Անգամ հնարավոր է, որ կրկնվեն նաև առարկաների անունները։ Մի՞թե հին ժամանակներում գոյություն չի ունեցել և չի մոռացվել Ապաքինման գիտությունը։ Եվ մի՞թե հենց վերջերս այն կրկին չծնվեց ու իր հետ չբերեց իր մոռացված անունը։ Արդյո՞ք այն կրկին կկործանվի։ Ես ենթադրում եմ, որ դարերի ընթացքում դեռ ոչ մեկ անգամ։ Եվ կրկին ու կրկին կծնվի։ Իսկ «Գիտությունը և Առողջությունը Սուրբ գրքի բանալիով» մոռացված գի՞րքը։ Մի՞թե մենք այն նորից չստացանք՝ վերանայված, ուղղված, այնպես, որ նրա ոճի ու քերականական կառուցվածքի խելահեղությունը սանձված էր ուսյալ նորադարձի ձեռքով։ Ու մի՞թե այն չի մոռացվի և՛ մեկ, և՛ երկու, և՛ քսան անգամ, ու կրկին չի ծնվի վիթխարի ժամանակահատվածներից հետո, և նորից փակուղու առջև չի կանգնեցնի մարդկային միտքը։ Դրանում կարելի է չտարակուսել։ Այդպես պետք է լինի ըստ «Պարբերական կրկնության օրենքի»։
==Հատված դիրքի տեր մարդու օրագրից==
Ինձ ընդունեց մարդկության գլխավոր պաշտոնատար, փառավորագույն, հզորագույն, ամենաողորմած, ազնվագույն Նորին Վեհության տիկինը, որին ես մեծարեցի իր այդ պաշտոնական տիտղոսներով, և ծնկաչոք, հնազանդությամբ նրան հայտնեցի իմ երախտագիտությունը, այնուհետև, թույլտվություն ստանալով, որն արտահայտվեց նրա ձեռքի շարժումով, ոտքի ելա ու կանգնեցի գահի առջև։ Դա տեղի ունեցավ թագավորած դահլիճում, այն պալատում, որտեղ նա և ամբողջ Առաջին ընտանիքը ապրում են արդեն չգիտեմ թե քանի հարյուրամյակ և որը նրանք գերադասում են մյուս բոլոր պալատներից։ Այս պալատն առաջվա նման ամենահոյակապն ու, իմ կարծիքով, ամենագեղեցիկն է ամբողջ կայսրության մեջ։ Դրա ոսկեզօծ շենքերն ամբողջ մղոններ են գրավում և շողշողում են, ինչպես երկրի վրա ընկած արևներ։ Դրա զբոսայգիները, պարտեզներն ու անտառները կորչում են կապտավուն հեռուներում, և թվում է, թե այդ դրախտն անսահման է։ Հարյուր հազար մարդ, չհաշված պալատական գվարդիայի բրիգադներն ու դիվիզիաները, ծառայում են նախածնողներին և նրանց առաջին՝ եդեմածին սերունդների ընտանիքներին։ Եվ, այնուամենայնիվ, այդ պալատն այնքան էլ վիթխարի չի թվում հսկայական մայրաքաղաքում, որի բնակչությունը համարյա անհնարին է արտահայտել թվերով, և որտեղ շատ փողոցների երկարությունը երկու հարյուր ու ավելի մղոն է։
Թագավորած դահլիճը մի հոյակապ, ընդարձակ, սյունաշար, գմբեթավոր կառույց է, որին հին, ամենահմուտ վարպետները հեքիաթային գեղեցկություն են տվել մարմարե արձանների, թանկագին քարերի, ոսկյա զարդարանքների և վերջալույսի սքանչելի գույների միջոցով։
Ամբողջ երկրագնդի միապետները յուրաքանչյուր հիսուն տարին մեկ իրենց ամենաանվանի մեծատոհմիկների ուղեկցությամբ այդտեղ են հավաքվում, որպեսզի ողջունեն մարդկության Նախածնողներին։ Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ է լայնարձակություն, և դրա պակասն այստեղ չի զգացվում։ Հավանաբար, մի սքանչելի տեսարան է ներկայացնում օտար աշխարհների ամենահարուստ տարազներ հագած սևամորթ, սպիտակամորթ, դեղնամորթ ու դարչնամորթ թագավորների այդ բազմությունը։ Եվ ինչպիսի՜ ասպարեզ թարգմանների համար։ Բայց հիմա դահլիճը համարյա դատարկ է․ այստեղ են միայն թիկնապահները, սենեկապետները, մանկլավիկները և ուրիշներ՝ պատշաճ թվով քարտուղարների հետ, որոնք պատրաստ են ոչինչ չանելու, և ջանասիրությամբ դրանով են զբաղված։
Նորին Վեհության զգեստը հիշեցնում էր արկտիկական երկինք, երբ հյուսիսափայլն այն հեղեղում է մանուշակագույն, մորեգույն և ոսկեգույն բոցերի թրթռացող ալիքներով, և փայլփլող գույների այդ առկայծուն, խաբուսիկ երազում խաչաջևվում, միանում ու անջատվում էին թանկարժեք անհամար զարդերի ճաճանչները՝ մերթ բորբոքվելով, մերթ էլ մարելով, ինչպես կայծերը մոխրացած թղթի մեջ։ Հետագայում ես այդ սքանչելի տեսարանը ցնծությամբ նկարագրեցի Նանգ Պարբատին՝ Առաջին արյան այդ զայրալից ու սանձարձակ եդեմածին շառաղվին, որի այլանդակ սիրտն ամբողջապես լցվեց ատելությամբ, նախանձով ու չարությամբ, երբ շատ վաղուց նրան արգելվեց երևալ Նախահայրերի աչքին։ Նա կծու ժպտաց և արհամարհանքով ասաց․
― Ա՜խ, այդ սնապարծությունը։ Իսկ ես դեռ հիշում եմ այն օրերը, երբ ամբողջ ընտանիքով մի մաշված շապիկ էլ չունեին։
Ես զսպեցի զայրույթս, որովհետև իմ դիրքի տեր մարդուն թույլատրելի չէ առարկել եդեմածնին, անգամ եթե նա ուզում է այդ, թեև նման ցանկություն իսկական օրինապահ կրծքում կարող է առաջանալ միայն ցասման րոպեներին և տեղնուտեղը իսպառ անհետանալ․ բայց ես խոնարհաբար նրան խնդրեցի ինձ ազատել Բարձրագույն իշխանությունների մասին նման բառեր լսելուց, քանի որ ինձ վայել չէ։
― Դե, հասկանալի՛ է, ― փնչացրեց նա, ― չէ որ դու հայրենասեր ես, ինչպես բոլոր քեզ նմանները։ Դա նա է, ով սողում է Առաջին ընտանիքի առջև և փառաբանում կայսրին ու կառավարությանը, անկախ այն բանից՝ իրավացի են նրանք, թե անիրավացի, և մանավանդ այն ժամանակ, երբ նրանք իրավացի չեն․ դա կոչվում է «իր երկրին պաշտպան կանգնել»։ Հայրենասիրությո՜ւն․․․ Կեղծիք է, գարշանք, արծաթազօծ մանկական խաղալիք, որի օգնությամբ կողոպտիչների, սահմանադրական դատարկաբանների, տկարամիտների ու կեղծավորների խառնամբոխը, որ կոչվում է կայսերական կառավարություն, խաբում և իր բռան մեջ է հավաքում դյուրահավատ մանուկներին՝ ժողովրդին։ Օ՜, հայրենասիրությունը սքանչելի՜ բան է։ Ադամը սովորություն ուներ այն անվանելու «սրիկայի վերջին ապաստան»։ Իսկ գիտե՞ս, որ դատարկագլուխ տգետներն անգամ ինձ էին հայրենասեր անվանում։ Ավա՜ղ, այս աշխարհում վիրավորանքից խուսափելն անհնար է։ Գնա՛նք խմենք։
Ես սաստիկ անհարմար էի զգում, անցորդները զարմացած ետ էին նայում, տեսնելով, թե ինչպես Առաջին արյան զարմը՝ իր դասի սրբազգեստով (ճիշտ է, շատ մաշված), տնավարի, ասես հավասարը հավասարի հետ, բռնել է իմ դիրքի տեր մարդու վերարկուի դարձածալից։ Եվ նրա խոսքերն էլ ով ասես կարող էր լսել, որովհետև նա համառորեն խոսում էր չափազանց բարձրաձայն (գլուխը մի փոքր, այսպես ասած, տաք էր), որքան էլ աշխատում էի նրան հանգստացնել։ Հետաքրքրասերների հայացքներից խուսափելու համար, ես նրա ետևից մտա «Եդեմի զինանիշ» պանդոկը, որտեղ, վերջապես, ազատ շունչ քաշեցի, որովհետև պանդոկի բոլոր այցելուները հարգանքով ոտքի ելան և գլխաբաց հեռացան։
― Ստրուկնե՛ր, ― գոչեց նա։ ― Նայիր դրանց, նրանք ստորանում են հագուստի առջև, ծնվելու պատահականության առջև՝ դարձյալ արծաթազօծ մանկական խաղալիք։ Օ՜հ, աստված իմ, ահա թե ինչ բան է այդ մարդկությունը։ ― Նա ճռնչաձայն ծիծաղեց։ ― Մարդկություն, որն այնքա՜ն բարձր կարծիքի է իր մասին։
Նա աչքի անցկացրեց իր սրբազգեստը, պոկեց թելից կախված ոսկեկար ժանյակի կտորը, մտազբաղ տրորեց ձեռքի մեջ ու նետեց շանը, որն այն հոտոտեց, և ապա, առանց ճաշակելու հիասթափված հեռացավ։
― Ահա, համենայն դեպս, մի բանական արարած, որն արժանի է հարգանքի։ Ես խոնարհվում եմ նրա առջև։ ― Նա մատները խրեց իր ձյունափայլ մազերի մեջ և հոգոց հանելով, ասաց․ ― Ինչ արած, մի ժամանակ մենք էլ այդպես իմաստուն էինք և այդպես բանական։ Ես տեսել եմ այդ օրերը։
Շուտով նա կրկին պոռթկաց երկարաշունչ կրակոտ մենախոսությամբ։ Այս անգամ հովանավորականության առթիվ։ Ճիշտ է, նա անուններ, այնուամենայնիվ, չհիշատակեց, բայց միանգամայն պարզ էր որ ակնարկում է Մարդկության գլխավորի պաշտոնակատար իր տատին։ Ես ուղղակի փշաքաղվեցի։
― Այս պալատում չկա ոչ մի պաշտոն, ― ասաց նա, ― որին կարելի լիներ հասնել ծառայություններով, չկա առանձնապես աշխատանք չպահանջող և բարձր վարձատրվող մի պաշտոն, որը տրված լինի որևէ տկարամիտ ծերուկի միայն այն պատճառով, որ ծննդյան պատահականությամբ նա պատկանում է Ազգակցության առաջին երեք աստիճաններից մեկին։ Ամեն բան, ինչ որևէ արժեք ունի, տրվում է Երեք դասերին։ Եվ ինչպե՜ս են նրանք՝ այդ զառամյալ փլատակները, կառչում իրենց տաքուկ տեղերից։ Ադամը երբեմն հոգոց էր հանում և ասում․ «Նրանք հազվադեպ են մահանում և երբեք հրաժարական չեն տալիս»։ Հովանավորականությո՞ւն։ Դա հո ուղղակի հովանավորականության կրետի բույն է։ Նա, օ՜, աստված իմ, նա չի կարողանում տանել պլեբեյական մարմնի ո՛չ հպումը, ո՛չ էլ հոտը։ Նույնիսկ աման լվացողները պետք է Առաջին ընտանիքից լինեն։ Աղգակցության երրորդ աստիճանը, զինանշանագիտական գերատեսչության վկայականը, ուղիղ գծով բոլոր նախնիների ամուսնության վկայականները հաշվի չեն առնում, այսպես ասած՝ «իռլանդացիներին խնդրում են չանհանգստանալ»։ Եվ ինչպիսի՜ հեգնանք․ հենց նա ինքը ամուսնության վակայական չունի։
Ես համարձակվեցի նրան առարկել և կշտամբանքով ասացի․
― Նա այդպես ամուսնացած էլ ծնվել է։
― Հիմարությո՛ւն է, ― փնչացրեց նա ու մատները շրխկացրեց, ― մանկական հեքիաթներ։
Այստեղ նա նորից սկսեց պարսավել հովանավորականությունը ու հասավ աստված գիտե թե ուր։ Ես կարող էի նրան հիշեցնել (եթե իմ դիրքի տեր մարդու համար պատշաճ լիներ նման բաներ խոսելը), որ եթե անգամ այդ համակարգը վատն է, նա ինքը դրանից ավեի շատ օգուտ է քաղել, քան մեկ ուրիշը։ Չէ որ առանց որևէ իրավունքի, բացի ծագումից, նա երկու հարյուրամյակ ծառայել է պալատում և վայրընթաց կարգով փորձել է Ազգակցության երրորդ աստիճանի սրբազան արտոնությունը կազմող բոլոր պաշտոնները, հերթով արատավորելով դրանցից յուրաքանչյուրը, մինչև որ գլորվել հասել է կոշիկ մաքրողի աստիճանի։ Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նա արատավորել է նաև այդ պաշտոնը, վերջապես, զայրույթով նրանից ազատվեցին ու արգելեցին երևալ պալատում։
Նա հերթով հայհոյում էր այն ամենը, ինչը մենք հարգում և մեծարում ենք, իսկ ես ստիպված էի լսել, որովհետև նա շատ կամակորն է և կարող էր խիստ վիրավորվել, եթե ես հանկարծ հեռանալու թույլտվություն խնդրեի։ Բայց ի վերջո նա, առանց որևէ նախազգուշացման կամ նախաբանի, անսպասելիորեն հայտարարեց, թե իրեն ձանձրացրեց իմ անվերջ շաղակրատանքը, և մատնացույց արեց դուռը։ Դա անարդարացի էր, որովհետև խոսում էր միայն ինքը, իսկ ես երեք բառ էլ չէի ասել, բայց իսկույն, հարգարժան կերպով ետ֊ետ քայլելով, առանց մի առարկության հեռացա, քանի որ ուրախ էի բաժանվելու նրանից ցանկացած պայմանով։ Մեկ րոպեից նա ինքն էլ դուրս եկավ պանդոկից և քայլեց փողոցով ոչ մեկին չնայելով, իսկ բոլոր անցորդները, հարգանքով խոնարհվելով, ճանապարհ էին տալիս նրան։ Ինձ հայտնի բոլոր անբաններից ամենատհաճը սա է․ ես դրանում համոզված եմ։
Բնավորությամբ, խոսակցությամբ, տեսքով նա իր ազնիվ տատի լիակատար հակապատկերն է։ Ասում են, թե հին ժամանակներում նրա տատն էլ է ըմբոստացել և չի ցանկացել հնազանդվել, բայց հոգսերը և դարերի բեռը նրա սիրտը մաքրել են գթության և հնազանդության համար, որոնք միշտ են նրա մեջ ապրել, և դրանց երանությունը լուսավորում է նրա դեմքը, ու նա սքանչելի է։ Ինչպիսի՜ պատիվ էր նրան մեկ անգամ տեսնելը։ Ես նրան չեմ տեսել նոր հարյուրամյակի առաջին երեք օրից հետո, երբ նա հռավարության ցոլքերի մեջ հանդիսավորապես երևաց ժողովրդին և հին սովորությամբ օրհնեց եկող դարը․ այդ արարողությունը միշտ խոր տպավորություն էր գործում, բայց այս անգամ դա առանձնապես հուզիչ էր, որովհետև առաջին անգամ Նորին Վեհությունը ծեսը կատարում էր միայնակ։
Բոլորի աչքերն արտասվակալեցին, երբ նրա կողքին տեսան թափուր տեղը, որը, հավանաբար, այլևս երբեք չէր զբաղեցվելու։ Ութսուն տարի առաջ, ավելի ու ավելի վատացող առողջավիճակի պատճառով, Մարդկության գլխավոր Նորին Գերագույն պայծառափայլությունն իր բոլոր պարտականությունները, բայց ոչ իշխանությունը, հանձնեց իր տիկնոջը և այդ ժամանակից ի վեր անմիջականորեն չէր մասնակցում Առաջին ընտանիքի գործերի կառավարմանը, չհաշված այն, որ հիսունհինգ տարի առաջ, նկատի ունենալով որոշ կարևարագույն հանգամանքներ, նա ունկնդրման արժանացրեց աշխարհի կայսրին և թույլ տվեց, որ իրեն համոզեն նույնն անելու երեսունմեկ տարի հետո։ Ահա արդեն երեք քառորդ դար նա ապրում է կատարելապես միայնակ, անձնական բժիշկների խստագույն հսկողության տակ, և սրանք բժշկագիտության նորանոր նվաճումների օգնությամբ վերջին հիսուն տարիների ընթացքում տարեցտարի պահպանում են նրա մեջ առկայծող կյանքը։ Դա իրոք որ հիանալի է։ Բժիշկները միանգամայն արժանի են, որ նրանց հաջողությունը հրաշք անվանվի։ Նա վերջիններիս համար ապահովել է համաշխարհային համբավ, ինչպես նաև ոչ փոքր հարստություն։
==Հատված օրագրից==<ref>Ենթադրաբար՝ Նանգ Պարբատի օրագրից։ Ծան․ ռուս․ խմբ․</ref>
․․․ Նրա իսկական վիճակի մասին չէր հայտնվում լայն հասարակությանը, համենայն դեպս, այդ մասին ոչինչ հնարավոր չէր իմանալ բժշկական տեղեկագրից։ Փորձով իմաստնացած մարդիկ կարողանում են մեկնաբանել այդ տեղեկագիրը, քանզի միանգամայն պարզ է, որ իր գրպանի մասին մտածող բժիշկի համար ձեռնտու է անվանի խնամառուին սպառնացող վտանգը ժամանակ առ ժամանակ չափազանցնել մի տասնվեց֊քսան անգամ, իսկ հետո նվաճել բովանադակ աշխարհի հիացմունքն ու երախտագիտությունը (ինչպես նաև ձեռք բերել նոր խնամառուներ), հիվանդին նորից հասցնելով այնպիսի վիճակի, երբ նա ինքն է գդալով ուտում իր շիլան, անիմաստ ժպտում է և ինչ֊որ բան քրթմնջում «իմ սիրելի ժողովուրդների մասին, որպեսզի այդ բառերը այնուհետև հեռագրի միջոցով տարածվեն ամբողջ հողագնդում, գորովագութ արցունքներով հեղեղեն լրագրերը և եկեղեցու կողմից օգտագործվեն հոգիների մեղմացման ու նոր հոժարակամ նվիրատվություններ շորթելու համար։ Այս ամբողջ տասնամյակների ընթացքում նա ոչ մի հիվանդությամբ չի տառապել, բացի «բժշկական հիվանդությունից»․ այդ մասին ինձ պատմել է դիպլոմավոր հիվանդապահուհիներից մեկի օգնականուհին։ Մեզանից նրանք, ովքեր դեռ լիովին ավանակ չեն, գիտեն, թե դա ինչ հիվանդություն է և ով է այն հարուցում, ինչպես է այն ընթանում, ինչքան փող, նաև ինչպիսի համբավ է նա բերում։ «Բժշկական հիվանդությունը» գոյություն ունի միայն ընտրյալների համար, միայն անվանիների համար և ախտահարում է միմիայն հարուստներին ու նշանավորներին, իսկ իր երկարատևությամբ դա անմահությունից տասը գլուխ բարձր բան է։
Ես ունեմ մասնավոր կարգով հիվանդապահուհու օգնականուհուց ստացած ստույգ տեղեկություններ, որ բժիշկները հենց սկզբից այդ խնամառուի հիվանդության վրա բորսայական խաղ են սարքել և տեղեկագիրը բորսայական միջնորդներին են վաճառել մեկ շաբաթ առաջ՝ երբեմն նրանց, ովքեր խաղում են վտանգի օգտին, երբեմն էլ նրանց, ովքեր խաղում են առողջացման օգտին։ Մի անգամ, երբ արժեթղթերի գինը 39 է եղել, նրանք գաղտնի բանակցություններ են սկսել երկու կողմերի հետ՝ միաժամանակ առաջարկելով արժեթղթերի գինը բարձրացնելով հասցնել 42֊ի կամ իջեցնել 35֊ի, նայած թե ով ավելին կառաջարկեր։ Դա փաստ է։ Այդ մասին ինձ պատմեց հիվանդապահուհու օգնականուհին։ Ավելի շատ տվել էին ցուլերը․ այդ մասին նա նույնպես ինձ ասաց։ Եվ բազմաթիվ այլ դեպքերում նրանք նախօրոք վաճառել են բարձրացումը կամ իջեցումը, թեև ստույգ թվերը օգնականուհին չգիտեր։ Սրանից երևում է, թե ինչ արժե տեղեկագիրը, երբ հիվանդը «բժշկական հիվանդությամբ» է տառապում։ Այս ի՞նչ (անընթեռնելի մի բառ) աշխարհ է։