[[Պատկեր:The Prancing Pony.jpg|300px|thumb|right]]
Լեռնամոտը համարվում էր Հոբիթստանի և անմարդաբնակ տարածքների միջև ընկած բնակելի փոքրիկ շրջանի գլխավոր գյուղը: Մոտակայքում ծվարել էին ևս երեքը. Հիմնը՝ լեռան մյուս կողմում, Կոմբը՝ դեպի արևելք ընկած խորը հովտում և Արչետը՝ Չետի անտառի եզրին: Լեռը և գյուղերը շրջապատված էին երկու-երեք մղոն լայնությամբ վարելահողերի ու պուրակների շերտով:
Այստեղի բնակիչները խարտյաշ, կարճահասակ բայց թիկնեղ ժողովուրդ էին, գնահատում էին ազատությունը և սիրում էին զվարճանալ: Գյուղերը չէին ենթարկվում ոչ ոքի իշխանությանը և իրենք էին տնօրինում իրենց ճակատագիրը: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք ավելի պատրաստակամորեն էին իրեն մոտ ապաստան տալիս հոբիթներին, թզուկներին ու էլֆերին, քան դա ընդունված է մարկանց մոտ: Տեղական ավանդությունների համաձայն, նրանք ապրում էին այստեղ անհիշելի ժամանակներից և սերում էին այս հողերում բնակություն հաստատած ամենաառաջին մարդկային ցեղերից: Քչերին վիճակվեց վերապրել ավագ դարաշրջանի փոթորիկը, բայց, երբ արքաները Ծովի այն կողմից կրկին վերադարձան Միջերկիր, նրանք լեռնամոտցներին գտան նույն տեղում: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել լեռնամոտցիների կյանքում, թեև արքաներն արդեն վաղուց հիշողություն են դարձել:
Մեր պատմության ժամանակներում լեռնամոտցիները հեռավոր արևմուտքում ապրող միակ մարդիկ էին, համենայն դեպս միակը Հոբիթսատանի շրջակայքից հարյուր լիգ հեռավորության վրա, բացառությամբ խորհրդավոր թափառականների, որոնց երբեմն կարելի էր հանդիպել անմարդաբնակ հողերում: Գյուղացիները նրանց անվանում էին Հետքագետներ, բայց ովքեր էին նրանք և որտեղից, ոչ ոք չգիտեր: Այդ թափառականները սևահեր էին ու հասակով գերազանցում էին լեռնամոտցիներին. ըստ տեղացիների, նրանք սովորական մարդկանցից լավ էին տեսնում, լավ լսում և նույնիսկ հասկանում էին գազանների ու թռչունների լեզուն: Այդ Հետքագետները դեգերում էին հարավում ու արևելքում՝ երբեմն հասնելով մինչև Մշուշապատ, սակայն նրանց թիվը գնալով փոքրանում էր, ու վերջերս առհասարակ հազվադեպ էին հայտնվում: Իսկ երբ հայտնվում էին, լուրեր էին բերում հեռավոր երկրներում կատարվող իրադարձությունների մասին և հին ու զարմանալի ասույթներ էին պատմում, որոնք լսել ցանկացողների քանակը շատ մեծ էր: Եվ այնուամենայնիվ լեռնամոտցիները նրանց չէին սիրում և աշխատում էին հեռու մնալ:
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Ի դեպ, Դարպասի հետևում պահակախուց կար և պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու: