===Երգ տասներորդ===
<poem>
Աոաջին և անճառելի Ուժն երկնից
Ներհայելով իր Որդու մեջ այն Սիրով,
Որ բխում է հավետ մեկից ու մյուսից,
Հաստեց աշխարհն այնպես կարգով աննման,
Որ ինչ որ մեր աչքն ու միտքն է ընդգրկում,
Չի կարելի դիտել առանց հիացման։
Ո՛վ ընթերցող, ինձ հետ աչքերդ արդ ուղղիր
Դեպի վերև, դեպի այն կետն երկնքի,
Ուր հատվում են շարժումները հակադիր.
Եվ զմայլվիր այն վարպետի արվեստով,
Որին ինքը սիրահարված է այնպես,
Որ նայում է նրան հավետ ակնաթով։
Տես, թե ինչպես հատման կետից ծիրը շեղ
Անջատվում է մոլորակաց հետ կրած՝
Գոհացնելու երկրի պահանջը զորեղ։
Եթե նրա ուղին խոտոր չլիներ,
Զուր կկորչեր ազդեցությունը երկնի,
Եվ ամեն կյանք երկրի վրա կմեռներ։
Իսկ եթե նա ուղղությունից խոտորվեր
Առավել կամ նվազ չափով, քան հարկ է,
Կարգն աշխարհի անչափ թերի կլիներ։
Արդ ընթերցող, պահիր քո միտքը պայծառ
Եվ յուրովի խորհրդածիր այն մասին,
Որի դու լոկ նախաճաշակն ստացար։
Իմ տվածով ինքըդ սնիր քեզ հիմակ.
Զի այն նյութը, որի մասին եմ գրում,
Պահանջում է մտքիս լարումը համակ։
Մայր բնության ամենամեծ լուսասյուն,
Որի լույսով մեր ժամանակն է չափվում
Եվ զորությամբ կնքվում աշխարհը հաստան,
Միանալով այն կետին, որ հիշվեց նոր,
Պտտվում էր պարուրաձև ուղիով,
Ուր նա մեզ վաղ է երևում օրեցօր։
Հասել էի լուսագունդն այդ վիթխարի,
Բայց թոիչքըս ես չզգացի, ինչպես մարդ
Չի զգում գալն իր առաջին խոհերի։
Բեատրիչեն այնքան արագ էր թոչում
Մի երկնքից դեպի երկինքն հետևյալ,
Որ սլացքն իր վայրկենական էր թվում։
Որքան պետք է պայծառափայլ լինեին,
Ոչ թե իրենց հատուկ գույնով, այլ լույսով,
Հոգիներն այն, որ արևի մեջ էին։
Հանճար, արվեստ, հնարք զուր է գործ դնել
Պատկերելու համար շողյունը նրանց.
Կարելի է լոկ հավատալ և տեսնել։
Եթե մեր միտքն անկարող է ըմբռնել
Արևից վառ ու պայծառ լույս, զարմանք չէ,
Զի այդպիսի վառ լույս ոչ ոք չի տեսել։
Այդպես վառ էր հոգվոց ջոկատը չորրորդ,
Որին բարձրյալ Հայրը հագուրդ է տալիս,
Հաղորդելով իր խորհուրդները կնճռոտ։
Բեատրիչեն ասաց. «Եղիր լիովին
Շնորհակալ այն Արևին հոգեկան,
Որ քեզ հասցրեց այս նյութական արևին»։
Երբևիցե մարդկային սիրտը այնքան
Հոժար չեղավ նվիրվելու Աստուծուն
Հաճույքով ու երախտիքով ամենայն,
Որքան եղա ես խոսքերն այդ լսելիս,
Եվ իմ սերը այնքան սուզվեց նրա մեջ,
Որ մոռացվեց մի պահ ինձնից տիրուհիս։
Սա դրանից դժգոհ չեղավ, այլ ուրախ,
Եվ փայլը իր գեղածիծաղ աչքերի
Խորասուզված միտքըս ցրեց անհապաղ։
Տեսա բազում լույս հոգիներ ես այնտեղ,
Որ պատեցին մեր շուրջ իբրև մի պսակ
Եվ երգեցին ձայնով քաղցր ու դաշնագեղ։
Այսպես մենք մերթ պսակազարդ ենք տեսնում
Դիանային, երբ շողյունները նրբին
Նրա շուրջը լուսե գոտի են հյուսում։
Իմ գտնված պալատի մեջ երկնային
Այնքան բաներ կային անգին ու չքնաղ,
Որ հնար չէ պատմել լեզվով մարդկային։
Այդպիսին էր երգը հոգվոց այն թեթև.
Դրա մասին ճիշտ գաղափար չի կազմի
Նա, ով վերև սավառնելու չունի թև։
Ապա նրանք այդպես երգուն ու շողուն՝
Երեք անգամ պտտվեցին շուրջը մեր,
Ինչպես աստղերն առանցքի շուրջը կայուն։
Ինձ թվաց, թե պարուհիներ են նրանք,
Որոնք լռին սպասում են լսելու
Պարերգության նոր խազերը դաշներանգ։
Մեկն սկսեց ինձ բարբառել այս կերպով.
«Շնորհի լույսը, որ սեր է արծարծում,
Եվ որ հետո տակավ աճում է սիրով,
Քո մեջ այնքան շոայլորեն է շողում,
Որ քեզ վեր է տանում երկնի սանդուղքով,
Ուրկից իջնողն ի նորո է բարձրանում։
Ով ուզածըդ քեզ կմերժի բերանով,
Պետք է հզոր մի արգելակ ունենա,
Ինչպես ջուրը, երբ չի հոսում դեպի ծով։
Դու ուզում ես գիտնալ, թե ինչ կենդանի
Ծաղիկներից է կազմըված պսակն այս,
Որ շուրջ պատեց քո տիրուհուն գեղանի։
Ես գառներից եմ այն հոտի սրբազան,
Ոյւ տանում է Դոմինիկը այն ճամփով,
Ուրկից ովքեր չհեռանան՝ կուռճանան։
Սա, որ աջ կողմս ու ինձ մոտ է հանապազ,
Իմ ուսուցիչ, եղբայր Ալբերտն է Քյոլնցի,
Իսկ ես ինքըս Աքվինացին եմ Թովմաս։
Եթե կուզես ծանոթանալ մյուսներին,
Դու հայացքով սուրբ պսակին հետևիր
Եվ մտքով էլ հետևիր իմ խոսքերին։
Այն մյուս լույսը Գրացիանոն է հայտնի,
Որ միացյալ կանոնագիրքը կազմեց
Եվ Դրախտում գտավ իր տեղն արժանի։
Այն, որ մոտ է և մեր խմբի զարդն է մեծ,
Պիետրոն է, որ, ինչպես կինն այն աղքատ,
Իր գանձը սուրբ եկեղեցուն ընծայեց։
Հինգերորդ լույսն, ամենավառը մեզնից,
Ներշնչված է այնպես սիրով թրթռուն,
Որ աշխարհը լուր է ուզում նրանից։
Նրա մեջ կա մի միտք այնքան խորատես,
Որ, Սուրբ Գիրքը եթե ճիշտ է վկայում,
Դեռ չի ծնվել մի իմաստուն նրա պես։
Նրա մոտ է լույսը հոգու այն երեց,
Որ բոլորից լավ ճանաչեց աշխարհում
Հրեշտակների բնությանն ու դերը մեծ։
Մյուս ծիծաղկոտ լույսիկի մեջ է անեղծ
Ջատագովը քրիստոնեական դարերի,
Որի գրչից Օգոստինոսն օգտվեց։
Իսկ եթե դու մտքիդ հայացքը ուղղես
Լույսե ի լույս, հետևելով գովքերիս,
Ութերորդ լույսն էլ իմանալ պիտ ուզես։
Այդ լույսի մեջ ցնծում է այն սուրբ հոգին,
Որ պարզում է ունայնությունն աշխարհի
Նրանց, ովքեր ուշ են դնում իր խոսքին։
Նրա մարմինն հիմա հանգչում է հավետ
Չելդորոյում. իսկ նա երկրից ցավատանջ
Եկավ խաղաղ օթարանն այս փրկավետ։
Տես քիչ այն կողմ շողշողալը այն հոգվոց,
Որ Իզիդոր, Բեդա, Ռիկկարդ են կոչվում,
Վերջինն եղավ խորհուրդներով մտակոծ։
Իսկ սա, որին տեսնում ես իմ ձախ կողքին,
Լույսն է հոգու, որ սպասում էր մահվան,
Խորասուզված խոհերի մեջ ծանրագին։
Նա մշտաշող, հավերժ լույսն է Սիգերի,
Որ դավանեց գաղափարներ խանդածին,
Եվ ավանդեց նեղ փողոցում Հարդերի»։
Զանգերն ինչպես կանչում են մեզ վաղ պահին,
Երբ զարթնում ու ելնում է հարսն Աստուծո,
Այգորելու իր սիրասուն փեսային,
Եվ փոխն ի փոխ մեկ քաշվում են, մեկ հրվում,
Հնչեցնելով այնքան քաղցըր ղողանջներ,
Որ մարդ սիրով ու հուզմունքով է լցվում,
Այսպես շարժվեց այն պսակը փառահեղ,
Օրհներգելով ձայնով այնպես դաշնավետ,
Որ լսվում է բացառապես լոկ այնտեղ,
Ուր վայելքը տևում է հար ու հավետ։
</poem>
===Երգ տասնմեկերորդ===