</poem>
===Նախաբան======= 1. Հոբիթների մասին ====
Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։
Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Պարկինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Պարկինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:
==== 2. Ծխելու խոտի մասին ====
Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխելու խոտ կամ ուղղակի տերև: Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, իրար գլուխ է հավաքել Մերիադոք Բրենդիբաքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխելու խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:
Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխելու խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն ավանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխելու խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:
==== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ====
Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն 1164 թ. (Հ.Տ.)
Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ՝ հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Իսկ Մատանու մասին առհասարակ խոսք անգամ չկար։
==== 4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին ====
Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Էրեբորում՝ Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Սակայն գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։