===Երգ տասնութերորդ===
<poem>
Այնժամ սուզվեց երանելի այն հոգին
Խոհերի մեջ, իսկ իմ խոհերը շփոթ
Խառնվել էին իմ հույզերին դառնագին։
Եվ տիրուհիս, որ ուղեկցում էր ինձ միշտ,
Ասաց– «Դու քեզ հանգիստ պահիր, քանզի մենք
Մոտն ենք նրան, ով մեղմում է ամեն վիշտ»։
Ես շուռ եկա նրա ձայնին ջերմ ու նուրբ.
Զանց եմ առնում նկարագրել լույսն այն վառ,
Որ ցոլում էր աչքերի մեջ նրա սուրբ.
Ոչ թե միայն լեզուս անզոր է դրան,
Այլև ուղեղս այն չի կարող պատկերել,
Եթե չօգնի մի գերբնական ուժ նրան։
Ես այդ մասին լոկ կարող եմ ասել այն,
Որ նայելով իմ տիրուհուն այդ պահին,
Ազատվեցի անձկությունից ամենայն,
Մինչև որ Լույսն հավերժական գեղեցկի,
Որ ուղղակի ցոլանում էր նրա մեջ,
Անդրադարձավ և իմ վրա մեղմակի։
Նա ինձ ժպտաց ու շշնջաց աղվաձայն.
«Արդ դարձիր և նորից լսիր այն հոգուն.
Դրախտի խինդն իմ աչքերում չէ միայն»։
Ինչպես երբեմն երևում է մեր դեմքին
Մի զգացում այնքան ուժգին ու ցայտուն,
Որ մատնում է մեզ այրող իղձը ներքին,
Այսպես ես այն սուրբ հոգու մեջ լուսավետ,
Որին դարձա, նկատեցի հայտնապես,
Որ ուզում էր քիչ էլ խոսել դեո ինձ հետ։
Եվ նա խոսեց. «Այս երկնքաւմ հինգերորդ,
Որ բարձրագույն գագաթից է կյանք առնում
Եվ որ լի է երանությամբ բազմահորդ,
Ցնծում են այն հոգիները լուսային,
Որոնք երկրում այնքան եղան անվանի,
Որ շատ հարուստ նյութ կտային Մուսային։
Արդ դու դիտիր Խաչը քառյակ թևերով.
Եվ ո՛ր հոգին, որ կանվանեմ ես հիմա,
Արագ կանցնի, ինչպես շանթը ամպերով»։
Եվ հենց որ նա Հեսու անունը տվավ,
Տեսա մի լույս խաչի միջով սուրալիս.
Անունը տալն ու տեսնելըս մեկ եղավ։
Եվ Մակաբե ասելուն պես տեսա ես
Մի ուրիշ լույս, որ, խնծիղից խթանված,
Արագորեն պտտվում էր հոլի պես։
Կառլոս Մեծ և Օռլանդ անունքը տալուն՝
Աչքս հետևեց երկու լույսի սլացքին,
Ինչպես մարդու աչքը ճայի սուրալուն։
Ապա անցան Գուլյելմոն ու Ռենուարդոն
Խաչի միջով, երևացին ինձ նաև
Դուքս Կոֆրեդն ու ասպետ Ռոբերա Գուիսկարդոն։
Հուսկ այն հոգին, որը խոսում էր ինձ հետ,
Խառնվեց մյուս հոգիներին և սկսեց
Հետներն երգել ինչպես երգիչ մի վարպետ։
Ես ուղղվեցի իմ տիրուհուն փութապես,
Որպեսզի նա մի խոսքով կամ ակնարկով
Ինձ հայտներ, թե ինչ պետք էի անել ես։
Նրա աչքերն այնքան էին վառ ու ջինջ,
Որ այդ պահին նա իր գեղով ու փայլով
Գերիվեր էր, քան իմ տեսած ամեն ինչ։
Եվ ինչպես մարդ զգում է, որ օր առ օր
Բարձրանում է բարի գործեր անելով
Եվ ապրում է ցնծություններ նորանոր,
Այսպես ի տես իմ տիրուհուն հրաշալի՝
Զգացի, որ բարձրացել եմ նոր երկինք
Եվ լայնացրել իմ պտույտը ավելի։
Եվ ինչպես որ դեմքը կնոջ ամոթխած
Կարմրից իսկույն սպիտակի է փոխվում,
Երբ նրանից ամոթի բեռն է ընկած,
Այսպես հանկարծ երկնքի գույնը փոխվեց,
Երբ դիտեցի մեղմիկ աստղը վեցերորդ,
Որ ինձ իր մեջ ընդունեց ու ընդգոգեց։
Ես տեսա այդ նոր երկնքում խնդագին
Լույսերն հոգվոց սիրո բոցով շողացող,
Որոնք տառեր էին գծում իմ աչքին։
Ինչպես ճայերն, երբ հագեցել են լիով,
Գետի ափից վեր են ճախրում սրաթև,
Մերթ շրջանակ, մերթ եռանկյուն կազմելով,
Այսպես և այն հոգիները լուսափայլ
Թռչում էին ու օրհներգում, կազմելով
Մերթ O, մերթ I, մերթ L և մերթ տառեր այլ։
Առաջ նրանք թռչում էին ու երգում,
Եվ կազմելով ապա մեկն այս տասերից,
Մի պահ անշարժ կանգնում էին ու լռում։
Ո՛վ վեհ Բեգաս, որ դարձնում ես փառապանծ
Հանճարներին, որոնք էլ քո շնորհիվ
Ձեռտկերտներն հավերժացնում են մարդկանց,
Լուսավորիր ինձ քո լույսով մշտացայտ,
Որ կարենամ նկարագրել ես դրանք.
Թող քո ուժը այս տողերում գա ի հայտ։
Արդ երեսուն և հինգ տառեր կազմեցին
Լույսերը այն, և ես նրանց դիտեցի
Այն կարգով, որ երևացին իմ աչքին։
Նա սկսվեց «Diligite iustitiam»
Երկու բառով և վերջացավ հետևյալ
Երեք բառով՝ «Qui iudicatis terram»։
Ապա նրանք վերջին բառի տառում
Անշարժ կեցան, իսկ Լուսնթագն արծաթյա
Ամբողջովին ոսկեկիտված էր թվում։
Եվ ես տեսա, որ M տառի կատարին
Ուրիշ լույսեր իջան և անդ կանգ առան,
Օրհներգելով իրենց ձգող Արդարին։
Ինչպես վառված երկու փայտի բախումից
Անթվելի մանըր կայծեր են ցայտում,
Տեղիք տալով գուշակությանց միամիտ,
Այսպես M-ից անթիվ լույսեր ցայտեցին
Եվ կանգ առան ոմանք բարձըր, ոմանք ցած,
Ըստ այն կարգի, որ նշված է ամենքին։
Երբ ամեն լույս իր հատակ տեղը կանգնեց,
Ես պարզ տեսա, որ լույսերից այդ բոլոր
Մի արծիվի գլուխն ու վիզը կազմվեց։
Դա պատկերողն այն Վարպետն է անթերի,
Որից է միշտ բխում ուժն այն արարիչ,
Որ կազմում է էությունը գոյերի։
Մյոա լույսերը, որ գոհ էին երևում,
M-ից կազմված շուշանի մեջ մնալով,
Լրացրին արծվի պատկերն այս երկնում։
Ո՛վ պայծառ աստղ, գոհարներըդ վերնային
Ինձ ցույց տվին, թե քո բարի ներգործման
Արգասիքն է արդարությունն երկրային։
Արդ հայցում եմ քեզ զորություն ու շարժում
Տվող Տիրոջ, որ նա նայի այն ծխին,
Որ քո պայծառ շողյուններն է մթագնում։
Թող նա նորից խարազանի այն անձանց,
Որոնք առ ու ծախ են անում տաճարում,
Որ հրաշքով ու արյամբ է հաստատված։
Աղոթեցեթ, ո՛վ երկնային ոգիներ,
Նրանց համար, որոնք շեղված են ճամփից,
Հետևելով օրինակին վատշվեր։
Մի ժամանակ սրով էին մարտնչում,
Արդ կռվում են մարդկանց հացից զրկելով,
Որ ոչ ոքի գթած Հայրը չի մերժում։
Սակայն դու, որ բանադրում ես, որ ջնջես,
Գիտցիր՝ Պետրոսն ու Պողոսը, որ մեռան
Այգու համար քո ավերակ, դեռ ողջ են։
Դու կարող ես ասել. «Այնպես սեր ունեմ
Դեպի նա, ով մենակ ապրեց ամայքում
Եվ գլխատվեց պարի համար ճոխաճեմ,
Որ ոչ Պետրոս, ոչ Պողոս չեմ ճանաչում»։
</poem>
===Երգ տասնիններորդ===
===Երգ քսաներորդ===