Changes

Լուսնափոշին

Ավելացվել է 26 436 բայտ, 19:10, 26 Մարտի 2016
/* Գլուխ երրորդ */
Նա այդքան վստահ չէր լինի, եթե իմանար, որ «Սելենը» Լուսնի մակերևույթի վրա չէ․․․
 
 
==Գլուխ չորրորդ==
 
 
«Սելենը» արդեն կանգ էր առել, իսկ շվարած ուղևորները դեռևս նստած էին լուռ։ Նավապետ Հարրիսը առաջինը ուշքի եկավ՝ նա այդ բոլորից միակն էր, որ գլխի ընկավ, թե ինչ է կատարվել։
 
Պարզ է․ ստորերկրյա դատարկություն։ Նրանք այստեղ հազվադեպ չեն, թեպետ մինչ այժմ դրանցից չեն հայտնաբերվել Ծարավի ծովի տակ։ Ինչ որ բան փլվել է Լուսնի ընդերքում։ Եվ միանգամայն հնարավոր է, որ «Սելենի» ծանրությունը, որքան էլ այն փոքր է, վերջին կաթիլը եղավ։ Պաթը ծանրորեն վեր կացավ տեղից, հարցնելով ինքն իրեն, թե ինչ և ինչպես ասել ուղևորներին։ Այս դեպքում արդեն չես կարող այնպես ձևանալ, թե իբր ամեն ինչ կարգին է և հինգ րոպե անց նավը կշարունակի իր ճանապարհը։ Ինչ խոսք, վաղ թե ուշ, պետք է հայտնել ճշմարտությունը, բայց հիմա գլխավորը նրանց հանգստացնելն է։
 
Նա որսաց միսս Ուիլքինզի հայացքը։ Գունատ, բայց զգաստ, նա կանգնած էր խցիկի ետնամասում, լարված ու սպասող ուղևորների թիկունքում։ Պաթ Հարրիսը գիտեր, որ կարող է հույսը դնել նրա վրա և քաջալերիչ ժպտաց նրան։
 
― Կարծես, մեր բախտը չբերեց, ― անկաշկանդ սկսեց խոսել նա։ ― Եղածը մի փոքր վթար է, ինչպես դուք ինքներդ հավանաբար, նկատեցիք։ Ավելի վատ կարող էր լինել։
 
«Օրինա՞կ, ― մտովի հարցրեց նա իրեն։ ― Դե, ասենք, ճեղքվածք նավիրանի վրա․․․ Քո կարծիքով, ավելի լավ է հոգևարգը երկարաձգե՞լ»։ Մեծ ջանք գործադրելով՝ Պաթը ընդհատեց ներքին մենախոսությունը։
 
― Տեղի է ունեցել փլուզում՝ լուսնաշարժ, եթե ուզում եք։ Տագնապահար լինելու կարիք չկա։ Եթե նույնիսկ մենք էլ չկարողանանք դուրս պրծնել, Պորտ֊Ռորիսը անհապաղ մեզ օգնության կհասնի։ Իսկ առայժմ․․․ միսս Ուիլքինզը հենց պատրաստվում էր բաժանել խորտիկները։ Այսպես ուրեմն, հանգստացեք, իսկ ես այդ ժամանակամիջոցում միջոցներ կձեռնարկեմ։
 
Կարծես, ամեն ինչ լավ անցավ։ Պաթը մտովի թեթև շունչ քաշեց ու դարձավ դեպի ղեկավարման պուլտը, բայց հենց նույն պահին նկատեց, որ ուղևորներից մեկը ծխում է։
 
Ակամա արարք․․․ Ինքը նույնպես դեմ չէր ծխելուն։ Որպեսզի չփչացնի նոր իսկ արտասանած իր փոքրիկ ճառի տպավորությունը, Պաթը ոչինչ չասաց։ Սակայն նրա հայացքը ամեն ինչ ասաց ուղևորին։ Սիգարեթը հանգցվեց անմիջապես, մինչ նավապետը կհասցներ տեղավորվել իր բազմոցում։
 
Նա միացրեց իր ընդունիչը, բայց մինչ այդ նրա թիկունքում սկիզբ էր առել աշխույժ խոսակցություն։ Երբ միաժամանակ խոսում են մի քանի հոգի, նույնիսկ չլսելով առանձին խոսքերը, կարող ես որոշել նրանց տրամադրությունը։ Պաթ Հարրիսը ընկալեց դժգոհություն, հուզմունք, նույնիսկ զվարճություն, բայց երկյուղ դեռևս չէր նկատվում։ Թերևս, խոսակիցները լիակատար պատկերացում չունեին, թե որքան լուրջ էր վտանգը։ Իսկ ովքեր հասկացել էին, լուռ էին։
 
Լռում էր նաև եթերը։ Պաթը փորձեց բոլոր ալիքները, բայց լսելի էր միայն թույլ շրշյուն՝ փոշու զանգվածում պահպանված լիցքերի պարպումն էր։ Զարմանալի ոչինչ չկա․ այդ անիծված նյութը շատ մետաղ է պարունակում ու ստեղծում է գրեթե իդեալական մի էկրան։ Այն չի անցկացնի ո՛չ ռադիոալիքներ, ո՛չ հնչյուններ․ փորձել մի որևէ բան հաղորդել այստեղից՝ միևնույն է, թե բղավես փետուրով լի ջրհորի հատակում կանգնած։
 
Պաթը փարոսին միացրեց վթարային հաճախականության մի հզոր հեղեղ, որպեսզի նա ավտոմատ կերպով աղետի ազդանշաններ ուղարկի։ Եթե հաջողվի էլ մի որևէ բան դուրս հաղորդել, միայն այս ալիքով։ Պորտ֊Ռորիսին կանչելը օգուտ չունի և, բացի այդ, նրա ապարդյուն փորձերը կարող են սոսկ տագնապ ազդել ուղևորներին։ Նա ընդունիչը թողեց միացված «Սելենի» բանուկ ալիքի վրա՝ ո՞վ գիտի, հանկարծ մեկն ու մեկը պատասխանի։ Պաթը գիտեր, որ բացառված է։ Ոչ ոք նրանց չի լսի ու ոչ ոք նրանց հետ չի խոսի։ Նրանք այնպես հիմնովին են կտրված մարդկությունից, ասես նա ամենևին գոյություն չունի։
 
Բավական է մտածել այդ մասին, նա շատ ու շատ ուրիշ գործեր ունի։ Ուշի֊ուշով նա ստուգեց սարքերի ցուցմունքները։ Ամեն ինչ կարգին էր, միայն թե խցիկում օդի ջերմաստիճանը փոքր֊ինչ բարձրացել էր։ Բայց դա նույնպես բնական է․ փոշե վերմակը նրանց պաշտպանում է տիեզերական սառնամանիքից։
 
Այդ վերմակի հաստությունն ու քաշը նավապետին մտահոգում էին հատկապես։ «Սելենի» վրա ճնշում է ինը հազար տոննա փոշի, իսկ չէ որ նրա նավիրանը հարմարեցված է ներքին, այլ ոչ թե արտաքին ճնշմանը դիմադրելու համար։ Եթե նավը չափից ավելի սուզվի, նավիրանը ձվի կեղևի նման կփշրվի։
 
Ի՞նչ խորության վրա են նրանք այժմ։ Երբ աստղալից երկնքի վերջին կտորը անհետացավ տեսողությունից, մինչև մակերեսը տասը մետր էր, սակայն փոշու նստվածք տալը «Սելենին» կարող էր ավելի խոր քաշել։ Թերևս, արժե, թեպետ դա կավելացնի թթվածնի ծախսումը՝ բարձրացնել ճնշումը ներսում և այդպիսով մասամբ համակշռել դրսինի հետ։
 
Շատ դանդաղ, որպեսզի ոչ մեկի ականջները չփակվեն ու նրա շարժումները ուշադրություն չգրավեն, Պաթ Հարրիսոնը բարձրացրեց օդի ճնշումը խցիկում քսան տոկոսով։ Դրանից հետո նրա սիրտը քիչ թեթևացավ։ Եվ ոչ միայն նրա․ հազիվ էր մանոմետրի սլաքը կանգնել նոր նշագծում, երբ մի հանդարտ ձայն նավապետի թիկունքում ասաց․
 
― Հրաշալի միտք էր։
 
Ո՞վ է, որ իր քիթը խոթում է գործերիս մեջ։ Պաթը կտրուկ շրջվեց, բայց զայրալից խոսքերը դուրս չեկան նրա բերանից։ Նստելու ժամանակ նավապետը աճապարելով՝ ուղևորների մեջ ոչ մի ծանոթ դեմք չէր նկատել, բայց և այնպես, նա հաստատ ինչ֊որ տեղ տեսել էր թիկնեղ ճերմակած այդ տղամարդուն, որ կանգնած էր այժմ նրա բազմոցի մոտ։
 
― Ես չեմ ուզում աներեսություն անել, նավապետ, դուք եք տնօրինում այստեղ։ Բայց, այնուամենայնիվ, թույլ տվեք ներկայանալ, գուցե իմ կարիքն զգաք։ Կոմոդոր Հանստե՛ն։
 
Պաթը բերանը բաց, աչքերը չռած նայում էր այն մարդուն, որը ղեկավարել էր առաջին արշավախումբը դեպի Պլուտոն և գլխավորում էր մոլորակներն ու Լուսինը նվաճողների ցանկը։ Զարմանքից ապշած՝ նա կարողացավ լոկ արտասանել․
 
― Ուղևորների ցուցակում դուք չկայի՛ք։
 
Կոմոդորը ժպտաց։
 
― Այո, ես գրանցվել եմ որպես Հանսոն։ Պաշտոնաթող վիճակում էլ չեմ կորցրել հետաքրքրությունս ճանապարհորդությունների հանդեպ, բայց հրամանատարություն թող անեն ուրիշները։ Բավական էր, որ ես սափրեի մորուքս, և արդեն ոչ ոք ինձ չի ճանաչում։
 
― Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք, ― ջերմությամբ ասաց Պաթը։
 
Կարծես ինչ֊որ մեկը թեթևացրեց իր ուսերին ծանրացած բեռը։ Հարկավ, այս մարդը թև ու թիկունք կլինի դժվարին ժամերին, կամ օրերին, որ դեռ սպասում են նրանց։
 
― Եթե դուք չեք առարկում, ― քաղաքավարի շարունակեց Հանստենը, ― կցանկանայի կշռադատել մեր հնարավորությունները։ Կամ պարզապես ասած․ ինչքա՞ն կարող ենք դիմանալ։
 
― Ինչպես միշտ, դա կախված է թթվածնից։ Մեր պաշարը կբավականացնի յոթ օր, եթե կորուստներ չլինեն։ Առայժմ, կարծես, այդպիսիք չկան։
 
― Ուրեմն, խորհելու ժամանակ կա։ Իսկ ինչպիսի՞ն է պարենի, ջրի վիճակը։
 
― Կուշտ չենք լինի, բայց սովից էլ չենք մեռնի։ Ունենք խտածոների վթարային պաշար, օդամաքրիչները մեզ կապահովեն ջրով։ Մի խոսքով դա պրոբլեմ չէ։
 
― Էլեկտրոէներգիա՞ն։
 
― Ինչքան ուզեք, չէ որ մոտորները հիմա ոչինչ չեն վատնում։
 
― Ես նկատեցի, որ դուք նույնիսկ չփորձեցիկ կանչել խարսխակայանը։
 
― Հարկ չկա, մենք պարուրված ենք փոշե էկրանով։ Ես միացրել եմ վթարային ալիքը, էկրանը թափանցելու միակ և չնչին հույսը․․․
 
― Նրանց հարկ կլինի թերևս էլի մի բան հորինել։ Ի՞նչ եք կարծում, նրանք երկա՞ր կորոնեն մեզ։
 
― Դժվար է ասել։ Որոնումները կսկսվեն, հենց որ նկատեն, որ 20.00֊ին չի ստացվել մեր ազդանշանը։ Մեր անհետացման վայրը շուտ կորոշեն։ Բայց չէ որ, անկասկած, մենք ոչ մի հետք չենք թողել մակերեսի վրա։ Դուք ինքներդ տեսաք, այդ փոշին ամեն ինչ կլանում է։ Եվ նույնիսկ եթե մեզ գտնեն էլ․․․
 
― Ինչպե՞ս կփրկեն նրանք մեզ։
 
― Իսկապես։
 
Քսանհոգանոց փոշեգնացի նավապետն ու տիեզերանավերի կոմոդորը նայում էին իրար, մտածելով միևնույն բանի մասին։ Հանկարծ ինչ֊որ մեկը՝ դատելով արտասանությունից, զտարյուն մի անգլիացի, բացականչեց՝ խլացնելով աղմուկը․
 
― Հավատացնում եմ ձեզ, միսս, որ սա առաջին կարգին թեյն է, որ խմում եմ Լուսնի վրա։ Ես արդեն մտածում էի, որ այստեղ ընդհանրապես չեն կարողանում թեյ եփել։ Ապրե՛ք։
 
Կոմոդորը մեղմ ծիծաղեց։
 
― Նա ձեզ պետք է շնորհակալ լինի, և ոչ թե ստյուարդուհուն, ― ասաց նա՝ գլխով անելով խտաչափի կողմը։
 
Պաթը ի պատասխան թույլ ժպտաց։ Ինչ ճիշտ է, ճիշտ է․ հիմա, երբ ավելացրել էր ճնշումը խցիկում, ջուրը եռում էր համարյա սովորական ջերմաստիճանում, ինչպես Երկրի վրա։ Եվ կարելի է ունենալ լավ տաք խմելիք, և ոչ թե գոլ անհամ խմիչք։ Ինչ խոսք, թեյ պատրաստելու արտառոց եղանակ է՝ ինչպես անեկդոտում, երբ խոզ խորովելու համար տուն են հրդեհում․․․
 
― Գլխավորն այն է, ― նորից միջամտեց կոմոդորը, ― թույլ չտալ, որպեսզի ուղևորները վհատվեն։ Փորձեք սիրտ տալ նրանց, պատմեցեք, թե ինչպես են ընթանում որոնումները։ Միայն թե մի չափազանցեք, այնպիսի տպավորություն մի ստեղծեք, թե չանցած մի կես ժամ, դրսից կթակեն նավիրանը։ Դա կբարդացնի կացությունը, եթե․․․ ասենք, եթե հարկ լինի սպասել մի քանի օր։
 
― Մեր փրկարար ծառայությունը նկարագրելը շատ ժամանակ չի պահանջի, ― պատասխանեց Պաթը։ ― Բայց շիտակն ասած, այն նախատեսված չէ նման դեպքերի համար։ Երբ նավը վթարի է ենթարկվում Լուսնի վրա, նրան հեշտությամբ կարելի է գտնել արբանյակներից մեկի օգնությամբ՝ «Լագրանժ-2֊ով», որը Ըրթսայդի վրա է, «Լագրանժ֊1֊ով», որը Ֆարսայդի վրա է։ Սակայն հազիվ թե նրանք օգնեն։ Ես արդեն ասացի․ չէ՞ որ հետքեր չկան։
 
― Չգիտեմ, հավատալս չի գալիս։ Երկրի վրա, երբ նավ է խորտակվում, միշտ հետքեր մնում են ջրի մակերեսի վրա․ պղպջակներ, յուղի հետքեր, բեկորներ։
 
― Այդպես է Երկրի վրա։ Խորն ենք մենք, թե ոչ՝ այստեղից մակերես ոչինչ դուրս չի գա։
 
― Մնում է միայն սպասե՞լ։
 
― Այո, ― պատասխանեց Պաթը։ Նայեց թթվածնի խտաչափին ու ավելացրեց․ ― մի բան պարզ է՝ մենք կարող ենք սպասել մեկ շաբաթից ոչ ավելի։
 
 
Լուսնի վերևում՝ հիսուն հազար կիլոմետր բարձրության վրա, Թոմ Լոուսոնը մի կողմ դրեց իր արած վերջին լուսանկարը։ Նա խոշորացույցով զննեց պատկերների յուրաքանչյուր քառակուսի միլիմետրը։ Նկարները հիանալի են։ Պատկերման էլեկտրոնային ուժեղացուցիչը, որ միլիոնավոր անգամ զգայուն է մարդու աչքից, բոլոր մանրամասները երևան էր բերել այնպիսի հստակությամբ, ասես հարթության վրա արդեն ծագել էր արևը։ Լոուսոնը նույնիսկ գտավ փոշեսահնակներից մեկը, ավելի ճիշտ, նրա երկար ստվերը։ Բայց «Սելենի» հետքն անգամ չէր երևում․․․ Ծովն այնքան հարթ ու խաղաղ էր, ինչպես մինչև Լուսնի վրա մարդու հայտնվելը։ Հավանաբար, նա այդպիսին կլինի նաև մարդկանց չքացումից բազում դարեր անց։
 
Թոմը չէր սիրում իրեն պարտված ճանաչել, նույնիսկ շատ ավելի պակաս լուրջ հարցերում։ Նա հաստատ հավատում էր, որ կարելի է լուծել ուզածդ խնդիրը, հարկավոր է միայն ճիշտ ձեռնարկել ու ստույգ միջոցների դիմել։ Գիտնականի ինքնասիրությունը վիրավորված էր․ որ խոսքը բազմաթիվ մարդկանց կյանքի մասին էր, նրան գրեթե չէր հուզում։ Լոուսոնին մարդիկ քիչ էին հետաքրքրում, բայց տիեզերքը նա հարգում էր։ Ու նրա ու տիեզերքի միջև մի տեսակ մենամարտ էր գնում։
 
Մանրախնդրորեն ու անվրդով նա գնահատեց իրադրությունը։ Իսկ ինչպե՞ս կմոտենար այդ հարցին մեծ Հոլմսը (Թոմի համար տիպական էր․ միակ մարդը, որին նա հիրավի հարգում էր, երբեք գոյություն չէր ունեցել)։ «Սելենը» բաց ծովում չկար, միայն մի հնարավորություն էր մնում։ Աղետը պատահել է ափից ոչ հեռու, կամ լեռների մոտ մի ինչ֊որ տեղ։ Ավելի շուտ այն շրջանում, որ հայտնի է (նա նայեց քարտեզին) Խառնարանային լիճ անունով։ Այո, ամեն ինչ վկայում է այն մասին, որ վթարանքը պատահել է այստեղ․ այլ ոչ հարթ, որևէ խոչընդոտից զուրկ տափարակի վրա։
 
Թոմ Լոուսոնը վերստին աչքի անցկացրեց լուսանկարները, մանրամասն զննելով լեռները։ Ու իսկույն հանդիպեց նոր դժվարության։ Ծովի եզերքին ցցված էին տասնյակ անջատ֊անջատ ինչ֊որ զանգվածներ, և նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել կորած փոշեգնացը։ Բայց որ ամենավատթարն էր՝ շատ վայրամասեր նա, ինչպես հարկն էր, չկարողացավ դիտել․ լեռները խանգարում էին։ «Լագրանժից» Լուսինը գնդաձև էր, և հեռանկարը խիստ աղավաղված։ Լեռների երեսից Խառնարանային լիճը նա ընդհանրապես չտեսավ։ Թոմին չէր փրկում նաև այն, որ նա սավառնում էր հսկայական բարձրության վրա․ միայն փոշեսահնակները կարող են հետազոտել այդ շրջանը։
 
Հարկավոր է կապվել Ըրթսայդի հետ և զեկուցել, թե ինչ է արված արդեն։
 
― Խոսում է Լոուսոնը, «Լանգրան֊2֊ը», ― սկսեց նա, երբ կապի հանգույցը նրան միացրեց ցանցին։ ― Ես հետախուզեցի Ծարավի ծովը, հարթավայրի վրա ոչինչ չկա։ Ըստ երևույթին, ձեր նավը ծանծաղուտի մեջ է խրվել ափի մոտ։
 
― Շնորհակալություն, ― արտասանեց մի ընկճված ձայն։ ― Դուք հավատացա՞ծ եք։
 
― Միանգամա՛յն։ Ես զանազանում եմ ձեր փոշեսահնակները, իսկ նրանք չորս անգամ փոքր են «Սելենից»։
 
― Նշմարելի որևէ բան կա՞ ծովի ափերի մոտ։
 
― Չափազանց շատ են մանրուքները, որոշակի ոչինչ չի կարելի ասել։ Տեսնում եմ «Սելենի» մեծության հիսուն, հարյուր առարկաներ։ Այժմ գիշեր է այնտեղ, մի մոռացեք։
 
― Մենք շատ շնորհակալ ենք օգնության համար։ Մի որևէ բան նկատելուն պես, հաղորդեցեք։
 
― Կլավիում «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետը տխուր լսում էր Լոուսոնի զեկույցը։ Ինչ արած, ժամանակն է հայտնել մոտիկ ազգականներին․․․ Այլևս անիմաստ է պահել գաղտնիքը, ասենք պարզապես հնարավոր էլ չէ։
 
Դիմելով ՎՓ֊ի գծով հերթապահին, նա հարցրեց․
 
― Ուղևորների ցուցակն ստացվե՞ է։
 
― Հենց հիմա տելեֆաքսով հաղորդում են Պորտ֊Ռորիսից։ Պատրա՛ստ է։ ― Հերթապահը Դևիսին մեկնեց նեղ ժապավենը։ ― Կարևոր մարդ կա՞ նավում։
 
― Բոլոր ուղևորներն էլ հավասարապես կարևոր են, ― սառը պատասխանեց գրասենյակի պետը, առանց գլուխը բարձրացնելու։ Ու անմիջապես բացականչեց․ ― Տե՜ր աստված։
 
― Ի՞նչ պատահեց։
 
― Կոմոդոր Հանստենը «Սելենի» վրա է։
 
― Հանստե՞նը։ Ես չգիտեի, որ նա Լուսնի վրա է։
 
 
― Մենք գաղտնի էինք պահում։ Մտածում էինք նրան ներգրավել «Լուսնաշրջիկի» գործունեության մեջ, միևնույն է նա ծառայության մեջ չէ։ Կոմոդորը պատասխանեց, որ սկզբում կցանկանար շրջապատի հետ ծանոթանալ, և անպայման ծպտյալ։
 
Նրանք լռեցին, խորհելով բախտի քմահաճույքի մասին։ Տիեզերքի մեծագույն հերոսներից մեկը՝ և ահա, կորել է անհայտ, ինչպես շարքային զբոսաշրջիկը հիմար վթարի ժամանակ Երկրի կորած֊մոլորած անկյունում․․․
 
― Դժբախտություն էր այս ճանապարհորդությունը կոմոդորի համար, ― արտասանեց վերջապես հերթապահը։ ― Կամ բարեբախտություն մյուս ուղևորների համար։ Եթե նրանք դեռևս կենդանի են։
 
― Ճիշտ այդպես․ այժմ, երբ աստղադիտարանը, գլուխ չհանեց, նրանց միայն բախտը կփրկի, ― ասաց Դևիսը։
 
Բայց նա շտապում էր բանի տեղ չդնել «Լագրանժ֊2֊ին», դոկտոր Թոմ Լոուսոնը դեռևս իր չբացված խաղաթղթերն ուներ։
 
Այդպիսիք ուներ նաև ճիզվիտական ընկերության անդամ, վերապատվելի Վինսենտ Ֆերրարոն, բոլորովին այլ խառնվածքի մի գիտնական։ Ափսո՜ս, որ նրան ու Թոմ Լոուսոնին բախտ չի վիճակվի հանդիպելու՝ կստացվեր մի հիանալի հրախաղություն։ Հայր Ֆերրարոն հավատում էր աստծուն ու մարդուն, դոկտոր Լոուսոնը չէր հավատում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին։
 
Վինսենտ Ֆերրարոն իր գիտական կարիերան սկսեց որպես գեոֆիզիկոս, այնուհետև մի աշխարհը փոխարինեց մեկ ուրիշով ու դարձավ սելենոֆիզիկոս․ բայց այդ կոչումը նա հիշում էր միայն այն ժամանակ, երբ դառնում էր վարժապետ։ Լուսնի ընդերքի մասին ոչ ոք այնքան բան չգիտեր, որքան նա․ այդ գիտելիքները ձեռք բերելու գործում Ֆերրարոյին օգնում էին այն բազմաթիվ սարքավորումները, որոնք հնարամտորեն տեղաբաշխված էին Երկրի հավերժական արբանյակի մակերևույթով մեկ։
 
Այդ սարքավորումները շատ հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին նրան․ Գրինվիչի ժամանակով 19 ժամ 35 րոպե 47 վայրկյանին Ծիածանի ծովախորշի շրջանում տեղի ունեցավ ուժեց ցնցում։ Տարօրինակ է՝ անվրդով Լուսնի այդ մարզը մինչ այժմ հատկապես կայուն էր համարվում։ Ֆերրարոն իր հաշվիչ մեքենաներին հանձնարարություն տվեց ճշտել, թե որտեղ է գտնվում տեղաշարժության օջախը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք սարքերը չեն գրանցել այլ խոտորումներ։ Ապա գնաց ճաշարան․ այդտեղ էլ հենց նա իր պաշտոնակիցներից լսեց, որ կորել է «Սելենը»։
 
Հաշվիչ ոչ մի մեքենա չի կարող համեմատվել մարդկային ուղեղի հետ, երբ հարկավոր է կապակցել կարծես ամենևին անկախ փաստերը։ Վինսենտ Ֆերրարոն առաջին պատառը դեռ կուլ չտված, երկուսը բազմապատկեց երկուսով ու ստացավ միանգամայն հավանական, բայց ավա՜ղ, ոչ ճիշտ պատասխանը։
Ադմին, Վստահելի
1876
edits