Changes

Փոքրիկ Մուքը

Ավելացվել է 12 984 բայտ, 06:58, 22 Փետրվարի 2016
Իշխաններն ու իշխանուհիներն հմացան, թե երեկոյան ինչ հետաքրքիր տեսարան է լինելու և պատմեցին իրենց սպասավորներին, իսկ սրանք էլ լուրը տարածեցին ամբողջ պալատում։ Եվ ահա երեկոյան բոլորը, ում ոտքը բռնում էր, դուրս եկան դաշտ՝ տեսնելու, թե ինչպես է վազելու պարծենկոտ թզուկը։
 
Երբ թագավորն ու թագուհին իրենց տեղը նստեցին, Փոքրիկ Մուքը դուրս եկավ դաշտի մեջտեղը և խոնարհ գլուխ տվեց։ Բոլոր կողմերից բարձր քրքիջ լսվեց։ Ախր այդ թզուկը շատ էր ծիծաղելի իր լայն շալվարով ու երկար, շատ երկար մաշիկներով։ Բայց Փոքրիկ Մուքն ամենևին չշփոթվեց։ Նա հպարտ֊հպարտ հենվեց իր գավազանին, ձեռքերը կանթեց և սպասում էր արագավազ սուրհանդակին։
 
Վերջապես երևաց սուրհանդակը։ Ստրուկների վերակացուն ջոկել էր ամենաարագավազ սուրհանդակին։ Չէ՞ որ Փոքրիկ Մուքն ինքն էր այդպես ցանկացել։
 
Սուրհանդակը արհամարհանքով նայեց Մուքին և նրա կողքին կանգնեց, սպասելով մրցությունն սկսելու նշանին։
 
― Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, ― գոչեց թագավորի մեծ դուստրը՝ Ամարզան և թաշկինակը թափ տվեց։
 
Մրցողները տեղներից պոկվեցին ու նետի պես սլացան։ Սկզբում սուրհանդակը թզուկից մի քիչ առաջ ընկավ, բայց շուտով Մուքը նրա հետևից հասավ ու անցավ։ Նա արդեն վաղուց հասել էր նշանակված տեղը և իր չալմայի ծայրն էր թափահարում, այնինչ թագավորի սուրհանդակը դեռ շատ հեռու էր։ Վերջապես նա էլ տեղ հասավ և մեռածի պես գետին ընկավ։ Թագավորն ու թագուհին ծափ զարկեցին, և բոլոր պալատականները միաբերան գոչեցին․
 
― Կեցցե՜ հաղթողը, Փոքրիկ Մուքը։
 
Փոքրիկ Մուքին տարան թագավորի մոտ։ Թզուկը խոնարհ գլուխ տվեց նրան և ասաց․
 
― Օ՜, հզոր արքա, ես այժմ քեզ ցույց տվի իմ արվեստի մի մասը միայն։ Ծառայության վերցրու ինձ քեզ մոտ։
 
― Լավ, ― ասաց թագավորը։ ― Ես քեզ դարձնում եմ իմ անձնական սուրհանդակը։ Դու միշտ ինձ մոտ կլինես և կկատարես իմ պատվերները։
 
Փոքրիկ Մուքը շատ ուրախացավ․ վերջապես նա գտել էր իր բախտը։ Այժմ նա կարող էր ապրել հանգիստ ու ապահով։
 
Թագավորը շատ էր գնահատում Մուքին և միշտ էլ ողորմած էր նրա հանդեպ։ Նա թզուկին տեղ էր ուղարկում միայն ամենակարևոր հանձնարարություններով, և ոչ ոք Մուքից լավ չէր կատարում հանձնարարությունը։ Բայց թագավորի մյուս ծառաները դժգոհ էին դրանից։ Նրանց ամենևին դուր չէր գալիս, որ թագավորին ամենամոտ մարդը դարձել է այդ թզուկը, որը բացի վազելուց ուրիշ բան չգիտե։ Նրանք հաճախ Մուքին բամբասում էին թագավորի մոտ, բայց թագավորը նրանց լսել չէր ուզում։ Նա ավելի ու ավելի շատ էր վստահում Մուքին և շուտով նրան նշանակեց գլխավոր սուրհանդակ։
 
Փոքրիկ Մուքը շատ էր վշտանում, որ պալատականներն այդպես նախանձում են իրեն։ Երկար ժամանակ մտածում էր այնպիսի մի բան հնարել, որ բոլորը սիրեն իրեն։ Վերջապես հիշեց իր գավազանը, որ համարյա մոռացության էր տվել։
 
«Եթե ինձ հաջողվի գանձ գտնել, ― մտածում էր նա, ― այս գոռոզ մարդիկ երևի կդադարեն ինձ ատել։ Ասում են, թե առաջվա թագավորը, այս թագավորի հայրը, իր այգում մեծ հարստություն է թաղել, երբ թշնամին մոտեցած է եղել քաղաքին։ Եվ կարծեմ նա մեռել է ու ոչ ոքի չի ասել, թե որտեղ է թաղված այդ գանձը»։
 
Փոքրիկ Մուքը հենց միայն սրա մասին էր մտածում։ Ամբողջ օրերով նա իր գավազանը ձեռքին ման էր գալիս այգում և որոնում թագավորի գանձը։
 
Մի օր էլ նա զբոսնում էր այգու մի հեռավոր անկյունում։ Հանկարծ գավազանը նրա ձեռքում դողդողաց ու երեք անգամ զարկվեց գետնին։ Փոքրիկ Մուքը հուզմունքից դողաց։ Նա վազեց այգեպանի մոտ, մի մեծ բահ վերցրեց նրանից և պալատ վերադառնալով սպասեց մութն ընկնելուն։ Հենց որ երեկոն վրա հասավ, թզուկը գնաց այգի և սկսեց փորել այնտեղ, որտեղ խփել էր գավազանը։ Թզուկի թույլ ձեռքերի համար բահը շատ ծանր էր, և մի ժամում նա հազիվ մի կես արշին խորությամբ փոս փորեց։
 
Էլի երկար չարչարվեց Փոքրիկ Մուքը և վերջապես նրա բահը զարկվեց մի ինչ֊որ պինդ բանի։ Թզուկը կռացավ փոսի վրա և հողի մեջ մի երկաթե խուփ տեսավ։ Նա այդ խուփը բարձրացրեց և զարմանքից քար կտրեց․ լուսնի լույսի տակ նրա առաջ շողշողում էր ոսկին։ Փոսում մի մեծ կճուճ կար, որ բերնեբերան լիքն էր ոսկե դրամով։
 
Փոքրիկ Մուքն ուզեց կճուճը հանել փոսից, բայց չկարողացավ, ուժը չէր պատում։ Այն ժամանակ նա գրպաններն ու փեշը ոսկով լցրեց և սուս ու փուս վերադարձավ պալատ։ Փողը թաքցրեց իր ներքնակի տակ և ուրախ, գոհ սրտով պառկեց քնելու։
 
Մյուս օրը փոքրիկ Մուքն արթնացավ՝ ու մտածեց․ «Այժմ ամեն ինչ կփոխվի, և իմ թշնամիները կսկսեն ինձ սիրել»։
 
Նա սկսեց իր ոսկին աջ ու ձախ բաժանել։ Բայց պալատականներն սկսեցին ավելի շատ նախանձել նրան։ Գլխավոր խոհարար Ախուլին չարությամբ փսփսում էր․
 
― Տեսեք, Մուքը կեղծ փող է կտրում։
 
Ստրուկների վերակացու Ահմեդն ասում էր․
 
― Նա թագավորից է ստացել այդ փողերը։
 
Իսկ գանձապահ Արխազը, որ թզուկի ամենաթունդ թշնամին էր և ինքն էլ վաղուց էր արդեն իր ձեռքը ծածուկ թագավորի գանձարանը կոխում, պալատով մեկ գոռում էր․
 
― Թզուկն այդ ոսկին թագավորի գանձարանից է գողացել։
 
Որպեսզի հաստատ իմանան, թե ոսկին որտեղից է Մուքին, նրա թշնամիները խորհրդակցեցին և մի պլան մշակեցին։
 
Թագավորն ուներ մի սիրելի ծառա, անունը՝ Կորխուզ։ Սա միշտ թագավորին ուտելիք էր մատուցում և գինի էր լցնում նրա գավաթը։ Եվ ահա մի օր այս Կորխուզը թագավորի մոտ եկավ տխուր ու տրտում։ Թագավորն իսկույն նկատեց այդ և հարցրեց․
 
― Ի՞նչ է պատահել քեզ, Կորխուզ, այսօր դու ինչո՞ւ այդպես տխուր ես։
 
― Ո՜վ արքա, ― պատասխանեց Կորխուզը, ― տխուր եմ, որովհետև դու ինձ զրկել ես քո ողորմածությունից։
 
― Ինչե՞ր ես ասում, իմ բարի Կորխուզ, ― ասաց թագավորը։ ― Այդ ո՞ր օրվանից ես ես քեզ զրկել իմ ողոմածությունից։
 
― Այն օրվանից, մեծ արքա, երբ քեզ մոտ ծառայության մտավ քո գլխավոր սուրհանդակը, ― պատասխանեց Կորխուզը։ ― Դու նրան ոսկու մեջ ես թաղում, իսկ մեզ, քո հավատարիմ ծառաներին ոչինչ չես տալիս։
 
Եվ նա թագավորին պատմեց, որ Փոքրիկ Մուքը, չգիտես որտեղից, անհաշիվ ոսկի է ձեռք բերել և աջ ու ձախ բաժանում է բոլոր պալատականներին։ Թագավորը շատ զարմացավ, հրամայեց իր մոտ կանչել իր գանձապետ Արխազին և ստրուկների վերակացու Ահմեդին։ Սրանք Կորխուզի ասածը հաստատեցին։ Այն ժամանակ թագավորն իր լրտեսներին հրամայեց գաղտագողի հետևել և իմանալ, թե թզուկը որտեղից է փող վերցնում։
 
Փոքրիկ Մուքի բախտից հենց այդ օրը նրա ձեռքի փողը վերջացել էր, և նա որոշեց գնալ իր գանձարանը։ Բահը վերցրեց, գնաց այգի։ Լրտեսները, իհարկե, գնում էին նրա հետևից։ Նրանց հետ էլ՝ Կորխուզն ու Արխազը։
 
Այն րոպեին, երբ Փոքրիկ Մուքը մի փեշ լիքը ոսկի էր վերցրել և ուզում էր ետ գնալ, նրանք հարձակվեցին նրա վրա, ձեռքերը կապկպեցին ու տարան թագավորի մոտ։
 
Իսկ այդ թագավորը շատ էր բարկանում, երբ կեսգիշերին արթնացնում էին իրեն։ Նա իր գլխավոր սուրհանդակին դիմավորեց չար ու անբավական և լրտեսներին հարցրեց․
 
― Որտե՞ղ բռնեցիք դուք այս անազնիվ թզուկին։
 
― Ձերդ մեծություն, ― ասաց Արխազը, ― մենք նրան բռնեցինք հենց այն րոպեին, երբ նա ոսկին թաղում էր գետնի տակ։
 
― Ճի՞շտ են ասում սրանք, ― հարցրեց թագավորը թզուկին։ ― Որտեղի՞ց է քեզ այդքան փողը։
 
― Ողորմած արքա, ― անկեղծորեն պատասխանեց թզուկը, ― ես ոչ մի մեղք չունեմ։ Երբ ձեր մարդիկ ինձ բռնեցին և ձեռքերս կապկպեցին, ես այս ոսկին ոչ թե թաղում էի հողում, այլ հանում էի այնտեղից։
 
Թագավորը մտածեց, որ Փոքրիկ Մուքը սուտ է ասում և խիստ զայրացավ։
 
― Թշվառակա՛ն, ― գոռաց նա։ ― Դու նախ գողացել ես իմ ոսկին և հիմա էլ ուզում ես խաբե՞լ ինձ այդպիսի հիմար ստերով։ Գանձապետ, ճի՞շտ է, որ այստեղ իսկ և իսկ այնքան ոսկի կա, որքան պակասել է իմ գանձարանից։
 
― Ձեր գանձատանը, ողորմած թագավոր, շատ ավելի է պակասում, ― պատասխանեց գանձապետը։ ― Կարող եմ երդվել, որ այս ոսկին գողացված է թագավորական գանձարանից։
 
― Շղթայակապ անել այդ թզուկին և զնդան նետել, ― գոռաց թագավորը։ ― Իսկ դու, գանձապետ, գնա այգի, վերցրու ամբողջ ոսկին, որքան կգտնես, և նորից բեր իմ գանձարանը։
 
Գանձապետը կատարեց թագավորի հրամանը և ոսկու կճուճը բերեց գանձատուն։ Նա սկսեց հաշվել փայլուն ոսկիները և լցնել տոպրակները։ Վերջապես կճուճը դատարկվեց։ Գանձապետը մի վերջին անգամ նայեց կճուճի մեջ և այնտեղ տեսավ մի թուղթ, որի վրա գրված էր․
 
«Թշնամիները հարձակվեցին իմ երկրի վրա, ուստի ես իմ գանձերի մի մասը թաղում եմ այստեղ։ Ով այս ոսկին գտնի և իմ որդուն անհապաղ չհանձնի, իր թագավորի նզովքը թափվի նրա գլխին
 
:::::::::::::::::::::թագավոր Սադի»։
Ադմին, Վստահելի
1876
edits