— Երդվո՜ւմ եմ աստուծով և նրա ահավոր դատաստանով, մեղք չունե՜մ իմ հոր արյան մեջ։ Կա՛տյա, ներում եմ քեզ։ Եղբայրնե՜ր, բարեկամնե՜ր, խնայեցե՜ք մյուսին։
Նա չկարողացավ շարունակել և սկսեց սարսափելիորեն հեկեկալ բարձրաձայն, ամբողջ դահլիճով մեկ, մի տեսակ նոր, անսպասելի, ոչ իր սեփական ձայնով, որ աստված գիտե, թե Որտեղից հանկարծ հայտ նվեց հայտնվեց նրա մեջ։ Վերնատան ամենահեռավոր անկյունից կանացի մի սուր ճիչ լսվեց. Գրուշենկան էր։ Նա աղաչել էր մեկին, և դեռ դատախազի ճառից առաջ նրան ներս էին թողել նորից։ Միտյային դուրս տարան։ Դատավճռի հայտարարումը հետաձգվեց հաջորդ օրվան։ Ամբողջ դահլիճը վեր կացավ թոհուբոհով, բայց ես այլևս չսպասեցի կարծիքները լսելու։ Հիշում եմ միայն մի քանի բացականչություն, որ ականջիս հասավ դուրս գալու ժամանակ, անդաստակում։
— Քսան տարի հանքերի օդը կշնչի։