Բայց մի տեսակետից մարդու գերազանցությունն անվիճելի է։ Նրա բանականությունն անհամեմատելի է։ Այստեղ բարձրակարգ կենդանիները շատ հեռու են նրանից։ Եվ որքա՜ն ուշագրավ, որքա՜ն հետաքրքրական է, որ ոչ մի դրախտում դեռ տեղ չի հատկացված նրա այդ անվիճելի արժանիքի համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ նա ինքն է հորինում դրախտը, նա իր համար այնտեղ չի ապահովում որևէ մտավոր ուրախություն։ Զարմանալի՜ վրիպում։ Ըստ էության, դա նշանակում է, որ երկինքը նախատեսվում է միայն բարձրակարգ կենդանիների համար։ Այս մասին արժե մտորել, և մտորել շատ լրջորեն։ Եվ բխում է մի անչափ մռայլ հետևություն, որ մենք, թերևս, բնավ էլ այնքան կարևոր չենք, ինչպես մեզ միշտ թվացել է։
==Աստծու բանականությունը==
Նա է ստեղծել գոյություն ունեցող ամեն բան։ Չկա տիեզերքում մեծ կամ փոքր մի առարկա, որը Նա չլիներ ստեղծած։ Նա իր ստեղծածի մասին ասել է, որ դա «լավն է»։ Այս բառը պսակում է ամեն բան․ դա Նրա հավանության կնիքն է դնում տիեզերքի ամեն մի մանրամասնի վրա․ դա գովաբանում է նրա ամեն մի մանրամասնը։ Մենք նույնպես հավանություն ենք տալիս և գովաբանում մեր լեզվով։ Հավանություն ենք տալիս և գովաբանում ենք բարձրաձայն, մեծ ավյունով և զգուշավորությամբ։ Այո՛, զգուշավորությամբ։ Որովհետև մենք չենք խորանում մանրամասնությունների մեջ։ Ամեն օր անհավանության, պարսավանքի, անբավականության, ցասկոտ վրդովմունքի հեղեղներ ենք թափում, բայց ոչ խոսքերով։ Ո՛չ, մեզ մատնում են մեր արարքները, այլ ոչ թե մեր խոսքերը։ Մեր խոսքերն ամբողջովին հաճոյախոսություններ են, դրանք խաբում են Նրան։ Դրանում ոչ մի տարակույս չկա։ Դրանք նրան վստահություն են ներշնչում, թե մենք հավանություն ենք տալիս Իր բոլոր ջանքերին։
Համենայն դեպս, մեզ այդպես է թվում։ Դարեր շարունակ մենք մեզ ներշնչել ենք, թե իբր, տհաճ փաստը կեղծավոր ստի կույտերի տակ թաքցնելով, մենք այդ բանն անում ենք այնպես աննկատելիորեն, որ Նա տեսնում է միայն գովասանքները և գտնվում է հաճելի մոլորության մեջ։ Բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Ներքուստ մենք համաձայնում ենք, որ գործերը խոսքերից վեր են, բայց մենք մեզ ներշնչել ենք, թե Նրա համար դա այդպես չէ․ մենք երևակայում ենք, որ Նրան հետաքրքրում են միմիայն խոսքերը, միմիայն հնչյունները, որ եթե մենք այդ խոսքերը գոչենք բավականաչափ բարձրաձայն, նա չի նկատի դրանք հերքող արարքները։
Բայց, լրջորեն ասած, մի՞թե որևէ մեկն անկեղծորեն դրան հավատում է։ Եվ մի՞թե այդպիսի համոզվածությունը վիրավորանք չի լինի Գերագույն բանականության համար։ Արդյոք մեզանից որևէ մեկի մտքով կանցնի՞ մոր մոտ գովաբանել նրա բոլոր զավակներին, միաժամանակ եռանդուն ապտակելով նրանցից մեկին։ Արդյոք նման արարքը չի՞ հերքի մեր ամենապերճախոս գովասանքը։ Եվ մի՞թե մայրը կխաբվի։ Մի՞թե նա չի վիրավորվի, և լիակատար իրավունքով։
Իսկ տեսեք, թե մենք ինչպես ենք վարվում Նրա հետ։ Մենք խոսքով հավանություն ենք տալիս Նրա բոլոր ջանքերին, ջերմ ցնծությամբ գովաբանում ենք Նրա բոլոր ջանքերը, միևնույն ժամանակ սպանում ենք ճանճին՝ Նրա նույնպիսի ստեղծածին, ինչպես բոլոր մյուս արարածներն են, և որը, որպես այդպիսին, միշտ հիշատակվել է մեր բուռն գովասանքներում։ Եվ մենք ոչ թե պարզապես սպանում ենք մեծագույն գրգռվածությամբ, նույնիսկ ատելությամբ, կատաղի վրիժառությամբ և նայում ենք ճանճին քամահրանքով ու զզվանքով, թեև հենց նոր գովաբանում էինք նրան, հավանություն տալիս ու փառաբանում։ Մենք գովաբանում ենք ճանճին, դիմելով նրա Ստեղծողին։ Գովասանքն անազնիվ էր, իսկ արարքը՝ ազնիվ․ գովասանքը շահադիտական գործողություն էր, իսկ արարքը՝ անկեղծ պոռթկում։
Մենք անխնա ոչնչացնում ենք ճանճերին, ինչպես նաև առնետներին, լվերին, օձերին, ախտածին մանրէներին և հազարավոր այլ արարածների, որոնց Նա լավ է կոչել, որոնցով բավարարված է եղել և որոնց մենք բարձրաձայն պերճախոսությամբ գովաբանում և հավանություն ենք տալիս մեր լեզվով, իսկ հետո հետապնդում և չարությամբ ոչնչացնում ենք՝ հնարավորին չափ մեծ քանակությամբ։
Անշուշտ դա վատ է, անխոհեմ և անարդարացի։ Դա կեղծիք և խաբեություն է ծնում։ Մի՞թե նա կվիրավորվի, եթե մենք փոխվենք ու նրա առջև հանդես գանք նաև ճշմարտությունը շուրթներիս, այլ ոչ միայն մեր արարքներում։ Մի՞թե մենք չենք կարող հավատով ու աներկյուղ փոխել մեր խոսքերը և ասել․
― Ո՜վ ճշմարտության աղբյուր, մենք ստել ենք և զղջում ենք դրա համար։ Լսիր մեր խոստովանությունը, որ մենք ի սկզբանե զգացել ենք, բայց հոգեկան թուլության պատճառով աշխատել ենք Քեզանից թաքցնել, մենք հնազանդորեն գովում ու փառաբանում ենք Քո շատ գործերը և շնորհակալ ենք, որ դրանք կան Երկրի վրա՝ Քո ոտքերի տակ, բայց դա վերաբերում է այդ գործերից ոչ բոլորին։
Այդքանը բավական կլինի։ Բացառությունների թվարկում չի պահանջվի։