Աստված ներկայացնում է բռնությունը (նա խորամանկ է, անհուսալի, չարակամ)։
==Աստվածաշնչյան խրատներ և կրոնական գործելակերպ==
Այն փոփոխությունները, որոնց ենթարկվել են քաղաքակրթությունը և ազգային բնույթը, երբեք չեն կատարվել առանց կրոնի ամենաակտիվ մասնակցության։ Այդպես եղել է մարդկության ամբողջ պատմության ընթացքում և, անտարակույս, այդպես կլինի բոլոր ժամանակներում։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, մինչև որ մարդը, դանդաղ էվոլյուցիայի միջոցով, վերածվի իրոք հիանալի ու վեհ մի բանի, որի համար կպահանջվի էլի միլիարդավոր տարիներ։
Քրիստոնեական աստվածաշունչը, ըստ էության, մի դեղատուն է։ Նրա դեղանյութերի տեսականին մնում է անփոփոխ, փոխվում են միայն դրանք օգտագործելու եղանակները։ Տասնութ դարերի ընթացքում այդ փոփոխությունները հազիվ նկատելի էին։ Եղանակը մնում էր այլաբուժությունը՝ դրա ամենակոպիտ ու դաժան ձևով։ Բութ և տգետ հեքիմը օր ու գիշեր առանց ձեռքերը ծալելու անասելիորեն մեծ բաժիններով իր հիվանդի ստամոքսն էր լցնում ամենազզվելի դեղեր, ինչպիսիք միայն կարելի էր գտնել դեղապահեստում։ Նա հիվանդից արյուն էր թողնում, բանկաներ էր գցում, տալիս էր փսխադեղ և լուծողական, թքահոսություն էր առաջացնում, հիվանդին երբեք հնարավորություն չտալով կազդուրվելու և վերկանգնելու բնական ուժերը։ Այդպիսի հոգևոր հիվանդության վիճակում նրան պահում էր տասնութ դար, և այդ ամբողջ ժամանակամիջոցում հիվանդին բաժին չընկավ և ոչ մի լուսավոր օր։ Ինչ վերաբերում է դեղորայքի պաշարին, այն միշտ հավասարապես բաղկացած էր լինում կործանարար կամ թուլացնող թույներից և բուժիչ, հանգստացնող դեղերից։ Ասենք, հոգևոր հեքիմը, ելնելով երկարամյա փորձից, միշտ դիմում էր միայն առաջիններին և, հետևաբար, իր խնամառուին կարող էր միայն վնաս հասցնել, ինչ էլ նա անում էր։
Ոչ հեռավոր անցյալում, արդեն մեր հարյուրամյակում, բուժման եղանակներում զգալի փոփոխություններ կատարվեցին։ Ճիշտ է, դա տեղի ունեցավ հիմնականում, կամ, ավելի ճիշտ, միայն Անգլիայում և Միացյալ Նահանգներում։ Մյուս երկրներում հիվանդը մեր օրերում կամ առաջվա նման օգտվում է միջնադարյան միջոցներից, կամ էլ լիովին յոլա է գնում առանց բժշկի։
Անգլախոս երկրներում մեր հարյուրամյակում նկատվող փոփոխությունները պայմանավորված էին նրանով, որ հիվանդն ըմբոստացավ բուժման եղանակների դեմ․ համենայն դեպս, հեքիմներն այդ փոփոխությունը չէին նախատեսել։ Հիվանդը որոշեց ինքն իրեն բուժել, և հեքիմը տեսավ, որ հիվանդների թիվը աղետալիորեն պակասում է։ Այդ ժամանակ, առանց աշխատանքի չմնալու համար, հեքիմը որոշեց ձևափոխել իր եղանակը։ Նա այդ անում էր աստիճանաբար, խիստ դժկամությամբ, և միայն այն դեպքում, երբ հանգամանքները նրան հարկադրում էին։ Նախ և առաջ նա դադարեց հիվանդին ամեն օր դժոխք ու հավիտենական նզովք հրամցնել և կարգադրեց դրանք ընդունել միայն օրընդմեջ։ Հետո սկսեց դրանք գործադրել ավելի ու ավելի սակավ։ Իսկ երբ նա սահմանափակվեց կիրակի օրերով և որոշեց, որ դրա վրա կարելի է կանգ առնել, հայտնվեց նմանաբույժը, նրան ստիպեց լիովին հրաժարվել դժոխքից ու հավիտենական նզովքից և դրանց փոխարեն կիրառության մեջ դրեց քրիստոնեական սերը, մխիթարանքը, գթասրտությունն ու կարեկցությունը։ Իսկ դրանք միշտ լիառատությամբ կային եկեղեցու դեղատանը, և դրանց ոսկեփայլ պիտակները հատկապես աչքի էին զարնում զզվելի լուծողականների, փսխադեղերի ու թույների շարքում, որոնց կողքին դրանք շողշողում էին երկար դարակների վրա։ Եվ դեղագործներին չէ, որ պետք է մեղադրել այն բանի համար, որ դրանք չէին կիրառվում․ պարզապես այդպիսին էին բուժման եղանակները։ Հիսուն տարի առաջ ապրած եկեղեցական բժշկի համար նրա բոլոր նախորդները տասնութ դարերի ընթացքում սոսկ հեքիմներ էին եղել․ ժամանակակից եկեղեցական բժշկի համար հիսուն տարի առաջ ապրած նրա նախորդը նույնպիսի հեքիմ է եղել։ Երբևիցե ի՞նչ կդառնա ներկայիս եկեղեցական բժշիկը մի մարդու աչքում, որն ինքն իր համար հոգևոր բժիշկ կինի։ Եթե միայն կանգ չառնի և հորինվածք չհամարվի էվոլյուցիան, որն իրողություն էր դեռ այն ժամանակներում, երբ Երկիրը, Արեգակը և արեգակնային համակարգության բոլոր մոլորակները ասուպային փոշու սոսկ թռչող մշուշ էին, ապա միանգամայն պարզ է, թե ինչպիսի ճակատագիր է պատրաստված արդի եկեղեցական բժշկի համար։
Այն եղանակները, որոնց դիմում են եկեղեցականները, շատ հետաքրքրական են, իսկ դրանց պատմությունը՝ ուշագրավ։ Բոլոր ժամանակներում հռոմեական եկեղեցին ունեցել է իր ստրուկները, գնել և վաճառել է նրանց, հավանություն տվել սրտկավաճառությանը, խրախուսել է այն։ Այն բանից հետո, երբ որոշ քրիստոնյա ժողովուրդներ ազատագրեցին իրենց ստրուկներին, եկեղեցին դեռ երկար ժամանակ շարունակում էր ստրուկներ պահել։ Բայց մի՞թե կարելի է տարակուսել, որ եկեղեցին չէր կարող այլ կերպ վարվել․ չէ որ այդ ամենը նա կատարում էր Տիրոջ կամքին համապատասխան, իսկ ինքը նրա միակ ներկայացուցիչն էր երկրի վրա, նրա Աստվածաշնչի լիազոր ու անսխալական մեկնաբանը։ Գոյություն ուներ սուրբ գիրք, որը կարելի էր մեկնաբանել միայն այսպես, և ոչ այլ կերպ․ եկեղեցին միշտ իրավացի էր․ նա վարվում էր միմիայն այնպես, ինչպես նրան պատվիրում էր Աստվածաշունչը։ Հավատացած լինելով իր իրավացիությանը, եկեղեցին շատ դարերի ընթացքում ոչ մի անգամ իր ձայնը չբարձրացրեց ստրկության դեմ։ Այսօր մենք վերջապես լսում ենք, որ Հռոմի պապը ստրկավաճառությունը մեղք է հայտարարել և նույնիսկ հատուկ արշավախումբ է ուղարկում Աֆրիկա, որպեսզի դադարեցնի նոր ստրուկների որսը։ Այսպես ուրեմն, դավանանքները նույնն են մնացել, փոխվել է միայն գործելակերպը։ Ինչու՞։ Այն պատճառով, որ մարդկությունը որոշել է ուղղումներ կատարել Աստվածաշնչի մեջ։ Եկեղեցին ինքը երբեք այդ բանը չի ձեռնարկում, բայց նա միևնույն ժամանակ երբեք բաց չի թողնում իրադարձությունների պոչում հարմարվելու և ուրիշի ծառայություններն իրեն վերագրելու առիթը։ Նա հենց այդպես է վարվում նաև տվյալ դեպքում։
Քրիստոնյա Անգլիան 250 տարվա ընթացքում պաշտպանում և հավանություն էր տալիս ստրկությանը, իսկ նրա սուրբ հայրերը միայն դիտում էին, ժամանակ առ ժամանակ ակտիվորեն մասնակցելով ստրկավաճառությանը, իսկ ժամանակ առ ժամանակ էլ մի կողմ քաշվելով։ Կարելի է, իհարկե, պնդել, որ այդ գործում Անգլիայի հետապնդած շահերը քրիստոնեական շահեր էին և որ ամբողջ ստրկավաճառությունը զուտ քրիստոնեական բնույթ էր կրում։ Անգլիան ավելի, քան մեկ ուրիշ երկիր, ջանքեր գործադրեց երկար դարերից հետո ստրկավաճառությունը վերածնելու համար, և, վերջ ի վերջո, ստրուկների վաճառքը ասես թե դարձավ քրիստոնեական մենաշնորհ, այլ կերպ ասած, անցավ միայն քրիստոնյա ժողովուրդների ձեռքը։ Անգլիական պառլամենտները պաշտպանում էին ստրկավաճառությունը և հովանավորում էին այն։ Անգլիական երկու թագավորներ ստրուկներ վաճառող ընկերությունների փայատերեր էին։ Անգլիացի առաջին պրոֆեսիոնալ ստրկորս Ջոն Հոկինսը,<ref>XVI դ․ ստրկավաճառությամբ զբաղվող անգլիացի ծովակալ։ ― Ծան․ ռուս․ խմբ․։</ref> որի հիշատակը զարդ էլ մեծարում են, իր երկրորդ արշավանքի ժամանակ այնպիսի ավերածություններ կատարեց, այնպես հաջողությամբ էր նա հարձակվում բնիկների գյուղերի վրա, կրակի մատնելով դրանք, խեղանդամ դարձնելով, ոչնչացնելով, բռնելով ու ստրկության վաճառելով դրանց անմեղ բնակիչներին, որ հիացած թագուհին նրան ասպետի կոչում շնորհեց, այն նույն կոչումը, որով մի ժամանակ պարգևատրում էին առավել արժանավորներին, որոնք սխրանքներ էին կատարել ի փառս քրիստոնեության։ Նորաթուխ ասպետը զուտ անգլիական ուղղամտությամբ և կոպտաբարո պարզամտությամբ իր գերբի վրա նկարել էր ծնկաչոք, շղթայակապ նեգր ստրուկի։ Սըր Ջոնի գործունեությունը իսկական քրիստոնեական գյուտ էր, և քառորդ հազարամյակի ընթացքում այդ արյունալի ու սարսափելի մենաշնորհը մնում էր քրիստոնյաների ձեռքում։ Դրա միջոցով ավերում էին տները, բաժանում ընտանիքները, առանձին֊առանձին ստրկացնելով տղամարդկանց և կանանց, փշրում էին անհամար թվով մարդկային սրտեր, և այդ ամենը միմիայն նրա համար, որպեսզի քրիստոնյա ազգերը կարողանային ծաղկել և ապրել լիության մեջ, կառուցվեին քրիստոնեական եկեղեցիներ, իսկ հեզ ու գթասիրտ Փրկչի քարոզը տարածվեր ամբողջ երկրում։ Թեև առաջ այդ բանը ոչ ոք չէր էլ կասկածում, հիմա պարզ է, որ սըր Ջոնի նավի անունը իր մեջ թաքցնում էր ծածուկ մարգարեություն։ Չէ որ այդ նավը «Հիսուս» էր կոչվում։
Սակայն եկավ այն օրը, երբ ոչ լիարժեք մի անգլիացի քրիստոնյա ըմբոստացավ ստրկության դեմ։ Հետաքրքիր փաստ՝ երբ քրիստոնյան ըմբոստանում է արմատացած չարիքի դեմ, դա համարյա թե միշտ ոչ լիարժեք քրիստոնյա է, որը պատկանում է որևէ երկրորդական, բոլորի կողմից արհամարհված մի աղանդի։ Կատաղի պայքար բորբոքվեց, բայց, վերջ ի վերջո, հարկ եղավ ստրկավաճառությունից հրաժարվել։ Աստվածաշնչի խրատները մնացին, փոխվեց գործելակերպը։
Իսկ այնուհետև կատարվեց սովորական մի բան։ Մեր երկիրն այցելած մի անգլիացի, մեկը նրանցից, ովքեր միշտ տեսնում են ուրիշի աչքի շյուղը, մեր ստրկությունից սարսափած երկինք կարկառեց իր բարեպաշտ ձեռքերը։ Նրա վիշտն աննկարագրելի էր, բառերը լի էին դառնությամբ ու արհամարհանքով։ Ճիշտ է, նա ողբում էր հատկապես մեր ստրուկներին, որոնց թիվը մեկուկես միլիոնից էլ պակաս էր, այն ժամանակ, երբ նրա Անգլիան առաջվա նման իր անդրծովյան տիրույթներում ուներ տասներկու միլիոն ստրուկ, բայց դա չչափավորեց նրա հառաչանքները, չդադարեցրեց նրա արցունքները, չմեղմացրեց անողոք դատապարտումները։ Այն փաստը, որ ամեն անգամ, երբ մեր նախնիները փորձել են ազատվել ստրկությունից, հենց Անգլիան է ամեն տեսակ խոչընդոտներ հարուցել և ձախողել մեր բոլոր ծրագրերը, նրա համար ոչ մի նշանակություն չուներ․ չէ որ այդ ամենը արդեն պատմության սեփականությունն էր դարձել և անգամ հիշատակության արժանի չէր։
Բայց, վերջապես, մենք էլ ուրիշ հավատի անցանք և նույնիսկ սկսեցինք մեր ձայնը բարձրացնել ստրկության դեմ։ Ամենուրեք գտնվեցին փափկասիրտ մարդիկ, երկրի ամեն մի անկյունում ցանկության դեպքում կարելի էր գտնել ստրուկի նկատմամբ աճող խղճահարության թեկուզ մանրագույն նշան։ Ամեն մի անկյունում, բացի եկեղեցուց։ Ճիշտ է, վերջ ի վերջո, չդիմացավ նաև եկեղեցին։ Նա հո միշտ այդպես է վարվել։ Սկզբում կատաղի ու համառ պայքար է մղում, իսկ այնուհետև նույնն է անում, ինչ որ միշտ՝ աշխատում է բռնել իրադարձությունների պոչից։ Ստրկությունը վերացավ։ Այն արդարացնող գիրքը մնաց, փոխվեց միայն գործելակերպը։ Ահա և բոլորը։
Շատ դարեր գոյություն են ունեցել վհուկներ։ Այդպես է, համենայն դեպս, պնդել Աստվածաշունչը։ Եվ հենց Աստվածաշունչն էլ հրամայում էր ոչնչացնել նրանց։ Այդ պատճառով էլ եկեղեցին, որ 800 տարվա ընթացքում իր պարտականությունները կատարում էր ծուլորեն ու դժկամությամբ, իր այդ սրբազան առաքելության իրականացմանը ձեռնամուխ եղավ լրջորեն՝ կախաղանների, խոշտանգման գործիքների ու բոցավառ խարույկների միջոցով։ Ինը դարերի ընթացքում ամենօրյա ջանադիր աշխատանքով եկեղեցին բանտերը նետեց, խոշտանգումների ենթարկեց, կախաղան բարձրացրեց և խարույկների վրա այրեց վհուկների ամբողջ բանակներ, ամբողջ քրիստոնեական աշխարհը մաքուր լվանալով նրանց պիղծ արյամբ։
Բայց անսպասելիորեն հայտնի դարձավ, որ ոչ մի վհուկ չկա ու երբեք էլ չի եղել։ Այստեղ արդեն չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես։ Իսկ ո՞վ հայտնագործեց, որ վհուկներ չկան։ Գուցե եկեղեցականնե՞րը։ Ոչ, նրանք երբեք որևէ հայտնագործություն չեն արել։ Սալեմում <ref>Քաղաք ԱՄՆ֊ում, որտեղ եկեղեցականները հատկապես եռանդագին էին «վհուկների որս» անում։ Ծան․ ռուս․ խմբ․։</ref> մի քահանա սրտառուչ համառությամբ շարունակում էր կառչած մնալ սուրբ գրքից, որը կոչ էր անում ոչնչացնել վհուկներին նույնիսկ այն բանից հետո, երբ ծխականները, որոշելով այս անգամ մոռացության մատնել Աստվածաշունչը, արցունքներն աչքերին զղջում էին այն հանցագործությունների ու դաժանությունների համար, որ նրանց ստիպել էին կատարել։ Քահանան էլի արյուն էր ուզում, էլի մերկացումներ, էլի դաժանություններ, և հենց սրբությամբ չհամակված ծխականները՝ ահա թե ովքեր կանգնեցրին նրա ձեռքը։ Շոտլանդիայում մի քահանա վհուկին սպանել էր արդեն այն բանից հետո, երբ դատարանը նրան անմեղ էր ճանաչել։ Իսկ երբ ավելի կարեկից քաղաքացիական իշխանություններն առաջարկեցին օրենքների ժողովածուից հանել վհուկների դեմ ուղղված զզվելի հոդվածները, եկան տերտերները և խնդրանքներով, արցունքներով ու նզովքներով ճգնում էին նրանց հարկադրել չանել այդ բանը։
Վհուկներ չկան։ Բայց Աստվածաշունչը, որն ընդունում է նրանց գոյությունը, մնում է։ Փոխվել է միայն գործելակերպը։ Ոչ մի դժոխային կրակ չկա, իսկ Աստվածաշունչը շարունակ վախեցնում է դրանով։ Մտացածին բան դուրս եկավ նախածին մեղքը, բայց Աստվածաշունչը շարունակում է պնդել, որ այն կա։ Մահապատիժ նախատեսող ավելի քան երկու հարյուր հոդվածներ անհետացել են օրենքների ժողովածուից, բայց դրանք ծնող Աստվածաշունչը մնում է։
Մի՞թե ուշադրության արժանի չէ այն փաստը, որ Աստվածաշնչի բազում ասույթներից, որոնց դիպել է մարդու ոչնչացնող գրիչը, նա ոչ մի անգամ չի ջնջել ոչ մի բարի ու օգտակար բան։ Իսկ եթե այդպես է, ուրեմն, կարելի է հուսալ, որ լուսավորության հետագա զարգացման դեպքում մարդն, ի վերջո, կկարողանա իր կրոնական գործելակերպին տալ որոշ բարեվայելչություն։
==Հոտերի մասին==
«Ինդեպենդենտի» վերջին համարում բրուկլինցի սուրբ հայր Տոլմեջը հետևյալ ձևով է արտահայտվում հոտերի վերաբերյալ թեմայի շուրջը․
«Ես ունեմ մի բարեկամ, բարի քրիստոնյա․ եթե նա եկեղեցում նստած է առջևի նստարանին, իսկ հետևի դռնից այդ ժամանակ ներս է մտնում մի բանվոր, նա անմիջապես կզգա նրա հոտը։ Իմ բարեկամին կշտամբել, որ նա սուր հոտառություն ունի, ավելի խելացի չէր լինի, քան եթե պոյնտերին ծեծեինք այն բանի համար, որ նրա հոտառությունը ավելի սուր է, քան անխելք բակապահ շան հոտառությունը։ Եթե բոլոր եկեղեցիները դառնային հանրամատչելի, և սովորական մարդիկ լիովին խառնվեին ոչ սովորականներին, քրիստոնեական աշխարհի կեսը մշտապես կտառապեր սրտխառնուքից։ Իսկ եթե դուք մտադիր եք այդ կերպ եկեղեցին սպանել տհաճ հոտերով, ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ ավետարանի ձեր քարոզի հետ»։
Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ բանվոր մարդիկ էլ կլինեն դրախտում․ ու նաև զգալի թվով նեգրեր, էսկիմոսներ, Հրո երկրի բնակիչներ, արաբներ, մի քանի հնդկացիներ, իսկ հնարավոր է, որ անգամ՝ իսպանացիներ և պորտուգալացիներ։ Աստված ամեն բանի ընդունակ է։ Այդ բոլոր մարդիկ դրախտում մեր կողքին կլինեն։ Բայց, ավա՜ղ, ձեռք բերելով նրանց ընկերակցությունը, մենք կկորցնենք դոկտոր Տոլմեջի ընկերակցությունը։ Իսկ դա նշանակում է, որ մենք կորցնում ենք նրան, ով կկարողանար երկնքին տալ ավելի շատ իսկական «աշխարհիկություն», քան որևէ ուրիշ մահկանացու, որին միայն կարող է զոհաբերել Բրուկլինը։ Եվ առհասարակ, ինչ կլինի հավիտենական ուրախությունը առանց դոկտորի։ Այո, իհարկե, երանություն, դա մենք այնպես էլ հիանալի գիտենք, բայց այն կլինի՞, արդյոք, distinque,<rer>Արժեքավոր (ֆր․)։</ref> այն կլինի՞, արդյոք, recherche<ref>Նրբին (ֆր․)։</ref> առանց նրա։ Ս․ Մատթեոսին՝ ոտաբոբիկ, ս․ Երեմիային՝ գլխաբաց, մինչև կրունկները հասնող խալաթ, ս․ Սեբաստիանին՝ համարյա մերկ․ սրանց, իհարկե, մենք կտեսնենք և բավականություն կստանանք այդ տեսարանից, բայց, արդյոք, մենք ֆրակի ու լայքայե ձեռնոցների պակասը չե՞նք զգա և երես չե՞նք թեքի դառն ափսոսանքի զգացումով ու, արդյոք, Արևելքից եկած հյուրերին չե՞նք ասի․ «Այդ բոլորն այդպես է, բայց դուք գոնե աչքի պոչով տեսնեիք բրուկլինցի Տոլմեջին․․․» Վախենում եմ, թե լավագույն աշխարհում մեզ հետ չլինի նաև «բարի քրիստոնյան»՝ պարոն Տոլմեջի բարեկամը։ Եվ իրոք, եթե այնպես պատահեր, որ նա նստած լիներ աստծու գահի փառքով համակված, իսկ բանալեպանն այդ ժամանակներս թողներ, ասենք, Բենջամեն Ֆրանկլինին կամ էլ ինչ֊որ մի աշխատավորի, այդ «բարեկամը» իր փայլուն բնական ընդունակություններով (որոնք անչափ կբազմապատկվեն մարմինը կապանքներից ազատագրվելու շնորհիվ) կզգար նրա համար առաջին իսկ հոտոտումից հետո, անմիջապես կվերցներ իր գլխարկն ու կհեռանար։
Բոլոր արտաքին նշաններով արդարամիտ Տոլմեջը թխված է նույն խմորից, ինչ որ հովվական ծառայության ասպարեզի նրա վաղ նախորդները, և, այնուամենայնիվ, անմիջապես զգացվում է, որ պետք է որոշ տարբերություն լինի նրա և Փրկչի առաջին աշակերտների միջև։ Գուցե բանն այն է, որ ներկայումս՝ տասնիններորդ դարում, դոկոտոր Տոլմեջն ունի առավելություններ, որ Պողոսը, Պետրոսը և մյուսները չեն ունեցել ու չէին կարող ունենալ։ Նրանց պակասել են արտաքին փայլը, լավ շարժուձևը և բացառիկության զգացումը, իսկ դա կամա թե ակամա աչքի է զարնել։ Նրանք ապաքինել են ամենախեղճ աղքատներին և ամեն օր շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց վրայից անտանելի հոտ է եկել։ Եթե այս գրառումների առարկան ընտրված լիներ, առաջինների թվում լիներ տասներկու առաքյալներից մեկը, նա չէր ցանկանա միանալ մնացածներին, որովհետև ի վիճակի չէր լինի տանելու ձկան հոտը, որը կփչեր Գալիլեյան ծովի ափերից եկած մի քանի ընկերներից։ Նա՝ ցած կդներ իր լիազորությունները, դիմելով համարյա այն նույն արտահայտություններին, որ գործածված են վերը բերված քաղվածքում․ «Ուսուցիչ, ― կասեր նա, ― եթե դու մտադիր ես նման եղանակով եկեղեցին սպանել վատ հոտերով, ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ ավետարանի քարոզների հետ»։ Նա աշակերտ է և նախօրոք նախազգուշացնում է իր ուսուցչին, բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ այդ նա անում է տասնիններորդ, այլ ոչ թե առաջին դարում։
Հետաքրքիր է, պարոն Տոլմեջի եկեղեցում կա՞ արդյոք երգչախումբ։ Իսկ եթե կա, պատահո՞ւմ է, որ նա երբևիցե իջնի այն աստիճանի, որ երգի աշխատողների ու արհեստավորների մասին այնպես կոպիտ կերպով հիշեցնող հիմնը․
<poem>
Ո՜վ, դու, հյուսնի որդի։ Ընդունիր
Իմ փոքր, համեստ աշխատանքը։
</poem>
Եվ հետո, հնարավո՞ր է, որ ոչ լրիվ երկու տասնյակ դարերի ընթացքում քրիստոնեական բնավորությունը, անգամ խարույկը, խաչը և կացինը արհամարհած վեհաշուք հերոսությունից, իջներ այն աստիճանի խղճուկ քնքշակեցության, որ խոնարհվեր և նվաղեր անախորժ հոտի առջև։ Մենք չենք կարող դրան հավատալ, հակառակ հարգարժան դոկտորի ու նրա բարեկամների օրինակին։