Կաթիլներն ընկնում էին շատ դանդաղ, ճիշտ այնպես, ինչպես մայրամուտից հետո ջուրն է կաթկթում սառցալեզվակներից։ Մթության մեջ մեքենան բարձրանում էր սարը, և թափքում անչափ ցուրտ էր։ Պահակետի մոտ պատգարակը դուրս հանեցին, դրեցին մեկ ուրիշը, ու մենք շարունակեցինք ճանապարհը։
Գլուխ 10
Զինվորական հյուրանոցի պալատում ասացին, որ կեսօրից հետո ինձ մոտ գալու է մի այցելու։ Շոգ էր, և սենյակը լցված էր ճանճերով։ Սանիտարը թուղթը շերտերի բաժանեց, կապեց ձեռնափայտին և օգտագործելով որպես փոքրիկ ավել, սկսեց դրանով ճանճերին քշել։ Ես նայում էի, թե ինչպես են նրանք նստում առաստաղին։ Երբ նա դադարեց ավելը թափահարել ու քնեց, ճանճերն իսկույն ցած թռան, ու ես անընդհատ փչում էի, որ չկպչեն ինձ, բայց ի վերջո ձեռքերով ծածկեցի դեմքս և նույնպես քնեցի։ Շատ շոգ էր, ու երբ արթնացա, ոտքերս սաստիկ քոր էին գալիս։ Արթնացրի սանիտարին, ու նա հանքային ջուր թափեց վիրակապերիս վրա։ Անկողինը դարձավ զով ու խոնավ։ Արթուն հիվանդները զրույց էին անում պալատի մի ծայրից մյուսը։ Ճաշից հետո միշտ հանգիստ ժամեր էին։ Առավոտները երեք բուժակ մի֊մի բժիշկ հերթով մոտենում էին բոլոր մահճակալներին, բարձրացնում հիվանդներին և տանում վիրակապարան, որպեսզի վերքերը վիրակապելու ժամանակ հնարավոր լիներ անկողինները կարգի բերել։ Այդ ճամփորդությունն այնքան էլ հաճելի չէր, բայց այն ժամանակ ես դեռ չգիտեի, թե անկողինը նաև կարելի է սարքել նաև առանց հիվանդին տեղից շարժելու։ Սանիտարն արդեն թափել էր ամբողջ ջուրը, անկողինը դարձել էր զով ու հաճելի, և հենց այն է՝ ես բացատրում էի նրան, թե ոտնաթաթիս որ մասը քորի, երբ բժշկի ուղեկցությամբ ներս մտավ Ռինալդոն։ Մտավ շատ արագ, կռացավ մահճակալիս վրա ու համբուրեց ինձ։ Նկատեցի, որ ձեռնոց էր հագել։
― Ինչ կա չկա, բեյբի։ Ինչպե՞ս եք։ Սա ձեզ համար եմ բերել ― մի շիշ կոնյակ էր։ Սանիտարը աթոռ բերեց, և նա նստեց։ ― Եվ մի լավ նորություն։ Պարգևատրվելու եք։ Ուզում են արծաթե մեդալ տալ, բայց գուցե միայն բրոնզ հաջողվի։
― Ինչի՞ համար։
― Որովհետև ծանր վիրավորվել եք։ Ասում են՝ եթե կարողանաք ապացուցել, որ սխրագործություն եք կատարել, արծաթ կստանաք։ Հակառակ դեպքում՝ բրոնզ։ Մանրամասն պատմեք։ Սխրագործություն արե՞լ եք։
― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ արկը պայթեց, պանիր էինք ուտում։
― Լուրջ պահեք ձեզ։ Դուք պետք է սխրագործություն արած լինեք կամ առաջ կամ հետո։ Լավ հիշեք։
― Ոչինչ էլ չեմ արել։
― Ոչ մեկին չե՞ք տարել ուսերի վրա։ Գորդինին ասում է, որ մի քանի հոգու եք տարել, բայց առաջին պահակետի գլխավոր բժիշկը հայտարարեց, որ անհնար էր այդպիսի բան անել։ Իսկ պարգևատրման զեկուցագիրը նա պետք է ստորագրի։
― Ոչ ոքի էլ չեմ տարել։ Շարժվել անգամ չէի կարող։
― Դա կարևոր չէ, ― ասաց Ռինալդոն։
Նա հանեց ձեռնոցները։
― Հուսով եմ, արծաթ կհաջողացնենք։ Գուցե հրաժարվե՞լ եք բժշկական օգնությունից և ուրիշների՞ն եք զիջել ձեր հերթը։
― Ոչ այնքան վճռական։
― Դա կարևոր չէ։ Իսկ ձեր վերքե՞րը։ Իսկ ձեր արիությո՞ւնը, չէ՞ որ անընդհատ խնդրում էիք, որ առաջին գիծ տանեն ձեզ։ Բացի այդ, օպերացիան հաջողությամբ ավարտվեց։
― Ուրեմն, կարողացա՞ն գետն անցնել։
― Այն էլ ինչպես։ Մոտ հազար գերի են բռնել։ Տեղեկաթերթիկում է գրված։ Չե՞ք կարդացել։
― Ոչ։
― Կբերեմ։ Դա փառավոր coup de main<ref>Հարված (ֆր․)։</ref> էր։
― Ձեզ մոտ ի՞նչ կա։
― Լավ է։ Ամեն ինչ լավ է։ Բոլորն էլ հպարտանում են ձեզնով։ Մանրամասն պատմեցեք։ Վստահ եմ, որ արծաթ կստանաք։ Դե սկսեք։ Ամեն ինչ հերթով պատմեցեք։ ― Լռեց ու մտքերի մեջ ընկավ։ ― Գուցե անգլիական մեդալ ստանաք։ Այնտեղ մի անգլիացի կար։ Կգամ, կհարցնեմ․ չի՞ համաձայնի արդյոք ձեր մասին հանձնարարական տալ։ Կարծում եմ, որ եթե ուզենա, կարող է մի բան անել։ Շա՞տ է ցավում։ Մի քիչ խմեք։ Սանիտար, խցանահան բերեք։ Օ, պիտի տեսնեիք, թե ինչպես եմ մի հիվանդից երեք մետր բարկա աղիք հանել։ Իսկական «Լանցետում» գրելու բան է։ Դուք կթարգմանեք, իսկ ես կուղարկեմ։ Օրըստօրե կատարելագործվում եմ։ Իմ խեղճ, իմ սիրելի բեյբի, ինչպե՞ս եք։ Ո՞ւր մնաց այդ անիծյալ խցանահանը։ Դուք այնքան լուռ եք, ու համբերատար, որ նույնիսկ մոռանում եմ ձեր վերքերի մասին։
Ձեռնոցները խփեց մահճակալի ծայրին։
― Խնդրեմ, խցանահանը, signor tenente, ― ասաց սանիտարը։
― Բացեք շիշը։ Բաժակ բերեք։ Խմեք, բեյբի։ Ինչպե՞ս է ձեր խեղճ գլուխը։ Մի թեթև նայեցի հիվանդության պատմությունը։ Ճեղքվածք չունեք։ Առաջին պահակետի բժիշկը մսագործի մեկն էր։ Եթե ես անեի, բնավ ցավ չէիք զգա։ Իմ հիվանդներից ոչ մեկն էլ ցավ չի զգում։ Գիտեմ ինչ պիտի անել։ Օրըստօրե ավելի հեշտ ու թեթև եմ աշխատում։ Ներեցեք, որ այսքան շատ եմ խոսում, բեյբի։ Շատ եմ վշտացած, որ ծանր եք վիրավորվել։ Խմեք, խմեք։ Լավ կոնյակ է։ Հիսուն լիրա արժե։ Պետք է լավը լինի։ Հինգաստղանի է։ Հենց որ դուրս գամ, անգլիացու մոտ եմ գնալու, և նա անգլիական մեդալ կպոկի ձեզ համար։
― Դա այնքան էլ հեշտ բան չէ։
― Շատ համեստ եք։ Ես կապի սպային կուղարկեմ։ Նա կարողանում է անգլիացիների հետ լեզու գտնել։
― Տեսե՞լ եք միսս Բարկլիին։
― Ես նրան կբերեմ։ Հիմա կգնամ ու կբերեմ։
― Մի գնացեք, ― ասացի ես։ ― Գորիցիայի մասին պատմեք։ Լավ աղջիկներ կայի՞ն։
― Ոչ մի աղջիկ էլ չկար։ Արդեն երկու շաբաթ է, ինչ նոր աղջիկներ չեն գալիս։ Էլ չեմ գնում այնտեղ։ Խայտառակություն։ Իսկ հներն ի՞նչ աղջիկ են, ճակատային ընկերներ են։
― Բնա՞վ չեք գնում։
― Միայն մեկ֊մեկ, նորություն իմանալու։ Այն էլ ի միջի այլոց։ Բոլորն էլ ձեր մասին են հարցնում։ Խայտառակություն է։ Այնքան երկար են մնում, որ ընկերներ ենք դառնում։
― Գուցե էլ չեն ուզում ճակատ գնալ։
― Ուզում են, ուզում։ Ինչքան ասես աղջիկ կա։ Բայց կազմակերպվածություն չկա։ Թիկունքի հերոսների համար են պահում նրանց։
― Խե՜ղճ Ռինալդի, ― ասացի ես։ ― Պատերազմում մեն֊մենակ, նույնիսկ առանց նոր աղջիկների։
Ռինալդոն լցրեց իր բաժակը։
― Սա ձեր համար վնաս չէ։ Խմեք։
Խմեցի կոնյակն ու զգացի, թե ինչպես ամբողջ մարմինս սկսեց տաքանալ։ Ռինալդոն էլի լցրեց։ Հանգստացել էր մի քիչ։ Նա բարձրացրեց բաժակը։
― Ձեր քաջարի վերքերի կենացը։ Արծաթի մեդալի կենացը։ Ասացեք, բեյբի, ձեր ներվերի վրա չի՞ ազդում այս շոգին անընդհատ պառկելը։
― Երբեմն ազդում է։
― Նույնիսկ պատկերացնել չեմ կարող։ Ես կգժվեի։
― Դուք արդեն գիժ եք։
― Շատ եմ ուզում վերադառնաք։ Գիշերային արկածներից հետո մարդ չկա, որ պարտք վերցնես։ Ոչ մի հարևան, ոչ մի արյունակից եղբայր։ Չեմ հասկանում, ինչո՛ւ վիրավորվեցիք։
― Կարող եք քահանային ձեռք առնել։
― Քահանա՜։ Ես նրան ձեռք չեմ առնում։ Կապիտանն է ձեռք առնում։ Իսկ ես սիրում եմ։ Եթե քահանայի կարիք ունենաք, նրան վերցրեք։ Նա ձեզ տեսության է գալիս։ Մեծ պատրաստություններ է տեսնում։
― Ես էլ եմ նրան սիրում։
― Գիտեմ։ Մեկ֊մեկ նույնիսկ մտածում եմ, որ դուք և նա, ոնց ասեմ, նրանցից եք։ Հասկանում եք, չէ՞։
― Ոչինչ էլ չեք մտածում։
― Չէ, մեկ֊մեկ մտածում եմ։
― Գրողի ծողը կորեք։
Նա վեր կացավ ու հագավ ձեռնոցները։
― Շատ եմ սիրում ձեր հոգու հետ խաղալ, բեյբի։ Ու չնայած ձեր քահանային ու ձեր անգլուհուն, մենք հոգով շատ նման ենք իրար։
― Նման չենք։
― Նման ենք։ Դուք իսկական իտալացի եք։ Ամբողջովին կրակ ու բոց, մեջը՝ պարապ։ Դուք միայն ձևացնում եք, թե ամերիկացի եք։ Մենք եղբայրներ ենք և սիրում ենք իրար։
― Խելոք կմնաք մինչև գալս, ― ասացի ես։
― Ես կուղարկեմ միսս Բարկլիին։ Իմ բացակայությունն ավելի հաճելի կլինի ձեզ։ Դուք ավելի նուրբ եք և ավելի մաքուր։
― Գրողի ծոցը կորեք։
― Կուղարկեմ նրան։ Ձեր գեղեցիկ և սառը աստվածուհուն։ Անգլիական աստվածուհուն։ Աստված իմ, էլ ի՞նչ կարող է մարդ անել այդպիսի կնոջը, եթե ոչ երկրպագել։ Եվ, ընդհանրապես, էլ ինչի՞ են պետք անգլուհիները։
― Դուք տգետ և դատարկախոս դագո<ref>Իսպանացի նավագների արհամարհական անուն։</ref> եք։
― Ի՞նչ, ի՞նչ։
― Տգետ ու սնապառծ։
― Սնապա՜րծ։ Դո՛ւք եք սնապարծ․․․ ձեր այդ սառցե մռութով։
― Տգետ։ Բթամիտ։ ― Զգացի, որ այդ բառը խոցեց նրան ու շարունակեցի։ ― Անկիրթ։ Անգրագետ։ Անգրագետ բթամիտ։
― Այդպես, հա՞։ Դե հիմա լսեք ձեր անմեղ կանանց մասին։ Ձեր աստվածուհիների մասին։ Անմեղ աղջկա ու կնոջ միջև մի տարբերություն կա միայն։ Երբ աղջկա հետ ես պառկում, ցավ ես պատճառում նրան։ Այսքան բան։ ― Ձեռնոցները խփեց մահճակալին։ ― Ու չես կարող իմանալ, դուր կգա՞ աղջկան այդ բանը, թե ոչ։
― Մի չարացեք։
― Չեմ չարանում։ Ձեր օգտին եմ ասում, բեյբի։ Գլխացավանքից ազատելու համար։
― Էլ ուրիշ տարբերություն չկա՞։
― Ոչ, չկա։ Բայց ձեզ նման միլիոնավոր հիմարներ չգիտեն այդ։
― Շատ զգացված եմ, որ ասացիք ինձ։
― Չարժե գժտվել, բեյբի։ Ես ձեզ շատ եմ սիրում, բայց հիմար մի եղեք։
― Չեմ լինի։ Կլինեմ այնքան խելոք, որքան՝ դուք։
― Մի բարկացեք, բեյբի։ Ծիծաղեցեք։ Մի քիչ էլ խմեք։ Արդեն գնալու ժամանակն է։
― Դուք լավ տղա եք։
― Այ, տեսնում եք։ Հոգով նման ենք իրար։ Պատերազմի ընկերներ ենք։ Հրաժեշտից առաջ համբուրեք ինձ։
― Փսլնքոտ։
― Ոչ։ Ես պարզապես ավելի զգայուն եմ։
Դեմքիս վրա զգացի նրա շնչառությունը։
― Ցտեսություն։ Շուտով նորից կգամ։ ― Շնչառությունը հեռացավ ինձնից։ ― Թե չեք ուզում, չեմ համբուրի։ Անգլուհուն կուղարկեմ։ Ցը, բեյբի։ Մահճակալի տակ է կոնյակը։ Շուտ լավացեք։
Գնաց։
<references />