Ավելացվել է 8974 բայտ,
18:56, 15 Հուլիսի 2016 {{Վերնագիր
|վերնագիր = Լուսնաքար
|հեղինակ = [[Ուիլկի Քոլինզ]]
|թարգմանիչ = Վահան Բ. Վարդանյան (ռուսերենից)
|աղբյուր = «Լուսնաքար»
}}
{{անավարտ}}
== Նախերգ։ Սերինգապատամի գրոհը. 1799==
(''Նամակ տոհմական արխիվից'')
'''I'''
Այս տողերը դրում եմ Հնդկաստանից՝ Անգլիայում ապրող իմ ազգականներին, որպեսզի բացատրեմ, թե ինչու ես չուզեցի բարեկամաբար սեղմել իմ զարմիկ Ջոն Հեռնկաստլի ձեոքը։ Այդ հարցի նկատմամբ իմ լռությունը սխալ են մեկնաբանել մեր գերդաստանի անդամները, որոնց բարի կարծիքից չեմ ուզում զրկվել։ Խնդրում եմ, որ նրանք եզրակացություններ չանեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարդացել իմ պատմածը։ Ազնիվ խոսք եմ տալիս, որ ստույգ ու բացարձակ ճշմարտությունը կգրեմ։
Իմ զարմիկի և իմ միջև թաքնված անհամաձայնություն առաջացավ այն մեծ իրադարձության ժամանակ, որին երկուսս էլ մասնակցում էինք,— 1799 թվականի մայիսի 4-ին գեներալ Բերդի հրամանատարությամբ Սերինգապատամի վրա գրոհելիս։
Որպեսի, հանգամանքները լրիվ հասկանալի լինեն, ես պետք է դիմեմ պաշարմանը նախորդած շրջանին և Սերինգապատամի պալատում պահվող թանկարժեք քարերի ու ոսկու կույտերի մասին մեր ճամբարում պտտվող պատմություններին։
'''II'''
Ամենաանհավատալի պատմություններից մեկը վերաբերում է դեղին ալմաստին, մի իր, որն այնքան հայտնի է Հնդկաստանի տարեգրություններում։
Ավանդություններից հնագույնն ասում է, որ այդ քարը զարդարել է Լուսնի հնդկական չորսձեռնանի աստծու ճակատը։ Մասամբ իր առանձնահատուկ գույնի շնորհիվ, մասամբ էլ այն ավանդազրույցի շնորհիվ, թե այդ քարն, իբր, ենթարկվում է իր զարդարած աստվածության ազդեցությանը և նրա փայլն ավելանում ու պակասում է լուսնի լրման ու նվազման հետ մեկտեղ, նա ստացել է այն անունը, որով մինչև հիմա էլ հայտնի է Հնդկաստանում՝ Լուսնաքար։ Լսել եմ, որ նման սնահավատություն ժամանակին եղել է և՛ հին Հունաստանում, և՛ Հռոմում, սակայն դա վերաբերել է ոչ թե աստվածությանը նվիրված ալմաստին (ինչպես Հնդկաստանում), այլ ցածր կարգի կիսաթափանցիկ մի քարի, որը ենթակա է լուսնի ազդեցությանը և ճիշտ նույն ձևով էլ նրանից ստացել է իր անունը, որով և այն մինչև օրս հայտնի է մեր ժամանակի հանքաբաններին։
Դեղին ալմաստի արկածներն սկսվում են մեր թվարկության տասնմեկերորդ հարյուրամյակից։
Այդ ժամանակաշրջանում մահմեդական նվաճող Մահմուգ Ղազնևին խուժեց Հնդկաստան, տիրեց Սոմնաթ սրբազան քաղաքին ու բռնագրավեց այն նշանավոր տաճարի գանձերը, որը մի քանի հարյուրամյակ հրապուրել էր հնդիկ ուխտագնացներին և համարվել Արևելքի հրաշք։
Այդ տաճարում երկրպագվող բոլոր աստվածություններից միայն Լուսնի աստվածը խուսափեց մահմեդական հաղթողների ագահությունից։ Ճակատին դեղին ալմաստ ունեցող չպղծված կուռքը, երեք բրահմանների պահպանությամբ, վերցվեց ու փոխադրվեց Հնդկաստանի՝ իր նշանակությամբ երկրորդ սրբազան քաղաքը՝ Բենարես։
Այնտեղ, նոր մեհյանում՝ թանկագին քարերով զարդարված ապարանքում, ոսկե սյուների վրա հանգչող կամարների տակ տեղավորվեց Լուսնի աստվածը, որը նորից դարձավ պաշտամունքի առարկա։ Այն գիշեր, երբ մեհյանի կառուցումն ավարտվեց, Վիշնու հիմնարկիչը երազում երևաց երեք բրահմաններին։ Նա իր շունչը ներշնչեց, կուռքի ճակատը գարդարող ալմաստին, և բրահմանները ծնկի իջան նրա առաջ ու երեսները ծածկեցին հագուստով։ Վիշնուն հրամայեց, որպեսզի երեք քուրմերը Լուսնաքարը պահպանեն օր ու գիշեր, մինչև աշխարհի վերջը։ Բրահմանները խոնարհվեցին աստվածային կամքի առաջ։ Վիշնուն դժբախտություն գուշակեց այն հանդուգն արարածի համար, ով կհամարձակվի տիրել սրբազան քարին, և նրա բոլոր սերունդների համար, որոնց կանցնի քարը նրանից հետո։ Բրահմանները կարգադրեցին այդ գուշակությունը ոսկե տառերով գրել տաճարի դռների վրա։
Անցնում էին դարեր՝ դարերի ետևից, և երեք բրահմանների հաջորդները սերնդե-սերունդ օր ու գիշեր պահպանում էին թանկարժեք Լուսնաքարը։ Անցնում էին դարերն իրար ետևից, մինչև որ մեր թվարկության տասնութերորդ դարի սկզբում գահ բարձրացավ Աուրանգղերը՝ Մեծ Մողոլների դինաստիայից։ Նրա հրամանով Բրահմային երկրպագողների տաճարները վերստին մատնվեցին կողոպուտի ու քայքայման, չորսձեռնանի աստծու մեհյանը պղծվեց սուրբ կենդանիների սպանությամբ, կուռքերը ջարդուփշուր արվեցին, իսկ Լուսնաքարը հափշտակեց Աուրանգզեբի զորահրամանատարներից մեկը։
Ի վիճակի չլինելով ուժով վերադարձնելու իրենց կորցրած գանձը՝ երեք պահապան քրմերը, զգեստափոխված, հետևում էին նրան։ Մի սերնդին փոխարինում էր մյուսը, սրբապղծություն կատարած զինվորը մեռավ ահավոր մահով. Լուսնաքարը, իր հետ անեծք բերելով, մի ապօրինի տիրոջից անցնում էր մյուսին, և, չնայած բոլոր պատահականություններին ու փոփոխություններին, երեք պահապան քրմերի հաջորդները շարունակում էին հետևել իրենց գանձին, սպասելով այն օրվան, երբ Վիշնու հիմնարկիչի կամքը իրենց կվերադարձնի սրբազան քարը։ Այդպես շարունակվեց մինչև տասնութերորդ դարի վերջին թվականը։ Ալմաստն անցավ Սերինգապատամի սուլթան Տիպպուի տնօրինության տակ, որը այդ քարը որպես զարդ զետեղեց իր դաշույնի կոթի վրա և պահեց իր զինապաշտի ամենաթանկ գանձերի մեջ։ նույնիսկ այդ ժամանակ (հենց սուլթանի պալատում) երեք պահապան քրմերը շարունակում էին գաղտնի պահպանել ալմաստը։ Տիպպուի շքախմբի մեջ կային երեք օտարերկրացիներ, որոնք իրենց տիրակալի վստահությանն էին արժանացել մահմեդական հավատ ընդունելով (գուցե՝ առերես), ըստ լուրերի՝ հենց դրանք էլ զգեստափոխված քրմերն էին։
'''III'''
[[Կատեգորիա:Արկածային]]
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
[[Կատեգորիա:Արձակ]]