Վիկտոր Միխայլովիչը կերավ կոմպոտը, քինոտ զեկուցում կարդաց թութակի վանդակի սխալ կառուցվածքի մասին և հրաժեշտ տվեց Ելենա Ստանիսլավնովնային, խորհուրդ տալով նրան խիստ գաղտնի պահել այդ ամենը։
==Այբենական ցանկ՝ «Կյանքի հայելին»==
Կոմպանյոնները երկրորդ օրը համոզվեցին, որ այլևվս անհարմար է ապրել դռնապանի սենյակում։ Տիխոնը փնթփնթում էր՝ բոլորովին շշմած այն բանից հետո, երբ աղային տեսավ նախ սևաբեղ, հետո կանաչաբեղ, իսկ վերջում բոլորովին անբեղ։ Քնելու տեղ չկար։ Դռնապանի սենյակում նեխվող գոմաղբի հոտ էր կանգնած, որ տարածում էին Տիխոնի նոր վալենկաները։ Հին վալենկաները դրված էին անկյունում և նույնպես չէին «օզոնավորում» օդը։
― Հուշերի երեկոն համարում եմ փակված, ― ասաց Օստապը, ― պետք է տեղափոխվել հյուրանոց։
Իպոլիտ Մատվեևիչը ցնցվեց։
― Այդ մեկը չի կարելի։
― Ինչո՞ւ։
― Այնտեղ ստիպված ենք գրանցվել։
― Անձնագիրը կարգին վիճակում չէ՞։
― Ոչ, անձնագիրը կարգին է, բայց քաղաքում լավ ծանոթ են իմ ազգանվանը։ Ասեկոսներ կսկսվեն։
Կոնցեսիոներները մտախոհ լռեցին։
― Իսկ ձեզ դո՞ւր է գալիս Միխելսոն ազգանունը, ― անսպասելիորեն հարցրեց Օստապը։
― Ո՞ր Միխելսոնը։ Սենա՞տոր։
― Ո՛չ։ Խորառծառի միության անդամը։
― Ես ձեզ չեմ հասկանում։
― Տեխնիկական ունակությունների բացակայությունից է դա։ Աստծու գառ մի եղեք։
Բենդերը կանաչ պիջակի գրպանից հանեց պրոֆմիության գրքույկը և հանձնեց Իպոլիտ Մատվեևիչին։
― Կոնրադ Կարլովիչ Միխելսոն, քառասունութ տարեկան, անպարտիական, ամուրի, միության անդամ 1921 թվականից, վերին աստիճանի բարոյական անձնավորություն, իմ լավ ծանոթը, կարծեմ երեխաների բարեկամ․․․ Բայց դուք կարող եք բարեկամություն չանել երեխաների հետ․ միլիցիան այդ չի պահանջում ձեզանից։
Իպոլիտ Մատվեևիչը կարմրեց։
― Բայց հարմա՞ր է արդյոք։
― Մեր կոնցեսիայի հետ համեմատած այդ արարմունքը, թեպետև նախատեսված է Քրեական օրենսգրքով, այնուամենայնիվ մանկական մուկն ու կատուն խաղի անմեղ տեսքը ունի։
Վորոբյանինովը այնուամենայնիվ դեմ ընկավ։
― Դուք իդեալիստ եք, Կոնրադ Կառլովիչ։ Ձեր բախտը դեռ բանել է, թե չէ, պատկերացրեք, հանկարծ ու ստիպված լինեիք կոչվել Պապա֊Խրիստոզոպուլո կամ Զլովունով։
Անմիջապես համաձայնություն կայացավ, և կոնցեսիոներները, առանց հրաժեշտ տալու Տիխոնին, դուրս եկան փողոց։
Նրանք կանգ առան «Սորբանա» կահավորված սենյակներում։ Օստապը իրարանցման մեջ գցեց հյուրանոցի սպասավորների ողջ սակավաթիվ անձնակազմը։ Սկզբում նա դիտեց յոթռուբլիանոց համարները, բայց դժգոհ մնաց նրանց կահավորումից։ Հինգռուբլիանոց համարների կահավորությունն ավելի հավանեց, բայց գորգերը մի տեսակ խունացած էին և նրանց հոտը վրդովեցնում էր։ Երեք ռուբլիանոց համարներում ամեն բան լավ էր, բացի նկարներից։
― Ես չեմ կարող բնանկարների հետ միասին մի անկյունում ապրել, ― ասաց Օստապը։
― Ստիպված եղան բնակություն հաստատել մի ռուբլի ութսուն կոպեկանոց սենյակում։ Այնտեղ ոչ բնանկար կար, ոչ գորգեր, իսկ կահավորումը խիստ զուսպ էր․ երկու մահճակալ և գիշերվա փոքրիկ սեղան։
― Քարե դարի ոճ, ― նկատեց Օստապը գոհունակությամբ։ ― Իսկ սավանների մեջ նախապատմական կենդանիներ չկա՞ն։
― Նայած սեզոնին, ― պատասխանեց խորամանկ միջանցքի հերթապահը, ― եթե, օրինակի համար, որևէ նահանգական համագումար է, իհարկե, չեն լինում, որովհետև ուղևորներ շատ են լինում և դրանից առաջ մեծ մաքրում է տեղի ունենում։ Իսկ մնացած ժամանակ իսկապես պատահում է, որ վրա են տալիս։ Հարևան «Լիվադիայի» համարներից։
Նույն օրն էլ կոնցեսիոներները եղան Ստարկոմունխոզում, որտեղ ստացան անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Պարզվեց, որ բնակբաժինը լուծվել է 1921 թվականին և նրա ընդարձակ արխիվը ձուլվել է Ստարկոմունխոզի արխիվի հետ։
Մեծ կոմբինատորը անցավ գործի։ Իրիկվա կողմ կոմպանյոններն արդեն գիտեին արխիվի վարիչ, նախկին քաղաքապետի գրաենյակի աստիճանավոր, այժմ գրասենյակային աշխատանքի մշակ Վատֆոլոմեյ Կորոբեյնիկովի տան հասցեն։
Օստապը հագավ գարուսե ժիլետը, մահճակալի մեջքին թափ տվեց պիջակը, ներկայացուցչության համար մի ռուբլի քսան կոպեկ պահանջեց Իպոլիտ Մատվեևիչից և գնաց այցելելու արխիվարիուսին։ Իպոլիտ Մատվեևիչը մնաց «Սորբոնում» և սկսեց հուզված անցուդարձ անել երկու մահճակալների արանքում ընկած կիրճի մեջ։ Այդ կանաչ ու ցուրտ երեկոյին ողջ ձեռնարկության բախտն էր վճռվում։ Եթե հաջողվի ձեռք բերել օրդերների պատճեները, որոնցով բաշխվել են Վորոբյանինովի առանձնատնից վերցրած կահույքը, գործը կարելի է համարել կիսով չափ հաջողված։ Առջևում, իհարկե, աներևակայելի դժվարություններ կային, բայց թելն արդեն ձեռքներում կլիներ։
― Միայն թե օրդերները ճարվեն, ― շշնջում էր Իպոլիտ Մատվեևիչը, փռվելով անկողնուն, ― միայն թե օրդերները․․․
Ճխլտված ներքնակի զպանակները լվերի պես կծում էին նրան։ Նա այդ չէր զգում։ Նա դեռ պարզ չէր պատկերացնում, թե օրդերներն ստանալուց հետո ինչ է լինելու, բայց համոզված էր, որ ամեն ինչ կգնա հալած յուղի պես․ «Իսկ յուղով, ― չգիտես ինչու պտտվում էր նրա գլխում, ― խաշիլը չես փչացնի»։
Մինչդեռ մեծ խաշիլ էր եփվում։ Վարդագույն երանգներով համակված Իպոլիտ Մատվեևիչը շուռ ու մուռ էր գալիս մահճակալի վրա։ Նրա տակի զսպանակները մայում էին։
Օստապն ստիպված եղավ ողջ քաղաքը ոտքի տակ տալ։ Կորոբեյնիկովը ապրում էր Գուսիշչեում ― Ստարգորոդի ծայրամասում։
Այնտեղ ապրում էին առավելապես երկաթուղայինները։ Երբեմն տներից բարձր, բետոնե բարակ ցանկապատով բաժանված թմբի վրայով, ետընթաց անցնում էր փնչացող շոգեքարշը։ Տների կտուրները մի վայրկյան լուսավորվում էին շոգեքարշի հնոցի բոցկլտուն կրակից։ Երբեմն արագ սլանում էին դատարկ վագոններ, երբեմն ճայթռուկներ էին պայթում։ Խրճիթների և ժամանակավոր բարաքների արանքում ձգվում էին դեռ խոնավ կոոպերատիվ տների երկար աղյուսաշեն կորպուսները։
Օստապն անցավ լուսավոր կղզին՝ երկաթուղայինների ակումբը, թղթով ստուգեց հասցեն և կանգ առավ արխիվարիուսի դռան առջև։ Նա պտտեցրեց զանգը, որի վրա ցցուն տառերով գրված էր՝ «Խնդրում եմ պտտել»։
«Ո՞ւմ մոտ», «ի՞նչ գործով» ― երկար հարցուփորձից հետո դուռը բաց արին, և նա հայտնվեց մութ, պահարաններով լեցուն նախասրահում։ Մթության մեջ մեկը շնչում էր Օստապի դեմքին, բայց ոչինչ չէր ասում։
― Ո՞ւր է այստեղ քաղաքացի Կորոբեյնիկովը, ― հարցրեց Բենդերը։
Շնչող մարդը բռնեց Օստապի ձեռքից և տարավ նավթի կախովի լամպով լուսավորված ճաշասենյակը։ Օստապն առջևում տեսավ մի փոքրիկ ծերունու ― անասելի ճկուն մեջքով մի մաքրասերի։ Կասկած չկար, որ այդ ծերուկը հենց ինքը քաղաքացի Կորոբեյնիկովն էր։ Օստապն առանց հրավերի մոտ քաշեց աթոռը և նստեց։
Ծերուկը անվախ նայում էր ինքնագլուխ մարդուն և լռում։ Օստապն առաջինը սկսեց սիրալիր խոսակցությունը․
― Ես ձեզ մոտ գործով եմ եկել։ Դուք ծառայում եք Ստարկոմունխոզի արխիվո՞ւմ։
― Ծերուկի մեջքը շարժվեց և դրականորեն կռացավ։
― Իսկ առաջ ծառայում էինք բնակբաժնո՞ւմ։
― Ամեն տեղ էլ ծառայել եմ, ― զվարթ ասաց ծերուկը։
― Նույնիսկ քաղաքապետի գրասենյակո՞ւմ։
Այդ ասելով Օստապը նազելիորեն ժպտաց։ Ծերուկի մեջքը երկար ժամանակ գալարվում էր և, վերջապես, կանգ առավ մի դիրքով, որը վկայում էր, թե քաղաքապետության մեջ ծառայելը վաղուցվա բան է, և որ ամեն ինչ հիշելը միանգամայն անհնարին բան է։
― Բայց և այնպես թույլ տվեք իմանալ, ինչո՞վ եմ պարտական, ― հարցրեց տանտերը, հետաքրքրությամբ նայելով հյուրին։
― Թույլ կտամ, ― պատասխանեց հյուրը։ ― Ես Վորոբյանինովի տղան եմ։
― Այդ ո՞ր։ Պարագլխի՞։
― Նրա։
― Բա նա կենդանի՞ է։
― Մեռել է, քաղաքացի Կորոբեյնիկով։ Հանգչել է։
― Հա՜, ― առանձնապես չվշտանալով ասաց ծերուկը, ― տխուր դեպք է։ Բայց ախր, կարծեմ նա երեխաներ չի ունեցել։
― Չի ունեցել, ― սիրալիր հաստատեց Օստապը։
― Բա էլ ո՞նց․․․
― Ոչինչ։ Ես մորգանատիկ ամուսնությունից եմ ծնվել։
― Հո Ելենա Ստանիսլավովնայի տղան չե՞ք։
― Այո։ Հենց նրա։
― Իսկ ինչպես է նրանց առողջությունը։
― Մամանը վաղուց գերեզմանումն է։
― Այդպես, այդպես, ա՛խ, ի՜նչ տխուր բան։
Եվ ծերուկը դեռ երկար ժամանակ կարեկցանքի արցունքներով նայում էր Օստապին, թեև հենց այսօր առավոտյան Ելենա Ստանիսլավնովային տեսել էր շուկայում՝ մսավաճառների շարքում։
― Բոլորն էլ մեռնում են, ― ասաց նա։ ― Բայց և այնպես թույլ տվեք իմանալ, ի՞նչ գործով եք եկել, հարգելի, այ ձեր անունը չգիտեմ․․․
― Վոլդեմար, ― արագ վրա բերեց Օստապը։
― Վլադիմիր Իպոլիտովի՞չ։ Շատ լավ։ Այդպես։ Ես ձեզ լսում եմ, Վլադիմիր Իպոլիտովիչ։
Ծերուկը նստեց նախշավոր մոմլաթով ծածկված սեղանի մոտ, և ակնապիշ նայեց Օստապի աչքերի մեջ։
Օստապը պատշաճ խոսքերով իր տխրությունը հայտնեց ծնողների կորստյան առթիվ։ Նա շատ է ցավում, որ այսպես ուշ ներխուժեց մեծարգո արխիվարիուսի բնակարանը և իր այցելությամբ անհանգստություն պատճառեց նրան, բայց հուսով է, որ մեծարգո արխիվարիուսը կների, երբ իմանա, թե ինչ զգացմունք է մղել նրան այդ քայլն անելու։
― Ես կուզենայի, ― անասելի որդիական սիրով վերջացրեց Օստապը, ― որևէ բան գտնել հայրիկիս կահույքից, նրա հիշատակը պահելու համար։ Դուք չգիտե՞ք արդյոք, թե ումն է հանձնված հորս տան կահույքը։
― Բարդ բան է, ― պատասխանեց ծերուկը փոքր֊ինչ մտածելուց հետո, ― միայն ապահովված մարդու ուժը կպատի դրան․․․ Իսկ դուք, ներեցեք, ինչո՞վ եք զբաղվում։
― Ազատ զբաղմունք։ Արտելային սկզբունքներով սեփական մսասառցասպանդանոց ունեմ Սամարայում։
Ծերուկը տարակուսանքով նայեց երիտասարդ Վորոբյանինովի կանաչ հանդերձանքին, բայց չառարկեց։
«Ճարպիկ երիտասարդ է եղել», ― անցավ նրա մտքով։
Օստապը, որ այդ միջոցին ավարտել էր Կորոբեյնիկովին տնտղելը, որոշեց, որ «ծերուկը տիպիկ սրիկա է»։
― Այդպես ուրեմն, ― ասաց Օստապը։
― Այդպես ուրեմն, ― ասաց արխիվարիուսը, ― դժվար է, բայց հնարավոր․․․
― Ծա՞խս է պահանջում, ― օգնեց մսասառցասպանդանոցի տերը։
― Մի փոքր գումար․․․
― Ավելի մոտ մարմնին,<ref>Բառախաղ «дело ևтело» բառերի։</ref> ինչպես ասում էր Մոպասանը։ Տեղեկությունները կվարձատրվեն։
― Ինչ կա որ, յոթանասուն ռուբլի դրեք մեջտեղ։
― Ինչո՞ւ այդպես շատ։ Գարին թանկացե՞լ է։
Ծերուկը ցնցվեց մանր դողով, խաղացնելով ողնաշարը։
― Բարեհաճում եք կատակել․․․
― Համաձայն եմ, պապաշա։ Օրդերների դիմաց փող։ Ե՞րբ կարելի է անցնել։
― Փողը մոտնե՞րդ է։
Օստապը պատրաստակամությամբ թփթփացրեց գրպանին։
― Այդ դեպքում թեկուզ հենց հիմա, ― հանդիսավոր կերպով ասաց Կորոբեյնիկովը։
Նա վառեց մոմը և Օստապին առաջնորդեց հարևան սենյակը։ Այնտեղ բացի մահճակալից, որի վրա հավանորեն տանտերն էր քնում, կար մի գրասեղան՝ վրան հաշվապահական գրքեր, և գրասենյակային երկար մի պահարան՝ բաց դարակներով։ Դարակների կողերին փակցված էին տպագիր տառեր А, Б, В և այլն, մինչև արիերգարդային Я տառը։ Դարակներում դրված էին բարակ, նոր թոկով կապկպած օրդերների կապոցներ։
― Օհո՜, ― հիացած բացականչեց Օստապը։ ― Լրիվ տնական արխիվ է։
― Միանգամայն լրիվ, ― համեստորեն պատասխանեց արխիվարիուսը։ ― Ես, գիտեք, համենայն դեպս․․․ Կոմունխոզին սա պետք չէ, իսկ ինձ օր ծերության կարող է պետք գալ․․․ Ապրում ենք, գիտեք էլի, ոնց որ հրաբուխի վրա․․․ ամեն ինչ կարող է պատահել․․․ Այն ժամանակ մարդիկ կնետվեն դես ու դեն՝ իրենց կահույքը գտնելու, իսկ որտե՞ղ է այդ կահույքը։ Ահա թե որտեղ է։ Այստեղ են նրանք։ Պահարանում։ Իսկ ո՞վ է պահել֊պահպանել։ Կորոբե՛յնիկովը։ Եվ ահա պարոնայք շնորհակալություն կասեն ծերուկին, կօգնեն օր ծերությայն․․․ Իսկ ինձ շատ բան հարկավոր չէ․․․ մի֊մի տասանոց կտան ամեն օրդերի դիմաց ― շնորհակալ կլինեմ․․․ Թե չէ՝ գնա փորձիր ու դաշտում քամի գտիր։ Առանց ինձ չեն գտնի։
Օստապը հիացած նայում էր ծերուկին։
― Հրա՜շք գրասենյակ է, ― ասաց նա, ― լրիվ մեխանիզացիա։ Դուք ուղղակի աշխատանքի հերոս եք։
Շոյված արխիվարիուսը հյուրին իրազեկ դարձրեց սիրած գործի մանրամասնություններին։ Նա բացեց հաշվառման և բաշխման հաստ գրքերը։
― Ամեն ինչ այստեղ է, ― ասաց նա, ― բովանդակ Ստարգորոդը։ Բոլոր կահ֊կարասիները։ Ումնից երբ է վերցված, ում երբ տրված։ Իսկ սա էլ այբբենական գիրքն է, կյանքի հայելին։ Ո՞ւմ կահույքն է ձեզ հետաքրքրում։ Առաջին գիլդիայի վաճառական Անգելո՞վի։ Խնդրեմ։ Նայեցեք Ա տառին։ Ա տառը, ԱԿ, ԱՄ, ԱՆ, Անգելով․․․ Համա՞րը։ Ահա՝82742: Այժմ դեսը տուր հաշվառման գիրքը։ Էջ 142։ Ո՞ւր է Անգելովը։ Ահա անգելովը։ 1918 թվականի դեկտեմբերի 18֊ին Անգելովից վերցված է «Բեկկեր» դաշնամուր N97012, նրա հետ փափուկ աթոռակ, երկու գրասեղան, չորս գարդերոբ (երկուսը կարմրափայտ), մեկ շիֆոնյեր և այլն․․․ երեք գարդերոբը՝ «Արտույտ» մանկական գիշերօթիկին․․․ Եվս մի գարդերոբ՝ Ստարպրոդկոգուբի քարտուղարի անձնական տրամադրության տակ։ Իսկ դաշնամուրն ո՞ւր է գնացել։ Գնացել է Սոցապ, 2֊րդ տունը։ Մինչև հիմա էլ այնտեղ դաշնամուր կա․․․
― Ես այնտեղ ինչ֊որ այդպիսի դաշնամուր չտեսա», ― անցավ Օստապի մտքով, հիշելով Ալխենի ամոթխած դեմքը։
― Կամ, օրինակի համար, քաղաքային վարչության գրասենյակի կառավարիչ Մուրվինը․․․ Մ տառով է, ուրեմն պետք է փնտրել։ Ամեն ինչ այստեղ է։ Ամբողջ քաղաքը։ Դաշնամուրներ կան այստեղ, ամեն տեսակ բազմոցիկներ, տրյումոներ, բազկաթոռներ, գահավորակներ, փափկաթոռներ, ջահեր․․․ նույնիսկ սերվիզներ կան․․․
― Դե, ― ասաց Օստապը, ― անձեռնակերտ հուշարձան պետք է կանգնեցնել ձեզ։ Սակայն մոտենանք գործին։ Օրինակ Վ տառը։
Թող լինի Վ տառը, ― սիրով արձագանքեց Կորոբեյնիկովը։ ― Հիմա։ ՎՄ, ՎՆ, Վորիցկի, N 48238 Վորոբյանինով, Իպոլիտ Մատվեևիչ, ձեր հայրը, աստված հոգին լուսավորի, չինական պիտակված վազաներ՝ չորս, ֆրանսիական «Սևր» գործարանից, օբյուսսոն գորգեր՝ ութը, գոբելեն «Հովվուհի», մեկ, արջի խրտվիլակ՝ մատուցարանով՝ մեկ, ննջարանի գարնիտուր՝ տասնվեց տեղ, հյուրասենյակի գարնիտուր՝ տասնչորս տեղ, կաղնե փայտից, վարպետ Հաբսի շինած․․․
― Իսկ ո՞ւմ է բաժանված, ― անհամբեր հարցրեց Օստապը։
― Էս րոպեիս կիմանանք։ Մատուցարանով արջի խրտվիլակը՝ միլիցիայի երկրորդ քաղաքամաս։ «Հովիվ» գոբելենը՝ գեղարվեստական արժեքների ֆոնդ։ «Հովվուհի» գոբելենը՝ վոդնիկների ակումբ։ Թեքինի և խորասանի գորգերը՝ Արտաքին առևտրի ժողկոմատ։ Ննջարանի գարնիտուրը՝ որսորդների միություն, ճաշասենյակի գարնիտուրը՝ «Գլավչայ»֊ի Ստարգորոդյան բաժանմունք։ Հյուրասենյակի կաղնե գարնիտուրը՝ մասերով։ Կլոր սեղանն ու մի աթոռը՝ սոցապի 2-րդ տուն, ճկած մեջքով գահավորակը՝ բնակբաժնի տրամադրության տակ (մինչև օրս էլ նախասրահում դրված է, ամբողջ պաստառը յուղոտել են, սրիկաները), ևս մի աթոռ Գրիցացուևին, որպես իմպերիալիստական պատերազմի հաշմանդամի, նրա դիմումի և բնակբաժնի վարիչ ընկ․ Բուրկինի մակագրության համաձայն։ Տասը աթոռ՝ Մոսկվա, կահույքային վարպետության թանգարանին, Լուսժողկոմատի շրջաբերական֊նամակի համաձայն․․․ Չինական պիտակված վազաները․․․
― Գովում եմ, ― ասաց Օստապը ցնծալով, ― հանճարեղ բան է դա։ Լավ կլիներ օրդերներին էլ նայեինք։
― Հիմի, էս սհաթիս օրդերներն էլ կնայենք։ Վ տառի N 48238֊ը։
Արխիվարիուսը մոտեցավ պահարանին և, թաթերի վրա բարձրանալով, հանեց հարկավոր կապոցը։
― Հրե՛ս։ Ձեր հոր ամբողջ կահույքն էստեղ է։ Բոլո՞ր օրդերներն են ձեզ պետք։
― Բոլորն ի՞նչ եմ անում․․․ Այնպես․․․ Մանկության օրերի հիշողություններ՝ Հյուրասենյակի գարնիտուրը․․․ Հիշում եմ, խաղում էի հյուրասենյակում խորասանի գորգի վրա, «Հովվուհի» գոբելենին նայելով․․․ Լա՜վ ժամանակներ էին, ոսկյա մանկություն․․․ Եվ ահա, պապաշա, մենք կսահամանափակվենք հյուրասենյակի գարնիտուրով։
Արխիվարիուսը սիրով քանդեց կանաչավուն կտրոնների կապոցը և սկսեց փնտրել պահանջված օրդերները։ Կորոբեյնիկովը ջոկեց հինգ օրդեր։ Մեկը՝ տաս աթոռի, երկուսը՝ մեկական աթոռի, մեկը՝ կլոր սեղանի և մեկը «Հովվուհի» գոբելենի։
― Բարեհաճեցեք տեսնել։ Ամեն ինչ կարգին է։ Տեղը տեղին՝ ամեն բան պարզ է։ Կտրոնների վրա գրված են բոլոր հասցեները և ստացողի սեփական ստորագրությունը։ Այնպես որ ոչ ոք հարկ եղած դեպքում հրաժարվել չի կարող։ Միգուցե կուզենաք և գեներաշա Պոպովայի՞ գարնիտուրը։ Շա՜տ լավն է։ Նույնպես Հարբսի աշխատանք․․․
Բայց Օստապը բացառապես ծնողների նկատմամբ տածած սիրո մղումով, ճանկեց օրդերները, կոխեց կողքի գրպանի խորքը, իսկ գեներաշայի գարնիտուրից հրաժարվեց։
― Կարելի՞ է ստացան գրել, ― հարցրեց արխիվաիուսը, ճարպկորեն կռանալով։
― Կարելի է, ― սիրալիր ասաց Բենդերը, ― գրեցե՛ք, գաղափարի մարտիկ։
― Կգրեմ ուրեմն։
― Հո՛ւպ տվեք։
Անցան առաջին սենյակը։ Կորոբեյնիկովը գեղեցիկ ձեռագրով գրեց ստացական և, ժպտալով, հանձնեց հյուրին։ Գլխավոր կոնցեսիոները արտասովոր քաղաքավարությամբ աջ ձեռքի երկու մատով վերցրեց թուղթը և դրեց նույն գրպանը, որտեղ արդեն դրված էին թանկարժեք օրդերները։
― Դե, առայժմ, ― ասաց նա աչքերը կկոցելով, ― կարծեմ ես բավականաչափ անհանգստացրի ձեզ։ Չեմ համարձակվում այլևս նեղություն պատճառել ձեզ իմ ներկայությամբ։ Ձեր ձեռքը, գրասենյակի կառավարիչ։
Շշմած արխիվաիուսը ալարկոտ սեղմեց իրեն մեկնած ձեռքը։
― Առայժմ, ― կրկնեց Օստապը։
Նա շարժվեց դեպի դուռը։
Կորոբեյնիկովը ոչինչ չհասկացավ։ Նա նույնիսկ նայեց սեղանին՝ հյուրը հո փող չի թողել այնտեղ, բայց սեղանի վրա էլ փող չկար։ Այդ ժամանակ արխիվարիուսը շատ կամաց հարցրեց․
― Բա փո՞ղը։
― Ի՞նչ փող, ― ասաց Օստապը, դուռը բացելով։ ― Դուք, կարծեմ, ինչ֊որ փողի մասի՞ն էիք հարցնում։
― Բա ո՞նց։ Կահույքի, օրդերների դիմաց։
― Հոգյա՜կս, ― ծոր տվեց Օստապը, ― աստված վկա, բայց չկա, մոռացել եմ վերցնել ընթացիկ հաշվից։
Ծերուկը դողաց և առաջ պարզեց նիհար ձեռքը, ցանկանալով բռնել գիշերվա այցելուին։
― Կամա՛ց, հիմար, ― ասաց Օստապը սպառնալից, ― քեզ ասում են ռուսերեն լեզվով՝ վաղը, նշանակում է վաղը։ Դե, առայժմ։ Նամակ գրեք․․․
Դուռը շրխկալով փակվեց։ Կորոբեյնիկովը նորից բացեց այն և դուրս վազեց փողոց, բայց Օստապն արդեն չկար։ Նա արագ քայլում էր կամրջի մոտով։ Ուղեկամուրջով անցնող լոկոմոտիվը լուսավորեց նրան իր կրակներով ու ծխի մեջ կորցրեց։
― Սառույցը շարժվեց, ― բղավեց Օստապը մեքենավարին։ ― Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։
Մեքենավարը չլսեց, ձեռքը թափահարեց, մեքենայի անիվները ավելի ուժեղ ձգեցին ծուռ առանցքակալների երկաթյա արմունկները, և շոգեքարշը սլացավ։
Կորոբեյնիկովը մի երկու րոպե կանգնեց ցուրտ քամուն և, գարշելիորեն զազրախոսելով, վերադարձավ իր տնակը։ Անտանելի վիշտ պատեց նրան։ Նա կանգնեց սենյակի մեջտեղը և կատաղությունից սկսեց քացով տալ սեղանին։ Կրկնակոշիկի ձև ունեցող «Տրեուգոլնիկ» մակագրությամբ մոխրամանը վեր֊վեր էր թռչում և բաժակը չրխկում էր ջրամանի հետ։
Վարֆոլոմեյ Կորոբեյնիկովը դեռ երբեք այդպես ստոր կերպով խաբված չէր եղել։ Ինքը կարող էր ուզած մարդուն խաբել, բայց այս դեպքում իրեն խաբեցին այնպես հանճարեղ պարզությամբ, որ նա դեռ երկար ժամանակ կանգնել֊մնացել էր՝ ճաշասեղանի հաստ ոտքերին թակելով։
Գուսիշչեում Կորոբեյնիկովին Վարֆոլոմեիչ էին կոչում։ Միայն ծայրահեղ կարիքի դեպքում էին դիմում նրան։ Վարֆոլոմեիչը իբրև գրավ իրեր էր վերցնում և մարդակերի տոկոսներ նշանակում։ Մի քանի տարի է, ինչ նա զբաղվում էր դրանով և դեռ ոչ մի անգամ չէր խաբվել։ Իսկ հիմա նա վառվեց առևտրական իր լավագույն ձեռնարկությունից, որից մեծ օգուտներ և ապահովված ծերություն էր սպասում։
― Հանա՞ք բան է, ― բղավեց նա, հիշելով կորած օրդերները։ ― Սրանից հետո՝ փողը միայն առաջուց։ Եվ ո՞նց ես այս անգամ սխալվեցի։ Սեփական ձեռքերովս տվեցի հյուրասենյակի կաղնե գարնիտուրը․․․ Միայն «Հովվուհի» գոբելենն ի՜նչ ասես արժեր։ Ձեռքի աշխատանք․․․
Ինչ֊որ մեկի անվստահ ձեռքը վաղուց արդեն պտտեցնում էր «խնդրում եմ պտտել» զանգը, և Վարֆոլոմեիչը դեռ չէր հասցրել հիշելու, որ մուտքի դուռը բաց է մնացել, երբ նախասենյակում ծանր դղրդոց լսվեց և պահարանների լաբիրինթոսում մոլորված մարդու ձայնը կոչեց․
― Ո՞ւր մտնեմ այստեղ։
Վարֆոլոմեիչը դուրս եկավ նախասրահ, դեպի իրեն քաշեց մեկի վերարկուն (շոշափելով՝ դրապ) և ճաշասենյակ տարավ տեր Ֆյոդորին։
― Մեծահոգաբար ներեցեք, ― ասաց տեր Ֆյոդորը։
Տասը րոպեի փոխադարձ թերասությունից և խորամանկությունից հետո պարզվեց, որ քաղաքացի Կորոբեյնիկովն իրոք ինչ֊որ տեղեկություններ ունի Վորոբյանինովի կահույքի մասին, իսկ տեր Ֆյոդորը չի հրաժարվում վճարել այդ տեղեկությունների համար։ Բացի այդ, ի մեծ հաճույս արխիվարիուսի, այցելուն դուրս եկավ նախկին պարագլխի հարազատ եղբայրը և բուռն ցանկություն ուներ պահպանել նրա հիշատակը՝ հյուրասենյակի կաղնե գարնիտուրը ձեռք բերելով։ Այդ գարնիտուրի հետ կապված էին Վորոբյանինովի եղբոր պատանեկության ամենաջերմ հիշողությունները։
Վարֆոլոմեիչը պահանջեց հարյուր ռուբլի։ Այցելուն եղբոր հիշատակը շատ ավելի ցած էր գնահատում՝ երեսուն ռուբլի։ Համաձայնության եկան հիսուն ռուբլով։
― Փողը կխնդրեի առաջուց, ― հայտարարեց արխիվարիուսը, ― դա իմ սկզբունքն է։
― Իսկ ոչի՞նչ, եթե ոսկյա տասանոցներով տամ, ― շտապեց տեր Ֆյոդորը, պիջակի աստառը պատռելով։
― Կուրսով կընդունեմ։ Ինն ու կես ռուբլով։ Էսօրվա կուրսն է։
Վոստրիկովը հինգ դեղին ոսկի հանեց երշիկից, վրան ավելացրեց երկուս ու կես ռուբլի արծաթ և այդ ամբողջ կույտը մոտեցրեց արխիվարիուսին։ Վարֆոլոմեիչը երկու անգամ հաշվեց դրամը, լցրեց բուռը, խնդրեց հյուրին մի րոպե սպասել և գնաց օրդերները բերելու։ Իր գաղտնի գրասենյակում Վարֆոլոմեիչը երկար ու բարակ չմտածեց, բաց արեց այբբենական ցանկի՝ կյանքի հայելու Պ տառը, արագ գտավ պահանջված համարը և դարակից հանեց գեներալշա Պոպովայի օրդերների կապոցը։ Բացելով կապոցը, Վարֆոլոմեիչը նրա միջից ջոկեղ Հաբսի գործարանի տասներկու կաղնե այն աթոռների օրդերը, որ տվել էին Վինոգրադնայա փողոցի N 34֊ում ապրող ընկ․ Բրունսին։ Զարմանալով իր հնարամտության և տակից դուրս գալու կարողության վրա, արխիվարիուսը քմծիծաղ տվեց և օրդերները տարավ գնորդին տալու։
― Բոլորը մի տե՞ղ են, ― բացականչեց գնորդը։
― Տեղը տեղին։ Բոլորն էլ այնտեղ են։ Հիանալի գարնիտուր է։ Մատերդ կլպստեք։ Ասենք՝ ինչ հարկ կա բացատրելու։ Ինքներդ լավ գիտեք։
Տեր Ֆյոդորը երկար ժամանակ ոգևորված թափահարում էր արխիվարիուսի ձեռքը և, բազում անգամներ դիպչելով նախասրահի պահարաններին, դուրս վազեց գիշերային խավարի մեջ։
Վարֆոլոմեիչը դեռ երկար ծիծաղում էր հիմարացած գնորդի վրա։ Ոսկե տասնոցները իրար կողքի դրեց սեղանին և երկար ժամանակ քունը գլխին նստած նայում էր շողշողուն հինգ կլորակներին։
«Եվ ինչո՞ւ են բոլորն էլ Վորոբյանինովի կահույքի ետևից ընկել, ― մտածեց նա։ ― Խելքները կորցրել են»։
Նա հանվեց, անուշադիր աղոթեց աստծուն, պառկեց օրիորդական նեղլիկ անկողնին և մտահոգ քնեց։
==Ծանոթագրություններ==
<references/>