Ես շատ բան եմ ակնկալում Ֆրանսիայից և նրան ջերմորեն ցանկանում եմ շուտափույթ բարոյական ու մտավոր վերելք և լուսավորություն։ Սակայն ես հիանալի հասկանում եմ, որ այստեղի ամերիկյան գաղութի սահմանափակ ու կանոնավոր ջանքերը, որքան էլ դրանք եռանդուն, սուրբ և անշահախնդիր լինեն, բավարար չեն նրան այդչափ մեծ պարգևով բարերարություն անելու համար։ Ո՛չ, դրա համար կա միայն մեկ ուղի՝ ստեղծել ամերիկյան աշխարհիկ քարոզիչների հատկապես ուսուցանված մի ջոկատ՝ զինված նրանց պաշտպանելու պաշտոնական կոչումով, օժտված Պատվավոր լեգեոնի ժապավենով, որպեսզի նրանց դարձնեն պակաս նկատելի և պաշտպանեն նախանձից ու ավելորդ ուշադրությունից, և որ կառավարությունը նրանց վարձատրի հատուկ հարկից գոյացող միջոցներից։ Ուրեմն, բոլորս մի մարդու պես օգնության հասնենք ֆրանսիացուն, տոգորվենք անշահախնդիր սիրով դեպի այդ արհամարհված ու ստորացված օղակը, որ գտնվում է մարդու և կապկի միջև, բարձրացնենք նրան ու դարձնենք մեր եղբայրը։
==Երկիր հասցեագրված նամակ==
::::::::::::::::::Խնդիրքների մինիստրություն։
::::::::::::::Մատենավոր հրեշտակի բաժին։ 20․ հունվ․։
Էբներ Սքոֆիլդին՝
ածխավաճառին։
Բուֆալո (Նյու Յորքի նահանգ)։
Համաձայն ցուցումի, պատիվ ունեմ ծանուցելու ձեզ, որ վերջերս կատարած, ձեր անձնազոհությամբ լեցուն բարերարությունը գրանցված է «Մարդկային ոսկե արարքներ» կոչվող գրքի էջում, որը, ինձ թույլ կտամ նշել, ոչ թե պարզապես բարձր, այլ իր տեսակի մեջ միակ պատիվն է։
Սույն ամսի տասնիննին լրացած շաբաթվա ընթացքում ձեր աղոթքների վերաբերյալ պատիվ ունեմ ձեզ հաղորդելու հետևյալը․
1․ Եղանակի մասին, որպեսզի անտրացիտի գինը բարձրանա տոննան 15 ցենտով։ Բավարարված է։
2․ Բանվորական ուժի ավելցուկի մասին, որպեսզի աշխատավարձն իջնի 10 տոկոսով։ Բավարարված է։
3․ Փափուկ ածխի գինը, որով առևտուր են անում ձեր մրցակիցները, ընկնելու մասին։ Բավարարված է։
4․ Այն մարդուն կամ նրա ընտանիքը պատժելու մասին, որն ածխի մրցակցային մանրածախ առևտուր բացեց Ռոչեստերում։ Բավարարված է հետևյալ կերպ․ դիֆտերիայով հիվանդանալու երկու դեպք՝ որոնցից մեկը մահացու, քութեշով հիվանդանալու մի դեպք, որը կհասցնի խլության և տկարամտության։ Ծանոթագրություն․ հարկավոր էր պատիժ խնդրել այդ մարդուն՝ «Նյու Յորք սենտրալ ռեյլրոդ կամփնիի» ծառայողին, վարձողների համար։
5․ Այն անհամար հայցողներին գեհեն աքսորելու մասին, որոնք ամեն օր ձեզ ձանձրացնում են, խնդրելով աշխատանք տալ կամ որևէ այլ տեսակի լավություն անել։ Հանձնված է նոր քննության, քանի որ այդ խնդիրքը, ըստ երևույթին, հակասում է մեկ ուրիշին, որը երկինք է առաքվել նույն օրը և որի մասին կասվի ստորև։
6․ Ձեր այն հարևանի նկատմամբ որևէ բռնի մահ կիրառելու մասին, որն աղյուս էր նետել ձեր կատվի վրա, երբ վերջինս փողոցում սերենադ է երգել։ Հետաձված է հետգա քննության համար այն աղոթքի հետ անհամատեղելի լինելու պատճառով, որ երկինք է առաքվել նույն ամսաթվով, ինչի մասին կասվի ստորև։
7․ «Թող գրողի ծոցը գնան քարոզիչները»։ Հետաձգված է նույն պատճառով, ինչ որ նախորդը։
8․ Օգուտները դեկտեմբերի 22 230 դոլարից ավելացնելու և հունվարին 45 000 դոլարի հասցնելու մասին, հետագայում պահպանելով օգուտների համամասնական ամսական աճը, «որը ձեզ լիովին կբավարարի»։ Աղոթքը բավարարված է, կից խոստումն ընդունվում է պայմանականորեն։
9․ Ի վերուստ փոթորիկ առաքելու մասին, որը կոչնչացնի «Նորս Փենսիլվանիա կամփնիի» սարքավորումները և կհեղեղի հանքահորերը։ Ծանոթություն․ նկատի ունենալով ձմեռային եղանակը, պահեստում փոթորիկներ չկան։ Ըստ պահանջի դրանք կարող են փոխարինվել հանքագազի միանգամայն հուսալի պայթյունով։
Վերը թվարկված խնդիրները, որպես առավել կարևորներ, քննության են առնվել առանձին֊առանձին։ 298 այլ աղոթքներ, որ ստացվել էին սույն ամսի տասնիննին լրացող շաբաթվա ընթացքում և ընկնում էին «Հատուկ հատուցումներ» խորագրի տակ, բաժին Ա, բավարարվել են միագումար կերպով, այն բացառությամբ, որ 32 աղոթքներից, որոնց կատարումը պահանջում է երկիր առաքել անհապաղ մահ, 3 դեպքում այդպիսին փոխարինվել է անբուժելի հիվանդությամբ։
Սրանով սպառվում է մեկշաբաթյա մուտքն այն աղոթքների, որոնք մեր բաժնում դասվում են «Սրտի գաղտնի աղաչանքներ» կոչվող կարգում և որոնք ակնհայտ պատճառով միշտ մեր կողմից քննութան են առնվում առաջին հերթին։
Խնդրագրերի շաբաթական մուտքի մնացորդը ընկնում է «Հրապարակային աղոթքներ» կոչվող կարգը, որին մենք դասում ենք աղոթքաժողովներում, կիրակնօրյա դպրոցում, քրիստոնյա եղբայրների հետ հանդիպումների, ընտանեկան մաղթանքների ժամանակ և այլուր արտասանված աղոթքները։ Այս կարգի աղոթքները գնահատվում են ըստ դրանց արտասանող քրիստոնյաների դասակարգման, այն է՝ 1) իրենց կրոնը դավանող քրիստոնյաներ և 2) իրենց կրոնը օգտագործող քրիստոնյաներ։ Այնուհետև դրանք տարաբաժանվում և դասակարգվում են ըստ չափի, տեսակի ու ընտանիքի, և վերջում նրանց արժույթը որոշվում է կարատներով՝ մեկից մինչև հազար կարատ։
1847 թ․ դեկտեմբերի 31֊ին ավարտված եռամսյակի արդյունքներով ձեր հաշվեկշիռը հետևյալն է եղել․
<b>Ընդհանուր դասակարգումը՝</b> իր կրոնը դավանող քրիստոնյա։
<b>Չափը՝</b> առավելագույնի քառորդը։
<b>Տեսակը՝</b> բարձր ոգու տեր մարդ։
<b>Ընտանիքը՝</b> ընտրյալների «Ա» հատված, ենթահատված 16։
<b>Արժույթը՝</b> 322 մաքուր կարատ։
Հենց նոր ավարտված եռամսյակի արդյունքներով, այսինքն՝ քառասուն տարի անց, ձեր հաշվեկշիռն այդպիսին է։
<b>Ընդհանուր դասակարգումը՝</b> իր կրոնն օգտագործող քրիստոնյա։
<b>Չափը՝</b> առավելագույնը մեկ հարյուրերորդականը։
<b>Տեսակը՝</b> մարդ֊կենդանի։
<b>Ընտանիքը՝</b> ընտրյալների «Է» հատված, ենթահատված 1547։
<b>Արժույթը՝</b> երեք մաքուր կարատ։
Պատիվ ունեմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ դուք, ըստ երևույթին հետադիմել եք։
Անդրադառնալով ձեր հրապարակային աղոթքների հարցին, ի դեպ, նշեմ, որ ձեզ և խառը տիպի քրիստոնյաներին քաջալերելու նպատակով մեր բաժինը սովորություն ունի երկիր առաքելու շատ այնպիսի բաներ, որ չէին առաքվի ավելի բարձր տիպի քրիստոնյաների համար, մասամբ էլ այն պատճառով, որ նրանք այդպիսի բաներ չեն խնդրում։
Եղանակի բարեգութ մեղմացման մասին ախոթքը՝ հանուն աղքատների ու տկլորների նկատմամբ գթասրտության։ Մերժված է։ Երկինք է ուղարկվել աղոթաժողովում։ Հակասում է սույն ծանուցման առաջին կետում նշված աղոթքին, որը սրտի գաղտնի աղաչանք է։ Մեր բաժնի կանոնները խստագույն արգելում են իրենց կրոնը օգտագործող քրիստոնյաների հրապարակային աղոթքներն ավելի բարձր դասել նրանց սրտի գաղտնի աղոթքներից։
Աղոթք լավագույն ժամանակների և լիառատության մասին, «կոշտուկավոր ձեռքերով աշխատավորի համար, որի ծանր ու համբերատար աշխատանքը թեթև և ուրախ է դարձնում նրանց կյանքը, ում ավելի երջանիկ բախտ է վիճակվել, իսկ նրան իրավունք է տալիս ապավինելու այն վիրավորանքներից ու հալածանքներից մեր զգաստ ու փրկարար պաշտպանությանը, որ պատրաստ է պատճառելու նրան անզուսպ ագահությունը, և մեր շնորհակալ սրտերի նրբագույն հոգատարությանը»։ Երկինք է ուղարկվել աղոթաժողովում։ Մերժել, նկատի ունենալով, որ այն հակասում է սրտի N 2 աղաչանքին։
Աղոթք՝ «Թող նրանք, ովքեր մեզ զրկում են ցանկալիից, պատժվեն երկնային ողորմությամբ, և՛ նրանք իրենք, և՛ նրանց ընտանիքները, որովհետև մեր սրտերը վկաներն են այն բանի, որ այդպիսիների երկրային բարգավաճումը մեզ պարգևում է անխառն, ուստի և կատարյալ ուրախություն»։ Երկքինք է առաքվել աղոթաժողովում։ Մերժել, նկատի ունենալով, որ հակասում է սրտի NN 3 և 4 գաղտնի աղաչանքներին։
«Թող ոչ ոքի հավիտենական կորստյան չմատնեն մեր խոսքերն ու գործերը»։ Երկինք է ուղարկվել ընտանեկան մաղթանքի ժամանակ։ Ստացվել է սրտի N 5 գաղտնի աղաչանքից 15 րոպե առաջ, որին բացահայտորեն հակասում է։ Ձեր առաջարկվում է ետ վերցնել այդ աղոթքներից մեկը կամ դրանցում կատարել անհրաժեշտ փոփոխություններ։
«Ներիր բոլորին, ովքեր վնաս են պատճառում մեր անձին ու մեր ունեցվածքին»։ Դա վերաբերում է նաև ձեր այն հարևանին, որն աղյուս էր շպրտել ձեր կատվի վրա։ Երկինք է ուղարկվել ընտանեկան մաղթանքի ժամանակ։ Ստացվել է սրտի N 6 գաղտնի աղաչանքից մի քանի րոպե առաջ։ Խնդրում ենք հաղորդել համապատասխան ճշտումը։
«Աջակցիր քարոզիչներին նրանց ջանքերում, ամենաազնիվ ջանքերում, որոնք վստահված են մարդուն, որպեսզի շողշողա լույսը բոլոր սահմաններում հեթանոսական աշխարհի, որն այսօր էլ դեռ մեզ պատժում է իր հոգևոր խավարով»։ Կամայական աղոթք է, որն անցկացվել է Ամերիկյան քարոզչական խորհրդի նիստի ժամանակ։ Ստացվել է սրտի N 7 գաղտնի աղաչանքից 12 ժամ առաջ։ Մեր բաժինը քարոզիչներով չի հետաքրքրվում ու որևէ գործարար կապ չունի Ամերիկյան քարոզչական խորհրդի հետ։ Մենք ուրախ կլինենք բավարարելու այդ աղոթքներից մեկը, բայց երկուսն էլ բավարարել չենք կարող։ Խորհուրդ ենք տալիս ետ վերցնել նիստի ժամանակ հղվածը։
Քսաներորդ անգամ ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ ցանկալի չէ N 8֊ին կցված դիտողության կրկնությունը։ Հատկապես տափակ կատակները աղոթքներում տեղին չեն։
464 առանձին խնդրանքներից, որոնք բովանդակվում են ձեր հրապարակային աղոթքներում, բացի վերը քննարկվածներից, մենք բավարարում ենք երկուսը, մերժելով մնացածները։ Բավարարում ենք հետևյալ խնդրանքները․ «1) թող ամպերը կատարեն իրենց դերը, 2) իսկ արեգակը իրենը»։ Ըստ էության հենց այդպիսին էլ եղել է աստվածային կանխագծումը, բայց ձեզ համար, հավանաբար, հաճելի կլինի իմանալ, որ դուք ոչ մի բանով դրան չեք խոչընդոտել։ Ձեր 462 առանձին խնդրանքներից, որոնք մերժված են, 61֊ը կարդացվել է կիրակնօրյա դպրոցում այն քրիստոնյաների հղած աղոթքները, որոնք օգտագործում են իրենց կրոնը և ընկնում են այն խորագրի տակ, որը մեր բաժնում կոչվում է «Ջոն Վանեմեյքերի տիպ»։ Մենք դրանք անցկացնում ենք «բառեր» սյունակով և հաշվի ենք առնում, ելնելով ժամանակի որոշակի միավորի ընթացքում արտասանված բառերի քանակից, ստուգարքային նվազագույնը՝ 3000 բառ է քառորդ րոպեի ընթացքում։ Կիրակնօրյա դպրոցների փորձագետները սովորաբար հեշտությամբ արտասանում են 4200 միավոր՝ 5000 հնարավորից, որը հավասարեցվում է երկու սաղմոսի ու մեկ ծաղկեփնջի, որ երիտասարդ օրիորդը մարդասպանի խցիկն է ուղարկում մահապատժի առավոտյան։ Մնացած 401 խնդրանքները քամուն են տրվել։ Մենք դրանք կիտում ենք իրար վրա և այդ կույտերից պատրաստում հակընդեմ քամիներ, որպեսզի կանգնեցնենք անարժան մարդկանց նավերը, բայց մի կարգին քամու համար այդ հումքից պահանջվում է այնքան, որ դրա համար մենք վճարել ի վիճակի չենք։
Հիմա ես կուզենայի մի քանի խոսք ավելացնել անձամբ իմ կողմից։
Երբ որոշակի տիպի մարդիկ բարի գործ են կատարում, մենք դա գնահատում ենք հազար անգամ ավելի բարձր, քան թե նույն գործը, որ կատարել է լավ մարդը, նկատի ունենալով այն վիթխարի ջանքերը, որ ծախսվել են այդ գործի վրա։ Այդ տեսակետից դուք ձեր կարգից շատ ավելի բարձր եք կանգնած մի շարք անձնազոհությունների պատճառով, որոնք մեծապես գերազանցում են ամեն բան, ինչ մենք կարող էինք ձեզանից սպասել։ Շատ տարիներ առաջ, երբ ձեր դրամագլուխը կազմում էր ընդամենը հարյուր հազար դոլար և դուք երկու դոլար ուղարկեցիք ձեր աղքատացած այրի բարեկամուհուն, որը ձեզանից օգնություն էր խնդրել, այստեղ՝ երկնքում, շատերը պնդում էին, թե այդպիսի բան լինել չի կարող, իսկ ոմանք էլ այն կարծիքին էին, թե դոլարները կեղծ են եղել։ Ձեր բարի համբավը խիստ ամրապնդվեց այն բանից հետո, երբ ապացուցվեց նման կասկածների անհիմն լինելը։ Մի երկու տարի անց, երբ ի պատասխան նոր խնդրանքին դուք խեղճ կնոջը ուղարկեցիք չորս դոլար, դրան իսկույն հավատացին, և այստեղ երկար ժամանակ խոսակցության առարկան այդ իրադարձությունն էր։ Երկու տարի հետո, երբ մահացավ այրու կրտսեր որդին, դուք ուղարկեցիք վեց դոլար, և այդ արարմունքը վերջնականապես փառքով պսակեց ձեզ։ Երկնքում հենց միայն այն էր լսվում, թե՝ «Տեսե՛ք, ինչպիսին է այդ Էբները»։ Որովհետև այդ ժամանակ ձեզ արդեն քնքշանքով այստեղ «Էբներ» էին կոչում։ Յուրաքանչյուր երկու֊երեք տարին մեկ դուք ավելացնում էիք եկեղեցու օգտին ձեր նվիրաբերության գումարը, և ձեր անունը մեր շուրթերից չէր իջնում ու ջերմացնում էր մեր սրտերը։ Ամբողջ երկինքը հետևում է ձեզ, երբ դուք կիրակի օրերը շքեղ կառքով եկեղեցի եք գնում, և երբ ձեր ձեռքը ափսեի մեջ է իջեցնում նվիրատվությունը, ուրախալի ճիչը նույնիսկ հասնում է հեռավոր գեհենի բոսորագույն պատերին․ «Եվս հինգ ցենտ Էբներից»։
Բայց այդ ամենը ոչ մի կերպ չի կարող համեմատվել ձեր վերջին բարերարության հետ, երբ այրին մի քանի օր առաջ նամակ ուղարկեց ձեզ, հաղորդելով, թե կարող է ուսուցչուհու տեղ ստանալ մի ավանում, բայց ողջ մնացած երկու երեխաների հետ այնտեղ գնալու համար նրան հարկավոր է հիսուն դոլար, և դուք, հաշվելով այն զուտ օգուտը, որ վերջին ամսում ձեզ բերել էին ձեր երեք ածխահորերը՝ 22230 դոլար, և դրան ավելացնելով այն 45 000 դոլարը, որ դուք հույս ունեք ստանալ այս ամիս (թեև ավելի ճիշտ կլիներ գրել 50 000), վերցրիք գրիչն ու չեկագրքույկը և նրան ուղարկեցիք <b>ամբողջ տասնհինգ դոլարի</b> չեկ։ Թող քեզ հետ լինի երկնքի հավիտենական օրհնությունը, ո՜վ մեծահոգի մարդ։ Երանելիների կացարանում բոլորն անխտիր գորովանքի արցունքներ են թափում, և մինչ բոլորը ցնծության մեջ էին, միմյանց ձեռք էին սեղմում և գրկախառնվում, ճաճանչափայլ գահից հնչեց որոտալից հրամանը․ քանի որ այդ արարքը նսեմացնում է մարդկանց և հրեշտակների բոլոր անձնազոհությունները, որ հայտնի են պատմությանը, թող այն գրի առնվի առանձին մաքուր էջի վրա։ Որովհետև, այն ամենածանր ջանքերի կողքին, որ այդ արարքը պահանջել է ձեզանից, ոչնչի չի հավասարվում բոցավառվող խարույկների վրա զոհված տասնյակ հազարավոր նահատակների արիությունը, և բոլորն ասացին․ «Անտարակույս, ազնիվ մարդու կողմից, տասնյակ հազարավոր ազնիվ մարդկանց կողմից զոհաբերվող կյանքը դատարկ բան է այն տասնհինգ դոլարի համեմատությամբ, որ իր ճանկից բաց է թողել ամենաստոր ժլատը, որի նմանը չէր տեսել աշխարհը»։
Ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Աբրահամը հեկեկալով իր ծոցից դուրս թափեց նախկին ամբողջ պարունակությունը և դրա վրա փակցրեց շատ պերճախոս մի պլակատ՝ «Իրավունքները հայտարարված են», իսկ Պետրոսը, հեկեկալով, ասաց․ «Մենք նրան կդիմավորենք ջահերթով»։ Ցնծության ճիչերը թնդացին երկնքում, և բոլորն այստեղ հրճվում էին, իմանալով, որ ձեզ վիճակված է ընկնել այստեղ։ Դժողխքը նույնպես հրճվում էր։
::::::::::::::::::::(ստորագրություն)
:::::::::::::::::Մատենավար հրեշտակ (կնիք)։