Բայց դիցուք, թե այդքան մխիթարական եղանակով մենք սահմանեցինք աշխատանքի անհրաժեշտ գինը։ Իսկ ի՞նչպես է հարցը լուծվում միջին շահույթի, յուրաքանչյուր կապիտալի շահույթի նկատմամբ, որը նորմալ պայմաններում կազմում է ապրանքագնի երկրորդ տարրը։ Միջին շահույթը պետք է սահմանվի շահույթի միջին նորմայով. իսկ ի՞նչպես է սահմանվում այս վերջինը։ Կապիտալիստների միջև մղվող մրցությամբ։ Բայց մրցությունն արդեն ենթադրում է շահույթի գոյություն։ Նա ենթադրում է շահույթի զանազան նորմաներ, և հետևաբար, զանազան շահույթներ արտադրության միևնույն կամ տարբեր ճյուղերում։ Մրցությունը կարող է ազդել շահույթի նորմայի վրա սոսկ այն չափով, որչափով նա ազդում է ապրանքների գների վրա։ Մրցությունը կարող է հասնել այն բանին սոսկ, որպեսզի արտադրության միևնույն ոլորտի սահմաններում արտադրողները իրենց ապրանքները վաճառեն միատեսակ գներով, իսկ արտադրության տարբեր ճյուղերի սահմաններում՝ այնպիսի գներով, որոնք նրանց տալիս են միատեսակ շահույթ, միատեսակ համամասնական հավելում ապրանքագնին, որ արդեն մասամբ որոշված է աշխատավարձով։ Ուստի մրցությունը կարող է լոկ հավասարեցնել շահույթի նորմայի տարբերությունները։ Որպեսզի հնարավոր լինի հավասարեցնել շահույթի անհավասար նորմաները, շահույթն իբրև ապրանքագնի տարր պետք է առկա լինի արդեն։ Մրցությունը այդ չի ստեղծում։ Նա բարձրացնում կամ իջեցնում է այդ, բայց չի ստեղծում այն մակարդակը, որ սահմանվում է, հենց որ հավասարումն իրոք տեղի է ունեցել։ Եվ երբ մենք խոսում ենք շահույթի անհրաժեշտ նորմայի մասին, մենք հենց ուզում ենք գիտենալ շահույթի այդ նորման, որը կախում չունի մրցության շարժումից, այլ, իր կողմից կարգավորում է մրցությունը։ Շահույթի միջին նորման հանդես է գալիս միմյանց հետ մրցակցող կապիտալիստների ուժերի հավասարակշռության դեպքում։ Մրցությունը կարող է ստեղծել այղ հավասարակշռությունը, բայց ոչ շահույթի այն նորման, որ հանդես է գալիս այդ հավասարակշռության դեպքում։ Ինչո՞ւ, երբ ձեռք է բերված նման հավասարակշռություն, շահույթի ընդհանուր նորման = 10 կամ 20 կամ 100%-ի։ Մրցությա՞ն հետևանքով։ Բայց, հենց ճիշտ ընդհակառակը, մրցությունը վերացրել է այն պատճառները, որ հարուցել էին շեղումներ 10-ից, 20-ից կամ 100%-ից։ Նա հանգել է մի ապրանքագնի, որի դեպքում յուրաքանչյուր կապիտալ իր մեծությանը համամասնորեն տալիս է հավասար շահույթ։ Բայց հենց այդ շահույթի մեծությունը անկախ է մրցությունից։ Վերջինս սոսկ նորից ու նորից է բոլոր շեղումները հասցնում տվյալ մեծության։ Մեկ մարդ մրցում է ուրիշների հետ, և մրցությունն ստիպում է նրան իր ապրանքները վաճառել հենց նույն այն գնով, ինչպես և այդ ուրիշները։ Իսկ ի՞նչու է այդ գինը 10 կամ 20 կամ 100։
Հետևաբար, ուրիշ ոչինչ չի մնում, քան շահույթի նորման, ուրեմն և շահույթը, բացատրելու իբրև ապրանքագնին անըմբռնելիորեն միացող մի հավելում, որը մինչայդ սահմանվում էր աշխատավարձով։ Շահույթի այդ նորման պետք է լինի տվյալ մեծություն — ահա այն միակ բանը, որ մեզ ասում է մրցությունը։ Բ այց Բայց սա մենք գիտեինք առաջ էլ, երբ խոսում էինք շահույթի ընդհանուր նորմայի, շահույթի «անհրաժեշտ գնի» մասին։
Ամենևին հարկ չկա դարձյալ հետամուտ լինելու դատողությունների այս անպտուղ ընթացքին հողային ռենտայի վերաբերմամբ։ Առանց այն էլ պարզ է, որ քիչ թե շատ հետևողականորեն կիրառված՝ նման դատողությունը հանգում է սոսկ այն եզրակացության, որ շահույթն ու ռենտան հանդիսանում են կատարելապես անըմբռնելի օրենքներով սահմանվող ուղղակի հավելում ապրանքագնին, հավելում, որն առաջին հերթին սահմանվում է աշխատավարձով։ Կարճ՝ մրցությունը պետք է բացատրի տնտեսագետների բոլոր անմտությունները, մինչդեռ, ընդհակառակը, տնտեսագետները պետք է բացատրեին մրցությունը։