Changes

Լուսնափոշին

Ավելացվել է 22 567 բայտ, 18:41, 24 Մարտի 2016
/* Գլուխ առաջին */
Նա չգիտեր, թե մի քանի ժամ հետո ինչպիսի տառապանք պետք է պատճառեր իրեն այդ հղացումը։
 
 
==Գլուխ երկրորդ==
 
 
Հորիզոնի գիծը, ուր սուրում էր «Սելենը», փոխվեց․ որտեղ անթերի ու հավասար աղեղ էր, ուրվագծվեց լեռների ատամնավոր շղթան։ Թվում էր, թե նրանք դանդաղ դեպի երկինք էին հառնում մի հզոր վերելակով։
 
― Անմատչելիության լեռները, ― հայտարարեց միսս Ուիլքինզը։ ― Այդպես են կոչվում, որովհետև բոլոր կողմերից շրջապատված են Ծովով։ Եվ բացի այդ, նրանք լուսնային լեռների մեծ մասից շատ ավելի զառիթափ են։
 
Նա այլևս չծավալվեց այդ թեմայի շուրջը․ չէ՞ որ լուսնային լեռնագագաթներից շատերը հիասթափություն են պատճառում, երբ մոտիկից ես դիտում դրանք։ Երկրից կատարված լուսանկարների վրա երևացող հսկայական խառնարանները, պարզվում է, որ թեթևակի զառիվայր բլուրներ են։ Երեկոյան ու առավոտյան ստվերները խիստ աղավաղում են ռելիեֆը։ Ու լուսնի վրա չկա ոչ մի խառնարան, որի լանջը իրենց թեքությամբ կարողանային համեմատել Սան֊Ֆրանցիսկոյի փողոցների հետ․ դրանք կարելի է հաղթահարել նույնիսկ հեծանիվով։ Սակայն այդ մասին չես կարդա «Լուսնաշրջիկի» գրքույկներում, այնտեղ կգտնես միայն առավել տպավորիչ ժայռերն ու կիրճերը՝ հմտորեն լուսանկարված։
 
― Այս լեռները դեռևս ինչպես հարկն է չեն հետազոտված, ― շարունակեց միսս Ուիլքինզը։ ― Անցյալ տարի մի խումբ երկրախույզների փոխադրեցինք այնտեղ։ Իջեցրինք հենց այն հրվանդանում, բայց նրանք կարողացան առաջ շարժվել ընդամենը մի քանի կիլոմետր։ Այնտեղ ամեն ինչ կարող է պատահել, մենք պարզապես դեռևս ոչինչ չգիտենք։
 
«Ապրես, ― մտածեց Պաթը։ ― Լավ գիդ է, գիտի ինչը բացատրել մանրամասնորեն, և ինչը թողնել երևակայության համար․․․»։ Սյուն խոսում էր հանգիստ, անբռնազբոսիկ, որը ոչնչով նման չէր այն տխուր ասերգին, որ գիդերի մեծամասնության մասնագիտական արատն էր։ Եվ նա լավ գիտեր իր նյութը, կարող էր պատասխանել գրեթե ուզածդ հարցին։ Մի խոսքով՝ աչքի ընկնող երիտասարդ մի օրիորդ, ու թեպետ միսս Ուիլքինզը շատ էր դուր գալիս Պաթին, հոգու խորքում նա փոքր֊ինչ վախենում էր նրանից։
 
Մոտեցող լեռները իրենց էին գամել հմայված ուղևորների հայացքները։ Դեռ էլի խորհրդավոր Լուսնի խորհրդավոր մի անկյունը․․․ Անսովոր ծովի մեջտեղում բարձրանում էր մի կղզի՝ ուշագրավ երևույթ հետազոտողների հաջորդ սերնդի համար։ Հակառակ անվանը, Անմատչելիության լեռներին հասնելը այժմ արդեն դժվար չէր։ Բայց քանի դեռ ուսումնասիրված չեն շրջակա տեղանքի միլիոնավոր քառակուսի կիլոմետրերը, որոնք հարկավոր է յուրացնել առաջին հերթին, նրանք պետք է սպասեն։
 
Մի փոքր էլ, ու «Սելենը» կմտնի ստվերը․․․ Մինչև ուղևորները կհասցնեին հասկանալ, թե ինչ է կատարվում, Երկիրը թաքնվեց լեռների ետևում։ Նրա լույսից լեռնակատարները արծաթի փայլ էին ստացել, իսկ ներքևում թագավորում էր զարհուրելի մթությունը։
 
― Ես հիմա կհանգցնեմ ներքին լուսավորությունը, ― ասաց ստուարդուհին։ ― Այն ժամանակ դուք ավելի լավ կտեսնեք։
 
Ու հենց որ կարմրավուն աղոտ լույսը մարեց, յուրաքանչյուրը իրեն զգաց մեն֊մենակ լուսանյին գիշերային խավարում։ Նույնիսկ լեռնագագաթների փայլը կորավ, երբ փոշեգնացը խորացավ ստվերի մեջ։ Մնացին միայն աստղերը՝ սառը անմար ճրագներ, շրջապատված այնպիսի անթափանց մթությամբ, որից մի տեսակ վատ էիր զգում քեզ։
 
Աստղասփյուռ երկնքում դժվար էր զանազանել ծանոթ համաստեղությունները։ Մարդու աչքերը շաղվում էին այդ երկնային նախշերից, գլուխը պտտվում էր աստղաբույլերի և միգամածությունների շողշողուն քաոսից։ Բնության այդ փառահեղ շրջապատկերում անսխալ կարելի էր նշմարել միայն Վեներայի պայծառ փարոսը, որը գերազանցում էր երկնային մյուս բոլոր մարմիններին, ավետելով մոտալուտ այգաբացը։
 
Մի քանի րոպե անցավ, մինչ ուղևորները կնկատեին, որ զարմանահրաշ բաները միայն երկնքում չէին։ Սուրացող փոշեգնացի հետևից ձգվում էր ֆոսֆորափայլ երկար նավահետքը, կարծես կախարդական մի ձեռք լուսավոր ծիր էր քաշել Լուսնի մռայլ ու փոշոտ դեմքին։ «Սելենը» իր հետևից մի գիսավոր պոչ էր քարշ տալիս, ճիշտ այնպես, ինչպես գիշերային նավը Երկրի արևադարձային օվկիանոսներում։
 
Բայց այստեղ չկային միկրոօրգանիզմներ, և նրանք չէին, որ լուսավորում էին անկենդան ծովը իրենց պստլիկ ճրագներով, այլ լիցքաթափվող փոշեհատիկները, որոնց մեջ սրընթաց «Սելենը» հարուցում էր ստատիկ լիցք։ Շատ պարզ՝ և չտեսնված գեղեցիկ էր․ գիշերային խավարում նավի հետևից շարունակ քարշ էր գալիս փայլուն ժապավենը, ասես Ծիրկաթինն էր արտացոլվել ծովային հարթության վրա։
 
Հանկարծ հրեղեն շիթը լուծվեց լույսի հեղեղի մեջ․ Պաթը միացրեց լուսարձակը։ Լուսանցույցներից դուրս, վտանգավոր հեռավորության վրա՝ ետ սահեց քարե պատը։ Լեռնալանջն այստեղ գրեթե զառիվեր ցցված էր փոշու ծովի մեջ, և դժվար էր գուշակել բարձր է այն, թե ոչ, որովհետև թանձր խավարի մեջ երևում էր միայն լուսարձակի լուսավորած ձվածիրը։
 
Կովկասը, Ժայռոտ լեռները և Ալպերը գաճաճներ են այս լեռների մոտ։ Երկրի վրա էրոզիան մաշում է լեռնաշղթաները նրանց ծագման առաջին իսկ օրից, մի քանի միլիոն տարի շարունակ՝ և երբեմնի վիթխարի զանգվածներից մնում է նրանց ստվերը։ Իսկ Լուսնի վրա ո՛չ անձրևներ կան, ո՛չ քամիներ։ Ոչինչ չի քայքայում ժայռերը, եթե չհաշվենք գիշերային սառնամանիքը, որից նույնիսկ քարերն են ճաքում, անասելի դանդաղությամբ անջատելով մանրագույն փոշեհատիկներ։ Լուսնային լեռները նույնքան հին են, որքան նրանց ծնունդ տված աշխարհը․․․
 
Պաթը հպարտանում էր Լուսինը «ցույց տալու» իր ունակությամբ։ Նա առանձնապես ջանադրաբար էր պատրաստել հաջորդ համարը։ Առաջին հայացքից շատ վտանգավոր, իսկ իրականում միանգամայն անվտանգ․ չէ՞ որ «Սելենը» տասնյակ անգամներ անցել է այստեղով, և կառավարման սիստեմի էլեկտրոնային հիշողությունը ճանապարհը գիտեր ամեն մի շտուրմանից ավելի լավ։ Նա հանկարծակի մարեց լուսարձակը, և ուղևորները տեսան, որ մթության հովանու տակ մյուս կողմից նույնպես լեռները ընդհուպ մոտեցել են նավին։
 
Գրեթե անթափանց խավարի մեջ «Սելենը» սլանում էր նեղ կիրճով, սլանում էր ոչ ուղիղ, այլ շարունակ խուսանավելով անտեսանելի խոչընդոտների միջև։ Անկեղծ ասած, խոչընդոտներ ընդհանրապես չկային․ ցերեկը, Պաթը նվազագույն արագությամբ երթուղին այնպես էր ծրագրել, որպեսզի գիշերը վախից մարդու շունչ կտրվի։ Նրա թիկունքնում լսվող վախի և հիացմունքի ճիչերը վկայում էին, որ ատրակցիոնը հաջողվել է։
 
Հեռու գլխավերևում այժմ տեսանելի էր աստղառատ երկընքի միայն մի նեղլիկ շերտը․ նա գալարվում էր կատաղի կերպով, կրկնելով փոշեգնացի հնարամիտ վազքը։ Մրցավազքը «գիշերային արահետով», ինչպես Պաթն էր կոչում այդ երթուղին, ընդամենը մի հինգ րոպե տևեց, որոնք սակայն ժամեր թվացին։ Եվ, երբ նավապետը նորից միացրեց լուսարձակը և «Սելենը հայտնվեց լուսե հսկա շրջանակի մեջտեղում, ուղևորների բերանից դուրս թռավ մի հառաչանք՝ խառնված հիասթափության հետ։ Այո, երկար կհիշեն նրանք «գիշերային արահետը»․․․
 
Լուսարձակի լույսով երևում էր, որ պատերը աստիճանաբար բաժանվում են, և ահա կիրճը փոխարինեց համարյա ձվաձև մի ամֆիթատրոնով՝ մոտ երեք կիլոմետր լայնությամբ․ հրաբխի սիրտն էր, որ պայթել էր անհիշելի ժամանակներում, երբ նույնիսկ հինավուրց Լուսինը երիտասարդ էր։
 
Լուսնային չափանիշներով այդ խառնարանը շատ փոքր էր, բայց խիստ ուշագրավ։ Ամենագո փոշին հազարամյակներ շարունակ կիրճով հոսել էր այնտեղ, ու երկրային զբոսաշրջիկները կարող էին հաճելի ճանապարհորդություն կատարել այն կաթսայում, ուր մի ժամանակ մոլեգնել է դժոխային կրակը։ Այդ կյանքը հանգել է երկրային կյանքի սկզբնավորումից շատ առաջ ու երբեք այլևս չի բոցավառվի։ Բայց Լուսնի վրա կային այլ ուժեր՝ նրանք քնած չէին և սպասում էին միայն պատեհ ժամին․․․
 
Երբ «Սելենը» պտույտ գործելով դանդաղ շարժվում էր ժայռերի երկայնքով, մի քանի ուղևորներ ակամա մտաբերեցին զբոսանքը Երկրի լեռնային լճի վրա։ Նույն հուշիկ լռությունը, ջրի անտակ խորության միևնույն զգացումը։ Երկրի վրա շատ են խառնարանային լճերը․ Լուսնի վրա միայն մեկն է, թեև այստեղ խառնարանները անհամեմատ ավելի շատ են։
 
Պաթը չէր շտապում, երկու լրիվ շրջան կատարեց։ Այժմ լճով հիանալու իսկական ժամանակն է։ Ցերեկը, կուրացնող արևի ճառագայթների տակ, տպավորությունը այն չէր, իսկ հիմա ասես Էդգար Պոյի բորբոքված ֆանտազիայի ծնունդը լիներ։ Այնտեղ, ուր վերջանում էր լույսի զոլը, մարդու աչքերի առջև պատկերվում էին շարժվող տարօրինակ կերպարանքներ։ Անշուշտ, դա երևակայություն էր․ այս կողմերում ոչինչ չի կարող շարժվել Արևից ու Երկրից առաջացած ստվերներից բացի։ Տեսիլքներ չեն կարող լինել մի աշխարհում, ուր երբեք կայնք չի եղել։
 
Բայց արդեն ժամանակն է ետ դառնալ, կիրճով դուրս գալ բաց ծով։ Պաթը «Սելենի» բութ քիթը ուղղեց դեպի լեռնային նեղ դարպասները, և բարձր զառիթափերը նորից շրջապատեցին նավը։ Նավապետը այժմ չէր հանգցնում լուսարձակները՝ թողնելով, որ ուղևորները տեսնեն ճանապարհը։ Բացի այդ, ատրակցիոնը երկրորդ անգամ նույնքան ուժեղ տպավորություն չի գործի։
 
Հեռու առջևում երևաց լույսը, որ թեթևակի լուսավորում էր ժայռերն ու ապառաժները։ Նույնիսկ վերջին քառորդում Երկիրը տասնյակ լիալուսիններից ավելի պայծառ է, և հենց որ փոշեգնացը դուրս պրծավ լեռների ստվերից, նորից երևաց Երկրի գեղափայլ կիսալուսինը։ «Սելենի» քսաներկու ուղևորները զմայլված նայում էին գողտրիկ ու վառ կապտա֊կանաչավուն կիսաշրջանակին։ Զարմանալի է, երբ դիտում ես հեռվից․ հարազատ դաշտերը, լճերը, անտառները մի առանձին դյութական շողով են փայլում․․․ Թերևս, խոր խորհուրդ կա դրա մեջ․ քո սեփական աշխարհը գնահատելու համար այն պետք է տեսնես տիեզերքից․․․
 
Հապա ինչքա՞ն աչք է նայում հիմա Երկրից նորացող Լուսնին, այդ հավերժ ուղեկցին, որը ինչպես երբեք, այժմ կարևոր է մարդկանց համար։ Եվ բացառված չէ, որ այս պահիս որևէ մեկը հզոր հեռադիտակով ուշադրությամբ զննում է լուսնային գիշերում սահող «Սելենի» հազիվ նկատելի կայծիկը։ Իսկ երբ կայծիկը մարի, նրա անհետացումը ոչինչ չի ասի երկրային դիտորդին։
 
Լեռների ստորոտում, խոր ընդերքում միլիոնավոր տարիներ, ինչպես մի հսկայական ուռուցք, աճել է այս պղպջակը։ Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, դեռևս կենդանի լուսնային ընդերքից ճեղքերի միջով հոսել է գազը և կուտակվել դատարկություններում, մակերևույթին չհասած։ Երկրի վրա միմյանց փոխարինել են սառցային շրջանները, իսկ այստեղ դատարկությունները տարածվել են լայնակի ու դեպի վեր, միախառնվել։ Ու հասել է ուռուցքը պայթելու ժամանակը։
 
Նավապետ Հարրիսը միացրել էր ինքնակառավարումն ու խոսում էր ուղևորների հետ, երբ առաջին հարվածը ցնցեց նավը։ «Ըստ երևույթին, պտուտակը դիպավ մի բանի, ― հասցրեց մտածել նա։ Հաջորդ վայրկյանին կարծես հողը տառացիորեն կորավ նրա ոտքի տակից։
 
Դա տեղի ունեցավ դանդաղ, ― Լուսնի վրա ամեն ինչ ընկնում է դանդաղ։ «Սելենի» առջևում, մի քանի ակր հարթ տարածության վրա, բարձրացավ մի թումբ, ու ծովը կենդանացավ, ճոճվեց այն ուժերի ներգործությունից, որոնք նրան արթնացրին հազարամյա քնից։ Թմբի մեջտեղը մի ձագար բացվեց՝ ասես փոշու զանգվածի մեջ հսկայական հորձանուտ առաջացավ։ Եվ այդ մղձավանջի ամեն մի մանրամասնություն պարզ երևում էր Երկրի լույսի տակ, մինչև խառնարանը խորացավ այնքան, որ նրա դիմացի պատը կորավ թանձր խավարի մեջ։ Թվում էր, թե «Սելենը» ուր որ է կմխրճվի սև մահիկի մեջ ու ջարդուփշուր կլինի։
 
Իրականում վիճակը փոքր֊ինչ լավ էր։ Երբ Պաթը սթափվելով կառչեց ղեկալծակներից, նավն արդեն սայթաքում ու ցած էր սահում նենգ զառիվայով։ Սեփական իներցիան ու փոշու արագացող հեղեղը նրան քշում֊տանում էին հորձանուտը։ Մնում էր միայն ամեն կերպ պահպանել «Սելենի» հավասարակշռությունը և հուսալ, որ նա ընթացքից դուրս կթռչի հակառակ լանջով դեպի վեր՝ մինչ խառնարանի հատակը կհասցնի փլվել։
 
Գուցև ուղևորները ճչացին՝ Պաթը ոչինչ չէր լսել։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր այդ չարաբաստիկ լանջի վրա, և նա մտահոգված էր այն բանով, որ ամեն կերպ թույլ չտար, որպեսզի նավը շուռ գար։ Եվ ապա, մինչ նա տենդագին մանևրում էր, ուժեղացնելով մերթ մեկ, մերթ մյուս շարժիչը, նրան հետապնդում էր մի անորոշ հուշ․․․ Ինչ֊որ տեղ, ինչ֊որ մի ժամանակ նա արդեն տեսել էր մի այդպիսի աղետ։
 
Անշուշտ, հիմար բան է, բայց ինչո՞ւ նա չի կարողանում խուսափել այդ մտքից․․․ Եվ սոսկ այն ժամանակ, երբ Պաթը հայտնվեց հատակում ու տեսավ փոշու անվերջանալի հեղեղը, որը սկիզբ էր առնում աստղերով ծանրաբեռնված ձագարի բերանից, վայրկենապես նա մտաբերեց։
 
․․․ Ամառային օր է, նա՝ փոքրիկ մի տղա, խաղում է տաք ավազների մեջ։ Նկատեց ուղիղ պատերով մի փոս, նրա հատակում ինչ֊որ բան էր շարժվում՝ թաղված ավազի մեջ, ու միայն դունչն էր դուրս ցցված։ Այս ի՞նչ է։ Տղան նայում ու սպասում էր, կարծես կռահելով, որ շուտով այդ փոքրիկ բեմի վրա կսկսվի մի դրամա։ Որտեղից֊որտեղ մի մրջյուն երևաց փոսիկի եզրին, սայթաքեց, ու գլորվեց ցած․․․
 
Իհարկե, մրջյունը հեշտությամբ կհաղթահարեր վերելքը, բայց հազիվ էին առաջին ավազահատիկները գլորվել փոսիկի հատակը, երբ չարամիտ հրեշը դուրս եկավ թաքստոցից։ Նա ավազի մի շատրվան տեղաց զոհի վրա, ու մրջյունը ավազի հեղեղի հետ ընկավ խառնարանը։
 
Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես «Սելենը» այժմ․․․ Անշուշտ, Լուսնի մակերևույթի վրա միջնառյուծը չէր, որ փոս էր փորել, բայց Պաթը իրեն նույնքան անօգնական էր զգում, որքան այն մրջյունը։ Նա ինքն էլ էր մագլցում դեպի վեր, դեպի փրկարար եզրը, մարտնչելով ավազի հեղեղի դեմ, որը նրան տանում էր մահվանն ընդառաջ։ Մրջյունին սպասում էր շուտափույթ մահ, Պաթին և նրա ուղեկիցներին՝ դանդաղ հարատև։
 
Գործի դնելով ողջ հզորությունը, մոտորները առաջ էին մղում նավը, սակայն չափազանց դանդաղ։ Փոշու հորձանքը թափ էր առնում և, որ ամենասարսափելին էր, «Սելենը» խրվում էր փոշու մեջ։ Ահա այն հասավ լուսանցույցներին․․․ Բա՜րձր․․․ Է՛լ ավելի բարձր․․․ բոլորովին ծածկեց նրանց։ Այն նույն պահին, երբ Պատը հանգցրեց մոտորները, որպեսզի չայրվեն ուժից ու ծանրաբեռնումից, փոշին ծածկեց փոքրացող Երկրի վերջին ցոլքը։ Խավարով ու լռությամբ պարուրված՝ նրանք խորասուզվում էին Լուսնի ընդերքը։
Ադմին, Վստահելի
1876
edits