Changes

Արշավախումբ դեպի Երկիր

Ավելացվել է 33 870 բայտ, 12:30, 18 Ապրիլի 2016
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
 
 
Ոչ ոք չէր հիշում, թե երբ էր այդ ցեղը սկսել թափառումները․ բլրաշատ հսկայական դաշտավայրը, որտեղ ի սկզբանե այդ մարդիկ բնակություն էին հաստատել, այժմ նրանց համար մի հեռավոր հուշ էր։ Արդեն շատ տարիներ Շենը և նրա ցեղակիցները արագ ընթացքով շարժվում էին ոչ մեծ բլուրների շողշողացող լճերի երկրով, և հիմա առջևում երևում էին լեռներ։ Այս ամռանը նրանք պետք է անցնեին այդ լեռները, որպեսզի ներս մտնեին հարավային հողերը․ ժամանակը չէր ներում։
 
Մի քանի շաբաթ տևեց լեռների մեջ անցարաններ գտնելը, որոնցով կարող էին շարժվել մարդիկ ու անասունները։ Ամռան կեսերին ցեղը բնակություն հաստատեց միայնակ հովտում․ օդը նոսր էր, իսկ աստղերը չտեսնված պայծառ։ Ամառը վերջանալու վրա էր, երբ Շենը իր երկու որդիների հետ առաջ ընկավ ճանապարհը հետազոտելու համար։ Երեք օր շարունակ նրանք վեր ու վար էին անում լեռների մեջ, և երեք գիշեր քնում էին որտեղ պատահեր, սառը ժայռերի գրկում։ Իսկ չորրորդ օրվա առավոտյան նրանց աչքերի առջև բացվեց մի զառիվայր, որը նրանց տարավ դեպի գորշ քարերից շարված մի բուրգ, որ այնտեղ թողել էին անցորդները բազում դարեր առաջ։
 
Երբ նրանք մոտեցան փոքրիկ բուրգին, Շենի մարմնով սարսուռ անցավ, բայց ոչ սառնամանիքից։ Թիկունքում կանգնած էին նրա որդիները։ Բոլորը լուռ էին․ շատ հանդիսավոր էր պահը։ Շուտով կիմանան նրանք, թե որքան հիմնավոր էին նրանց հույսերը։
 
Արևելքում ու արևմուտքում լեռները բաժանվում էին՝ կարծես իրենց գիրկն առնելով ցածրավայրի երկիրը։ Բազում կիլոմետրեր ձգվում էր բլրավետ հարթավայրը։ Այնտեղով վիթխարի օձի նման գալարուն հոսում էր հորդառատ գետը։ Այդ երկրի հողերի վրա ցեղը կարող էր հաց աճեցնել, եթե միայն վստահ լիներ, որ մինչև բերքավաք հարկադրված չէր լինի տեղահանվել։
 
Ապա Շենը հայացքը դարձրեց դեպի հարավ և տեսավ, որ նրանց բոլոր հույսերը ի դերև եղան։ Քանի որ այնտեղ, աշխարհի ծայրում, երկնքում դեգեղում էր մահառիթ փայլքը, որ նա այնքան հաճախ տեսել էր հյուսիսում, ― հորիզոնի ետևում պահ մտած սառույցների շողքը։
 
Այլևս ճանապարհ չկար դեպի առաջ։ Այն բոլոր տարիների ընթացքում, երբ մարդիկ փախչում էին հյուսիսից, սառցադաշտերը հարավից սողացել էին նրանց ընդառաջ։ Ու հիմա փախստականները շուտով կճզմվեն միմյանց ընդառաջ եկող սառցապատերի մեջ․․․
 
 
Հարավային սառցաշերտերը մինչև լեռները սողացին միայն հաջորդ սերնդի կյանքի ժամանակ։ Վերջին ամռանը Շենի հետնորդները ցեղի սրբազան գանձերը փոխադրեցին միայնակ քարե բուրգի մոտ, որտեղից տեսարան էր բացվում դեպի հարթավայրը։ Սառույցները, որ մի ժամանակ շողարձակում էին հորիզոնի ետևում, այժմ արդեն համարյա նրանց ոտքերի տակ էին։ Գարնանը նրանք կսկսեն զարնվել լեռներին։
 
Ոչ ոք այլևս չէր հասկանում պահպանված գանձերի նշանակությունը։ Նրանք կապված էին անցյալի, շատ հեռավոր անցյալի հետ, որպեսզի ներկայումս ապրող մարդիկ հասկանային այն։ Նրանց ծագումը կորչում էր Ոսկե դարը պարուրող անհայտության մշուշի մեջ, ու ոչ ոք այլևս չէր կարող ասել, թե վերջ ի վերջո ինչպես են դրանք ընկել այդ թափառական ցեղի ձեռքը։ Այլ կերպ՝ դա կլիներ մի պատմություն ընդմիշտ անհետացած քաղաքակրթության մասին։
 
Մի ժամանակ այդ խղճուկ մասունքների պահպանումը ինչ֊որ միտք ուներ, իսկ այժմ այն իմաստազրկվել էր․ դրանք սկսել էին խունանալ դեռ մի քանի հարյուրամյակ առաջ, բայց շատ տեղեր դեռ կարդացվում էր։ Եթե միայն կարդացող մեկը գտնվեր։ Սակայն շատ սերունդներ էին փոխվել այն ժամանակներից ի վեր, երբ դադարեց ամեն մի հետաքրքրություն յոթանիշ լոգարիթմական աղյուսակի, աշխարհի քարտեզագրքի և Սիբելուսի յորթերորդ սիմֆոնիայի պարտիտուրայի նկատմամբ, որը ըստ տիտղոսաթերթի հրատարակված էր Գ․ Կ․ Ձու հրատարակչության կողմից Պեկին քաղաքում, մեր թվարկության 2371 թվին։
 
Հինավուրց գրքերը ջերմեռանդորեն տեղավորել էին նրանց համար պատրաստված մի փոքր դամբարանի մեջ։ Այնտեղ պահպանվում էին նաև ամենատարբեր իրեր․ ոսկե և պլատինե դրամներ, ջարդված հեռուստաօբյեկտիվ, ձեռքի ժամացույցներ, լյումինէսցենտային լամպեր, միկրոֆոն, էլեկտրական ածելի, մի քանի փոքրիկ էլեկտրոնային լամպեր՝ մեկընդմիշտ չքացած զարգացած քաղաքակրթության փշրանքներ։ Բոլոր այս առարկաները ջանադրաբար ծրարված էին։ Ապա նրանց ավելացրել էին ևս երեք մասունքներ՝ նվազագույն հասկանալի, այդ պատճառով էլ ավելի պաշտելի։
 
Առաջինը իրենից ներկայացնում էր տարօրինակ ձևի մետաղի մի կտոր, տեղ֊տեղ գույնը փոխած ուժեղ տաքնալուց։ Դա թերևս այստեղ հավաքված անցյալի մնացուկներից ամենասրտառուչն էր, քանի որ այն պատմում էր մարդու մեծագույն նվաճման և ապագայի մասին, որ նա միգուցե, նախատեսել էր։ Կարմիր փայտից պատվանդանի վրա, որին ամրացված էր մետաղը, փակցված էր արծաթե մի թիթեղիկ հետևյալ մակագրությամբ․
 
<b>«Լուսաստղ (Երկիր֊Լուսին) տիեզերանավի աջ հրթիռային շարժիչի պահեստային վառիչը, 1985 թ․»։</b>
 
Երկրորդը՝ հնադարյան գիտության հրաշալիքներից էր․ ոլորտաձև մի թափանցիկ պլաստիկ՝ նրա մեջ տեղավորված մետաղե տարօրինակ կտորներով։ Կենտրոնում՝ սինթետիկ ռադիոակտիվ նյութից մի փոքրիկ կապսուլա։ Այն շրջապատված էր հատուկ էկրաններով, որոնք կարճալիք ճառագայթումը վերափոխում էին երկարալիքի։ Քանի դեռ նյութը ակտիվ էր, ոլորտաձև առարկան կարող էր ծառայել որպես փոքրիկ ռադիոհաղորդիչ, էներգիա ճառագայթելով բոլոր ուղղություններով։ Այդպիսի ռադիոհաղորդիչներ պատրաստվել էին միայն մի քանիսը։ Նրանք մի տեսակ մշտական փարոսներ էին, որոնք ցույց էին տալիս աստերոիդների ուղեգծերը։ Սակայն մարդը չհասավ աստերոիդներին, ու փարոսները անօգտագործելի մնացին։
 
Երրորդ մասունքը մի կլոր թիթեղատուփ էր, շատ լայն, բայց ոչ խոր։ Նա շատ լավ լռեմված էր, և երբ ցնցում էիր այն, ներսում ինչ֊որ բան էր դռռում։ Ցեղի ավանդույթների համաձայն, այդ թիթեղատուփի բացելը դժբախտություն կբերեր, և նրանցից ոչ ոք չգիտեր, որ նրա մեջ փակված է արվեստի իսկական գլուխգործոցներից մեկը, որ ստեղծվել է հազար տարի առաջ։
 
Աշխատանքն ավարտված էր։ Երկու տղամարդիկ քարերը դրեցին տեղը և սկսեցին ցած իջնել սարից։ Մինչև վերջին օրերը մարդը չէր դադարել ապագայի մասին մտածելուց և փորձում էր գեթ մի որևէ բան թողնել սերունդներին։
 
Այդ ձմռանը առաջին անգամը լինելով, սառցե հսկա զանգվածները դռութեցին լեռները, հարձակվելով հյուսիսից ու հարավից։ Առաջին իսկ գրոհից հետո նախալեռնաստանները փշրվեցին ու ջնջվեցին երկրի երեսից։ Բայց լեռները դեռ դիմանում էին, և, երբ ամառը եկավ, սառցադաշտերը փոքր֊ինչ նահանջեցին։
 
Այսպես, ձմեռ֊ձմեռվա ետևից ճակատամարտը շարունակվում էր, և սառցահյուսերի դղրդյունը, փշրվող քարերի կրճտոցն ու ճաքճքվող սառույցի թնդյունները ցնցում էին օդը։ Մարդկային և ոչ մի պատերազմ իր դաժանությամբ չէր կարող համեմատվել ողջ հողագնդի մակերևույթը բռնած այդ գոյամարտի հետ։
 
Վերջապես սառույցների մակընթացային ալիքները խախանդվելով, սկսեցին դանդաղ ցած սողալ լեռներից, այդպես էլ չկարողանալով ընկճել նրանց։ Սակայն լեռնանցքներն ու հովիտները դեռ մահու և կենաց կռիվ էին տալիս։ Գոյամարտը ոչ ոքիով ավարտվեց․ սառցադաշտերը արժանի հակահարված ստացան։
 
Դա շատ ուշ տեղի ունեցավ, և արդեն օգուտ չէր կարող տալ մարդուն։
 
Դարին հաջորդում էր դար։ Եվ ահա պատահեց այն, ինչ թեկուզ մի անգամ պետք է պատահի Տիեզերքի յուրաքանչյուր աշխարհի պատմության մեջ, որքան էլ հեռու և ամայի լինի այն․․․
 
Վեներայից տիեզերանավ եկավ։ Նա ուշացել էր հինգ հազար տարի, բայց նրա անձնակազմը այդ մասին չգիտեր։ Երբ նավը մի քանի միլիոն կիլոմետր հեռավորության վրա էր, վեներացիները հեռադիտակով տեսան սառցի ահռելի ծածկոցը․ այդ էր պատճառը, որ Երկիրը թվում էր ամենապայծառ երկնային մարմինը Արևից հետո։ Շլացուցիչ սպիտակի վրա այստեղ֊այնտեղ նշմարվում էին սև բծեր։ Այդպես հայտնաբերվեցին սառույցների մեջ գրեթե թաղված լեռները։
 
Եվ ուրիշ ոչինչ։
 
Ալեծածան օվկիանոսները, հարթավայրերն ու անտառները, անապատներն ու լճերը՝ այն ամենը, ինչ կազմում էր մարդու աշխարհը, գերվել էր սառցի կողմից, գուցե և մեկընդմիշտ։
 
Նավը երկրին մոտեցավ մոտ հազար կիլոմետր, և ապա ընկավ շրջանաձև ուղեծրի մեջ։ Հինգ օր նա պտտվում էր մոլորակի շուրջը։ Նրա ապարատները լուսանկարեցին այն ամենը, ինչ հնարավոր էր տեսնել, ու հարյուրավոր սարքերը կուտակեցին այնքան ինֆորմացիա, որը մշակելու համար Վեներայի գիտնականներից կպահանջվի տարիների քրտնաջան աշխատանք։ Նրանք մտադիր չէին վայրէջք կատարել մոլորակի վրա, թվում էր անօգուտ։
 
Բայց վեցերորդ օրը պատկերը փոխվեց։ Համատեսիլ ինդիկատորը որսաց չնչին ճառագայթումը մի փարոսի, որը արդեն հինգ հազար տարի գոյություն ուներ։
 
Դարեր շարունակ նա ազդանշաններ էր ուղարկում, որոնք աստիճանաբար նվազում էին, քանի որ թուլանում էր նրա ռադիոակտիվ սիրտը։
 
Մոնիտորի աշխատանքը աստիճանաբար համընկավ փարոսի հաճախականությանը։ Կառավարման խցիկում լսվեց համառ զնգոցը, որը ուշադրության էր կոչում։ Քիչ ուշ վեներյան նավը ուղեծրից դուրս եկավ և թեքվեց դեպի Երկիրը, ուղիղ դեպի լեռների շղթաները, որոնք դեռևս հպարտ ցցվել էին սառույցների մեջ, ու դեպի գորշ քարերից հուշարձանը, որին ժամանակը գրեթե չէր դիպել։
 
 
Արևի հսկա սկավառակը մոլեգնում էր Վեներայի երկնքում։ Այժմ այն զերծ էր մշուշից․ չքացել էին ամպերը, որ մի ժամանակ ծածկում էին մոլորակը։
 
Ինչ֊որ մի ուժ փոփոխելով Արևի ճառագայթումը, կործանման էր մատնել մի քաղաքակրթություն ու կյանքի կոչել մեկ ուրիշը։ Մի հինգ հազար տարի առաջ Վեներայի կիսավայրենի բնակչությունը առաջին անգամ տեսավ Արևն ու աստղերը։ Երկրի վրա գիտությունը սկիզբ առավ աստղաբաշխությունից՝ նույնը կատարվեց նաև Վեներայի վրա։ Այդ տաք ու փարթամ աշխարհում, որն այդպես էլ մարդը չտեսավ երբեք, զարգացումը չափազանց արագ ընթացավ։
 
Թերևս վեներացիների բախտը բերեց․ նրանք չապրեցին միջնադար, որը հազար տարի կաշկանդեց Մարդուն։ Վեներայի բնակիչները խուսափեցին քիմիայի և մեխանիկայի ուսումնասիրման երկար ու զարտուղի ճանապարհից և միանգամից հայտնաբերեցին ճառագայթման ֆիզիկայի հիմնական օրենքները։ Այն նույն ժամանակահատվածում, որը պահանջվեց Մարդուց բուրգերից հրթիռաշարժ տիեզերանավերի գյուտին հասնելու համար, վեներացիները երկրագործությունից հասան անտիգրավիտացիայի հայտնագործմանը, ― գաղտնիք, որ այդպես էլ չըմբռնեց Մարդը։
 
Տաք օվկիանոսը, որը դեռ իր մեջ ամփոփում էր ջահել մոլորակի օրգանական կյանքի մեծ մասը, ալարկոտ ալեբախում էր ավազոտ ափերը։ Այդ ցամաքն այնքան երիտասարդ էր, որ նույնիսկ նրա ավազը խոշոր էր, կոշտ։ Ծովը դեռևս չէր հասցրել մաշել ու հարթել այն։
 
Գիտնականները կիսով չափ պառկած էին ջրում։ Նրանց հոյակապ սողունային մարմինները փայլփլում էին արևի տակ։ Վեներայի մեծամեծ գիտունները այստեղ էին հավաքվել մոլորակի բոլոր կողմերից։ Նրանք դեռևս չգիտեին, թե ինչ նորություն պետք է լսեին Երրորդ մոլորակի ու մինչ սառույցների հայտնվելը այնտեղ բնակված խորհրդավոր կենդանի էակների մասին։
 
Պատմաբանը կանգնած էր ափին․ նրա սարքավորումները ջուր չէին սիրում։ Կողքին դրված էր մի մեծ մեքենա, որը իր վրա էր սևեռել նրա պաշտոնակիցների քննախույզ հայացքները՝ ըստ երևույթին, ինչ֊որ օպտիկական հարմարանք էր, դատելով ոսպնյակներից, որն ուղղված էր քիչ հեռու տեղավորված սպիտակ էկրանին։
 
Պատմաբանը սկսեց խոսել։ Նա համառոտակի շարադրեց այն կցկտուր տեղեկությունները, որ հայտնի էր դարձել Երրորդ մոլորակի և նրա բնակիչների վերաբերյալ։ Հիշատակեց դարավոր ապարդյուն հետազոտությունների մասին, որի ժամանակ այդպես էլ չկարողացան պարզաբանել երկրային հուշարձանների գաղտնի խորհուրդը։ Հավանաբար մոլորակի վրա բնակվել են տեխնիկայի ասպարեզում չափազանց շնորհալի էակներ։ Այդ մասին կարելի էր դատել այն փոքրաթիվ գործիքներից ու սարքերից, որ գտնվել էին լեռան վրա եղած դամբանից։
 
― Մենք չգիտենք, թե ինչու է կործանվել այդպիսի զարգացած քաղաքակրթությունը։ Դատելով ըստ ամենայնի, այդ էակները բավականին գիտելիքներ ունեին, որպեսզի հաղթահարեին սառցադաշտային ժամանակաշրջանը։ Ըստ երևույթին, կա այլ բացատրություն, որի մասին մենք ոչինչ չգիտենք՝ հիվանդություն կամ աստիճանական այլասերում։ Մեզ մոտ այն կարծիքը կա, որ Վեներայի վրա նախապատմական ժամանակաշրջանում եղած միջցեղային ընդհարումները թերևս Երրորդ մոլորակի վրա հարատևել են նաև տեխնիկական գիտելիքների զարգացման դարաշրջանում։ Որոշ փիլիսոփաներ նույնիսկ պնդում են, որ ինքնըստինքյան մեքենաներին ծանոթ լինելը դեռևս չի խոսում քաղաքակրթության բարձր աստիճանի մասին, և որ տեսականորեն պատերազմները հնարավոր են նույնիսկ զարգացած էներգետիկա, ավիացիա և ռադիոկապ ունեցող հասարակության մեջ։ Նման ըմբռնումը միանգամայն խորթ է մեր պատկերացումներին, սակայն մենք պետք է ենթադրենք, որ կարող էր և այդպես պատահել, որ կարելի է այդպես բացատրել անհետացած բնակչության անկումը։
 
Շատերը գտնում են, որ մենք երբեք չենք իմանա, թե ինչպիսի տեսք են ունեցել Երրորդ մոլորակի բնակիչները։ Դարեր շարունակ նկարիչները պատկերել են տեսարաններ ներկայումս այդ մեռյալ աշխարհի պատմությունից, բնակեցնելով այն բազմապիսի ֆանտաստիկ էակներով, որպես կանոն շատ թե քիչ մեզ նման, թեև հաճախ մատնանշվել է, որ մեր սողուններին պատկանելու հանգամնքն ամենևին չի նշանակում, թե բոլոր բանական էակները անպայման պետք է սողունանման լինեն։ Այժմ մենք լուծել ենք պատմության ամենաբարդ առեղծվածներից մեկը։ Վերջապես, հինգ դար տևած լարված աշխատանքից հետո, մենք պարզել ենք, թե ինչպիսին է եղել Երրորդ մոլորակը բնակեցրած բանական արարածների արտաքին տեսքն ու բնությունը։
 
Գիտնականների մեջ զարմանքի մի շշուկ անցավ։ Ոմանք այնքան ցնցված էին, որ մի որոշ ժամանակ խորասուզվեցին ծովի հանգստացնող տարերքի մեջ, ինչպես վարվում են բոլոր վեներացիները հուզմունքի պահերին։ Պատմաբանը համբերատար կերպով սպասեց, մինչև իր պաշտոնակիցները նորից դուրս կլողային։ Նա ինքը իրեն բավականին լավ էր զգում․ նրա մարմնի վրայով անընդհատ ծորում էին ջրի բարակ շիթեր, և այդ հարմարանքի շնորհիվ նա ժամերով կարող էր մնալ ափին, չվերադառնալով ջրի երանելի թագավորությունը։
 
Ընդհանուր հուզմունքը աստիճանաբար հանդարտվեց, և զեկուցողը շարունակեց․
 
― Երրորդ մոլորակի վրա հայտնաբերված ամենաառեղծվածային առարկաներից մեկն է՝ մետաղե մի տուփ, որը պարունակում է կողերից ծակծկված ու պարուրաձև խիտ փաթաթված թափանցիկ պլաստիկ նյութ։ Այդ թափանցիկ ժապավենը, որ շատ երկար է, սկզբում թվում էր ամենևին զուրկ է որևէ առանձնահատկություններից։ Սակայն նոր սուբէլեկտրոնային մանրադիտակի տակ հետազտելիս՝ ժապավենի մակերեսի վրա հայտնաբերվեցին աչքի համար անտեսանելի հազարավոր մանր պատկերներ։ Դրանք պարզ երևացին անհրաժեշտ ճառագայթման ներգործության տակ։ Ենթադրվում է, որ դրանք պլաստիկ նյութի վրա են քաշվել ինչ֊որ քիմիական նյութերի օգնությամբ, իսկ ապա ժամանակից խամրել են։
 
Այդ պատկերների վրա, ըստ երևույթին, դրոշմվել են Երրորդ մոլորակի քաղաքակրթության բուռն ծաղկման դարաշրջանի կյանքի առանձին դրսևորումներ։ Պատկերները միմյանց հետ կապված են և իրարից տարբերվում են միայն շարժման փուլերով։ Նման գրանցման նպատակը ակնհայտ է։ Բավական է պատկերված տեսարանները պրոեկցիայի ենթարկել էկրանի վրա, արագորեն դրանք հաջորդելով իրար, որպեսզի ստեղծվի անընդհատ շարժման պատրանք։ Այդ նպատակով մենք պատրաստել ենք ապարատ, ու ես ստացել եմ փոփոխվող նկարների իսկական վերարտադրությունը։
 
Տեսարանները, որ դուք այժմ կդիտեք, մեզ հազարավոր տարիներ ետ են տանում, Երրորդ մոլորակի ծաղկման շրջանը։ Մեր առջև ծառանում է մի շատ բարդ քաղաքակրթություն, որի շատ կողմերի մասին մենք սոսկ կարող ենք անորոշ գուշակումներ կատարել։ Բայց պետք է ենթադրել, որ կյանքը շատ բուռն է եղել։ Շատ բաներ, որ դուք կտեսնեք հիմա, տարակուսանք են առաջացնում։
 
Մի բան պարզ է․ Երրորդ մոլորակի վրա բնակվել են տարբեր տեսակի էակներ, որոնց մեջ սակայն չեն եղել սողուններ։ Դա վիրավորում է մեր ինքնասիրությունը, բայց այդպիսի եզրահանգումը անխուսափելի է։ Մոլորակի բնակիչների մեջ գերակշռում է երկու ձեռք և երկու ոտք ունեցող արարածը։ Նա քայլել է ուղղահայաց և մարմինը ծածկել է ինչ֊որ ճկուն նյութով, թերևս ցրտից պաշտպանվելու համար, քանի որ մինչև սառցապատման դարաշրջանը նույնպես մոլորակի վրա տիրապետել է շատ ավելի ցածր ջերմաստիճան, քան մեր աշխարհում։
 
Բայց ես այլևս չեմ շահագործի ձեր համբերությունը։ Դուք այժմ կտեսնեք այն գրանցումը, որի մասին ես խոսում էի։
 
Պրոեկցիոն ապարատից դուրս ցայտեց կուրացնող ճառագայթների մի խուրձ։ Լսվեց մի ցածր դզզոց, ու էկրանի վրա երևացին հարյուրավոր տարօրինակ արարածներ։ Նրանք շարժվում էին մանր ոստյուններով, մերթ այս, մերթ մյուս կողմը։ Բայց ահա կադրը կենտրոնացավ այդ արարածներից մեկի վրա, նա ահագնացավ էկրանի վրա, և գիտնականները կարողացան համոզվել, որ պատմաբանը ճիշտ է նկարագրել այն։ Երրորդ մոլորակի բնակչի դեմքին երևում էին միմյանցից ոչ հեռու տեղավորված երկու աչք, սակայն մյուս դիմագծերը պարզ չէին։ Գլխի ներքին մասում մի մեծ անցք կար, որը անընդմեջ բացվում ու փակվում էր։ Թերևս դա ինչ֊որ կերպ կապված էր շնչառության հետ։
 
Գիտնականները հմայված հետևում էին այդ տարօրինակ էակների ֆանտաստիկ արկածախնդրությունների շարքին։ Նրանք տեսան, թե ինչպես նրանցից մեկը կատաղի մենամարտի էր բռնվել մեկ ուրիշի հետ, որը փոքր֊ինչ տարբերվում էր արտաքնապես։ Թվում էր, երկուսի կործանումն էլ անխուսափելի է։ Բայց ոչ․ երբ ամեն ինչ ավարտվեց, ոչ մեկը և ոչ էլ մյուսը չէր վնասվել։ Այնուհետև սկսվեց մի մոլեգին վազք քառանիվ մեխանիկական ինչ֊որ հարմարանքով, որը ուղղակի լափում էր ճանապարհը։ Վերջապես, ժամանեցին մի քաղաք, որը վխտում էր նույնանման մեխանիզմներով, որոնք այս ու այն կողմ էին վազվզում գլխապտույտ արագությամբ։ Ոչ ոք չզարմացավ, երբ երկու մեքենաներ միմյանց բախվեցին ու երկուսն էլ քանդվեցին։
 
Դրանից հետո իրադարձությունները էլ ավելի բարդացան։ Ակնհայտ էր, որ այդ ամենը վերլուծելու և հասկանալու համար կպահանջվեն քրտնաջան աշխատանքի բազում տարիներ։ Պարզ էր, որ այդ գրանցումը որոշակի ոճավորված արվեստի ստեղծագործություն է, այլ ոչ թե Երրորդ մոլորակի կյանքի ճշգրիտ վերարտադրությունը։
 
Փայլակտեց եզրափակիչ տեսարանը։ Ուշադրության կենտրոնում գտնվող անհատը ընկավ մի սարսափելի, բայց անհասկանալի աղետի մեջ։ Նկարը գնալով նեղացավ բոլորաձև՝ այդ արարածի գլխի շուրջը։ Եվ, վերջապես, երևաց նրա մեծացած դեմքը, որը ակներևաբար արտահայտում էր ինչ֊որ ուժեղ զգացում, բայց դժվար էր գլխի ընկնել՝ զայրույթ, վիշտ, մարտահրավեր, հնազանդություն, թե՞ այլ ապրում էր դա։
 
Մի պահ էկրանի վրա երևացին ինչ֊որ նշաններ և նկարը չքացավ։
 
Մի քանի վայրկյան այնպիսի լռություն իշխեց, որ լսվում էր միայն դեպի ափ թավալվող ալիքների թոթովանքը։ Գիտնականները շշմած էին, կարկամած։ Նրանց աչքերի առջև փայլատակած երկնային քաղաքակրթության պատկերը ցնցել էր նրանց մինչև հոգու խորքը։ Այնուհետև փոքրիկ խմբերի բաժանվելով, նրանք սկսեցին շշուկով զրուցել։ Գնալով աղմուկը ավելանում էր․ նրանք սկսում էին հասկանալ իրենց տեսածի հսկայական նշանակությունը։ Բայց այստեղ պատմաբանը նորից դիմեց ժողովականներին․
 
― Այժմ մենք նախատեսում ենք հետազոտությունների լայն ծրագիր, որպեսզի այդ գրանցումից քաղենք նրանում եղած ողջ գիտելիքները։ Հազարավոր պատճեններ կհանվեն ու կբաժանվեն բոլոր աշխատակիցներին։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ պրոբլեմներ պետք է լուծել։ Առանձնապես վիթխարի խնդիրներ են կանգնած հոգեբանների առջև։ Սակայն ես չեմ կասկածում հաջողությանը։ Եվս մեկ սերունդ, և ով գիտի, թե ինչ կարելի է պարզել կենդանի էակների այդ զարմանալի տեսակի մասին։ Մինչ ցրվելը, եկեք մեկ անգամ էլ նայենք մեր հեռավոր եղբայրներին, որոնց իմաստությունը, գուցև գերազանցել է մերին, թեև այդքան քիչ բան է մնացել նրանց գործերից։
 
Էկրանի վրա նորից բռնկվեց եզրափակիչ տեսարանը, բայց այս անգամ պրոեկցիոն ապարատը կանգնեցրին։ Պատկերը անշարժացավ։ Երկյուղածության նման մի զգացումով գիտնականները զննում էին անցյալից եկած անշարժ օտարականին, իսկ երկոտանի փոքր էակը իր հերթին նայում էր ուղիղ նրանց՝ իրեն հատուկ գոռոզությամբ ու ջղայնությամբ։
 
Հետայսու և ընդմիշտ նա պետք է ներկայացնի մարդկային ցեղը։ Վեներայի հոգեբանները կվերլուծեն նրա արարքներն ու կհետևեն նրա յուրաքանչյուր շարժմանը, մինչև որ կարողանան վերարտադրել նրա մտածելակեպը։ Նրա մասին կգրեն հազարավոր գրքեր։ Նրա վարքագիծը պարզաբանելու համար կստեղծեն փիլիսոփայական բարդ համակարգեր, բայց այդ ամբողջ աշխատանքը, բոլոր այդ հետազոտությունները զուր կլինեն։
 
Կարծես էկրանի վրայի հպարտ ու միայնակ արարածը չարախինդ քմծիծաղ տվեց, երբ գիտնականները ձեռնամուխ եղան իրենց բազմադարյան ապարդյուն աշխատանքին։ Գաղտնիքը կմնա գաղտնիք, քանի դեռ գոյություն ունի Տիեզերքը, և ոչ ոք ու երբեք չի կարդա Երկրի կորսված լեզվի գրերը։ Գալիք ապագայում միլիոնավոր անգամ կբռնկվեն էկրանի վրա վերջին մի քանի տառերը, ու ոչ ոք չի հասկանա նրանց իմաստը․
 
::::::<b>«Արտադրություն Ուոլտեր Դիսնեի»։</b>
Ադմին, Վստահելի
1876
edits