8. Դրագունյան 2-րդ գնդի կապիտան Ռ․ Պ․ Քեմբելի ցուցմունքները․ Քեմբելը 1859 թվականի գարնանը գործուղվել է Սանտա Կլարա՝ Կալիֆոռնիա ուղևորվող ճանապարհորդների պահպանության, ինչպես նաև նրանց վրա հնդկացիների հարձակման դեպքերը հետաքննելու համար։
==«Ծոցատետրից»==
(1892 ― 1895: Գերմանիա։ Իտալիա։ Անգլիա։ Ֆրանսիա։)
Առաջին իսկ կիրակի օրը գնացի եկեղեցի, իսկ երեքշաբթի ստացա քսան մարկի հաշիվ եկեղեցուն օժանդակելու համար։ Բավական է։ Չեմ կարող ինձ թույլ տալ կրոնը դավանել այդպիսի գնով։ Այստեղ հոգու փրկությունը հարուստների համար է։
Բոբ Ինգերսոլը պատմել է երիցական մի սրբի մասին, որը դրախտից դժոխք էքսկուրսիայի մեկնելիս վճարել էր գնալ֊գալու համար, իսկ հետո վերադարձի տոմսը ոչ ոքի չէր կարողացել վաճառել։
Ջայպուրում կրկնեցի մրջյունների հետ Ջոն Լեբոկի կատարած փորձերը և նույն արդյունքները ստացա։ Հետո սեփական փորձեր կատարեցի։ Դրանք ցույց տվեցին, որ մրջյունները լավ են կողմնորոշվում հետաքրքրությունների ոլորտում։ Ես կառուցեցի չորս մանրիկ տաճար՝ մուսուլմանական մզկիթ, հնդկական սրբավայր, հրեական սինագոգ ու քրիստոնեական մայր եկեղեցի, և դրանք դասավորեցի կողք կողքի։ Այնուհետև տասնհինգ մրջյունների վրա կարմիր ներկով նշան արեցի և ազատ արձակեցի։ Նրանք հետ ու առաջ էին վազում, նայում էին տաճարներին, բայց ներս չէին մտնում։ Ես բաց թողեցի ևս տասնհինգ մրջյուն, նրանց վրա նշան անելով կապույտ ներկով։ Նրանք իրենց պահում էին այնպես, ինչպես նրանց կարմիր եղբայրակիցները։ Ես ոսկեզօծեցի և բաց թողեցի ևս տասնհինգ մրջյուն։ Արդյունքը նույնը եղավ։ Բոլոր քառասունհինգ մրջյունները վազվզում էին, առանց մի րոպե կանգ առնելու, մոտենում էին բոլոր տաճարներին, բայց նրանցից ոչ մեկի մեջ չէին մտնում։ Ես ապացուցված համարեցի, որ իմ ընտրած մրջյունները չունեն կրոնական հաստատ համոզմունքներ, դա անհրաժեշտ նախադրյալ էր հաջորդ, էլ ավելի կարևոր փորձի համար։
Յուրաքանչյուր տաճարի մուտքի առջև դրեցի սպիտակ թուղթ։ Մզկիթի առջևի թղթի վրա դրեցի մի կտոր մածկան, սրբավայրի մուտքի մոտ՝ մի փոքր ձյութ, սինագոգի մուտքի առջև մի կաթիլ սկիպիդար կաթեցրեցի և մայր եկեղեցու մուտքի առջև մի կտոր շաքար դրեցի։ Բաց թողեցի կարմիր մրջյուններին։ Նրանք չմոտեցան մածկանին, ձյութին ու սկիպիդարին և ագահությամբ ու, ինչպես ինձ թվաց, անկեղծ զգացումով հարձակվեցին շաքարի վրա։ Ես ազատ արձակեցի կապույտներին․ սրանք ճշգրտորեն կրկնեցին կարմիրների գործողությունները։ Ոսկեզօծները, առանց մի բացառության, վարվեցին նույն կերպ։ Դա անտարակուսելիորեն ապացուցեց, որ մրջյունները, զուրկ լինելով որոշակի դավանանքից, ընտրության հնարավորության դեպքում, մյուս բոլոր կրոնների համեմատությամբ, նախապատվությունը տալիս են քրիստոնեական կրոնին։
Փորձը ստուգելու համար մրջյուններին փակի տակ առա և մածկանը տեղափոխեցի մայր եկեղեցու առջև, իսկ շաքարը դրեցի մզկիթի առջև։ Այնուհետև միանգամից բաց թողեցի բոլոր մրջյուններին, և նրանք խմբով նետվեցին դեպի մայր եկեղեցին։ Ես մինչև հոգուս խորքը զգացված էի, և գնացի հարևան սենյակը, գրի առնելու այդ հիանալի փորձը։ Վերադառնալով, տեսա, որ բոլոր մրջյունները հրաժարվել են քրիստոնեական հավատից և անցել են մահմեդականության։ Ես հասկացա, որ շտապել էի հետևություն անելու։ Անհարմար վիճակի մեջ ընկա և դառնություն զգացի։ Ինքս իմ նկատմամբ արդեն այնքան էլ վստահություն չունենալով, որոշեցի փորձը հասցնել մինչև վերջ։ Շաքարը դրեցի սկզբում երրորդ, իսկ հետո՝ չորրորդ տաճարի առջև։ Ես ի՞նչ պարզեցի։ Որ տաճարի առաջ դնում էի շաքարը, այնտեղ էլ կուտակվում էին մրջյունները։ Այդ ճանապարհով հանգեցի այն անհերքելի հետևությանը, որ կրոնի վերաբերմամբ մրջյունը մարդու կատարյալ հակադրությունն է։ Մարդը գնում է այն տաճարը, որտեղ իսկական հավատ են սովորեցնում։ Իսկ մրջյունը այն տաճարն է գնում, որտեղ շաքար են տալիս։
Եթե ինձ հանձնարարեն աստված ստեղծել, ես նրան կօժտեի բնավորության որոշ գծերով և որոշ հատկություններով, որ չունի ներկայիս (աստվածաշնչյան) աստվածը։
Նա մարդուց չէր խնդրի գովասանք ու շողոքորթություն և բավականաչափ մեծահոգի կլիներ ու դրանք ուժով չէր պահանջի։ Նա պետք է իրեն հարգեր ոչ պակաս, քան ամեն մի օրինավոր մարդ։
Նա չէր լինի վաճառական, չարչի։ Նա չպետք է գներ շողոմ գովասանքներ։ Նա վաճառքի չէր հանի երկրային ուրախությունները և հավիտենական երանությունը, այդ ապրանքը չէր վաճառի աղոթքի դիմաց։ Ես նրան կներշնչեի սեփական արժանապատվության զգացում, որ հատուկ է օրինավոր մարդուն։
Նա կգնահատեր միայն այնպիսի սերը իր նկատմամբ, որ ծնվում է ինքնին, ի պատասխան բարության, և կարհամարեր այնպիսի սերը, որ պայմանավորվածությամբ վճարում են բարերարության համար։ Կատարած մեղքի համար անկեղծորեն զղջալը մեղքը կքավեր ընդմիշտ, և հոգու խորքում զղջացող մարդուց ոչ ոք չէր սպասի ու չէր պահանջի բանավոր խնդրանք ներման մասին։
Նրա աստվածաշնչում չէր լինի մահացու մեղք։ Նա իրեն կճանաչեր որպես մեղքի հեղինակ և գյուտարար, իսկ հավասարապես նաև մեղք գործելու ուղիների ու եղանակների հեղինակ և գյուտարար։ Կատարվող մեղքերի համար պատասխանատվության ողջ ծանրությունը նա կդներ նրա վրա, ով մեղավոր է դրանց համար, իրեն կճանաչեր որպես գլխավոր ու միակ մեղավոր։
Նա չէր լինի նախանձ ու մանրախնդիր։ Նույնիսկ մարդիկ արհամարհում են իրենց մեջ այդ հատկանիշը։
Նա չէր լինի պարծենկոտ։
Նա կթաքցներ, որ հիանում է ինքն իրենով։ Նա կհասկանար, որ իր գրաված դիրքում իրեն գովելը վատ բան է։ Նա չէր ունենա քինախնդիր զգացմունքներ․ այդ ժամանակ նա քինախնդիր ճառեր չէր արտասանի։
Չէր լինի ոչ մի դժոխք, չհաշված այն, որի մեջ մենք ապրում ենք օրորոցից մինչև գերեզման։ Չէր լինի ոչ մի դրախտ, համենայն դեպս այն, որ նկարագրված է բոլոր կրոնների աստվածաշնչերում։
Նա իր հավերժության մի փոքր բաժինը կնվիրեր այն բանին, որ մտածեր, թե ինչու է մարդուն դժբախտ ստեղծել, երբ կարող էր նույն ջանքերի գործադրմամբ նրան երջանիկ դարձնել։ Մնացած ժամանակ նա կլրացներ աստղաբաշխության մասին իր տեղեկությունները։
1898։ ― Շատ հարյուրամյակների ընթացքում սատանան գրավում է մարդկության չորս հինգերորդի հոգևոր գլխավորի և ամբողջ մարդկային ցեղի քաղաքական գլխավորի ականավոր դիրքը․ այնպես որ չի կարելի չընդունել նրա առաջնակարգ կազմակերպչական ընդունակությունները։ Նրա կողքին մեր բոլոր քաղաքագետները, Հռոմի պապերը բզեզիկներ են, որոնց պետք է դիտել խոշորացույցով։
Նա չունի վճարովի ոչ մի օգնական։ Նրա հակառակորդները մեկ միլիոն են։
Ոմանք երկրպագում են աստիճաններ, մյուսները՝ հերոսներին, ոմանք՝ ուժը, մյուսները՝ աստծուն, դրա պատճառով նրանք վիճում են միմյանց հետ, բայց բոլորն էլ միահամուռ երկրպագում են փողը։
Աստված չունի կայուն բնավորություն, հաստատուն համոզմունքներ։ Նա պետք է կաթոլիկ լինի կամ երիցական, կամ մեկ ուրիշ բան, միևնույն է թե ինչ, բայց չձգտի հասնել միանգամից ամեն տեղ։
Եկեք սատանայի անունից հայհոյենք, քանի դեռ ժամանակ կա, դրախտում մեզ թույլ չեն տա։
Մարդը ստեղծվել է արարչագործման վերջին օրը, երբ աստված արդեն հոգնել էր։
Երբ կարդում ես Աստվածաշունչը, ավելի շատ զարմանում ես աստծու անտեղյակության, քան թե նրա ամենագիտության վրա։
Եթե մարդուն մարդը ստեղծեր, նա կամաչեր իր աշխատանքի պտուղի համար։
Աստված կատաղի է Հին կտակարանում և հմայիչ է Նորում, սրբազան վեպի դոկտոր Ջեկիլ և պարոն Հայդ։
Ոչ մի բան չի զարմացնում այնպես, ինչպես հրաշքը, գուցե լոկ այն միամտությունը, որով հավատում են դրան։
Միայն մեռածները խոսքի ազատություն ունեն։
Միայն մեռածներին է թույլատրվում ճշմարտությունն ասել։
Ամերիկայում, ինչպես որ ամենուրեք, խոսքի ազատությունը մեռածների համար է։
Չկա մարդուն պատկանող մի իրավունք, որը բռնության արդյունք չլինի։
Չկա և մի իրավունք, որ անխախտ լինի։
Այն միշտ կարելի է ոչնչացնել հերթական բռնության միջոցով, հետևաբար, մարդը չունի և ոչ մի անխախտ իրավունք։
Աստված ներկայացնում է բռնությունը (նա խորամանկ է, անհուսալի, չարակամ)։