Changes

Լուսավոր խցիկը ․ Նոթ լուսանկարի մասին

Ավելացվել է 55 բայտ, 16:38, 3 Ապրիլի 2016
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն‏‎]]
[[Կատեգորիա:Լուսանկարչություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
ի հարգանոք՝ Սարտրի Երեւակայությանը
Առաջինը կայանում է Լուսանկարչությունն արվեստ դարձնելու մեջ, քանզի արվեստներից ոչ մեկը խելագար չէ: Այստեղից էլ լուսանկարչի համառությունը՝ մրցակցել արվեստագետի հետ, ենթարկվելով նկարի հռետորությանը եւ դրա ցուցադրման վեհացած ձեւին: Լուսանկարչությունն իրականում կարող է լինել արվեստ. երբ նրանում այլեւս չկա ոչ մի խելագարություն, երբ նրա նոեմը մոռացված է եւ, հետեւաբար, նրա էությունն այլեւս չի ազդում ինձ վրա. դուք կարծում եք, թե հրամանատար Պյուիոյի Զբոսնողների առջեւ ես խռո՞վք կապրեմ եւ կբացականչեմ. «դա եղել է»: Կինոն մասնակից է Լուսանկարչության այս ընտելացմանը,- գոնե խաղարկային կինոն, հենց այն կինոն, որի մասին ասվում է, թե յոթերորդ արվեստն է. կարող է արհեստականորեն խելագար ֆիլմ լինել, ներկայացնել խելագարության մշակութային նշանները, երբեք նա այդպիսին չէ բնույթով (խորհրդանշանային կարգով), այն միշտ զգայախաբության ճիշտ հակառակն է, պարզապես պատրանք է, նրա տեսողությունը ցնորական է, ոչ թե էկմնեզիկական:
Լուսանկարը հանդարտեցնելու այլ միջոց է ընդհանրացնելը, հոտայնացնելը, հասարակացնելը. մինչեւ որ նրա դիմաց չլինի այլեւս որեւէ այլ պատկեր, որի համեմատ այն կարող է ընդգծել իրեն, հաստատել իր առանձնահատկությունը, իր սկանդալը, իր խելագարությունը: Ահա թե ինչ է տեղի ունենում մեր հասարակությունում, որտեղ Լուսանկարն իր բռնակալությամբ տապալում է մյուս պատկերները. ոչ այլեւս փորագրանկարներ, ոչ այլեւս ֆիգուրատիվ նկարչություն, հակառակ դեպքում՝ արդեն կախարդված (եւ կախարդող) ենթարկությամբ դեպի լուսանկարային մոդել: Սրճարանի հաճախորդների մոտ մեկն ինձ արդարացիորեն ասաց. «Նայեք, թե նրանք ինչ խամրած են. մեր օրերում պատկերներն ավելի կենդանի են, քան մարդիկ»: Մեր աշխարհի ցուցանիշներից մեկն էլ, թերեւս, այս հակառակ ընթացքն է. մենք ապրում ենք ըստ ընդհանրացված երեւակայականի: Նայեք Միացյալ Նահանգներին. ամբողջը փոխակերպված է պատկերների. գոյություն ունեն, արտադրվում են, եւ սպառվում են միայն պատկերներ: Ծայրահեղ օրինակ. մտեք Նյու-Յորքի պոռնո տեղ, դուք չեք գտնի այնտեղ անառակություն, այլ միայն դրա կենդանի նկարները (tableaux tableaŭ vivants), (որից Մեյպլտորպը պայծառորեն դուրս է բերել իր որոշ լուսանկարներ), ասես թե անհայտ անձը (բնավ ոչ դերասան), ով իրեն շղթայել ու ձաղկել է տալիս, չի հասնում իր հաճույքին մինչեւ այդ հաճույքը չի միանում սադո-մազոխիստի կարծրատիպային (ծեծված) պատկերին. վայելքն անցնում է պատկերով, ահա գլխավոր մուտացիան: Այդ հակառակ ընթացքը ստիպում է էթիկական հարց բարձրացնել. ոչ որովհետեւ պատկերն անբարո է, անկրոն կամ սատանայական (ինչպես ոմանք հայտարարում էին Լուսանկարչության գալստյան մասին), այլ որովհետեւ ընդհանրականացած, պատկերազարդման հովանու ներքո, այն բացարձակ ապիրական է դարձնում բախումների եւ ցանկությունների մարդկային աշխարհը: Այսպես կոչված զարգացած հասարակություններին բնորոշ է այն, որ նրանք այսօր սպառում են պատկերներ, եւ ոչ այլեւս, ինչպես նրանցով անցյալում՝ հավատքներ. նրանք, այսպիսով, ավելի ազատական են, պակաս մոլեռանդ, բայց նաեւ ավելի «կեղծ» (պակաս հարազատ),- բան, որը մենք թարգմանում ենք հոսող գիտակցության մեջ սիրտ խառնող ձանձրույթի տպավորության խոստովանությամբ, կարծես թե պատկերը, համընդհանրացված, արտադրել է առանց տարբերությունների (անտարբեր) աշխարհ, որում հետո կարող են այստեղ եւ այնտեղ ի հայտ գալ միայն անարխիզմների, մարգինալիզմների եւ ինդիվիդուալիզմների կոչերը՝ չեղյալ համարենք պատկերները, պահպանենք անմիջական (առանց միջնորդության) Ցանկությունը:
Խելագար, թե՞ խելոք: Լուսանկարը կարող է լինել թե մեկը, թե մյուսը. խելոք, եթե իր ռեալիզմը մնում է հարաբերական, հանդարտեցված էսթետիկական կամ փորձապաշտական սովորույթներով (ամսագիր թերթել վարսավիրանոցում կամ ատամնաբուժարանում), խելագար, եթե այս ռեալիզմը բացարձակ է, եւ, եթե կարելի է ասել սկզբնական, կրկին սիրող եւ վախեցած գիտակցությունը դարձնող դեպի Ժամանակի բուն գիրը՝ զուտ շեղիչ շարժում, որը ետադարձում է բանի ընթացքը, եւ որը, որպեսզի ամփոփեմ, ես կանվանեմ լուսանկարային էքստազ: