Changes

Լուսնաքար

Ավելացվել է 25 268 բայտ, 19:30, 17 Հուլիսի 2016
/* Գլուխ III */
===Գլուխ III===
 
Այն հարցը, թե ինչպես պետք է սկսել պատմությունը, աշխատեցի վճռել երկու եղանակով։ Առաջինը, գլուխս քորեցի, դա ոչնչի չհանգեցրեց։ Երկրորդը, խորհրդակցեցի աղջկաս՝ Պենելոպեի հետ, որը և բոլորովին նոր միտք տվեց ինձ։
 
Պենելոպեն գտնում է, որ ես պետք է սկսեմ հենց այն օրից, երբ լուր ստացանք, թե մեզ մոտ է գալիս միստր Ֆրենկլին Բլեկը։ Երբ դուք այս ձևով մտովի կանգ առնեք որևէ ամիս-ամսաթվի վրա, զարմանա՜լի բան, ձեր հիշողությունն անմիջապես կընտրի բոլոր հարկավոր պարագաները։ Միակ դժվարությունը ամիս֊ամսաթիվը հիշելն է։ Բայց Պենելոպեն առաջարկեց այդ անել ինձ համար, թերթելով իր սեփական օրագիրը, որ նրան սովորեցրել էին պահել դպրոցում, և որը նա շարունակում էր վարել առ այսօր։ Իր օրագրից օգտվելով՝ իմ փոխարեն պատմությունը գրելու առաջարկիս ի պատասխան Պենելոպեն բռնկեց և մոլեգնած հայացքով նկատեց, որ իր օրագիրը նախատեսված է միայն իր համար և աշխարհում ոչ մի կենդանի արարած չի իմանա, թե մեջն ինչ է գրված։ Երբ հարցրի, թե ինչո՞ւ, Պենելոպեն պատասխանեց.
 
— Այնպես, հայրիկ։
 
Իսկ ես ձեզ ասում եմ, որ այստեղ սիրային ինչ֊որ բաներ կան։
 
Սկսելով ըստ Պենելոպեի պլանի՝ խնդրում եմ թույլ տաք հիշատակել, որ 1848 թվականի մայիսի 24-ին, չորեքշաբթի առավոտյան, ինձ կանչեցին միլեդիի առանձնասենյակը։
 
— Գաբրիել,— ասաց միլեդին,— ահա մի նորություն, որը ձեզ կզարմացնի։ Բլեկն արտասահմանից վերադարձել է։ Այժմ նա հյուրընկալված է Լոնդոնում՝ հոր մոտ, իսկ վաղը մեկ ամսով կգա մեզ մոտ և մեզ հետ կանցկացնի Ռեչելի ծննդյան օրը։
 
Եթե ձեռքիս գլխարկ լիներ, ապա միայն միլեդիի հանդեպ տածած հարգանքը կխանգարեր այն վեր-վեր գցելուն. ես միստր Ֆրենկլինին չէի տեսել այն պահից ի վեր, որ նա, դեռ փոքր տղա, մեզ հետ ապրել էր այս տանը։ Նա (որքան հիշում եմ) բոլոր առումներով ամենասիրելի տղան էր նրանցից, որոնք երբևէ հոլ էին խաղացել կամ լուսամուտների ապակիներ կոտրել։ Մեր խոսակցությանը ներկա միսս Ռեչելը նկատեց, որ ինքը նրան հիշում է որպես տիկնիկների ամենաարյունարբու բռնակալի ու տանջարարի և ամենադաժան կառապանի, որը իր կոպիտ սանձերով ուժասպառ անելու աստիճան քշում էր աղջիկներին։
 
— Բավական է հիշեմ Ֆրենկլին Բլեկին,— եզրափակեց միսս Ռեչելն իր խոսքը,— որ սկսեմ խիստ զայրանալ ու հոգնածությունից մեռնել։
 
Դուք, բնականաբար, կհարցնեք, իսկ ինչո՞ւ միստր Ֆրենկլինն իր բոլոր տարիները, սկսած այն ժամանակից, երբ փոքր տղա էր, մինչև այն ժամանակը, երբ տղամարդ էր դարձել, անցկացրել էր հայրենիքից դուրս։ Պատասխանում եմ, որովհետև նրա հայրը դժբախտություն էր ունեցել լինելու մի դուքսական տիտղոսի մերձավորագույն ժառանգը և չէր կարողանում իրավաբանորեն ապացուցել այդ։
 
Ահա, երկու խոսքով, թե դա ինչպես էր եղել։
 
Միլեդիի ավագ քույրն ամուսնացել էր նշանավոր միսար Բլեկի հետ, որը հռչակված էր ինչպես իր հսկայական հարստությամբ, այնպես էլ ինչ-որ դուքսի հետ ունեցած իր դատական գործերով։ Քանի՜ տարի նա ձանձրացրեց իր հայրենիքի դատարաններին, պահանջելով, որ դուքսը վտարվի կալվածքից, իսկ նրա տիտղոսը տրվի իրեն, քանի՜֊քանի փաստաբանների հարստացրեց նա, ինչքա՜ն բոլորովին անմեղ մարդկանց ստիպեց գժտվել իրար հետ բռնած գրազի պատճառով՝ իրավացի՞ է ինքը, թե՝ չէ։ Մեռավ նրա կինը, մեռան նրա երկու երեխաները՝ նախքան դատարանները կորոշեին իրենց դռները փակել նրա առաջ և այլևս փող չպոկել նրանից։ Երբ ամեն ինչ վերջացել էր և դուքսը մնացել էր իր տեղում, միստր Բլեկը մտածեց, որ հայրենիքից՝ նրա արածի համար վրեժ լուծելու միակ եղանակը իր որդուն դաստիարակելու պատվից Անգլիային զրկելն է։
 
«Այն բանից հետո, որ մեր հայրենական հաստատություններն արեցին ինձ հետ, բացատրում էր նա,— ինչպե՞ս կարող եմ ապավինել մեր հայրենական հաստատություններին»։
 
Սրան ավելացրեք և այն, որ միստր Բլեկը չէր սիրում տղաներին (այդ թվում և իր տղային), և դուք կհամաձայնվեք, որ դա կարող էր միայն մի ձևով վերջանալ։ Միստր Ֆրենկլինը դուրս բերվեց Անգլիայից և ուղարկվեց այն հաստատությունները, որոնց կարող էր ապավինել նրա հայրը, այնպիսի մի հրաշալի երկիր, ինչպիսին Գերմանիան է. միստր Բլեկն ինքը, տեսեք, շատ հանգիստ մնաց Անգլիայում, որպեսզի պառլամենտում գործի հօգուտ իր հայրենակիցների և որպեսզի պամֆլետ գրի դուքսի գործի մասին, մի պամֆլետ, որն առ այսօր էլ չի ավարտել։
 
Ահա, փառք աստծու, սա շարադրված է։ Ոչ ես, ոչ էլ դուք չպետք է գլուխ կոտրենք միստբ Բլեկ-ավագի հաշվով։ Թողնենք նրան՝ իր դքսության հետ, և դիմենք ալմաստին։
 
Ալմաստը մեզ վերադարձնում է միստր Ֆրենկլինի մոտ, որը մեր տան մեջ ալմաստի հայտնվելու ակամա մեղավորը դարձավ։
 
Մեր սիրելի տղան, արտասահման մեկնելով, մեզ չմոռացավ։ Ժամանակ առ ժամանակ գրում էր՝ երբեմն միլեդիին, երբեմն՝ միսս Ռեչելին, երբեմն էլ՝ ինձ։ Իր մեկնելուց առաջ ինձնից վերցրել էր մի կծիկ պարան, մատիտ սրելու դանակ՝ չորս բերանով, և յոթ շիլինգ վեց պենս, որը ես ետ չեմ ստացել և ստանալու էլ հույս չունեմ։ Նա ինձ ավելի շատ գրում էր դարձյալ պարտք վերցնելու համար, սակայն միլեդիից լսել էի, որ նա մեծանալուց ի վեր ապրում է արտասահմանում։ Ուսանելով այն ամենը, ինչ կարող էին նրան ուսուցանել գերմանական հաստատությունները, նա մեկնել էր Ֆրանսիա, իսկ այնուհետև՝ Իտալիա, այստեղ նրան դարձրել էին, որքան կարող էի հասկանալ, համակողմանի հանճար։ Նա մի քիչ գրում էր, մի քիչ նկարում, մի քիչ երգում էր, նվագում ու հորինում, ամեն պարագայում, ինչքան որ գիտեմ, փոխ առնելով, ինչպես որ ինձնից էր փոխ առնում։ Նրա մոր կարողությունը (տարեկան յոթ հարյուր ֆունտ) մնացել էր նրան, երբ նա արդեն չախահաս էր, և նրա միջով անցել էր այնպես, ինչպես կանցներ մաղի միջով։ Որքան շատ փող էր ունենում նա, այնքան ավելի շատ էր դրա կարիքն զգում, միստր Ֆրենկլինի գրպանր ծակ էր, և այդ ծակը երբեք հնարավոր չէր լինում կարել։ Նրա ուրախ տրամադրությունն ու անկաշկանդ լինելն ամենուրեք լավ ընդունելություն էին ապահովում նրա համար։ Նա ապրում էր մերթ այստեղ, մերթ այնտեղ, և նրա հասցեն միշտ (ինչպես ինքն էր ասում) այսպիսին էր. «Եվրոպա, ցպահանջ»։ Երկու անգամ որոշել էր վերադառնալ Անգլիա և տեսնվել մեզ հետ, և երկու անգամ էլ (ներողություն եմ խնդրում) ինչ-որ կին ետ էր պահել նրան։ Երրորդ փորձը հաջողվել էր. դա արդեն ձեզ հայտնի է միլեդիի՝ ինձ ասածներից. մայիսի 25-ի հինգշաբթի օրը մենք պետք է առաջին անգամ տեսնեինք, թե ինչ տղամարդ էր դարձել մեր սիրելի տղան։ Նա լավ տոհմից էր, խիզախ բնավորություն ուներ և, մեր հաշվով, կլիներ քսանհինգ տարեկան, ոչ ավելի։ Այժմ դուք նույնքան գիտեք միստր Ֆրենկլին Բլեկին, որքան և ես՝ միստր Ֆրենկլին Բլեկի մեզ մոտ գալուց առաջ։
 
Հինգշաբթի օրը ամառային հիանալի եղանակ էր. միլեդին ու միսս Ռեչելը, չսպասելով, որ միստր Ֆրենկլինը կեսօրից շուտ կժամանի, նախաճաշելու գնացին հարևանությամբ ապրող ինչ-որ բարեկամների մոտ։
 
Նրանց մեկնեէուց հետո ես գնացի աչքի անցկացնելու մեր հյուրի համար պատրաստված ննջարանը և տեսա, որ այնտեղ ամեն ինչ կարգին է։ Այնուհետև, լինելով ոչ միայն ծառայապետ, այլև միլեդիի բուֆետապանը (իմ սեփական խնդրանքով, իմացած եղեք, ինձ համար հաճելի չէր, որ ինչ-որ մեկը տիրանար հանգուցյալ սըր Ջոնի մառանի բանալիներին),— այնուհետև, ասում եմ, հանեցի մեր լատուրյան նշանավոր կլարետը ու դրեցի մինչև կեսօր ամառվա արեի տակ տաքանալու։ Մտածելով, որ ինքս էլ կարող եմ ամառվա տաք արևի տակ նստել (որովհետև, եթե դա լավ է հին կլարետի համար, ապա լավ է նաև հին ոսկորների համար), վերցրի ծղոտե աթոռը, որպեսզի դուրս գամ ներքին բակ, երբ ինձ կանգնեցրեց մի կամացուկ թմբկահարությոմւ, որ լսվեց միլեդիի սենյակների առջևի սանդղավանդում։
 
Սանդղավանդի շուրջը պտտվելով՝ տեսա սպիտակ քաթանե բլուզով ու շալվարով երեք թխամորթ հնդիկների, որոնք նայում էին տանը։
 
Երբ ավելի մոտիկից ուշադիր նայեցի՝ նկատեցի, որ յուրաքանչյուրի վզից փոքրիկ թմբուկ էր կախված։ Նրանց առջև, կանգնած էր մի փոքրիկ, նիհար, խարտյաշ անգլիացի տղա՝ տոպրակը ձեռքին։ Մտածեցի, որ այդ մարդիկ թափառաշրջիկ աճպարարներ են, իսկ տղան այդ տոպրակի մեջ կրում է նրանց արհեստի գործիքները։ Նրանցից մեկը, որ անգլերեն էր խոսում և, պետք է խոստովանեմ, շատ կիրթ շարժուձևեր ուներ, հաստատեց իմ մտածածը. նա տանտիրուհու ներկայությամբ իր աճպարարությունները ցուցադրելու թույլտվություն խնդրեց։
 
Ես մռայլ ծերուկ չեմ, սիրում եմ հաճույքները և չեմ կարող մարդուն չհավատալ սոսկ այն պատճառով, որ նրա մաշկը իմից ավելի թուխ է։ Բայց մեզնից ամենալավերն ունեն իրենց թուլությունները, իսկ իմ թողությունն այն է, որ երբ ընտանեկան արծաթեղենով զամբյուղը հանված ու դրված է մառանում՝ սեղանի վրա, ես անմիջապես այդ զամբյուղն եմ հիշում՝ տեսնելով թափառաշրջող օտարերկրացուն, որի շարժուձևերն իմից լավն են։ Այդ պատճառով էլ ես հնդիկին ասացի, որ տիրուհին տանը չէ, և նրան ու ընկերներին կարգադրեցի հեռանալ։ Ի պատասխան՝ նա ճարպկորեն խոնարհվեց, ու նրանք գնացին։ Ես, իմ կողմից, վերադարձա դեպի իմ աթոռը ու տեղավորվեցի բակի արևոտ կողմում, ընկղմվելով, եթե ճիշտն ասելու լինենք, ոչ թե քնի, այլ դրան շատ մոտիկ մի վիճակի մեջ։
 
Ինձ արթնացրեց աղջիկս՝ Պենելոպեն, որն այնպես էր սլացել ինձ մոտ, ասես տունը հրդեհված լիներ։ Ինչ եք կարծում, ի՞նչն էր նրա հայտնվելու պատճառը։ Նա, գիտեք ինչ, պահանջեց, որպեսզի երեք աճպարար հնդիկներն անմիջապես ոստիկանատուն տարվեն այն պատճառով, որ նրանք, իբր իմացել են միստր Ֆրենկլին Բլեկի Լոնդոնից մեզ մոտ գալը և մտադիր են եղել վնաս հասցնել նրան։
 
Միստր Ֆրենկլինի անունն ինձ սթափեցրեց։ Բացեցի աչքերս և աղջկաս ստիպեցի բացատրվել։
 
Պարզվեց, որ Պենելոպեն հենց նոր էր վերադարձել մեր բարապանի պահակատնակից, ուր գնացել էր նրա աղջկա հետ փոքր֊ինչ շաղակրատելու։ Երկու աղջիկները տեսել էին, թե ինչպես իմ կողմից վռնդված հնդիկները գնացել են տղայի ուղեկցությամբ։ Չգիտեմ ինչու, գլուխները մտցնելով, որ այդ օտարերկրացիները վատ են վարվում տղայի հետ, երկու աղջիկները շարժվել են մեր տունը ճանապարհից բաժանող կենդանի ցանկապատի ներքին կողմի երկարությամբ, և սկսել են նայել, թե ինչ են անելու հնդիկները։ Իսկ նրանք սկսել են տարօրինակ բաներ անել։
 
Սկզբում նրանք բոլոր կողմերից տնտղել էին ճանապարհը, հավաստիանալու համար՝ մենակ են իրենք, թե ոչ։ Հետո երեքն էլ դեմքով շրջվել էին դեպի մեր տան ճակատային մասը և սկսել էին ուշադիր նայել։ Այնուհետև խոսքի էին բռնվել իրար հետ ու վիճել իրենց մայրենի լեզվով, ինչ-որ կասկածանքով նայելով միմյանց աչքերի մեջ։ Հետո շրջվել էին անգլիացի տղայի կողմը, մի տեսակ սպասելով, որ նա կօգնի իրենց։ Իսկ հետո գլխավոր հնդիկը, որ անգլերեն է խոսել, կարգադրել է տղային.
 
— Ձեռքդ պարզիր։
 
Իմ դուստր Պենելոպեն, պատմության այս տեղը հասնելով, բացականչեց, որ ինքն ուղղակի չի հասկանում, թե ինչպես պատահեց, որ այս սարսափելի խոսքերը լսելիս իր սիրտը դուրս չթռավ կրծքից։ Մեղքս ինչ թաքցնեմ, մտածեցի, որ դրան կարող է խանգարած լինել կորսետը։ Բայց բարձրանայն միայն մի բան փնթփնթացի.
 
— Վա՜հ, մարմնովս սարսուռ է անցնում։
 
(Nota bene: կանայք սիրում են այդպիսի փոքրիկ խրախուսանքները)։
 
Երբ հնդիկը պահանջել է՝ «Ձեռքդ պարզիր», տղան մի քայլ ետ է գնացել, գլուխն օրորել է ու պատասխանել, Որ չի ուզում։ Այդ ժամանակ հնդիկը հարցրել է (բոլորովին չզայրանալով), չլինի՞ թե ուզում է, որ իրեն նորից Լոնդոն ուղարկեն ու թողնեն այնտեղ, որտեղ գտել են շուկայում դատարկ զամբյուղի մեջ քնած, քաղցած, քրջոտ ու անօթևան։ Դա կարծես հարցը վճռել է։ Տղան դժկամությամբ ձեռքը պարզել է։ Հնդիկը մի շիշ է հանել թևի տակից ու նրանից թանաքի նման ինչ-որ մի սև բան է լցրել տղայի ափի մեջ։ Այնուհետև, տղայի գլխին ձեռք տալով ու նրա վերևում օդում ինչ-որ նշաններ անելով, ասել է.
 
— Նայի՛ր։
 
Տզան անշարժացել է տեղում ու կանգնել արձանի պես՝ նայելով իր ափի մեջ լցված թանաքին...
 
Պենելոպեի արած պատմության մեջ հնդիկների այդ բոլոր արարքները մինչև հիմա պարզապես աճպարարություններ ու թանաքի անտեղի վատնում էին թվացել ինձ։ Ուզեցի նորից աչքերս փակել, բայց Պենելոպեի հաջորդ խոսքերն անմիջապես փախցրին քունս։
 
Հնդիկները նորից ուշադիր զննել են ճանապարհը, և նրանց ղեկավարը տղային ասել է.
 
— Օտար երկրից եկած անգլիացուն տեսնո՞ւմ ես։
 
Տղան պատասխանել է.
 
— Ես նրան տեսնում եմ։
 
Հնդիկն ասել է.
 
— Ա՞յս, թե մեկ ուրիշ ճանապարհով է այսօր գալու անգլիացին։
 
Տղան պատասխանել է.
 
— Այս և ոչ մեկ ուրիշ ճանապարհով է այսօր գալու անգլիացին։
 
Մի փոքր լռելուց հետո հնդիկը մի նոր հարց է տվել.
 
— Այն բանը անգլիացու մո՞տն է, թե ոչ։
 
Նույնպես կարճատև լռությունից հետո տղան պատասխանել է.
 
— Մոտն է։
 
Այդ ժամանակ հնդիկը տվել է չորրորդ և վերջին հարցը.
 
— Անգլիացին, իր խոստացածի պես, իրիկնադեմին այստեղ կլինի՞։
 
Տղան պատասխանել է.
 
— Չեմ կարող ասել։
 
Հնդիկը հարցրել է, թե ինչո՞ւ։
 
Տղան պատասխանել է.
 
— Հոգնեցի։ Աչքերս մշուշվում են, և դա ինձ խանգարում է։ Այսօր այլևս ոչինչ չեմ կարող տեսնել։
 
Սրանով հարցերն ավարտվել են։ Հնդիկն իր լեզվով ինչ-որ բան է ասել, իր երկու ուղեկիցներին, մատնացույց անելով տղային ու քաղաքը, որտեղ (ինչպես հետո իմացանք) իրենք կանգ էին առել։ Այնուհետև նորից տղայի գլխավերևում նշաններ անելով՝ փչել է նրա ճակատին. տղան ցնցվել է ու արթնացել։ Դրանից հետո բոլորը գնացել են քաղաք, և աղջիկներն այլևս նրանց չեն տեսել։
 
Ասում են, թե ամեն ինչից էլ կարելի է խրատական եզրակացության հանգել, եթե միայն մարդ ձգտի այդ անել։ Իսկ ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս ամենից։
 
Ես մտածեցի, որ, առաջին, գլխավոր աճպարարը դարպասի մոտ սպասուհիների խոսակցությունից է միստր Ֆրենկլինի ժամանելու մասին և փող վաստակելու հնարավորություն է տեսել։ Երկրորդ, որ նա, նրա ընկերներն ու տղան մտադիր են եղել (փող աշխատելու նպատակով) թափառել ինչ-որ տեղ մոտերքում, մինչև որ միլեդին տուն կգա, իսկ հետո վերադառնալ և նրա համար գուշակել միստր Ֆրենկլինի ժամանումը։ Երրորդ, որ Պենելոպեն տեսել է նրանց աճպարարությունների փորձը, այնպիսին, ինչպիսին ունենում են իրենց պիեսը փորձող դերասանները։ Չորրորդ, որ վատ չի լինի, եթե ես այս երեկո աչքս սեղանատան արծաթեղենի վրա պահեմ։ Հինգերորդ, որ լավ կլինի Պենելոպեն հանգստանա և թողնի, որ հայրը նորից ննջի արևի տակ։
 
Սա շատ ողջամիտ եզրակացություն թվաց ինձ։ Եթե դուք գոնե մի քիչ ճանաչում եք երիտասարդ կանանց, ապա չեք զարմանա, լսելով, որ Պենելոպեն համաձայն չէ ինձ հետ։ Ըստ աղջկաս ասածների՝ բանը շատ լուրջ է եղել։ Նա ինձ հիշեցրեց հնդիկի երրորդ հարցը՝ «Այն բանը անգլիացու մո՞տ է, թե ոչ»։
 
— Օ՜, հայրիկ,— ձեռքերը կողմերի վրա տարածելով՝ բացականչեց Պենելոպեն։— Դրա հետ կատակ չանեք։ Ի՞նչ է նշանակում ''այն բանը''։
 
— Կհարցնենք միստր Ֆրենկլինից, հոգյակս,— ասացի ես,— եթե կարող ես սպասել մինչև միստր Ֆրենկլինի գալը։
 
Ես աչքով արեցի, դրանով ասելով, թե կատակում եմ։ Բայց Պենելոպեն ասածներս ընդունեց ամենայն լրջությամբդ նրա մտահոգված տեսքը գրգռեց ինձ։
 
— Դա որտեղի՞ց կարող է իմանալ միստր Ֆրենկլինը,— ասացի ես։
 
— Հարցրեք նրանից,— պատասխանեց Պենելոպեն։— Եվ կտեսնեք, արդյո՞ք նա զվարճալի է համարում դա։
 
Պարթևական վերջին նետն ինձ վրա արձակելով, աղջիկս հեռացավ։
 
Նրա գնալուց հետո որոշեցի իսկապես հարցնել միստր Ֆրենկլինից, թեկուզև Պենելոպեին հանգստացնելու համար։ Այդ նույն օրը նրա հետ ունեցած իմ խոսակցության մասին դուք կիմանաք համապատասխան տեղում, բայց քանի որ չեմ ուզում գրգռել ձեր հետաքրքրասիրությունը, ուստի խնդրում եմ թույլ տաք, նախքան առաջ անցնելը, անմիջապես նախազգուշացնել ձեզ, որ աճպարարների վերաբերյալ իմ ու նրա խոսակցության մեջ կատակի նշույլ անգամ չի եղել։ Ի մեծ զարմանս իմ, միստր Ֆրենկլինն էլ Պենելոպեի նման լուրջ ընդունեց այդ լուրը։ Թե որքան լուրջ՝ կհասկանաք, երբ իմանաք, որ, նրա կարծիքով, ''այն բանը'' նշանակել է Լուսնաքար։
 
 
===Գլուխ IV===
Վստահելի
1318
edits