«Արդյոք այս ձեռնածությունը արժի՞ նրա վրա ծախսված ամբողջ աշխատանքին», ― հարցնում էր իրեն Ժյուլը։ Մի հարց, որ մարդիկ տալիս են հեռուստատեսության հայտնագործումից ի վեր։
==Գլուխ քսանմեկերորդ==
Լոուրենաը տակավին տասնհինգ կիլոմետրի վրա նշմարեց «Աուրիգան»։ Դե ինչպես չնկատես՝ մետաղն ու պլաստիկը պայծառ փայլփլում էին արևի ճառագայթներից։
«Սա ի՞նչ սատանայություն է, ― հարցրեց ինքն իրեն ու ինքն էլ պատասխանեց․ ― Տիեզերանավ»։ Դե իհարկե, չէ որ խոսում էին այն մասին, թե ինչ֊որ գործակալություն հրթիռ է վարձակալել լեռները թռչելու համար։ Ինչ արած, դա նրանց գործն է։ Գլխավորի մտքովն էլ անցավ՝ չի կարելի արդյոք հանդերձանքը լեռները փոխադրել հրթիռով, երկար ժամանակ տևող ծովային փոխադրումներից խուսափելու համար։ Ցավոք սրտի, դա հնարավոր չէր՝ մինչև հինգ հարյուր մետր բարձրության վրա չկար տիեզերանավի վայրէջքի համար պիտանի որևէ հրապարակ։ Սպենսերի ընտրած ելուստը շատ բարձր էր գտնվում, փրկարարներին ոչ մի օգուտ չէր տա։
Գլխավոր ինժեներին ամենևին էլ չէր ուրախացնում, որ երկար ֆոկուսավոր օբյեկտիվները հետևելու են նրա յուրաքանչյուր շարժումին։ Ու ոչինչ էլ չես կարող անել․․․ Ուզում էին հեռուստախցիկը տեղավորել փոշեսահնակի վրա, բայց ինքը թույլ չտվեց՝ ի մեծ ուրախություն «Ինտերփլանիթ Նյուսի» և խիստ դառնություն մյուս գործակալությունների (որի մասին Լոուրենսը, բնականաբար, չէր կարող իմանալ)։ Իսկ, ընդհանրապես, եթե լավ մտածես, նույնիսկ վատ էլ չէ, որ մոտակայքում նավ կա, կապի լրացուցիչ միջոց կծառայի։ Թերևս, հաջողվի մի այլ օգուտ ևս քաղել նրանցից։ Օրինակ, մինչև իգլուի բերելը՝ մարդկանց տեղավորել նրա մեջ։
Բայց ո՞ւր է օրիենտիրը։ Նրա երևալու ժամանակն է։ Մի պահ Լոուրենսը սարսափով մտածեց, որ զննաձողը կարող էր խրվել լուսնափոշու մեջ․․․ Դա, իհարկե, չէր խանգարի գտնել «Սելենը», բայց այժմ նույնիսկ հինգ րոպե հապաղելը կարող էր ճակատագրական լինել։
Եվ հենց այդ ժամանակ գլխավորը թեթևացած շունչ քաշեց․ ահա նա, միանգամից չի էլ երևում բոցավառ լեռների ֆոնի վրա։ Վարորդը արդեն նկատել էր նպատակակետը և ճշտել ուղղությունը։
Փոշեսահնակները կանգ առան զննաձողի երկու կողմը, ու աշխատանքը սկսեց եռալ։ Ինչպես և նախատեսված էր, ութ հոգի սկաֆանդրերով շտապ ձեռնամուխ եղան դատարկ ցիստերներն ու ալյումինե ձողերը իջեցնելուն։ Ահա և ցիստեռները միացված են թեթև հիմնակմախքով, վերևից փռում են ջլապակե սալերը՝ տախտակամածը պատրաստ է։
Դեռևս երբեք Լուսնի պատմության մեջ մոնտաժային աշխատանքները այդպիսի ուշադրության չէին արժանացել։ Եվ պատճառը՝ լեռան վրայից նայող աչքն է։ Սակայն ութը փրկարարները չէին մտածում միլիոնների մասին, որոնք ակնդետ հետևում էին նրանց։ Նրանք այժմ միայն մի հոգս ունեին․ որքան կարելի է շուտ հավաքել տախտակամածը ու հարմարեցնել հորատման հաստոցը։
Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, երբեմն էլ ավելի հաճախ, Լոուրենսը կապվում էր «Սելենի» հետ, որպեսզի Պաթին ու Մըքենզիին տեղեկացնի աշխատանքի ընթացքի մասին։ Նա ամենից քիչ մտածում էր այն մասին, որ ամբողջ աշխարհը շունչը պահած իրեն է լսում։
Վերջապես, ընդամենը քսան րոպեից հետո, հորատման հաստոցը տեղադրվեց, ու առաջին խողովակը, ասես հինգմետրանոց հարպունը, ուղղվեց դեպի Ծովը։ Բայց այն կյանք էր տանում, այլ ոչ թե մահ։
― Սկսեցինք, ― ասաց Լոուրենսը միկրոֆոնի մեջ։ ― Առաջին խողովակը գնաց։
― Շուտ, շուտ, ― շշնջաց Պաթը։ ― Երկար չեմ դիմանա։
Նա ման էր գալիս ասես մառախուղի մեջ։ Ինքնազգացո՞ւմը։ Եթե հաշվի չառնենք թոքերի կսկծացող ցավը, ընդհանրապես վատ չէր։ Բայց միայն մահու չափ հոգնած էր․․․ Պաթ Հարրիսը նման էր ռոբոտի, որը կատարում էր մի հանձնարարություն, որի իմաստը վաղուց էր մոռացել, եթե միայն երբևէ հասկացել էր։ Մի ձեռքում բռնել էր չապռաստաբանալին։ Մի քանի ժամ առաջ նա հանեց այն գործիքների արկղից, իմանալով, որ պետք կգա։ Ինչի՞ համար։ Գուցե կհիշի, երբ ժամանակը գա․․․
Պաթի լսողությունը որսում էր հեռու֊հեռվից եկող ձայներ։ Այդ խոսակցությունը, ինչ խոսք, նրան չէր վերաբերում․ ինչ֊որ մեկը մոռացել էր անջատել «Սելենի» ալիքը։
― Հարկավոր էր այնպես անել, որպեսզի հորատիչը այստեղից քանդվեր։ Հանկարծ նրա ուժը չպատի։
― Ոչինչ չես կարող անել, պետք է ռիսկի դիմել․․․ Լրացուցիչ հարմարանքը՝ ավելորդ դանդաղեցում է, առնվազն մեկ ժամ։ Ապա տուր տեսնեմ․․․
Նրանք անջատվեցին, բայց լսածն էլ բավական էր, որպեսզի Պաթը ջղայնանար՝ որքան կարող է ջղայնանալ գիտակցությունը կիսով չափ կորցրած մարդը։ Նա նրանց ցույց կտա․․․ նա և ընկեր, դոկտոր Մըք․․․ Մըք․․․ ո՞նց էր անունը։ Մոռացավ, սատանան տանի։
Դանդաղ պտտվելով բազկաթոռի հետ, Պաթի հայացքը սահեց նստարանների վրայով։ Մարմիններ, մարմիններ․․․ իսկ ո՞ւր է ֆիզիկոսը։ Ահա նա։ Ծնկի է եկել միսսիս Ուիլյամսի մոտ։
Գիտնականը թթվածնի դիմակը սեղմել էր քնած կնոջ դեմքին, որի ծննդյան օրը հազիվ չհամընկավ մահվան օրվան։ Մըքենզին պարզապես չէր գիտակցում, որ բալոնից դուրս հոսող թթվածնի բնորոշ ձայնը վաղուց արդեն լռել է և մոնոմետրի սլաքը վաղուց կանգնած է զրոյի վրա․․․
― Մենք մոտ ենք, ― հայտնեց ռադիոն։ ― Այն է հա կլսեք հորատիչի աշխատանքը։
«Այդքան շո՞ւտ, ― մտածեց Պաթը։ Թեև, իհարկե, ծանր խողովակը առանց դժվարության պետք է ծակեր անցներ փոշին։ Ապրե՛ս, գլխի ընկավ, թե ինչումն է բանը․․․
Դը՛մփ։ Ինչ֊որ բան դիպավ տանիքին։ Բայց որտե՞ղ։
― Լսում եմ, ― փսփսաց նա։ ― Դուք հասաք մեզ։
― Գիտենք, ― պատասխանեց ձայնը։ ― Հաստոցը դեմ առավ։ Հիմա ձեզնից է կախված։ Դուք կարո՞ղ եք ասել, թե որտեղ է դեմ առել հորատիչը։ Նրա տակ դատա՞րկ տարածություն է, թե էլեկտրալարեր կան։ Մենք հիմա մի քանի անգամ կբարձրացնենք ու կիջեցնենք հաստոցը, լսեցեք։
Պաթը կատաղում էր։ Ինչո՞ւ են իրեն ստիպում լուծել նման բարդ խնդիրներ․․․
Թըրխկ, թըրխկ․․․ Որ սպանես էլ (ինչպիսի հաջող արտահայտություն՝ իսկ ինչո՞ւ), անհնար է կռահել թե որտեղ են թխկացնում։ Դե, լավ է, ինչ ենք կորցնում։
― Սկսե՛ք, ― մռթմռթաց նա։ ― Ճանապարհը բաց է։
Հարկ եղավ երկու անգամ կրկնել տալ, մինչև հասկացան նրան։
Ու անմիջապես (տեսնո՜ւմ ես, ինչ շուտ են գլխի ընկնում) հորատիչը սկսեց գայլիկոնել նավիրանը։ Պաթը հստակ լսում էր շառաչող ձայնը, որը ամեն մի երաժշտությունից լավ էր։
Մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գլիչը անցավ առաջին շերտի միջով։ Հանկարծ հաստոցը ավելի արագ պտտվեց ու անմիջապես կանգնեց՝ մոտորը անջատեցին։ Հորատողը խողովակները մի քանի սանտիմետր իջեցրեց, հորատիչը ներքին շերտին առավ ու նորից աշխատեց։
Այժմ ձայնը շատ ավելի զորեղացավ, ու Պաթը անհանգստացած գլխի ընկավ, որ ծակում են առաստաղի կենտրոնով անցնող գլխավոր կաբելի կողքին։ Եթե դիպչեն․․․
Նա դանդաղ ոտքի ելավ ու օրորվելով գնաց դեպի ձայնը։ Ու հենց հասնելուն պես, հանկարծ առաստաղից դուրս ժայթքեց կայծերի մի խուրձ, էլեկտրականությունը ճայթեց, լույսը հանգավ։
Բարեբախտաբար վթարային լուսավորությունը մնաց։ Ու երբ Պաթի աչքերը ընտելացան աղոտ կարմիր լույսին, նա տեսավ ներս մտած մետաղե գլանը։ Հորատող գործիքը դանդաղ մի կես մետր էլ իջավ խցի մեջ ու կանգ առավ։
Պաթի թիկունքում ռադիոն ինչ֊որ կարևոր բան էր ասում։ Մինչ ուղեղը կըմբռներ նրա իմաստը, ձեռքերը չապրաստաբանալին մոտեցրին խողովակի ծայրին։
― Մինչև մենք չասենք, գլիչը չհանեք, ― պնդում էր հեռավոր ձայնը։ ― Հակառակ կողմի փականը դեռևս չենք դրել, խողովակը բաց է դատարկության մեջ։ Հենց որ դնենք, կասենք ձեզ։ Կրկնում եմ, գլիչը չհանեք, մինչև չասենք։
Ինչ է կպել է՜։ Պաթը առանց նրան էլ գիտի, թե ինչ անել։ Միայն հարկավոր է ուժեղ հուպ տալ բանալու լծակը, ահա այսպես, ― քանդել հանել գլիչը, ու նորից կարելի է շնչել։
Ինչո՞ւ չի պտտվում․․․ Պաթը ուժ գործադրեց։
― Ի սեր աստծո, ― լսվեց ռադիոյից։ ― Ձեռք չտա՛ք։ Մենք դեռ պատրաստ չենք։ Եղած օդն էլ դուրս կթողեք խցից։
«Հիմա, հիմա, ― մտածեց Պաթը, ― դիտավորյալ ուշադրություն չդարձնելով ռադիոյին։ ― Այստեղ ինչ֊որ չի ստացվում․․․ Հեղույսը կարելի է պտտել այսպես․․․ և այսպես։ Իսկ եթե ես գլիչը հանելու փոխարեն, ավելի՞ եմ ամրացնում»։
Սատանան էլ գլուխ չի հանի։ Նա նայեց իր աջ ձեռքին, ապա ձախին։ Միևնույն է, ոչինչ չի հասկանում։ (Գոնե այդ զավզակը ձայնը կտրեր)։ Լավ, կփորձեմ պտտել մյուս կողմը, գուցե ստացվի։
Ու Պաթը, մի ձեռքով խողովակից բռնած, դանդաղ քայլերով շրջան կատարեց։ Բռնեց բանալին մյուս կողմից, երկու ձեռքով կառչեց նրան, որպեսզի չընկնի, ու անշարժացավ այդ դիրքում, գլուխը կախ գցելով։ Պետք է մի քիչ շունչ քաշել։
― Շրջադիտակը բարձրացնել, ― փնթփնթաց Պաթը։
Թե ինչ էր նշանակում այդ, ինքն էլ չգիտեր։ Պարզապես մի տեղ լսել էր այդ բառերը, և նրանք հարմար եկան այս պարագային։
Պաթ Հարրիսը դեռ խորհում էր իր ռեպլիկայի իմաստի վրա, երբ գլիչը ենթարկվեց ու սկսեց հեշտությամբ թուլանալ, առանց արգելքի։
Նրա գլխավերևում, տասնհինգ մետրի վրա Լոուրենսն ու նրա մարդիկ մի պահ քարացան զարհուրանքից։ Չնախատեսված բան էր կատարվել։ Օպերացիան պատրաստելիս նրանք նախօրոք կանխատեսել էին բոլոր հնարավոր վրիպումները, բացի այս մեկից․․․
― Քոուլմեն, Մացուի, ― բղավեց Լոուրենսը։ ― Աստծու սիրուն, թթվածնի փողրակը, շտա՛պ։
Սակայն նա արդեն գիտեր, որ նրանք չեն հասցնի։ Թթվածինը մղելու համար ևս երկու միացում պետք է արվեր։ Ու երկուսն էլ պտուտակային պարույրով։ Մի դատարկ բան, որ այլ պարագաներում բոլորովին ոչ մի դեր չի խաղա։ Բայց այժմ նրանից էր կախված մարդկանց կյանքը կամ մահը։
Իսկ Պաթը շարունակում էր քայլել շրջանով, հրելով բանալու լծակը։ Ամեն ինչ հաջող էր անցնում, պարույրից մոտ երկու սանտիմետր երևում էր։ Մի քանի վայրկյան ևս, ու գլիչը դուրս կթռչի։
Դե, բոլորովին քիչ մնա՛ց։ Բանալու ամեն մի պտույտի հետ՝ ավելի ու ավելի բարձր է շաչում։ Պարզ է, թթվածինը խուժում է ներս։ Մի փոքր էլ, ու նա կարող է շնչել ինչպես հարկն է, և ամեն ինչ կարգին կլինի։
Շչոցը փոխարինվեց չարագուշակ սուլոցով։ Անսպասելիորեն Պաթը տարակուսեց՝ թե արդյո՞ք ինքը այն է անում, ինչ պետք է։ Կանգնեց․․․ նայեց բանալուն․․․ մտամոլոր ծոծրակը քորեց։ Կարծես ամեն ինչ ճիշտ է․․․ Եթե ռադիոն այդ պահին միջամտեր, նա, հավանաբար, կենթարկվեր, բայց վերևում արդեն կորցրել էին նրան խելքի բերելու հույսը։
Լավ, շարունակեցեք։ (Հարյուր տարի այդպիսի խումար չէ՛ր ընկել)։ Պաթը նորից իրեն գցեց բանալու վրա՝ և բերանքսիվայր ընկավ հատակին, պարույրը վերջացավ, գլիչը դուրս պրծավ։
Խլացնող ոռնոցը ցնցեց փոշեգնացը, օդի հզոր հոսանքը պտտվեց ու խցով մեկ շաղ տվեց թղթի կտորտանքը։ Ցրտից գոլորշին խտացավ, խուցը պատեց մշուշով։ Պաթը շրջվեց մեջքի վրա, բայց մշուշի մեջ նա ոչինչ չտեսավ։ Ու այստեղ միայն նա հասկացավ, թե ինչ է կատարվել։
Տիեզերագնացի փորձառու ականջը անմիջապես ճանաչեց բնորոշ ձայնը։ Այնուհետև նա մեքենայաբար գործեց։ Պետք է մի տափակ բան գտնել ու անցքը փակել՝ ինչ էլ լինի, միայն թե բավականին ամուր։
Կարմիր մառախուղի մեջ, որը արդեն նոսրանում էր, դեպի դատարկություն ցնդելով, Պաթը տենդագին հայացքով փնտրում էր մի հարմար առարկա։ Որոտաձայն շառաչյունը չէր դադարում․ անհավանական էր թվում, որ նման մի փոքրիկ խողովակը կարող է այդպիսի դղրդոց դնել։
Պաթը քնած մարդկանց միջով բազկաթոռից բազկաթոռ էր անցնում։ Նա արդեն կորցրել էր հույսը՝ և հանկարծ աչքովն ընկավ փրկիչ առարկան։ Հատակին բաց ընկած էր մի հաստ բաց գիրք։ Չի կարելի այդպես վարվել գրքերի հետ, ինքն իրեն ասաց Պաթը, բայց ինչ բախտավորություն, որ այստեղ մի անփույթ մարդ գտնվեց։ Այլապես նա կարող էր և չնկատել գիրքը։
Պաթը հազիվ մոտեցել էր չարագույժ անցքին, որը ծծում էր կյանքը փոշեգնացից, երբ գիրքը ուղղակի խլեց նրա ձեռքից, և քիփ փակեց խողովակը։ Իսկույն ոռնոցը լռեց, պտուտահողմը դադարեց։ Պաթը մի երկու վայրկյան կանգնեց, ճոճվելով հարբածի նման, ապա ոտքերը ծալվեցին, ու նա փռվեց հատակին։