Մենք հրաժեշտ տվինք իրար, նրանք սեղմեցին ձեռքս ու գնացին։ Երկուսի տրամադրությունն էլ ընկել էր։ Երբ գնացքը շարժվեց, բոլոր տեղ չունեցողներս կանգնած էինք միջանցքում։ Ճանապարհին, պատուհանից նայում էի ուղեփոխ սլաքներին ու լապտերին։ Անձրև էր գալիս դեռ, և շուտով պատուհանները թրջվեցին ու այլևս ոչինչ հնարավոր չէր տեսնել։ Ավելի ուշ պառկեցի միջանցքի հատակին, բայց նախ հանեցի դրամապանակս, որի մեջ նաև փաստաթղթեր կային, և խոթեցի շապիկիս ու տաբատիս տակ, այսինքն, ազդրիս ու շալվարիս միջև։ Ամբողջ գիշերը քնեցի, արթնացա միայն Բրեշիայի և Վերոնայի կանգառներում, որտեղ նորանոր ուղևորներ էին գնացք նստում, բայց անմիջապես նորից քնեցի։ Ուսապարկիս մեկը դրել էի գլխիս տակ, մյուսը ձեռքերով գրկել ու, եթե չուզենային կոխրտել, կարող էին հեշտությամբ անցնել իմ վրայից։ Միջանցքի ամբողջ հատակին մարդիկ էին պառկած։ Ոմանք՝ ձեռքերը պատուհանների բռնակներին դրած, կանգնել էին կամ հենվել դռներին։ Այս գնացքը միշտ էլ լեփ֊լեցուն էր գնում։
==Գլուխ 25==
Աշուն էր արդեն, բոլոր ծառերը մերկացել էին, և ճանապարհները ցեխով էին ծածկվել։ Ուդինից բեռնատար ավտոմեքենայով Գորիցա գնացի։ Անցնում էինք ուրիշ բեռնատարների կողքով, ու ես դիտում էի շուրջս։ Թթենիները մերկացել էին, դաշտերը՝ մգացել։ Թաց և մեռած տերևները թափվել էին մերկ ծառերի տակ, և բանվորները ճամփեզրին դիզված կույտերից խճաքար էին վերցնում ու լցնում փոսերը։ Երևացին քաղաքը, ու քաղաքի վրա նստած մշուշը, որը թույլ չէր տալիս լեռները տեսնել։ Անցանք գետը, և ես նկատեցի, որ ջուրը կարգին բարձրացել է։ Լեռներում անձրև էր գալիս։ Քաղաք մտանք, անցանք ֆաբրիկաների, հետո առանձնատների կողքով ու ես նկատեցի, որ իմ բացակայությունից հետո ավելի շատ տներ էին ավերվել ռումբերից։
Նեղ փողոցում անցանք անգլիական կարմիր խաչի ավտոմեքենայի մոտով։ Վարորդը գլխարկ էր դրել, դեմքը նիհար էր և չափազանց թուխ։ Չէի ճանաչում նրան։ Իջա քաղաքապետարանի դիմաց գտնվող մեծ հրապարակում, վարորդը տվեց ուսապարկս, որը կապեցի մեջքիս, ապա կոճկեցի երկու պայուսակներն ու գնացի մեր առանձնատունը։ Դա բնավ նման չէր տունդարձի։
Քայլում էի ծառուղու թաց մանրախճերի վրայով ու նայում ծառերի ետևում սպիտակին տվող առանձնատանը։ Բոլոր պատուհանները փակ էին, իսկ դուռը՝ բաց։ Մտա ու տեսա մայորին։ Նստել էր գրասեղանի առջև, դատարկ մի սենյակում, որի պատերը ծածկված էին միայն քարտեզներով ու մեքենագիր թղթերով։
― Ողջույն, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս եք։
Նա ծերացել էր և մի տեսակ չորացել։
― Լավ եմ, ― ասացի ես։ ― Իսկ գործե՞րն ինչպես են։
― Ամեն ինչ վերջացավ, ― ասաց նա։ ― Բեռը ցած դրեք, նստեք։
Ուսապարկն ու երկու պահունակները դրեցի հատակին, գլխարկս՝ ուսապարկի վրա։ Պատի տակից մի աթոռ վերցրի ու նստեցի։
― Շատ լավ ամառ էր, ― ասաց մայորը։ ― Առողջացե՞լ եք։
― Այո։
― Ստացա՞ք պարգևները։
― Այո։ Առոք֊փառոք ստացա։ Շնորհակալություն։
― Հապա տեսնեմ։
Բաց արի թիկնոցս, որպեսզի երևան երկու ժապավենները։
― Մեդալնե՞րն էլ ստացաք։
― Ոչ։ Միայն թղթերը։
― Մեդալները հետո կուղարկեն։ Մի քիչ երկար կտևի։
― Ինձ ո՞ւր եք նշանակելու։
― Մեքենա չկա։ Վեցն էլ Կապորետոյում են։ Գիտե՞ք ուր է Կապորետոն։
― Այո, ― ասացի ես։ Հիշեցի փոքրիկ, սպիտակ մի քաղաք, հովտում՝ զանգակատուն։ Քաղաքը մաքուր էր, իսկ հրապարակում մի գեղեցիկ շատրվան կար։
― Մեքենաները այնտեղ են։ Հիվանդները հիմա շատացել են։ Մարտերը վերջացան։
― Իսկ մյուսնե՞րն ուր են։
― Երկուսը լեռներում են, չորսը Բարինզիցայում են մնացել։ Իսկ մյուս երկու սանիտարական ջոկատները Կարսոյում են, երրորդ բանակում։
― Ինձ ո՞ւր եք ուղարկելու։
― Եթե ուզում եք, կարող եք Բարինզիցայի չորս մեքենան վերցնել։ Ջինոն վաղուց է այնտեղ։ Դուք այս մարտերին չեք մասնակցել, չէ՞, կարծեմ ձեզնից հետո էր։
― Այո։
― Զզվելի բան էր։ Երեք մեքենա կորցրինք։
― Իմացա։
― Այո, Ռինալդոն գրեց, չէ՞։
― Որտե՞ղ է Ռինալդոն։
― Այստեղ է, հիվանդանոցում։ Ամռանն ու աշնանը հոգին դուրս եկավ։
― Պատկերացնում եմ։
― Սարսափելի էր, ― ասաց մայորը։ ― Չեք պատկերացնում ինչքան սարափելի էր։ Հաճախ մտածում էի, որ ձեր բախտը բերեց, շուտ վիրավորվեցիք։
― Ես էլ եմ այդպես կարծում։
― Մյուս տարի ավելի վատ կլինի, ― ասաց մայորը։ ― Հավանական է, որ հիմա էլ հարձակման անցնեն։ Ասում են, բայց ես չեմ հավատում։ Շատ ուշ է։ Տեսա՞ք գետը։
― Այո։ Ջուրը բարձրացել է։
― Չեմ կարծում, որ հիմա հարձակման անցնեն, մանավանդ որ արդեն անձրև է գալիս լեռներում։ Շուտով ձյուն էլ կգա։ Իսկ ի՞նչ լուր կա ձեր հայրենակիցներից։ Ինչ է, բացի ձեզնից ուրիշ ամերիկացիների չե՞նք տեսնելու։
― Տասը միլիոնանոց բանակ են հավաքում։
― Լավ կլիներ, որ գոնե մի մասն ուղարկեին։ Բայց ֆրանսիացիները կպահեն բոլորին։ Ոչ ոք այստեղ չի հասնի։ Դե լավ։ Այս գիշեր մնացեք, իսկ վաղը մեքենայով կգնաք, կփոխարինեք Ջինոյին։ Կասեմ, որ որևէ մեկը ուղեկցի ձեզ։ Ջինոն ամեն ինչ կպատմի։ Այնտեղ երբեմն դեռ կրակում են, բայց, միևնույն է, ամեն ինչ արդեն վերջացել է։ Արժե Բարինզիցան տեսնել։
― Ուրախ եմ, որ պիտի տեսնեմ։ Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ, signor maggiore.
Նա ժպտաց։
― Դուք շատ սիրալիր եք։ Հոգնել եմ պատերազմից։ Եթե այստեղից գնայի, դժվար թե ցանկանայի վերադառնալ։
― Ուրեմն այդքան վա՞տ էր։
― Այո։ Այդքան և մի քիչ էլ ավելի։ Գնացեք, լվացվեք և ձեր ընկերոջը, Ռինալդիին փնտրեք։
Վերցրի բեռներս ու աստիճաններով բարձրացա։
Ռինալդին սենյակում չէր, բայց իրերը տեղում էին, ու ես նստեցի մահճակալին, հանեցի փաթեթներս և աջ ոտքիս կոշիկը։ Հետո պառկեցի։ Հոգնած էի, և աջ ոտքս ցավում էր։ Ինձ թվաց, թե հիմարություն է մի կոշիկով պառկելը, դրա համար էլ նստեցի, քանդեցի մյուս կոշիկիս կապիչները, գցեցի հատակին ու նորից պառկեցի վերմակի վրա։ Պատուհանները փակ էին, և հեղձուցիչ օդ էր սենյակում, բայց ես շատ էի հոգնած և չէի կարողանում վեր կենալ ու բաց անել։ Տեսա, որ իրերս սենյակի անկյունում էին դրված։ Սկսում էր մթնել։ Մահճակալին պառկած, մտածում էի Կետրինի մասին և սպասում Ռինալդիին։ Որոշեցի Կետրինի մասին միայն գիշերները մտածել, քնելուց առաջ։ Բայց ես հոգնած էի և անելու բան չունեի, դրա համար էլ, պառկած, հիշում էի նրան։ Եվ երբ նրան էի հիշում, Ռինալդին սենյակ մտավ։ Չէր փոխվել։ Միայն մի քիչ նիհարել էր։
― Հը, բեյբի, ― ասաց նա։
Վեր կացա, նստեցի մահճակալին։ Նա մոտեցավ, նստեց կողքիս ու գրկեց ինձ։
― Իմ լավ բեյբի։
Նա թփթփացրեց մեջքիս, ու ես բռնեցի նրա թևերը։
― Իմ լավ բեյբի, ― ասաց նա։ ― Ապա ցույց տվեք ձեր ծունկը։
― Դրա համար պետք է տաբատը հանել։
― Հանեք ձեր տաբատը, բեյբի։ Այստեղ օտար մարդ չկա։ Ուզում եմ տեսնել, թե ոնց են ձեզ մշակել։
Վեր կացա, իջեցրի տաբատս և ծնկի վրայից հանեցի վիրակապը։ Ռինալդոն նստեց գետնին և սկսեց զգուշորեն ծալել և ուղղել ոտքս։ Ձեռքը թեթևակի քսեց սպիին, ապա բութ մատները ծնկի երկու կողմերից միացրեց իրար, իսկ մյուս մատներով զգուշությամբ ցնցեց ծունկս։
― Էլ չի ծալվում, հա՞։
― Չէ։
― Հանցագործություն են արել, որ թույլ են տվել վերադառնալ։ Պետք է կարգին ծալվեր, հետո թողնեին։
― Առաջ ավելի վատ էր։ Կարծես գերան լիներ։
Ռինալդին մի անգամ էլ փորձեց։ Ես հետևում էի նրա ձեռքերին։ Վիրաբույժի ճարպիկ ձեռքեր էին։ Նայեցի գլխին ու հարթ սանրած և կողքից ճեղքված փայլուն մազերին։ Հանկարծ ուժեղ ծալեց ոտքս։
― Օ՜ֆ, ― ասացի ես։
― Պետք է մեխանիկական բուժում ստանայիք, ― ասաց Ռինալդին։
― Առաջ ավելի վատ էր։
― Գիտեմ, բեյբի։ Սա արդեն իմ ճյուղն է, ձեզնից լավ եմ հասկանում։ ― Վեր կացավ ու նստեց մահճակալին։ ― Վիրահատությունը վատ չի արված։ ― Սրանով էլ ավարտվեց ծնկի թեման։ ― Իսկ հիմա պատմեք։
― Ի՞նչ պատմեմ, ― ասացի ես։ ― Հանգիստ ապրում էի ինձ համար։
― Այնպես եք խոսում, որ կարծես ընտանիքի տեր լինեք, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։
― Ոչինչ, ― ասացի ես։ ― Իսկ ձե՞զ ինչ է պատահել։
― Այս պատերազմը սպանեց ինձ, ― ասաց Ռինալդին, ― էլ ուժ չմնաց։
Ձեռքերով գրկեց ծունկը։
― Օ՜, ― ասացի ես։
― Ի՞նչ է։ Մարդկային զգացմոնքնե՞ր էլ չեմ կարող ունենալ։
― Ոչ։ Տեսնում եմ, որ ուրախ ամառ եք անցկացրել։ Պատմեք։
― Ամբողջ ամառն ու աշունը զբաղված էի վիրահատելով։ Անդադար աշխատում եմ։ Աշխատում եմ բոլորի փոխարեն։ Ամենադժվար վիրահատություններն ինձ են թողնում։ Աստված վկա, բեյբի, կարգին վիրաբույժ եմ դառնում։
― Այ, սա արդեն լավ է հնչում։
― Ոինչ չեմ մտածում։ Աստված վկա, չեմ մտածում, վիրահատում եմ միայն։
― Ճիշտ էլ անում եք։
― Բայց հիմա ուրիշ է, բեյբի։ Հիմա արդեն չեմ վիրահատում ու չտեսնված վատ եմ զգում։ Սոսկալի է այս պատերազմը, բեյբի։ Հավատացեք։ Իսկ հիմա մի քիչ ուրախացրեք ինձ։ Ձայնապնակները բերե՞լ եք։
― Այո։
Ուսապարկումս էին, տուփի մեջ, թղթով փաթաթված։
― Իսկ, ինչ է, դուք վատ չե՞ք զգում, բեյբի։
― Այն էլ ինչպես։
― Անտանելի է այս պատերազմը, ― ասաց Ռինալդին։ ― Դե լավ։ Մի քիչ խմենք, զվարճանանք, քամուն տանք հոգսերը։ Եվ ամեն ինչ լավ կլինի։
― Դեղնախտ ունեի, ― ասացի ես, ― ինձ չի թույլատրվում։
― Է՜, բեյբի, այս ի՞նչ ձևով եք ինձ մոտ վերադարձել։ Լրջացած, հիվանդ լյարդով։ Ճիշտ եմ ասում՝ զզվելի բան է պատերազմը։ Չեմ հասկանում, ի՞նչ գործ ունեինք։
― Եկեք խմենք։ Հարբել չեմ ուզում, բայց մի քիչ կարելի է խմել։
Ռինալդոն մոտեցավ լվացարանին, երկու բաժակ վերցրեց ու մի շիշ կոնյակ։
― Ավստրիկան կոնյակ է, ― ասաց նա։ ― Յոթ աստղանի։ Այն ամենն, ինչ հաջողվել է բռնագրավել Սան֊Գաբրիելում։
― Եղե՞լ եք այնտեղ։
― Ոչ։ Ոչ մի տեղ էլ չեմ եղել։ Միշտ այստեղ էի ու անընդհատ վիրահատում էի։ Նայեք, բեյբի, սա ձեր ատամ լվալու հին բաժակն է։ Պահել եմ, որ միշտ հիշեմ ձեզ։
― Կամ հիշեք, որ պետք է մաքրել ատամները։
― Ոչ։ Ես էլ այսպիսի բաժակ ունեմ։ Պահել եմ որպեսզի հիշեմ, թե ինչպես էիք առավոտները փորձում մաքրվել Վիա Ռոսայից, և հայհոյում էիք, և ասպիրին կուլ տալիս, և անիծում աղջիկներին։ Ամեն անգամ, երբ նայում եմ այս բաժակին, հիշում եմ, թե ինչպես էիք փորձում ատամի խոզանակով մաքրել մեր խիղճը։ ― Նա մոտեցավ մահճակալին։ ― Համբուրեք ինձ և ասեք, որ էլ այդքան լուրջ չեք լինի։
― Այդ էր պակաս, որ համբուրեմ։ Դուք կապիկ եք։
― Գիտեմ, անգլոսաքսոնացի լավ տղա եք դուք։ Գիտեմ։ Ձեր խիղճը ձեզ տանջում է, գիտեմ։ Կսպասեմ, մինչև որ իմ անգլոսաքսոնացի տղան ատամի խոզանակով հասարակաց տունը նորից մաքրի իր վրայից։
― Կոնյակ լցրեք։
Բաժակները խփեցինք իրար ու խմեցինք։ Ռինալդին ծիծաղում էր ինձ վրա։
― Հիմա մի լավ կխմեցնեմ, կհանեմ ձեր լյարդը մի կարգին իտալական լյարդ կդնեմ ու նորից մարդ կդարձնեմ ձեզ։
Մեկնեցի բաժակս, որպեսզի էլի կոնյակ լցնի։ Արդեն լրիվ մութ էր։ Բաժակը ձեռքիս մոտեցա պատուհանին ու բաց արի։ Անձրևն արդեն դադարել էր։ Ցուրտ էր, և ծառերը մշուշով էին ծածկվել։
― Կոնյակը պատուհանից չթափեք, ― ասաց Ռինալդին։ ― Եթե չեք կարող խմել, ինձ տվեք։
― Խմեք, տրաքվեք, ― ասացի ես։
Ուրախ էի, որ կրկին հանդիպել էի Ռինալդիին։ Երկու տարի շարունակ նա ձեռ էր առնում ինձ, և դա ինձ դուր էր գալիս։ Մենք լավ էինք հասկանում իրար։
― Ամուսնացա՞ք, ― մահճակալին նստած, հարցրեց ինձ։ Ես կանգնել էի պատուհանի մոտ ու պատին հենվել։
― Դեռ ոչ։
― Սիրահարվա՞ծ եք։
― Այո։
― Անգլիացի աղջկա՞ն։
― Այո։
― Խեղճ բեյբի։ Իսկ նա սիրո՞ւմ է ձեզ։
― Իհարկե։
― Իսկ գործնականում ապացուցե՞ց, որ սիրում է։
― Ձայներդ կտրեք։
― Ինչու չէ, կկտրեմ։ Այ, կտեսնեք, թե որքան փափկանկատ եմ ես։ Իսկ նա․․․
― Ռինի, ― ասացի ես։ ― Խնդրում եմ լռեք։ Եթե ուզում եք, որ ընկերներ մնանք, լռեք։
― Ի՞նչ ընկերներ, բեյբի։ Մենք արդեն ընկերներ ենք։
― Ուրեմն լռեք։
― Շատ լավ։
Մոտեցա մահճակալին ու նստեցի Ռինալդիի կողքին։ Բաժակը բռնած, նայում էր գետնին։
― Հիմա հասկացա՞ք, Ռինի։
― Այո, իհարկե։ Ամբողջ կյանքումս սուրբ զգացմունքների եմ դեմ առել։ Բայց ոչ ձեզ մոտ։ Դե, իհարկե, երևի դուք էլ կունենաք։ ― Նայում էր գետնին։
― Իսկ դու չունե՞ք։
― Ոչ։
― Բնա՞վ չունեք։
― Բնավ։
― Դուք ինձ թույլ կտայի՞ք, որ ինչ խելքս փչեր ասեի ձեր մոր կամ ձեր քրոջ հասցեին։
― Նույնիսկ ձեր քրոջ մասին, ― աշխուժորեն ասաց Ռինալդին։
― Երկուսս էլ ծիծաղեցինք։
― Իսկական գերմարդ, ― ասացի ես։
― Գուցե նախանձում եմ, ― ասաց Ռինալդին։
― Չեք կարող նախանձել։
― Ոչ այդ իմաստով։ Ուրիշ բան էի ուզում ասել։ Ամուսնացած ընկերներ ունե՞ք։
― Ունեմ, ― ասացի ես։
― Իսկ ես չունեմ, ― ասաց Ռինալդին։ Չունեմ այնպիսի ընկերներ, որոնք երջանիկ լինեին իրենց կանանց հետ։
― Ինչո՞ւ։
― Նրանք ինձ չեն սիրում։
― Ինչո՞ւ։
― Ես օձ եմ։ Իմացության օձը։
― Խառնեցիք ամեն ինչ։ Իմացության ծառը։
― Ոչ, օձը, ― մի փոքր զվարճացավ նա։
― Դուք ինձ ավելի եք դուր գալիս, երբ չեք խորանում, ― ասացի ես։
― Ես ձեզ սիրում եմ, բեյբի, ― ասաց նա։ ― Հենց որ իտալացի մեծ մտածող եմ դառնում, փեշս քաշեք։ Շատ բան գիտեմ, բայց չեմ կարող բացատրել։ Ձեզնից էլ շատ։
― Այո։ Ինձնից էլ շատ։
― Բայց ձեզ համար ավելի հեշտ կլինի ապրել։ Նույնիսկ խղճի խայթով ավելի հեշտ կլինի ապրել։
― Չեմ կարծում։
― Այո, այո։ Ճիշտ եմ ասում։ Հիմա ես աշխատանքի ժամանակ եմ միայն երջանիկ զգում։
Նորից գետին նայեց։
― Ոչինչ, կանցնի։
― Չի անցնի։ Մեկ էլ երկու բան եմ միայն սիրում․ մեկը խանգարում է աշխատանքիս, իսկ մյուսը հազիվ կես ժամ է տևում կամ տասնհինգ րոպե։ Երբեմն էլ՝ ավելի քիչ։
― Երբեմն է՛լ ավելի քիչ։
― Գուցե հաջողություններ եմ ունեցել, բեյբի։ Դուք ի՞նչ գիտեք։ Բայց ես միայն այդ երկուսն եմ գնահատում և մեկ էլ՝ իմ աշխատանքը։
― Դեռ ուրիշ բաներ էլ կգնահատեք։
― Ոչ։ Մենք երբեք ուրիշ ոչինչ չենք գնահատում։ Ծնվում ենք այնպես, ինչպես կանք ու էլ երբեք ոչինչ չենք սովորում։ Ոչ մի նոր բան չենք իմանում։ Սկսում ենք արդեն վերջացած։ Ուրախ եղեք, որ լատինացի չեք։
― Լատին֊մատին գույություն չունի։ Այ, սա է լատինական մտածելակերպը։ Դուք հպարտանում եք ձեր թերություններով։
Ռինալդին բարձրացրեց հայացքը ու ծիծաղեց։
― Դե լավ, հերիք է, բեյբի։ Հոգնեցի դատողություններից։ ― Երբ քիչ առաջ սենյակ մտավ, իսկույն նկատեցի, որ հոգնած տեսք ուներ։ ― Շուտով ճաշի ժամն է։ Ուրախ եմ, որ վերադարձաք։ Դուք իմ ամենալավ ընկերն եք և իմ զինակից եղբայրը։
― Ե՞րբ են ճաշում զինակից եղբայրները։
― Հիմա, հիմա։ Մի անգամ էլ խմենք ձեր լյարդի կենացը։
― Պողոս առաքյալի՞ պես։
― Վատ եք հիշում։ Գինի և ստամոքս կար այնտեղ։ Մի քիչ գինի խմեք, որպեսզի բուժեք ձեր ստամոքսը։
― Մեկ է՝ ինչի համար, ― ասացի ես։ ― Ամեն ինչի համար էլ կխմեմ։
― Ձեր աղջկա կենացը, ― ասաց Ռինալդին և բարձրացրեց բաժակը։
― Համաձայն եմ։
― Էլ ոչ մի վատ բան չեմ ասի նրա մասին։
― Մի բռնացեք ձեզ վրա։
Նա մինչև վերջ խմեց կոնյակը։
― Իմ հոգին մաքուր է, ― ասաց նա։ ― Ես ձեզ նման եմ, բեյբի։ Ես էլ եմ անգլիացի աղջիկ ճարելու։ Փաստորեն առաջինը ես եմ ծանոթացել ձեր աղջկա հետ, բայց իմ համեմատությամբ շատ բարձրահասակ էր նա։ Բարձրահասակ մի աղջիկ, որ քույրն է իմ, ― արտասանեց նա։
― Դուք շատ գեղեցիկ ու մաքուր հոգի ունեք, ― ասացի ես։
― Այդպես է չէ՞։ Դրա համար էլ ինձ կանչում են մաքրամաքուր Ռինալդի։
― Ամենախոզ Ռինալդի։
― Դե լավ, բեյբի, գնանք ճաշենք, քանի չեմ կորցրել մաքրությունս։
Լվացվեցի, սանրվեցի, ու մենք նորից ցած իջանք։ Ռինալդին մի քիչ գինով էր։ Ճաշարան մտանք, բայց ճաշը դեռ պատրաստ չէր։
― Գնամ կոնյակ բերեմ, ― ասաց Ռինալդին։
Նա վեր բարձրացավ։ Ես նստեցի սեղանի մոտ, քիչ անց բերեց շիշը և ամեն մեկիս կես բաժակ կոնյակ լցրեց։
― Շատ լավ է, ― ասացի ես, բարձրացրի բաժակը ու նայեցի սեղանի լույսի տակ։
― Դատարկ ստամոքսի համար շատ չէ։ Սքանչելի բան է։ Վառում է մեջքդ։ Դրանից վատ բան չկա ձեզ համար։
― Դե լավ, թող այդպես լինի։
― Սիստեմատիկ ինքնաքայքայում, ― ասաց Ռինալդին։ ― Փչացնում է ստամոքսը և դողացնում ձեռքերը, իսկ և իսկ վիրաբույժի գործ է։
― Ուրեմն խորհո՞ւրդ եք տալիս։
― Այո, սրտանց։ Ես ուրիշ բան չեմ խմում։ Խմեք, բեյբի, և պատրաստվեք հիվանդանալու։
Խմեցի բաժակի կեսը։ Միջանցքից լսվեց հանձնակատարի ձայնը․ «Ապուրը պատրաստ է»։
Ներս մտավ մայորը, գլխով արեց մեզ ու նստեց։ Սեղանի մոտ նա շատ փոքր էր երևում։
― Էլ մարդ չկա՞, ― հարցրեց նա։
Հանձնակատարը ապուրի ամանը դրեց նրա առջև, ու նա անմիջապես լցրեց ամբողջ պնակը։
― Այսքանս ենք, ― ասաց Ռինալդին ― Մեկ էլ քահանան։ Եթե իմանար Ֆեդերիկոն եկել է, անմիջապես կգար։
― Որտե՞ղ է, ― հարցրի ես։
― Երեք հարյուր յոթերորդում է, ― ասաց մայորը։ Նա զբաղված էր ապուր ուտելով։ Սրբեց բերանը, խնամքով մաքրեց դեպի վեր ոլորած ճերմակ բեղերը։ ― Երևի կգա։ Քիչ առաջ այնտեղ էի։ Երկտող թողեցի, որ եկել եք։
― Ճաշարանը առաջ ավելի աղմկոտ էր, ― ասացի ես։
― Այո, հիմա խաղաղ է, ― ասաց մայորը։
― Ոչինչ, ս կաղմկեմ, ― ասաց Ռինալդին։
― Գինի խմեք, Էնրիկո, ― ասաց Մայորը։
Նա լցրեց իմ բաժակը։ Սպագետտի բերեցին, ու բոլորս զբաղվեցինք ուտելով։ Արդեն վերջացնում էինք, երբ ներս մտավ քահանան։ Չէր փոխվել։ Փոքրամարմին, թուխ և ինքնամփոփ։ Վեր կացա, ու մենք միմյանց ձեռք սեղմեցինք։ Նա ձեռքը դրեց ուսիս։
― Հենց որ իմացա, եկա, ― ասաց նա։
― Նստեք, ― ասաց մայորը։ ― Ուշացել եք։
― Բարի երեկո, հայր սուրբ, ― ասաց Ռինալդին։
― Բարի երեկո, Ռինալդի, ― ասաց քահանան։
Հանձնակատարը ապուր բերեց, բայց նա ասաց, որ ուզում է նախ սպագետտի ուտել։
― Ինչպե՞ս է ձեր առողջությունը, ― նա հարցրեց ինձ։
― Լավ է, ― ասացի ես։ ― Ի՞նչ նորություն կա։
― Գինի խմեք, հայր սուրբ, ― ասաց Ռինալդին։ ― Գինի խմեք ի սեր ստամոքսի։ Պողոս առաքյալն է ասել, գիտեք, չէ՞։
― Գիտեմ, ― քաղաքավարությամբ ասաց քահանան։
Ռինալդին լցրեց նրա բաժակը։
― Ա՜խ այդ Պողոս առաքյալը, ― ասաց Ռինալդին։ ― Նա է ամեն ինչում մեղավոր։
Քահանան նայեց ինձ ու ժպտաց։ Նկատեցի, որ կատակներն արդեն սրտին մոտ չէր ընդունում։
― Ա՜խ այդ Պողոս առաքյալը, ― ասաց Ռինալդին։ ― Ամբողջ կյանքը շնություն է արել ու կանանց ետևից ընկել, իսկ երբ էլ ուժ չի մնացել, ասել է, որ մեղք է այդ ամենը։ Հենց որ անկարող է դարձել, սկսել է օրենքներ հնարել ու սովորեցնել բոլոր նրանց, որոնց ուժը տեղն է դեռ։ Ճիշտ չէ՞, Ֆեդերիկո։
Մայորը ժպտաց։ Այդ պահին մենք տապակած միս էինք ուտում։
― Մայրամուտից հետո սրբերին երբեք չեմ քննադատում, ― ասացի ես։
Քահանան հայացքը բարձրացրեց պնակից ու ժպտաց ինձ։
― Տեսնո՞ւմ եք, նա էլ անցավ քահանայի կողմը, ― ասաց Ռինալդին։ ― Ո՞ւր են մեր հին և բարի կատակները։ Ո՞ւր է Կավալկանտին։ Ո՞ւր է Բրունդին։ Ո՞ւր է Չեզարեն։ Ի՞նչ է, ես մենա՞կ եմ ձեռք առնելու քահանային, առանց ձայնակցողների՞։
― Նա լավ քահանա է, ― ասաց մայորը։
― Լավ քահանա է, ― ասաց Ռինալդին։ ― Բայց քահանա է։ Ես փորձում եմ այնպես անել, որ ճաշարանում ամեն ինչ առաջվա պես լինի։ Ուզում եմ հաճույք պատճառել Ֆեդերիկոյին։ Գրողի ծոցը կորեք, հայր սուրբ։
Նկատեցի, թե ինչպես էր մայորը նայում Ռինալդիին ու հասկանում, որ նա հարբած է։ Նրա նիհար դեմքն սպիտակել էր։ Ճերմակ ճակատի վրա մազերը էլ ավելի սև էին թվում։
― Ոչինչ, Ռինալդի, ― ասաց քահանան։ ― Ոչինչ։
― Գրողի ծոցը կորեք, ― ասաց Ռինալդին։ ― Գրողի ծոցը կորչի ամեն ինչ։
Նա հենվեց աթոռի մեջքին։
― Շատ է աշխատել, շատ է հոգնել, ― մայորն ասաց ինձ։
Կերավ միսը ու հացի պատառով մաքրեց սոուսը։
― Թքել եմ ձեզ վրա, ― ասաց Ռինալդին, դիմելով սեղանին։ ― Գրողի ծոցը կորչի ամեն ինչ։
Մարտահրավեր նետելով, նայեց շուրջը։ Աչքերն անփայլ էին, դեմքը՝ գունատ։
― Դե լավ, ― ասացի ես։ ― Թող գրողի ծոցը կորչի ամեն ինչ։
― Ոչ, ոչ, ― ասաց Ռինալդին։ ― Այդպես չի կարելի։ Այդպես չի կարելի։ Ասում եմ, չի կարելի։ Խավար ու դատարկ, ուրիշ ոչինչ չկա։ Լսո՞ւմ եք, ոչինչ չկա։ Ես դա լավ գիտեմ, երբ չեմ աշխատում։
Քահանան շարժեց գլուխը։ Հանձնակատարը սեղանի վրայից վերցրեց պնակները։
― Ինչո՞ւ եք միս ուտում, ― Ռինալդին դարձավ քահանային, ― ինչ է, չգիտե՞ք, որ այսօր ուրբաթ է։
― Հինգշաբթի է, ― ասաց քահանան։
― Սուտ է։ Ուրբաթ է այսօր։ Դուք փրկչի մարմինն եք ուտում։ Սա աստծո միսն է։ Գիտեմ։ Ավստրիական փտած միս։ Այ թե ինչ եք ուտում։
― Սպիտակ միսը սպաների միսն է, ― ասացի ես, հիշելով մի հին կատակ։
Ռինալդին ծիծաղեց և լցրեց իր բաժակը։
― Մի լսեք ինձ, ― ասաց նա։ ― Խելքս թռցրել եմ մի քիչ։
― Լավ կլիներ արձակուրդ գնայիք, ― ասաց քահանան։
Մայորը բացասաբար շարժեց գլուխը։ Ռինալդին նայեց քահանային։
― Ուրեմն, ըստ ձեզ, ես պետք է արձակո՞ւրդ գնամ։
Մայորը քահանային նայելով, բացասաբար շարժեց գլուխը։ Ռինալդին ևս նայեց քահանային։
― Դուք գիտեք, ― ասաց քահանան։ ― Եթե չեք ուզում, մի գնացեք։
― Գրողի ծոցը կորեք, ― ասաց Ռինալդին։ ― Ուզում եք ազատվել ինձանից։ Ամեն գիշեր փորձում են ազատվել ինձնից։ Իսկ ես պաշտպնվում եմ մի կերպ։ Հետո՞ ինչ, որ ես այսպիսին եմ։ Բոլորն են այսպիսին։ Ամոբղջ աշխարհն է այսպիսին։ Նախ, ― դասախոսական տոնով շարունակեց նա, ― փոքրիկ պզուկ է լինում։ Հետո կրծքի վրա ցան է երևում։ Հետո այլևս ոչինչ չենք նկատում։ Հույսներս դնում ենք սնդիկի վրա։
― Կամ սալվարսանի, ― մայորը հանգիստ ընդհատեց նրան։
― Սնդիկյան պրեպարատ, ― ասաց Ռինալդին։ Հիմա նա վերամբարձ տոնով էր խոսում։ ― Ավելի լավ բան էլ գիտեմ։ Իմ բարի, իմ լավ քահանա, ― ասաց նա, ― դուք երբեք այսպիսին չեք լինի։ Իսկ բեյբին կլինի։ Դա արտադրական վթար է։ Արտադրական պարզ վթար։
Հանձնակատարը սուրճ և քաղցրեղեն բերեց։ Քաղցրեղենը հացի պուդինգի նման ինչ֊որ բան էր, վրան՝ առատ մրգանուշ։
― Լամպը մխում էր, սև մրուրը նստել էր ապակու վրա։
― Լամպը տարեք, երկու մոմ բերեք, ― ասաց մայորը։
Հանձնակատարը ամաններին կպած երկու վառվող մոմ բերեց, վերցրեց լամպը, հանգցրեց ու տարավ։ Ռինալդին հանգստացել էր։ Կարծես խելքը գլուխն էր եկել։ Մի քիչ էլ զրուցեցինք, իսկ սուրճը խմելուց հետո գնացինք նախասրահ։
― Դուք երևի ուզում եք քահանայի հետ խոսել։ Իսկ ես պետք է քաղաք գնամ, ― ասաց Ռինալդին։ ― Բարի գիշեր, հայր սուրբ։
― Բարի գիշեր, Ռինալդո, ― ասաց քահանան։
― Կհանդիպենք, Ֆրեդի, ― ասաց Ռինալդին։
― Այո, ― ասացի ես։ ― Շուտ եկեք։
Նա ծամածռեց դեմքն ու դուրս եկավ։ Մայորը կանգնել էր մեր կողքին։
― Շատ է հոգնել, շատ է աշխատել, ― ասաց նա։ ― Եվ համոզված է, որ սիֆիլիս ունի։ Չեմ կարծում, բայց ով գիտե, մեկ էլ տեսար իսկապես ունի։ Բուժում է իրեն։ Բարի գիշեր։ Առավոտը շո՞ւտ եք գնալու Էնրիկո։
― Այո։
― Դե, ուրեմն, ցտեսություն, ― ասաց նա։ ― Բարի ճանապարհ։ Պեդուցին կարթնացնի և կուղեկցի ձեզ։
― Ցտեսություն։
― Ցտեսություն։ Ասում են, թե ավստրիացիները նորից են հարձակվելու, բայց չեմ կարծում։ Չեմ ուզում հավատալ։ Համենայն դեպս այստեղ հարձակում չի լինի։ Ջինոն ձեզ ամեն ինչ կպատմի։ Հեռախոսները հիմա լավ են աշխատում։
― Ես հաճախ զանգ կտամ։
― Խնդրում եմ։ Բարի գիշեր։ Մի թողեք, որ Ռինալդին շատ խմի։
― Կփորձեմ։
― Բարի գիշեր, հայր սուրբ։
― Բարի գիշեր։
Նա գնաց իր առանձնասենյակը։