Changes

Խորհրդածություններ կրոնի մասին

Ավելացվել է 23 163 բայտ, 11:03, 1 Հուլիսի 2016
Մեր քրիստոնեությունը մի ուշագրավ գիծ ունի․ ինչքան էլ այն զզվելի, արյունարբու, դաժան, ագահ ու գիշատիչ լինի հատկապես մեր երկրում, ինչպես նաև մյուս քրիստոնեական երկրներում, թեպետև ավելի մեղմ տեսքով, այնուամենայնիվ, հարյուրապատիկ լավն է սուրբ գրքի քրիստոնեությունից, վերջինիս չլսված հանցագործությամբ, դժոխքի գյուտով հանդերձ։ Մեր ներկայիս քրիստոնեության չափանիշներով, ինչքան էլ զազրելի, երեսպաշտական, մակերեսային ու սնամեջ այն լինի, ոչ աստված, ոչ նրա որդին քրիստոնյաներ չեն և չունեն նույնիսկ այդ բավականին համեստ կոչման իրավունքը տվող հատկություններ։ Մեր կրոնը սարսափելի կրոն է։ Նրա թափած անմեղ արյան ծովերում հեշտ ու հանգիստ կարող էին տեղավորվել աշխարհի բոլոր նավատորմները։
 
 
==Գլուխ երրորդ==
 
::::::::::::::::Ուրբաթ, 22 հունիսի 1906 թվականի
 
 
Արդեն երկու տարի է, ինչ ցարական Ռուսաստանում քրիստոնեությունը ջանադրաբար սպանություններ ու կոտորած է կիրառում, որոնց օգնությամբ տասնինը դար շարունակ ամեն հարյուրամյակում կրկին ու կրկին հաջողությամբ քրիստոնեական աշխարհին համոզել է, որ ինքը միակ ճշմարիտ կրոնն է, խաղաղության ու սիրո միակ իսկական կրոնը։ Արդեն երկու տարի է, ինչ Ռուսաստանի ծայրահեղ քրիստոնեական կառավարությունը պաշտոնապես հրահրում ու կազմակերպում է իր հրեա հպատակների կոտորածն ու ջարդը։ Այդ ջարդերն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ մենք դրանց հանդեպ համարյա անտարբեր ենք դարձել։ Դրանց մասին պատմությունները մեզ ավելի չեն հուզում, քան երկաթուղու այն բաժնետոմսերի գնի անկումը, որոնց մեջ փող չենք ներդրել։ Մենք այնքան ենք ընտելացել այդ սարսափելի նկարագրություններին, որ հիմա, կարդալով դրանց մասին, նույնիսկ չենք էլ ցնցվում։
 
Ահա XX դարի այդ խոնարհ առաքյալների վերջին փորձերից մեկի մանրամասները, առաքյալներ, որոնք այլադավաններին փորձում են համոզել միանալու հեզահամբույր ու բարեգութ հոտին։
 
Սարսափելի մանրամասներ է հաղորդել «Բիրժեվայա գազետայի» թղթակիցը, որը Դումայի դեպուտատ Շչեպկինի հետ Բելոստոկ էր ժամանել շաբաթ օրը և իր թղթակցությունը սուրհանդակի հետ հասցրել էր ուղարկել կիրակի երեկոյան։
 
«Ասել միայն, թե դիակներն այլանդակված էին, ― գրում է թղթակիցը, ― նշանակում է դույզն֊ինչ պատկերացում չտալ սարսափելի իրականության մասին։ Սպանվածների դեմքերն այն աստիճան էին այլանդակված, որ մարդկային ոչ մի բան չէր մնացել։ Կապված ձեռքերով ուսուցիչ Ապշտեյնի մարմինն ընկած էր խոտին։ Նրա դեմքի ու աչքերի մեջ մխրճված էին երեք մատնաչափ մեխեր։ Այդ ձևով սպանելով նրան, ջարդարարները ներխուժել էին տուն ու կոտորել նրա ամբողջ ընտանիքը՝ յոթ հոգու։ Երբ նրա մարմինը տարան հիվանդանոց, նրա վրա հայտնաբերեցին նաև սվինների հարվածների հետքեր։
 
Ապշտեյնի կողքին ընկած էր տասնամյա մի երեխայի դիակ, որի ոտքը կացնով կտրել էին։ Հենց այդտեղ ընկած էին Շլյախտերի տան զոհերը, ուր, վկաների ցուցմունքների համաձայն, ներխուժել էին զինվորները, որոնք տունը թալանելուց հետո սպանել էին Շլյախտերի կնոջը, որդուն և հարևանի աղջկան, իսկ նրան ու նրա երկու աղջիկներին ծանր վերքեր հասցրել։
 
Ինձ հայտնեցին, որ զինվորները ներխուժել են մարդկանցով լեփ֊լեցուն Լապիդոս եղբայրների բնակարանը և հրամայել, որ քրիստոնյաներն անջատվեն հրեաներից։ Դիկար ազգանունով մի քրիստոնյա ուսանող փորձել է բողոքել և տեղնուտեղը սպանվել է։ Հետո բոլոր հրեաներին գնդակահարել են»։
 
Հիվանդանոցներում թղթակիցը վիրավորներից լսել է բազմաթիվ ողբերգական պատմություններ՝ բոլորն էլ համարյա նույն բովանդակությամբ։ Ահա ծանր վիրավոր առևտրական Նևյաժսկու պատմածը․
 
«Ես ապրում եմ արվարձանում։ Տեղեկանալով ջարդի մասին, ուզեցի դաշտերի միջով քաղաք հասնել, բայց ջարդարարները նկատեցին ինձ։ Եղբորս սպանեցին, իմ ձեռքերն ու ոտքերը կոտրեցին, գլուխս ջարդեցին և դանակով խփեցին կողիս։ Ես գիտակցությունս կորցրի, իսկ երբ ուշքի եկա, տեսա գլխավերևումս կանգնած մի զինվորի, որն ասաց․ «Ա՜, դու ողջ ես։ Սվինո՞վ խփեմ քեզ, ինչ է»։ Ես աղաչեցի խնայել ինձ։ Ջարդարարները վերադարձան, բայց ինձ ձեռք չտվեցին, ասելով․ «Միևնույն է, կմեռնի, թող երկար տանջվի»։
 
Թղթակիցը, որը կառավարության մասին շատ խիստ է արտահայտվում, պնդում է, թե ջարդը հրահրված էր և դրանում մեղադրում է ոստիկանապետ Շերեմետևին։ Նա հայտարարում է, որ ջարդին մասնակցել են ոչ միայն ցարական զինվորները, այլև սպաները, և որ հենց ինքը շաբաթ օրն ականատես է եղել, թե ինչպես Վլադիմիրյան գնդի պորուչիկ Միլերը հյուրանոցի լուսամուտից մի հրեա աղջիկ է գնդակահարել։ Այդ ժամանակ կառքով անցնող Գրոդնոյի նահանգապետը հրամայել է հետաքննություն սկսել»։<ref>Ձեռագրում նշված չէ աղբյուրը, թե որտեղից է վերցված այս պատմությունը։ Հավանաբար, խոսքը 1906 թ․ հունիսի 15֊ին Բելոստոկում ցարական ժանդարմների հրահրած հրեական ջարդի մասին է։ Տվենը հանդես է գալիս սևհարյուրականների սանձարձակ կամայականության, հրեական ջարդերի դեմ, որոնց դեմ վճռական պայքար էին մղում Ռուսաստանի հեղափոխական պրոլետարիատն ու բոլշևիկների կուսակցությունը։ Ծան․ ռուս․ խմբ․։</ref>
 
Քահանաներն ու լավատեսները սիրում են քարոզել, որ մարդկությունը շարունակ առաջ է ընթանում դեպի կատարելություն։ Սովորաբար նրանք իրենց կարծիքը վիճակագրությամբ չեն ամրապնդում։ Քահանաների մոտ այդպես է կարգը, լավատեսների մոտ էլ։
 
Շա՞տ է, արդյոք, մարդկությունն առաջ ընթացել դեպի համբերատարությունը այն ժամանակիմիջոցում, որ ընկած է ալբիգոնցիների եղեռնի և ցարական Ռուսաստանի հրեական այս ջարդերի միջև։ Համենայն դեպս նրանց միջև, անկասկած, մի տարբերություն կա։ Ցարական սպանդը հինավուրցին շատ է գերազանցել և՛ գազանությամբ, և՛ նրբին դաժանությամբ։ Հնարավո՞ր է, արդյոք, որևէ առաջընթաց նկատել Բարդումիեղոսյան գիշերի և այս ջարդերի միջև ընկած ժամանակամիջոցում։ Այո, տարբերությունը նույնն է։ 1906 թ․ սևհարյուրակային քրիստոնյաները և նրանց ցարը այնպիսի արյունարբու ու անասնական դաժանությունների են հասել, որ չէին կարող երազել անգամ 335 տարի առաջ ապրած նրանց անտաշ արյունակիցները։
 
Աշխարհի ավետարանը մշտապես աղմկում է իր հաջողությունների մասին, մշտապես ուրախանում այն առաջընթացով, որ կատարել է վերջնական կատարելության տանող ճանապարհին և մշտապես բավականին ջանասիրաբար խուսափում է վիճագրական տվյալներ մեջ բերելուց։ Գևորգ III֊ը թագավորել է վաթսուն տարի, դա այն ժամանակների համար ամենաերկար թագավորումն էր անգլիական պատմության մեջ։ Երբ նրա երջանկահիշատակ հաջորդը՝ Վիկտորիան, հետևում թողեց վաթսունամյա ժամանակասյունը, Անգլիան ու նրա գաղութներն այդ իրադարձությունը տոնեցին մեծ հանդիսավորությամբ ու շքեղությամբ։ Համընդհանուր հիացմունք առաջացնելու նպատակով հրապարակված վիճագրական տվյալների մեջ կային նաև այսպիսիները․ Վիկտորիայի իշխանության վաթսուն տարիներից ամեն մեկում նրա քրիստոնյա զինվորները վարել էին մեկական առանձին և ինքնուրույն պատերազմ։ Այդ ընթացքում անօգնական կռապաշտներին թալանելու շնորհիվ Անգլիայի տիրույթներն այն աստիճան ուռճացան, որ Մեծ Բրիտանիայում թվերը չբավականացրին նշելու համար գողացված հողերի մակերեսները, և ստիպված եղան դրանք մեծ քանակությամբ ներմուծել այլ երկրներից։
 
Մեր օրերում խաղաղասեր ազգեր չեն մնացել, եթե չհաշվենք նրանց, ում սահմանները, ավաղ, դեռևս չի ներխուժել աշխարհի Ավետարանը։ Բոլոր քրիստոնյա երկրները ռազմական ճամբարներ են։ Քրիստոնյա աղքատների բոլոր անցյալ սերունդները մշտապես գտնվել են սովամահության եզրին՝ այն վիթխարածավալ զինանոցների համար հարկեր վճարելու պատճառով, որ քրիստոնեական կառավարություններն ստեղծում էին, որպեսզի իրենց պաշտպանեին միաբանության մյուս անդամներից, միաժամանակ նաև որպեսզի փախցնեին ամեն մի հողակտոր, որ առանց հսկողության էին թողել նրանց վայրենի տերերը։ Բելգիայի թագավոր Լեոպոլդ II֊ը թերևս առավել գործնական քրիստոնյա միապետն էր (չհաշված Ակեքսանդր VI֊ին) բոլոր այն թագադիր անձանցից, որոնց դեռևս հաջողվել է դժոխքից խուսափել, որ Աֆրիկայում մի ամբողջ թագավորություն գողացավ և քրիստոնեական ջանքերի տասնչորս տարվա ընթացքում սպանությունների, տանջանքների, ծանր աշխատանքի, թալանի, բռնության շնորհիվ այնտեղ բնակչության թիվը երեսուն միլիոնից հասցրեց տասնհինգ միլիոնի, բռնագրավելով անգամ անօգնական բնիկի ֆիզիկական ուժը, փոխարենը տալով լոկ փրկություն ու ապաստան դրախտում, որ վերջին պահին նրա համար ապահովում էր քրիստոնյա քահանան։ Մեր սերնդի կյանքի ընթացքում բոլոր քրիստոնյա տերությունները հիմնականում զբաղված էին այն բանով, որ ավելի ու ավելի նոր, ավելի ու ավելի արդյունավետ միջոցներ էին փնտրում քրիստոնյաներին, միաժամանակ նաև մեկ֊երկու հեթանոսների սպանելու համար, և նա, ով ուզում է հնարավորին չափ արագ հարստանալ Քրիստոսի երկրային թագավորությունում, բավական է ստեղծի մի թնդանոթ, որը կրակոցով ավելի շատ քրիստոնյա սպանի, քան դրա ցանկացած նախորդը։
 
Դրանից բացի, այդ նույն սերնդի կյանքի ընթացքում բոլոր քրիստոնյա կառավարություններն առանց հոգնելու ռազմածովային պոկեր էին խաղում իրենց հարևանների հետ։ Այդ խաղում Ֆրանսիան մեկ ռազմանավ է դնում․ Անգլիան տեսնում է այդ նավը և մի նավ ավելի է դնում․խաղի մեջ է մտնում Ռուսաստանը և խաղագումարը բարձրացնում մեկ, իսկ երբեմն էլ երկու ռազմանավով։ Այսինքն առաջ էր այդպես, մինչև որ խաղի մեջ մտավ մի թերուս օտարերկրացի, որը խաղանիշների այդ վեհատես կույտը հանգեցրեց մի ծակ լաստանավի ու հածելու անընդունակ մի հածանավի։ Հիմա մենք էլ ենք այդ խաղին մասնակցում։ Եվ այն դեռ շարունակվում է, շարունակվում, շարունակվում։ Խաղաթղթերը չեն չեն խառնվում, նորից չեն բաժանվում։ Ոչ մի խաղացող մյուսին չի առաջարկում խաղաթղթերը բացել։ Դա պարզապես խաղագումարն անվերջ այնպես բարձրացնելու, բարձրացնելու և բարձրացնելու խաղ է, որ ըստ հավանականության օրենքի արդեն հեռու չէ այն օրը, երբ ցամաքի վրա ոչ մի քրիստոնյա չի մնա։ Բացառությամբ կանանց։ Բոլոր տղամարդիկ կծառայեն ռազմանավերի վրա ու կլողան ծովերով։
 
Այդ տարօրինակ, այդքան վտանգավոր, այդքան ավերիչ և այդքան անիմաստ խաղը կոչվում է պետական իմաստություն, իսկ դա նույնը չէ, ինչ որ պետական հիմարությունը, քանզի այլ կերպ է գրվում։ Ամեն մարդ, բացի պետական գործչից, կկարողանար միջոց գտնել այդ վիթխարի բանակները կրճատելու հասնցնելու խելքին մոտ ու անհրաժեշտ ոստիկանական ուժերի չափի, որպեսզի հետագայում բոլոր քրիստոնյաները կարողանային հանգիստ քնել իրենց անկողիններում և որպեսզի փրկչին, եթե նա ցանկանար երկնքից իջնել ու քայլել ջրի վրայով, չհետապնդեին քրիստոնեական ռազմանավերը, թեկուզև նա օտարերկրացի է։
 
Հաջողվե՞լ է, արդյոք, Աստվածաշնչին մեր մոլորակը անմեղ արյան մեջ խեղդելուց ավելի վատ բան անել։ Իմ կարծիքով, հաջողվել է, բայց դա լոկ իմ անձնական կարծիքն է, և, միգուցե, ես սխալվում եմ։ Դեռևս մի բողոքական տղա կամ մի բողոքական աղջիկ չկա, ում ուղեղը Աստվածաշունչը աղտոտած չլինի։ Ոչ մի բողոքական երեխա մաքուր չի մնա Աստվածաշնչին ծանոթանալուց հետո։ Իսկ այդ ծանոթությանը խոչընդոտել չի կարելի։ Երբեմն ծնողները փորձում են օգնել գործին, երեխաներին թույլ չտալով շփվել այն զազրելի անպարկեշտություններին, որոնցով լի է Աստվածաշունչը, բայց դա միայն գրգռում է երեխայի ցանկությունը՝ ճաշակելու արգելված պտուղը, և նա այն ճաշակում է․ ծածուկ գտնում է ու անհագ ագահությամբ կլանում այն։ Աշխարհի բոլոր բողոքական ընտանիքներում Աստվածաշունչը ամեն օր ու ամեն ժամ կատարում է երեխաների շրջանում արատ և կեղտոտ, արատավոր մտքեր տարածելու իր սև գործը։ Նա այդ կործանարար աշխատանքն անում է ավելի շատ, քան քրիստոնյա աշխարհի բոլոր կեղտոտ գրքերը միասին վերցրած, և ոչ թե պարզապես ավելի, այլ հազարապատիկ ավելի։ Մատաղ սերնդի ուղեղները դժվար չէ զերծ պահել այդ մյուս գրքերից, և նրանք զերծ են դրանցից։ Բայց մահաբեր Աստվածաշնչի դեմ նրանք պաշտպանություն չունեն։
 
Կարելի՞է, արդյոք, կասկածել, որ երեխաներն ու անչափահասները գաղտագողի փնտրում գտնում են արգելված գլուխները և ջանադրաբար ուսումնասիրում դրանք։ Եթե իմ ընթերցողը հիմա այստեղ լիներ, տղամարդ թե կին, տասը տարեկան երեխա, թե իննսունամյա ծերունի, ես կստիպեի, որ ինքը պատասխաներ հարցիս, և պատասխանը միակը կլիներ։ Իր մանկության փորձից ելնելով, նա ստիպված կլիներ խոստովանել, որ Աստվածաշունչը պղծում է բողոքական երեխաների հոգիները․ բոլորի, առանց բացառության։
 
Գտնո՞ւմ եմ, արդյոք, որ քրիստոնեական կրոնը հավերժորեն գոյություն կունենա։ Ես ոչ մի հիմք չունեմ այդպես մտածելու։ Մինչև նրա երևան գալը աշխարհում հազարավոր կրոններ են եղել։ Դրանք բոլորը մեռել են։ Նախքան մեր աստծու հորինվելը, աշխարհում միլիոնավոր աստվածներ են եղել։ Դրանք բոլորը մեռել են և վաղուց ի վեր մոռացվել։ Մեր աստվածն անհամեմատելիորեն ամենավատն է, որ կարող էր ծնել մարդու հիվանդ երևակայությունը․ մի՞թե նա և նրա քրիստոնեությունը կկարողանան անմահություն պահպանել, հակառակ այն անհամար օրինակների վրա հիմնվող հավանականության, որ գտնում ենք անցյալի աստվածաբանական պատմության մեջ։ Ոչ, ես այն կարծիքին եմ, որ քրիստոնեությունն ու նրա աստվածը բացառություն չեն լինի ընդհանուր կանոնից։ Նրանք իրենց հերթին պետք է անհետանան և տեղ բացեն ուրիշ աստվածի ու էլ ավելի հիմար մի կրոնի համար։ Բայց, գուցե, այն, այնուամենայնիվ, ավելի լա՞վը լինի, քան մերը։ Ոչ, դա քիչ հավանական է։ Պատմությունը ցույց է տալիս, որ կրոնների հարցում ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում։ Դա, ասենք, կարևոր չէ․ ինչ էլ լինի, անպատճառ նոր աստված և նոր կրոն ի հայտ կգան։ Նրանք կներկայացվեն հողագնդի բնակչությանը և կընդունվեն միակ փաստարկների ճնշման տակ, որոնց օգնությամբ հաջողվել է որևէ ժողովրդի համոզել ընդունելու քրիստոնեությունը կամ ցանկացած այլ կրոն, եթե միայն այն չի եղել իրենց հայրերի կրոնը։ Սուրբ գիրք, սուր, հուր և կացին՝ ահա այն միակ քարոզիչները, որոնց երբևէ հաջողվել է հաղթանակի հասնել այն ժամանակներից սկսած, երբ աշխարհում ի հայտ են եկել աստվածներն ու կրոնները։ Այն բանից հետո, երբ նոր աստվածն ու նրա կրոնը հաստատվեն սովորական համամասնությամբ (երկրի մեկ հինգերորդական մասը նրանց պաշտոնական հետևորդներն են, չորս հինգերորդականը՝ քարոզիչների հեթանոսական որսադաշտը, ուր քարոզիչները ինքնագոհ ու ապարդյուն ճանկռում են դրա ծայրը), նորահավատները կհավատա՞ն, արդյոք նրանց։ Իհարկե, կհավատան։ Նրանք միշտ հավատացել են այն միլիոնավոր աստվածներին ու կրոններին, որոնցով լցրել են նրանց գլուխը։ Մի այնպիսի անհեթեթ կամ այնպիսի անհավանական բան չկա, որին միջակ մարդը չհավատա։ Չէ որ մեր օրերում էլ միջակ մտավոր մակարդակի տասնյակ հազարավոր ամերիկացիներ կան, որոնք լիովին հավատում են «Գիտությանն ու առողջությանը», չնայած ի վիճակի չեն ոչ մի տող հասկանալու, և որոնք, դրանից բացի, գլուխ են խոնարհում այդ ավետարանը սեփականացրած շահամոլ և տգետ պառավի՝ տիկին Բերի Բեյքեր Էդիի առջև, անսասանորեն հավատալով, որ նա սուրբ ընտանիքի հոգեդուստրն է և շուտով մի կողմ կմղի փրկչին, կզբաղեցնի ներկայումս նրա զբաղեցրած տեղն ու այն կզբաղեցնի մինչև աշխարհի վերջը։
 
Ադմին, Վստահելի
1876
edits