Նայեցի կարաբինավորներին։ Նրանք նայում էին նոր ձերբակալվածներին։ Մյուսները նայում էին գնդապետին։ Ես կռացա, դուրս թռա երկու կարաբինավորների արանքից և, գլուխս հակած, վազեցի դեպի գետը։ Գետափի մոտ սայթաքեցի և շրմփոցով ընկա ջուրը։ Գետը շատ սառն էր, և ինչքան որ հնարավոր էր դիմանալ, մնացի ջրի տակ։ Զգացի, որ հոսանքը տանում էր ինձ և այնքան ժամանակ մնացի տակը, մինչև գլխի ընկա, որ այլևս չեմ կարողանալու ջրի երես դուրս գալ։ Դուրս եկա, խորը շունչ քաշեցի ու անմիջապես նորից ջրի տակ մտա։ Համազգեստով ու կոշիկներով դժվար չէր ջրի տակ մնալ։ Երբ երկրորդ անգամ դուրս եկա տակից, մի գերան նկատեցի առջևում, լողալով հասա ու մի ձեռքով բռնեցի այն։ Գլուխս թաքցրի գերանի տակ և փորձ էլ չարեցի վրայից նայելու։ Չէի ուզում ափը տեսնել։ Վազելիս ու առաջին անգամ ջրի երես դուրս գալու ժամանակ կրակոցի ձայներ լսեցի։ Այդ ձայնը լսվում էր նաև ջրի մակերեսի մոտ։ Հիմա կրակոց չկար։ Գերանը ճոճվում էր ջրի վրա, ու ես մի ձեռքով բռնել էի այն։ Նայեցի դեպի ափը։ Թվում էր, թե ափը շատ արագ էր շարժվում։ Գետի վրա մեծ քանակությամբ փայլտեր էին լողում։ Ջուրը շատ սառն էր։ Մենք անցանք թփուտներով ծածկված կղզյակի մոտով։ Երկու ձեռքով բռնեցի գերանը և թողեցի, որ տանի ինձ։ Հիմա ափն արդեն չէր երևում։
==Գլուխ 31==
Եթե հոսանքն արագ է, երբեք չես իմանա, թե որքան ժամանակ ես գետում մնացել։ Թվում է՝ շատ երկար, մինչդեռ իրականում՝ գուցե և շատ կարճ։ Ջուրը սառն էր ու վարար, հեղեղը սրբել տարել էր այն ամենն, ինչ ընկած էր եղել ափին, և հիմա հազար ու մի բան էր լողում ջրի վրա։ Բարեբախտաբար, գերանը ծանր էր, ու ես պառկեցի սառը ջրի վրա, ծնոտս դրի փայլտին ու փորձեցի հնարավորին չափ թեթև բռնել այն։ Վախենում էի ջղաձգությունից և շատ էի ուզում, որ հոսանքը մեզ ափ գցեր։ Լողում էինք երկար կորագծով։ Բավական լուսացել էր, և արդեն երևում էին գետափնյա թփերը։ Առջևում թփուտներով ծածկված մի կղզի կար, և հոսանքը հիմա քշում էր դեպի ափը։ Ուզում էի զգեստս ու կոշիկներս հանել և լողալով ափ հասնել, բայց հրաժարվեցի այդ մտքից։ Ես միայն մի բանի մասին էի մտածում․ եթե մի կերպ ափ ելնեմ, դժվար կլինի առանց կոշիկների։ Հարկավոր էր մի կերպ Մեստրե հասնել։
Ափը մեկ մոտենում էր, մեկ տատանվելով հեռանում, մեկ նորից մոտենում։ Հիմա մենք ավելի դանդաղ էինք լողում։ Ափը մոտ էր։ Նույնիսկ ուռենու ճյուղերն էին երևում։ Գերանը դանդաղ շուռ եկավ, ափը մնաց ետևում, ու ես հասկացա, որ ջրապտույտի մեջ ենք ընկել։ Մենք դանդաղ պտտվում էինք ջրում։ Երբ ափը նորից երևաց շատ մոտիկից, փորձեցի մի ձեռքով բռնել գերանից, իսկ մյուս ձեռքով և ոտքերի օգնությամբ՝ քշել դեպի ափը, բայց չկարողացա գերանը ափին հասցնել։ Վախենում էի, որ հոսանքն ինձ նորից ջրապտույտի մեջ գցի և, մի ձեռքով գերանից բռնած, ոտքերս այնպես ձգեցի, որ կպան փայտին, և ամբողջ ուժով հրեցի դեպի ափը։ Տեսնում էի թփուտները, բայց չնայած իներցիային և իմ թափած ջանքերին, հոսանքը մեզ մի կողմ էր քշում։ Մտածում էի, որ կխեղդվեմ կոշիկներիս պատճառով, բայց անընդհատ խփում էի ոտքերով, պայքարում ջրի հետ, ու երբ հայացքս բարձրացրի, տեսա թե ինչպես էր ափը ընդառաջ գալիս ինձ և, հաղթահարելով ոտքերիս ահավոր ծանրությունը, շարունակեցի լողալ մինչև ափը։ Կախվեցի ուռենու ճյուղերից, բայց ուժ չունեի ջրից դուրս գալու, թեև գիտեի, որ արդեն խեղդվելու վտանգ չկար։ Գերանի վրա մտքովս անգամ չէր անցնում, որ կարող եմ խեղդվել։ Լարվածությունից սիրտս խառնում էր, կրծքավանդակս ճմլվել էր և ուռենու ճյուղից բռնած, սպասում էի։ Երբ սրտխառնոցս անցավ, մի փոքր ձգվեցի դեպի ափը, հետո ամուր կառչեցի ճյուղից ու նորից հանգստացա։ Հետո դուրս եկա ջրից, անցա ուռենիների միջով ու հայտնվեցի ափին։ Արդեն գրեթե լույս էր, ու ոչ ոք չէր երևում։ Երեսնիվայր պառկեցի գետնին, ականջ դնելով գետի ու անձրևի աղմուկին։
Քիչ անց վեր կացա և քայլեցի գետափով։ Գիտեի, որ մինչև Լատիզանա ոչ մի կամուրջ չկար։ Ինձ թվում էր, թե դիմացում մի ջրանցք կար, որ թափվում էր գետը։ Գնացի այնտեղ։ Ոչ ոք չկար շուրջը, և ես նստեցի մերձափնյա թփուտների տակ, հանեցի կոշիկներս ու թափեցի ջուրը։ Հանեցի նաև բաճկոնս, ծոցագրպանից վերցրի թրջված դրամապանակս, որի մեջ փաստաթղթեր և թղթադրամներ կային, հետո քամեցի բաճկոնս։ Հանեցի տաբատս, դա էլ քամեցի, իսկ հետո՝ շապիկս ու ներքնազգեստներս։ Երկար ժամանակ ձեռքով խփում, շփում էի մարմնիս։ Իսկ հետո նորից հագնվեցի։ Գլխարկս կորցրել էի։
Բաճկոնը հագնելուց առաջ թևի վրայից պոկեցի մահուդե աստղերը և, փողերի հետ միասին, դրեցի գրպանս։ Փողերը թրջված էին, բայց անվնաս էին մնացել։ Հաշվեցի։ Երեք հազար լիրայից ավելի էր։ Հագուստներս թաց էին և կպչուն, ու ես անընդհատ թափահարում էի ձեռքերս, որպեսզի արյան շրջանառությունն արագանար։ Բրդյա սպիտակեղեն էի հագել ու մտածում էի, որ եթե անընդհատ շարժման մեջ լինեմ, չեմ հիվանդանա։ Ատրճանակը վերցրել էին ճանապարհին, ու պատյանը խրել էի գոտուս մեջ։ Թիկնոց չունեի, և ցուրտ էր անձրևի տակ։ Քայլեցի ջրանցքի ափով։ Արդեն լրիվ լույս էր, և շուրջն ամեն ինչ թաց էր, հարթ ու տրտում։ Դաշտերը մերկ էին ու թաց։ Հեռու դաշտում մի զանգակատուն էր ձգվում դեպի երկինք։ Դուրս եկա ճանապարհ։ Տեսա հետևակների մի ջոկատ, որն ընդառաջ էր գալիս ինձ։ Կաղալով քայլում էի ճամփեզրին, ու զինվորներն անցան իմ կողքից և ուշադրություն չդարձրին ինձ վրա։ Դա գնդացրորդների ջոկատ էր, որ գնում էր դեպի գետը։ Շարունակեցի քայլել։
Այդ օրը ես անցա վենետիկյան հարթավայրը։ Տափարակ ու ցածր տեղանք էր, որն անձրևի տակ էլ ավելի հարթ էր թվում։ Ծովի մոտ աղի ճահճուտներ կային, իսկ ճանապարհները շատ քիչ էին։ Բոլոր ճանապարհներն անցնում էին գետաբերանով ու գնում դեպի ծովը, և հարթավայրը կտրելու համար անհրաժեշտ էր քայլել ջրանցքների ափերին ընկած արահետներով։ Անցա հարթավայրը, հյուսիսից հարավ հասա, կտրեցի բազմաթիվ ճանապարհներ ու երկու երկաթուղագիծ և, վերջապես, արահետներից մեկն ինձ հասցրեց այն երկաթգծին, որն անցնում էր ճահճուտների մոտով։ Դա Տրիեստ֊վենետիկյան գլխավոր երկաթգիծն էր, որն ուներ բարձր և ամուր հողաթմբեր, լայն պաստառ ու զույգ գծեր։ Քիչ այն կողմ մի կիսակայարան կար, որտեղ ժամապահներ էին կանգնած։ Իսկ հակառակ կողմում՝ մի կամուրջ էր անցնում գետի վրայով, որը թափվում էր ճահճուտները։ Կամրջի մոտ ևս ժամապահ կար։ Երբ դաշտի միջով քայլեցի դեպի հյուսիս, տեսա, թե ինչպես այդ երկաթգծով մի գնացք անցավ։ Հարթավայրում հեռվից գնացքը լավ էր երևում, ու ինձ թվաց, թե Պորտոգրուարոյի կողմից էր գալիս։ Նայեցի ժամապահներին, պառկեցի հողաթմբի վրա, որպեսզի երկու կողմից էլ կարողանայի տեսնել ճանապարհը։ Կամրջի մոտ կանգնած ժամապահը ռելսերի վրայով մի քանի քայլ արեց իմ ուղղությամբ, հետո շրջվեց ու վերադարձավ դեպի կամուրջը։ Սոված պառկել, գնացքի էի սպասում։ Առաջին գնացքն այնքան երկար էր, որ շոգեքարշը շատ դանդաղ էր շարժվում, ու ես վստահ էի, որ կկարողանայի հեշտությամբ թռչել ընթացքի ժամանակ։ Երբ արդեն գրեթե կորցրել էի հույսս, տեսա մոտեցող գնացքը։ Շոգեքարշը, հետզհետե խոշորանալով, գալիս էր ուղիղ ինձ վրա։ Նայեցի ժամապահին։ Նա քայլում էր կամրջի մոտիկ ծայրին, բայց՝ գծերի մյուս կողմում։ Այնպես որ գնացքը ծածկելու էր ինձ։ Հետևում էի շոգեքարշին, որը ծանր փնչում էր։ Տեսա, որ վագոնները շատ էին։ Գիտեի, որ գնացքում անպայման ժամապահներ կլինեն, և ուզում էի գտնել նրանց, բայց չկարողացա, վախենում էի, որ կնկատեն ինձ։ Շոգեքարշը գրեթե հավասարվեց այն հողաթմբին, որի վրա պառկել էի ես։ Երբ շոգեքարշը, որը հարթ տեղում անգամ փնչում էր ծանրորեն, անցավ իմ առջևից, և մեքենավարն արդեն չէր կարող ինձ տեսնել, ես վեր կացա ու մոտեցա վագոններին։ Եթե պահակախումբը պատուհաններից հետևում էր ինձ, ապա ռելսերի մոտ կանգնած մարդը ավելի քիչ կասկած կարող էր հարուցել։ Մի քանի փակ բեռնատար վագոններ անցան իմ առջևից։ Հետո նկատեցի բրեզենտով ծածկված մի ցածրիկ ու բաց վագոն, որոնց այստեղ կոչում էր գոնդոլներ։ Ահա ուր որ է պիտի հեռանար, երբ ես ձեռքս տարա վերջամասի բռնակին, թռա ու ձգվեցի դեպի վեր։ Հետո ելա գոնդոլն ու հաջորդ բեռնատար փակ վագոնը միացնող հարթակի վրա։ Գրեթե վստահ էի, որ ինձ չեն նկատել։ Նստեցի, կառչեցի բռնակին ու ոտքերս հենեցի կցակեռին։ Գրեթե մոտեցել էինք կամրջին։ Հիշեցի ժամապահին։ Գոնդոլը անցավ նրա կողքից, ու նա նայեց ինձ։ Փոքր տղա էր, և սաղավարտը շատ մեծ էր նրա գլխին։ Ես արհամարհանքով նայեցի նրան, ու նա շուռ եկավ։ Երևի կարծեց, որ գնացքի անձնակազմից եմ։
Գոնդոլը հեռացավ կամրջից։ Տեսա, որ նա դեռևս անհանգստությամբ հետևում էր մյուս վագոններին, ու ես կռացա և ստուգեցի, թե բրեզենտն ինչպես էր ամրացված։ Ծայրերին օղակներ կային, իսկ օղակների միջով պարան էր անցնում։ Հանեցի դանակս, կտրեցի պարանը և ձեռքս խոթեցի բրեզենտի մեջ։ Վագոնի պատը թրջվել էր անձրևից և տեղ֊տեղ ուռել։ Բարձրացրի հայացքս ու նայեցի առաջ։ Հաջորդ վագոնի հարթակին մի ժամապահ էր կանգնած, բայց նա ուրիշ կողմ էր նայում։ Թողեցի բռնակը և մտա բրեզենտի տակ։ Ճակատս ինչ֊որ բանի կպավ, աչքերս մթնեցին ու դեմքիս վրա արյուն զգացի, բայց և այնպես մի կերպ տեղավորվեցի ու պառկեցի կողքի վրա։ Հետո շուռ եկա և նորից ամրացրի բրեզենտը։
Բրեզենտի տակ զենքեր կային, ու ես զենքերի կողքին էի պառկած։ Յուղի ու նավթի մաքուր հոտ էր գալիս։ Պառկած լսում էի բրեզենտի վրա թափվող անձրևի ձայնն ու անիվների աղմուկը։ Բրեզենտից թեթև լույս էր թափանցում, ու ես պառկած նայում էի զենքերին։ Զենքերին շապիկ էին հագցրել։ Երևի երրորդ բանակն էին ուղարկում։ Ճակատիս ուռուցք գոյացավ։ Ես անշարժ պառկեցի, որպեսզի արյունը մակարդվի։ Մակարդվելուց հետո պոկեցի չորացած արյունը, բայց վերքին ձեռք չտվի։ Չէր ցավում։ Թաշկինակ չունեի, բայց բրեզենտից կաթկթող անձրևաջրով հանեցի չորացած արյան մնացորդները և թևով սրբեցի։ Իմ արտաքինը չպետք է կասկածանքի առիթ տա։ Գիտեի, որ մինչև Մեստրե պետք է ցատկեի գնացքից, որովհետև կգան և կստուգեն զենքերը։ Զենքն այնքան քիչ էր, որ չէր կարելի ոչ կորցնել, ոչ մոռանալ։ Սարսափելի սոված էի։
==Գլուխ 32==
Թրջված, մրսած ու սոված պառկել էի բրեզենտով ծածկված վագոնի հատակին, զենքերի կողքին։ Վերջիվերջո շուռ եկա, պառկեցի փորիս և գլուխս դրեցի թևերիս վրա։ Ծունկս անզգայացել էր, բայց և այնպես դժգոհելու առիթ չունեի։ Վալենտինը հիանալի վիրահատեց։ Նահանջի կեսը ոտքով եմ անցել և Տայլամենտոյի մի մասը լողացել եմ նրա ծնկով։ Եվ դա իսկապես նրա ծունկն էր։ Իսկ մյուսն՝ իմն էր։ Բժիշկները հազար ու մի բան են քչփորում քո մեջ, և դրանից հետո մարմինդ արդեն քեզ չի պատկանում։ Գլուխս իմն էր, ստամոքս իմն էր։ Շատ քաղցած էր ստամոքսս։ Զգում էի, թե ինչպես էր տակնուվրա լինում։ Գլուխս իմն էր, բայց ոչ աշխատում էր, ոչ էլ մտածում։ Հիշում էր միայն, այն էլ՝ քիչ։
Կարող էի Կետրինին հիշել, բայց գիտեի, որ կգժվեմ, եթե հիշեի՝ առանց իմանալու, թե արդյոք նորից կտեսնեմ նրան, ու ես փորձում էի չմտածել նրա մասին քիչ, քիչ մտածել, մտածել միայն դանդաղ շարժվող անիվների աղմուկի տակ, և բրեզենտից թեթև լույս է ներս թափանցում, և ես Կետրինի հետ պառկած եմ վագոնի հատակին։ Դժվար է կոշտ հատակին պառկել, չմտածել ու միայն զգալ, և շատ երկար էր բաժանումը, և շատ թաց էին հագուստներս, և հատակի տախտակները ցնցվում էին երբեմն, և թախիծ էր ինձ պատել, և ես մենակ էի իմ թաց զգեստների մեջ, և կոշտ տախտակներ՝ կնոջ փոխարեն։
Անհնար է սիրել բեռնատար վագոնի տախտակե հատակը կամ բրեզենտե շապիկ հագած և յուղի ու մետաղի հոտ արձակող զենքերը և կամ բրեզենտը, որից անձրև է կաթկթում, թեև շատ հաճելի է բրեզենտի տակ ու զենքերի կողքին պառկելը։ Բայց դու սիրում ես մեկին, որին չես կարող պատկերացնել այստեղ։ Հիմա դու շատ սառն ու պարզ հայացքով ես տեսնում ամեն ինչ։ Ոչ թե սառը, այլ պարզ ու դատարկ հայացքով։ Հիմա, երբ արդեն տեսել ես, թե ինչպես էր բանակներից մեկը նահանջում, իսկ մյուսը՝ հարձակվում, պառկել ես փորիդ վրա, ու նայում ես դատարկ հայացքով։ Դու կորցրիր քո մեքենաները, կորցրիր քո մարդկանց, ինչպես գործակատարն է հրդեհի ժամանակ կորցնում իր բաժին ապրանքները։ Սակայն ունեցվածքը ապահովագրված չէր։ Հիմա դու ազատ ես։ Այլևս ոչ մի պարտականություն չունես։ Եթե հրդեհից հետո գործակատարներին գնդակահարում են միայն նրա համար, որ նրանք օտար առոգանությամբ են խոսում, որով միշտ են խոսել, ուրեմն ոչ ոք իրավունք չունի կարծելու, որ, եթե խանութը բացվի, գործակատարները կվերադառնան։ Նրանք ուրիշ աշխատանք կփնտրեն, եթե, իհարկե, կա ուրիշ աշխատանք, ու եթե ոստիկանությունը չի ձերբակալի նրանց։
Գետը սրբեց տարավ ոչ միայն պարտականության զգացումը, այլ նաև՝ զայրույթը։ Ավելի ճիշտ, այդ զգացումը վերացավ դեռևս այն ժամանակ, երբ կարաբինավորի ձեռքը բռնեց օձիքիցս։ Կուզենայի հանել համազգեստս, թեև երբեք ուշադրություն չեմ դարձրել արտաքին կողմի վրա։ Ճիշտ է, աստղերը պոկեցի, բայց միայն ի սեր հարմարության։ Դա պատվի հարց չէր։ Ոչ ոքի հանդեպ ոխ չունեի։ Պարզապես ինձ համար ամեն ինչ վերջացել էր։ Հաջողություն եմ ցանկանում նրանց։ Նրանց մեջ կային և բարիներ, և քաջեր, և զուսպ մարդիկ, և խելամիտ մարդիկ, ու նրանք արժանի էին այդ մաղթանքին։ Բայց դա ինձ հետ այլևս կապ չուներ, ու ես ցանկանում էի, որ այս անիծյալ գնացքը շուտ հասներ Մեստրե, այն ժամանակ ես կուտեմ ու էլ չեմ մտածի։
Պիանին կասի, որ ինձ գնդակահարեցին։ Նրանք խուզարկում են գնդակահարվածների գրպանները և վերցնում փաստաթղթերը։ Իմ փաստաթղթերը չեն ստանա։ Գուցե համարեն, որ խեղդվել եմ գետում։ Հետաքրքիր է, ի՞նչ կհաղորդեն Միացյալ Նահանգներ։ Մեռավ վերքերի ու այլ պատճառների հետևանքով։ Աստված իմ, սոված եմ։ Հետաքրքրիր է, ի՞նչ եղավ մեր գնդի քահանան։ Եվ Ռինալդոն։ Նա երևի Պորդենոնեում է։ Եթե ավելի հեռու չեն նահանջել։ Էլ ինչ, ես այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Նրանցից ոչ մեկին այլևս չեմ տեսնի։ Այդ կյանքն ավարտվեց։ Չեմ կարծում, որ սիֆիլիս ունենա։ Համենան դեպս, ասում են, որ դա այնքան էլ լուրջ հիվանդություն չէ, եթե ժամանակին հայտնաբերեն, բայց նա անհանգստանում է։ Ես էլ կանհանգստանայի։ Ամեն մարդ կանհանգստանար։
Ես ստեղծված չեմ մտածելու համար։ Ստեղծված եմ ուտելու համար։ Աստված վկա, ուտել, խմել ու պառկել Կետրինի հետ։ Գուցե հենց ա՛յս գիշեր։ Ոչ, դա անհնար է։ Ուրեմն՝ վաղը գիշեր, և լավ ընթրիք, և սավաններ, և այլևս երբեք չբաժանվել, և միշտ միասին ապրել։ Ըստ երևույթին, ստիպված կլինենք անմիջապես հեռանալ։ Նա կգա։ Գիտեի, որ կգա։ Պետք է մտածել։ Արդեն մթնում էր։ Պառկել մտածում էի, թե ուր գնանք։ Շատ տեղեր կային գնալու։