― Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա, դու ոչ մեկի ստրուկը չես լինի։ Վերցրու ընտանիքդ ու գնա։ Քո տեր եպիսկոպոսը կգրավի չնչին ինչքդ, բայդ դու դրա համար մի ափսոսա։ Քլարենսը կվարձատրի քեզ։
==Գլուխ XIV==
«Պաշտպանվիր, լորդ»
Նախաճաշիս համար երեք պենս վճարեցի։ Դա արտակարգ առատաձեռն վարձատրություն էր, քանի որ այդպիսի գումարով կարելի էր տասներկու մարդ կերակրել։ Բայց ես բավականին լավ էի զգում ու հիանալի հանգստացել էի և բացի այդ, վաղուց ի վեր դրամ շռայլելու հակում ունեի։ Ավելացնենք նաև այն, որ այս մարդիկ պատրաստ էին առանց վարձատրության բաժանելու ինձ հետ իրենց աղքատիկ պաշարները, և ինձ մեծագույն հաճույք էր պատճառում արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը և գնահատանքը այդպիսի առատաձեռն դրամական պարգևով։ Մանավանդ, որ այդ փողերը նրանց մոտ կարող էին ավելի օգուտ բերել, քան իմ սաղավարտի մեջ ընկած, քանզի պետք է հիշել, որ դրամը այն ժամանակ կտրվում էր էր երկաթից և սահմանափակված չէր ծանրությամբ, ուստի հետս վերցրած կես դոլարի մանրուքը բավականին ծանր բեռ էր։ Պիտի խոստովանեմ, որ այդ օրերին ես առհասարակ շատ շռայլ էի, բայց դա մասամբ բացատրվում է այն հանգամանքով, որ ես, թեպետ արդեն երկար ժամանակ էր, ինչ ապրում էի Բրիտանիայում, դեռ չէի կարողացել ընտելանալ իրերի համադրությանը, և ինձ հաշիվ չէի տալիս, թե Արթուրի երկրում պենսը և Կոնեկտիկուտի մի զույգ դոլարը գնողունակությամբ համազոր էին, ինչպես ասում են, երկվորյակներ։ Եթե իմ մեկնումը Քամելոտից մի քանի օր ուշանար, ես կկարողանայի այս մարդկանց վճարել գեղեցիկ, փոքրիկ ստակներ, որոնք մենք էինք կտրում, և դա ինձ համար շատ ավելի հաճելի կլիներ, ինչպես և նրանց համար։ Որպես հիմք ես ընդունել էի բացառապես ամերիկյան դրամային սիստեմը։ Մեկ֊երկու շաբաթից ցենտը, տասցենտանոցը, քառորդ դոլարը, կես դոլարը, ինչպես նաև ոսկի ստակը բարակ, բայց հաստատուն հոսանքով կլցվեն թագավորության բոլոր առևտրական երակների մեջ, և ես արդեն կանխավ պատկերացնում էի, թե այդ նոր արյունը ինչպես է թարմացնելու նրա կյանքը։
Ֆերմերները ամեն գնով ուզում էին վարձահատույց լինել իմ առատաձեռնության դիմաց․ ես թույլ տվեցի, որպեսզի նրանք ինձ մի կայծքար ու հրահան նվիրեն և, երբ նրանք ինձ ու Սենդիին հարմարավետ ամբարձեցին ձիու վրա, ես վառեցի ծխամորճս։ Հազիվ էր ծխի առաջին քուլան դուրս թափանցել երեսկալի ցանցի միջով, երբ բոլոր այդ մարդիկ անտառ փախան, իսկ Սենդին սահեց ձիու գավակից ու թրմփաց գետնին։ Նրանք կարծեցին, թե ես այն կրակ շնչող վիշապներից մեկն եմ, որոնց մասին այդքան շատ էին լսել ասպետներից և ուրիշ պրոֆեսիոնալ ստախոսներից։ Մեծագույն դժվարությամբ ինձ հաջողվեց համոզել այդ մարդկանց մոտ գալ այնքան, որպեսզի կարողանայի բացատրել եղելությունը։ Ապա ասացի, որ դա մի փոքրիկ կախարդություն է և իմ թշնամիներից բացի, ոչ մեկին վնաս չի հասցնում։ Հետո ձեռքս սրտիս դրած խոստացա, որ նրանք, ովքեր իմ նկատմամբ թշնամություն չունեն, թող մոտ գան ինձ ու կտեսնեն, որ նրանք, ովքեր կհրաժարվեն մոտենալ, տեղն ու տեղը կմեռնեն։ Տեսնել էր պետք, թե ինչպես պոկ եկան տեղից ու վազեցին դեպի ինձ։ Դժբախտ դեպքեր չեղան, որովհետև ոչ ոք այնքան հետաքրքրասիրություն չունեցավ, որպեսզի մնար տեղում և տեսներ, թե ինչ էր պատահելու։
Բավականին ժամանակ կորցրեցի այդտեղ, քանի որ այդ մեծահասակ երեխաները, երբ վախն անցավ, այնպիսի հիացմունք դրսևորեցին կրակ և ծուխ շնչելու իմ ունակության նկատմամբ, որ ստիպված էի ևս երկու ծխամորճ ծխել օձիքս ազատելու համար։ Ասենք, հապաղումը անօգուտ չանցավ․ Սենդին հասցրեց որոշ չափով ընտելանալ ծխամորճին, իսկ դա համատեղ ճանապարհորդության համար անհրաժեշտ էր։ Բացի այդ, նա ժամանակավոր դադար տվեց իր հողմաղացի աշխատանքին, և դա էլ արդեն շատ մեծ շահ էր։ Բայց ամենից կարևորն այն էր, որ այժմ ես որոշ բան էի սովորել և պատրաստ էի դիմագրավելու բոլոր տեսակ հսկաներին ու մարդակեր հրեշներին։
Մենք գիշերեցինք մի սուրբ ճգնավորի մոտ, իսկ հաջորդ կեսօրին առիթ ունեցա օգտվելու իմ փորձառությունից։ Մենք գնում էինք մի ընդարձակ բացատով, և ես այնպես էի սուզվել մտքերիս մեջ, որ ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէի լսում, երբ հանկարծ Սենդին ընդմիջեց դեռ առավոտյան սկսած իր մի պատմությունը և ճչաց․
― Պաշտպանվի՛ր լորդ․ կյանքիդ վտանգ է սպառնում։
Նա ցած սահեց ձիու գավակից, մի կողմ նետվեց ու կանգնեց։ Հայացքս վեր բարձրացրի և հեռվում, մի ծառի ստվերում տեսա կես տասնյակ ասպետների, իրենց զինակիրների հետ։ Նրանք փութով իրար անցան, սկսեցին արագ թամբերը ամրացնել՝ ձիերի վրա թռչելու համար։ Ծխամորճս պատրաստ էր և վաղուց վառած կլինեի, եթե սուզված չլինեի մտքերիս մեջ, թե ինչպես, առանց որևէ մեկին նեղացնելու, ազատեի այս երկիրը հարստահարությունից, և մարդկանց վերադարձնեի նրանց բոլոր կողոպտված իրավունքները։ Ես անմիջապես վառեցի ծխամորճս և, բերանիս մեջ ծուխ կուտակելով, սպասեցի հարձակման։ Նրանք նետվեցին դեպի ինձ բոլորը միասին, բնավ էլ ոչ ասպետական ձևով․ իզուր են նրանց մասին գրքերում գրում, թե սովորաբար հարձակվում է մի բարեկիրթ անզգամ, իսկ մյուսները իբր մի կողմ են քաշվում և հետևում, որ մարտը բոլոր կանոններով ընթանա։ Ոչ, նրանք սլանում էին մի մարմին դարձած, սլանում էին հողմի նման, սլանում ինչպես հրանոթի արկը, սլանում ծածանվող փետուրներով գլուխները կռացրած և նիզակները առաջ մեկնած։ Դա սքանչելի տեսարան էր, եթե, իհարկե, նայելու լինեիր ծառի կատարից։ Ես հանգիստ էի ձգել նիզակը և տրոփող սրտով սպասում էի, թե երբ է այդ երկաթյա ալիքը կիպ մոտենալու, ապա սպիտակ ծխի մի քուլա թողեցի երեսակալիս ցանցի արանքներից դուրս։ Տեսնել էր պետք, թե ինչպես ալիքը ջարդուփշուր եղավ և ցրվեց։ Սա առավել գեղեցիկ տեսարան էր։
Բայց այդ մարդիկ չփախան, կանգ առան մի երկու֊երեք հարյուր յարդի վրա, և դա ինձ անհանգստացրեց։ Ինքնագոհությունս չքվեց և վախը սողոսկեց սիրտս․ վճռեցի, որ կորած մարդ եմ։ Սենդին, սակայն, ցնծում էր։ Նա այն է, ուզում էր գործի դնել իր պերճախոսությունը, բայց ես ընդմիջեցի և ասացի, որ իմ կախարդությունը չգիտեմ ինչու չի հաջողվել և, որ նա պետք է աճապարի ձի նստել, քանի որ ծլկել է անհրաժեշտ։ Ոչ, նա փախչել չէր ուզում։ Նա վստահեցնում էր, որ իմ կախարդությունը ուժասպառ էր արել այդ ասպետներին, և նրանք չեն մեկնում միայն այն պատճառով, որ չեն կարողանում, եթե մի փոքր սպասենք, նրանք ուր որ է ցած կթափվեն թամբերից և մենք կարող ենք վերցնել նրանց ձիերն ու զրահները։ Ես չէի կարող թույլ տալ, որպեսզի նա իր պարզամիտ դյուրահավատությամբ պատրանքներ կառուցեր և ասացի, որ նա սխալվում է, որ իմ շնչած կրակը սպանում է միայն անմիջապես, իսկ եթե այդ մարդիկ դեռ կենդանի են, ուրեմն ինչ֊որ բան է փչացել իմ մեքենայի մեջ և ինքս չգիտեմ, թե հատկապես ինչ․ մեզ մնում է շտապել ու հեռանալ, որովհետև այդ մարդիկ մի րոպեից նորից կհարձակվեն։ Սենդին ծիծաղեց ու պատասխանեց․
― Ավա՜ղ, սըր, դրանք այն պտուղը չեն, եթե սըր Լանսելոտը լիներ, ուրիշ բան, նա կմարտնչեր վիշապների դեմ, կհարձակվեր, կգրոհեր, նորից կհարձակվեր, նորից կգրոհեր, մինչև որ հաղթեր ու ոչնչացներ նրանց և, այդպես կանեին գուցե նաև սըր Պելինորը, սըր Էգլովեյլը, սըր Քարադոսը և էլի մի քանիսը, բայց մյուսները երբեք սիրտ չեն անի, որքան էլ որ գլուխ գովեն, մի՞թե կարծում ես, հոխորտացող ստահակների համար քիչ է իրենց ստացածը և դեռ էլի կուզենային ստանալ։
― Է՛, այդ դեպքում ինչի՞ են սպասում։ Ինչո՞ւ չեն մեկնում։ Ոչ ոք նրանց չի արգելում։ Արևս վկա, ես բնավ էլ նրանց հետ հաշիվ մաքրելու միտք չունեմ։
― Դու ուզում ես նրանց ազա՞տ արձակել։ Է, ոչ, այդքան հեշտ չեն պրծնի, և նրանք այդ մասին նույնիսկ երազել չեն համարձակվում և ուզում են քեզ հնազանդվել։
― Իսկապե՞ս։ Ա՞յդ է իրողությունը։ Էլ ինչո՞ւ են ուրեմն հապաղում։
― Դա նրանց շատ նման է և եթե իմանայիր, թե այստեղ որքան հարգի են վիշապները, ապա նրանց չէիր մեղադրի։ Պարզապես վախենում են մոտ գալ։
― Է, այդ դեպքում գուցե ես մոտենամ և․․․
― Օ ոչ, եթե դու տեղիցդ շարժվես, նրանց սիրտը կպայթի։ Ես ինքս կգնամ։
Եվ նա գնաց։ Նրա հետ ճանապարհ գնալը շատ ձեռնտու էր։ Ինքս էլ թերևս վախենայի նման հանձնարարություն կատարել։ Քիչ անց տեսա, թե ինչպես ասպետները շրջեցին ձիերի գլուխները ու մեկնեցին, իսկ Սենդին վերադարձավ։ Ես թեթևացած շունչ քաշեցի։ Մտքումս որոշեցի, որ նա ձախողվել է առաջին իսկ բառից, այլապես բանակցությունները այդքան կարճ չէին տևի։ Բայց պարզվեց, որ նա այդ գործը միանգամայն լավ է գլուխ բերել, պարզապես հիանալի։ Նա պատմեց, որ երբ ինքը հայտնել է ասպետներին, թե ես Տնօրենն եմ, նրանք տեղն ու տեղը քար են կտրել, Սենդիի խոսքերով ասած․ «վախից պապանձվել» և ապա համաձայնվել կատարելու այն ամենը, ինչ կկամենար։ Այդ ժամանակ Սենդին ստիպել է նրանց երդվել, որ երկու օրից կներկայանան Արթուր թագավորի արքունիքը, գերի կհանձնվեն իրենց ձիերով ու զրահներով հանդերձ և այսուհետև ինձ հլու հնազանդ կլինեն ու իմ հրամանին ենթակա։ Օ՜, հրաշալի աղջիկ։ Որքան ավելի լավ էր կատարել նա այդ ամենը, քան ինքս կանեի։
==Գլուխ XV==
Սենդիի պատմածը
― Եվ այսպես, ես մի քանի ասպետների սեփականատեր եմ, ― ասացի ես, երբ մենք ճանապարհ ընկանք։ ― Ով կարող էր մտածել, թե նման բարիք պիտի կուտակեմ։ Ի՞նչ անեմ դրանց, չգիտեմ։ Գուցե վիճակահանության մեջ մսխեմ։ Ասում ես քանի՞սն էին, Սենդի։
― Յոթը, սըր, և նրանց զինակիրները։
― Վատ որս չէ։ Ովքե՞ր են դրանք։ Որտեղի՞ց լույս ընկան։
― Որտեղի՞ց լույս ընկան։
― Հա էլի, որտե՞ղ են նրանք ապրում։
― Ա՜, ես քեզ չհասկացա, և հիմա կպատասխանեմ։
Եվ մտքերի մեջ թաղված նա քնքուշ ու արտահայտիչ արտաբերեց․
― Լույս ընկան․․․ լույս ընկան․․․ որտեղի՞ց լույս ընկան․․․ որտեղի՞ց լույս ընկան։ Այո, այո, որտեղի՞ց լույս ընկան։ Օ՜, ինչ նրբին արտահայտություն, բառերի ինչպիսի՜ քնքուշ զուգորդություն։ Որտեղի՞ց լույս ընկան․․․ Այս բառերը այնքան պիտի կրկնեմ, մինչև որ բերանացի սովորեմ։ Որտեղի՞ց լույս ընկան։ Իսկապես որ։ Այժմ այս բառերը անընդհատ պտտվում են լեզվիս վրա, և երբ․․․
― Բայց կաց, Սենդի, կովբոյների մասին չմոռանաս։
― Կովբոյների՞։
― Հա էլի, ասպետների։ Դու ուզում էիր ինձ նրանց մասին պատմել։ Մի քիչ առաջ, հիշո՞ւմ ես։ Պատկերավոր ասած, խաղն սկսված է․․․
Խա՞ղը․․․
― Այո, այո, խաղը։ Հերթը քոնն է, հասցրու գնդակին։ Այսինքն ուզում եմ ասել, պատմությանդ տոպրակը բաց արա, էլ շատ դես ու դեն մի ընկնի։ Պատմիր այդ ասպետների մասին։
― Կպատմեմ։ Հիմա կսկսեմ։ Եվ այդպես նրանք երկուսով ճանապարհ ընկան և մի մեծ անտառ մտան, և․․․
― Աստված իմ․․․
Կարծում եք, թե ես չհասկացա՞ իմ սխալը։ Անմիջապես հասկացա։ Ես գործի էի դրել նրա պերճախոսության հողմաղացը, և այժմ մի կլոր ամիս աղուն կաղար, մինչև որ հասներ փաստերին։ Նա սովորաբար սկսում էր առանց նախաբանի և ավարտում առանց հետևությունների։ Եթե ընդհատես նրան, կամ ընդմիջես, որևէ բանի տեղ չի դնի ու կշարունակի իր պատմությունը, կամ էլ կպատասխանի մի երկու խոսքով, ետ կդառնա, ամբողջ նախադասությունը նորից կկրկնի։ Այնպես որ նրան ընդմիջելը նշանակում էր ավելի փչացնել գործը։ Այնուամենայնիվ, ես ստիպված էի նրան ընդմիջել ու բավականին հաճախ էի ընդմիջում հանուն սեփական կյանքիս փրկության, քանի որ օրն ի բուն նրա միապաղաղ քչքչոցը կարող էր մարդ սպանել։
― Աստված իմ, ասացի ես հուսաբեկ։ Նա անմիջապես ետ վերադարձավ և կրկնեց․
― Եվ այդպես նրանք երկուսով ճանապարհ ընկան և մի մեծ անտառ մտան, և․․․
― Ի՞նչ երկուս։
― Սըր Գոունենը և սըր Ուենը։ Եվ այդպես նրանք վանականների մենաստան հասան, որտեղ լավ ընդունելություն գտան, և առավոտյան մենաստանում ժամերգությունը լսելուց հետո, նրանք նորից ճանապարհ ընկան և մի մեծ անտառ մտան, և հանկարծ հովտում, աշտարակի մոտ սըր Գոուենը տեսավ տասներկու գեղեցիկ օրիորդներ և երկու զինված ասպետներ՝ վիթխարի ձիերի վրա, և օրիորդները ետ ու առաջ էին քայլում մի ծառի տակ, և հետո սըր Գոուենը ծառի վրա մի սպիտակ վահան նշմարեց և տեսավ, թե ինչպես ամեն անգամ անցնելիս, օրիորդները թքում էին վահանի վրա, իսկ ոմանք էլ ցեխ էին շպրտում․․․
― Լսիր, եթե այս երկրում նման արարքներ տեսած չլինեի, Սենդի, քեզ երբեք չէի հավատա։ Բայց տեսել եմ ու հիմա էլ կենդանի պատկերացնում եմ, թե ինչպես են այդ էակները տողանցում վահանի առջևով և թքում նրա վրա։ Այստեղի կանայք իրենց այնպես են պահում, կարծես դիվահարներ լինեն։ Ես նկատի ունեմ նույնիսկ ամենաբարձր հասարակության լավագույն կանանց։ Տասը հազար մղոն երկարության հեռախոսային լարը սպասարկող ամենասովորական հեռախոսավարաուհին կարող է քաղաքավարության, համբերության, համեստության և շարժուձևի դաս տալ Արթուրի երկրի ամենաբարձրաշխարհիկ հեցոգուհուն։
― Հեռախոսավարուհի՞ն․․․
― Այո, բայց մի խնդրիր, որ բացատրեմ, դա մի նոր տեսակի աղջիկ է, դրանցից այստեղ չկան։ Երբեմն մարդ կոպիտ է խոսում նրա հետ, թեպետ նա բոլորովին էլ մեղք չի ունենում, իսկ հետո ամաչում է և զղջում իր արարքի համար տասներեք հարյուր տարի շարունակ, քանի որ առհասարակ կոպտելը ստոր բան է, մանավանդ երբ կոպտելու համար որևէ առիթ չի եղել։ Ոչ մի իսկական ջենտլմեն չի կոպտի հեռախոսավարուհուն․․․ թեպետ ես․․․ ասենք ես ինքս, խոստովանում եմ․․․
― Թերևս նա․․․
― Լավ, հանգիստ ձգիր նրան, աստված նրա հետ, միևնույն է, դու նրանից ոչինչ չես հասկանա, որքան էլ որ բացատրեմ։
― Թող լինի, ինչպես ուզում ես։ Ապա սըր Գոուենը և սըր Ուենը մոտեցան նրանց, ողջունեցին և հարցրին, թե ինչու են այդպես անպատվում սույն վահանը։ «Միլորդներ, ― ասացին օրիորդները, ― մենք կպատասխանենք ձեզ։ Այս սպիտակ վահանը պատկանում է մեր երկրում ապրող մի ասպետի, նա խիզախ ասպետ է, սակայն ատում է մեր երկրում ապրող բոլոր տիկիններին ու երևելի կանանց, և դրա համար էլ մենք անպատվում ենք նրա վահանը»։ «Ահա թե ինչ կասեմ ձեզ, ― ասաց սըր Գոուենը, ― խիզախ ասպետին վայել չէ ատել բոլոր տիկիններին և երևելի կանանց, և եթե նա այնպես խիզախ է, ինչպես դուք հաստատում եք․․․»։
― Խիզախ․․․ Այո, կանայք միայն խիզախությունն են գնահատում, Սենդի։ Ուղեղի տեր մարդը ոչինչ է։ Թոմ Սեյերս, Ջոն Հինեն, Ջոն Լ․ Սելլիվան,<ref>Առաջինը՝ անգլիական, վերջին երկուսը ամերիկյան բռնցքամարտիկներ են։</ref> ափսոս, որ այստեղ չեք։ Քսանչորս ժամը չլրացած դուք իրավունք նվաճած կլինեիք ձեր ոտքերը Կլոր Սեղանի տակ մեկնելու և անվանը «սըր» կցելու, իսկ ևս մի քսանչորս ժամ հետո նորից խառնած ու դասավորած կլինեիք արքունիքի բոլոր ամուսնացայլ արքայադուստրերին ու հերցոգուհիներին։ Այստեղի արքունիքը հիշեցնում է կոմանչների արքունիքը, որտեղ յուրաքանչյուր հնդկուհին պատրաստ է ամուսնուն տեղն ու տեղը փոխելու ցանկացածդ մարմնեղ տղամարդու հետ, միայն թե նրա գոտու մեջ շատ գանգամաշկեր լինեն խրված։
― ․․․«Եթե նա այնպես խիզախ է, ինչպես դուք հաստատում եք, ― ասաց սըր Գոուենը, ― հայտնեցեք ինձ նրա անունը»։ «Սըր, ― պատասխանեցին նրանք, ― նրա անունը Մարհաուզ է, Իռլանդիայի թագավորական որդին»։
― Այսինքն ուզում ես ասել Իռլանդիայի թագավորի որդին, թե չէ քո ասածը առհասարակ ոչինչ չի նշանակում։ Իսկ հիմա ամուր բռնիր, մենք ցատկելու ենք այդ փոսի վրայով․․ Կեցցե՛ս։ Այս ձին լավ կսազեր կրկեսում։ Նա իր ժամանակից շուտ է ծնվել։
― «Այդ ասպետին ես լավ եմ ճանաչում, ― ասաց սըր Ուենը։ ― Նա ներկայումս յուր կենաց գոյությունը պահպանող ոչ մի ուրիշ ասպետից վատ չէ»։
― «Յուր կենաց գոյությունը»։ Եթե աշխարհում ոորևէ թերություն ունես, Սենդի, ապա դա այն է, որ ոճդ փոքր֊ինչ հնօրյա է։
― «Ես տեսել եմ, թե ինչպես էր նա մրցախաղում մարտնչում շատ ասպետների հետ, և ոչ մեկը չկարողացավ հաղթել նրան»։ «Ա՛հ օրիորդներ, ― ասաց սըր Գոուենը, ― կարծում եմ, որ դուք անզգույշ եք վարվում, քանզի նա, ով կախ է տվել այստեղ իր վահանը, շուտով կվերադառնա, և դուք այն ժամանակ կտեսնեք, որ այդ երկու ասպետները չեն կարողանա դիմակայել նրան, և դուք կհասկանաք, որ այս վահանը ավելի արժանի է մեծարման, քան անպատվության։ Ես որ չեմ ուզում այլևս այստեղ մնալ և տեսնել ասպետական վահանի անպատվումը»։ Սըր Ուենը և սըր Գոուենը մի փոքր հեռացան և հանկարծ տեսան սըր Մարհաուզին, որը ուղիղ իրենց կողմն էր քշում վիթխարի ձին, և սըր Մարհաուզին նկատելով, տասներկու օրիորդները խենթացած փախան դեպի աշտարակը և այնպես էին շտապում, որ մի քանիսը վար ընկան, և այդ ժամանակ աշտարակի ասպետներից մեկը բարձրացրեց իր վահանը և հոխորտաց․ «Սըր Մարհաուզ, պատշպանվիր», և նրանք կատաղի իրար վրա սլացան, և ասպետը սըր Մարհաուզի վրա կոտրեց իր նիզակը, իսկ սըր Մարհաուզը այնպես ուժգին հարվածեց նրան, որ նա գետին գլորվելով կոտրեց վիզը և ձիու մեջքը․․․
― Ի՞նչ անիմաստ սովորություն։ Ուղղակի դժբախտություն է, թե քանի ձի է իզուր տեղը ոչնչանում։
― ․․․Այդ նկատեց աշտարակի մյուս ասպետը և նետվեց Մարհաուզի վրա և նրանք իրար դեմ սլացան այնպես կատաղի, որ աշտարակի ասպետը շուտով ցած շպրտվեց ձիու հետ, և երկուսն էլ տեղն ու տեղը մեռան․․․
― Մի ձի էլ ոչնչացավ։ Ասում եմ չէ՞, որ այդ սովորությանը վերջ պետք է տալ։ Չեմ հասկանում, թե խելոք մարդիկ ինչպես կարող են ծափահարել ու խրախուսել դա։
― ․․․Եվ ահա այդ երկու ասպետները կատաղի իրար վրա նետվեցին․․․
Ըստ երևույթին ես ննջել էի ու բաց թողել մի ամբողջ գլուխ, բայց այդ մասին ոչինչ չասացի Սենդիին։ Ենթադրեցի, որ այդ ընթացքում իռլանդացի ասպետը հասցրել է կռվել եկվորների հետ, և պարզվեց, որ այդպես էլ եղել է։
― ․․․Աըր Ուենը այնպիսի ուժով հարվածեց սըր Մարհաուզին, որ ջարդեց իր նիզակը նրա վահանի վրա, և սըր Մարհաուզը այնպիսի ուժով հարվածեց, որ նրան իր ձիու հետ գետին գլորեց և խոցեց նրա ձախ կողը․․․
― Ճիշտն ասած, Ալիսանդ, բոլոր այդ հնադարյան պատմությունները շատ պարզունակ են։ Բառապաշարը շատ սահմանափակ է և, հետևաբար, նկարագրությունները զուրկ են բազմազանությունից, նրանցում միայն փաստեր են, մերկ, ինչպես Սահարան և բոլորովին քիչ են պատկերավոր մանրամասնությունները, դա նրանց միապաղաղության շունչ է հաղորդում, բոլոր մարտերը դառնում են միատեսակ․ մի զույգ մարդ կատաղի իրար վրա են նետվում, ― «Կատաղին» լավ բառ է, բայց ինչու, օրինակ, չի կարելի ասել «սուրբ գիրքը մեկնողի նման խենթ», կամ «դրամաշորթի նման գիշատիչ կերպով» և հարյուրավոր ուրիշ բառերով, թե չէ գրողը տանի, ի՞նչ է ստացվում․ նրանք կատաղի իրար վրա են նետվում, նիզակները ջարդում, ապա մի կողմը մյուսի վահանն է փշրում, և սա գետին է գլորվում ձիու հետ կամ էլ ցած ընկնում ու կոտրում վիզը, հետո կենդանի մնացածի վրա նոր թեկնածու է կատաղի նետվում ու ջարդում իր նիզակը, իսկ հակառակորդն էլ նրա վահանն է փշրում, և սա գետին է գլորվում իր ձիու հետ, կամ ցած ընկնում ու կոտրում իր վիզը, այնուհետև էլի մեկը կատաղի նետվում է, հետո էլի ու էլի, մինչև որ ծախսվում է ամբողջ հումքը, և եթե ուզենաք հաշվեկշիռ անել, ձեզ երբեք չի հաջողվի ոչ զանազանել մի մարտը մյուսից, ոչ էլ հասկանալ, թե ով է հաղթողը։ Եվ կենդանի, մոլեգին, մռնչյուններով լեցուն մարտապատկերի փոխարեն ստացվում է մի անգույն ու համր բան, կարծես ինչ֊որ ուրվականներ են մարտնչել մառախուղի մեջ։ Աստված իմ, ինչպե՞ս կարելի է այդ բառապաշարով նկարագրել այնպիսի մի վիթխարի ներկայացում, ինչպես օրինակ, Հռոմի հրդեհը Ներոնի օրոք։ Երևի այսպես, չէ՞․ «Քաղաքը այրվեց․ ոչ մի ապահովագրական վճար․ տղան մի պատուհան ջարդեց․ հրդեհաշեջը իր վիզը կոտրեց»։ Բայց սա հրդեհի նկարագրություն չէ։
Իմ կարծիքով ես մի լավ դասախոսություն էի կարդացել, բայց դա բնավ էլ ազդեցություն չգործեց Սենդիի վրա, և հենց որ ես կափարիչը փոքր֊ինչ բարձրացրի, նրա պերճախոսության շոգին սկսեց նորից հորդալ։
― ․․․Այդ ժամանակ սըր Մարհաուզը դարձրեց ձին և նետվեց Գոուենի վրա, նրա դեմ պարզելով նիզակը, և, երբ սըր Գոուենը տեսավ այդ, բարձրացրեց իր վահանը, և նրանք երկուսն էլ, նիզակները առաջ պարզած, սլացան իրար դեմ, և զարնվեցին մեկը մյուսի վահանին, բայց սըր Գոուենի նիզակը ջարդվեց․․․
― Ես այդ նախապես գիտեի։
― ․․․Իսկ սըր Մարհաուզի նիզակը չջարդվեց, և սըր Գոուենը իր ձիու հետ գետնին գլորվեց․․․
― Հապա ես ինչ էի ասում․․․ և կոտրեց իր մեջքը․․․
― ․․․ Բայց սըր Գոուենը թեթևությամբ ոտքի ցատկեց և իր սուրը դուրս քաշեց ու հետիոտն նետվեց սըր Մարհաուզի վրա, և սա էլ իջավ ձիուց, ու նրանք սկսեցին սրամարտել այնպիսի կատաղությամբ, որ նրանց վահանները կտոր֊կտոր եղան, սաղավարտներն ու լանջապանակները ճեղքվեցին, և նրանք միմյանց վիրավորեցին, և արդեն խփել էր ժամը ինը, նրանք մարտնչում էին երեք ժամից ավելի, և սըր Գոուենը ժամ առ ժամ ավելի էր զորանում, և նրա ուժերը եռապատկվեցին, և սըր Մարհաուզը նկատեց այդ և անչափ զարմանում էր, թե ինչու իր հակառակորդի ուժը աճում է, թեպետ նրանք երկուսն էլ վիրավոր էին, և երբ վերջապես կեսօր եղավ․․․
Սենդիի միապաղաղ երգեցիկ ձայնը ինձ փոխադրեց մանկությանս ձայների ու պատկերների աշխարհը․
«Նյու֊ո՜ւ֊ու Հեյվըն։ Կանգառը տասը րոպե․․․ Մեկնումից երկու րոպե առաջ ուղեկցողը կխփի զանգը․․․ Մերձծովյան ճանապարհով գնացող ուղևորներին խնդրվում է տեղեր գրավել ետևի վագոնում, այս վագոնը այլևս չի գնալու․․․ Խըն֊ձո՜֊որ, նա֊րի՜նջ, բա֊ան֊ա՜ն, սա֊ան֊դը֊վի՜չ, շա֊ա֊քա՜ր»։
․․․ և կեսօրը անցավ, և օրը սկսեց դեպի իրիկնամուտ թեքվել, և սըր Գոուենի ուժը սկսեց ցամաքել, և նա անընդհատ թուլանում էր ու այլևս մարտնչել չէր կարողանում, իսկ սըր Մարհաուզը ավելի ու ավելի ուռճանում էր ու ուռճանում․․․
― Եվ, իհարկե, նա նեղվածք էր զգում իր զրահների մեջ։ Բայց այդ մարդիկ ունակ չեն նման մանրուքներին ուշադրություն ընծայելու։
― «․․․Սըր ասպետ, ― ասաց սըր Մարհաուզը, ― ես տեսնում եմ, որ դու քաջարի ասպետ ես և անսովոր զորության տեր, բայց քո ուժերը սկսում են լքել քեզ և քանի որ մեր վեճը կարևոր պատճառներ չունի, ինձ համար ցավալի կլիներ քեզ սպանել այժմ, երբ դու բոլորովին թուլացել ես»։ «Ահ, ― ասաց սըր Գոուենը, ― պարկեշտ ասպետ, դու արտասանեցիր այն բառերը, ինչ ես կասեի, եթե քո տեղը լինեի», և նրանք հանեցին սաղավարտներն ու համբուրվեցին և երդվեցին, որ պիտի սիրեն իրար ինչպես եղբայրները․․․
Այստեղ ես կորցրեցի թելը և նինջ եկավ վրաս, մշուշապատ մտածելով այն մասին, թե որքան ափսոս է, որ այդպիսի գերբնական ուժի տեր մարդիկ, ուժ, որը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն քրտնքի մեջ լողալով կրելու այդ անտանելիորեն ծանր երկաթյա զրահները, այլևս վեց ժամ շարունակ կտրատել, զարնել, զարկվել, քոթակել միմյանց, չեն ծնվել այնպիսի ժամանակներում, երբ կարող էին իրենց ուժը որևէ օգտակար նպատակի հատկացնել։ Վերցնենք, օրինակ, ավանակը։ Ավանակը ճիշտ այդպիսի ուժ ունի և իր ուժը գործադրում է օգտակար նպատակների համար, և հենց այն բանի համար է արժեք ստանում այս աշխարհի աչքում, որ նա ավանակ է։ Բայց ազնվականին ոչ ոք չի գնահատի այն բանի համար, որ նա ավանակ է։ Ազնվականի ու ավանակի խառնուրդից ոչ մի արդյունավետ բան սպասել չի կարելի, և ազնվականը երբեք առաջին հերթին իր ավանակային ուժը չպետք է ցուցադրի։ Բայց ինչ կարող ես անել, քանի որ սկսել ես սխալից, այլևս աղետը թույլ է տրված և ոչ ոք չի կարող իմանալ, թե վերջը ինչ է լինելու։
Զարթնելով ու ականջ դնելով, ես հասկացա, որ նորից մի ամբողջ գլուխ բաց եմ թողել և որ Ալիսանդը հասցրել է շատ հեռու տանել իր հերոսներին։
― ․․․ և այպես նրանք գնացին ու մտան մի խոր հովիտ, որը լեցուն էր քարերով, և տեսան մի մաքուր ջրի հոսանք, և հոսանքը գալիս էր մի ջինջ աղբյուրից, որի շուրջ երեք օրիորդներ էին նստած։ «Այն պահից ի վեր, երբ այս երկիրը քրիստոնեություն է ընդունել, այստեղ յուրաքանչյուր ժամանող ասպետի հետ, անպատճառ, տարօրինակ արկածներ են պատահում․․․»։
― Դու լավ չես հաղորդում նրա խոսքը, Ալիսանդ։ Սըր Մարհաուզը՝ Իռլանդիայի արքայազնը, քեզ մոտ այնպես է խոսում, ինչպես մյուսները։ Դու նրան պետք է իռլանդական առոգանություն տրամադրես, կամ էլ գոնե նրա բերանը այնպիսի բնորոշիչ բառեր դնես, որ երբ սկսի խոսել, անմիջապես ճանաչեն նրան և անհրաժեշտություն չլինի ամեն անգամ անունը տալու։ Խոշոր հեղինակների մոտ դա շատ տարածված գրական ոճ է։ Այ, օրինակ, թող նա այսպես խոսի․ «Այն պահից ի վեր, երբ այս երկիրը, թող խոցը նրան տանի, քրիստոնեություն է ընդունել, այստեղ ժամանող յուրաքանչյուր ասպետի, անպատճառ, տարօրինակ արկածներ են պատահում, թող խոցը նրան տանի»։ Տեսնում ես, չէ՞, որքան ավելի լավ է հնչում։
― ․․․«Յուրաքանչյուր ասպետի հետ, անպատճառ, տարօրինակ արկածներ են պատահում, թող խոցը նրան տանի»։ Օ, իրոք, ազնվափայլ լորդ, այդպես ավելի լավ է հնչում, ինձ համար դժվար է այդ արտասանելը, բայց ժամանակով ես կվարժվեմ, և նրանք մոտեցան օրիորդներին ու իրար ողջունեցին, և ավագ օրիորդի գլխին փայլփլում էր ոսկյա պսակը, և նա երեք անգամ քսան ձմեռ էր բոլորել ու նույնիսկ ավելին․․․
― Օրիո՞րդը։
― Այո, թանկագին լորդ, և նրա պսակի տակ մազերը սպիտակ էին․․․
― Եվ ատամներն էլ, կարելի է գրազ գալ, ցելուլոիդից էին, իննական դոլար արժողությամբ յուրաքանչյուր ծնոտի համար, ճիշտ այն տեսակներից, որոնք կախ դռան նման վեր ու վար են թռչում ուտելու ժամանակ և դուրս ընկնում, երբ ծիծաղում եք։
― ․․․ երկրոդ օրիորդը երեսուն ձմեռ էր բոլորել, և նրա գլխին մի փոքրիկ ոսկյա պսակ կար և երրորդ օրիորդը միայն տասնհինգ տարեկան էր․․․
Հուշերիս հորձանքը տակնուվրա արեց հոգիս և խլացրեց Սենդիի ձայնը։
Տասնհինգ տարեկան․․․ օ՜, սիրտ իմ, փշրվիր, օ՜, իմ կորուսյալ սեր։ Նա էլ տասնհինգ տարեկան էր, այնպես քնքուշ, այնպես սիրունիկ։ Ես նրան աշխարհումս ամենից շատ էի սիրում, և երբեք այլևս չեմ տեսնի։ Եվ անմիջապես նրա մասին մտքերս, հուշերիս ընդարձակ ծովերի վրայով փոխադրեցին ինձ հեռավոր երջանիկ ժամանակները, շատ ու շատ հարյուրամյակներ հետո, երբ ես ամռան տաք ու հաճելի առավոտները արթնանում, կտրվում էի նրա մասին քաղցր երազներից և ասում․ «Հելլո, Կենտրոն», միայն ու միայն նրա սիրելի ձայնը լսելու համար, որը հալվելով ականջիս էր հասնում «Հելլո, Հենկ»֊ի ձևով և որպես ոլորտների երաժշտություն։ Նա շաբաթական երեք դոլար էր վաստակում, և միանգամայն արժանի էր այդ գումարին։
Ալիսանդի հետագա բացատրություններից այդպես էլ չհասկացա, թե ովքեր էին մեր գերած ասպետները, ասենք Սենդին էլ չէր փորձում դա բացատրել։ Հետաքրքրասիրությունս մարել էր, մտքերս թախծալի էին ու թևածում էին հեռուներում։ Նրա պատմածի պատահական բեկորներից դատելով, աղոտ գլխի ընկա, որ այդ երեք ասպետներից յուրաքանչյուրը իր ձիու գավակին է նստեցրել երեք օրիորդներից մեկին և, որ նրանք տարբեր կողմեր են մեկնել, մեկը՝ հյուսիս, մյուսը՝ արևելք, երրորդը՝ հարավ, արկածներ փնտրելու և մեկ տարի ու մեկ օր անց հանդիպելու ու ստին զոռ տալու։ Մեկնել են մեկ տարով ու մեկ օրով և․․․ առանց բագաժի։ Ահա ձեզ այստեղի բարքերի պարզության մի ուրիշ օրինակ։
Արևը արդեն մայր էր մտնում։ Ալիսանդը դեռ կեսօրվա ժամը երեքին մոտ էր սկսել իր պատմությունը այն մասին, թե ովքեր էին մեր գերած կովբոյները, բայց, եթե նկատի առնենք նրա զրույցների սովորական տարածականությունը, նա, ինչպես տեսնում եք, այնուամենայնիվ, բավականին առաջխաղացում էր արել։ Իհարկե, անկասկած, նա այսօր չէ, վաղը իր պատմությունը վախճանին կհասցներ, նրա նմաններին շտապեցնելը անհնարին է։
Մենք մոտեցանք բլուրի կատարին բազմած մի ամրոցի։ Դա հնադարյան զանգվածեղեն, ամրակուռ մի կառույց էր, որի մոխրագույն աշտարակներն ու վանդակորմերը սուզված էին գեղատեսիլ բաղեղի մեջ, և այդ ամբողջ վեհապանծ շինությունը պարուրված էր մայր մտնող արևի շողերով։ Դա մեր ճանապարհին հանդիպած ամենամեծ ամրոցն էր, և ես մտածեցի․ արդյո՞ք մեր փնտրածը հենց սա չէ։ Բայց Սենդին ասաց․ «Ոչ»։ Նա չգիտեր, թե ում է պատկանում սույն ամրոցը։ Քամելոտ գալիս, նա անցել էր այս ամրոցի կողքով առանց ներս մտնելու։