Ես շրջվեցի ու հոգնած բարձրացա բլուրն ի վեր։ Սարսափով պարզեցի, որ արդեն գիշերվա ժամը երեքի կեսն է։ Մայրս հիմա, իհարկե, ոչ մի տարակույս չունի, որ խեղդվել եմ, ընկել եմ շնաձկան երախը, կամ էլ ինձ հետ տեղի է ունեցել ոչ պակաս սարսափելի մի ուրիշ բան։ Սակայն ես հուսով էի, որ նրա զայրույթը կմեղմացնեմ սկորպենայով։
==Մրտենու թավուտները==
Մեր տնից մոտ կես մղոն հեռավորության վրա, հյուսիսային կողմից, ձիթենու անտառները նոսրանում են, և դրանց փոխարինում են հարթ փոսորակները՝ հիսուն֊վաթսուն ակր տարածությամբ։ Ձիթենու ծառեր այստեղ չկան, չորս կողմը միայն տարածվել են միայն մրտենու մացառուտներ, չոր քարքարոտ բացատներ, ուր հուրհրում են ուղտափշի վառ երկնագույն գլխիկները և ծովասոխի թեփուկավոր մեծ կոճղեզները։
Սա իմ սիրած որսավայրն էր, քանի որ այստեղ բնակվում էին բազմաթիվ հիանալի կենդանիներ։ Մենք Ռոջերի հետ միասին տեղավորվում էինք մրտենու թփերի հոտավետ ստվերում և դիտում էին, թե ինչպես են մեր առջևով սլանում հազար ու մի միջատներ։ Օրվա որոշակի ժամերին մրտենու ճյուղերի մեջ թագավորում էր ճիշտ այնպիսի աշխուժություն, ինչպես քաղաքի կենտրոնական փողոցում։ Մրտենու թավուտներում լիքն էին վառ կանաչ թևերով խոշոր աղոթարարները, որոնց երկարությունը մոտ երեք դյույմ էր։ Նրանք օրորվում էին ճյուղերի արանքում իրենց բարակ ոտքերի վրա, աղոթքի նման վեր բարձրացնելով առջևի գույգ ոտքերը, որոնք սարսափելի մագիլներ ունեին։ Նրանց սուր դնչիկները, դուրս պրծած հարդագույն աչքերը պտտվում էին մերթ այս, մերթ այն կողմ, ոչինչ բաց չթողնելով տեսադաշտից։ Եթե սպիտակ կաղամբաթիթեռը կամ էլ սադաֆաթիթեռը իջնում էին մրտենու ողորկ տերևի վրա, աղոթարարը մոտենում էր նրան մեծ զգուշությամբ, շարժվելով գրեթե աննկատ։ Նա շարունակ կանգ էր առնում, որպեսզի օրորվեր ոտքերի վրա, դրանով իսկ ստիպելով թիթեռին հավատալ, թե ինքը ընդամենը քամուց տարուբերվող տերևիկ է։
Մեկ անգամ ես տեսա, թե ինչպես աղոթարարը գաղտագողի հարձակվեց մի մեծ մահաոնի վրա, որը շարժում էր թևերը, տաքանալով արևի տակ և մտածկոտ ինչ֊որ բան էր երազում։ Սակայն վերջին րոպեին աղոթարարը նահանջեց և մահաոնի մարմնից բռնելու փոխարեն, ինչպես պատրաստվում էր անել, կառչեց նրա թևից։ Ցնցվելով, մահաոնը սթափվեց նիրհից և թևերը այնպես ուժգին թափահարեց, որ աղոթարարի առջևի մասը վեր բարձրացավ տերևներից։ Մի քանի ուժեղ թափահարում, և, ի հեճուկս աղոթարարի, մահաոնը ընկնելով մի կողքի, թռավ գնաց պոկված թևով։ Փիլիսոփայական հանդարտությամբ, աղոթարարը նստեց տերևին և սկսեց ոչնչացնել իր ճանկում մնացած թևի կտորը։
Ուղտափշերի միջև գտնվող քարերի տակ վխտում էին զարմանալի քանակությամբ ամենատարբեր արարածներ, թեև արևն այնպես էր այրում, որ հողը քարի պես պինդ էր և այնպես տաք, որ նրա վրա կարելի էր ձվածեղ անել։ Այստեղ բազմանում էին արարածներ, որոնց տեսքից ես սարսափում էի։ Դրանք տափակ բազմոտանիներ էին, մոտ երկու դյույմ երկարությամբ, երկու կողմից խիտ ծոպքերի պես շարժվում էին երկար ու բարակ ոտքերը։ Բազմոտանիներն այնքան տափակ էին, որ կարող էին թափանցել ամենաաննշան ճեղքի մեջ, և շարժվում էին հսկայական արագությամբ, ավելի շուտ սահում էին գետնի վրայով, քան վազում, ― այսպես սառույցի վրա գլորվում է տափակ քարը։ Լատիներեն դրանք կոչվում են Scutigerifae, և ես չեմ պատկերացնում մի ուրիշ անուն, որն այսքան հարմար լիներ այս զզվելի արարածի համար։
Քարերի արանքներում, այս ու այնտեղ կարելի էր տեսնել կարծր հողի մեջ փորած անցքեր, յուրաքանչյուրը՝ կես կրոնանոց դրամի չափ կամ մի քիչ ավելի․ ներսից դրանք պատված են մետաքսե ոստայնով, իսկ մուտքի վերևում ոստայնը կազմում էր երեք դյույմանոց օղակ։ Դրանք մորմերի՝ շիկակարմիր ցանով շոկոլադագույն, վիթխարի, գեր սարդերի որջերն են։ Լայն տարածած ոտքերով նրանք զբաղեցնում են, թերևս, սուրճի ափսեի չափ տարածություն, իսկ նրանց մարմինը հունական ընկույզի կեսի չափ է։ Սրանք շատ ուժեղ, արագոտն և անխիղճ որսորդներ են, օժտված ապշեցուցիչ չարությամբ։ Մորմերը որսի են դուրս գալիս հիմնականում գիշերը, բայց երբեմն ցերեկվա ժամերին էլ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք իրենց ոտքերով արագ֊արագ քայլում ուղտափշերի մեջ, որս որոնելով։ Սովորաբար, մարդ տեսնելիս, նրանք փախչում և թաքնվում են մրտենիների մեջ, բայց մի անգամ ես տեսա մի սարդի, որն այնպես էր տարվել որսով, որ ինձ բոլորովին մոտիկ թողեց։
Նա նստել էր երկնագույն ուղտափշի ցողունի վրա, իր բնից մոտ վեց֊յոթ ոտնաչափ հեռու, շարժում էր առջևի ոտքերը և ուշադիր դիտում էր չորս կողմը, հիշեցնելով այն որսորդին, որը բարձրացել է ծառը, որ տեսնի, արդյոք մոտակայքում որս չկա՞։ Այսպես տևեց հինգ րոպե։ Հետո սարդը իջավ ուղտափշից և վճռական տեսքով սլացավ ինչ֊որ տեղ, ասես իր դիտակետից հարմար որս էր տեսել։ Շուրջս նայելով, ես ոչ մի տեղ կյանքի նշան չնկատեցի։ Ի դեպ ես ամենևին էլ հավատացած չէի, որ մորմը այդպիսի սուր տեսողություն ունի։ Սակայն նա քայլում էր շատ վստահ և շուտով հայտնվեց կորքսի թփերի մոտ, այս գեղեցիկ, երերուն բույսի գլխիկներն իրենց սերմերով հիշեցնում են հացի հյուսած բատոնչիկներ։ Մոտենալով, հանկարծ գլխի ընկա, թե ինչ որսի ետևից է ընկել մորմը։ Բաց գույնի խոտի նուրբ ավելիկների տակ երևում էր արտույտի բույնը և նրա մեջ՝ չորս ձու։ Ձվերից մեկից հենց նոր դուրս էր եկել վարդագույն, փափկամազ թռչնակը, որը դեռևս թպրտում էր կճեպի բեկորների մեջ։
Մինչ ես խելացի բան կանեի թռչնակին փրկելու համար, մորմը մոտեցավ բնի եզրին։ Մի վայրկյան դանդաղելով, այդ սարսափելի հրեշը արագորեն դեպ իրեն քաշեց դողացող փոքրիկին և նրա մեջքը խրեց իր երկար, կեռ խայթոցները։ Զոհը երկու անգամ հազիվ ծվծվաց և, լայն բացելով բերանը, ցնցվեց մազմզոտ սարդի գրկում։ Շուտով թույնը ներգործեց․ փոքրիկը մի պահ քարացավ, և ապա, թուլանալով անկենդան ընկավ։ Սարդը նստել էր անշարժ, մինչև որ համոզվեց, որ թույնը արել է իր գործը։ Այնժամ նա շուռ եկավ ու գնաց հեռու, ծնոտների մեջ սեղմելով ճոճվող թռչնակին։ Նա նմանվում էր երկարաոտն քերծեի, որն իր ատամների մեջ տանում է կաքավին։ Ոչ մի տեղ կանգ չառնելով՝ մորմն արագորեն հասավ իր բույնը և անհետացավ այնտեղ թռչնակի թույլ, խղճուկ մարմնի հետ։
Այս հանդիպումն ինձ ապշեցրեց երկու պատճառով․ նախ՝ ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ մորմը կարող է հաղթել այնպիսի մեծ կենդանի արարածի, ինչպիսին թռչնիկն է, երկրորդ՝ ինձ համար անհասկանալի էր, թե որտեղի՞ց նա գիտեր, որ խոտի մեջ բույն կա։ Իսկ նա, անկասկած, այդ գիտեր քանի որ առանց տատանվելու գնաց ուղիղ դեպի բույնը։ Ուղտափշից մինչև բույնը մոտ երեսունհինգ ոտնաչափ էր (ինչ ես որոշեցի քայլելով)․ այսպիսի հեռավորությունից, մտածում էի ես, ոչ մի սարդ չի կարողանա տեսնել լավ քողարկված բույնը և նրա միջի թռչնիկին։ Մնում էր միայն հոտառությունը, բայց այստեղ էլ (թեև ես գիտեի, որ կենդանիները կարող են զգալ թույլ ու նրբին հոտեր, ինչն անմատչելի է մեր կոպիտ քթածակերին) մորմը պետք է ունենար գերբնական հոտառություն, որ այսպիսի խաղաղ օրը, մոտ երեսունհինգ ոտնաչափ հեռավորությունից, զգար արտույտի ձագի հոտը։ Ես կարող էի միայն ենթադրել․ սարդն այդ բույնը հայտնաբերել էր իր նախկին զբոսանքների ժամանակ, և հետո ժամանակ առ ժամանակ ստուգել, թե չի՞ հայտնվել արդյոք այնտեղ ձագուկ։ Սակայն այսպիսի բացատրությունն ինձ չբավարարեց։ Չէ՞ որ ես սարդին օժտեցի մտածելու ընդունակությամբ․ իսկ այս ունակությունը նա, իհարկե, չունի։ Նույնիսկ իմ ամենագետ Թեոդորը չկարողացավ լուծել այս խնդիրը։ Իսկ ես միայն մի բան գիտեմ՝ արտույտների դժբախտ զույգին այդ տարի չհաջողվեց մեծացնել և ոչ մի ձագուկի։
Մրտենիների թավուտի մյուս բնակիչներից իմ երևակայությունը առանձնապես գրավում էին մրջնառյուծների թրթուրները․ չափահաս մրջնառյուծները լինում են զանազան մեծության և գրեթե միշտ տարբերվում են բավական գորշ գունավորությամբ։ Նրանք նման են ցնդած, գզգզված ճպուռի։ Նրանց թևիկները կարծես թե բոլորովին համամասնական չեն մարմնի հետ, և թռիչքի ժամանակ մրջնառյուծները դրանցով հուսահատորեն ծեծում են օդը, ասես ստիպված են վիթխարի ուժ գործադրել։ Դրանք շատ բարեհոգի, ծույլ արարածներ են և ի վիճակի չեն որևէ մեկին վնասելու, ինչ չես ասի նրանց թրթուրների մասին։ Ինչպես գիշատիչ ճպուռի թրթուրն է գործում լճում, այնպես մրջնառյուծի թրթուրն է գործում մրտենու թփերի միջև ընկած չոր ավազուտներում։ Այդ թրթուրների առկայության մասին մատնանշում են միայն կոնաձև փոսիկները այն տեղերում, ուր հողը բավական մանրահատիկ է ու փխրուն։ Երբ առաջին անգամ ինձ այդպիսի ձագարներ հանդիպեցին, ես նույնպես չէի կարողանում պատկերացնել, թե ով է դրանք փորել։ Գուցե՞ մկներն են այստեղից ինչ֊որ արմտիքներ հանել։ Ես նույնիսկ չգիտեի, թե այդ ձագարների խորքում, ավազի մեջ թաղված, նստում է ճարտարապետը՝ միշտ պատրաստ, միշտ զգոն, վտանգավոր՝ ինչպես թակարդը։ Հետո ես տեսա այդ ձագարներից մեկը գործողության մեջ և առաջին անգամ հասկացա, որ դա ոչ միայն թրթուրի բնակարանն է, այլև հրեշավոր ծուղակ։
Ահա անհանգիստ շտապում է մի ինչ֊որ մրջյուն (ինձ միշտ թվում էր, որ իր գործով վազվզելիս մրջյունը միշտ երգում է քթի տակ), դա կարող է լինել փոքրիկ սև մրջյուն, կամ մեկն այն խոշոր, կարմիր, միայնակ մրջյուններից, որ վխտում են չորս կողմը, կարմիր փորիկը հրանոթի պես ուղղելով երկինք։ Բայց ինչպիսին էլ որ լինի մրջյունը, բավական է ոտքը դնի այդ փոսիկներից մեկի եզրին, և նա անմիջապես կզգա, որ փոսը երերում է, և ինքն էլ կսողա ցած, դեպի ձագարի հիմքը։ Մրջյունը կշրջվի ետ, կփորձի դուրս գալ փոսից, բայց հողն ու ավազը կծորան նրա ոտքի տակից։ Երբ հողահյուսքերից մեկը հասնում է ձագարի հիմքին, թրթուրի համար այն ծառայում է ազդանշան, որ ժամանակն է գործի անցնելու։ Եվ այստեղ գնդացրային գերարագությամբ մրջյունի վրա է թափվում ավազ ու հող, որը թրթուրն ապշեցուցիչ ճարպկությամբ շպրտում է փոսի հատակից։ Անկայուն թեքության վրա անընդմեջ գնդակոծությունից մրջյունը կորցնում է հենման կետը և խայտառակ կերպով գլորվում փոսի հատակը։ Ավազի միջից վայրկենապես դուրս է ցցվում թրթուրի հարթ գլխիկը՝ վիթխարի, մանգաղի նման կեռ երկու ծնոտներով։ Նրանք խրվում են դժբախտի մարմնի մեջ, և թրթուրը նորից է ծածկվում ավազի տակ, որը թպրտացող մրջյունին տանում է նրա իսկ գերեզմանը։ Քանի որ ես համարում էի, որ մրջնառյուծի թրթուրները անազնիվ հաղթանակ են տանում բարեհոգի ու բավական լուրջ մրջյունների նկատմամբ, առանց կարեկցանքի նրանց հանում էի փոսից, տանում տուն և պահում մառլյայե փոքրիկ վանդակներում, մինչև որ դառնում էին չափահաս մրջնառյուծներ։ Եթե դրանք ինձ համար նոր տեսակներ էին լինում, ես նրանց միացնում էի իմ հավաքածուին։
Մի անգամ ես ու Ռոջերն ընկանք մի այնպիսի կատաղի ամպրոպի տակ, երբ երկինքը կապտասև է դառնում, իսկ կայծակները երկինքը ծածկում են արծաթավուն խիտ նախշերով։ Շուտով անձրև սկսվեց, խոշոր ծանր կաթիլներով, տաք, ինչպես նոր կթած կաթը։ Երբ ամպրոպը դադարեց, լվացված երկինքը փայլեց ջինջ լազուրով, խոնավ հողից գալիս էին զարմանալի, գրեթե գաստրոնոմիական բուրմունքներ՝ խնձորով կարկանդակի կամ կեքսի հոտ, իսկ արևի տակ չորացող ձիթենու բները ծխում էին՝ ասես կրակով բռնկված։
Ես ու Ռոջերը սիրում էինք այս ամառային ամպրոպները։ Հաճելի էր ջրափոսերի մեջ չլմփացնել և զգալ, թե ինչպես է հագուստս թրջվում տաք անձրևից։ Ռոջերը, բացի այդ, մեծ հաճույքով հաչում էր կայծակի վրա։ Երբ անձրևը դադարեց, մենք մտանք մրտենու մացառուտների մեջ։ Ես հույս ունեի, որ ամպրոպից հետո որոշ կենդանիներ դուրս կգան իրենց թաքստոցներից, ուր նրանք սովորաբար թաքնվում են շոգից։ Եվ իսկապես, մրտենու ճյուղերի վրայով դեմ֊դիմաց սողում էին մեղրասաթի գույնի երկու ճարպոտ խխունջներ և կանչող շարժումներով տարուբերում էին եղջյուրիկները։ Ես գիտեի, որ այս խխունջները ամառվա ամենաթունդ շրջանում սովորաբար քնում են։ Ամրանալով հարմար ճյուղի վրա, նրանք խեցու մուտքը փակում են թղթի նման բարակ կափարիչով և քաշվում են իրենց պարույրների խորքը, որ խոնավությունը մարմնում պահեն և պաշտպանվեն արևի կիզիչ ճառագայթներից։
Կատաղի ամպրոպը, հավանաբար, արթնացրել էր խխունջներին և հաղորդել ուրախ ու ռոմանտիկ տրամադրություն։ Նրանք շարունակեցին սողալ մեկը մյուսի մոտ, մինչև որ նրանց եղջյուրիկները հպվեցին իրար։
Այդ պահին խխունջները կանգ առան ու իրար նայեցին երկար ու լուրջ հայացքով։ Հետո նրանցից մեկը թեթևակի փոխեց դիրքը, ճանապարհ տալով մյուսին։ Երբ երկու խխունջներն էլ գտնվեցին կողք֊քողքի, տեղի ունեցավ մի այնպիսի բան, որն ինձ ստիպեց չհավատալ սեփական աչքերիս։ Խխունջներից մեկի կողքից և միաժամանակ նաև մյուսի կողքից ցցվեց սպիտակ փոքրիկ սլաքով բարակ, թելի պես մի ինչ֊որ բան։ Առաջին խխունջի սլաքը խրվեց երկրորդ խխունջի կողքը և անհետացավ այնտեղ, իսկ երկրորդ խխունջի սլաքը այդ նույն ձևով խրվեց առաջինի կողքի մեջ։ Եվ ահա նրանք նստած էին կողք֊կողքի, երկու սպիտակ թելիկներով կապված, ասես երկու առագաստանավեր՝ ճոպաններով իրար կապված։
Հենց միայն դա արդեն իսկական հրաշք էր, բայց հետո տեղի ունեցան էլ ավելի զարմանալի հրաշքներ։ Թելիկներն աստիճանաբար սկսեցին կարճանալ և խխունջներին մոտեցնել իրար։ Ես նայում էի աչքերս չռած, գրեթե քիթս կպցնելով խխունջներին, և եկա մի անհավանական եզրակացության․ յուրաքանչյուր խխունջ իր մարմնի ինչ֊որ մեխանիզմի օգնությամբ (կարապիկի նման) կծկում է ճոպանիկը և դեպ իրեն ձգում մյուս խխունջին, մինչև որ նրանք երկուսն էլ կիպ սեղմվեցին իրար։ Նրանց մարմինները շատ կիպ էին իրար կպած, այնպես որ ես չկարողացա տեսնել, թե ինչ է այնտեղ իսկապես տեղի ունենում։ Այսպիսի էքստազի մեջ խխունջները նստեցին մոտ տասնհինգ րոպե, իսկ հետո նույնիսկ, այսպես ասած, իրար հրաժեշտ չտալով, սողացին տարբեր կողմեր։ Ոչ մեկի և ոչ էլ մյուսի մոտ չմնացին ոչ սլաքի և ոչ էլ թելի որևէ հետք, և ոչ մեկն էլ հիացմունք չէր արտահայտում սիրային կապի հաջող ավարտի առթիվ։
Տեսածս ինձ այնպես էր ցնցել, որ ես հազիվ դիմացա մինչև հաջորդ հինգշաբթի, երբ մեզ մոտ եկավ Թեոդորը, ու ես կարողացա նրան պատմել այդ ամենի մասին։ Լսելով իմ պերճախոս նկարագրությունը թեթևակի ճոճվելով կրունկների վրա, Թեոդորը լրջորեն շարժում էր գլուխը։
― Ահա, այո, ― ասաց նա, երբ ես ավարտեցի պատմությունս, ― գիտես, քո բախտը իսկապես բերել է․․․ Ես շա՜տ եմ ուսումնասիրել խխունջներին, բայց երբեք այդպիսի բան չեմ տեսել։
Ես հարցրի, թե գուցե իմ աչքին երևացել են այդ բոլոր սլաքներն ու թելիկները։
― Ո՛չ, ո՛չ, ― ասաց Թեոդորը, ― բացարձակապես բոլորը ճիշտ է։ Սլաքները կազմված են այնպիսի․․․ հըմ, նյութերից․․․ կալցիումի նման, և երբ նրանք խրվում են խխունջի մեջ, անհետանում են․․․ լուծվում են։ Հավանաբար, կարելի է կարծել, որ սլաքները առաջացնում են յուրատեսակ ծակոց, խուտուտ, որը խխունջներին․․․ հըմ, երևի, դուր է գալիս։
Հետո ես հարցրի, իսկ ճի՞շտ է, որ խխունջները կծկում են իրենց թելիկները։
Այո, այո, միանգամայն ճիշտ է, ― ասաց Թեոդորը։ ― Նրանք, երևում է, հըմ․․․ ինչ֊որ մեխանիզմ ունեն իրենց ներսում, որ կարող է թելը ներս քաշել։
Ես ասացի, որ ավելի զարմանալի բան ես դեռ չեմ տեսել։
― Այո, իհարկե։ Դա զարմանալի է, ― համաձայնեց Թեոդորը և հետո ավելացրեց մի այնպիսի բան, որից իմ շունչը կտրվեց։ ― Երբ նրանք մոտիկանում են․․․ հըմ․․․ մի խխունջի արական կեսը մտնում է մյուսի կանացի կեսին, և ․․․ը․․․ այսպես ասած, ընդհակառակը։
Անցավ մի քանի րոպե, նախքան ես կկարողանայի իմաստավորել այս ապշեցուցիչ հաղորդումը, իսկ հետո զգույշ հարցրեցի, ճի՞շտ եմ արդյոք հասկացել, որ յուրաքանչյուր խխունջ միաժամանակ և էգ է, և արու։
― Հըմ։ Այո՛, ― ասաց Թեոդորը, ― հերմոֆրոդիտ են։
Նա շոյեց մորուքը, ու նրա աչքերում առկայծեց կրակը։ Լարրին, որի դեմքից սովորաբար չէր անցնում տառապալից արտահայտությունը, երբ ես ու Թեոդորը քննարկում էինք բնագիտության հարցերը, նույնպես ապշած էր խխունջների կյանքի վերաբերյալ այս ցնցող նորությունից։
― Դուք, իհարկե, կատակում եք, Թեոդոր, ― հարցրեց նա։ ― Միթե ցանկանում եք ասել, որ յուրաքանչյուր խխունջ միաժամանակ և էգ է, և արու։
― Այո, իհարկե, ― պատասխանեց Թեոդորը և հոյակապ զսպվածությամբ ավելացրեց։ ― Դա շատ հետաքրքիր է։
― Ա՜յ դա գո՜րծ է, ― վրա բերեց Լարրին։ ― Ես գտնում եմ, որ դա անիրավացի է։ Այս բոլոր անիծյալ լորձնէակները խելահեղների նման թափառում են թփերի մեջ և գայթակղում են իրար, ապրելով և այս և այն զգացումը։ Իսկ ինչո՞ւ մարդկային սեռը չի ստացել այդ շնորհը։ Այ թե ինչն է ինձ հետաքրքրում։
― Հըմ, բայց այդ դեպքում դուք ստիպված կլինեիք ձու ածել, ― նկատեց Թեոդորը։
― Իսկապես, ― ասաց Լարրին, ― բայց դե դա հիանալի առիթ կլիներ կոկտեյլի հրավերից հրաժարվելու համար։ Օրինակ, դուք ասում եք․ «Սարսափելի ափսոսում եմ, որ չեմ կարող գալ։ Ես պետք է ձու ածեմ»։
Թեոդորը փռթկաց։
― Խխունջները ձվի վրա չեն նստում, ― բացատրեց նա, ― նրանք ձվերը թաղում են խոնավ հողի մեջ և այլևս դրանց մասին չեն մտածում։
― Շատ վատ է, դաժան բան է այդպես խոսելը, ― ասաց Լարրին, ― դա կարող է Ջերրիի մոտ կոմպլեքս առաջացնել մինչև կյանքի վերջը։
Բայց եթե նույնիսկ այս զրույցն իմ մեջ կոմպլեքս առաջացրեց, ապա այն կապված էր միայն խխունջների հետ, և ես Ռոջերի հետ արդեն մտածում էի խոշոր արշավ կազմակերպել խխունջներ հավաքելու համար։ Հավաքել տասնյակներով, բերել տուն ու դնել բանկաների մեջ, որ հետո քեֆս ուզածի չափ նայեմ, թե ինչպես են նրանք սիրո սլաքներ ուղղում միմյանց։ Թեև ես մի քանի շաբաթում հավաքեցի հարյուրավոր խխունջների, պահեցի նրանց բանկաների մեջ և շրջապատեցի ամենայն հոգատարությամբ (նույնիսկ նրանց համար ցնցուղով ամպրոպային հեղեղ սարքեցի), բայց ոչինչ չտեսա։
Միայն մեկ անգամ էլ ինձ հաջողվեց տեսնել այս արտառոց սիրախաղը, երբ Տասը սրբերի լեռան ժայռոտ լանջերին գտա մի զույգ հսկայական խողողի խխունջների։ Իսկ բարձրանալ այնտեղ և բռնել այս խխունջներին ես կարողացա շնորհիվ այն բանի, որ մայրս ծննդյանս տարեդարձի առթիվ ինձ համար գնել էր մի փոքրիկ ավանակ, որի մասին ես շատ էի երազում։
Թեև Կորֆու գալուն պես ես տեսա, որ այստեղ շատ ավանակներ կան (կարելի է ասել նրանց վրա է հիմնված այս կղզյակի ամբողջ գյուղատնտեսությունը), բայց նրանք առանձնապես չէին զբաղեցնում իմ մտքերը, քանի դեռ մենք չէինք գնացել Կատերինայի հարսանիքին։ Այնտեղ ես տեսա բազմաթիվ ավանակների իրենց իշուկներով, որոնցից շատերը ընդամենը մի քանի օրական էին։ Ինձ գերեցին նրանց ուռուցիկ ծնկները, վիթխարի ականջները, անվստահ, դողացող քայլերը, և ես վճռեցի, որ անպայման պետք է ունենամ իմ սեփական իշուկը։
Ջանալով մորս տրամադրել այդ ուղղությամբ, ես նրան բացատրեցի, որ իշուկը ինձ հնարավորություն կտա տնից ավելի հեռու գնալ։ Ինչու, հարցնում էի ես, չի կարելի, որ ես իշուկ ստանամ նվեր, ասենք ծննդյանս օրը։ Որովհետև, ― պատասխանում էր մայրս, նախ՝ իշուկը շատ թանկ է, և երկրորդ՝ տարվա այդ ժամանակ նորածին իշուկներ չեն լինում։ Բայց եթե իշուկն այդքան թանկ արժի, շարունակում էի ես, ապա թող դա լինի մեկ նվեր՝ և՛ ծննդյան տոների առթիվ, և ծննդյանս օրվա։ Ես հաճույքով կհրաժարվեի մնացած բոլոր նվերներից և դրանք կփոխեի ավանակի հետ։ Մայրս ասաց, որ ինքը կմտածի, իսկ ես իմ դառը փորձից արդեն գիտեի, թե դա ինչ է նշանակում՝ որ նա ամեն ինչ կմոռանա ամենամոտ ժամանակներում։ Երբ իմ ծննդյան օրը մոտեցավ, ես մի անգամ էլ արտահայտեցի իմ բոլոր պատճառաբանություններն ավանակ ձեռք բերելու օգտին, բայց մայրս միայն կրկնում էր, թե մենք, իբր, դեռ կմտածենք։
Որոշ ժամանակ անց ձիթենու պուրակում, փոքրիկ պարտեզից մի քիչ հեռու, հայտնվեց Կոստասը, մեր սպասուհու եղբայրը՝ ուսին բամբուկի հսկայական կապոց։ Ուրախ սուլելով, նա սկսեց գետնի մեջ փոսեր փորել և դրանց մեջ խրել բամբուկե ձողերը, այնպես որ շուտով կազմվեց մի ոչ մեծ քառակուսի։ Նայելով Կոստասին ֆուքսիայի ցանկապատի միջով, ես հետաքրքրվեցի, թե ինչ է անում այնտեղ և, սուլելով Ռոջերին, գնացի նայելու։
― Տուն եմ կառուցում, ― ասաց Կոստասը, ― մայրիկիդ համար։
Ես զարմացա։ Մորս ինչին է պետք այդ բամբուկե տունը։ Գուցե նա ուզում է այնտե՞ղ քնել, բացօթյա։ Չէ, դա քիչ հավանական է։ Մորս ինչի՞ն է պետք այս բամբուկե տունը, հարցրի ես Կոստասին։
― Ով գիտե, ― ասաց նա ու նայեց ինձ մշուշոտ հայացքով, ― գուցե նա ուզում է այնտեղ բանջարեղեն կամ գետնախնձոր պահել, ձմեռվա համար։
Ես մտածեցի, որ սա էլ է քիչ հավանական։ Կես ժամ հետո արդեն ձանձրացա Կոստասին նայելուց, և Ռոջերի հետ գնացինք զբոսնելու։
Բայց հաջորդ օրը բամբուկե տնակի կմախքն արդեն պատրաստ էր։ Կոստասն հիմա այն ծածկում էր եղեգնով, որ պատերը ու տանիքը ամուր ու խիտ լինեն։ Եվս մի օր, և կառույցն արդեն պատրաստ էր։ Այն շատ նման էր Ռոբինզոն Կրուզոյի խրճիթին։ Երբ ես մորս հարցրի, թե նրա ինչին է պետք այս տնակը, նա պատասխանեց, թե դեռևս չգիտե, բայց ինչ֊որ բանի համար պետք կգա։ Այսպիսի անորոշ տեղեկությամբ ես ստիպված եղա բավարարվել։
Իմ ծննդյան օրվա նախօրյակին բոլորն իրենց պահում էին շատ տարօրինակ ձևով։ Լարրին, օրինակ, քայլում էր և ամբողջ տնով մեկ բացականչում էր «ատո՜ւ», «ապո՜րտ» և որսորդական այլ բառեր։ Քանի որ նման բաներ նրա հետ պատահում էին բավական հաճախ, ես դրանց առանցին նշանակություն չէի տալիս։
Մարգոն խորհրդավոր կերպով դեսուդեն էր ընկնում տան մեջ՝ ինչ֊որ փաթեթներ թևի տակ։ Մի անգամ ես նրա հետ քիթ֊քթի բախվեցի նախասենյակում և զարմանքով նկատեցի, որ նա ձեռքում պահել է ծննդյան տոներից մնացած գույնզգույն զարդարանքները։ Տեսնելով ինձ, Մարգոն վախեցած բացականչեց և, բռնված հանցագործի նման, նետվեց իր ննջարանը, իսկ ես ապշելուց միայն բերանս բացեցի։
Նույնիսկ Լեսլին ու Սպիրոն իրենց նման չէին։ Նրանք շարունակ գնում էին պարտեզ գաղտնի խորհրդակցության։ Նախադասությունների այն բեկորներից, որ հաջողվում էր լսել, ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ են նրանք անում։
― Հետևի նստատեղին, ― մռթմռթալով ասում էր Սպիրին։ ― Ազնիվ խոսք, վարպետ Լեսլի, ես արդեն այդպես արել եմ։
Այստեղ Լեսլին տեսավ, որ ես առանց ամաչելու ականջ եմ դնում իրենց, և կոպիտ հարցրեց, թե սատանան տանի, ինչպես եմ ինձ թույլ տալիս լսել ուրիշի խոսակցությունը։ Ավելի լավ կլիներ գնայիր ծով ու այնտեղ ժայռից թռչեիր։ Զգալով, որ տանը բոլորն էլ վատ են տրամադրված, ես ու Ռոջերը գնացինք ձիթենու պուրակը։ Եվ մինչև օրվա վերջը ապարդյուն հետապնդում էինք կանաչ մողեսներին։
Իսկ երեկոյան, երբ նոր էի լամպը հանգցրել ու անկողին մտել, ձիթենու պուրակից հանկարծ լսվեցին խռպոտ երգի ձայներ և ծիծաղի պոռթկումներ։ Որոշ ժամանակ անց ես կարողացա տարբերել Լեսլիի, Լարրիի և Սպիրոյի ձայները։ Նրանք բոլորն էլ, թվում էր, երգում էին տարբեր երգեր։ Երևի ինչ֊որ տեղ էին գնացել և մի լավ ուրախացել էին այնտեղ, մտածեցի ես։ Նախասենյակում լսվող զայրացկոտ շշուկներից ու ոտքերի քստքստոցից եզրակացրի, որ Մարգոն ու մայրս էլ են նույն կարծիքին։
Շարունակելով բարձր քրքջալ Լարրիի ինչ֊որ սրախոսության վրա, խումբը ներխուժեց տուն, որտեղ Մարգոն ու մայրիկս նրանց դիմավորեցին զայրացկոտ շշուկով։
― Կամաց, ― ասաց մայրիկս։ ― Դուք կարթնացնեք Ջերրիին։ Պատմեք, ի՞նչ եք խմել։
― Գինի, ― վեհաշուք արտասանեց Լարրիին ու զկռտաց։
― Գինի, ― կրկնեց Լեսլին, ― իսկ հետո մենք պարեցինք։ Սպիրոն պարեց, ես էլ պարեցի, և Լարրին պարեց, և հետո ես պարեցի։
― Ավելի լավ է պառկեք, ― ասաց մայրիկս։ ― Ի սեր աստծո, գնա քնելու։ Գիտեք ինչ, Սպիրո, իմ կարծիքով չպետք է նրանց թույլ տայիք այդքան խմել։
― Սպիրոն պարում էր, ― ասաց Լեսլին և այս անգամ՝ տեղին։
― Ես նրան կպառկեցնեմ, ― առաջարկեց Լարրին։ ― Միայն ես եմ լուրջ։
Ինձ հասան նրանց երերուն ոտնաձայները հատակի վրա, երբ նրանք իրար գրկելով, դուրս եկան միջանցքից։
― Հիմա ես պարում եմ քեզ հետ, ― լսվեց Լեսլիի ձայնը, որին Լարրին քարշ տվեց ննջասենյակ և նստեցրեց մահճակալին։
― Դուք ինձ ներեցեք, միսսիս Դարրել, ― խոսեց Սպիրոն գինուց խզված ձայնով։ ― Ես չկարողացա նրանց կանգնեցնել։
― Դուք նրան բերի՞ք, ― հարցրեց Մարգոն։
― Այո, միսսի Մարգո, մի անհանգստացեք, ― պատասխանեց Սպիրոն, ― նա այնտեղ է, Կոստասի մոտ։
Վերջապես Սպիրոն գնաց, նրանցից հետո քնելու գնացին մայրիկս ու Մարգոն։ այդպես անհասկանալի ավարտվեց առանց այն էլ անսովոր այդ օրը։ Բայց շուտով ես մոռացա հարազատներիս տարօրինակ վարքագիծը և, մտածելով սպասող նվերների մասին, խորասուզվեցի քնի մեջ։
Հաջորդ առավոտ զարթնելով, ես որոշ ժամանակ պառկել ու մտածում էի, թե ի՞նչ առանձնահատուկ բան է տեղի ունեցել այսօր։ Հետո հիշեցի։ Այսօր իմ ծննդյան օրն է, երբ բոլոր մարդիկ ինձ նվերներ պիտի բերեն, իսկ հարազատներս պետք է կատարեն իմ բոլոր խելացի խնդրանքները։
Արդեն պատրաստվում էի վեր կենալ անկողնուց և տեսնել, թե ինչ նվերներ են պատրաստել ինձ համար, երբ նախասենյակում իրարանցում բարձրացավ։
― Բռնեք նրա գլխից։ Գլխի՜ց, ― լսվեց Լեսլիի ձայնը։
― Զգո՜ւյշ։ Զարդարանքը կփչացնեք, ― խրատում էր Մարգոն։
― Սատանան տանի քո այդ հիմար զարդարանքները, ― ասաց Լեսլին։
― Բռնեցեք դրա գլուխը։
― Կամաց, կամաց, սիրելիներս, ― հանգստացնում էր նրանց մայրիկը։ ― Մի կռվեք։
― Տեր աստվա՜ծ, ― վրդովվեց Լարրին, ― չորս կողմը թրիք է։
Այս ամբողջ առեղծվածային խոսակցությունը ուղեկցվում էր տարօրինակ թխկթխկոցներով, ասես նախասենյակի կաֆելապատ հատակին թռչում էին պինգ֊պոնգի գնդակները։ Ինչ են այնտեղ անում, ― մտածում էի ես։ Սովորաբար այս ժամերին բոլորը դեռ աչքերն են տրորում և, տեղից չվերկացած, խենթի պես խմում են մի բաժակ թեյ։ Ես պատրաստվեցի գնալ նախասենյակ և մասնակցել ընդհանուր ուրախությանը, երբ հանկարծ դուռը բացվեց և, ցատկոտելով, իմ ննջարանը խուժեց գունավոր պսակներով զարդարված իշուկը։ Նրա գլխին, ականջների արանքից դուրս էին ցցվել հմտորեն ամրացված երեք հսկայական փետուր։ Լեսլին ուժով քաշում էր իշուկի պոչից ու բղավում․
― Չո՜շ, զզվանք։
― Լեզուդ, սիրելիս, ― մորմոքվեց դռների մոտ կանգնած մայրիկս։
― Դու կփչացնե՜ս, զարդարանքները, ― բղավում էր Մարգոն։
― Որքան շուտ այս անասունն այստեղից հեռանա, ― ասաց Լարրին, ― այնքան լավ։ Ամբողջ միջանցքը թրիք է։
― Այդ դու նրան վախեցրիր, ― հայտարարեց Մարգոն։
― Ես ոչինչ չեմ արել, ― զայրացավ Լարրին, ― ես նրան միայն մի քիչ հրեցի։
Իշուկը կանգ առավ մահճակալիս մոտ և նայեց ինձ իր մեծ, շագանակագույն աչքերով։ Նա շշմած տեսք ուներ։ Հետո այնպես թափ տվեց իրեն, որ ականջների արանքում գտնվող փետուրները թեքվեցին մի կողմ, և հաջողացրեց ետևի ոտքով աքացի տալ Լեսլիի սրունքին։
― Տե՜ր աստված, ― աղաղակեց Լեսլին, ցատկելով մի ոտքի վրա, ― ոտքս կոտրեց այդ կեղտը։
― Լեսլի, սիրելիս, ― ասաց մայրիկս։ ― Ինչու ես այդպես խիստ հայհոյում։ Մի՛ մոռացիր Ջերրիին։
― Որքան շուտ տանեք այստեղից իշուկին, այնքան լավ, ― ասաց Լարրին, ― թե չէ այստեղից գոմաղբի հոտ կգա։
― Դուք փչացրիք զարդարանքները, ― բողոքում էր Մարգոն, ― ախր ես շատ էի չարչարվել։
Բայց ես արդեն ոչ ոքի վրա ուշադրություն չէի դարձնում։ Իշուկն ավելի մոտեցավ իմ մահճակալին։ Մի պահ նայեց ինձ զննող աչքերով, իսկ հետո արձակելով կոկորդային ուրախ ճիչ, իրեն պարզած ափերիս մեջ խրեց մոխրագույն դնչիկը՝ փափուկ ու նուրբ, ինչպես շերամի որդի կոկոնը, շան նորածին ձագը, ծովաքարը, կամ թավշի պես փափուկ անտառային գորտը։ Լեսլին այդ ընթացքում հանել էր անդրավարտիքը և նայում էր ոտքի վերքը, թափելով անեծքների շարան։
― Նա քեզ դո՞ւր է գալիս, սիրելիս, ― հարցրեց մայրիկս։
― Արդյոք ինձ դո՞ւր է գալիս նա․․․ Ախր ես ուղղակի պապանձվել էի հիացմունքից։
Իշուկը մուգ կարմիր գույնի էր, գրեթե մանուշակագույն, ուներ կալայի ծաղկի նման մեծ ականջներ, սմբակներից վեր ասես սպիտակ գուլպա էր հագել։ Նրա մեջքի երկայնքով ձգվում էր մի սև խաչ, այն հպարտ նշանը, որ վկայում էր, թե նրա ցեղը Քրիստոսին տարել է Երուսաղեմ (և այդ ժամանակից ի վեր շարունակում է մնալ ամենաանիծված ընտանի կենդանին), իսկ խոշոր փայլուն աչքերը երիզված էին հստակ սպիտակ շրջանակներով, իբրև նշան այն բանի, որ ծագումով Գաստուրի գյուղից է։
― Հիշո՞ւմ ես, Կատերինայի իշուկին, ― հարցրեց Մարգոն, ― նա քեզ շատ էր դուր եկել։ Սա էլ նրա դուստրն է։
Այդ հաղորդումը, իհարկե, իշուկին ավելի սիրելի դարձրեց։ Իսկ նա, զարդարված ինչպես կրկեսում, կանգնել ու կենտրոնացած ծամում էր մի կտոր ոսկեզօծ թել։ Ես արագ հագնվեցի ու շնչակտուր հարցրի մորս, թե որտեղ պիտի պահեմ իշուկիս։ Իհարկե, նրան տանը պահել չի կարելի։ Լարրին արդեն հասցրեց մայրիկին ասել, որ ցանկության դեպքում նա կարող է նախասենյակում աճեցնել կարտոֆիլի լավ բերք։
― Դրա համար էլ հենց Կոստասը կառուցեց այն տնակը, ― ասաց մայրիկս։
Ուրախությունից ինձ կորցրել էի։ Ա՜յ, թե ինչ ազնվասիրտ, բարի, լավ հարազատներ ունեմ ես։ Ինչպիսի հմտությամբ էին նրանք ամեն ինչ թաքցնում ինձանից, որքան են չարչարվել, որ այդպես զարդարեն իշուկին։ Դանդաղ ու խնամքով, ասես նա փխրուն հախճապակուց էր, ես իմ իշուկին տարա պարտեզի միջով ձիթենու պուրակը, բացեցի բամբուկե գոմի դուռը և ներս թողեցի նրան։ Ես ցանկանում էի հաշվել գոմի չափերը, չէ որ Կոստասին կարգին շինարար չէի համարում։ Գոմը հոյակապ էր, իսկ և իսկ իշուկին հարմար։ Ես նորից նրան դուրս բերեցի, երկար թոկով կապեցի ծառից և կես ժամ կանգնեցի հմայվածի պես, դիտելով իշուկին չորս կողմից, մինչև նա խաղաղ արածում էր։ Վերջապես լսեցի, որ մայրիկը կանչում է նախաճաշի, և երանությամբ շունչ քաշեցի։ Իհարկե, մտածեցի ես, առանց կասկածի և ամենափոքր չափազանցության կարելի է ասել, որ այս իշուկը ամենահիանալի իշուկն է ամբողջ Կորֆու կղզում։ Եվ, չգիտեմ ինչու, վճռեցի նրա անունը դնել Սալլի։ Հետո արագ համբուրեցի նրա մետաքսե դնչիկը և վազեցի նախաճաշելու։