(''Գյորինգ'')
Առաջին համաշխարհային պատերազմի մարտական օդաչու, կայսերական Գերմանիայի հերոս Գյորինգը նացիստական առաջին ելույթից հետո փախավ Շվեդիա։ Այնտեղ սկսեց աշխատել որպես քաղաքացիական ավիացիայի օդաչու և մի անգամ, սարսափելի փոթորիկի ժամանակ իր մեկ մոտորանի սավառնակով հրաշքով վայրէջք կատարեց Ռոկլշտադտ ամրոցում, այդտեղ ծանոթացավ գնդապետ ֆոն Ֆոկի դստեր՝ Կարինա ֆոն Կատցովի հետ, խլեց նրան ամուսնուց, գնաց Գերմանիա, հանդիպեց ֆյուրերին, մասնակցեց 1923 թվականի նոյեմբերի 9-ի նացիոնալ֊սոցիալիստների ցույցին, վիրավորվեց, հրաշքով խուսափեց բանտարկությունից և տարագրվեց Ինսբրուկ, ուր նրան արդեն սպասում էր Կարինան։ Նրանք փող չունեին, բայց հյուրանոցի տերը անվճար կերակրում էր նրանց․ Գյորինգի պես նա ևս նացիոնալսոցիալիստ էր։ Հետո Գյորինգներին Վենետիկ հրավիրեց «Բրիտանիա» հյուրանոցի տերը և այդտեղ նրանք ապրեցին մինչև 1927 թվականը, մինչ այն օրը, երբ Գերմանիայում ամնիստիա հայտարարվեց։ Կես տարուց քիչ կարճ ժամանակում նա, տասնմեկ այլ նացիստների հետ, դարձավ ռայխստագի դեպուտատ։ Հիտլերն իր թեկնածությունը քվեարկության դնել չէր կարող, ավստրիացի էր, Կարինան Շվեդիայում գտնվող իր մորը գրում էր. «Ռայխստագում Գերմանը նստում է գեներալ ֆոն Էննի հետ, Բավարիայից։ Նրանց կողքը նստած են բազմաթիվ քրեական տիպեր կարմիր գվարդիայից՝ Դավիդի աստղերով ու կարմիր աստղերով, ի միջի այլոց, դա միևնույն բանն է։ Թագաժառանգը Գերմանին հեռագիր է ուղարկել. «Միայն դուք ձեր շենք ու շնորհքով կարող եք ներկայացնել գերմանացիներին»։
Պետք էր նախապատրաստվել նոր ընտրություններին, Ֆյուրերի որոշմամբ Գյորինգը թողեց կուսակցական աշխատանքը, մնաց միայն որպես ոայխստագի անգամ։ Այն ժամանակվա նրա խնդիրն էր՝ կապեր հաստատել այս աշխարհի ուժեղների հետ. իշխանությունը գրավելու տրամադիր կուսակցությունը պետք է կապերի լայն շրջանակ ունենա։ Կուսակցության որոշմամբ Բադենշտրասսեի վրա նա մի շքեղ առանձնատուն վարձեց։ Այստեղ նա ընդունում էր արքայազն Հոհենցոլլերնին, արքայազն Կոբուրգին, մագնատների։ Տան հոգին Կարինան էր՝ հմայիչ տիկին, արիստոկրատուհի, նա լավ էր տրամադրում բոլորին, Շվեդիայի բարձրագույն աստիճանավորներից մեկի դուստրն էր, որ դարձել էր «պատերազմի հերոսի», «արտաքսվածի», «մարտիկի», «բոլշևիկյան վանդալիզմի դեմն առնելու անուժ արևմտյան նեխած դեմոկրատիայի օպոզիցիոների» կինը։
Ամեն անգամ ընդունելությունից առաջ, վաղ առավոտյան գալիս էր բեռլինյան նացիստական կազմակերպության պարտայլայտեր<ref>բառացի՝ կուսակցական ղեկավար։</ref> Գեբբելսը։ Նա կապավորն էր կուսակցության և Գյորինգի միջև։ Գեբբելսը նստում էր դաշնամուրի մոտ, իսկ Գյորինգը, Կարինան և Թոմասը՝ առաջին ամուսնությունից վերջինիս որդին, ժողովրդական երգեր էին երգում. նացիստների լիդերի տանը չէին հանդուրժում ամերիկյան կամ ֆրանսիական ջազի սանձազերծ ռիթմերը։
Հենց այստեղ, կուսակցության միջոցներով վարձված առանձնատուն եկան Հիտլերը, Շախտը և Տիսսենը 1931 թվականի հունվարի հինգին։ Հենց այդ շքեղ առանձնատունը լսեց ֆինանսական և արդյունաբերական պարագլուխների դավադիր խոսքերը նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Հիտլերի հետ, որը Գերմանիայի բանվորներին կոչ էր անում «թոթափել կոմինտերնական բոլշևիզմի և նեխած իմպերիալիզմի լուծը և Գերմանիան դարձնել ժողովրդի պետություն»։
Ռէմի խռովությունից հետո, երբ ֆյուրերի նկատմամբ օպոզիցիա կազմեցին շատ վետերաններ, ծայր առան խոսակցությունները.
— Գյորինգը այլևս Գերման չէ, նա պրեզիդենտ է դարձել... Նա չի ընդունում կուսակցության իր ընկերներին, նրա գրասենյակում ստորացուցիչ հերթի են կանգնեցնում նրանց... Նա թաղվել է պերճանքի մեջ...
Սկզբում այդ մասին կիսաձայն խոսում էին միայն կուսակցության շարքային անդամները։ Բայց երբ Գյորինգը 1935 թվականին Բեռլինի տակ կառուցեց Կարինհալե ամրոցը, նրա դեմ Հիտլերին բողոքեցին արդեն ոչ շարքային նացիոնալ-սոցիալիստներ, այլ պարագլուխներ՝ Լեյը ե Զաուկելը։ Գեբբելսը գտնում էր, որ Գյորինգը փչանալ է սկսել դեռևս առանձնատնից։
— Պերճանքն այլասերում է։— ասում էր նա,— Գյորինգին հարկավոր է օգնել, նա չափազանց թանկ է բոլորիս համար։
Հիտլերը գնաց Կարինհալե, դիտեց ամրոցն ու ասաց․
— Գյորինգին հանգիստ թողեք։ Վերջիվերջո մենակ նա գիտե, ինչպես պիտի ներկայանալ դիվանագետներին։ Թող Կարինհալեն լինի օտարերկրյա հյուրերի ընդունելության ռեզիդենցիա։ Թո՛ղ։ Գերմանը արժանի է դրան։ Համարենք թե Կարինհալեն պատկանում է ժողովրդին, իսկ Գյորինգը սոսկ ապրում է այնտեղ...
Գյորինգն այստեղ էր անցկացնում ամբողջ ժամանակը, վերընթեռնելով Ժյուլ-Վեռնին և Կարլ Մեյին՝ այդ երկուսը նրա ամենասիրելի գրողներն էին։ Այստեղ էր նա ձեռնասուն եղջերուներ որսում, իսկ երեկոները երկար ժամեր էր անցկացնում կինոդահլիճում, նա կարող էր իրար վրա հինգ արկածային կինոնկար դիտել։ Սեանսի ժամանակ նա հանգստացնում էր իր հյուրերին.
— Մի հուզվեք,— ասում էր նա,― լավ է վերջանում․․․
Այստեղից՝ Կարինհալեից, արկածային կինոնկարներ դիտելուց հետո էր նա թռչում Մյունխեն՝ ընդունելու Չեմբեռլենի կապիտուլյացիան, Վարշավա՝ նայելու գետտոյի գնդակահարությունները, Ժիտոմիր՝ պլանավորելու սլավոնների բնաջնջումը...
1942 թվականի ապրիլին, Քիլի վրա ամերիկյան ռմբակոծիչների հարձակումից հետո, երբ քաղաքն այրված ու քարուքանդ էր արված, Գյորինգը հայտնեց ֆյուրերին, որ հարձակմանը մասնակցել է թշնամու երեք հարյուր ինքնաթիռ։ Քիլի հաուլայտեր Գրոխհն, մի օրվա ընթացքում սպիտակած ու տանջահար, փաստացիորեն հերքեց Գյորինգին, հարձակմանը մասնակցել են ութհարյուր ռմբակոծիչ, իսկ «Լյուֆտվաֆֆեն» անուժ է գտնվել և ոչինչ չի կարողացել անել քաղաքը փրկելու համար։
Հիտլերը լուռ նայել է Գյորինգին և միայն զզվանքից ծամածռվել է նրա գեմքը։ Հետո ֆյուրերը պայթել է.
— «Թշնամական և ոչ մի ռումբ չի ընկնի Գերմանիայի քաղաքների վրա»,— նյարդայնացած, ցավով ասել է նա, առանց Գյորինգին նայելու։— Ո՞վ է դա ասել ազզին։ Ո՞վ է հավաստիացրել կուսակցությանը։ Գրքերում ես կարդացել եմ մոլի թղթախաղերի մասին, ինձ ծանոթ է բլյոֆ հասկացությունը։ Գերմանիան թղթախաղի սեղանի կանաչ մաուդ չէ, որի վրա կարելի է խաղալ։ Գյորինգ, դուք թաղվել եք լիության և պերճանքի մեջ։ Պատերազմի այս օրերին դուք ապրում եք իբրև կայսր կամ հրեական պլուտոկրատ։ Դուք նետ֊աղեղով եղջերուներ եք սպանում, իսկ իմ ազգը սպանում են թշնամու ինքնաթիռները։ Առաջնորդի կոչումը ազդի մեծությունն է։ Առաջնորդին վիճակված է համեստության։ Առաջնորդի մասնագիտությունը խոստումների ճշգրիտ համապատասխանեցումն է դրանց կատարմանը։
Ռայխսմարշալին կցված բժիշկների եզրակացությունից հայտնի դարձավ, որ Գյորինգը լսեց Հիտլերի այդ խոսքերը, տուն վերադպրձավ և պառկեց ջերմությամբ ու նյարդային ուժեղ ցնցումով։
Այսպիսով, 1942 թվականին առաջին անգամ «N 2 նացին», Հիտլերի պաշտոնական փոխանորդը նման ստորացուցիչ քննադատության ենթարկվեց, այն էլ ֆյուրերի ապարատի ներկայությամբ։ Այդ դեպքն անհապաղ տեղ գտավ Հիմմլերի դոսյեում և հաջորդ օրը, առանց Հիտլերի թույլտվությունը հարցնելու, ՍՍ֊ի ռայխսֆյուրերը ցուցում տվեց սկսել «ֆյուրերի մերձավորագույն զինակցի» հեռախոսային բոլոր խոսակցությունների ունկնդրումը։
Ի միջի այլոց, Հիմմլերն առաջին անգամ ռայխսմարշալի խոսակցությունները մեկ շաբաթ շարունակ ունկնդրել էր դեռևս նրա եղբայր, Շկոդայի գործարանների էքսպորտի պետ Ալբերտի հետ կապված սկանդալից հետո։ Խեղճերի պաշտպանի համբավ հանած Ալբերտը եղբոր պաշտոնաթղթի վրա նամակ էր գրել Մաութհաուզեն ճամբարի պարետին. «Անմիջապես ազատեք պրոֆեսոր Կիշին, նրա դեմ լուրջ հանցանշաններ չկան»: Եվ ստորագրել էր՝ «Գյորինգ»։ Առանց սկզբնատառերի։ Համակենտրոնացման ճամբարի վախեցած պարետն արձակել էր միանգամից երկու Կիշի, նրանցից մեկը պրոֆեսորն էր, մյուսը՝ ընդհատակյա գործիչ։ Գյորինգը մեծ ջանքեր թափեց եղբորը փրկելու համար, նրան հարվածի տակից փախցրեց, այդ ամենը ֆյուրերին որպես զվարճալի անեկդոտ պատմելով։
Այնուհանդերձ, Հիտլերն առաջվա պես կրկնում էր Բորմանին․
— Ուրիշ ոչ ոք չի կարող իմ փոխանորդը լինել, Գյորինգից բացի։ Նախ, նա երբեք ինքնուրույն քաղաքականության մեջ քիթը չի խոթել, երկրորդ, հանրաճանաչ է ժողովրդի մեջ և երրորդ, թշնամական մամուլում նա ծաղրանկարների գլխավոր առարկան է։
Սա Հիտլերի կարծիքն էր մի մարդու մասին, որը տանում էր իշխանությունը գրավելու գործնական ամբողջ աշխատանքը, մի մարդու մասին, որն ամենայն անկեղծությամբ ասել էր ոչ թե ինչ֊որ մեկին, այլ կնոջը և ոչ թե դիկտոֆոնների համար (այն ժամանակ նա չէր հավատում, որ երբևէ իրեն ականջ կդնեն «պայքարի եղբայրները»), այլ գիշերը, անկողնում.
— Ես չեմ ապրում, բայց ֆյուրերն ապրում է իմ մեջ․․․
== 15.2.1945 (Ժամը 22-ն անց 32 րոպե) ==