== Գլուխ իններորդ։ Պարոն Թոմաս Մարվըլը ==
Պարոն Թոմաս Մարվըլին պատկերացրեք որպես մեկը, որ ունի խոշոր ու կախ ընկած թշեր, խոզանակի պես դուրս ցցված քիթ, լորձնոտ, մեծ ու մշտաշարժ բերան և ցից ու արտառոց մորուք։ Նա գիրության հակամետ էր․ կարճ սրունքները շեշտում էին այդ։ Թավոտ գլխարկ էր դրել և այն փաստը, որ հագուստի ամենաճակատագրական կետերում հաճախ աչքի էին ընկնում կոճակներին փոխարինող առասանն ու կոշկի կապը, մատնում էր թունդ ամուրիին։
Այպինգից շուրջ մեկուկես մղոն հեռու, Էդըրդին տանող ճամփի եզրին նստել էր պարոն Թոմաս Մարվըլը և ոտքերը կախել առվակի մեջ։ Ծակոտկեն, անհամաչափ ասեղնագործությամբ գուլպաները չհաշված՝ բոբիկ էին ոտքերը, իսկ խոշոր բթամատները լայն էին և ցցվել էին աչալուրջ շան ականջների պես։ Շատ դանդաղկոտ― ամեն ինչում դանդաղկոտ էր նա― մտադրում էր փորձել մի զույգ կոշիկներ։ Դրանք ամենատոկուն կոշիկներն էին, որոնց երբևէ հանդիպել էր, բայց իրեն համար շատ խոշոր էին, մինչդեռ իր ունեցածները չոր եղանակի համար շատ հարմար էին, բայց անձրևայինի համար անպետք, քանի որ ներբանները շատ բարակ էին։ Պարոն Թոմաս Մարվըլը չէր սիրում լայն կոշիկներ, բայց նույնքան չէր սիրում և խոնավությունը։ Նա դեռևս պարտ ու պատշաճ կերպով չէր կշռադատել, թե որն էր ավելի ատելի, բայց այսօր հաճելի օր էր, և ուրիշ անելիք չուներ։ Ուստի երկու զույգ կոշիկները դրեց գետնին, շնորհալի դասավորությամբ ու սկսեց դիտել։ Իսկ երբ դրանք տեսավ խոտերի և նորածիլ կռատուկների մեջ, հանկարծ անդրադարձավ, թե երկու զույգն էլ չափազանց զզվելի էին։ Նա բնավ հանկարծակիի չեկավ, երբ թիկունքից մի ձայն լսեց․
― Դե՛, կոշիկներ են, էլի,— ասաց Ձայնը։
— Հանգանակությամբ առնված կոշիկներ են,— հարեց պարոն Թոմաս Մարվըլը գլուխն ուսին թեքած՝ նողկանքով նայելով կոշիկներին։— Գրողը տանի ինձ, եթե իմանում եմ, թե այս անիծված տիեզերքում երկուսից ո՛րն է ամենազզվելի զույգը։
― Հը՜մ․․․— բացականչեց Ձայնը։
― Ավելի վատերն էլ եմ հագել։ Բանն այն է, բոբիկ էլ եմ եղել, բայց ներեցեք արտահայտությանս, այսքան լրբորեն գարշելի կոշիկներ չեմ տեսել։ Քանի օր է ինձ համար կոշիկ եմ փնտրում, որովհետև սրանք ինձ զզվեցրել են։ Դե՛, ինչ խոսք, որ շատ տոկուն են։ Բայց թափ առաշրջիկ ջենտլմենը, գրողը տանի, միշտ էլ գործ ունի իր կոշիկների հետ։ Ուզում եք հավատացեք, ինչքան էլ չարչարվեցի, այս անիծած կոմսությունում ուրիշ կոշիկ չգտա։ Մի սրանց նայեք։ Եվ ընդհանուր առմամբ այս կոմսությունում կոշիկները լավ են։ Բայց սա հենց իմ կույր բախտից է։ Տասը տարուց ավելի է՝ այս կոմսությունում եմ գնում կոշիկներս։ Դրանից հետո էլ վեր կենան և այսպես վարվեն հետս․․․
― Գարշելի երկիր է,— ասաց Ձայնը։— Եվ բնակիչներն էլ կեղտոտ մարդիկ են։
― Ճիշտ է, չէ՞,— գոչեց պարոն Թոմաս Մարվըլը։― Աստվա՜ծ իմ․․․ Այսպես էլ կոշի՜կ կլինի․․․ Սա արդեն չափից դուրս է...
Ուսի վրայով գլուխը շուռ տվեց դեպի աջ, որպեսզի զրուցակցի կոշիկներին նայի և բաղդատի իրենների հետ, բայց ահա՛, այնտեղ, ուր պետք է լինեին զրուցակցի կոշիկները, ոչ ոտքեր կային, ոչ էլ կոշիկներ։ Ուսի վրայով գլուխը շուռ տվեց դեպի ձախ, բայց այնտեղ էլ ոչ ոտքեր կային, ոչ էլ կոշիկներ։ Ու զարմանքից շշմեց։
― Այդ որտե՛ղ եք,— հարցրեց պարոն Թոմաս Մարվըլը չորս թաթի վրա շուռ գալով։ Նա տեսավ սարահարթի ամայի տարածությունները և հեռու֊հեռվում քամու դիմաց ճոճվող հավամրգիի թփերը։
― Հարբա՞ծ եմ, ինչ է,― ինքն իրեն հարց տվեց պարոն Թոմաս Մարվըլը։― Արդյոք տեսի՞լք ունեցա։ Ինքս ինձ հե՞տ էի խոսում։ Սա ի՛նչ․․․
― Մի՛ վախենաք,— ասաց Ձայնը։
― Որովայնախոսությանը վերջ տվեք,— գոչեց պարոն Թոմաս Մարվըլը, ընդոստ վեր կենալով։— Որտե՞ղ եք։ Ես ձեզ վախենալ ցույց կտամ։
― Իրար մի՛ անցեք,— կրկնեց Ձայնը։
― Հենց հիմա ինքներդ իրար կանցնեք, ապուշի մե՛կը,— բղավեց պարոն Թոմաս Մարվըլը։— Հիմա կհասցնեմ ձեզ․․․
Լռություն․․․
― Թաղվա՞ծ եք ,— ճչաց պարոն Թոմաս Մարվըլը։
Պատասխան չկար։
Բոբիկ ու շլմորած և բաճկոնը համարյա ուսերից ցած ընկած կանգնել էր պարոն Թոմաս Մարվըլը։
― Կի՜վ֊կի՜վ,― ծղրտաց կիվկիվը, շատ հեռվից։
― Առ քեզ կիվ֊կիվ,— գոչեց պարոն Թոմաս Մարվըլը։— Ի՛նչ եք գժություն անում։
Սարահարթում մարդ֊մուրդ չկար— արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ։ Ճանապարհը, եզերքի ցածլիկ առվակով և ցցերով՝ հարթ ու ամայի ձգվում էր դեպի հյուսիս ու հարավ, և բացի այդ կիվկիվիg երկինքն էլ էր ամայի։
— Աստված ողորմի ինձ,— հառաչեց պարոն Թոմաս Մարվըլը, դարձյալ ուսերի վրա քաշելով բաճկոնը։— Խմիչքից է։ Դե՛, ես հենց սկզբից գլխի ընկա։
― Խմիչքից չէ,— հարեց Ձայնը։― Դուք հանգիստ թողեք ձեր ջղերը։
― Օհո՜․․․― տնքաց պարոն Մարվըլը և պեպենների մեջ կորած նրա դեմքը գունատվեց։― Խմիչքից է,― անձայն կրկնեցին նրա շրթները։ Չռված աչքերով շուրջը դիտեց, ապա դանդաղ շուռ եկավ։― Երդվում եմ՝ մի ձայն լսեցի,― շշնջաց նա։
― Իհարկե լսեցիք։
― Էլի սկսվեց,— մռլտաց պարոն Մարվըլը, աչքերը փակելով և տանջալից շարժումով ձեռքը ճակատին տանելով։ Բայց ահա հանկարծ բռնեցին օձիքից ու բուռն կերպով ցնցեցին, և նա այլևս բոլորովին շշմեց։
― Հիմարությունից ձեռք քաշեցեք,— ասաց Ձայնը։
― Խե՜լքս․․․ թռցրե՜լ... եմ․․․— ողբաց Մարվըլը։— Ճար չկա։ Այդ անիծած կոշիկների համար հուզվելուց է։ Խելքս թռցրե՜լ եմ... կամ էլ ոգիներն են...
― Ոչ մեկը, ոչ մյուսը,— ասաց Ձայնը։— Լսիր․․․
― Թռցրե՜լ եմ...— կրկնեց պարոն Մարվըլը։
― Կա՛ց,― ասաց Ձայնը տիրաբար, հազիվ զսպելով վրդովմունքը։
― Հետո՞,— գոչեց պարոն Թոմաս Մարվյըլը, տարօրինակ մի զգացողությամբ, թե ինչ֊որ մեկը մատով իր կրծքին է դիպչում։
― Կարծում ես պարզապես երևակայությո՞ւն․․․ հենց երևակայությո՞ւն եմ․․․
― Էլ ուրիշ ի՛նչ կարող եք լինել,— ասաց պարոն Թոմաս Մարվրլը, ծոծրակը շփելով։
― Շատ բարի,— գոչեց Ձայնը հանգիստ շեշտով։― Դե հիմա ես կայծքարեր կնետեմ քեզ, մինչև որ միտքդ փոխես։
― Բայց որտե՞ղ եք դուք։
Ձայնը չպատասխանեց։ Ըստ երևույթին օդի միջից բաց թողնված կայծքարը սվսվալով թռավ և հազիվհազ քերեց պարոն Մարվըլի ուսն ու անցավ։ Պարոն Մարվըլը շուռ գալով տեսավ, թե ինչպես մի կայծքար հանկարծ ցատկեց օդի մեջ, ոլոր֊մոլոր մի պտույտ գործեց, մի պահ կախված մնաց, և ապա համարյա անտեսանելի արագությամբ թռավ դեպի իր ոտքերր։ Նա այնքան շշմեց, որ չկարողացավ խուսափել։ Շչալով իջավ քարը և բոբիկ բթամատին զարնվելով ցատկեց առվի մեջ։ Պարոն Թոմաս Մարվըլը վեր թռավ ու բարձր ոռնաց։ Ապա սկսեց վազել։ Անտեսանելի ինչ֊որ արգելքի դեմ առնելով սայթաքեց և թավալգլոր գետին ընկավ նստած դիրքում։
― Դե հիմա ասա՛,— գոչեց Ձայնը, երբ մի երրորդ քար շրջան գործելով օդ բարձրացավ ու կախվեց թափառաշրջիկի գլխին։― երևակայությո՞ւնն եմ ես։
Պատասխանելու փոխարեն պարոն Մարվըլը դժվարությամբ ոտքի կանգնեց և դարձյալ իսկույն ցած գլորվեց։ Մի պահ անշարժ մնաց։
― Խելոք չմնաս՝ այս կայծքարը դլխիդ կտամ,— ասաց ձայնը։
― Այդ էր պակաս,— բացականչեց պարոն Մարվըլը, նստեց և վիրավոր բթամատը շփելով աչքը հառեց երրորդ քարին։— Չեմ հասկանում։ Քարերն իրենք իրենց նետվում են։ Քարերը խոսում են։ Ցած ընկի՛ր։ Կորի՛ր։ Բանս բուրդ է։
Երրորդ կայծքարը գետին ընկավ։
— Շատ պարզ է,― ասաց Ձայնը։— Ես անտեսանելի մարդ եմ։
— Դուք ինձ նորություն ասեք,― մռլտաց պարոն Մարվըլը, ցավից տնքալով։— Որտե՞ղ եք թաքնվել. ինչպե՞ս եք անում այդ։ Խելքս բան չի կտրում։ Անձնատուր եմ լինում։
— Ես անտեսանելի եմ և վերջ․․․— ասաց Ձայնը։— Այդքանը հասկանաս՝ հերիք է։
— Պարզ է։ Իսկ ձեր անիծված բարկությունն իզուր է, Միստր։ Դե, հիմա ասեք՝ ինչո՞ւմն է ձեր հնարքը։ Ինչպե՞ս եք թաքնվել։
— Ես անտեսանելի եմ ― ահա գործի ուղն ու ծուծը։ Ուրեմն հասկացիր, որ...
— Բայց որտե՞ղ եք,— ընդհատեց պարոն Մարվըլը։
― Հենց այստեղ։ Քեզնից վեց յարդ հեռու։
― Դե լա՜վ։ Հո կույր չեմ։ Քիչ է մնում ասեք՝ դուք օդ եք ուրիշ ոչինչ։ Ձեր իմացած տգետ թափառաշրջիկներից չեմ։
― Այո՛, ես օդ եմ։ Հենց հիմա դու իմ միջով ես նայում։
― Ի՞՜նչ... Ոչ մի նյութ չկա՞ ձեր մեջ։ Vox et․․․ Ո՞նց է այդ խոսքը, որ բլբլացնում են։ Ա՞յդ եք դուք։
― Շատ սովորական մի մարդ եմ ես― մսով ու արյունով․․․ Ուտելու֊խմելու և հագնվելու կարիք զգում եմ, բայց անտեսանելի եմ։ Գլխի ընկնո՞ւմ եք։ Անտեսանելի եմ։ Շատ պարզ։ Անտեսանելի եմ։
― Ի՞՜նչ... Իսկական մա՞րդ եք․․․
— Այո՛, իսկական։
― Եթե իսկական մարդ եք,— ասաց Մարվըլը,— ձեր ձեռքը տվեք, տեսնեմ։ Ի վերջո դա այնքան էլ անսովոր բան չի լինի։ Տեր աստված,— գոչեց նա։— Սիրտս ճաքեցրիք․․․ Այդպես բռնե՞լ կլինի։
Ազատ մատներով նա շոշափեց դաստակը սեղմող ձեռքը։ Ապա իր վեհերոտ ձեռքը Անտեսանելիի բազկով վեր տարավ, գգվեց մկանուտ մի կուրծք և զննեց մորուսավոր մի դեմք։ Մարվըլի դեմքը ծայրահեղ զարմանք էր արտահայտում։
― Գրողի բաժին դառնամ,— բացականչեց նա։— Սա խելքից մտքից վեր բան է։ Պարզապես ապշեցուցիչ է։ Ահա հենց ձեր միջով տեսնում եմ մի նապաստակ, այստեղից կես մղոն հեռու։ Ձեր ոչ մի մասը չի երևում․․․ բացի․․․
Նա շատ ուշադիր զննեց ըստ երևույթին դատարկ տարածությունը։
― Հենց նոր հաց ու պանիր չե՞ք կերել դուք,— հարցրեց պարոն Մարվըլը, բռնելով անտեսանելի բազուկը։
― Ճիշտ եք ասում։ Եվ դեռ լրիվ չի յուրացվել իմ օրգանիզմի կողմից։
— Ա՜․․․— գոչեց պարոն Մարվըլը։— Մի տեսակ ուրվականի հատուկ բան է։
― Իհարկե այս բոլորը քո կարծածի պես զարմանալի չէ։
— Իմ համեստ կարիքների համար չափազանց զարմանալի է,— պատասխանեց պարոն Թոմաս Մարվըլը։― Ո՞նց գլուխ բերեցիք, հը՞․․․ Գրողը տանի, ո՞նց հաջողեցրիք։
— Երկար պատմություն է։ Եվ հետո․․․
— Ճիշտն ասած՝ այս փաստը շշմեցնում է ինձ,— հարեց պարոն Մարվըլը։
― Լսի՛ր, հիմա ինչ եմ ուզում ասել քեզ։ Ես օգնության կարիք եմ զգում։ Բանը մինչև այստեղ հասցրին։ Եվ ես հանկարծ քեզ հանդիպեցի։ Բարկությունից կատաղած թափառում էի, մերկ և ուժասպառ։ Կարող էի մարդասպանություն գործել․․․ Եվ հանկարծ քեզ տեսա։
— Աստվա՜ծ իմ․․․— շշնջաց պարոն Մարվըլը։
— Ես քո թիկունքից մոտեցա քեզ, վարանեցի և ճանապարհս շարունակեցի․․․
Պարոն Մարվըլի դեմքի արտահայտությունը պերճախոս էր։
― Ապա կանգ առա։ «Ահա՛»,— ասացի,— «ինձ պես հալածականի մեկը։ Սա է իմ փնտրած մարդը»։ Ուստի ետ դարձա ու մոտեցա քեզ, հե՛նց քեզ։ Եվ․․․
— Աստվա՜ծ իմ․․․— բացականչեց պարոն Մարվրլը։— Բայց իմ գլուխը պտտվում է։ Թույլ տվեք հարցնել, այդ ինչպե՞ս եղավ։ Եվ ինչ տեսակ օգնություն է պետք ձեզ․․․ Անտեսանելի․․․
― Ուզում եմ՝ ինձ օգնես, որ հագուստ ու պատսպարան ճարեմ և հետո ուրիշ շատ բաներ։ Վաղուց է՝ դրանց երեսը չեմ տեսել։ Իսկ եթե չօգնես, դե՛․․․ Բայց դու կօգնես, պե՛տք է օգնես․․․
― Լսե՛ք,— գոչեց պարոն Մարվըլը։— Ես շշկլվել եմ։ Մեկ էլ այդպես չտաք վզակոթիս։ Եվ թույլ տվեք գնամ։ Ի վերջո պետք է խելքս գլուխս հավաքեմ։ Չէ որ դուք համարյա ջարդեցիք ոտքիս բթամատը: Այս ամենը աներևակայելի են։ Ամայի սարահարթ, ամայի երկինք... Բնության գրկից բացի, չորս բոլորդ մղոններով ոչինչ չի երևում․․․ Եվ ահա հանկարծ մի ձայն է գալիս․․․ Մի ձայն երկնքից․․․ Եվ քարեր․․․ Եվ մի բռունցք․․․ Աստվա՜ծ իմ․․․
— Թափ տուր մի քեզ,— ասաց Ձայնը,— որովհետև դու կոչված ես անել այն, ինչ ես ընտրել եմ քեզ համար։
Պարոն Մարվըլը այտերն ուռեցրեց, և աչքերը չռեց։
— Քե՛զ ընտրեցի ես,— ասաց Ձայնը։— Եթե չհաշվենք այդ գյուղի մի քանի հիմարներին, դու միակ մարդն ես, որ գիտես, թե աշխարհի երեսին անտեսանելի ասված մարդ կա։ Դու պետք է իմ օգնականը դառնաս։ Օգնի՛ր ինձ և ես ինչե՜ր չեմ անի քեզ համար։ Անտեսանելի Մարդը հզոր մարդ է։— Նա մի պահ կանգ առավ և ուժգին փռշտաց։— Բայց եթե մատնես ինձ,— շարունակեց նա,— եթե ցուցումներս չգործադրես․․․
Անտեսանելին լռեց և մի ծանր հարված իջեցրեց պարոն Մարվըլի ուսին։ Նրա հպումից սարսափահար՝ պարոն Մարվըլը մի ճիչ արձակեց։― Ես չեմ ուզում մատնել ձեզ,— գոչեց նա, ընկրկելով անտեսանելի մատների ուղղությունից։— Ինչ ուզում եք արեք, այդ բանը մի մտածեք։ Միակ փափագս ձեզ օգնելն է։ Միայն թե ասացե՛ք ինչ եք ուզում, որ անեմ։ (Ողորմա՜ծ տեր․․․) Ինչ ուզենաք՝ սիրահոժար կանեմ․․․
== Գլուխ տասներորդ։ Պարոն Մարվըլի այցելությունը Այպինգ ==