====Գլուխ յոթ․ Թոմ Բոմբադիլի տանը====
[[Պատկեր:Tom bombadil.jpg|300px|thumb|right]]
Չորս հոբիթն անցան լայն քարե շեմը և, աչքները թարթելով, անշարժացան։ Նրանք գտնվում էին կախովի կանթեղներով լուսավորված, ցածր, բայց ընդարձակ սենյակում։ Մեջտեղում հղկված, փայլեցված փայտյա սեղան էր դրված, իսկ վրան՝ մոմեր: Սենյակի հեռավոր անկյունում նստած էր տանտիրուհին։ Նրա երկար, խարտյաշ վարսերը թափվում էին ուսերին ու փափուկ իջնում ներքև, ինչպես գետի ալիքները, զգեստը վառվռուն-կանաչ էր, ինչպես եղեգի ծիլերը և արծաթին էր տալիս, ինչպես ցողոտ խոտը, իսկ ոսկե գոտին ծածկված էր երկնագույն անմոռուկներով: Նրա շուրջը դրված կանաչ ու դարչնագույն սկուտեղներում նունուֆարներ էին լողում, ինչի պատճառով էլ թվում էր, թե նա նստած է անտառային լճակի մեջտեղում դրված գահին: