Վաղուց էր դա, այդ ամենը հիմա երազիս է գալիս, երազի պես է։ Հիշում եմ, ինչպես մտա բանտ։ Երեկո էր, դեկտեմբեր ամսին։ Արդեն մթնում էր, մարդիկ վերադառնում էին աշխատանքից, պատրաստվում ստուգման։ Բեղավոր ենթասպան վերջապես բացեց այդ տարօրինակ տան դուռը, ուր պիտի մնայի այնքա՜ն տարի, կրեի բազում այնպիսի՜ զգացողություններ, որոնց մասին, իսկականից չապրելով դրանք, նույնիսկ մոտավոր ըմբռնում ունենալ չէի կարող։ Օրինակ, ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ մի սարսափելի և տանջալի բան կա, որ իմ տաժանակրության բոլոր տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ, ոչ մի րոպե մենակ չեմ լինելու։ Գործատեղում միշտ հսկողության տակ, տանը՝ երկու հարյուր ընկերների հետ և ոչ մի անգամ, ոչ մի անգամ՝ մենակ։ Ասենք, մենակ դրա՞ն պիտի ընտելանայի։
Այստեղ կային մարդասպաններ՝ դիպվածով և մարդասպաններ՝ արհեստով, ավազակներ ու ավազակների պարագլուխներ։ Կային պարզապես խաբեբաներ և շրջմոլիկներ՝ հարամ փողերով ու վաշխառությամբ գործ անողներ։ Կային և այնպիսիք, ում մասին դժվար էր որոշել, թե տեսնես՝ ինչի՞ համար կարող էին ընկնել այստեղ։ Այնինչ, ամեն մեկն ուներ իր պատմությունը՝ խառնիխուռն և ծանր, ինչպես երեկվա հարբածության մրուրը։ Ընդհանրապես, իրենց անցյալի մասին նրանք քիչ էին խոսում, չէին սիրում պատմել և հավանորեն, ջանում էին չմտածել անցածի մասին։ Նրանց մեջ ես գիտեի նույնիսկ մարդասպանների՝ այնքան ուրախ, այնքան երբեք չմտորող, որ կարելի էր գրազ գալ, որ նրանց խիղճը երբեք և ոչ մի խայթ չի զգացել։ Սակայն կային նաև մռայլադեմներ, համարյա միշտ լուռումունջ։ Ընդհանրապես, իր կյանքը հազվադեպ որևէ մեկը պատմեր, և հետաքրքրասիրությունն ընդունված չէր, մի տեսակ սովորության մեջ չէր, հարգի չէր։ Թերես հազվադեպ, մեկնումեկը խոսք բացեր՝ անգործությունից, իսկ մյուսը սառնարյուն ու մռայլված լսեր։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չէր կարող զարմացնել։ «Մենք գրագետ ժողովուրդ ենք»,— ասում էին նրանք հաճախ, մի տեսակ տարօրինակ ինքնագոհությամբ։ Հիշում եմ, ինչպես մի անգամ մի ավազակ, գինովցած (աքսորում երբեմն կարելի էր և հարբել), սկսեց պատմել, թե ինչպես է սպանել հնգամյա մի տղեկի, ինչպես է սկզբում խաբել խաղալիքով, ապա տարել մի դատարկ մարագ, այնտեղ էլ մորթել։ Ամբողջ բանտասենյակը, որ մինչ այդ խնդում էր նրա կատակների վրա, մի մարդու պես բղավեց, և ավազակը ստիպված էր լռել։ Զայրույթից չէ, որ գոռաց բանտասենյակը, այլ որովհետև ''պետք չէր'' խոսել ''դրա մասին'', քանի որ ''դրա մասին'' խոսել ընդունված չէր։ Իմիջիայլոց, նշեմ, որ այդ ժողովուրդն իսկապես գրագետ էր և նույնիսկ ոչ փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով։ Հավանորեն, նրանց կեսից ավելին կարող էր կարդալ ու դրել։ Ուիիշ գրել։ Ուրիշ որտե՞ղ, ուր ռուս ժողովուրդր խմբվում է հոծ զանգվածներով, կառանձնացնեք երկու հարյուր հիսուն հոգանոց խումբ, որի կեսը գրագետ է։ Լսեցի հետագայում, թե ինչ-որ մեկն այդպիսի տվյալներից սկսել է հետևություններ անել, որ գրագիտությունը կործանում է ժողովրդին։ Սխալ է. միանգամայն ուրիշ են պատճառները, թեև չի կարելի չհամաձայնել, որ գրագիտությունը Ժողովրդի մեջ ինքնավստահություն է զարգացնում։ Սակայն չէ որ թերություն չէ դա ամենևին։ Բոլոր կարգերը զանազանվում էին հագուստով․ ոմանց բաճկոնների կեսը մուգ դարչնագույն էր, իսկ մյուս կեսը՝ մոխրագույն, նույնը՝ շալվարները. մի ոտքը մոխրագույն, մյուսը դարչնագույն։ Մի անգամ գործատեղում, կալանավորներին մոտեցած կալաչ ծախող աղջնակը երկար զննում էր ինձ, հետո հանկարծ քրքհաց. «Փո՛ւհ, ի՜նչ գեշ է,— ղժղժում էր նա,— ոչ մոխրագույն մահուդն է հերիքել, ոչ՝ սևը»։ Կային և այնպիսիք, ում բաճկոնն ամբողջ մոխրագույն մահուդից էր, միայն թևքերն էին մուգ դարչնագույն։ Գլուխն էլ էին խուզում տարբեր ձևերով. ոմանց գլխի կեսը խուզված էր գանգի առջևից ետ, մյուսներինը՝ կողքից կողք։
Առաջին հայացքից կարելի էր նկատել որոշ ցայտուն ընդհանրություն այդ համակ օտարոտի ընտանիքում։ Նույնիսկ ամենաթափով, ամենաինքնօրինակ անհատականությունները, որոնք ակամա իշխում էին ուրիշների վրա, նրանք էլ էին ջանում ընկնել ամբողջ բանտի ընդհանուր եղանակի մեջ։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ այդ ամբողջ ժողովուրդը, բացառությամբ սակավաթիվ որոշ անսպառ-զվարթաբարո մարդկանց, ինչի համար էլ համընդհանուր արհամարհանքի արժանացած, խոժոռադեմ էին, քինոտ, ահավոր սնափառ, պարծենկոտ, նեղացկոտ և ծայրաստիճան ձևապաշտ։ Ոչնչից չզարմանալու ընդունակությունը մեծագույն առաքինություն էր։ Բոլորը խելքները թռցրած էին արտաքնապես իրենց զսպելու վրա։ Սակայն հաճախ ամենագոռոզ տեսքը կայծակի արագությամբ փոխարինվում էր ամենափոքրոգիի։ Կային մի քանի իսկապես ուժեղ մարդիկ, որոնք պարզհոգի էին և ձևեր չէին թափում։ Բայց տարօրինակ մի բան. իսկապես ուժեղ այդ մարդկանցից մի քանիսը սնափառ էին՝ վերին աստիճանի, համարյա հիվանդության աստիճան։ Ընդհանրապես, սնափառությունը, արտաքինն առաջին պլանում էին։ Մեծամասնությունն այլասերված էր և ահավոր ապականված։ Բամբասանքն ու ասեկոսեներն անընդմեջ էին՝ դժոխք էր դա, անթափանց խավար։ Սակայն բանտի ներքին կանոնների և ընդունված սովորույթների դեմ ոչ ոք չէր համարձակվում ըրնդվզել, բոլորն էին ենթարկվում։ Խիստ արտահայտված բնավորություններ էին լինում, դժվարությամբ, ճիգով ենթարկվող, բայց և այնպես ենթարկվում էին։ Բանտ էին գալիս և այնպիսիք, որոնք այլևս լրիվ դուրս էին չափ ու սահմանից, դրսում անչափ շատ էին խախտած ամեն ինչ, այնպես որ կարծես ոչ ինքըստինքյան, կարծես չիմանալով ինչու, իրենց հանցանքներն էլ վերջում գործել էին կարծես զառանցանքի մեջ, մշուշված վիճակում՝ հաճախ ծայրաստիճան բորբոքված սնափառությունից։ Սակայն մեզ մոտ նրանց անմիջապես տեղն էին դնում, չնայած ոմանք, նախքան բանտ մտնելը, ամբողջ գյուղերի և քաղաքների սարսափն էին։ Չորսդին նայելով, նորեկը շուտով նկատում էր, որ իր իմացած տեղը չէ, որ այստեղ արդեն ոչ մեկին չես զարմացնի, և աննկատելիորեն զգաստանում էր ու ընդհանուր տոնը բռնում։ Այդ ընդհանուր տոնն արտաքնապես կազմվում էր ինչ֊որ առանձնահատուկ սեփական արժանապատվությունից, որով տոգորված էր բանտի համարյա յուրաքանչյուր բնակիչ։ Ճիշտ, կարծես իրականում, տաժանապարտի, դատապարտյալի կոչումը դառնում էր որևիցե մի աստիճան, այն էլ դեռ պատվավոր։ Ամոթի կամ զղջման և ոչ մի դրսևորում։ Իմիջիայլոց, ինչ֊որ մի արտաքին խոնարհություն էլ կար, այսպես ասած՝ պաշտոնական, մի տեսակ հանդարտ խրատաբանություն։ «Մենք կործանված մարդիկ ենք,— ասում էին նրանք,— չկարողացար ազատ ապրել, հիմա բեռդ քաշիր, օրերդ հաշվիր»։ «Չլսեցիր ծնող հորդ ու մորդ, հիմա թմբուկի ձայնը լսիր»։ «Չուզեցար հագնել ոսկեկար, հիմա մուրճդ առ, ջարդիր քար»։ Այս ամենն ասվում էր հաճախ, որպես խրատ և սովորական առակների և ասացվածքների ձևով, բայց երբեք լրջորեն։ Այդ ամենը սոսկ խոսք էր։ Հազիվ թե գոնե մեկնումեկը ներքուստ խոստովաներ իր անօրենությունը։ Ոչ տաժանապարտներից մեկնումեկը թող փորձեր կշտամբել կալանավորին՝ գործած հանցանքի համար, նախատել նրան (թեև, իմիջիայլոց, ռուսական ոգուն հարիր չէ նախատել հանցագործին), հայհոյանքներին վերջ չէր լինի։ Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։ Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։ Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։
«Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին, ուստիև բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։ Մի տեսակ ակամա հարգում էին նրանց, իսկ իրենց կողմից, թեև հաճախ ու շատ էին խանդոտ իրենց փառքի նկատմամբ, սակայն ընդհանրապես աշխատում էին ուրիշներին նեղություն չտալ, փուչ վեճուկռվի չէին բռնվում, իրենց պահում էին անսովոր արժանապատվությամբ, կշռադատ էին և համարյա մշտապես հնազանդ ղեկավարությանը՝ ոչ հնազանդության սկզբունքից, ոչ պարտականությունների գիտակցումից, այլ այնպես, կարծես ինչ֊որ պայմանագրով, փոխադարձ օգուտն երը օգուտները գիտակցելով։ Իմիջիայլոց, նրանց հետ էլ զդուշորեն էին վարվում։ Հիշում եմ, ինչպես նման կալանավորներից մեկին՝ անվախ ու վճռական, իր գազանային հակումներով ղեկավարությանը հայտնի մի մարդու, մի անգամ կանչեցին պատիժը կրելու ինչ֊որ հանցանքի համար։ Ամառ օր էր, ոչ աշխատանքային։ Շտաբ-սպան, բանտի ամենամերձ և ամենաանմիջական պետը, ինքն էր եկել կորդեգարդիա, որն ուղիղ մեր դարպասի մոտ էր, ներկա գտնվելու պատժին։ Այդ մայորը մի տեսակ ճակատագրական էակ էր կալանավորների համար, նրանց հասցրել էր այն վիճակին, որ սարսռում էին իրենից։ Խելագարության աստիճան խիստ էր, «վրա էր պրծնում մարդկանց», ինչպես ասում էին տաժանապարտները։ Ամենից ավելի սարսափում էին նրա թափանցող, լուսանային հայացքից, որից ոչինչ չէր լինի թաքցնել։ Նա տեսնում էր մի տեսակ առանց նայելու։ Բանտ մտնելով, արդեն գիտեր, թե ինչ է կատարվում հակառակ ծայրին։ Կալանավորները նրան կոչում էին ութաչքանի։ Նրա որդեգրած կարգը խաբուսիկ էր։ Նա միայն չարացնում էր արգեն արդեն չարացած մարդկանց իր կատաղի, չարամիտ արարքներով, և եթե նրանից վեր չլիներ պարետը՝ վեհանձն ու կշռադատ, ենթակայի վայրի արարմունքները զսպող մեկը, ապա իր կառավարմամբ նա մեծ փորձանքների կհանգեցներ։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր նա բարեհաջող ավարտել․ պաշտոնաթող եղավ ողջ և առողջ, թեև, իմիջիայլոց, դատի տրվեց։
Կալանավորր Կալանավորը գունատվեց, երբ նրան կանչեցին։ Սովորաբար, նա լուռ և վճռական պառկում էր ճիպոտահարվելու, լուռ դիմանում էր պատժին ու դրանից հետո ոտքի ելնում գզգզվածի պես, սառնարյուն և փիլիսոփայորեն նայելով կատարված փորձանքին։ Ի դեպ, նրա հետ միշտ զգուշորեն էին վարվում։ Բայց այս անգամ, չգիտես ինչու, իրեն արդար էր համարում։ Նա գունատվեց, և պահակներից ծածուկ, հասցրեց թևքի մեջ մտցնել կոշկակարի անգլիական սուր գանակը։ դանակը։ Դանակներ ու ամեն տեսակի սուր գործիքներ խստիվ արգելված էին բանտում։ Խուզարկությունները հաճախակի էին և բավականին լուրջ, պատիժները՝ դաժան։ Բայց քանի որ դժվար է գողի մոտ որևէ բան գտնել, երբ նա առանձնապես որոշել է ինչ֊որ բան թաքցնել, և քանի որ դանակներն ու գործիքները մշտապես անհրաժեշտ էին բանտում, ապա չնայած խուզարկություններին, դրանք չէին վերանում։ Իսկ եթե վերցնում էլ էին, ապա անմիջապես նորերն էին հայտնվում։ Ամբողջ կալանավայրը խռնվել էր ցանկապատի մոտ և խանձացցերի արանքներից նայում էր՝ շունչը պահած։ Բոլորը գիտեին, որ Պետրովն այս անգամ չի ուզենա պառկել ճիպոտների տակ, և որ մայորի վերջն եկել է։ Բայց ամենավճռական պահին մեր մայորը նստեց կառքն ու հեռացավ՝ պատժի ի կատար ածումը հանձնարարելով մեկ ուրիշ սպայի։ «Աստված փրկեց»,— հետո ասում էին կալանավորները։ Իսկ ինչ վերաբերում է Պետրովին, նա շատ հանգիստ դիմացավ պատժին։ Նրա զայրույթը չքացավ մայորի գնալուն պես։ Կալանավորը հլու և հնազանդ է մինչև որոշակի աստիճան, բայց կա մի սահման, որը պետք չէ անցնել։ Իմիջիայլոց, ավելի հետաքրքրական ոչինչ չի կարող լինել անհնազանդության և ընդվզման այդ արտառոց պոռթկումներից։ Հաճախ մարդը հանդուրժում է մի քանի տարի, հնազանդվում է, կրում դաժանագույն պատիժներ ու հանկարծակի պոռթկում մի փոքր, դատարկ բանի վրա, համարյա թե հենց այնպես։ Ուրիշ հայացքով, կարելի է դա նույնիսկ խելագարություն կոչել, այդպես էլ անում են։
Արդեն ասել եմ, որ տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ չեմ տեսել ոչ զղջման նվազագույն արտահայտություն, ոչ ծանր մտորումների հատիկ՝ իրենց գործած հանցանքի շուրջ և որ նրանց մեծ մասն իրեն ներքուստ միանգամայն արդար է համարում։ Դա փաստ է։ Հարկավ, սնափառությունը, վատ օրինակները, կտրիճությունը, կեղծ ամոթը մեծապես պատճառ են դրան։ Մյուս կողմից, ո՞վ կարող է ասել, թե պեղել է այդ տարաբախտ սրտերի խորքը և կարդացել այնտեղ մի խորհրդավոր բան համակ աշխարհից։ Սակայն չէ որ կարելի էր այդքան տարիների ընթացքում գեթ մի բան նկատել, բռնել, որսալ այդ սրտերում, գեթ որևէ մի գիծ, որ կվկայեր ներքին տրտմություն, տառապանք։ Բայց դա չկար, ամենևին չկար։ Այո, հանցագործությունը կարծեմ թե չի կարող իմաստավորվել տվյալ, պատրաստի տեսակետներից, և դրա փիլիսոփայությունը որոշակի չափով ավելի դժվարին է, քան ենթադրում են։ Անշուշտ, բանտերը և հարկադիր աշխատանքի համակարգը չեն ուղղում հանցագործին, դրանք սոսկ պատժում են և ապահովում հասարակության հանգստությունը՝ չարագործի հետագա ոտնձգություններից։ Իսկ հանցագործի մեջ բանտը և ամենախստացրած տաժանակիր աշխատանքը զարգացնում են սոսկ ատելություն, արգելված վայելքների ծարավ ու ահավոր թեթև ամտություն։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։ Իհարկե, հասարակության դեմ ելած հանցագործն ատում է նրան, միշտ իրեն է արդարացի համարում, իսկ հասարակությանը՝ մեղավոր։ Բացի դրանից, նա արդեն պատիժ կրել է հասարակության կողմից, իսկ համարում է իրեն դրանից մաքրված, հաշիվը փակած։ Վերջապես, նման տեսակետներով կարելի է դատել, թե համարյա ստիպված ես արդարացնել հանցագործին։ Սակայն, չնայած հնարավոր բոլոր տեսակետներին, յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ կան հանցանքներ, որոնք միշտ և ամենուրեք, ամենատարբեր օրենքներով, աշխարհի սկզբից իսկ համարվում են աներկբա հանցանքներ և այդպիսին կհամարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է մնում։ Միայն բանտում ես լսեցի պատմություններ ամենազարհուրելի, ամենաանբնական արարքների մասին, ամենահրեշավոր սպանությունների մասին՝ պատմված ամենաանզուսպ, ամենամանկական զվարթ ծիծաղով։ Հիշողությանս մեջ հատկապես մնացել է մի հայրասպան։ Ազնվականներից էր, ծառայում էր և իր վաթսունամյա հոր մի տեսակ անառակ որդին էր։ Կատարյալ անբարո վարք ուներ, խրվել էր պարտքերի մեջ։ Հայրը սահմանափակում էր նրան, հորդորում, սակայն հայրը տուն ուներ, ագարակ, ենթադրվում էր՝ փող, և... որդին սպանել էր նրան, ժառանգության ծարավով։ Հանցանքը բացահայտվել էր միայն մեկ ամիս անց։ Մարդասպանն ինքն էր հայտնել ոստիկանությանը, որ հայրն անհետացել է՝ չգիտեն որտեղ։ Ամբողջ այդ ամիս իրեն պահել էր անչափ անառակավարի։ Վերջապես, նրա բացակայությամբ, ոստիկանությունը գտել էր դիակը։ Բակում, ամբողջ երկայնքով, աղտեղությունների հեռացման համար առու կար՝ տախտակներով ծածկված։ Մարմինն այդ առվի մեջ էր։ Հագցված, պատրաստված էր, ալեհեր գլուխը լրիվ կտրած ու դրված մարմնի վրա, իսկ գլխի տակ մարդասպանը բարձ էր դրել։ Նա չէր խոստովանել, զրկվել էր ազնվականությունից, աստիճանից և տաժանակրության ուղարկվել քսան տարով։ Ամբողջ Ժամանակ, ինչքան ապրեցի նրա հետ, շատ հիանալի և զվարթ հոգեվիճակի մեջ էր։ Երեսառած, թեթևամիտ, վերին աստիճանի անկշռադատ մարդ էր, թեև ամենևին ոչ անխելք։ Նրա մեջ երբեք չեմ նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Կալանավորներն արհամարհում էին նրան ոչ թե հանցանքի պատճառով, որի մասին խոսք իսկ չկար, այլ որովհետև իրեն պահել չէր կարողանում։ Խոսքի մեջ հանկարծ կհիշեր հորը։ Մի անգամ, ինձ հետ խոսելով իրենց ընտանիքում ժառանգական առողջ կազմվածքի մասին, ավելացրեց. «Ահա, ''իմ ծնող հայրն'', օրինակ, մինչև մեռնելը, չի բողոքել որևէ մի հիվանդությունից»։ Այդպիսի գազանային անզգայնություն, անշուշտ, հնարավոր չէ։ Ֆենոմեն է սա, կառուցվածքի որևիցե արատ, մարմնական և հոգեկան ինչ-որ այլանդակություն՝ դեռևս անհայտ գիտությանը, և ոչ թե սովորական հանցանք։ Իհարկե, ես չէի հավատում այդ հանցագործությանը։ Բայց նրա համաքաղաքացիները, ովքեր պիտի իմանային նրա պատմության բոլոր մանրուքները, ինձ պատմեցին ամբողջ գործը։ Փաստերն այնքան էին հստակ, որ անհնար էր չհավատալ։
Պետական տաժանակիր ճորտական աշխատանքը զբաղմունք չէր, այլ պարտականություն. կալանավորն աշխատում-լրացնում էր իր կետարքը, կամ լրացնում աշխատանքի՝ օրենքով սահմանված ժամերը և ետ էր գալիս բանտ։ Աշխատանքին նայում էին ատելությամբ։ Առանց իր առանձնահատուկ, սեփական զբաղմունքի, որին կնվիրվեր ամբողջ մտքով, իր համակ հաշվարկով, մարդը բանտում ապրել չէր կարող։ Եվ էլ ի՞նչ եղանակով այդ ամբողջ բազմությունը՝ զարգացած, եռանդով ապրած և ապրել կամեցող, բռնությամբ կիտված այստեղ, բռնությամբ կտրված հասարակությունից և նորմալ կյանքից, կարող էր համակերպվել այստեղ կանոնավոր և նորմալ, իր կամքով և ցանկությամբ։
Միայն պարապությունից այստեղ նրա մեջ կզարգանային այնպիսի հանցավոր հատկություններ, որոնց մասին նախկինում պատկերացում իսկ չուներ։ Առանց աշխատանքի և առանց օրինական, նորմալ սեփականության, մարդը չի կարող ապրել, կայլասերվի, կվերածվի գազանի։ Դրա համար էլ բանտում ամեն ոք, ի հետևանք բնական պահանջմունքի և ինքնապահպանման ինչ-որ զգացմունքի, ուներ իր արհեստն ու զբաղմունքը։ Ամռան երկար օրը համարյա ծայրեծայր լցված էր պետական աշխատանքով, կարճ գիշերին հազիվ հասցնում էին քուններն առնել։ Բայց ձմռանն, ըստ կանոնագրքի, մթնշաղն ընկնելուն պես կալանավորը պիտի փակվեր բանտում։ Իսկ ի՞նչ անել ձմռան երեկոյի երկար ու ձիգ, տաղտուկ ժամերին։ Այդ պատճառով էլ համարյա յուրաքանչյուր բանտասենյակ, չնայած արգելքին, վերածվում էր հսկայական արհեստանոցի։ Որպես այդպիսին՝ աշխատանքը, զբաղմունքն արգելված չէին, սակայն խստիվ արգելված էր բանտում, իր մոտ գործիքներ ունենալ, իսկ առանց դրանց, գործ անել չէր լինի։ Սակայն սուսուփուս աշխատում էին, և թվում է, ղեկավարությունը որոշ դեպքերում շատ աչալուրջ չէր հետևում դրան։ Շատ կալանավորներ բանտ էին գալիս՝ ոչինչ չգիտենալով, բայց սովորում էին մյուսներից և հետո ազատվում որպես լավ արհեստավորներ։ Այստեղ կային թե սապոգ ու ոտնաման կտրուղներ, թե դերձակներ, թե ատաղձագործներ ու փականագործներ, դրվագողներ, ոսկերիչներ։ Մի հրեա կար՝ Իսայ Բումշտեյնը, ոսկերիչ էր, միաժամանակ և վաշխառու։ Բոլորն էլ աշխատում էին և քիչումիչ վաստակում։ Աշխատանքի պատվերներ ձեռք էին բերվում քաղաքից։ Փողը կոփածո ազատություն է, ուստի ազատությունից կատարելապես զրկված մարդու համար, դա տասնապատիկ թանկ էր։ Եթե միայն փող էր զնգզնգում գրպանում, կալանավորն արդեն կիսով չափ սփոփված էր, թեև չէր կարող ծախսել։ Սակայն փողը միշտ և ամենուրեք կարելի է ծախսել, առավել ևս, որ արգելված պտուղը կրկնակի քաղցր է։ Իսկ տաժանավայրում նույնիսկ խմիչք կարելի էր ունենալ։ Ծխամորճերը խստագույնս արգելված էին, բայց բոլորր ծխում էին։ Փողը եւ ծխախոտը փրկում էին լնդաախտից և ուրիշ հիվանդություններից։ Իսկ աշխատանքը փրկում էր հանցանքներից, առանց աշխատանքի կալանավորները կուտեին միմյանց, ինչպես սարդերն ապակյա ամանի մեջ։ Չնայած դրան՝ թե աշխատանքը, թե փողն արգելված էին։ Հաճախ հանկարծակի խուզարկություններ էին արվում գիշերով, արգելված ամեն ինչ խլում էին, ու ինչպես էլ թաքցված լիներ փողը, այնուամենայնիվ, երբեմն ընկնում էր խուզարկուների ձեռքը։ Մասամբ ահա թե ինչու փողը չէին հավաքում, այլ շուտափույթ խմելու տալիս, ահա թե ինչու բանտում խմիչք էլ կար։ Ամեն խուզարկությունից հետո, մեղավորը, բացի որ զրկվում էր ամբողջ ունեցվածքից, սովորաբար պատժվում էլ էր ցավաշատ։ Սակայն, ամեն խուզարկությունից հետո, տեղնուտեղը լրացվում էր պակասը, անհապաղ ձեռք էին բերվում նոր իրեր, և ամեն ինչ ընթանում էր հնի պես։ Թե՛ ղեկավարությունը դիտեր դա, թե՛ կալանավորները չէին տրտնջում պատիժներից, թեև այդպիսի կյանքը նման էր Վեզուվի վրա բնակայթյուն բնակություն հաստատածների կյանքին։
Ով արհեստ չուներ, գործում էր այլ կերպ։ Բավական ինքնօրինակ միջոցներ կային։ Օրինակ, ոմանք զբաղվում էին միայն վերավաճառքով, իսկ երբեմն վաճառվում էին այնպիսի իրեր, որոնք բանտի պատերից դուրս, մեկնումեկի մտքով իսկ չէր անցնի ոչ միայն գնել ու վաճառել դրանք, այլև իր համարել։ Սակայն տաժանավայրը շատ էր չքավոր և չափազանց արդյունաբերող։ Վերջին լաթը գին ուներ և մի տեղ բանեցվում էր։ Հենց չքավորության պատճառով էլ փողը բանտում միանգամայն ուրիշ արժեք ուներ, քան դրսում։ Մեծ ու բարդ աշխատանքի դիմաց գռոշներ էին վճարում։ Ոմանք հաջողությամբ վաշխառություն էին անում։ Ունեցածը վատնած կամ սնանկացած կալանավորն իր վերջին իրերը կտաներ վաշխառուի մոտ և մի քանի պղնձադրամ կստանար նրանից՝ սարսափելի տոկոսով։ Եթե ժամանակին ետ չգներ, այդ իրերն անհապաղ և անողոքաբար կծախվեին։ Վաշխառությունն այնպես էր ծաղկել, որ գրավ էին ընդունում նույնիսկ պետական, հսկվող բաները, այն է՝ բանտի սպիտակեղեն, կոշիկ կտրելու հումք և այլն, իրեր, որոնք կալանավորին պետք էին ամեն պահի։ Սակայն նման գրավների դեպքում պատահում էր նաև գործի մեկ ուրիշ շրջվածք, ի դեպ, ոչ լրիվ անսպասելի. գրավ դրած և փողն ստացածն իսկույն գնում էր ավագ ենթասպայի՝ բանտի ամենամերձ պետի մոտ, մատնում հսկվող իրերը գրավ վերցնելու մասին, և դրանք տեղնուտեղը վաշխառուից ետ էին խլվում, նույնիսկ առանց վերադաս ղեկավարությանը զեկուցելու։ Հետաքրքրական է, որ այդ դեպքում երբեմն նույնիսկ վեճ չէր լինում. վաշխառուն, լուռ, ու մռայլված, ետ էր տալիս ինչ հարկն էր և նույնիսկ կարծես ինքն էլ էր սպասում, որ այդպես է լինելու։ Գուցեև, չէր կարող ինքն էլ չգիտակցել, որ գրավատուի տեղն ինքն էլ այդպես կաներ։ Ուստի, եթե երբեմն նույնիսկ հետո հայհոյում էլ էր, ապա առանց որևէ չարացածության, այլ այնպես, հոգու հանգստության համար։
Ընդհանրապես, բոլորը գողանում էին իրարից ահավոր չափերով։ Համարյա յուրաքանչյուրն իր սնդուկն ուներ՝ կողպեքով, բանտի իրերը պահելու համար։ Դա թույլատրվում էր, բայց սնդուկները չէին փրկում։ Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ի՜նչ վարպետ գողեր կային այնտեղ։ Ինձ անկեղծորեն նվիրված մի կալանավոր (ասում եմ առանց որևէ ավելորդաբանության), ինձնից գողացավ Աստվածաշունչը, միակ գիրքը, որ թույլատրվում էր ունենալ տաժանավայրում։ Նույն օրն ինքն ինձ խոստովանեց ոչ թե զղջալով, այլ խղճալով ինձ, որովհետև երկար ժամանակ փնտրում էի։ Օղեվաճառներ կային, որոնք խմիչքի առևտուր էին անում և արագ հարստանում։ Այս վաճառքի մասին երբևէ կասեմ առանձնապես, բավականաչափ հետաքրքիր է։ Բանտում շատ կային մաքսանենգության համար նստածներ, ուստի զարմանալու հարկ չկա, թե նման զննումների և պահախմբերի առկայությամբ, ինչպես էր խմիչք բերվում բանտ։ Իմիջի այլոց, մաքսանենգությունն իր բնույթով, մի տեսակ առանձնահատուկ հանցանք է։ Օրինակ, կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ փողը, շահն այս կամ այն մաքսանենգի համար երկրորդական դեր են խաղում, երկրորդ տեղում են։ Այնինչ, հենց այդպես է լինում։ Մաքսանենգը գործում է կրքով, ըստ կոչման։ Մասամբ պոետ է նա։ Նա վտանգում է ամեն ինչ, գնում է ահավոր սպառնալիքի, խորամանկում է, հորինում, դուրս է պրծնում, երբեմն նույնիսկ գործում ինչ-որ ոգեշնչմամբ։ Այդ մոլուցքը նույնքան զորեղ է, ինչքան և թղթախաղը։ Բանտում մի կալանավոր գիտեի՝ վիթխարահասակ, սակայն այնքան հեզ, սուսուփուս, խոնարհ, որ պատկերացնել չէր լինի, թե ինչպես է հայտնվել բանտում։ Այն աստիճան անչար էր և հանդուրժող, որ բանտում եղած ամբողջ ժամանակ ոչ մեկի հետ վեճի մեջ չմտավ։ Բայց նա արևմտյան սահմանից էր, նստել էր մաքսանենգության համար և, իհարկե, չէր կարող դիմանալ ու սկսեց խմիչք անցկացնել։ Քանի անգամ պատժեցին նրան դրա համար, և ինչպես էր վախենում ճիպոտներից։ Եվ խմիչք ներս բերելն էլ ամենաողորմելի եկամուտ էր բերում։ Խմիչքից հարստանում էր միայն մի անտրեպրենյոր։ Խենթը սիրում էր արվեստն արվեստի համար։ Կնկա պես լալկան էր և քանի-քանի անգամ, պատժվելուց հետո, երդվում ու խոստանում էր մաքսանենգություն չանել։ Արիությամբ ինքն իրեն դիմադրում էր երբեմն ամբողջ մի ամիս, բայց և ի վերջո, չէր դիմանում այնուամենայնիվ... Հենց այդ անձանց շնորհիվ էլ խմիչքը չէր պակասում բանտում։
Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի անդամ անգամ արդեն տեսել էի նրանց։ Մայրը զինվորի այրի էր։ Ամուսինը՝ երիտասարդ զինվոր, դատի տակ էր եղել և վախճանվել հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակում, այն ժամանակ երբ ես էլ էի հիվանդ պառկած այնտեղ։ Կինն ու դուստրը եկել էին հրաժեշտ տալու, երկուսն էլ ահավոր լալիս էին։ Ինձ տեսնելով, աղջնակը շառագունեց, ինչ֊որ բան շշնջաց մորը, որն իսկույն կանգ առավ, պայուսակի մեջ քառորդ կոպեկ գտավ ու տվեց դստերը։ Աղջնակը վազեց իմ ետևից. «Առ, թշվառական, վերցրու կոպեկը Քրիստոսի սիրուն»,— բղավում էր նա, առաջ վազելով ինձնից և կոպեկը ձեռքս խոթելով։ Ես վերցրի նրա կոպեկանոցը, և աղջնակը մոր մոտ գնաց միանգամայն գոհ։ Այդ քառորդ կոպեկանոցը երկար ժամանակ պահում էի մոտս։
=== II։ Առաջին տպավորություններ ===