաստատ փոխելով։ Իշխանը հուսահատված էր։ Նա չէր կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր այդպես հիմարաբար վստահել։ Ըստ էության նա երբեք չէր էլ վստահել, նա հույսը դրել էր գեներալի վրա, որպեսզի միայն որևէ կերպ մտներ Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, թեկուզև որոշ սկանդալի գնով, բայց չէ՞ որ նկատի չուներ արտակարգ սկանդալ. դուրս եկավ, որ գեներալը բոլորովին հարբած էր, սաստիկ պերճախոսությամբ տարված, և խոսում էր առանց դադարի, զգացված, հոգում արցունքներ։ Խոսքը շարունակ այն մասին էր, որ իր ընտանիքի բոլոր անդամների վատ վարքի պատճառով ամեն ինչ կործանվում էր, և որ, վերջապես, ժամանակն է այդ ամենին վերջ տալու։ Նրանք վերջապես դուրս եկան Լիտեյնայա։ Հալոցքը դեռ շարունակվում էր. վհատ, գաղջ, խոնավ քամին սուլում էր փողոցներում, կառքերը շլմփում էին ցեխի մեջ, վարգուն ձիերն ու յաբուները պայտերը զրնգուն խփում էին սալահատակին։ Հետիոտն անցորդները վհատ ու թրջված ամբոխով թափառում էին մայթերի վրա։ Պատահում էին հարբածներ։ — Տեսնո՞ւմ եք այդ լուսավորված գեղահարկերը,— ասում էր գեներալը,— այստեղ են ապրում իմ բոլոր ընկերները, իսկ ես, որ առավել երկար եմ ծառայել և առավել տուժել, ես հետիոտն քարշ եմ գալիս դեպի Մեծ թատրոն, մի կասկածելի կնոջ բնակարան։ Մի մարդ, որի կրծքում տասներեք գնդակ կա... չե՞ք հավատում։ Մինչդեռ միայն ինձ համար Պիրոգովը Փարիզ հեռագրեց և ժամանակավորապես հեռացավ պաշարված Սևաստոպոլից, իսկ Նելատոնը՝ Փարիզի արքունի բժիշկը, հանուն գիտության ազատ անցագիր ձեռք բերեց և պաշարված Սևաստոպոլ եկավ ինձ քննելու։ Այդ մասին ամենաբարձր հրամանատարությանը հայտնի է. «Հա՜, դա այն Իվոլգի՞նն է, որի կրծքում տասներեք գնդակ կա»... Ահա՛ թե ինչպես են ասում։ Տեսնո՞ւմ եք այս տունը, իշխան։ Այստեղ, գեղահարկում ապրում է հին ընկերս՝ գեներալ Սոկոլովիչը, ամենաազնիվ և ամենաբազմանդամ ընտանիքով։ Ահա այս տունը և երեք տուն Նևսկու վրա, մեկ էլ երկու տուն Մորսկայա փողոցի վրա — ահա իմ այժմյան ծանոթության ողջ շրջանակը, այսինքն, իսկն ասած, իմ անձնական ծանոթության։ Նինա Ալեքսանդրովնան արդեն վաղուց է հնազանդվել հանգամանքներին։ Իսկ ես դեռ շարունակում եմ մտաբերել... և, այսպես ասած, հանգստանալ նախկին ընկերներիս և ստորադրյալներիս ուսյալ միջավայրում, որոնք մինչև հիմա ինձ պաշտում են։ Այս գեներալ Սոկոլովիչը (ի դեպ, վաղուց է նրա մոտ չեմ եղել և Աննա Ֆյոդորովնային չեմ տեսել)․․․ գիտե՞ք, սիրելի իշխան, երբ ինքդ չես ընդունում, ակամա դու էլ դադարում ես ուրիշների մոտ գնալուց։ Մինչդեռ․․․ հըմ․․․ դուք, կարծես, չեք հավատում․․․ Ի դեպ, ինչո՞ւ իմ մանկության լավագույն բարեկամի ու ընկերոջ որդուն չմտցնեմ այս հմայիչ ընտանեկան տունը։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը։ Դուք կտեսնեք մի հրաշագեղ աղջիկ, ասենք, ոչ մեկ, երկու, նույնիսկ երեք, մայրաքաղաքի և հասարակության զարդը, գեղեցկություն, կրթություն, ուղղություն... կանանց հարց, բանաստեղծություններ, այդ բոլորը միացել է որպես մի երջանիկ բազմազան խառնուրդ, չհաշված առնվազն ութսուն հազար ռուբլի զուտ փողով հաշված օժիտը յուրաքանչյուրին, որը երբեք ոչ մի կանանց և սոցիալական հարցի դեպքում չի խանգարում... մի խոսքով, ես անպայման, անպայման պետք է և պարտավոր եմ ձեզ ծանոթացնել։ Գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը։ — Հիմա՞, ա՞յժմ։ Բայց դուք մոռացաք,— սկսեց իշխանը։ — Ես ոչինչ, ոչինչ չեմ մոռացել, գնանք։ Այստե՛ղ, դեպի այս հոյակապ սանդուղքը։ Զարմանում եմ, ինչպե՞ս է, որ բարապան չկա, բայց... տոն է, և բարապանը բացակայում է։ Դեռ չեն վռնդել այդ հարբեցողին։ Այդ Սոկոլովիչը իր կյանքի ու ծառայության ամբողջ երջանկությամբ պարտական է ինձ, միմիայն ինձ և ուրիշ ոչ ոքի, բայց... ահա և այստեղ ենք։ Իշխանն այլևս այցելությանը չէր առարկում և հնազանդ հետևում էր գեներալին, որպեսզի չգրգռի նրան, հաստատ հույս ունենալով, որ գեներալ Սոկոլովիչն ու ամբողջ ընտանիքը կամաց֊կամաց միրաժի պես կցնդեն, կպարզվի, որ գոյություն չունեն, և իրենք ամենայն հանգստությամբ ետ կիջնեն սանդուղքից։ Բայց, ի սարսափ իր, նա սկսեց կորցնել այդ հույսը, գեներալը նրան սանդուղքով վեր էր տանում, ինչպես մի մարդ, որ իրոք ծանոթներ ունի այստեղ, և րոպեն մեկ մաթեմատիկական ճշգրտություն պարունակող կենսագրական և տեղագրական ծանոթություններ էր տալիս։ Վերջապես, երբ արդեն գեղահարկը բարձրանալով կանգ առան աջ կողմում մի հարուստ բնակարանի դռան առաջ, և գեներալը բռնեց զանգակի կոթը, իշխանը վերջնականապես որոշեց փախչել. բայց մի տարօրինակ հանգամանք մի րոպեով նրան ետ պահեց։ — Դուք սխալվեցիք, գեներալ,— ասաց նա,— դռան վրա գրված է Կուլակով, իսկ դուք զանգ եք տալիս Սոկոլովիչին։ — Կուլակով... Կուլակովը ոչինչ չի ապացուցում։ Բնակարանը Սոկոլովիչինն է, և ես զանգ եմ տալիս Սոկոլովիչին, թքած Կուլակովի վրա... ահա և բացում են։ Դուռը իրոք բացվեց։ Լակեյը դուրս նայեց և ազդարարեց, որ «տերերը տանը չեն»։ — Ափսոս, ափսոս, և կարծես թե հակառակի պես,— խորագույն ափսոսանքով մի քանի անգամ կրկնեց Արդալիոն Ալեքսանդրովիչը։— Զեկուցեք, ուրեմն, սիրելիս, որ գեներալ Իվոլգինն ու իշխան Միշկինը ուզում էին անձնապես իրենց հարգանքը մատուցել և չափազանց, չափազանց ափսոսում են... Այդ րոպեին սենյակներից բաց դռնով դուրս նայեց ևս մի դեմք, ըստ երևույթին տան տնտեսուհու, գուցե նույնիսկ տնային դաստիարակչուհու, մուգ զգեստ հագած, մոտ քառասուն տարեկան մի տիկնոջ դեմքը։ Նա մոտեցավ հետաքրքրությամբ ու թերահավատությամբ, լսելով գեներալ Իվոլգինի և իշխան Միշկինի անունները։ — Մարիա Ալեքսանդրովնան տանը չէ,— ասաց նա, առանձնապես ուշադիր նայելով գեներալին,― մեկնել է օրիորդի՝ Ալեքսանդրա Միխայլովնայի հետ, տատիկի մոտ։ — Ալեքսանդրա Միխայլովնան էլ նրա հետ, օ, աստված, ինչպիսի՜ դժբախտություն։ Եվ պատկերացրեք, տիկին, ինձ միշտ այսպիսի դժբախտություն է վիճակվում։ Խոնարհաբար խնդրում եմ հաղորդեցեք իմ ողջույնը, իսկ Ալեքսանդրա Միխայլովնային, որպեսզի միտը բերի... Մի խոսքով հաղորդեցեք նրանց իմ սրտալի ցանկությունը այն բանի, ինչ ինքն իրեն ցանկանում էր հինգշաբթի օրը, երեկոյան, Շոպենի բալլադի հնչյունների ներքո. նա հիշում է... իմ սրտալի՛ ցանկությո ւնը։ Գեներալ Իվոլգին և իշխան Մի՜շկին։ — Չեմ մոռանա,— գլուխ տվևց տիկինը, որ ավելի դյուրահավատ էր դարձել։ Սանդուղքներից իջնելիս, գեներալը դեռ տաք-տաք շարունակում էր ափսոսալ, որ տանը չգտան և որ իշխանը զրկվեց այդպիսի հմայիչ ծանոթությունից։ — Գիտե՞ք, սիրելիս, ես մի քիչ բանաստեղծ եմ հոգով, նկատեցի՞ք։ Ասենք... ասենք, կարծես թե մի քիչ սխալ տեղ էինք գնացել,― եզրակացրեց նա հանկարծ բոլորովին անսպասելի,— Սոկոլովիչները, ես հիմա հիշեցի, ուրիշ տան են ապրում և նույնիսկ, կարծեմ, հիմա Մոսկվայում են։ Այո, ես մի քիչ սխալվեցի, բայց դա․․․ ոչինչ։ — Ես միայն մի բան կուզեի իմանալ,— վհատ նկատեց իշխանը,— արդյոք բոլորովի՞ն դադարեմ ձեզ վրա հույս դնելուց, և մենակ չգնա՞մ։ — Դադարե՞ք։ Հույս դնելո՞ւց։ Մենա՞կ։ Բայց ինչո՞ւ, երբ դա ինձ համար հույժ կարևոր նախաձեռնություն է, որից այնքան բան է կախված իմ ամբողջ ընտանիքի ճակատագրի հարցում։ Բայց, իմ երիտասարդ բարեկամ, դուք վատ եք ճանաչում Իվոլգինին։ Ով ասում է «Իվոլգին», նա ասում է «պատնեշ», հույս դիր Իվոլգինի վրա, ինչպես պատնեշի վրա, ահա ինչպես էին ասում դեռևս այն էսկադրոնում, որտեղից սկսել եմ ծառայությունս։ Միայն թե ճանապարհին մի քանի րոպեով մտնեմ մի տուն, որտեղ ահա արդեն մի քանի տարի է տագնապներից ու փորձություններից հետո հանգստանում է հոգիս... — Դուք ուզում եք մտնել տո՞ւն։ — Ո՜չ։ Ես ուզում եմ... այրի Տերենտևայի, կապիտան Տերենտևի, իմ նախկին ստորադրյալի․․․ և նույնիսկ բարեկամի այրու մոտ գնալ։ Այստեղ, կապիտանի այրու մոտ, ես վերածնվում եմ հոգով և այստեղ եմ բերում իմ առօրյա դարդ ու ցավերը... Եվ քանի որ հենց այսօր ես բարոյական շատ ծանր բեռ ունեմ, ուստի... — Ես կարծում եմ, առանց այն էլ մեծ հիմարություն արեցի,— մրթմրթաց իշխանը,— որ քիչ առաջ ձեզ անհանգստացրի։ Ըստ որում դուք հիմա... մնաք բարո՛վ։ — Բայց ես չեմ կարող, ախր չեմ կարող ձեզ բաց թողնել մոտիցս, իմ երիտասարդ բարեկամ,— վրա պրծավ գեներալը,— այրի, ընտանիքի մայր, և իր սրտում թրթռացնում է այն լարերը, որոնք արձագանքում են իմ ողջ էության մեջ։ Նրան արած այցելությունը հինգ րոպե է, այս տանը ես առանց ձևականությունների եմ, ես այստեղ գրեթե ապրում եմ, լվացվեմ, ամենաանհրաժեշտ արդարանքն անեմ, այն ժամանակ կառքով կսլանանք դեպի Մեծ թատրոնը։ Համոզված եղեք, որ ամբողջ երեկո ես ձեր կարիքն ունեմ... Ահա այս տանն է, մենք արդեն հասանք... Ա՜, Կոլյա, դու արդեն այստե՞ղ ես։ Մարֆա Բորիսովնան տա՞նն է, թե՞ դու ինքդ էլ հենց նոր ես եկել։ — Օ ոչ,— պատասխանեց Կոլյան, որ նրանց հանդիպեց հենց տան դարպասում,— ես շատ վաղուց այստեղ եմ, Իպոլիտի հետ, նա վատացել է, այսօր առավոտյան պառկած էր։ Ես հիմա խաղաթղթերի համար կրպակ էի գնում։ Մարֆա Բորիսովնան սպասում է ձեզ։ Միայն, հայրիկ, ո՜ւխ, ինչպես եք...— եզրափակեց Կոլյան, ուշադիր նայելով գեներալի քայլվածքին ու կեցվածքին։— Դե, միասին գնանք։ Հանդիպումը Կոլյայի հետ իշխանին դրդեց գեներալին ուղեկցել նաև Մարֆա Բորիսովնայի մոտ, բայց միայն մի րոպեով։ Իշխանին հարկավոր էր Կոլյան, իսկ գեներալին, համենայն դեպս, որոշեց թողնել և իրեն չէր կարող ներել, որ քիչ առաջ մտածել էր հույսը նրա վրա դնել։ Բարձրանում էին երկար, չորրորդ հարկը, և ետնամուտքով։ — Ուզում եք իշխանի՞ն ծանոթացնել,— ճանապարհին հարցրեց Կոլյան։ — Այո, սիրելիս, ծանոթացնել. գեներալ Իվոլգինը և իշխան Մի՜շկինը, բայց ինչ... ինչպես է... Մարֆա Բորիսովնան... — Գիտե՞ք, հայրիկ, լավ է չգնաք։ Կուտի՜։ Երրորդ օրն է քթներդ ցույց չեք տվել, իսկ նա փող է սպասում։ Դուք ինչո՞ւ եք նրան փող խոստացել։ Շարունա՜կ այդպես եք անում։ Հիմա տակից դուրս եկեք։ Չորրորդ հարկում կանգ առան մի ցածլիկ դռան առաջ։ Գեներալը ակնհայտորեն վախվխում էր և առաջ էր խցկում իշխանին։ — Իսկ ես այստեղ կմնամ,― մրթմրթում էր նա,— ես ուզում եմ սյուրպրիզ անել... Կոլյան առաջինը ներս մտավ։ Մոտ քառասուն տարեկան մի տիկին, դեմքը սաստիկ շպարված ու կարմրաներկ քսած, ոտներին տուֆլիներ, կուցավեյկա հագած և մազերը հյուս արած, դռնից դուրս նայեց, և գեներալի սյուրպրիզը անսպասելիորեն հօդս ցնդեց։ Հենց որ տիկինը նրան տեսավ, անմիջապես սկսեց բղավել։ — Ահա՛ նա, ստոր և օձաբարո մարդը, այդպես էլ սպասում էր իմ սիրտը։ — Մտնենք, սա այնպես,— քրթմնջում էր գեներալը իշխանին, դեռևս փորձելով անմեղ ծիծաղով սքողել վիճակր։ Բայց դա «այնպես» չէր։ Խավար ու ցածլիկ նախասենյակով հազիվ մտել էին կես դյուժին հյուսած աթոռներով ու երկու թղթախաղի սեղանով կահավորված նեղլիկ դահքիճը, երբ տանտիրուհին անմիջապես շարունակեց մի տեսակ սերտած֊լալագին և սովորական ձայնով. ― Եվ ամոթ չէ՞, ամոթ չէ՞ քեզ, իմ ընտանիքի բարբարոս ու տիրան, բարբարոս ու վայրա՛գ մարդ։ Ամբողջովին կողոպտեցիր ինձ, հյութերս ծծեցիր և այդքանով էլ դեռ գոհ չե՜ս։ Մինչև ե՞րբ պիտի դիմանամ քեզ, դու, անամոթ ու անխի՛ղճ մարդ։ — Մարֆա Բորիսովնա, Մարֆա Բորի՜սովնա․․․ Սա... իշխան Միշկինն է։ Գեներալ Իվոլգինը և իշխան Միշկինը,— մրթմրթում էր սարսռացող ու ինքն իրեն կորցրած գեներալը։ — Կհավատա՞ք արդյոք,— հանկարծ դիմեց կապիտանի այրին իշխանին,— կհավատա՞ք արդյոք, որ այս անամոթ մարդը չխնայեց իմ որբ երեխաներին։ Ամեն ինչ կողոպտեց, ամեն ինչ քաշեց֊տարավ, ամեն ինչ ծախեց ու գրավ դրեց, ոչինչ չթողեց։ Ես ի՞նչ պիտի անեմ քո պարտամուրհակները, դու, խորամանկ ու անխիղճ մարդ։ Պատասխանիր, խորամանկ, պատասխանիր ինձ, անկշտում սիրտ. ինչո՞վ, ինչո՞վ պիտի կերակրեմ իմ որբ երեխաներին... Ահա հայտնվում է հարբած ու ոտքերի վրա կանգնել չի կարող․․․ ինչո՞վ եմ զայրացրել տեր աստծուն, նողկալի ու այլանդակ խորամանկ, պատասխանի՛ր։ Բայց գեներալը դրա հալը չուներ։ — Մարֆա Բորիսովնա, քսանհինգ ռուբլի․․․ այն ամենը, ինչ կարող եմ ազնվագույն բարեկամիս օգնությամբ։ Իշխա՜ն։ Ես չարաչար սխալվել եմ։ Այդպես է... կյանքը... Իսկ հիմա... ներեցեք, ես թույլ եմ,― շարունակում էր գեներալը, սենյակի մեջտեղում կանգնած և չորս կողմը գլուխ տալով,— ես թույլ եմ, ներեցեք։ Լե՜նոչկա, մի բարձ... սիրելի՜u։ Լենոչկան, ութ տարեկան մի աղջիկ, անմիջապես վազեց բարձի հետևից և դրեց մոմլաթածածկ, կոշտ ու գզգզված բազմոցին։ Գեներալը նստեց բազմոցին, դեռևս շատ բան ասելու մտադրությամբ, բայց հենց որ բազմոցին կպավ, անմիջապես թեքվեց մի կողքի, երեսը շրջեց պատի կողմը և քնեց արդարի քնով։ Մարֆա Բորիսովնան նազկրտան ու վշտաբեկ՝ իշխանին աթոռ առաջարկեց թղթախաղի սեղանի մոտ, ինքը նստեց նրա դիմաց, ձեռքը նեցուկ արեց աջ այտին և սկսեց լուռ հառաչել, իշխանին նայելով։ Երեք փոքրիկ երեխա, երկու աղջիկ ու մի տղա, որոնցից Լենոչկան ամենամեծն էր, մոտեցան սեղանին, երեքն էլ ձեռները դրին սեղանին և նույնպես ուշադիր սկսեցին զննել իշխանին։ Մյուս սենյակից հայտնվեց Կոլյան։ — Շատ ուրախ եմ, որ ձեզ այստեղ հանդիպեցի, Կոլյա,— դիմեց նրան իշխանը,— չե՞ք կարող ինձ օգնել։ Ինձ անպայման անհրաժեշտ է Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ լինել։ Ես քիչ առաջ խնդրեցի Արդալիոն Ալեքսանդրովիչին, բայց ահա նա քնեց։ Ուղեկցեցեք ինձ, որովհետև ոչ փողոցները գիտեմ, ոչ ճանապարհները։ Ասենք, հասցեն ունեմ, Մեծ թատրոնի մոտ, Միտովցևայի տանը։ — Նաստասյա Ֆիլիպովնա՞ն։ Նա երբեք էլ չի ապրել Մեծ թատրոնի մոտ, իսկ հայրս երբեք չի եղել Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, եթե ուզում եք իմանալ, տարօրինակ է, որ նրանից որևէ բան եք սպասում։ Նա ապրում է Վլադիմիրսկայայի մոտերքը Հինգ անկյան մոտ, դա այստեղից շատ ավելի մոտ է։ Դուք հիմա՞ եք ուզում։ Հիմա տասի կեսն է։ Համեցեք, ես ձեզ կհասցնեմ։ Իշխանն ու Կոլյան անմիջապես դուրս եկան։ Ավա՜ղ, իշխանը կառք նստելու փող չուներ, պետք էր ոտքով գնալ։ — Ես ուզում էի ձեզ ծանոթացնել Իպոլիտի հետ,― ասաց Կոլյան,― նա այդ կուցավեյկավոր կապիտանի կնկա ավագ որդին է և մյուս սենյակումն էր. անառողջ է և այսօր ամբողջ օրը պառկած էր։ Բայց այնպես տարօրինակ է, նա սաստիկ վիրավորկան է, և ինձ թվաց, որ ձեզնից անհարմար կզգա, որովհետև դուք այնպիսի ժամանակ եկաք․․․ Ես համենայն դեպս այնքան անհարմար չեմ զգում, ինչքան նա, որովհետև իմ հայրն է, իսկ նրա՝ մայրը. այստեղ, համենայն դեպս, տարբերություն կա, որովհետև այս դեպքում արական սեռին անպատվություն չկա։ Ասենք, գուցե դա նախապաշարմունք է տվյալ դեպքում սեռերի գերազանցության հարցը։ Իպոլիտը հրաշալի տղա է, բայց նա որոշ նախապաշարմունքների գերի է։ — Ասում եք, նա թոքա՞խտ ունի։ — Այո, կարծես, լավ կլիներ, եթե շուտով մեռներ։ Ես նրա տեղը լինեի, անպայման կուզենայի մեռնել։ Նա եղբայրներին ու քուրերին է խղճում, այ այդ փոքրիկներին։ Եթե հնարավոր լիներ, եթե միայն փող լիներ, ես ու նա առանձին բնակարան կվարձեինք և կտեղավախվեինք մեր ընտանիքներից։ Դա մեր երազն է։ Իսկ գիտե՞ք, որ երբ քիչ առաջ նրան պատմեցի ձեր դեպքի մասին, նա նույնիսկ չարացավ, ասում է՝ նա, ով ներում է ապտակը և մենամարտի չի կանչում, սրիկա է։ Ի դեպ, նա շատ գրգռված է, ես նույնիսկ դադարեցի նրա հետ վիճաբանելուց։ Ահա թե ինչ, ուրեմն, Նաստասյա Ֆիլիպովնան ձեզ իսկույն հրավիրե՞ց իր մոտ։ — Հենց այդ է, որ ոչ։ — Հապա ինչպե՞ս եք գնում,― բացականչեց Կոլյան և նույնիսկ կանգ առավ մայթի մեջտեղը,— և... և այսպիսի հագուստով, իսկ այնտեղ հրավերք է։ — Աստված վկա, չգիտեմ, թե ինչպես եմ մտնելու։ Կնդունեն՝ լավ, չէ՝ նշանակում է, գործը ձախողվում է։ Իսկ հագուստի մասին ի՞նչ կարող եմ անել։ — Իսկ դուք գո՞րծ ունեք։ Թե՞ ուղղակի այնպես «ազնվական հասարակության» մեջ pour passer le temps<ref>Ժամանակ անցկացնելու համար (ֆրանս.)։</ref>։ — Ոչ, ես ճիշտն ասած... այսինքն՝ ես գործ ունեմ... Ես դժվարանում եմ դա արտահայտել, բայց... — Թե ինչ գործով, այդ ինչպես կամենաք, բայց ինձ համար գլխավորն այն է, որ դուք ուղղակի երեսի զոռով չեք ուզում երեկույթ ընկնել, կամելիաների, գեներալների ու վաշխառուների հմայիչ հասարակությունը։ Եթե այդպես լիներ, ներեցեք, իշխան, ես ձեղ վրա կծիծաղեի և կսկսեի ձեզ արհամարհել։ Այստեղ խիստ քիչ են ազնիվ մարդիկ, այնպես որ նույնիսկ մեկը չկա, որին հարգես։ Ակամայից վերևից ես նայում, իսկ նրանք բոլորը հարգանք են պահանջում․ առաջինը Վարյան։ Եվ նկատե՞լ եք, իշխան, մեր դարում բոլորը ավանտյուրիստներ են։ Եվ հենց մեզ մոտ, Ռուսաստանում, մեր սիրելի հայրենիքում։ Եվ ինչպե՞ս է սարքվել այս ամենը, չեմ հասկանում։ Թվում է, այնպես հաստատուն էր կանգնած, իսկ ի՞նչ է հիմա։ Այդ բոլորն են ասում և ամենուրեք գրում։ Մերկացնում են։ Մեզանում բոլորը մերկացնում են։ Առաջինը ծնողներն են ետ֊ետ քաշվում և ամաչում իրենց առաջվա բարոյախոսությունից։ Տեսեք, Մոսկվայում, ծնողն ինքն էր համոզում որդուն ոչ մի բանի առաջ կանգ չառնել փող ձեռք բերելու համար. լրագրերից գիտենք։ Նայեցեք իմ գեներալին։ Ի՞նչ ստացվեց նրանից։ Իսկ, ի դեպ, գիտե՞ք, որ ես կարծում եմ իմ գեներալն ազնիվ մարդ է, աստված վկա, այդպես է։ Այդ ամենը անկարգությունից ու գինուց է։ Աստված վկա, այդպես է։ Նույնիսկ խղճալի է. ես միայն վախենում եմ ասել, որովհետև բոլորը ծիծաղում են, բայց աստված վկա, մեղք է։ Իսկ ի՞նչ կա նրանց՝ խելոքների մեջ։ Բոլորը վաշխառուներ են, բոլորը, մինչև վերջինը։ Իպոլիտը վաշխառությունն արդարացնում է, ասում է, որ այդպես էլ պետք է, տնտեսական ցնցում, ինչ֊որ մակընթացություններ ու տեղատվություններ, գրողը տանի դրանք։ Ես դրա համար շատ բարկանում եմ նրա վրա, բայց նա գազազած է։ Պատկերացրեք, նրա մայրը՝ կապիտանի կնիկը, փողը գեներալից է ստանում և հենց նրան էլ տալիս է տոկոսներով․ սոսկալի ամոթ է։ Իսկ գիտե՞ք, մայրիկը, այսինքն՝ իմ մայրիկը, Նինա Ալեքսանդրովնան, գեներալի կինը, Իպոլիտին փողով, հագուստով, սպիտակեղենով և ամեն ինչով օգնում է, և նույնիսկ մասամբ երեխաներին, Իպոլիտի միջոցով, որովհետև կապիտանի կինը նրանց աչքաթող է արել։ Վարյան էլ է օգնում։ — Ահա տեսնո՞ւմ եք, դուք ասում եք, որ ազնիվ և ուժեղ մարդիկ չկան, և որ բոլորը վաշխառուներ են․ ահա և հայտնվեցին ուժեղ մարդիկ. ձեր մայրը և Վարյան։ Մի՞թե այստեղ և այս հանգամանքներում օգնելը բարոյական ուժի նշան չի։ — Վարկան ինքնասիրությունից դրդված է անում, պարծենկոտությունից, որպեսզի մորից ետ չմնա․ իսկ մայրիկս իսկապես... ես հարգում եմ։ Այո, ես դա հարգում և արդարացնում եմ։ Նույնիսկ Իպոլիտն զգում է, իսկ նա գրեթե բոլորովին գաժանացած է։ Սկզբում պատահում էր, որ ծիծաղում էր և համարում, որ դա ստորություն է մայրիկիս կողմից, բայց հիմա սկսում է երբեմն հասկանալ։ Հըմ։ Ուրեմն դուք դա ո՞ւժ եք անվանում։ Ես դա նկատի կունենամ։ Գանյան չգիտի, թե չէ խրախուսում կանվաներ։ — Իսկ Գանյան չգիտի՞։ Կարծես Գանյան դեռևս շատ բան չգիտի,— դուրս թռավ մտքերի մեջ ընկած իշխանի բերանից։ — Գիտե՞ք, իշխան, դուք ինձ շատ եք դուր գալիս։ Քիչ առաջվա ձեր դեպքը մտքիցս դուրս չի գալիս։ — Դուք էլ ինձ շատ եք դուր գալիս, Կոլյա։ — Լսեցեք, դուք ինչպե՞ս եք մտադիր ապրել այստեղ։ Ես շուտով զբաղմունք կգտնեմ ինձ համար և քիչ ու միչ կվաստակեմ, եկեք ապրենք ես, դուք և Իպոլիտը, բոլոր երեքս միասին, բնակարան վարձենք. իսկ գեներալին կընդունենք մեզ մոտ։ — Ես՝ մեծագույն բավականությամբ։ Բայց մենք, ասենք, կտեսնենք։ Հիմա իմ տրամադրությունը շատ... շատ ընկած է։ Ի՞նչ։ Արդեն հասա՞նք։ Այս տանը... ի՜նչ հոյակապ մուտք է։ Եվ բարապան կա։ Դե, Կոլյա, չգիտեմ սրանից ինչ դուրս կգա։ Իշխանը կանգնել էր գլուխը կորցրած։ — Վաղը կպատմեք։ Շատ էլ մի վախեք։ Աստված ձեզ հաջողություն տա, որովհետև ամեն ինչում ձեր համոզմունքին եմ։ Մնաք բարով։ Ես վերադառնում եմ այնտեղ և կպատմեմ Իպոլիտին։ Իսկ որ ձեզ կընդունեն, դրանում կասկած չկա, մի վախեցեք։ Նա սաստիկ յուրօրինակ է։ Այս սանդուղքով՝ առաջին հարկում, բարապանը ցույց կտա։ === XIII === Սանդուղքով բարձրանալիս իշխանը շատ էր անհանգըստանում և ամբողջ ուժով աշխատում էր քաջալերել իրեն։ «Ամենաշատը,— մտածում էր նա,— այն կլինի, որ ինձ չեն ընդունի և որևէ վատ բան կմտածեն իմ մասին կամ, գուցե և ընդունեն, բայց երեսիս ծիծաղեն... է, ոչինչ»։ Եվ իրոք, դա դեռ այնքան էլ չէր վախեցնում նրան, բայց այն հարցը, թե «ինքը ի՞նչ է անելու այնտեղ և ինչո՞ւ է գնում» — այդ հարցին ուղղակի չէր գտնում հանգստացուցիչ պատասխան։ Եթե նույնիսկ որևէ կերպ կարելի լիներ, առիթը որսալով, Նաստասյա Ֆիլիպովնային ասել․ «Մի ամուսնացեք այդ մարդու հետ և ձեզ մի կործանեք, նա ձեզ չի սիրում, այլ սիրում է ձեր փողերը, այդ նա ինքն է ինձ ասել, և ինձ ասել է Ագլայա Եպանչինան, իսկ ես եկել եմ ձեզ հաղորդելու», ապա հազիվ թե դա ճիշտ ստացվեր բոլոր տեսակետներից։ Կար ևս մի չլուծված հարց, և այն աստիճան հիմնական, որ իշխանը վախենում էր նույնիսկ մտածել այդ մասին, նույնիսկ չէր կարող և չէր համարձակվում մտքովն անցկացնել, չգիտեր, թե ինչպես ձևակերպեր, լոկ այդ մտքից կարմրում և սարսռում էր։ Բայց վերջացավ նրանով, որ չնայած այդ բոլոր տագնապներին ու երկմտանքին, նա, համենայն դեպս, ներս մտավ և հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնային։ Նաստասյա Ֆիլիպովնան զբաղեցնում էր ոչ այնքան մեծ, բայց իրոք հոյակապ զարդարված մի բնակարան։ Նրա պետերբուրգյան կյանքի այդ հինգ տարում եղավ մի ժամանակ, սկզբում, երբ Աֆանասի Իվանովիչը հատկապես փող չէր խնայում նրա համար, նա այն ժամանակ դեռևս հույս ուներ Նաստասյա Ֆիլիպովնայի սիրուն և մտածում էր գայթակղել նրան, գլխավորապես բարեհարմարությամբ ու ճոխությամբ, գիտենալով, թե որքան հեշտ են պատվաստվում ճոխության սովորությունները և հետո որքան դժվար է դրանցից ետ կանգնելը, երբ ճոխությունը կամաց-կամաց դառնում է անհրաժեշտություն։ Տվյալ դեպքում Տոցկին հավատարիմ էր մնում հին, բարի ավանդություններին, դրանցում չփոխելով ոչինչ, անսահմանորեն հարգելով զգայական ազդեցությունների ողջ անպարտելի ուժը։ Նաստասյա Ֆիլիպովնան ճոխությունից չէր հրաժարվում, նույնիսկ սիրում էր այն, բայց,— և դա չափազանց տարօրինակ էր թվում,— բոլորովին չէր ենթարկվում դրան, կարծես միշտ կարող էր առանց ղրա էլ յոլա գնալ. նույնիսկ աշխատել էր մի քանի անգամ հայտնել այդ մասին, որը տհաճորեն զարմացրել էր Տոցկուն։ Ի դեպ, Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ շատ բան կար, որը տհաճորեն, (իսկ հետագայում նույնիսկ արհամարհանքի աստիճան) զարմացնում էր Աֆանասի Իվանովիչին։ Չխոսելով արդեն այն տեսակի մարդկանց աննրբագեղության մասին, որոնց նա երբեմն մերձեցնում էր իրեն, կնշանակի, ուրեմն, որ հակված էր մերձեցնելու, նրա մեջ նկատվում էին նաև մի քանի բոլորովին տարօրինակ հակումներ. դրսևորվում էր երկու ճաշակների ինչ֊որ բարբարոսական խառնուրդ, այնպիսի իրերով ու միջոցներով յոլա գնալու և բավարարվելու ընդունակություն, որոնց գոյությունն իսկ ընդունելը, թվում է, անկարելի էր օրինավոր ու նրբորեն զարգացած մարդու համար։ Իրոք, եթե, օրինակի համար, Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ դրսևորեր որևէ սիրունիկ ու նրբագեղ անգիտություն, ինչպես, ասենք, այն, որ գեղջկուհիները չեն կարող բատիստե սպիտակեղեն հագնել, ինչպիսին հագնում է ինքը, թվում է, Աֆանասի Իվանովիչը դրանից չափազանց գոհ կլիներ։ Սկզբնապես այդ արդյունքներին էր հակված Նաստասյա Ֆիլիպովնայի ողջ դաստիարակությունը ըստ Տոցկու ծրագրի, որն այդ տեսակետից շատ հասկացող մարդ էր. բայց ավա՜ղ, արդյունքները տարօրինակ ստացվեցին։ Սակայն, չնայած դրան, այնուամենայնիվ Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ կար և մնում էր մի բան, որը երբեմն նույնիսկ Աֆանասի Իվանովիչին զարմացնում էր իր արտոսովոր ու գրավիչ յուրօրինակությամբ, ինչ֊որ ուժով և երբեմն նրան հրապուրում էր նույնիսկ հիմա, երբ արդեն տապալվել էին Նաստասյա Ֆիլիպովնայի նկատմամբ ունեցած նրա առաջվա բոլոր հաշիվները։ Իշխանին դիմավորեց մի ջահել աղջիկ (Նաստասյա Ֆիլիպովնայի սպասավորները միշտ կանացի սեռի էին լինում) և, ի զարմանս նրա, առանց որևէ տարակուսանքի լսեց նրա խնդիրքը, որ իր մասին զեկուցի։ Ոչ նրա կեղտոտ կոշիկները, ոչ լայնեզր գլխարկը, ոչ անթև թիկնոցը, ոչ շփոթված տեսքը աղջկա մեջ ամենափոքր տատանում չառաջացրին։ Նա հանեց իշխանի թիկնոցը, հրավիրեց ընդունարան սպասելու և անմիջապես զնաց նրա մասին զեկուցելու։ Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ հավաքված հասարակությունը բաղկացած էր նրա ամենասովորական և մշտական ծանոթներից։ Նույնիսկ նախորդ տարեկան հավաքույթների նույնպիսի օրերի համեմատությամբ բավական սակավամարդ էր։ Ներկա էին նախ և առաջ և գլխավորը՝ Աֆանասի Իվանովիչ Տոցկին և Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը. երկուսն էլ սիրալիր էին, բայց երկուսն էլ որոշ չափով թաքուն անհանգստության մեջ էին Գանյայի վերաբերյալ արվելիք հայտարարության առթիվ վատ թաքցրած սպասումից։ Բացի նրանցից, հասկանալի է, ներկա էր և Գանյան, նույնպես շատ մռայլ, շատ մտախոհ և նույնիսկ գրեթե բոլորովին «ոչ սիրալիր», որը մեծ մասամբ կանգնում էր մեկուսի, հեռու քաշված և լուռ։ Վարյային բերել նա չվստահեց, բայց Նաստասյա Ֆիլիպովնան նույնիսկ խոսք չէր անում նրա մասին. դրա փոխարեն, հենց որ բարևեց Գանյային, անմիջապես հիշեցրեց նրա և իշխանի միջև տեղի ունեցած տեսարանը։ Գեներալը, որ դեռ տեղյակ չէր դրան, սկսեց հետաքրքրվել։ Այն ժամանակ Գանյան չոր, զուսպ, բայց միանգամայն անկեղծորեն պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այն ժամանակ և ինչպես ինքը արդեն գնացել էր իշխանի մոտ ներողություն խնդրելու։ Ընդսմին նա տաք֊տաք հայտնեց իր կարծիքը, որ իշխանին շատ տարօրինակ ձևով և աստված գիտի, թե ինչից ելնելով՝ անվանել են «ապուշ, որ ինքը նրա մասին բոլորովին հակառակն է կարծում և որ, ինչ խոսք, նա իր բանը լավ գիտե»։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ կարծիքը լսեց մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էր Գանյային, բայց խոսակցությունն անմիջապես փոխվեց Ռոգոժինի վրա, որն՝ այնպես հիմնավոր մասնակցել էր առավոտվա պատմությանը և որով նույնպես արտակարգ կերպով հետաքրքրվեցին Աֆանասի Իվանովիչը և Իվան Ֆյոդորովիչը։ Պարզվեց, որ Ռոգոժինի մասին հատուկ տեղեկություններ կարող էր հայտնել Պտիցինը, որը նրա հետ համարյա մինչև երեկոյան ժամը ինը չարչարվում էր նրա գործերը գլուխ բերելու համար։ Ռոգոժինը գործադրում էր բոլոր ուժերը, որպեսզի հենց այսօր ձեռք բերի հարյուր հազար ռուբլի։ «Նա, ճիշտ է, հարբած էր,— նկատեց Պտիցինը,— բայց հարյուր հազարը, ինչքան էլ որ դժվար լինի, կարծես կճարեն նրա համար, միայն չգիտեմ, արդյոք հենց այսօ՞ր և արդյո՞ք ամբողջ գումարը. իսկ աշխատում են ճարել շատերը, Կինդերը, Տրիպալովը, Բիսկուպը, ինչ տոկոս ուզեն՝ տալիս է, իհարկե, ամբողջը հարբած լինելուց և առաջին ուրախությունից․․․»,— եզրափակեց Պտիցինը։ Այդ բոլոր տեղեկություններն ընդունվեցին մասամբ մռայլ հետաքրքրությամբ, Նաստասյա Ֆիլիպովնան լռում էր, ըստ երևույթին, չուզենալով արտահայտվել։ Գանյան նույնպես։ Գեներալ Եպանչինն իր մեջ անհանգստանում էր, համարյա բոլորից ավելի. մարգարիտը, որ ներկայացրել էր դեռևս առավոտյան, ընդունվել էր չափազանց սառն սիրալիրությամբ, և նույնիսկ ինչ֊որ առանձնահատուկ քմծիծաղով։ Բոլոր հյուրերից միայն Ֆերդիշչենկոն էր ամենաուրախ ու տոնական տրամադրության մեջ և երբեմն բարձրաձայն հռհռում էր՝ հայտնի չէ, թե ինչի վրա և այդ էլ լոկ այն պատճառով, որ ինքն էր իր վզին փաթաթել ծաղրածուի դերը։ Ինքը Աֆանասի Իվանովիչը, որ սրամիտ ու նրբաճաշակ պատմողի համբավ ուներ, իսկ անցած ժամանակները այդ երեկույթներին սովորաբար ղեկավարում էր խոսակցությունը, ըստ երևույթին վատ տրամադրության և նույնիսկ մի տեսակ իրեն ոչ հատուկ շփոթմունքի մեջ էր։ Մնացած հյուրերը, որոնք, ի դեպ, շատ չէին (աստված գիտի, թե ինչու հրավիրված մի խղճուկ ծեր ուսուցիչ, չափազանց վեհերոտ և շարունակ լուռ, ինչ֊որ անհայտ և շատ ջահել մարդ, մի քառասնամյա ժիր տիկին՝ դերասանուհիներից, և մի արտակարգ գեղեցիկ, արտակարգ լավ ու հարուստ հագնված և արտասովոր քչախոս երիտասարդ տիկին), ոչ միայն չէին կարող առանձնապես աշխուժացնել խոսակցությունը, այլև երբեմն ուղղակի չգիտեին, թե ինչի մասին խոսեն։ Այսպիսով, իշխանի հայտնվելը նույնիսկ տեղին ստացվեց։ Նրա մասին ազդարարելը տարակուսանք և մի քանի աարօրինակ ժպիտ առաջացրեց, մանավանդ, երբ Նաստասյա Ֆիլիպովնայի զարմացած տեսքից իմացան, որ նա ամենևին էլ չէր մտածել նրան հրավիրել։ Բայց զարմանքից հետո Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ այնքան գոհունակություն ցուցաբերեց, որ մեծամասնությունը իսկույն ևեթ պատրաստվեց անսպասելի հյուրին դիմավորել և ծիծաղելով, և ուրախությամբ։ — Ասենք, սա տեղի ունեցավ նրա անմեղությունից,— եզրակացրեց Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը,― և բոլոր դեպքերում այդպիսի հակումները խրախուսելը բավական վտանգավոր է, բայց այս րոպեիս, իրավ, վատ չի, որ նա մտածել է շնորհ բերել, թեկուզև այդպիսի յուրօրինակ ձևով, նա, գուցե և, կզվարճացնի մեզ, գոնե որքան որ կարող եմ դատել նրա մասին։ — Մանավանդ որ իր երեսի զոռով է եկել,― անմիջապես հարեց Ֆերդիշչենկոն։ — Հետո՞ ինչ,— չոր-չոր հարցրեց գեներալը, որն ատում էր Ֆերդիշչենկոյին։ — Այն, որ մուտքի համար կվճարի,— պարզաբանեց վերջինս։ — Դե, իշխան Միշկինը, համենայն դեպս, Ֆերդիշչենկո չի,― չհամբերեց գեներալը, որը մինչև հիմա չէր կարողանում հաշտվել Ֆերդիշչենկոյի հետ նույն հասարակության մեջ և հավասար իրավունքներով գտնվելու մտքի հետ։ — Էյ, գեներալ, խնայեցեք Ֆերդիշչենկոյին,— պատասխանեց սա քմծիծաղ տալով։— Չէ՞ որ ես հատուկ իրավունքներ ունեմ։ ― Այդ ի՞նչ հատուկ իրավունքներ ունեք դուք։ — Անցյալ անգամ ես պատիվ ունեցա մանրամասնորեն դա պարզաբանել հասարակությանը, ձերդ գերազանցության համար կկրկնեմ մի անգամ ևս։ Բարեհաճեցեք տեսնել, ձերդ գերազանցություն․ բոլորը սրամտություն ունենք իսկ ես չունեմ սրամտություն։ Ես էլ, ի հատուցումն դրա՝ խնդրելով ձեռք եմ բերել ճշմարտությունն ասելու թույլտվություն, քանի որ բոլորին հայտնի է, որ ճշմարտությունն ասում են միայն նրանք, ովքեր սրամտություն չունեն։ Ըստ որում ես շատ քինախնդիր մարդ եմ, և նույնպես նրա համար, որ սրամտություն չունեմ։ Ես ամեն տեսակ վիրավորանք կկրեմ, բայց մինչև վիրավորողի առաշին անհաջողությունը. հենց առաջին անհաջողության դեպքում անմիջապես հիշեցնում եմ և անմիջապես որևէ բանով վրեժխնդիր լինում, քացի եմ տալիս, ինչպես իմ մասին արտահայտվել է Իվան Պետրովիչ Պտիցինը, որն ինքը, իհարկե, երբեք քացի չի տալիս։ Կռիլովի առածը գիտե՞ք, ձերդ գերազանցություն. «Առյուծն ու Էշը»։ Դե ահա, դա ես և դուք ենք որ կանք, հենց մեր մասին է գրված։ — Դուք, կարծեմ, նորից չափն անցկացրիք, Ֆերդիշչենկո,— բորբոքվեց գեներալը։ — Ի՜նչ եք ասում, ձերգ գերազանցություն,— վրա բերեց Ֆերդիշչենկոն, որն այդպես էլ հաշիվ էր անում, որ կարելի կլինի վրա բերել և ավելի շատ լղոզել,— մի անհանգստացեք, ձերդ գերզանցություն, ես իմ տեղը գիտեմ. եթե ես ասացի, որ ես և դուք Կռիլովի առակի Առյուծն ու Էշն ենք, ապա, իհարկե, Իշու դերը ես վերցնում եմ ինձ վրա, իսկ ձերդ գերազանցությունը Առյուծն է, ինչպես և Կռիլովի առակում ասված է. Հզոր առյուծը՝ սարսափն անտառի,<br />Ծերությունից ուժասպառվել էր։ Իսկ ես, ձերդ գերազանցություն, Էշն եմ։ — Վերջինի հետ ես համաձայն եմ,― անզգուշորեն բերանից թռցրեց գեներալը։ Այդ բոլորն արված էր, իհարկե, կոպիտ և կանխամտածված, բայց արդեն այնպես էր ընդունված, որ Ֆերդիշչենկոյին թույլատրվում էր ծաղրածուի դեր խաղալ։ — Ինձ հենց միայն նրա համար են պահում և այստեղ թողնում,— բացականչել էր մի անգամ Ֆերդիշչենկոն,― որ ես հենց այս ոգով խոսեմ։ Դե, մի՞թե իսկապես հնարավոր է ինձ նման մարդուն ընդունել։ Չէ՞ որ ես դա հասկանում եմ։ Դե, մի՞թե կարելի է ինձ, այսպիսի Ֆերդիշչենկոյիս, նստեցնել այնպիսի նրբաճաշակ ջենտլմենի կողքին, ինչպիսին Աֆանասի Իվանովիչն է։ Ակամա մնում է մի բացատրություն. հենց դրա համար էլ նստեցնում են, որ դա երևակայելն իսկ անկարելի է։ Բայց թեպետև կոպիտ, այնուամենայնիվ լինում էր և կծու, իսկ երբեմն նույնիսկ չափազանց և, թվում է, հենց այդ էր, որ դուր էր գալիս Նաստասյա Ֆիլիպովնային։ Անպայման Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ լինել ցանկացողներին մնում էր հանդուրժել Ֆերդիշչենկոյին։ Սա, գուցե և, կռահել էր ամբողջ ճշմարտությունը, ենթադրելով, որ իրեն սկսել են ընդունել հենց այն պատճառով, որ ինքը առաջին իսկ անգամից իր ներկայությամբ անտանելի դարձավ Տոցկու համար։ Գանյան, իր կողմից, անսահման տանջանքներ էր կրել նրանից, և այդ տեսակետից Ֆերդիշչենկոն կարողացել էր շատ պիտանի լինել Նաստասյա Ֆիլիպովնային։ — Իսկ իշխանը նրանից կսկսի, որ մոդայիկ ռոմանս կերգի,— եզրափակեց Ֆերդիշչենկոն, աչք ածելով, թե ինչ կասի Նաստասյա Ֆիլիպովնան։ — Չեմ կարծում։ Ֆերդիշչենկո, և, խնդրեմ, չտաքանաք,― չոր֊չոր նկատեց նա։ — Ա-ա՜։ Եթե նա հատուկ հովանավորության տակ է, ապա ես էլ եմ մեղմանում... Բայց Նաստասյա Ֆիլիպովնան, առանց լսելու, վեր կացավ և ինքը գնաց դիմավորելու իշխանին։ — Ես ափսոսում էի,— ասաց նա հանկարծ հայտնվելով իշխանի առաջ,— որ այն ժամանակ շտապելուց մոռացա ձեզ հրավիրել ինձ մոտ, և շատ ուրախ եմ, որ հիմա ինքներդ եք ինձ առիթ ընձեռում շնորհակալություն հայտնելու և ձեր վճռականության համար ձեզ գովելու։ Այդ ասելով, նա ուշադրությամբ զննում էր իշխանին, ճգնելով գեթ ինչ-որ չափով իրեն բացատրել նրա արարքը։ Իշխանը, գուցե և որևէ բան պատասխաներ նրա սիրալիր խոսքերին, բայց այն աստիճան շլացած ու զարմացած էր, որ չէր կարող նույնիսկ մի բառ արտասանել։ Նաստասյա Ֆիլիպովնան այդ նկատեց գոհունակությամբ։ Այդ երեկո նա լիակատար տուալետով էր և արտասովոր տպավորություն էր գործում։ Նա բռնեց իշխանի ձեռքից և տարավ հյուրերի մոտ։ հյուրասենյակ մտնելու բուն պահին իշխանը հանկարծ կանգ առավ և անսովոր հուզմունքով, շտապելով, շշնջաց նրան. — Ձեր մեջ ամեն ինչ կատարելություն է... նույնիսկ այն, որ դուք նիհար ու գունատ եք... ձեզ մարգ այլ կերպ չի էլ ուղում պատկերացնել... Ես այնպես ուզեցա ձեզ մոտ գալ․․․ ես․․․ ներեցեք... — Ներողություն մի խնդրեք,— ծիծաղեց Նաստասյա Ֆիլիպովնան,— դրանից կխաթարվի ամբողջ տարօրինակությունն ու օրիգինալությունը, նշանակում է ձեր մասին ճիշտ են ասում, որ դուք տարօրինակ մարդ եք։ Ուրեմն դուք ինձ կատարելությո՞ւն եք համարում, այո՞։ ― Այո։ — Թեև դուք կռահելու վարպետ եք, բայց սխալվեցիք։ Ես հենց այսօր ձեզ կհիշեցնեմ այդ մասին... Նա իշխանին ներկայացրեց հյուրերին, որոնց կեսից ավելին արդեն ճանաչում էր նրան։ Տոցկին անմիջապես ինչ֊որ սիրալիր բան ասաց։ Կարծես բոլորը մի քիչ աշխուժացան, բոլորը միաժամանակ սկսեցին խոսել և ծիծաղել։ Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին նստեցրեց իր կողքին։ — Եվ սակայն ի՞նչ զարմանալի բան կա իշխանի հայտնվելու մեջ,— ամենքից բարձր բղավեց Ֆերդիշչենկոն,— բանը պարզ է, բանը խոսուն է ինքնին։ — Բանը չափազանց պարզ է և չափազանց խոսուն ինքնին,— հանկարծ վրա բերեց Գանյան, որ մինչ այդ լուռ էր։— Ես այսօր գրեթե անընդհատ հետևել եմ իշխանին այն իսկ ակնթարթից, երբ նա առավոտյան առաջին անգամ նայեց Նաստասյա Ֆիլիպովնայի նկարին, որ Իվան Ֆյոդորովիչի սեղանին էր դրած։ Ես շատ լավ եմ հիշում, թե դեռ այն ժամանակ ինչ մտածեցի այդ մասին, որում այժմ միանգամայն համոզված եմ, և, որում, հարևանցի ասեմ, իշխանն ինքը ինձ խոստովանեց։ Այդ ամբողջ ֆրազը Գանյան ասաց չափազանց, լուրջ, առանց նվազագույն կատակի, նույնիսկ մռայլ, որը մի քիչ տարօրինակ թվաց։ — ես ձեզ խոստովանություն չեմ արել,― պատասխանեց իշխանը շիկնելով,— ես միայն պատասխանել եմ ձեր հարցին։ — Բրա՛վո, բրա՛վո,— բղավեց Ֆերդիշչենկոն,— համենայն դեպս անկեղծ է, և խորամանկ է, և անկեղծ։ Բոլորը բարձրաձայն ծիծաղում էին։ — Մի բղավեք, Ֆերդիշչենկո,― խորշանքով նկատեց նրան Պտիցինը կիսաձայն։ — Ես, իշխան, ձեզնից այդպիսի պրուեսներ<ref>Պրուես (ֆրանս. prouesse) — քաջագորձություն։</ref> չէի սպասում,— ասաց Իվան Ֆյոդորովիչը,— գիտե՞ք արդյոք, դա ում ձեռնտու կլինի։ Իսկ ես ձեզ փիլիսոփա էի համարում։ Այ քեզ սուսի՜կ։ — Եվ դատելով այն բանից, որ իշխանը շիկնում է անմեղ կատակից, ինչպես անմեղ ջահել աղջիկ, ես եզրակացնում եմ, որ նա, որպես ազնիվ պատանի, իր սրտում սնուցում է ամենագովելի նպատակներ,— հանկարծ և բոլորովին անսպասելի ասաց, կամ, ավելի լավ է ասել սվսվացրեց անատամ և մինչև, հիմա բոլորովին լուռ նստած յոթանասունամյա ծերուկ ուսուցիչը, որից ոչ ոք չէր կարող սպասել, որ գոնե ձայն կհանի այդ երեկո։ Բոլորն ավելի սաստիկ ծիծաղեցին։ Ծերուկը, հավանաբար կարծելով, որ իր սրամտության վրա են ծիծաղում, բոլորին նայելով, սկսեց ավելի ուժգին ծիծաղել, ըստ որում սկսեց չարաչար հազալ, այնպես որ Նաստասյա Ֆիլիպովնան, որը չգիտես ինչու շատ էր սիրում բոլոր նման յուրօրինակ ծերուկներին, պառավներին և նույնիսկ կրոնախևերին, անմիջապես սկսեց փաղաքշել նրան, համբուրել և հրամայեց նրան էլի թեյ տալ։ Ներս մտած սպասուհուց նա խնդրեց, որ իրեն տա թիկնոցը, որի մեջ փաթաթվեց և հրամայեց էլի փայտ ավելացնել բուխարիկում։ Այն հարցին, թե ժամը քանիսն է, սպասուհին պատասխանեց, որ արդեն տասնմեկի կեսն է։ — Պարոնայք, չէի՞ք կամենա շամպայն խմել,— հանկարծ հրավիրեց Նաստասյա Ֆիլիպովնան։— Ես պատրաստել եմ։ Գուցե տրամադրություններդ կբացվի։ Խնդրեմ, առանց ձևականության։ Խմելու առաջարկը, և առանձնապես այդպիսի միամիտ դարձվածքներով, շատ տարօրինակ թվաց Նաստասյա Ֆիլիպովնայի բերանում։ Բոլորին հայտնի էր արտասովոր պատշաճությունը նրա առաջվա երեկույթներում։ Առհասարակ երեկույթն ավելի ուրախ էր դառնում, բայց ոչ ըստ սովորականի։ Սակայն գինուց չհրաժարվեցին, նախ և առաջ՝ գեներալն ինքը, ապա՝ ժիր տիկինը, ծերուկը, Ֆերդիշչենկոն, նրանց հետևից նաև բոլորը։ Տոցկին նույնպես վերցրեց իր բաժակը, հուսալով ներդաշնակ դարձնել վերահաս նոր մթնոլորտը, ըստ հնարավորին դրան տալով անուշիկ կատակի բնույթ։ Միայն Գանյան ոչինչ չէր խմում։ Իսկ Նաստասյա Ֆիլիպովնայի տարօրինակ, երբեմն շատ կտրուկ ու արագ արարքներից, որը նույնպես գինի վերցրեց և հայտարարեց, որ այսօր երեկոյան երեք բաժակ կխմի, նրա հիստերիկ և աննպատակ ծիծաղից, որին հանկարծ հաջորդում էր լուռ և նույնիսկ մռայլ մտախոհությունը, դժվար էր որևէ բան հասկանալ։ Ոմանք կասկածում էին, թե նա տենդում է. վերջապես, սկսեցին նկատել, որ նա ինքն էլ կարծես ինչ-որ բանի սպասում է, հաճախակի նայում է ժամացույցին, դառնում է անհամբեր, մտացրիվ։ — Դուք կարծես մի փոքրիկ տե՞նդ ունեք,— հարցրեց ժիր տիկինը։ — Նույնիսկ մեծ և ոչ թե փոքրիկ, դրա համար էլ մանտիլով փաթաթվեցի,— պատասխանեց Նաստասյա Ֆիլիպովնան, որն իրոք ավելի էր դժգունել և կարծես ժամանակ առ ժամանակ իր մեջ զսպում էր ուժեղ դողը։ Բոլորն անհանգստացան ու տեղներից շարժվեցին։ — Արդյոք հանգիստ չտա՞ք տանտիրուհուն,― միտք հայտնեց Տոցկին, նայելով Իվան Ֆյոդորովիչին։ — Բոլորովին էլ ոչ, պարոնայք։ Ընդհակառակը, խնդրում եմ նստեք։ Ձեր ներկայությունը հատկապես այսօր ինձ համար անհրաժեշտ է,— համառորեն ու նշանակալից հանկարծ հայտարարեց Նաստասյա Ֆիլիպովնան։ Եվ քանի որ գրեթե արդեն բոլոր հյուրերը իմացել էին, որ այդ երեկո կայանալու էր մի շատ կարևոր վճիռ, ապա այդ բառերը չափազանց ծանրակշիռ թվացին։ Գեներալն ու Տոցկին մի անգամ ես հայացքներ փոխանակեցին, Գանյան ցնցվելով շարժվեց։ — Լավ կլիներ որևէ պտի֊ժյո<ref>Պտի-ժյո (ֆրանս․ petit jeu) — սալոնային խաղ։</ref> խաղայինք,— ասաց ժիր տիկինը։ — Ես գիտեմ մի ամենասքանչելի և նոր պտի֊ժյո,— վրա բերեց Ֆերդիշչենկոն,— համենայն դեպս այնպիսի, որ աշխարհում միայն մի անգամ է տեղի ունեցել, և այն էլ չի հաջողվել։ — Ի՞նչ բան է,— հարցրեց ժիր տիկինը։ — Մի անգամ հավաքվել էինք մի կամպանիայով, դե, խմեցինք, ճիշտ է, և հանկարծ մեկը առաջարկություն արեց, որ մեզանից յուրաքանչյուրը առանց սեղանից վեր կենալու, իր մասին բարձրաձայն որևէ բան պատմի, բայց այնպիսի բան, որ ինքը անկեղծ խղճով համարում է իր ամբողջ կյանքի ընթացքում կատարած վատ արարքներից ամենավատ արարքը, բայց պայմանով, որ անկեղծ լինի, գլխավորը, որ անկեղծ լինի, չխաբի։ — Տարօրինակ միտք է,— ասաց գեներալը։ — Դրանից էլ տարօրինակ ի՞նչ պիտի լիներ, ձերդ գերազանցություն, բայց հենց դրանով է լավ։ — Ծիծաղելի միտք է,― ասաց Տոցկին,— ասենք, հասկանալի է․ հատուկ տեսակի պարծենկոտություն է։ — Գուցե հենց այդ էլ պետք էր, Աֆանասի Իվանովիչ։ — Այդպես մարդ լաց կլինի, ոչ թե կծիծաղի, այդպիսի պտի֊ժյոյից,— նկատեց ժիր տիկինը։ — Միանգամայն անկարելի և անհեթեթ բան է,― արձագանքեց Պտիցինը։ — Իսկ հաջողվե՞ց,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան։ — Բանն այն է, որ ոչ, շատ վատ ստացվեց, ամեն մեկը մի բան պատմեց, շատերը ճշմարիտ, և պատկերացրեք, ոմանք ախր նույնիսկ բավականությամբ էին պատմում, իսկ հետո բոլորը ամաչեցին, չդիմացան։ Ասենք, ամբողջությամբ վերցրած, շատ ուրախ անցավ, այսինքն՝ յուրովի ուրախ։ — Բայց իրավ, դա լավ կլիներ,— նկատեց Նաստասյա Ֆիլիպովնան, հանկարծ աշխուժանալով։— Իսկապես որ, փորձեինք, պարոնայք։ Իրոք, կարծես թե ուրախ չենք մի տեսակ։ Եթե մեզնից յուրաքանչյուրը համաձայներ որևէ բան պատմել... այդ կարգի... հասկանալի է, համաձայնությամբ, այստեղ լիակատար ազատություն պետք է լինի, հը՞։ Գուցե մենք դիմանա՞նք։ Համենայն դեպս անասելի օրիգինալ է․․․ — Հանճարե՜ղ միտք է,— վրա բերեց Ֆերդիշչենկոն։— Տիկնայք, ի դեպ, բացառվում են, սկսում են տղամարդիկ, բանը կարգավորվում է վիճակահանությամբ, ինչպես և այն ժամանակ։ Անպայման, անպայման։ Ով որ շատ դեմ է, նա, հասկանալի է, չի պատմում, բայց ո՞վ կուզենա այդքան անսիրալիր լինել։ Տվեք ձեր վիճակները այստեղ, պարոնայք, իմ գլխարկի մեջ, իշխանը կհանի։ Ամենահասարակ խնդիրն է, իր ամբողջ կյանքի ամենավատ արարքը պատմելը զարմանալի հեշտ է, պարոնայք։ Այ կտեսնեք։ Իսկ եթե մեկնումեկը մոռանա, ես հանձն եմ առնում հիշեցնել։ Այդ միտքը ոչ ոքի դուր չեկավ։ Ոմանք խոժոռվում էին, մյուսները՝ խորամանկ ժպտում։ Մի քանիսը առարկում էին, բայց ոչ այնքան, օրինակ՝ Իվան Ֆյոդորովիչը, որը չէր ուզում հակաճառել Նաստասյա Ֆիլիպովնային և նկատել էր, թե նրան ինչպես է գրավում այդ տարօրինակ միտքը։ Իր ցանկությունների մեջ Նաստասյա Ֆիլիպովնան միշտ անզուսպ և անողոք էր, եթե միայն վճռած էր լինում արտահայտել դրանք, թեկուզև լինեին ամենաքմահաճ և նույնիսկ հենց իր համար անօգուտ ցանկություններ։ Հիմա էլ նա կարծես հիստերիկայի մեջ լիներ, ծիծաղում էր ջղաձգորեն, նոպաներով, հատկապես՝ անհանգստացած Տոցկու առարկությունների վրա։ Նրա մուգ աչթերը փայլատակեցին, գունատ այտերին հայտնվեցին երկու կարմիր բիծ։ Հյուրերից մի քանիսի դեմքերի վհատ ու խորշալի արտահայտությունը, գուցե, ավելի ևս բորբոքում էր նրա ծաղրական ցանկությունը․ գուցե նրան հենց դուր էր գալիս այդ մտքի ցինիկությունն ու դաժանությունը։ Ոմանք համոզված էին, որ նա այստեղ ինչ-որ հատուկ հաշիվ ունի։ Ասենք, սկսեցին համաձայնել․ համենայն դեպս, հետաքրքիր էր, իսկ շատերի համար նույնիսկ շատ հրապուրիչ։ Ֆերդիշչենկոն ամենից ավելի էր իրար անցել։ — Իսկ եթե այնպիսի բան է, որ նույնիսկ անկարելի է պատմել... տիկնանց ներկայությա՞մբ,— երկչոտ նկատեց լռակյաց պատանին։ — Դուք էլ դա մի պատմեք. կարծես թե առանց այդ էլ քիչ կան վատ արարքներ,― պատասխանեց Ֆերդիշչենկոն,― էխ դո՜ւք, պատանի։ — Իսկ ես ահա չգիտեմ, թե որը համարեմ իմ ամենավատ արարքը,— հարեց ժիր տիկինը։ — Տիկնայք ազատվում են պատմելու պարտականությունից,— կրկնեց Ֆերդիշչենկոն,— բայց միայն ազատվում են. սեփական ներշնչումը շնորհակալությամբ թույլատրվում է։ Իսկ տղամարդիկ, եթե շատ դեմ են, ազատվում են։ — Բայց այստեղ ինչպե՞ս ապացուցես, որ չես խաբում,— հարցրեց Գանյան,— իսկ եթե խաբես, խաղի ամբողջ իմաստը կորչում է։ Իսկ ո՞վ չի խաբի։ Ամեն մեկն էլ անպայման կխաբի։ — Հենց միայն դա, թե մարդ այստեղ ինչպես կխաբի՝ հրապուրիչ է։ Իսկ դու, Գանեչկա, առանձնապես վախենալու բան չունես, թե կստես, որովհետև քո ամենավատ արարքը առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Բայց մտածեցեք միայն, պարոնայք,— ինչ֊որ ոգեշնչման մեջ բացականչեց հանկարծ Ֆերդիշչենկոն,— մտածեցեք միայն, թե հետո ինչ աչքերով պիտի նայենք իրար, վաղը, օրինակ, պատմություններից հետո։ — Մի՞թե դա հնարավոր է։ Մի՞թե իսկապես դա լուրջ է, Նաստասյա Ֆիլիպովնա,― արժանապատվությամբ հարցրեց Տոցկին։ — Գայլից վախենաս, անտառ չես գնա,— քմծիծաղով նկատեց Նաստասյա Ֆիլիպովնան։ — Բայց, ներեցեք, պարոն Ֆերդիշչենկո, մի՞թե հնարավոր է դրանից հետո պտի-ժյո սարքել,― ավելի ու ավելի անհանգստացած շարունակում էր Տոցկին,― հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի բաները երբեք չեն հաջողվում, չէ՞ որ ինքներդ եք ասում, որ դա մի անգամ արդեն չի հաջողվել։ — Ինչպես թե չի հաջողվել։ Չէ՞ որ ես անցյալ անգամ պատմեցի, թե ինչպեu եմ երեք ռուբլի գողացել, ուղղակի վերցրի ու պատմեցի։ — Ենթադրենք։ Բայց չէ՞ որ անհնար էր, որ դուք այնպես պատմեիք, որ ճշմարտանման լիներ և ձեզ հավատային։ Իսկ Գավրիլա Արդալիոնովիչը միանգամայն արդարացի նկատեց, որ եթե անգամ աննշան չափով կեղծիքն զգացվի, խաղի ամբողջ իմաստը կկորչի։ Ճշմարտությունն այստեղ հնարավոր է միայն պատահաբար, չափազանց վատ տոնի առանձնահատուկ պարծենկոտ տրամադրության դեպքում, որն այստեղ անհնարին և բոլորովին անվայելուչ է։ ― Բայց ինչ աստիճանի նրբակիրթ մարդ եք, Աֆանասի Իվանովիչ, նույնիսկ ինձ զարմացնում եք,— ճչաց Ֆերդիշչենկոն։— Պատկերացրեք, պարոնայք, իր դիտողությամբ, որ իմ գողության մասին չէի կարող այնպես պատմել, որ ճշմարտանման լիներ, Աֆանասի Իվանովիչը ամենանուրբ ձևով ակնարկում է, որ ես իրոք էլ չէի կարող գողանալ (որովհետև դա բարձրաձայն ասելն անվայելուչ է), թեպետ, կարող է պատահել, ինքն իր մեջ միանգամայն համոզված է, որ Ֆերդիշչենկոն շատ լավ էլ կարող է գողանալ։ Բայց գործի անցնենք, պարոնայք, գործի անցնենք, վիճակները հավաքված են, և դուք էլ, Աֆանասի Իվանովիչ, ձեր վիճակը գցել եք, նշանակում է ոչ ոք չի հրաժարվում։ Իշխան, հանեցեք։ Իշխանը լուռ՝ ձեռքը տարավ գլխարկը և հանեց առաջինը Ֆերդիշչենկոյի վիճակը, երկրորդը՝ Պտիցինի, երրորդը՝ գեներալի, չորրորդը՝ Աֆանասի Իվանովիչի, հինգերորդը՝ իր, վեցերորդը՝ Գանյայի վիճակը և այլն։ Տիկինները վիճակ չէին գցել։ — Օ, տեր իմ, ինչպիսի՜ դժբախտություն,— բացականչեց Ֆերդիշչենկոն,— ես էլ կարծում էի, թե առաջին հերթին դուրս կգա իշխանի վիճակը, իսկ երկրորդը՝ գեներալինը։ Բայց փառք աստծու, գոնե Իվան Պետրովիչն ինձնից հետո է, և ես հատուցված կլինեմ։ Դե, պարոնայք, իհարկե, ես պարտավոր եմ ազնիվ օրինակ ցույց տալ, բայց այս րոպեիս ամենից ավելի ափսոսում եմ նրա համար, որ ես այսքան չնչին եմ և ոչնչով աչքի չեմ ընկնում. նույնիսկ աստիճանս ամենափոքրագույնն է, իսկապես, ի՞նչ հետաքրքիր բան կա դրանում, թե Ֆերդիշչենկոն վատ արարք է կատարել։ Եվ այն ո՞րն է իմ ամենավատ արարքը։ Այստեղ կա emberras di richesse<ref>Դժվարություն մեծ ընտրության պատճառով (ֆրանս․)։</ref>։ Գուցե նորից այն գողության մասին պատմեմ, որպեսզի համոզեմ Աֆանասի Իվանովիչին, որ կարելի է գողանալ, գող չլինելով հանդերձ։ — Դուք ինձ համոզում եք այն բանում, պարոն Ֆերդիշչենկո, որ իրոք կարելի է բավականություն ստանալ արբեցման աստիճան, պատմելով իր անվայել արարքների մասին, թեկուզ դրանց մասին հարցնող էլ չլինի... Ասենք... Ներեցեք, պարոն Ֆերդիշչենկո։ — Սկսեցեք, Ֆերդիշչենկո, դուք սարսափելի շատ ավելորդ բաներ եք դուրս տալիս և երբեք չեք վերջացնի գրգռված ու անհամբեր հրամայեց Նաստասյա Ֆիլիպովնան։ Բոլորը նկատեցին, որ քիչ առաջվա իր ծիծաղի նոպայից հետո Նաստասյա Ֆիլիպովնան հանկարծ դարձավ նույնիսկ մռայլ, փնթփնթան ու ջղագրգիռ. այնուամենայնիվ համառ ու բռնակալորեն պնդում էր իր անհնարին քմահաճույքը։ Աֆանասի Իվանովիչը սաստիկ տառապում էր։ Նրան կատաղեցնում էր նաև Իվան Ֆյոդորովիչը. նա նստել էր՝ շամպայնը առաջին, կարծես ոչինչ պատահած չլիներ, և նույնիսկ, գուցե, մտադիր էր իր հերթին որևէ բան պատմել։ === XIV === — Սրամտությունից զուրկ եմ, Նաստասյա Ֆիլիպովնա, դրա համար էլ ավելորդ բաներ եմ դուրս տալիս,— բացականչեց Ֆերդիշչենկոն, իր պատմությունն սկսելով։— Եթե ես էլ Աֆանասի Իվանովիչի կամ Իվան Պետրովիչի պես սրամիտ լինեի, ես էլ այսօր ամբողջ ժամանակ կնստեի ու կլռեի Աֆանասի Իվանովիչի և Իվան Պետրովիչի նման։ Իշխան, թույլ տվեք հարցնել, ինչ եք կարծում, ահա ինձ շարունակ թվում է, որ աշխարհում շատ ավելի են գողերը, քան ոչ գողերը և որ նույնիսկ չկա մի այնպիսի ամենաազնիվ մարդ, որը կյանքում գեթ մի անգամ որևէ բան գողացած չլինի։ Սա իմ միտքն է, որից, սակայն, ես ամենևին էլ չեմ ուզում եզրակացնել, որ բոլորը համատարած գողեր են միայն, թեև, աստված վկա, երբեմն սաստիկ կուզենայի այդ ևս եզրակացնել։ Ուրեմն ի՞նչ եք կարծում։ — Թո՛ւ, ինչ հիմար ձևով եք պատմում,— արձագանքեց Դարյա Ալեքսեևնան,— և ինչ հիմարություն, չի կարող պատահել, որ բոլորը որևէ բան գողանան. ես երբեք ոչ մի բան շեմ գողացել։ — Դուք երբեք ոչինչ չեք գողացել, Դարյա Ալեքսեևնա. բայց ի՞նչ կասի իշխանը, որը հանկարծ ամբողջովին շիկնեց։ — Ինձ թվում է, դուք ճիշտ եք ասում, միայն թե շատ եք չափազանցնում,— ասաց իշխանը, իրոք չգիտես ինչից շիկնելով։ — Իսկ դուք ինքներդ, իշխան, ոչի՞նչ չեք գողացել։ — Թո՛ւ, ինչ ծիծաղելի է։ Ուշքի եկեք, պարոն Ֆերդիշչենկո,— պաշտպան կանգնեց գեներալը։ — Ուղղակի, հենց որ բանը հասավ գործին, ամաչեցիք պատմել, ահա և ուզում եք իշխանին պոչ անել ձեզ, փառք, որ նա առարկող չէ,— հատու ասաց Դարյա Ալեքսեևնան։ — Ֆերդիշչենկո, կամ պատմեցեք, կամ լսեցեք և միայն ձեր մասին խոսեցեք։ Դուք մարդու համբերությունից հանում եք,— խիստ ու զայրագին ասաց Նաստասյա Ֆիլիպովնան։ — Այս րոպեիս, Նաստասյա Ֆիլիպովնա, բայց եթե իշխանը խոստովանեց, որովհետև ես այն կարծիքի եմ, որ իշխանը միևնույն է թե խոստովանեց, ապա ի՞նչ կասեր, օրինակ, որևէ մեկ ուրիշը (առանց մեկի անունը տալու), եթե ուզենար երբևէ ճշմարտությունն ասել։ Ինչ վերաբերում է ինձ, պարոնայք, ապա է՛լ պատմելու բան էլ չմնաց. շատ հասարակ, և հիմար, և վատ բան է։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ես գող չեմ. իսկ ինչպես գողացա, չգիտեմ։ Դա երեք տարի առաջ էր, Սիմյոն Իվանովիչ Իշչենկոյի ամառանոցում, մի կիրակի օր։ Նրա տանը հյուրեր էին ճաշում։ Ճաշից հետո տղամարդիկ մնացին գինի խմելու։ Խելքիս փչեց Մարյա Սեմյոնովնային, նրա աղջկանը, օրիորդին, խնդրել, որ դաշնամուր նվագի։ Անցնում եմ անկյունի սենյակով, Մարյա Իվանովնայի աշխատասեղանի վրա երեք ռուբլի է դրած, կանաչ թղթադրամ. հանել էր, որ տնտեսության ինչ֊որ ծախսերի տար։ Սենյակում ոչ ոք չկար։ Ես թղթադրամը վերցրի ու գրպանս դրի, ինչի համար՝ չգիտեմ։ Ինձ ինչ պատահեց՝ չեմ հասկանում։ Միայն թե շտապ վերադարձա և սեղան նստեցի։ Ես նստել և սպասում էի, բավական ուժեղ հուզմունքով, անվերջ շաղակրատում էի, անեկդոտներ պատմում, ծիծաղում, հետո մոտ նստեցի տիկիններին։ Մոտավորապես կես ժամ հետո նկատեցին և սկսեցին հարցնել աղախիններին։ Կասկածեցին Դարյա աղախնին։ Ես արտասովոր հետաքրքրություն ու մասնակցություն ցուցաբերեցի, և նույնիսկ հիշում եմ, երբ Դարյան բոլորովին կորցրեց ինքն իրեն, սկսեցի համոզել նրան, որ խոստովանի, գլխովս երաշխավորելով Մարյա Իվանովնայի բարության համար, և դա բարձրաձայն, և բոլորի ներկայությամբ։ Բոլորը նայում էին, իսկ ես անսովոր բավականություն էի զգում հենց նրանից, որ ինքս քարոզում եմ, իսկ թղթադրամը ախր իմ գրպանում է։ Այդ երեք ռուբլին ես նույն երեկոյան խմիչքի տվեցի ռեստորանում։ Մտա և մի շիշ լաֆիտ խնդրեցի, մինչ այդ երբեք չէի խնդրում այդպիսի մի շիշ, առանց ոչնչի։ Ուզեցա որքան կարելի է շուտ ծախսել։ Առանձնապես խղճի խայթ չէի զգում ոչ այն ժամանակ, ոչ հետո։ Ուրիշ անգամ, հավանաբար չէի կրկնի. դրան հավատացեք, կամ ոչ, ինչպես կամենաք, ես չեմ հետաքրքրվում։ Դե, ահա և բոլորը։ — Միայն թե, իհարկե, դա ձեր ամենավատ արարքը չէ,― խորշանքով ասաց Դարյա Ալեքսեևնան։ — Դա հոգեբանական դեպք է, և ոչ թե արարք,— նկատեց Աֆանասի Իվանովիչը։ — Իսկ աղախի՞նը,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան, չթաքցնելով իր զզվալից նողկանքը։ — Իսկ աղախնուն, հասկանալի է, մյուս օրն ևեթ վռնդեցին։ Դա խիստ տուն է։ — Եվ դուք թո՞ւյլ տվիք։ — Այ թե հիանալի՜ է։ Մի՞թե ես պիտի գնայի ու հանձն առնեի,— քրքջաց Ֆերդիշչենկոն, ի դեպ, մասամբ զարմացած իր պատմությունից ստացված ընդհանուր, չափազանց տհաճ տպավորությունից։ — Ի՜նչ կեղտոտ բան է դա,— բացականչեց Նաստասյա Ֆիլիպովնան։ — Վա՛հ։ Դուք ուզում եք մարդուց լսել նրա ամենավատ արարքը և դեռ փայլ եք պահանջում։ Ամենավատ արարքը միշտ էլ շատ կեղտոտ է լինում, մենք հիմա դա կիմանանք Իվան Պետրովիչից. և քի՞չ բաներ կան, որ արտաքուստ փայլում են և ուզում են առաքինություն թվալ, որովհետև սեփական կառք ունեն։ Քի՞չ կան մարդիկ, որ սեփական կառք ունեն... Եվ ինչ միջոցներով․․․ Մի խոսքով, Ֆերդիշչենկոն բոլորովին չդիմացավ և հանկարծ չարացավ նույնիսկ ինքն իրեն կորցնելու աստիճան, և չափն անցավ, նույնիսկ նրա ամբողջ դեմքը ծամածռվեց։ Որքան էլ տարօրինակ է, բայց շատ հնարավոր է, որ նա բոլորովին այլ հաջողություն էր սպասում իր պատմությունից։ Վատ տոնի այդ «վրիպումները» և «հատուկ տեսակի պարծենկոտությունը», ինչպես դրա մասին արտահայտվեց Տոցկին, Ֆերդիշչենկոյին չափազանց հաճախ էին պատահում և միանգամայն համապատասխանում էին նրա բնավորությանը։ Նաստասյա Ֆիլիպովնան նույնիսկ ցնցվեց զայրույթից և շեշտակի նայեց Ֆերդիշչենկոյին. սա վայրկենապես վախեցավ ու ձայնը կտրեց, գրեթե վախից սառչելով. շատ էր հեռուն գնացել։ — Արդյոք չվերջացնե՞նք բոլորովին,— խորամանկորեն հարցրեց Աֆանասի Իվանովիչը։ — Հերթը իմն է, բայց ես օգտվում եմ իմ արտոնությունից և չեմ պատմի,— վճռական ասաց Պտիցինը։ ― Դուք չե՞ք ուզում։ — Չեմ կարող, Նաստասյա Ֆիլիպովնա, և առհասարակ այսպիսի պտի-ժյոն անհնարին բան եմ համարում։ ― Գեներալ, կարծեմ, ըստ հերթի, դուք եք պատմելու,— նրան դիմեց Նաստասյա Ֆիլիպովնան,— եթե դուք էլ հրաժարվեք, ապա ձեր հետևից ամեն ինչ կխախտվի, և ես շատ կափսոսամ, որովհետև ես մտադիր էի որպես եզրափակում մի արարք պատմել «իմ սեփական կյանքից», միայն թե ձեզանից ու Աֆանասի Իվանովիչից հետո, որովհետև չէ՞ որ դուք պետք է քաջալերեք,— եզրափակեց նա ծիծաղելով։ ― Օ, եթե դուք էլ եք խոստանում,— տաք֊տաք բացականչեց գեներալը,― ապա ես պատրաստ եմ ձեզ թեկուզ ամբողջ կյանքս պատմել, բայց ես, խոստովանում եմ, հերթի սպասելով, արդեն պատրաստել եմ իմ անեկդոտը։ — Եվ արդեն նորին գերազանցության լոկ տեսքից կարելի է եզրակացնել, թե գրական ինչպիսի առանձնահատուկ բավականությամբ է մշակել իր անեկդոտը,— համարձակվեց նկատել դեռևս մի փոքր շվաթված Ֆերդիշչենկոն, թունալի ժպտալով։ Նաստասյա Ֆիլիպովնան հարևանցի նայեց գեներալին և նույնպես մտքում ժպտաց։ Բայց երևում էր, որ նրա մեջ թախիծն ու գրգռվածությունը ավելի ու ավելի, էին սաստկանում։ Աֆանասի Իվանովիչը կրկնակի վախեցավ, լսելով նրա պատմության խոստումը։ — Ինձ, պարոնայք, ինչպես և ամեն մեկին, պատահել են ոչ բոլորովին գեղեցիկ արարքներ իմ կյանքում,— սկսեց գեներալը,— բայց ամենատարօրինակն այն է, որ ես ինքս, այն կարճառոտ անեկդոտը, որ հիմա կպատմեմ, համարում եմ իմ ամբողջ կյանքի ամենավատ անեկդոտը։ Այնինչ դրանից անցել է համարյա երեսունհինգ տարի, բայց դա հիշելիս երբեք չեմ կարողացել կտրվել, այսպես ասած, սիրտս ճանկռող տպավորությունից։ Ի դեպ, չափազանց հիմար բան է. ես այն ժամանակ դեռ միայն պրապորշչիկ էի և բանակում լուծ էի քաշում։ Դե, հայտնի բան է, պրապորշչիկի արյունը եռման է լինում, իսկ տնտեսությունը՝ կոպեկանոց. այն ժամանակ մի սպասյակ ունեի, որը սաստիկ հոգ էր տանում իմ տնտեսության մասին, կուտակում էր, կարկատում, քերում ու մաքրում, և նույնիսկ ամեն տեղ ամեն բան գողանում, ինչ որ կարողանում էր գողանալ, որպեսզի տան եղածն ավելացներ, ամենահավատարիմ և ազնվագույն մարդ էր․ ես, հասկանալի է, խիստ էի, բայց արդարադատ։ Այնպես պատահեց, որ միառժամանակ կանգնած էինք մի փոքրիկ քաղաքում։ Ինձ բնակարան հատկացրին ֆորշտադում, մի պաշտոնաթող պոդպորուչիկի կնոջ, այն էլ այրու տանը։ Պառավը կլիներ ութսուն տարեկան, կամ, համենայն դեպս, դրան մոտիկ։ Տնակը խարխուլ էր, անպետք, փայտաշեն, և պառավը նույնիսկ աղախին չուներ աղքատության պատճառով։ Բայց գլխավորը նրանով էր աչքի ընկնում, որ մի ժամանակ ունեցել էր ամենաբազմանդամ ընտանիք ու հարազատներ, բայց ոմանք նրա կյանքի ընթացքում մեռել էին, մյուսները ցրվել այս ու այն կողմ, ոմանք մոռացել էին պառավին, իսկ ամուսնուն նա թաղել էր մոտ քառասունհինգ տարի առաջ։ Դրանից դեռ մի քանի տարի առաջ նրա հետ ապրում էր նրա մի ազգականուհին, ասում են կուզիկ ու վհուկի պես չար, և նույնիսկ մի անգամ կծել էր պառավի մատը, բայց նա էլ էր մեռել, այնպես որ, պառավը մոտ երեք տարի յոլա էր գնում մեն-մենակ։ Ինձ համար խիստ տխուր էր նրա մոտ, և այնպես դատարկ կին էր, որ նրանից ոչինչ չէր կարելի ստանալ։ Վերջապես գողացավ իմ աքաղաղը։ Այդ գործը մինչև հիմա մութն է, բայց նրանից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող անել։ Աքլորի համար մենք կռվեցինք և բավական խիստ, իսկ այստեղ այնպես պատահեց, որ ինձ, առաջին իսկ խնդրանքովս, փոխադրեցին ուրիշ բնակարան՝ հակադիր ֆորշտադում, այսօրվա պես հիշում եմ, մի մեծ մորուքով վաճառականի խիստ բազմանդամ ընտանիքը։ Նիկիֆորի հետ փոխադրվում ենք ուրախությամբ, իսկ պառավին թողնում ենք զայրույթով։ Անցնում է մի երեք օր, վերադառնում եմ պարապմունքից, Նիկիֆորը զեկուցում է, «որ զուր տեղը, ձերդ ազնվություն, մեր պնակը թողինք նախկին տանտիրուհու մոտ, ապուրը մատուցելու աման չկա»։ Ես, հասկանալի է, զարմացած եմ. «Ինչպե՞ս թե, ինչո՞ւ է մեր պնակը տանտիրուհու մոտ մնացել»։ Զարմացած Նիկիֆորը շարունակում է զեկուցել, որ երբ մենք տեղափոխվում էինք, տանտիրուհին մեր պնակը նրան չի տվել այն պատճառով, որ ես կոտրել եմ նրա սեփական կճուճը, ուստի նա իր կճուճի փոխարեն պահում է մեր պնակը, և իբր թե ես եմ նրան այդ առաջարկել։ Նրա կողմից այդպիսի ստորությունը, հասկանալի է, ինձ հանեց վերջին սահմաններից, արյունս եռաց, վեր թռա, սլացա։ Պառավի մոտ եմ գալիս, այսպես ասած, ինքս ինձ կորցրած, տեսնեմ, նա նստել է հաշտում մեն-մենակ, անկյունում, կարծես արևից պաշտպանվելով, ձեռքը այտին նեցուկ արած։ Ես անմիջապես, գիտե՞ք, որոտ ու կայծակ թափեցի նրա գլխին, «դու էսենց, էնենց», և, գիտե՞ք, այսպես ռուսավարի։ Միայն տեսնեմ, ինչ-որ տարօրինակ բան է, նստել է նա, երեսն ինձ հառել, աչքերը չռել, և ոչ մի խոսք ի պատասխան, և այնպես տարօրինակ-տարօրինակ է նայում, կարծես օրորվում է։ Ես, վերջապես, ձայնս կտրեցի, ուշադիր նայում եմ, հարց տալիս, ոչ մի խոսք ի պատասխան։ Ես մի փոքր կանգնեցի անվճռական. ճանճերը բզզում են, արևը մայր է մտնում, լռություն է. կատարյալ շփոթմունքի մեջ ընկած՝ ես, վերջապես, գնում եմ. դեռ տուն չհասած, պահանջեցին, որ մայորին ներկայանամ, հետո հարկ եղավ անցնել վաշտ, այնպես որ տուն վերադարձա, երբ բոլորովին իրիկնացել էր։ Նիկիֆորի առաջին խոսքն էր. «Իսկ գիտե՞ք, ձերդ ազնվություն, ախր մեր տանտիրուհին մեռել է»։— «Ե՞րբ»։— «Այսօր երեկոյան կողմ, մոտ մեկուկես ժամ առաջ»։ Դա, նշանակում է, հենց այն ժամանակ, երբ ես նրան հայհոյում էի, նա հոգին էր ավանդում։ Դա ինձ այնպես ապշեցրեց, կասեմ ձեզ, որ հազիվ ուշքի եկա։ Սկսեցի նույնիսկ մտածել, նույնիսկ գիշերը երազիս եկավ։ Ես, իհարկե, նախապաշարմունքներ չունեմ, բայց երրորդ օրը գնացի եկեղեցի՝ թաղմանը։ Մի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի եմ մտածում։ Չէի ասի, թե հաճախ, բայց այնպես, երբեմն պատկերացնում ես և վատ ես լինում։ Գլխավորը, ինչն է այստեղ, ինչպես վերջ ի վերջո ես դատեցի։ Նախ և առաջ այդ կինը, այսպես ասած, մարդկային արարածը, ապրում էր, երկար էր ապրում, վերջապես չափից ավելի երկար ապրեց։ Մի ժամանակ ունեցել է երեխաներ, ամուսին, ընտանիք, հարազատներ, այդ ամենը նրա շուրջը, այսպես ասած, եռացել է, այդ բոլոր այսպես ասած, ժպիտները, և հանկարծ՝ լիակատար փա՜ս, ամեն ինչ հօդս է ցնդել, մնացել է մեն-մենակ, ինչպես․․․ մի ճանճ, որ իր վրա կրում է ժամանակի անեծքը։ Եվ ահա, վերջապես, աստված վախճանին է հասցնում։ Սրևամուտին, մի խաղաղ ամառային երեկո, չվում է և իմ պառավը,— իհարկե, այստեղ բարոյախոսական իմաստ կա. և ահա հենց այդ վայրկյանին, փոխանակ, այսպես ասած, բարի երթի արցունքի, երիտասարդ, հանդուգն մի պոդպորուչիկ, ձեռները կանթած ու սանձարձակ, նրան երկրի երեսից ճամփու է դնում ռուսական լպիրշ հայհոյանքների տարրերով, կորած պնակի համար։ Անկասկած, ես մեղավոր եմ, և չնայած վաղուց, շատ վաղուց, տարիներն անցնելու և բնավորությունս փոխվելու կապակցությամբ իմ այդ արարքին նայում եմ որպես մի ուրիշի արարքի, բայց և այնպես շարունակում եմ զղջալ։ Այնպես որ, կրկնում եմ, ինձ համար նույնիսկ տարօրինակ է, առավել ևս, որ եթե անգամ ես մեղավոր եմ, ապա չէ՞ որ ոչ բոլորովին. ինչո՞ւ էր նրա խելքին փչել հենց այդ ժամանակ մեռնել։ Հասկանալի է, այստեղ մի արդարացում կա, որ արարքս որոշ չափով հոգեբանական էր, բայց և այնպես ես չէի կարող հանգստանալ, մինչև սրանից տասնհինգ տարի առաջ հանձն չառա անկելանոցում մշտապես երկու հիվանդ պառավ պահել իմ հաշվին, վայելուչ հոգացողությամբ նրանց երկրային կյանքի վերջին օրերը թեթևացնելու նպատակով։ Մտադիր եմ դա առհավետ դարձնել, կտակելով դրամագլուխ։ Դե, ահա և բոլորը։ Կրկնում եմ, որ գուցե կյանքում ես շատ բաներում եմ մեղավոր եղել, բայց այս դեպքը, խղճի մտոք, համարում եմ ամբողջ կյանքիս ամենավատթար արարքը։ — Եվ փոխանակ ամենավատթար արարքի, ձերդ գերազանցությունը պատմեց իր կյանքի լավ արարքներից մեկը․ խաբեցի՜ք Ֆերդիշչենկոյին,— եզրակացրեց Ֆերդիշչենկոն։ — Հիրավի, գեներալ, ես նույնիսկ չէի պատկերացնում, որ դուք համենայն դեպս բարի սիրտ կունենաք. նույնիսկ ափսոսում եմ,— անփույթ ասաց Նաստասյա Ֆիլիպովնան։ — Ափսոսո՞ւմ եք։ Այդ ինչո՞ւ,— սիրալիր ծիծաղով հարցրեց գեներալը և ոչ առանց ինքնագոհության կում արեց շամպայնից։ Բայց հերթը հասել էր Աֆանասի Իվանովիչին, որը նույնպես պատրաստվել էր։ Բոլորը կռահում էին, որ նա չի հրաժարվի, ինչպես Իվան Պետրովիչը, և որոշ պատճառներով նրա պատմությանը սպասում էին առանձնահատուկ հետաքրքրությամբ և միաժամանակ նայում էին Նաստասյա Ֆիլիպովնային։ Արտասովոր արժանապատվությամբ, որ լիովին համապատասխանում էր նրա հոյատեսիլ արտաքինին, հանդարտ, սիրալիր ձայնով սկսեց Աֆանասի Իվանովիչը իր «անուշիկ պատմություններից» մեկը։ (Ի դեպ է ասել, որ նա աչքի ընկնող մարդ էր, հոյատեսիլ, բարձրահասակ, մի քիչ ճաղատ, մի քիչ ալեխառն և բավական գեր, փափլիկ, կարմիր և փոքր-ինչ կախ ընկած այտերով, դնովի ատամներով։ Հագնվում էր լայն ու նրբագեղ և զարմանալի սպիտակեղեն էր գործածում։ Մարդու աչքը մնում էր նրա թմբլիկ սպիտակ ձեռների վրա։ Աջ ձեռքի ցուցամատին թանկագին ադամանդե մատանի կար։) Նաստասյա Ֆիլիպովնան նրա պատմության ամբողջ ընթացքում ուշադիր զննում էր իր թևքի բոլորազարդի ժանյակը և պռճոկում ձախ ձեռքի երկու մատով, այնպես որ ոչ մի անգամ ժամանակ չունեցավ նույնիսկ նայելու պատմողին։ — Մի բան, որ ամենից ավելի թեթևացնում է իմ խնդիրը,― սկսեց Աֆանասի Իվանովիչը,— դա անպայման պարտավորությունն է պատմել ոչ այլ կերպ, քան իմ ողջ կյանքի ամենավատթար արարքը։ Այս դեպքում, հասկանալի է, չի կարող տատանում լինել․ խիղճը և սրտի հիշողությունն անմիջապես կհուշեն, թե հատկապես ի՛նչ պետք է պատմել։ Դառնությամբ խոստովանում եմ, իմ կյանքի բոլոր անհամար, թերևս թեթևամիտ ու․․․ թեթևսոլիկ արարքների թվում կա մեկը, որի տպավորությունը շատ ծանր է պառկել իմ հիշողության մեջ։ Դա պատահեց մոտ քսան տարի առաջ, ես այն ժամանակ անցա գյուղ՝ Պլատոն Օրդինցևի մոտ։ Նա հենց նոր ընտրվել էր պարագլուխ և ջահել կնոջ հետ եկել էր ձմեռային տոներն անցկացնելու։ Հենց այդ ժամանակ էլ վրա հասավ Անֆիսա Ալեքսեևնայի ծննդյան տոնը և նշանակվեց երկու պարահանդես։ Այն ժամանակ սաստիկ մոդա էր և բարձր հասարակության մեջ հենց նոր էր թնդացել Դյումա֊ֆիսի «La dame aux camélias»<ref>Դյումա֊որդու «Կամելիազարղ տիկինը» (ֆրանս.)։</ref> սքանչելի վեպը, մի պոեմ, որին, իմ կարծիքով չի վիճակված ոչ մեռնել, ոչ ծերանալ։ Գավառում բոլոր տիկնայք հիացած էին զմայլանքի աստիճան, համենայն դեպս նրանք, ովքեր կարդացել էին։ Պատմվածքի հրապույրը, գլխավոր անձի մատուցման ինքնատիպությունը, ամենայն նրբությամբ վերլուծված այդ գրավիչ աշխարհը և վերջապես գրքում շաղ տված այդ բոլոր հմայիչ մանրամասնությունները (օրինակ, հերթականությամբ սպիտակ և վարդագույն կամելիաների ծաղկեփնջերի օգտագործման հանգամանքը), մի խոսքով, այս բոլոր սքանչելի մանրամասները և այդ բոլորը միասին, գրեթե ցնցում էին առաջացրել։ Կամելիայի ծաղիկները զարմանալի մոդա դարձան։ Բոլորը կամելիա էին պահանջում, բոլորը որոնում էին։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ գավառում արդյոք շա՞տ կարելի է կամելիա ճարել, երբ բոլորը պարահանդեսների համար այդ ծաղիկն են պահանջում, թեկուզև պարահանդեսներ քիչ լինեին։ Այն ժամանակ խեղճ Պետյա Վերխովսկոյը հալումաշ էր լինում Անֆիսա Ալեքսեևնայի համար։ Հիրավի, չգիտեմ, նրանց մեջ որևէ բան կա՞ր, այսինքն, ուզում եմ ասել, արդյոք նա կարո՞ղ էր գեթ որևէ լուրջ հույս տածել։ Խեղճը խելքը կորցնում էր, որպեսզի երեկոյան պարահանդեսին Անֆիսա Ալեքսեևնայի համար կամելիա ճարի։ Ինչպես հայտնի դարձավ, պետերբուրգցի կոմսուհի Սոցկայան՝ նահանգապետի կնոջ հյուրը և Սոֆյա Բեսպալովան, հավանաբար, կգնան սպիտակ ծաղկեփնջերով։ Անֆիսա Ալեքսեևնան, առանձնահատուկ տպավորության համար ուզեց ունենալ կարմիր ծաղիկներ։ Խեղճ Պլատոնին համարյա ուժասպառ արին. պարզ բան՝ չէ՞ որ ամուսինն է. հանձն առավ, որ ծաղկեփունջը կլինի, և ի՞նչ։ Նախորդ օրը, նրան կանխելով, ծաղիկներն իր ձեռքն էր գցել Միտիշչևան՝ Կատերինա Ալեքսանդրովնան, ամեն բանում Անֆիսա Ալեքսեևնայի սարսափելի մրցակցուհին, թշնամիներ էին։ Հասկանալի է, հիստերիկա, ուշագնացություն։ Պլատոնը կորավ։ Հասկանալի է, որ եթե այդ հետաքրքիր րոպեին Պետյան որևէ տեղից ծաղկեփունջ ճարեր, ապա Նրա գործերը կարող էին շատ առաջ գնալ, այդպիսի դեպքերում կնոջ շնորհակալությունն անսահման է։ Խելագարի նման դեսդեն է ընկնում, բայց անհնարին բան է, խոսք անգամ չի կարող լինել։ Հանկարծ նրան հանդիպում եմ արդեն երեկոյան տասնմեկին ծննդյան օրվա ու պարահանդեսի նախօրեին, Օրդինցևի հարևանուհու՝ Մարյա Պետրովնա Զուբկովայի մոտ։ Փայլում է։ «Քեղ ի՞նչ է պատահել»։— «Գտե՜լ եմ։ Էվրիկա»։— «Դե, եղբայր, այ թե զարմացրիր ինձ։ Որտեղի՞ց։ Ինչպե՞ս»։ — «Եկշայսկում (այնտեղ մի այդպիսի պստլիկ քաղաք կա, ընդամենը քսան վերստի վրա և մեր գավառի մեջ չի մտնում), այնտեղ Տրեպալով ազգանունով մի վաճառական կա, մորուքավոր ու հարուստ, ապրում է պառավ կնոջ հետ և երեխաների փոխարեն միայն դեղձանիկներ ունի։ Երկուսն էլ ծաղկի սիրահարներ են, նա կամելիաներ ունի»։— «Ներիր, բայց դա հաստատ բան չէ․ հանկարծ ու չտա՞»։— «Ծնկի կգամ և նրա ոտների առաջ թավալ կտամ այնքան ժամանակ, մինչև որ տա, առանց դրա չեմ վերադառնա»։— «Իսկ ե՞րբ ես գնում»։― «Վաղը լույսը չբացված, ժամը հինգին»։— «Դե, տեր ընդ քեզ»։ Եվ գիտե՞ք, այնպես ուրախ եմ նրա համար. վերադառնում եմ Օրդինցևի մոտ, վերջապես, արդեն ժամը երկուսն է դառնում, բայց միտքս շարունակ դրանով է զբաղված։ Ուզում էի արդեն պառկել քնելու, հանկարծ մի շատ հետաքրքիր միտք ծագեց գլխումս։ Անմիջապես անցնում եմ խոհանոց, զարթնեցնում եմ կառապան Սավելիին, տասնհինգ ռուբլի եմ տալիս նրան՝ «կես ժամում ձիերը լծիր»։ Կես ժամ անց, հասկանալի է, սայլակը դարպասի մոտ է։ Ասացին, որ Անֆիսա Ալեքսեևնայի գլուխը ցավում է, տենդում ու զառանցում է, նստում ու գնում եմ։ Ժամը հինգը չկա, ես արդեն Եկշայսկում եմ, իջևանատանը. սպասեցի մինչև լուսաբաց և միայն մինչև լուսաբաց. ժամը յոթը չեղած արդեն Տրեպալովի տանն եմ։ «Այսպես ու այսպես, կամելիաներ ունե՞ք։ Հարազատ հայր, օգնիր, փրկիր, ոտներդ կընկնեմ»։ Տեսնում եմ, բարձրահասակ ծերունի է, ալեհեր, խստաբարո, սարսափելի ծերունի է։ «Չէ որ չէ, ո՛չ մի կերպ։ Համաձայն չեմ»։ Ես թրըմը՜փ նրա ոտների առաջ։ «Ի՜նչ եք անում, եղբայր, ի՜նչ եք անում, այ հերս»,— նույնիսկ վախեցավ։ «Ախր այստեղ կյանքի խնդի՜ր է»,— բղավում եմ նրան։ «Դե, վերցրեք, որ էդպես է, աստված ձեզ հետ։ Ա՜յ թե քաղեցի կարմիր կամելիաներ, հրա՜շք, հիացք, մի ամբողջ փոքրիկ ջերմոց ուներ նա։ Հոգոց է հանում ծերունին։ Հանում եմ հարյուր ռուբլի։ «Է՜, ոչ, եղբայր, մի բարեհաճեք ինձ այդպես վիրավորել»։— «Որ էդպես է, ասում եմ, պատվելի, բարեհաճեցեք այս հարյուր ռուբլին այստեղի հիվանդանոցին տալ, ծախսերը հոգալու և սնունդը բարելավելու համար»։— «Այ, դա, ասում է, եղբայր, ուրիշ բան է, և բարի, և ազնիվ, և աստվածահաճո գործ է, հենց ձեր ողջության համար կտամ»։ Եվ գիտե՞ք, ինձ դուր եկավ այդ ռուս ծերունին, այսպես ասած, զտարյուն ռուսը, de la vrai souche<ref>Բուն, իսկական (ֆրանս.)։</ref>։ Հաշողությունից հիացած, անմիջապես վերադարձի ճամփան եմ բռնում, վերադառնում ենք զարտուղի ճանապարհով, որպեսզի Պետյային չհանդիպենք։ Հենց որ տեղ հասա, ծաղկեփունջն անմիջապես ուղարկեցի, որպեսզի Անֆիսա Ալեքսեևնան հենց որ արթնանա, տեսնի։ Կարող եք պատկերացնել նրա հիացմունքը, շնորհակալությունը, շնորհակալության արցունքները։ Պլատոնը՝ դեռ երեկ սպանված ու մեռած Պլատոնը, հեկեկում է իմ կրծքին։ Ավա՜ղ։ Բոլոր ամուսիններն այդպես են... Օրինական ամուսնության ստեղծումից ի վեր։ Ոչինչ չեմ համարձակվում ավելացնել, միայն թե խեղճ Պետյայի գործերը այդ միջադեպից հետո վերջնականապես փուլ եկան։ Սկզբում ես կարծում էի, թե նա ինձ կմորթի, հենց որ իմանա, նույնիսկ արդեն պատրաստվել էի դիմավորել, բայց պատահեց մի բան, որին ես նույնիսկ չէի հավատա․ ուշագնաց է լինում, երեկոյան դեմ սկսվում է զառանցանք, առավոտյան դեմ՝ տենդ․ մանկան պես հեկեկում է, ջղաձգության մեջ գալարվում։ Միայն մի ամիս հետո առողջացավ, Կովկաս մեկնեց. իսկական սիրավեպ ստացվեց։ Վերջացրեց նրանով, որ Ղրիմում սպանվեց։ Դեռ այն ժամանակ նրա եղբայրը՝ Սաեպան Վորխովսկին, գնդի հրամանատար էր, աչքի էր ընկել։ Խոստովանում եմ, հետո նույնիսկ շատ տարիներ անց խիղճս տանջում էր ինձ, ինչի՞ համար, ինչո՞ւ այդպես խոցեցի նրան։ Ուրիշ բան, եթե գոնե ինքս սիրահարված լինեի այն ժամանակ։ Այնինչ պարզապես չարաճճիություն էր, պատճառը ամենասովորական կնամոլությունն էր, ոչ ավելի։ Եվ եթե այդ ծաղկեփունջը նրա ձեռքից խլած չլինեի, ով գիտե, մարդը մինչև հիմա ապրելիս կլիներ, երջանիկ կլիներ, հաջողություն կունենար և մտքով չէր անցկացնի թուրքի գնդակների տակ ընկնել։ Աֆանասի Իվանովիչը ձայնը կտրեց նույն ծանրախոհ արժանապատվությամբ, որով սկսել էր պատմությունը։ Նկատեցին, որ Նաստասյա Ֆիլիպովնայի աչքերը ինչ֊որ առանձնահատուկ ձևով փայլատակեցին և նույնիսկ շրթունքները ցնցվեցին, երբ Աֆանասի Իվանովիչն ավարտեց։ Բոլորը հետաքրքրությամբ նայում էին նրանց երկուսին։ — Ֆերդիշչենկոյի հախից եկաք։ Ա՜յ թե հախից եկաք։ Չէ, մարդու հախից էսպե՜ս կգան,— լալագին ձայնով բացականչեց Ֆերդիշչենկոն, հասկանալով, որ կարելի է և պետք է մի խոսք ասի։ — Իսկ ձեզ ո՞վ է իրավունք տվել գործը չհասկանալ։ Դե ահա սովորեցեք խելոք մարդկանցից,― նրա խոսքը կտրեց գրեթե հաղթական տոնով Դարյա Ալեքսեևնան (Տոցկու վաղեմի ու հավատարիմ բարեկամուհին ու գործակիցը)։ — Դուք իրավացի եք, Աֆանասի Իվանովիչ, սա շատ ձանձրալի պտի֊ժյո է և պետք է շուտով վերջացնել,― անփութորեն ասաց Նաստասյա Ֆիլիպովնան,— ինքս կպատմեմ, ինչ որ խոստացել էի, և եկեք բոլորս թուղթ խաղանք։ — Բայց ամենից առաջ խոստացած անեկդոտը,― տաք֊տաք հավանություն տվեց գեներալը։ — Իշխան,— հանկարծ կոշտ ու անսպասելի նրան դիմեց Նաստասյա Ֆիլիպովնան,— ահա այստեղ իմ հին բարեկամները, գեներալը և Աֆանասի Իվանովիչն ինձ շարունակ ուզում են ամուսնացնել։ Ասացեք ինձ, ի՞նչ եք կարծում, ամուսնանա՞մ, թե ոչ։ Ինչպես որ ասեք, այնպես էլ կանեմ։ Աֆանասի Իվանովիչը գույնը թռցրեց, գեներալը քարացավ, բոլորը աչքները չռեցին և գլուխներն առաջ գցեցին։ Գանյան սառեց տեղում։ — Ո՞ւմ... ո՞ւմ հետ,— նվաղուն ձայնով հարցրեց իշխանը։ — Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի,— շարունակեց Նաստասյա Ֆիլիպովնան առաջվա պես կոշտ, հաստատուն ու հատու։ Անցավ լռության մի քանի վայրկյան. իշխանը կարծես թե ճգնում էր, բայց չէր կարողանում խոսք արտասանել, ասես մի սարսափելի ծանրություն ճնշում էր նրա կուրծքը։ — Ո֊ոչ... մի ամուսնացեք,— շշնջաց նա վերջապես, և գժվարությամր շունչը ետ բերեց։ — Թող հենց այդպես էլ լինի, Գավրիլա Արդալիոնովիչ,— տիրաբար և մի տեսակ հանդիսավորությամբ դիմեց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— դուք լսեցի՞ք, ինչպես վճռեց իշխանը։ Դե հենց դա էլ իմ պատասխանն է, և թող այս գործը մեկընդմիշտ վերջացած համարվի։ — Նաստա՜սյա Ֆիլիպովնա,— դողդոջուն ձայնով ասաց Աֆանասի Իվանովիչը։ — Նաստա՜սյա Ֆիլիպովնա,— համոզիչ, բայց տագնապած ձայնով արտասանեց գեներալը։ Բոլորը տեղներից շարժվեցին և անհանգստացան։ — Այս ի՞նչ է, պարոնայք,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, կարծես զարմացած նայելով հյուրերին։— Ինչո՞ւ այդպես իրար անցաք։ Եվ ինչպիսի՜ արտահայտություն ունեք բոլորդ։ — Բայց... մտաբերեք, Նաստասյա Ֆիլիպովնա,— կմկմալով քրթմնջաց Տոցկին,— դուք խոստում էիք տվել... միանգամայն կամավոր, և կարող էիք մասամբ խնայել... Ես դժվարանում եմ և... իհարկե, շփոթված եմ, բայց... Մի խոսքով, հիմա, մի այսպիսի րոպեի, և... և մարդկանց ներկայությամբ, և ամեն ինչ այսպես․․․ վերջացնել այսպիսի պտի֊ժյոյով լուրջ գործը, պատվի ու սրտի գործը, որից կախված է... — Ձեզ չեմ հասկանում, Աֆանասի Իվանովիչ, դուք իրոք բոլորովին շփոթվում եք։ Նախ և առաջ, ինչ է նշանակում «մարդկանց ներկայությամբ»։ Մի՞թե մենք հիանալի մտերմիկ շրջանում չենք։ Եվ այստեղ ի՞նչ գործ ունի «պտի֊ժյոն»։ ես հիրավի ուզում էի պատմել իմ անեկդոտը, դե, ահա և պատմեցի. մի՞թե լավը չի։ Եվ ինչո՞ւ եք ասում, թե «լուրջ չէ»։ Մի՞թե սա լուրջ չէ։ Դուք լսեցիք, ես իշխանին ասացի՝ «ինչպես ասեք, այնպես էլ կլինի»․ ''այո'' ասեր՝ ես անմիջապես կտայի համաձայնությունս, բայց նա ասաց ''ոչ'' և ես մերժեցի։ Այստեղ իմ ամբողջ կյանքը մազից էր կախված. դրանից լուրջ ի՞նչ կարող էր լինել։ — Բայց իշխանը, ի՞նչ գործ ունի այստեղ իշխանը։ Եվ ի՞նչ է, վերջ ի վերջո, իշխանը,— մրթմրթաց գեներալը, գրեթե արդեն ի վիճակի չլինելով զսպել զաձրույթը իշխանի այդպիսի վիրավորական հեղինակության դեմ։ — Իշխանն ինձ համար այն է, որ ամբողջ կյանքումս առաջին անգամ նրան հավատացի որպես ինձ անկեղծորեն հավատարիմ մարդու։ Նա ինձ առաջին հայացքից հավատաց, ես էլ նրան եմ հավատում։ — Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Նաստասյա Ֆիլիպովնայի այն արտասովոր նրբանկատության համար, որով... ինձ հետ վարվեց,― վերջապես դողդոջուն ձայնով և ծամածռվող շրթունքներով ասաց դժգունած Գանյան,— դա, իհարկե, այդպես էլ պետք է լիներ... Բայց... իշխանը... Իշխանն այս գործում... — Յոթանասունհինգ հազարի՞ն է ուզում տիրանալ, ինչ է,— հանկարծ նրա խոսքը կտրեց Նաստասյա Ֆիլիպովնան,— ա՞յդ եք ուզում ասել։ Մի՛ թաքցրեք, դուք անպայման այդ էիք ուզում ասել։ Աֆանասի Իվանովիչ, ես մոռացա ավելացնել. այդ յոթանասունհինգ հազարը ձեզ վերցրեք և իմացեք, որ ձեզ ազատ եմ արձակում ձրի։ Բավական է։ Չէ՞ որ դուք էլ պետք է շունչ քաշեք։ Ինը տարի և երեք ամիս։ Վաղը նոր ձևով կլինի, իսկ այսօր ես անվանակոչիկ եմ և իմ գլխի տերն եմ, ամբողջ կյանքումս առաջին անգամ։ Գեներալ, դուք էլ վերցրեք ձեր մարգարիտը, նվիրեցեք ձեր կնոջը, ահա այն․ իսկ վաղվանից բոլորովին հեռանում եմ նաև բնակարանից։ Եվ այլևս երեկույթներ չեն լինի, պարոնա՛յք։ Այդ ասելով, նա հանկարծ վեր կացավ, կարծես ուզենալով հեռանալ։ ― Նաստասյա Ֆիլիպովնա, Նաստասյա Ֆիլիպովնա,— լսվեց ամեն կողմից։ Բոլորն իրար անցան, բոլորը վեր կացան տեղներից. բոլորը շրջապատեցին նրան, բոլորն անհանգստացած լսում էին այդ հուզումնալից, տենդոտ, մոլեգին խոսքերը. բոլորն զգում էին ինչ֊որ անկարգություն, ոչ ոք չէր կարող մի մտքի հանգել, ոչ ոք չէր կարող ոչինչ հասկանալ։ Այդ ակնթարթին հանկարծ հնչեց զանգի զրնգուն, ուժգին ձայնը, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես առավոտյան հնչեց Գանեչկայի բնակարանում։ — Ա֊ա֊ա՜։ Ահա՜ և վախճանը։ Վերջապե՜ս։ Տասներկուսի կեսն է,— ճչաց Նաստասյա Ֆիլիպովնան,― խնդրում եմ նստեք, պարոնայք, սա վերջն է։ Այս ասելով, նա ինքը նստեց։ Մի տարօրինակ ծիծաղ էր թրթռում նրա շուրթերին։ Նա նստել էր լուռ, տենդագին սպասման մեջ և նայում էր դռանը։ — Ռագոժինն է և հարյուր հազարը, կասկած չկա,— ինքնիրեն մրթմրթաց Պտիցինը։ === XV === Սաստիկ վախեցած ներս մտավ աղախին Կատյան։ — Այնտեղ աստված գիտի թե ինչ է, Նաստասյա Ֆիլիպովնա, մի տասը հոգի ներս են թափվել, և բոլորը գինովցած, խնդրում են այստեղ թողնել, ասում են, Ռոգոժինն է, և որ դուք ինքներդ գիտեք։ — Ճիշտ է, Կատյա, բոլորին անմիջապես ներս թող։ — Մի՞թե... բոլորին, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ախր բոլորովին այլանդակ են։ Սոսկալի՜ բան։ — Բոլորին, բոլորին ներս թող, Կատյա, մի վախիր, բոլորին, մինչև վերջինը, թե չէ առանց քեզ էլ կմտնեն։ Տես թե արդեն ինչպես են աղմկում, ճիշտ առավոտվա պես։ Պարոնայք, գուցե դուք վիրավորվո՞ւմ եք,― դիմեց նա հյուրերին,— որ ես ձեր ներկայությամբ այդպիսի խումբ եմ ընդունում։ Ես շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում, բայց այսպես է պետք, իսկ ես շատ, շատ կուզենայի, որ դուք բոլորդ համաձայնեիք այս վախճանի ժամանակ իմ վկաները լինել, թեև ասենք, ինչպես կամենաք... Հյուրերը շարունակում էին զարմանալ, շշնջալ ու հայացքներ փոխանակել, բայց միանգամայն պարզ դարձավ, որ այդ ամենը հաշված ու վաղօրոք սարքած բան էր, և որ Նաստասյա Ֆիլիպովնային, թեև նա, իհարկե, խելագարվել է, հիմա էլ կոտրել չի լինի։ Բոլորին սաստիկ տանջում էր հետաքրքրությունը։ Ըստ որում, ոչ մեկն էլ շատ վախենալու բան չուներ։ Տիկնայք ընդամենը երկուսն էին. Դարյա Ալեքսեևնան՝ ժիր և շատ բաներ տեսած կին, որին դժվար էր շշկլեցնել, և հիասքանչ, բայց լռակյաց անծանոթուհին։ Բայց լռակյաց անծանոթուհին հազիվ թե կարողանար որևէ բան հասկանալ. դա եկվոր գերմանուհի էր և ռուսերենից ոչինչ չէր հասկանում, բացի այդ, կարծես, նույնքան հիմար էր, որքան և հիասքանչ։ Նա նոր մարդ էր, և արդեն ընդունված էր նրան հրավիրել որոշ երեկույթների, շքեղագույն զգեստով, կարծես ցուցահանդեսի համար սանրված, և նստեցնել ինչպես հիանալի պատկեր, որպեսզի զարդարի երեկոն, ճիշտ այնպես, ինչպես ոմանք իրենց երեկույթների համար ծանոթների մոտից ճարում են մի անգամվա համար որևէ պատկեր, վազա, արձան կամ էկրան։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա Պտիցինն, օրինակ, բարեկամ էր Ռոգոժինին. Ֆերդիշչենկոն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում. Գանեչկան մինչև հիմա դեռ չէր կարողանում ուշքի գալ, սակայն թեև աղոտ, բայց անզուսպ կերպով ինքը տենդագին պահանջ էր զգում մինչև վերջ կանգնել իր անարգանքի սյան մոտ, ծերուկ ուսուցիչը, որը քիչ էր հասկանում, թե բանն ինչ է, համարյա լաց էր լինում և տառացիորեն դողում էր վախից, տեսնելով ինչ֊որ արտասովոր տագնապ շուրջը և Նաստասյա Ֆիլիպովնայի մեջ, որին պաշտում էր ինչպես իր թոռնիկին. բայց նա ավելի շուտ կմեռներ, քան մի այդպիսի րոպեի կլքեր Նաստասյա Ֆիլիպովնային։ Ինչ վերաբերում է Աֆանասի Իվանովիչին, ապա, իհարկե, նա չէր կարող իրեն վարկաբեկել այդպիսի արկածներով, բայց նա խիստ շահագրգռված էր թեկուզև այդպիսի խելագար ընթացք ստացող այս գործում, բացի այդ, Նաստասյա Ֆփլիպովնան էլ նրա հասցեին մի երկու այնպիսի խոսք բաց թողեց, որ ոչ մի կերպ չէր կարելի գնալ առանց գործը վերջնականապես պարզաբանելու։ Նա վճռեց մինչև վերջ նստել և արդեն բոլորովին լռել և մնալ սոսկ դիտող, մի բան, որ, իհարկե, պահանջում էր նրա արժանապաավությունը։ Միայն գեներալ Եպանչինը, որին հենց նոր վիրավորել էին այդպես անփափկանկատ ու ծիծաղելի ձևով նրան վերադարձնելով նվերը, իհարկե, հիմա կարող էր ավելի ևս վիրավորվել այդ բոլոր անսովոր տարօրինակություններից կամ, ասենք, Ռոգոժինի հայտնվելուց. առանց այդ էլ, նրա պես մարդու համար արդեն չափից ավելի մեծ զիջողություն էր, որ համաձայնել էր նստել Պտիցինի և Ֆերդիշչենկոյի կողքին, բայց այն, ինչ կարող էր անել կրքի ուժը, դա կարող էր ի վերջո հաղթահարվել պարտականության զգացումով, պարտքի, աստիճանի և իր նշանակության զգացողությամբ և առհասարակ դեպի ինքն ունեցած հարգանքով, այնպես որ Ռոգոժինն իր խմբով, համենայն դեպս նորին գերազանցության ներկայությամբ, անհնարին էր։ — Ախ, գեներալ,— իսկույն նրա խոսքը կտրեց Նասաասյա Ֆիլիպովնան, հենց որ գեներալը նրան դիմեց հայտարարությամբ,— մոռացե՜լ էի։ Բայց համոզված եղեք, որ ձեր մասին նախատեսել էի։ Եթե ձեզ համար այդքան վիրավորական է, ապա չեմ պնդում և ձեզ չեմ պահում, թեև շատ կցանկանայի հիմա հենց ձեզ տեսնել ինձ մոտ։ Համենայն դեպս շատ շնորհակալ եմ ձեզնից ծանոթության և ձեր շոյիչ ուշադրության համար, բայց եթե վախենում եք․․․ — Ներեցեք, Նաստասյա Ֆիլիպովնա,― բացականչեց գեներալը ասպետական մեծահոգության պոռթկումով,— այդ ո՞ւմ եք ասում։ Ես լոկ նվիրվածությունից կմնամ ձեզ մոտ, և եթե, օրինակ, որևէ վտանգ կա․․․ Բացի այդ, ճիշտն ասած, ես չափազանց հետաքրքրվում եմ։ Միայն ես այն էի ուզում ասել, որ նրանք գորգերը կփչացնեն և, ով գիտե, որևէ բան կկոտրեն... Եվ իմ կարծիքով բոլորովին պետք չէ թողնել նրանց, Նաստոասյա Ֆիլիպովնա։ — Ռոգոժինն ի՜նքը,— ազդարարեց Ֆերդիշչենկոն։ ― Ի՞նչ եք կարծում, Աֆանասի Իվանովիչ,— շտապ կարողացավ շշնջալ գեներալը սրա ականջին,— հո չի՞ խելագարվել։ Այսինքն, առանց այլաբանության, այլ իսկական բժշկական տեսակետից, հը՞։ — Ես ձեզ ասել եմ, որ նա միշտ էլ հակված է եղել դրան,— խորամանկորեն շշնջաց Աֆանասի Իվանովիչն ի պատասխան։ — Դրան ավելացրեք, որ տենդում է... Ռոգոժինի խումբը գրեթե հենց նույն կազմով էր, ինչ որ այն ժամանակ առավոտյան. ավելացել էր միայն մի թեթևաբարո ծերուկ, որը ժամանակին ինչ֊որ անառակ մերկացնող թերթուկի խմբագիրն էր եղել, և որի մասին անեկդոտ էր տարածված, թե նա գրավ է դրել և խմիչքի է տվել իր դնովի ոսկե ատամները, և մի պաշտոնաթող պոդպորուչիկ, արհեստով ու զբաղմունքով վճռական ախոյանն ու մրցակիցը առավոտվա բռունցքավոր պարոնի, որը ռոգոժինականներից բացարձակապես ոչ մեկի ծանոթը չէր, բայց իրենց հետ վերցրել էին փողոցից, Նևսկի պողոտայի արևկող կողմից, որտեղ նա կանգնեցնում էր անցորդներին և Մառլինսկու ոճով օգնություն էր խնդրում այն խորամանկ պատրվակով, որ նա ինքը «ժամանակին տասնհինգական ռուբլի էր տալիս խնդրողներին»։ Երկու մրցակիցն էլ անմիջապես թշնամաբար վերաբերվեցին միմյանց։ Առավոտվա բռունցքավոր պարոնը «խնդրարկուին» խմբի մեջ ընդունելուց հետո իրեն նույնիսկ վիրավորված համարեց և, բնականից լռակյաց լինելով, երբեմն միայն արջի պես մռնչում էր և խոր արհամարհանքով էր նայում, թե ինչպես է շողոքորթում ու նրա առաջ քծնում «խնդրարկուն», որը բարեկիրթ ու քաղաքագետ մարդ դուրս եկավ։ Արտաքուստ պոդպորուչիկը խոստանում էր «գործի մեջ» հաղթանակ տանել ավելի շատ ճարպկությամբ ու հնարագիտությամբ, քան թե ուժով, և հասակով էլ ավելի ցածր էր բռունցքավոր պարոնից։ Քաղաքավարի, բացահայտ վեճի չբռնվելով, բայց սաստիկ պարծենալով, նա արդեն մի քանի անգամ ակնարկել էր անգլիական բռնցքամարտի առավելությունները, մի խոսքով պարզվեց, որ զտարյուն արևմտական է։ Բռունցքավոր պարոնը «բռնցքամարտ» բառը լսելիս միայն արհամարհական ու վիրավորված ժպտում էր և, իր կողմից, մրցակցին չարժանացնելով բացահայտ բանավեճի, երբեմն լուռ, կարծես պատահաբար ցույց էր տալիս կամ, լավ է ասել, երբեմն ցուցադրաբար առաջ էր մղում մի բոլորովին ազգային բան՝ ջղուտ, հանգուցավոր, մի տեսակ շիկակարմիր աղվամազով պատած հսկայական բռունցքը, և բոլորի համար պարզ էր դառնում, որ եթե այդ խորապես ազգային բանը անվրեպ իջնի որևէ առարկայի վրա, ապա իրոք մենակ թաց տեղը կմնա։ Ինչպես և առավոտյան, դարձյալ նրանցից ոչ մեկը շատ «լուլ» չէր, շնորհիվ Ռոգոժինի ջանքերի, որն ամբողջ օրը նկատի ուներ իր այցելությունը Նաստասյա Ֆիլիպովնային։ Իսկ անձամբ ինքը արդեն գրեթե բոլորովին սթափվել էր, բայց փոխարենը քիչ էր մնացել, որ ցնդեր իր ամբողջ կյանքի այդ ամենաայլանդակ և ոչ մի բանի չնմանող օրվա բոլոր տպավորություններից։ Միայն մի բան էր շարունակաբար, ամեն րոպե և ամեն վայրկյան մնում նրա աչքի առաջ, հիշողության ու սրտի մեջ։ Այդ մի բանի համար էր նա անցկացրել ամբողջ ժամանակը, կեսօրվա ժամը հինգից ընդհուպ մինչև տասնմեկը, անհանգստությունը, թախիծն ու տագնապը սրտում, դեսուդեն ընկել Կինդերների ու Բիսկուպների հետ, որոնք նույնպես քիչ մնաց գժվեին, նրա կարիքը հոգալու համար խելագարի պես այս ու այն կողմ նետվելով։ Եվ, սակայն, համենայն դեպս, հարյուր հազարը գործածական փողով, որի մասին հարևանցի, ծաղրաբար և բոլորովին անորոշ ակնարկել էր Նաստասյա Ֆիլիպովնան, գոյացել էր, այնպիսի տոկոսներով, որոնց մասին նույնիսկ Բիսկուպն ինքը, ամաչելուց, Կինդերի հետ խոսում էր ոչ թե բարձրաձայն, այլ միայն շշուկով։ Ինչպես և առավոտյան, Ռոգոժինը քայլում էր բոլորի առջևից, մնացածները շարժվում էին նրա հետևից, թեպետև իրենց առավելությունների լիակատար գիտակցությամբ, բայց համենայն դեպս մի քիչ վախվխելով։ Գլխավորը, և աստված գիտի թե ինչու, նրանք վախենում էին Նաստասյա Ֆիլիպովնայից։ Նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, որ իրենց բոլորին անմիջապես «ցած կքշեն սանդուղքից»։ Ի միջի այլոց, այդպես կարծողներից մեկն էլ պճնամոլ և սրտերը գերող Զալյոժովն էր։ Բայց մյուսները, և գերազանցապես բռունցքավոր պարոնը, թեև ոչ բարձրաձայն, բայց սրտի խորքում, Նաստասյա Ֆիլիպովնային վերաբերվում էին ամենախոր արհամարհանքով և նույնիսկ ատելությամբ և նրա մոտ գնում էին ինչպես պաշարման գնալիս։ Բայց առաջին երկու սենյակների հոյակապ կահավորանքը, նրանց համար չտեսնված ու չլսված իրերը, հազվագյուտ կահ֊կարասին, պատկերները, Վեներայի հսկայական արձանը, այդ բոլորը նրանց վրա հարգանքի և համարյա վախի անդիմադրելի տպավորություն գործեցին։ Դա չխանգարեց, իհարկե, որ նրանք բոլորը, չնայած վախին, կամաց֊կամաց և լրբենի հետաքրքրությամբ Ռողոժինի հետևից խցկվեցին հյուրասենյակ. բայց երբ բռունցթավոր պարոնը, «խնդրարկուն» և մի քանի ուրիշներ հյուրերի թվում տեսան գեներալ Եպանչինին, ապա առաջին պահին վստահությունն այնպես կորցրին, որ նույնիսկ սկսեցին քիչ-քիչ ետ նահանջել մյուս սենյակը։ Միայն Լեբեդևն էր առավել քաջալերվածների և համոզվածների թվում և քայլում էր գրեթե Ռոգոժինի կողքին, հասկանալով, թե ինչ է նշանակում մեկ միլիոն չորս հարյուր հազար զուտ դրամը և հարյուր հազարը այժմ, հենց հիմա, ձեռքի տակ։ Ի դեպ, պետք է ասել, որ նրանք բոլորը, չբացառած նույնիսկ քաջագիտակ Լեբեդևին, մի քիչ մոլորվում էին իրենց հզորության չափի ու սահմանի իմացության հարցում և այն հարցում, թե արդյոք հիրավի՞ հիմա իրենց ամեն ինչ թույլատրված է։ Որոշ վայրկյաններ Լեբեդևը պատրաստ էր երդվելու, որ ամեն ինչ, բայց այլ վայրկյանների՝ անհանգիստ անհրաժեշտություն էր զգում ամեն պարագայի համար մտքում վերհիշել օրենքների ժողովածուի մի քանի և գերազանցապես քաջալերիչ ու հանգստացուցիչ հոդվածները։ Ռոգոժինի վրա Նաստասյա Ֆիլիպովնայի հյուրասենյակը հակառակ տպավորություն գործեց, քան նրա բոլոր ուղեկիցների վրա։ Հենց որ վարագույրը բացվեց ու նա տեսավ Նաստասյա Ֆիլիպովնային, մնացած ամեն ինչ դադարեց նրա համար գոյություն ունենալուց, ինչպես և այն ժամանակ առավոտյան, նույնիսկ առավել հուժկու, քան այն ժամանակ առավոտյան։ Նա գույնը գցեց և մի ակնթարթ կանգ առավ. կարելի էր կռահել, որ նրա սիրտը սաստիկ բաբախում է։ Երկչոտ ու մոլորված, առանց աչքը կտրելու, մի քանի վայրկյան նա նայում էր Նաստասյա Ֆիլիպովնային։ Հանկարծ, կարծես ամբողջ խելքը կորցրած և գրեթե օրորվելով, նա մոտեցավ սեղանին, ճանապարհին նա դիպավ Պտիցինի աթոռին և իր կեղտոտ հսկա սապոգներով կոխեց լռակյաց գերմանուհի գեղեցկուհու հոյակապ երկնագույն ղգեստի ժանյակե բոլորազարդը. ներողություն չխնդրեց ու չնկատեց։ Սեղանին մոտենալով, դրա վրա դրեց մի տարօրինակ առարկա, որը երկու ձեռքով իր առջև բռնած մտել էր հյուրասենյակ։ Դա թղթի մի մեծ փաթեթ էր, մոտ երեք վերշոկ բարձրությամբ և մոտ չորս վերշոկ երկարությամբ, ամուր ու պինդ փաթաթած «Բիրժեվիե վեդոմոստի» լրագրի մեջ և բոլոր կողմերից երկու անգամ խաչաձև ու շատ ամուր կապկապած այնպիսի պարանով, որով կապկապում են շաքարի գլուխները։ Ապա առանց մի խոսք ասելու կանգնեց ու ձեռները ցած գցեց, կարծես սպասելով իր դատավճռին։ Նրա հագուստը բոլորովին նույնն էր, ինչ որ առավոտյան, բացի վզին գցած կարմրախառն վառ կանաչ, բոլորովին նոր մետաքսե շարֆից, բզեզ հիշեցնող մի հսկա ադամանդե քորոց վրան, և աջ ձեռքի կեղտոտ մատին դրած ադամանդե հոծ մատանուց։ Լեբեդևը կանգ առավ սեղանից մի երեք քայլ հեռու. մնացածները, ինչպես ասված էր, կամաց-կամաց հավաքվում էին հյուրասենյակում։ Նաստասյա Ֆիլիպովնայի աղախինները Կատյան ու Պաշան, նույնպես մոտ վազեցին, խորին զարմանքով ու վախով մտիկ տալու դռան վեր քաշած վարագույրի հետևից։ — Դա ի՞նչ է,— հարցրեց Նաստասյա Ֆիլիպովնան, ուշադիր ու հետաքրքրությամբ զննելով Ռոգոժինին և աչքերով ցույց տալով «առարկան»։ — Հարյուր հազար,— գրեթե շշուկով պատասխանեց նա։ — Հա՜, խոսքը կատարեց, ինչպիսի՜ն է։ Նստեցեք, խնդրեմ, ահա այստեղ, ահա այս աթոռին. ես ձեզ հետո որևէ բան կասեմ։ Ովքե՞ր են ձեզ հետ։ Այն ժամանակվա ամբողջ խո՞ւմբը։ Դե, թող ներս գան ու նստեն։ Ահա այնտեղ բազմոցին կարելի է, ահա մի բազմոց էլ․․․ Ահա այնտեղ երկու բազկաթոռ կա... այդ ինչ է, չե՞ն ուզում։ Իրոք, մի քանիսը վերջնականապես շփոթվեցին, նահանջեցին ու մյուս սենյակում նստեցին սպասելու, բայց ոմանք մնացին ու հրավերն ընդունելով նստեցին, բայց սեղանից հեռու, ավելի շատ անկյուններում, մի քանիսը դեռ ցանկանալով որոշ չափով աննկատելի մնալ, մյուսները գնալով ավելի ու ավելի և մի տեսակ անբնականորեն արագ քաջալերվելով։ Ռոգոժինը նույնպես նստեց իրեն ցույց տված աթոռին, բայց երկար չմնաց նստած. նա շուտով վեր կացավ ու այնուհետև այլևս չնստեց։ Կամաց֊կամաց նա սկսեց տարբերել ու դիտել հյուրերին։ Գանյային տեսնելով, նա թունալի ժպտաց ու ինքն իրեն շշնջաց. «Հլա տե՜ս»։ Գեներալին ու Աֆանասի Իվանովիչին նա նայեց առանց շփոթմունքի, նույնիսկ առանց առանձնահատուկ հետաքրքրության։ Բայց երբ Նաստասյա Ֆիլիպովնայի կողքին նկատեց իշխանին, ապա երկար ժամանակ չէր կարողանում աչքը կտրել նրանից, սաստիկ զարմացած և կարծես ի վիճակի չլինելով իրեն հաշիվ տալ այդ հանդիպման համար։ Կարելի էր կասկածել, որ որոշ րոպեներ նա իսկական զառանցանքի մեջ էր լինում։ Բացի այդ օրվա բոլոր ցնցումներից, նա ամբողջ անցյալ գիշերը վագոնում էր անցկացրել և գրեթե երկու օր ու գիշեր չէր քնել։ — Սա, պարոնայք, հարյուր հազար է,― ասաց Նաստասյա Ֆիլիպովնան՝ դիմելով բոլորին ինչ֊որ տենդագին֊անհամբեր մարտահրավերով,― ահա այս կեղտոտ փաթեթի մեջ։ Այն ժամանակ ահա սա խելագարի պես բղավեց, որ երեկոյան ինձ հարյուր հազար կբերի, և ես սպասում էի նրան։ Նա իմ գինն էր որոշում. սկսեց տասնութ հազարից, հետո հանկարծ թռավ քառասուն հազարի, իսկ հետո, ահա այս հարյուր հազարը։ Համենայն դեպս խոսքը պահեց։ Թու, ինչ գունատ է նա... Այդ ամենը առավոտյան Գանեչկայենց տանը տեղի ունեցավ. ես այցելության էի գնացել նրա մայրիկին, իմ ապագա ընտանիքը, իսկ այնտեղ նրա քույրը երեսս ի վեր բղավեց. «Մի՞թե այս անամոթին ոչ ոք չի վռնդի այստեղից, իսկ Գանեչկայի՝ եղբոր երեսին թքեց։ Հաստատակա՜մ աղջիկ է։ — Նաստասյա Ֆիլիպովնա,― կշտամբանքով արտասանեց գեներալը։ Նա սկսում էր մասամբ հասկանալ բանը յուրովի։ — Ի՞նչ է, գեներալ։ Չլինի՞ անվայելուչ է։ Հերիք է ձևեր թափել։ Որ ես ֆրանսիական թատրոնում, օթյակում, նստում էի ինչպես դստիկոնի անմատչելի առաքինություն և բոլորից, ովքեր հետևիցս էին ընկնում հինգ տարի, վայրենու պես խուսափում էի, և նայում էի որպես հպարտ անմեղություն, չէ՞ որ այդ ամբողջ հիմարությունը հոգիս հանել է։ Ահա, հենց ձեր աչքի առաջ, եկավ ու սեղանին դրեց հարյուր հազար, հինգ տարվա անմեղությունից հետո, և հավանաբար սրանց տրոյկաները այնտեղ կանգնած ինձ են սպասում։ Ինձ հարյուր հազա՜ր գնահատեցին։ Գանեչկա, տեսնում եմ. մինչև հիմա բարկացա՞ծ ես ինձ վրա։ Մի՞թե դու ուզում էիր ինձ քո ընտանիքը մտցնել։ Ի՛նձ՝ Ռոգոժինին պատկանողի՜ս։ Իշխանն ի՞նչ ասաց քիչ առաջ։ — Ես այն չասացի, թե դուք Ռոգոժինինն եք, դուք Ռոգոժինինը չե՛ք,— դողդոջուն ձայնով ասաց իշխանը։ — Նաստասյա Ֆիլիպովնա, հերիք է, սիրելիս, հերիք է, աղավնյակս,— չդիմացավ հանկարծ Դարյա Ալեքսեևնան,— թե որ նրանք քեզ այդքան ցավ պատկառեցին, էլ ի՞նչ ես նայում նրանց։ Եվ մի՞թե դրա պեսի հետ ուզում ես գնալ, թեկուզև հարյուր հազար լինի տվածը։ Ճիշտ է, հարյուր հազարը քիչ բան չի։ Դու էլ հարյուր հազարը վերցրու, իսկ նրան վռնդիր, ահա թե ինչպես պետք է վարվել նրանց հետ. է՜խ, քո տեղը լինեի, նրանց բոլորին․․․ Սա ի՞նչ բան է, իսկապե՜ս։ Դարյա Ալեքսեևնան նույնիսկ զայրացավ։ Նա բարի և շատ դյուրազգաց կին էր։ — Մի բարկանա, Դարյա Ալեքսեևնա,— քմծիծաղ տալով ասաց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ես նրան բարկանալով չասացի։ Նրան կշտամբեցի՞, ինչ է։ Ես իսկապես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս խելքիս փչեց այգդ հիմարությունը, որ ուզում էի ազնիվ ընտանիք մտնել։ Տեսա նրա մորը, ձեռքը համբուրեցի։ Իսկ որ այն ժամանակ ձեր տանը ծաղր էի անում, Գանեչկա, ապա դիտմամբ ուզում էի ինքս վերջին անգամ տեսնել, թե դու մինչև ուր կարող ես հասնել։ Բայց ա՜յ թե զարմացրիր ինձ, ճշմարիտ։ Շատ բան էի սպասում, բայց դա՝ ոչ։ Մի՞թե իսկապես դու կարող էիր ինձ առնել, իմանալով, որ ահա նա ինձ այսպիսի մարգարիտ է նվիրում, համարյա քո ամուսնության նախօրեին, իսկ ես վերցնում եմ։ Իսկ Ռոգոժի՞նը։ Ախր նա քո տանը, քո մոր ու քրոջ ներկայությամբ, ինձ գին էր կտրում, իսկ դու ահա դրանից հետո այնուամենայնիվ խնամախոսելու ես եկել, և քիչ էր մնում քրոջդ էլ հետդ բերեիր։ Մի՞թե Ռոգոժինը ճիշտ ասաց քո մասին, որ երեք ռուբլու համար մինչև Վասիլևսկի կղզին սողեսող կհասնես։ — Կհասնի,— հանկարծ ասաց Ռոգոժինը ցածրաձայն, բայց մեծագույն համոզվածությամբ։ — Եվ ո՛վ բան կասեր, եթե դու քաղցից մեռնելիս լինեիր, բայց չէ՞ որ, ասում են, դու լավ ռոճիկ ես ստանում։ Եվ ի լրումն ամենի, բացի խայտառակությունից, ատելի կի՜ն բերել տուն։ (Որովհետև չէ՞ որ դու ինձ ատում ես, ես գիտեմ այդ)։ Չէ՛, հիմա ես հավատում եմ, որ քեզ նմանը փողի համար մարդ կմորթի։ Ախր հիմա բոլորին այնպիսի ծարավ է համակել, փողն այնպիսի ցավ է դարձել նրանց համար, որ կարծես խելքները թռցրել են։ Ինքը երեխա է, բայց քիթը խոթում է վաշխառության մեջ։ Կարող է և ածելու վրա մետաքս փաթաթել, ամրացնել և հետևից կամացուկ մորթել բարեկամին ոչխարի պես, ինչպես կարդացել եմ նորերս։ Համա՜ թե անամոթն ես։ Ես անամոթն եմ, իսկ դու դրանից էլ վատթարն ես։ Ես այն ծաղկեփնջավորի մասին չեմ էլ խոսում․․․ — Մի՞թե, մի՞թե այդ դուք եք, Նաստասյա Ֆիլիպովնա,― իսկական ցավով ձեռներն իրար խփեց գեներալը,— դուք, որ այնքան քաղաքավարի եք, այնքան նուրբ մտքերով, և ահա։ Ինչպիսի՜ լեզու։ Ինչպիսի ոճ։ — Ես հիմա գինով եմ, գեներալ,― ծիծաղեց հանկարծ Նաստասյա Ֆիլիպովնան,― ես ուզում եմ քեֆ անել։ Այսօր իմ օրն է, իմ տոն օրը, իմ նահանջ օրը, ես վաղուց էի դրան սպասում։ Դարյա Ալեքսեևնա, տեսնում ես ահա այղ ծաղկեփնջավորին, ահա այդ monsieur aux camélias<ref>Կամելիազարդ պարոնին (ֆրանս․)։</ref>, ահա նա նստել ու ծիծաղում է մեզ վրա... — Ես չեմ ծիծաղում, Նաստասյա Ֆիլիպովնա, ես միայն մեծագույն ուշաղրությամբ լսում եմ,― արժանապատվությամբ հարվածը ետ մղեց Տոցկին։ — Ահա, ինչո՞ւ էի ամբողջ հինգ տարի նրան տանջում և մոտիցս բաց չէի թողնում։ Մի՞թե արժանի է դրան։ Նա ուղղակի այնպիսին է, ինչպիսին պետք է լինի... Մեկ էլ տեսար ինձ մեղավոր կհամարի իր առաջ. չէ՞ որ դաստիարակություն է տվել, կոմսուհու պես է պահել, իսկ փո՜ղ, փո՜ղ ինչքան է ծախսել, դեռ այնտեղ ինձ համար ազնիվ ամուսին փնտրեց֊գտավ, իսկ այստեղ Գանեչկային. և ի՞նչ ես կարծում, այս հինգ տարին ես նրա հետ չէի ապրում, իսկ փող վերցնում էի նրանից և կարծում էի, որ իրավացի՜ եմ։ Ախր բոլորովին մոլորվել էի։ Ահա դու ասում ես՝ հարյուր հազարը վերցրու և վռնդիր, եթե նողկում ես։ Ճիշտ է, որ նողկալի է... Ես վաղուց կարող էի և ամուսնանալ, այն էլ ոչ թե Գանեչկայի հետ, բայց ախր էլի շատ զզվելի է։ Եվ հանուն ինչի՞ կորցրի իմ հինգ տարին, սրտումս այդ քենը պահած։ Բայց կհավատա՞ս թե ոչ, մի չորս տարի սրանից առաջ երբեմն մտածում էի, իսկապես չամուսնանա՞մ իմ Աֆանասի Իվանովիչի հետ։ Ես այն ժամանակ զայրույթից էի այդպես մտածում. ինչ ասես, որ այն ժամանակ մտքովս չէր անցնում, բայց ախր իսկապես կհարկադրեի։ Ինքն էր հետամուտ դրան, հավատո՞ւմ ես, թե ոչ։ Ճիշտ է, սուտ էր ասում, բայց ախր շատ ագահն է, դիմանալ չի կարող։ Բայց հետո, փառք աստծու, մտածեցի՝ արժանի՜ է նա այդպիսի զայրույթի։ Եվ այն ժամանակ հանկարծ այնպես զզվանք զգացի դեպի նա, որ եթե ինքն էլ խնամախոսեր, մարդու չէի գնա նրան։ Եվ ամբողջ հինգ տարի ես այդպես ֆորս էի անում։ Չէ՛, ավելի լավ է փողոց գնամ, որը հենց իմ տեղն է։ Կամ Ռոգոժինի հետ ինձ քեֆի տամ, կամ վաղն ևեթ լվացարարուհի դառնամ։ Ախր նրա համար, որ ինձ վրա ոչ մի սեփական բան չկա. կգնամ, ամեն ինչ նրան կնետեմ, վերջին լաթը կթողնեմ, իսկ առանց այդ ամենի ինձ ո՞վ կառնի, հարցրու ահա Գանյային, կառնի՞։ Նույնիսկ Ֆերդիշչենկոն չի առնի... — Ֆերդիշչենկոն գուցե չի առնի, Նաստասյա Ֆիլիպովնա, ես անկեղծ մարդ եմ,— ընգհատեց Ֆերդիշչենկոն,— բայց իշխանը կառնի։ Դուք ահա նստել գանգատվում եք, բայց հալա մի իշխանին նայեցեք։ Ես վաղուց արդեն հետևում եմ․․․ Նաստասյա Ֆիլիպովնան հետաքրքրությամբ շրջվեց իշխանի կողմը։ ― Ճի՞շտ,— հարցրեց նա։ — Ճիշտ,— շշնջաց իշխանը։ — Կառնեք, ինչպես որ կա՞մ, առանց ոչնչի՞։ — Կառնեմ, Նաստասյա Ֆիլիպովնա... — Ահա և նոր անեկդոտ,— մրթմրթաց գեներալը։— Սպասել կարելի էր։ Իշխանը վշտաբեկ, խիստ և խորաթափանց հայացքով նայում էր Նաստասյա Ֆիլիպովնայի դեմքին, որը շարունակում էր զննել նրան։ — Ահա մե՜կն էլ ճարվեց,― ասաց նա հանկարծ, դարձյալ դիմելով Դարյա Ալեքսեևնային,— բայց ախր իսկապես էլ սրտի բարությունից, ես նրան գիտեմ։ Բարերա՜ր գտա։ Ասենք, գուցե ճիշտ են ասում նրա մասին, որ նա... ''էնիք է''։ Բայց ինչո՞վ պիտի ապրես, եթե այդպես սիրահարված ես, որ Ռոգոժինինը առնում ես քեզ՝ իշխանիդ․․․ — Ես ձեզ՝ ազնիվ կնոջն եմ առնում, Նաստասյա Ֆիլիպովնա, և ոչ թե Ռոգոժինինը,— ասաց իշխանը։ — Այդ ե՞ս եմ ազնիվը։ — Դուք։ — Դե, դա արդեն... վեպերից է։ Դա, իշխան, աղավնյակս, հին ցնդաբանություն է, իսկ հիմա աշխարհը խելոքացել է և բոլորը դատարկ բաներ են։ Եվ քո ի՜նչ բանն է ամուսնանալը, դու ինքդ դեռ դայակի կարիք ունես։ Իշխանը վեր կացավ ու դողդոջուն, երկչոտ ձայնով, բայց միաժամանակ խորապես համոզված մարդու տեսքով ասաց․ — Ես ոչինչ չգիտեմ, Նաստասյա Ֆիլիպովնա, ես ոչինչ չեմ տեսել, դուք իրավացի եք, բայց ես... Ես կհամարեմ, որ դուք ինձ և ոչ թե ես ձեզ պատիվ կանեմ։ Ես ոչինչ եմ, իսկ դուք տառապել եք և այդպիսի դժոխքից մաքուր եք դուրս եկել, իսկ դա շատ բան է։ Ինչո՞ւ եք ամաչում և ուզում եք Ռոգոժինի հետ գնալ։ Դա տենդ է... Դուք պարոն Տոցկուն յոթանասունհինգ հազարը վերադարձրիք և ասում եք, այն ամենը, ինչ այստեղ կա, բոլորը կթողնեք, այստեղ ոչ ոք այդ բանը չի անի։ Ես ձեզ... Նաստասյա Ֆիլիպովնա... սիրում եմ։ Ես կմեռնեմ ձեզ համար, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ ձեր մասին մի խոսք ասի, Նաստասյա Ֆիլիպովնա... Եթե մենք աղքատ լինենք, ես կաշխատեմ, Նաստասյա Ֆիլիպովնա... Վերջին խոսքերի վրա լսվեց, թե ինչպես քթի տակ ծիծաղեցին Ֆերդիշչենկոն, Լեբեդևը և նույնիսկ գեներալը ինքն իրեն մի տեսակ կռնչաց մեծ անախորժությամբ։ Պտիցինը և Տոցկին չէին կարող չժպտալ, բայց զսպեցին իրենց։ Մնացածները ուղղակի բերանները բացին զարմանքից։ — ...Բայց մենք գուցե աղքատ չենք լինի, այլ շատ հարուստ կլինենք, Նաստասյա Ֆիլիպովնա,— շարունակում էր իշխանը նույն երկչոտ ձայնով։— Ասենք, ես հաստատ չգիտեմ, և ափսոս, որ դեռ մինչև հիմա ոչինչ չկարողացա իմանալ ամբողջ օրը, բայց Շվեյցարիայում նամակ ստացա Մոսկվայից, Սալազկին ազգանունով մի պարոնից, և նա ինձ տեղեկացնում է, որ իբր թե ես կարող եմ շատ մեծ ժառանգություն ստանալ։ Ահա այդ նամակը... Իշխանն իրոք գրպանից հանեց նամակը։ — Հո չի՞ զառանցում նա,— մրթմրթաց գեներալը,— իսկական խելագարանոց։ Մի վայրկյան որոշ լռություն տիրեց։ — Դուք կարծեմ ասացիք, իշխան, որ նամակն ստացել եք Սալազկինի՞ց,— հարցրեց Պտիցինը,― դա իր շրջանակում շատ հայտնի մարդ է, դա շատ հայտնի բանագնաց է, և եթե իրոք նա է ձեզ տեղեկացնում, ապա լիովին կարող եք հավատալ։ Բարեբախտաբար ես ձեռագիրը ճանաչում եմ, որովհետև նորերս գործ եմ ունեցել... Եթե տայիք ինձ աչք ածելու, թերևս, կարողանայի ձեզ որևէ բան ասել։ Իշխանը լուռ, դողդոջուն ձեռքով պարզեց նամակը։ — Ի՞նչ բան է, այդ ի՞նչ բան է,― սթափվեց գեներալը, բոլորի վրա նայելով գժի պես,— մի՞թե ժառանգություն է։ Բոլորր հայացքներն ուղղեցին Պտիցինին, որ կարդում էր նամակը։ Ընդհանուր հետաքրքրությունը նոր և արտակարգ մղում ստացավ։ Ֆերդիշչենկոն չէր կարող տեղում նստել, Ռոգոժինը նայում էր տարակուսած ու սարսափելի անհանգստությամբ հայացքը գցում էր մեկ իշխանին, մեկ Պտիցինին։ Դարյա Ալեքսեևնան սպասումից կարծես ասեղների վրա լիներ նստած։ Նույնիսկ Լեբեդևը չհամբերեց, դուրս եկավ իր անկյունից և, սաստիկ կռանալով, սկսեց նամակին նայել Պտիցինի ուսի վրայով, այնպիսի մարդու տեսքով, որ վախենում է, թե հիմա դրա համար իրեն ծեծ կտան։ ===XVI=== — Հաստատ բան է,― վերջապես հայտարարեց Պտիցինը, նամակը ծալելով ու հանձնելով իշխանին,— առանց մի գլխացավանքի ձեր մորաքրոջ անվիճելի կտակով դուք ստանում եք չափազանց մեծ կապիտալ։ — Չի՛ կարող պատահել,— բացականչեց գեներալը, ասես կրակեց։ Բոլորը նորից բերանները բացեցին։ Պտիցինը բացատրեց, դիմելով գերազանցապես Իվան Ֆյոգորովիչին, որ հինգ ամիս առաջ մեռել է իշխանի մորաքույրը, որին իշխանն անձամբ երբեք չի ճանաչել, իշխանի մոր հարազատ և ավագ քույրը, դուստրը Մոսկվայի երրորդ գիլդիայի վաճառական Պապուշինի, որը մեռել էր աղքատության մեջ ու սնանկացած։ Բայց այդ Պապուշինի հարազատ ավագ եղբայրը, որը նույնպես մեռել է նորերս, հայտնի հարուստ վաճառական էր։ Մոտ մի տարի առաջ գրեթե նույն ամսում, մեռնում են նրա միակ երկու որդին։ Դա նրա համար այնպիսի հարված է եղել, որ շատ չանցած ծերունին ինքն էլ հիվանդանում ու մեռնում է։ Նա որբևայրի էր, բոլորովին ոչ մի ժառանգ չուներ, բացի իշխանի մորաքրոջից, Պապուշինի հարազատ եղբոր աղջկանից, որը չափազանց աղքատ կին էր և ապրում էր ուրիշի տանը։ Ժառանգությունն ստանալու ժամանակ այդ մորաքույրը արդեն համարյա մեռնում էր ջրգողությունից, բայց անմիջապես սկսել է որոնել իշխանին, այդ գործը հանձնարարելով Սալազկինին և հասցրել է կտակ գրել։ Ըստ երևույթին ոչ իշխանը, ոչ բժիշկը, որի մոտ նա ապրում էր Շվեյցարիայում, չեն ցանկացել տեղեկանքնեը պահանջել կամ սպասել պաշտոնական ծանուցումների, իսկ իշխանը Սալազկինի նամակը գրպանում, որոշել է ինքը ճամփա ընկնել... — Միայն մի բան կարող եմ ասել ձեզ,— եզրափակեց Պտիցինը, դիմելով իշխանին,— որ այս ամենը պետք է որ լինի անվիճելի ու ճիշտ, և այն ամենը, ինչ գրում, է ձեզ Սալազկինը ձեր գործի անվիճելիության և օրինականության մասին, կարող եք ընդունել որպես զուտ դրամ ձեր գրպանում։ Շնորհավորում եմ ձեզ, իշխան։ Գուցե նույնպես մոտ միլիոն ու կես կստանաք, գուցե և ավելի։ Պապուշինը շատ հարուստ վաճառական էր։ — Այ քեզ ցեղի վերջին շառավիղ իշխան Մի՜շկին,— գոչեց Ֆերդիշչենկոն։ — Ուռա՜,— հարբած ձայնով խռխռացրեց Լեբեդևը։ — Իսկ ես այն ժամանակ քսանհինգ ռուբլի պարտք տվի, խղճուկին, հա՜֊հա՜-հա՜, անհեթեթություն և ուրիշ ոչինչ,— զարմանքից համարյա շշկլված, ասաց գեներալը,— դե՛, շնորհավորում եմ, շնորհավորում եմ,— և, տեղից վեր կենալով, մոտեցավ իշխանին գրկելու։ Նրա հետևից վեր կացան նաև մյուսները և նույնպես շարժվեցին դեպի իշխանը։ Նույնիսկ վարագույրի հետև նահանջածներն սկսեցին հայտնվել հյուրասենյակում։ Սկսվեց անորոշ խոսակցություն, բացականչություններ, նույնիսկ հնչեցին շամպայն պահանջող ձայներ, ամեն ինչ խառնվեց, իրար անցավ։ Մի վայրկյան գրեթե մոռացան Նաստասյա Ֆիլիպովնային և այն, որ, այնուամենայնիվ, սա իր երեկույթի տիրուհին է։ Բայց կամաց-կամաց բոլորը համարյա միաժամանակ պատկերացրին այն միտքը, որ իշխանը հենց նոր նրան առաջարկություն արավ։ Նշանակում է, գործը ներկայանում էր եռակի առավել ցնորամիտ ու անսովոր, քան առաջ։ Խորապես զարմացած՝ Տոցկին ուսերն էր թոթվում։ Համարյա հենց միայն նա էր նստած, մնացած ողջ ամբոխը անկանոն խռնվել էր սեղանի շուրջը։ Բոլորը հետո պնդում էին, որ Նաստասյա Ֆիլիպովնան խելագարվեց հենց այդ ակնթարթից։ Նա շարունակում էր նստած մնալ և որոշ ժամանակ դիտում էր բոլորին մի տեսակ տարօրինակ, զարմացած հայացքով, կարծես բան չհասկանալով և ճգնելով ըմբռնել։ Հետո նա հանկարծ դարձավ իշխանին և, սպառնագին խոժոռելով հոնքերը, ուշադիր դիտում էր նրան, բայց դա մի վայրկյան էր, գուցե նրան հանկարծ թվաց, որ այդ բոլորը կատակ է, ծաղր, բայց իշխանի տեսքը միանգամից փոխեց նրա կարծիքը։ Նա մտասուզվեց, հետո կրկին ժպտաց, կարծես պարզ չգիտակցելով, թե ինչու... — Նշանակում է, իսկապես իշխանուհի եմ,— ինքն իրեն շշնջաց նա կարծես ծաղրաբար և, պաաահմամբ նայելով Դարյա Ալեքսեևնային, ծիծաղեց։— Անսպասելի լուծում... Ես... այսպես չէի սպասում... Դե, ի՞նչ եք կանգնել, պարոնայք, շնորհ արեք, նստեցեք, շնորհավորեցեք ինձ իշխանի համար։ Ինչ֊որ մեկը, կարծեմ, շամպայն էր խնդրում․ Ֆերգիշչենկո, գնացեք, հրամայեցեք։ Կատյա, Պաշա,— հանկարծ դռան մեջ տեսավ նա իր սպասուհիներին,— եկեք այստեղ, ես ամուսնանում եմ, լսեցի՞ք։ Իշխանի հետ, նա մեկ ու կես միլիոն ունի, նա իշխան Միշկինն է և ինձ առնում է։ — Եվ աստծով, սիրելիս, ժամանակն է։ Կարիք չկա բաց թողնելու,— բղավեց Դարյա Ալեքսեևնան, տեղի ունեցածից խորապես ցնցված։ ― Դե եկ կողքս նստիր, իշխան,― շարունակեց Նաստասյա Ֆիլիպովնան,― ահա այսպես, ահա և գինի են բերում, դե, շնորհավորեցեք, պարոնայք։ — Ուռա՜,— Բղավեցին բազմաթիվ ձայներ։ Շատերը խռնվեցին գինու շուրջը, նույն թվում էին գրեթե բոլոր ռոգոժինականները։ Ու թեև նրանք բղավում էին ու պատրաստ էին բղավել, բայց և այնպես, չնայած հանգամանքների և իրադրության ամբողջ տարօրինակությանը, նրանցից շատերն զգացին, որ դեկորացիան փոխվում է։ Մյուսները շփոթված էին և սպասում էին թերահավատությամբ։ Իսկ շատերն էլ իրար ականջի շշնջում էին, որ ախր սա ամենասովորական բան է, որ ո՞ւմ հետ ասես չեն ամուսնանում իշխանները, նույնիսկ գնչուհիների են առնում թափառախմբերից։ Ռոգոժինն ինքը կանգնել ու նայում էր դեմքը ծամածռած, անշարժ, տարակուսած ժպիտով։ — Իշխան, աղավնյակս, ուշքի՜ եկ,— սարսափած շշնջաց գեներալը՝ կողքից մոտենալով ու ձիգ տալով նրա թևքը։ Նաստասյա Ֆիլիպովնան նկատեց ու քրքջաց։ — Չէ, գեներալ, հիմա ես ինքս էլ իշխանուհի եմ, լսեցի՞ք, իշխանը թույլ չի տա, որ ինձ վիրավորեն։ Աֆանասի Իվանովիչ, դո՛ւք շնորհավորեցեք ինձ. հիմա ամեն տեղ ես ձեր կնոջ կողքին կնստեմ. ի՞նչ եք կարծում, ձեռնտո՞ւ է այսպիսի ամուսին ունենալը։ Մեկ ու կես միլիոն, դրան ավելացրած և այն, որ իշխան է, և այն, որ ասում են, հետն էլ ապուշ է, դրանից լավ ի՞նչ կարող է լինել։ Հենց հիմա կսկսվի իսկական կյանքը։ Ուշացա՜ր, Ռոգոժին։ Կորցրո՛ւ քո փաթեթը, ես իշխանին եմ մարդու գնում և ինքս քեզնից հարուստ եմ։ Բայց Ռոգոժինը հասկացավ, թե բանն ինչ է։ Անասելի տառապանք դրոշմվեց նրա դեմքին։ Նա ձեռներն իրար խփեց ու մի հառաչ դուրս թռավ նրա կրծքից։ — Ե՛տ կանգնիր,— բղավեց նա իշխանին։ Չորս կողմը ծիծաղեցին։ — Այդ քե՞զ համար ետ կանգնի,— հաղթականորեն վրա բերեց Դարյա Ալեքսեևնան,― մի տեսե՜ք, փողը թափել է սեղանին, գռեհի՜կ։ Իշխանը նրան կնության է առնում, իսկ դու եկել ես ստահակություն անելու։ — Ես էլ եմ առնո՜ւմ։ Հիմա եմ առնում, այս րոպեի՜ս։ Ամեն ինչ կտամ... — Մի տեսե՜ք, գինետան հարբած, քեզ վռնդել է պետք,― զայրացած կրկնեց Դարյա Ալեքսեևնան։ Ծիծաղն ավելի սաստկացավ։ — Լսո՞ւմ ես, իշխան,― դիմեց նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ահա թե ինչպես է այդ մուժիկը քո հարսնացուին սակարկում։ — Նա հարբած է,— ասաց իշխանը։— Նա ձեզ շատ է սիրում։ — Իսկ հետո չե՞ս ամաչի, որ քո հարսնացուն քիչ մնաց Ռոգոժինի հետ գնար։ — Այդ նրանից է, որ դուք տենդի մեջ էիք, դուք հիմա էլ եք տենդի մեջ, կարծես զառանցելիս լինեք։ — Եվ չե՞ս ամաչի, երբ հետո քեզ ասեն, որ քո կինը Տոցկու սիրուհին է եղել։ — Ոչ, չեմ ամաչի... Դուք ձեր կամքով չեք եղել Տոցկու մոտ։ — Եվ երբե՞ք չես կշտամբի։ — Չեմ կշտամբի։ — Է՜, տես, ամբողջ կյանքի համար մի երաշխավորի։ — Նաստասյա Ֆիլիպովնա,— ասաց իշխանը կամացուկ և կարծես կարեկցաբար,— ես քիչ առաջ ձեզ ասացի, որ իբրև պատիվ կընդունեմ ձեր համաձայնությունը և որ դուք եք ինձ պատիվ անում, ոչ թե ես ձեզ։ Դուք այդ բառերի վրա քմծիծաղ տվիք, և շուրջը, ես լսեցի, նույնպես ծիծաղեցին։ Կարող է պատահել ես շատ ծիծաղելի արտահայտվեցի և ինքս էլ ծիծաղելի էի, բայց շարունակ ինձ թվում էր, որ ես... հասկանում եմ, թե ինչումն է պատիվը և համոզված եմ, որ ճշմարտությունն ասացի։ Դուք հիմա ուզում էիք անդառնալիորեն կործանել ձեզ, որովհետև երբեք հետո ձեզ չէիք ների դրա համար. իսկ դուք ոչ մի բանում մեղավոր չեք։ Չի կարող պատահել, որ ձեր կյանքն արդեն ամբողջովին կործանված է։ Ի՞նչ անենք, որ ձեզ մոտ է եկել Ռոգոժինը, իսկ Գավրիլա Արդալիոնովիչն ուզում էր ձեզ խաբել։ Ինչո՞ւ եք անընդհատ հիշատակում դա։ Այն, ինչ արեցիք դուք, դրան քչերն են ընդունակ, այդ կրկնում եմ ձեզ, իսկ որ ուզում էիք Ռոգոժինի հետ գնալ, ապա դա հիվանդագին նոպայի վիճակում որոշեցիք։ Դուք հիմա էլ նոպայի մեջ եք, և ավելի լավ է՝ անկողին մտնեք։ Դուք վաղն իսկ լվացարարուհի կդառնայիք, բայց չէիք մնա Ռոգոժինի հետ։ Դուք հպարտ եք, Նաստասյա Ֆիլիպովնա, բայց թերևս արդեն այնքան դժբախտ եք, որ իրոք ձեզ մեղավոր եք համարում։ Ձեզ շատ խնամք է հարկավոր, Նաստասյա Ֆիլիպովնա։ Ես կխնամեմ ձեզ։ Երբ այն ժամանակ ձեր պատկերը տեսա, կարծես մի ծանոթ դեմք ճանաչեցի։ Ինձ անմիջապես թվաց, թե կարծես դուք արդեն կանչում էիք ինձ... Ես... ես ամբողջ կյանքումս կհարգեմ ձեզ, Նաստասյա Ֆիլիպովնա,― եզրափակեց հանկարծ իշխանը, կարծես հանկարծ ուշքի գալով, շիկնելով ու գլխի ընկնելով, թե ինչ մարդկանց առաջ է ասում դա։ Պտիցինը ողջախոհությունից նույնիսկ գլուխը կախել էր և գետնին էր նայում։ Տոցկին ինքն իր մեջ մտածեց. «Ապուշ է, բայց գիտե, որ շողոքորթությամբ ամենից լավ կնվաճի, նատո՜ւրա է»։ Իշխանը նկատեց նաև Գանյայի՝ անկյունից շողացող հայացքը, որով նա կարծես ուզում էր մոխրացնել իշխանին։ — Ա՜յ թե բարի մարդ է,— բացականչեց Դարյա Ալեքսեևնան խանդաղատված։ — Կրթված մարդ է, բայց կորած է,― կիսաձայն շշնջաց գեներալը։ Տոցկին գլխարկը վերցրեց ու պատրաստվեց վեր կենալ, որպեսզի կամացուկ ծլկի։ Նա և գեներալը իրար երես նայեցին, որպեսզի միասին դուրս գան։ — Շնորհակալություն, իշխան, մինչև հիմա ոչ ոք ինձ հետ այդպես չէր խոսել,— ասաց Նաստասյա Ֆիլիպովնան,— ինձ բոլորը սակարկում էին, բայց օրինավոր մարդկանցից ոչ մեկը դեռ չէր խնամախոսել։ Լսեցի՞ք, Աֆանասի Իվանովիչ։ Ձեզ ինչպե՞ս կթվա այն ամենը, ինչ ասում էր իշխանը։ Չէ՞ որ գրեթե անվայելուչ է... Ռոգոժին։ Դու դեռ մի գնա։ Ասենք, դու չես էլ գնա, տեսնում եմ։ Գուցե դեռ կգամ քեզ հետ։ Դու ո՞ւր էիր ուզում տանել։ — Եկատերինհոֆ,— զեկուցեց անկյունից Լեբեդևը, իսկ Ռոգոժինը միայն ցնցվեց և աչքերը լայն բացած նայում էր, կարծես ինքն իրեն չհավատալով։ Նա բոլորովին բթացել էր, կարծես գլխին սարսափելի հարված էին իջեցրել։ ― Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում, սիրելիս։ Ճիշտ որ նոպաներ են գալիս վրադ. խելագարվե՞լ ես, ինչ է,— հարձակվեց վախեցած Դարյա Ալեքսեևնան։ — Իսկ դու կարծում էիր ճի՞շտ եմ ասում,— հռհռալով բազմոցից վեր թռավ Նաստասյա Ֆիլիպովնան,— այսպիսի մանկանը կործանե՞մ։ Ախր դա Աֆանասի Իվանովիչին է սազական, այդ նա է սիրում մանուկներին։ Գնա՛նք, Ռոգոժին։ Պատրաստիր կապոցդ։ Ոչինչ, որ ամուսնանալ ես ուզում, բայց փողերը, համենայն դեպս, տուր։ Դեռ կարոդ է պատահել, որ մարդու չեմ գնա քեզ։ Կարծում ես, որ եթե ուզում էիր ամուսնանալ, կապոցդ քե՞զ կմնա։ Սխալվո՜ւմ ես։ Ես ինքս եմ անամո՜թ։ Ես Տոցկու հարճն եմ եղել... Իշխան, հիմա քեզ հարկավոր է Ագլայա Եպանչինան, և ոչ թե Նաստասյա Ֆիլիպովնան, թե չէ՝ ինչ, Ֆերդիշչենկոն մատով ցույց կտա։ Դու չես վախենում, բայց ես կվախենամ, որ քեզ կործանեցի և որ հետո կկշտամբես։ Իսկ որ հայտարարում ես, թե քեզ պատիվ կանեմ, ապա դրա մասին Տոցկին լավ գիտի։ Իսկ Ագլայա Եպանչինային դու, Գանեչկա, ձեռքից փախցրիր. այդ գիտեի՞ր։ Եթե նրա հետ չսակարկեիր, նա անպայման կամուսնանար քեզ հետ։ Ահա այդպես եք բոլորդ. մեկ է՝ պատվազուրկ թե պատվավոր կանանց հետ հարաբերություն պահպանեք։ Թե չէ անպայման կխճճվես․․․ Մի տես, գեներալն ինչպես է նայում, բերանը բացել է... — Սա Սոգո՜մ է, Սոդո՜մ,— կրկնում էր գեներալը, ուսերը վեր քաշելով։ Նա էլ վեր կացավ բազմոցից, նորից բոլորը ոտքի վրա էին։ Նաստասյա Ֆիլիսյովնան կարծես մոլուցքի մեջ էր։ — Մի՞թե,— հառաչեց իշխանը, ձեռները կոտրատելով։ — Իսկ դու կարծում էիր՝ ո՞չ։ Ես, կարող է պատահել, ինքս էլ հպարտ եմ, փույթ չէ, որ անամոթ եմ։ Քիչ առաջ դու ինձ կատարելություն անվանեցիր։ Լա՜վ կատարելություն է, որ լոկ պարծենկոտությունից, թե միլիոնը և իշխանությունը ոտնակոխ արավ, հետնախորշերն է գնում։ Դե, դրանից հետո ես քեզ ի՞նչ կին։ Աֆանասի Իվանովիչ, բայց չէ՞ որ իսկապես միլիոնը պատուհանից դուրս շպրտեցի։ Էլ ինչպե՞ս էիք կարծում, թե ես երջանկություն կհամարեմ Գանեչկային մարդու գնալ, այն էլ ձեր յոթանասունհինգ հազարով։ Յոթանասունհինգ հազարը քե՛զ վերցրու, Աֆանասի Իվանովիչ (հարյուր հազարի՜ էլ չհասար, Ռոգոժինը քեզ գերազանցեց), իսկ Գանեչկային ես ինքս կմխիթարեմ, գլխովս մի միտք անցավ։ Իսկ հիմա ուզում եմ քեֆ անել, չէ՞ որ ես փողոցային եմ։ Տասը տարի բանտում եմ նստել, հիմա իմ երջանկության օրն է։ Ի՛նչ ես կանգնել, Ռոդոժին։ Պատրաստվիր, գնում ենք։ — Գնո՜ւմ ենք,— որոտաց Ռոգոժինը, ուրախությունից գրեթե խենթացած,— էյ դուք... բոլորդ... գինի՜։ Ո՜ւխ... — Գինու պաշար տես, ես խմելու եմ։ Իսկ երաժշտություն կլինի՞։ — Կլինի, կլինի՜։ Չմոտենա՜ս,— դոչեց Ռոգոժինը մոլեգնած, տեսնելով, որ Դարյա Ալեքսեևնան մոտենում է Նաստասյա Ֆիլիպովնային։— Ի՜մն է։ Ամե՛ն ինչ իմն է։ Թագուհի՜։ Վե՜րջ։ Նա ուրախությունից շնչահեղձ էր լինում, նա պտտվում էր Նաստասյա Ֆիլիպովնայի շուրջը և բոլորի վրա բղավում. «Չմոտենա՜ս»։ Ամբողջ խումբը արդեն խցկվել էր հյուրասենյակ։ Ոմանք խմում էին, մյուսները բղավում ու հռհոում, բոլորը ամենահուզված և ամենաանսանձ տրամադրության մեջ էին։ Ֆերդիշչենկոն սկսել էր փորձել ընկերանալ նրանց։ Գեներալը և Տոցկին դարձյալ շարժում արին որքան կարելի է շուտ չքվելու։ Գանյան էլ գլխարկը ձեռքին էր, բայց նա կանգնած էր լուռ և դեռ չէր կարող կտրվել իր առաջ զարգացող պատկերից։ — Չմոտենա՜ս,— բղավում էր Ռոգոժինը։ — Ի՞նչ ես գոռում,— նրա վրա քրքջում էր Նաստասյա Ֆիլիպովնան,— ես իմ տանը դեռ տիրուհի եմ. ուզենամ, դեռ վզակոթիդ տալով դուրս կանեմ։ Ես դեռ քեզնից փողերդ չեմ վերցրել, ահա տեղում են. տուր այստեղ, ամբողջ փաթեթը։ Այս փաթեթի՞ մեջ է հարյուր հազարը։ Թո՛ւ, ի՜նչ նողկալի բան։ Ի՜նչ ես ասում, Դարյա Ալեքսեևնա։ Մի՞թե պիտի կործանեի նրան։ (Նա ցույց տվեց իշխանին)։ Ամուսնությունը ի՞նչ նրա բանն է. հենց իրեն դեռ դայակ է հարկավոր. ահա գեներալը նրան դայակություն կանի, չե՞ս տեսնում պտույտ֊պտույտ է անում շուրջը։ Տես, իշխան, քո հարսնացուն փողերը վերցրեց, որովհետև նա անառակ է, իսկ դու ուզում էիր նրան առնել։ Դե ի՞նչ ես լաց լինում։ Դա՞ռն է, ինչ է։ Իսկ իմ կարծիքով՝ ծիծաղիր,— շարունակում էր Նաստասյա Ֆիլիպովնան, որի հենց իր այտերի վրա շողացին արցունքի երկու խոշոր կաթիլ։— Ժամանակին հավատա, ամեն ինչ կանցնի։ Լավ է հիմա խելքի գալ, քան հետո... Դե ի՞նչ եք բոլորդ լալիս. ահա Կատյան էլ է լալիս։ Ինչ ես անում, Կատյա, սիրելիս։ Ես քեզ ու Պաշային շատ բան եմ թողնում, արդեն կարգադրել եմ, իսկ հիմա մնաք բարով։ Ես քեզ՝ ազնիվ աղջկանդ, հարկադրում էի ինձ՝ անառակիս, հոգ տանել... Այսպես ավելի լավ է, իշխան, ճշմարիտ, ավելի լավ է, հետո կսկսեիր ինձ արհամարհել, և երջանկություն չէինք ունենա։ Մի երդվիր, չեմ հավատում։ Եվ ինչ հիմար բան կլիներ... Ոչ, ավելի լավ է իրար հրաժեշտ տանք բարեկամաբար, թե չէ ախր ես ինքս էլ երազող եմ, օգուտ չէր լինի։ Մի՞թե ես ինքս քո մասին չէի երազում։ Այդ դու իրավացի ես, վաղուց էի երազում, դեռ նրա գյուղում, հինգ տարի մեն֊մենակ ապրեցի. մտածում-մտածում ես, երբեմն երազում֊երազում, և ահա շարունակ պատկերացնում էի քեզ նմանին, բարի, ազնիվ, լավ և նույնպիսի հիմարիկ, որ հանկարծ կգա ու կասի. «Դուք մեղավոր չեք, Նաստասյա Ֆիլիպովնա, իսկ ես ձեզ պաշտում եմ»։ Եվ երբեմն այնպես ես տարվում ցնորքներով, որ խելագարվում ես․․․ Մեկ էլ գալիս էր ահա սա, տարեկան մի երկու ամիս հյուր էր լինում, խայտառակում էր, խոցում, բորբոքում, անառակացնում ու մեկնում, այնպես որ հազար անգամ ուզեցել եմ լիճը նետվել, բայց ստոր եմ եղել, սիրտ չեմ արել, դե, իսկ հիմա... Ռոգոժին, պատրա՞ստ ես։ — Պատրա՜ստ է։ Չմոտենա՜ք։ — Պատրա՜ստ է,— հնչեց մի քանի ձայն։ — Տրոյկաներն սպասում են, բոժոժներո՜վ։ Նաստասյա Ֆիլիպովնան ձեռքն առավ փաթեթը։ — Գանկա, գլուխս մի միտք եկավ, ուզում եմ քեզ վարձատրել, որովհետև հանուն ինչի՞ ամեն ինչ կորցնես։ Ռոգոժին, սողեսող կգնա՞ մինչև Վասիլևսկի երեք ռուբլու համար։ — Կգնա՜։ — Դե, ուրեմն լսիր, Գանյա, ես վերջին անգամ ուզում եմ հոգիդ տեսնել, դու ինքդ ամբողջ երեք ամիս տանջում էիր ինձ. հիմա իմ հերթն է։ Տեսնո՞ւմ ես այս փաթեթը, սրա մեջ հարյուր հազար կա։ Ահա հիմա կնետեմ բուխարիկը, կրակի մեջ, ահա բոլորի ներկայությամբ, բոլորը վկա են. հենց որ կրակը ամբողջովին պատի, բուխարիկից հանիր, միայն թե առանց ձեռնոցների, մերկ ձեռներով և թևքերդ վեր քշտիր ու փաթեթը պուրս կորզիր կրակից։ Դուրս քաշեցիր՝ քոնն է, ամբողջ հարյուր հազարը քոնն է։ Մի քիչ միայն մատիկներդ կայրես, բայց ախր հարյո՜ւր հազար է, մտածի՜ր։ Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կրակից կորզես։ Իսկ ես մի քիչ կզմայլվեմ հոգուդ նայելով, թե ինչպես իմ փողերին տիրանալու համար կրակն ես նետվում։ Բոլորը վկա են, որ փաթեթը քոնը կլինի։ Իսկ եթե չնետվես, ուրեմն կվառվի, ոչ ոքի չեմ թողնի։ Հեռացեք։ Բոլորդ հեռացեք։ Ի՜մ փողն է։ Ես դրանք Ռոգոժինից առա մի գիշերվա համար։ Ի՞մն են փողերը, Ռոգոժին։ — Քոնն են, իմ ուրախություն։ Քոնն են, թագուհի՜։ — Դե, հիմա բոլորդ հեռու քաշվեցեք, ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Չխանգարե՛լ։ Ֆերդիշչենկո, կրակը չաղացրեք։ — Նաստասյա Ֆիլիպովնա, ձեռներս չեն բարձրանում,― պատասխանեց շշկլված Ֆերդիշչենկոն։ — Է֊է՜խ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, վերցրեց ունելին, դեսդեն ցրեց երկու մլմլացող փայտ և, հենց որ կրակը բռնկվեց, դրա մեջ նետեց փաթեթը։ Ճիչ բարձրացավ շուրջը. շատերը նույնիսկ երեսները խաչ հանեցին։ — Խելագարվե՜լ է, խելագարվե՜լ է,— բղավում էին չորս կողմը։ — Չը․․․ չը․․․ չկապե՞նք նրան,— շշնջաց գեներալը Պտիցինին,— կամ չուղարկե՞նք։ Ախր խելքը թռցրել է, թռցրել է, չէ՞։ Թռցրե՞լ է։ — Ո֊ոչ, սա կարող է պատահել, այնքան էլ խելագարություն չէ,— շշնջաց թաշկինակի պես գունատ և դողացող Պտիցինը, աչքերը մլմլացող փաթեթից կտրելու անկարող։ — Խելագա՞ր է։ Ախր խելագա՞ր է,— պոկ չէր գալիս գեներալը Տոցկուց։ — Ես ձեզ ասում էի, որ կոլորիտային կին է,— մրթմրթաց նույնպես մասամբ գունատված Աֆանասի Իվանովիչը։ — Բայց չէ՞ որ ախր հարյուր հազա՜ր... — Տե՜ր աստված, տե՜ր աստված,— լսվում էր ամեն կողմից։ Բոլորը խռնվեցի ն բուխարիկի հուրշը, բոլորը խցկվում էին, որ տեսնեն, բոլորը բացականչում էին․․․ Ոմանք նույնիսկ թռան աթոռների վրա, որպեսզի նայեն գլուխների վրայից։ Դարյա Ալեքսեևնան դուրս թռավ մյուս սենյակը և վախեցած ինչ֊որ բան էր շշնջում Կատյայի ու Պաշայի հետ։ Գեղեցկուհի գերմանուհին փախավ։ — Աղավնյա՜կս։ Արքայադո՜ւստր։ Ամենազո՜ր,― վայնասուն էր բարձրացրել Լեբեդևը, ծնկաչոք սողալով Նաստասյա Ֆիլիպովնայի առաջ և ձեռները պարզելով դեպի բուխարիկը,— հարյուր հազա՜ր է։ Հարյո՜ւր հազար։ Ինքս եմ տեսել, իմ ներկայությամբ են փաթաթել։ Աղավնյակս։ Բարեգո՜ւթ։ Հրամայիր ինձ բուխարիկը նետվել, ամբողջովին կմտնեմ, ամբողջ ալեհեր գլուխս կրակի բերան կտամ․․․ Կինը հիվանդ, ոտքից զուրկ, տասներեք շունչ երեխա՝ բոլորը որբ, անցյալ շաբաթ հորը թաղեց, սոված նստել է, Նաստասյա Ֆիլիպովնա,— և կոծելով նա սողաց դեպի բուխարիկը։ — Հեռո՜ւ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, ետ հրելով նրան,― բոլորդ ետ քաշվեցեք։ Գանյա, ի՞նչ ես կանգնել։ Մի՛ ամաչիր։ Մտի՛ր։ Քո բա՜խտն է։ Բայց Գանյան արդեն չափազանց շատ բան էր տարել այդ օրը և այդ երեկո և այդ վերջին անսպասելի փորձությանը նախապատրաստված չէր։ Ամբոխը ճանապարհ բացեց նրանց առաջ, երկու կես լինելով, և Գանյան մնաց երես առ երես Նաստասյա Ֆիլիպովնայի հետ, նրանից երեք քայլ հեռավորության վրա։ Նաստասյա Ֆիլիպովնան կանգնել էր հենց բուխարիկի մոտ և սպասում էր, Գանյայից չհեռացնելով հրացայտ, սևեռուն հայացքը։ Գանյան, ֆրակով, գլխարկն ու, ձեռնոցները ձեռքին, նրա առաջ կանգնել էր լուռ ու անպատասխան, ձեռները խաչած ու կրակին նայելով։ Խելագար ժպիտը թափառում էր թաշկինակի պես գունատ նրա դեմքին։ Ճիշտ է, նա չէր կարող աչքերը կտրել նրանից՝ մխալ սկսող փաթեթից. բայց, թվում է, ինչ-որ նոր բան էր մտել նրա հոգու մեջ. կարծես նա երդվել էր դիմանալ կտտանքին, նա տեղից չէր շարժվում. մի քանի վայրկյան անց բոլորի համար պարզ դարձավ, որ նա չի գնա փաթեթը հանելու, չի ուզում զնալ։ — Էյ, կավառվի, հետո քեզ ամոթանք կտան,— բղավում էր նրան Նաստասյա Ֆիլիպովնան,— ախր հետո կկախվես, ես կատակ չեմ անում։ Կրակը, որ սկզբում բռնկվեց երկու մարմրող խանձողների միջև, սկզբում մարեց, երբ նրա վրա ընկավ ու ճնշեց փաթեթը։ Բայց մի փոքրիկ կապույտ բոց ցածից կառչում էր ներքևի խանձողի մի անկյանը։ Վերջապես կրակի մի բարակ երկար լեզվակ լիզեց նաև փաթեթը, կրակը կորավ և փաթեթի անկյուններից վազեց թղթի վրայով, ու հանկարծ բուխարիկում բռնկվեց ամբողջ փաթեթը, և պայծառ բոցը պոռթկաց դեպի վեր։ Բոլորը ախ քաշեցին։ — Աղավնյա՜կս,— դեռ շարունակում էր կոծել Լեբեդևը, նորից առաջ ձգտելով, բայց Ռոգոժինը նորից ետ քաշեց նրան ու ետ հրեց։ Ռոգոժինն ինքը ամբողջովին դարձել էր մի անշարժ հայացք։ Նա չէր կարող աչքը կտրել Նաստասյա Ֆիլիպովնայից, նա արբեցած էր, նա յոթերորդ երկնքումն էր։ — Այ սա թագուհի՜ է,— կրկնում էր նա րոպեն մեկ, դիմելով շուրջը ում պատահեր,— այ սա մեր հանգի է,— բացականչում էր նա ինքն իրեն կորցրած։— Ձեզնից ո՞ր մեկը այսպիսի բան կանի, հը՞, սրիկաներ։ Իշխանը հետևում էր տխուր ու լուռ։ — Ես ատամներով դուրս կկորզեմ միայն մի հազարի դիմաց,— առաջարկեց Ֆերդիշչենկոն։ — Ատամներով ես էլ կկարողանայի,— կրճտացրեց ամենահետևում կանգնած բռունցքավոր պարոնը, կատարյալ հուսահատության նոպայի մեջ։— Գ-գրո՜ղը տանի։ Վառվո՜ւմ է, ամբողջը կվառվի՜,— բղավեց նա՝ տեսնելով բոցը։ — Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ է,— բղավում էին բոլորը միաձայն, գրեթե բոլորը նույնպես ձգտելով դեպի բուխարիկը։ — Գանյա, մի կոտրատվի, վերջին անգամ եմ ասում։ — Խցկվի՜ր,― դոռաց Ֆերդիշչենկոն, իսկական կատաղությամբ նետվելով դեպի Գանյան և ձիգ տալով նրա թևքից,― խցկվի՛ր, ֆանֆարոնի մե՜կը։ Կվառվի՜։ Օ, անիծվ֊վա՜ծ։ Գանյան ուժով ետ հրեց Ֆերդիշչենկոյին, շուռ եկավ ու կնաց դեպի դուռը, բայց երկու քայլ չարած՝ երերաց ու շրմփաց հատակին։ — Ուշաթափությո՜ւն,— բղավեցին չորս բոլորը։ — Աղավնյա՜կս, կվառվեն,— շիվան էր անում Լեբեդևը։ — Զուր տեղը կվառվեն,― գոչում էին ամեն կողմից։ — Կատյա, Պաշա, ջուր բերեք սրան, սպի՛րտ,— բղավեց Նաստասյա Ֆիլիպովնան, վերցրեց ունելին ու փաթեթը դուրս քաշեց։ Գրեթե ամբողջ արտաքին թուղթը վառվել ու մլմլում էր, բայց իսկույն նկատելի էր, որ մեջը անվնաս էր մնացել։ Փաթեթը փաթաթված էր եռատակ լրագրաթղթով և փողերը չէին վնասվել։ Բոլորը ազատ շունչ քաշեցին։ — Միայն մի հազարի չափ է մի քիչ փչացել, իսկ ամբողջ մնացածը տեղն է,— խանդաղատանքով ասաց Լեբեդևը։ — Բոլորը նրա՛նն է։ Ամբողջ կապոցը նրանն է։ Լսո՞ւմ եք, պարոնայք,― ազդարարեց Նաստասյա Ֆիլիպովնան, փաթեթը դնելով Գանյայի մոտ,— բայց, համենայն դեպս, չգնաց, դիմացավ։ Ուրեմն ինքնասիրությունն ավելի է, քան փողի տենչը։ Ոչինչ, ուշքի կգա։ Թե չէ կմորթեր, ով գիտի․․․ ահա արդեն ուշքի է գալիս։ Գեներալ, Իվան Պետրովիչ, Դարյա Ալեքսեևնա, Կատյա, Պաշա, Ռոգոժին, լսեցի՞ք։ Փաթեթը նրանն է, Գանյայինը։ Ես տալիս եմ նրան ի լիակատար սեփականություն, որպես հատուցում․․․ ինչի ուզում է լինի։ Ասացեք նրան։ Թող հենց այստեղ նրա կողքին էլ մնա․․․ Ռոգոժին, մա՛րշ։ Մնաս բարո՛վ, իշխան, առաջին անգամ մարդ տեսա։ Մնաք բարով, Աֆանասի Իվանովիչ, merci! Ռոգոժինի ամբողջ խումբը աղմուկ֊աղաղակով, գոռում֊գոչյունով սենյակներով սլացավ դեպի ելքը՝ Ռոգոժինի և Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից։ Դահլիճում աղջիկները նրան մատուցեցին մուշտակը, խոհարարուհի Մարֆան վազեց եկավ խոհանոցից։ Նաստասյա Ֆիլիպովնան հերթով համբուրեց նրանց բոլորին։ — Մի՞թե մեզ բոլորովին լքում եք, աղավնյակս։ Ախր ո՞ւր պիտի գնաք։ Եվ այն էլ ծննդյան օրը. մի այսպիսի օր,— լալագին հարցնում էին աղջիկները նրա ձեռները համբուրելով։ — Փողոց կերթամ, Կատյա, դու լսեցիր, իմ տեղն այնտեղ է, կամ թե չէ՝ լվացարարուհի կդառնամ։ Հերիք է Աֆանասի Իվանովիչի հետ։ Իմ կողմից նրան բարև արեք, իսկ ինձ բարի հիշեք․․․ Իշխանը սրընթաց նետվեց դեպի շքամուտքը, որտեղ բոլորը տեղավորվում էին չորս բոժոժավոր տրոյկաների մեջ։ Գեներալը կարողացավ նրա հետևից հասնել դեռ սանդուղքի վրա։ — Ողորմա՛, իշխան, ուշքի եկ,—— ասում էր նա, բռնելով իշխանի ձեռքը,— վերջ տուր։ Տեսնում ես, ինչպիսի՜ն է նա։ Որպես հայր եմ ասում։ Իշխանը նայեց նրան, բայց, առանց մի բառ ասելու, դուրս պրծավ ու ցած վազեց։ Շքամուտքի մոտ, որից հենց նոր էին հեռացել տրոյկաները, գեներալը տեսավ, որ իշխանը կանգնեցրեց առաջին հանդիպած կառապանին և բղավեց, որ քշի Եկատերինհոֆ, տրոյկաների հետևից։ Ապա սրընթաց մոտեցավ գեներալի գորշուկ վարգաձին լծած կառքը և գեներալին տուն տարավ, նոր հույսերով ու հաշիվներով և քիչ առաջվա՝ մարգարիտով, որը գեներալը, համենայն դեպս, չմոռացավ իր հետ վերցընել։ Հաշիվների միջև մի երկու անգամ էլ առկայծեց Նաստասյա Ֆիլիպովնայի գայթակղեցուցիչ պատկերը. գեներալը հոգոց հանեց. — Ափսո՜ս։ Անկեղծորեն ափսոս է։ Կորա՜ծ կին։ Խելագա՜ր կին... Դե, իշխանին հիմա Նաստասյա Ֆիլիպովնան չի հարկավոր... Այդ կարգի մի քանի բարոյախոսական ու բարի երթի խոսքեր փոխանակվեցին նաև Նաստասյա Ֆիլիպովնայի հյուրերից երկու զրուցակիցների միջև, որոնք որոշեցին մի քիչ ոտքով գնալ։ — Գիտե՞ք, Աֆանասի Իվանովիչ, դա, ինչպես ասում են, ճապոնացիների մոտ է այդ տեսակ լինում,— ասում էր Իվան Պետրովիչ Պտիցինը։— Վիրավորվածը այնտեղ իբրև թե գնում է վիրավորողի մոտ և նրան ասում է․ «Դու ինձ վիրավորել ես, դրա համար ես եկել եմ քո աչքի առաջ փորս թափելուս, և այդ խոսքերով իսկապես վիրավորողի աչքի առաջ իր փորը թափում է և, ըստ երևույթին, զգում է արտակարգ բավարարվածության, կարծես իրոք որ վրեժ է լուծել։ Տարօրինակ բնավորություններ են լինում աշխարհի երեսին, Աֆանասի Իվանովիչ։ — Իսկ դուք կարծում եք, որ այստեղ է՞լ այդ տեսակ էր ժպտալով պատասխանեց Աֆանասի Իվանովիչյը,— հըմ։ Դուք, սակայն, սրամիտ... և հիանալի համեմատություն արիք։ Սակայն դուք տեսաք ինքներդ, ամենասիրելի Իվան Պետրովիչ, որ ես արեցի ինչ որ կարող էի, հո չե՞մ կարող հնարավորից ավելին անել, համաձայնեցեք ինքներդ։ Եվ սակայն, համաձայնեցեք և այն բանի հետ, որ այդ կնոջ մեջ առկա էին հիմնավոր արժանիքներ... փայլուն գծեր։ Ես քիչ առաջ նույնիսկ ուզում էի նրան բղավել, եթե միայն կարողանայի այդ սոդոմի մեջ թույլ տալ ինձ, որ իր բոլոր մեղադրանքների մեջ հենց նա ինքը իմ լավագույն արդարացումն է։ Դե, երբեմն ո՞վ չէր գերվի այդ կնոջով, խելքը և... ամեն ինչ կորցնելու աստիճան։ Տեսեք, այդ գռեհիկը, Ռոգոժինը, հարյուր հազար քարշ տվեց։ Ենթադրենք, այնուամենայնիվ, ինչ որ հիմա տեղի ունեցավ այնտեղ, վաղանցիկ է, ռոմանտիկ, անվայելուչ, բայց փոխարենը՝ կոլորիտային է, փոխարենը՝ օրիգինալ է, ինքներդ համաձայնեցեք։ Աստված, ի՜նչ կարող էր ստացվել այդպիսի բնավորությունից և այդպիսի գեղեցկությամբ։ Բայց, չնայած բոլոր ջանքերին, նույնիսկ չնայած կրթությանը, ամեն ինչ կորա՜վ։ Չհղկած ալմաստ է, մի քանի անգամ ասել եմ այդ... Եվ Աֆանասի Իվանովիչը խորունկ հառաչեց։
----
<references/>
Վստահելի
1318
edits