=== Գլուխ հինգերորդ ===
Սկսվեց անտառային կյանքի երկրորդ օրը։
Եռյակն շտապում էր...
Գագիկի հաշվարկներով նրանք գյուղում պետք է լինեին անտառ մտնելու հաջորդ օրդ երեկոյան, նույնիսկ ավելի շուտ։ Բայց պարզվեց, որ պատանի բնագետի հաշվարկները սխալ են. անտառը գնալով ոչ միայն չէր նոսրանում, այլև ընդհակառակը՝ ավելի էր խտանում։ Ծառերը դառնում էին ավելի հաստաբուն, ավելի խիտ, իսկ չորուկների մեծացող քանակությունները և չտրորված արահետները լուռ պատմում էին, որ վաղուց-վաղուց իրենք կարոտ են մարդկային ոտնահետքերի։ Իհարկե, անտառում երեքից ոչ մեկը չէր վախենում։ Անտառը քարանձավ չէր և Գագիկն այստեղ իրեն զգում էր, ինչպես տանը։ Գագիկի վստահությունը վարակել էր նաև Արամին ու Հասմիկին, որոնք պատանի բնագետի օգնությամբ, մեկը մյուսի ետևից յուրացնում էին անտառի դասերը. սովորում ծառատեսակները, ծանոթանում թռչունների և կենդանիների սովորույթներին, վարժվում ուտելի հատապտուղները ոչ ուտելիներից տարբերելու գործում։ Մի խոսքով, դա հաճելի և օգտակար ճանապարհորդություն էր, և նրանք մեծ ուրախությամբ կհամաձայնեին, որքան կարելի է երկար մնալ անտառում, եթե չլիներ գյուղի միտքը։ Ո՞վ գիտե, քանի օր էին մնացել քարանձավում բանտարկված՝ երե՞ք, չո՞րս, տա՞սը, քսա՞ն... Երեքն էլ համոզված էին, որ գյուղում հիմա անհանգստացած կլինեն։ Անհանգստացա՞ծ... դա լավագույնն էր՝ ամենալավագույնը։ Նրանք ճանաչում էին իրենց մայրիկներին ու հայրիկներին՝ լավ էին ճանաչում։ Հիշում էին, թե նրանք ինչ էին անում նույնիսկ մեկ-երկու ժամ ուշանալու համար, իսկ հիմա՝ ամբողջ օրեր... քարանձավում եղած ժամանակ այդ մասին չէին մտածել, ժամանակ չէին գտել։ Գյուղում անհանգստացած լինելու միտքը նրանց գլուխն էր մտել քարե բանտից ազատվելուն պես, և այլևս չէր բաժանվել։ Նույնիսկ գիշերը՝ երազում, նրանք տեսնում էին, թե հարազատներն ինչպես են տանջվում իրենց համար։ Տեսնում էին նրանց վիշտը, լացուկոծը, ամբողջ գյուղի անհանգստությունը...
Նախորդ օրվա նման, այդ օրն էլ սկսվեց գիշերը տեսած երազներով։ Պարզվեց, որ քնելուց առաջ ունեցած խոսակցության տպավորության տակ երեքն էլ տեսել են նման երազներ՝ համարյա միևնույնը։
Խոսակցությունն սկսեց Հասմիկը.
— Գիշերը նորից մեր տանն էի,— ասաց և փորձեց ժպտալ։ Չստացվեց, ընդհակառակը դեմքն աղավաղվեց, դարձավ մի տեսակ լալկան,— մայրիկը լաց էր լինում՝ հոնգուր-հոնգուր, ասում էր. «կորավ, էլ չեմ տեսնի...» ։ Հայրիկը չէր լալիս։ Ծխում էր և լուռ քայլում սենյակի մի ծայրից մյուսը։ «Գոնե մի խոսք ասա, մի բառ,— խնդրում էր մայրիկը,— գոնե վիրավորիր ինձ, ասա, որ այս բոլորն իմ մեղքով է եղել»։ Իսկ հայրիկը ոչինչ չէր ասում, ծխում էր և քայլում՝ սենյակի մի ծայրից մյուսը։
— Նույնն էլ ես եմ տեսել,— արցունքը սրբող Հասմիկին նայելով, կիսաձայն ասաց Արամը,— միայն թե իմ մայրիկը արդեն լաց չէր լինում։ Ավելի ճիշտ, չէր կարողանում լաց լինել։ Երևի շատ էր լացել։
— Մեր արածր հանցագործություն է,— հեկեկաց Հասմիկը։
Արամը գլխով համաձայնության նշան արեց։ Գագիկը նայեց նրան ու հակառակ ուղղությամբ շարժեց գլուխը՝ համաձայն չէր։
— Հանցագործություն,— փնթփնթաց նա,— կարծես դիտմամբ արեցինք։ Պատահականություն էր, մենք ի՞նչ մեղք ունենք։ Եթե իմանայինք նույնիսկ հին ամրոց էլ չէինք գնա, գետափ չէինք իջնի, սարից չէինք փախչի...
Արևը պահվել էր մութ, կապարագույն ամպերի ետևում, արևը չէր երևում և ճանապարհի ուղղությունը գտնելու համար Գագիկն օգտվեց ծառերի բներին կպած մամուռներից։ Չսխալվելու համար ստուգեց մի քանի ծառ։ Հետոկանգնեց մեջքով դեպի մամուռները, ձեռքերը տարածեց կողք՝ աջ ու ձախ, որոշեց արևմուտքն ու արևելքը...
Ճանապահն սկսել էր փոքր-ինչ զառիթափ դառնալ։ Դրանից քայլելը դժվարացել էր և Գագիկն առաջարկեց օգտվել ձեռնափայտից։ Գետնին թափված ճյուղերի միջից անմիջապես գտավ իրեն հարկավորը՝ ամուր և ուղիղ փայտակտորներ։ Երկուսն ընտրեց։ Առաջին ընտրածը տվեց Հասմիկին, երկրորդը վերցրեց իրեն։ Մինչ այդ, Արամն էլ իր համար ձեռնափայտ գտավ։ Պարզվեց, որ իսկապես, դրանց օգնությամբ քայլելը հեշտանում է։
Ճանապարհ ընկնելուց անցել էր երկու ժամից փոքր-ինչ ավելի։ Արամն արդեն մտածում էր նախաճաշ սկսելու մասին, երբ հանկարծ ականջին հասավ ջրի խոխոջյուն։ Գագիկը, որը նույնպես լսել էր ձայնը, ուրախացած նայեց ընկերներին.
— Լսո՞ւմ եք։
— Առու է,— նկատեց Արամը։
— Կամ գետ,— ասաց Գագիկն ու առաջ վազեց։
Պարզվեց, որ նա ճիշտ էր գուշակել. աղմկողը գետ էր։
Նրանց մոտենալուն պես գետափի ջուրը միանգամից փրփրեց՝ մեջը լցվող գորտերի գլուխկոնծիներից։
— Հիմարներ,— ծիծաղեց Գագիկը,— կարծում են ձկներին թողած իրենց ենք ուտելու։
— Ձո՞ւկ,— Հասմիկն ուրախացած ժպտաց։ Ձանձրացել էր երկու օր անընդմեջ սունկի խորոված ուտելուց։
Գագիկը գլխով արեց.
— Այո, ձուկ։
— Իսկ ինչպե՞ս կբռնենք,— ավելի շատ կասկածելով, քան հետաքրքրությունից հարցրեց Հասմիկը։
— Կտեսնես, կիմանաս,— խորամանկ ժպտաց Գագիկն ու քայլեց դեպի մոտակա ուռին։
— Լսիր, Գագիկ,— ընկերոջ ետևից ձայնեց Արամը, որն արդեն տեղավորվել էր հարմար մի տեղ ու ոտքերը մտցրել զովասուն, սառը ջրի մեջ,— սա ի՞նչ գետ է։
— Սովորական գետ,— Գագիկը ետ չնայեց,— երկու ափով և արանքը լցված H₂O֊ով։
— Ես լուրջ բան եմ ասում։ Սա մեր գետը չէ՞։
— Մեր գետն է,— հանգիստ պատասխանեց Գագիկը և սկսեց կտրատել ուռենու շիվերը՝ հատուկ ընտրությամբ ամենամատղաշները։
Հասմիկը չհամբերեց, ինչպես սունկ հավաքելու ժամանակ՝ նորից գնաց Գագիկի ետևից։ Աղջիկը ուշադիր հետևում էր նրա շարժումներին և ոչինչ չէր հասկանում։
— Դրանք ինչի՞դ են պետք։
— Ձկների համար։
— Բռնելո՞ւ։
— Բռնելու։
— Իսկ գետն ավելի հեշտ կհասցնի տեղ, չէ՞,— հարցաքննությունը շարունակեց Հասմիկը։
— Իհարկե,— Գագիկր հավաքած շիվերը մեկնեց նրան,— պահիր։
— Սրանից հետո ափով կգնանք, չէ՞։
Արամը, որ ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում նրանցից, բռունցքով խփեց գետնին։ «Ինչպես էլ գլուխները կպցրել են իրար, կարծես հազար տարվա ծանոթ աղունիկներ լինեն,— նա ոչ մի կերպ չէր ուզում համոզվել, որ Հասմիկին Գագիկն ավելի է դուր գալիս, քան ինքը։ Թե ինչի մասին էին զրուցում Գագիկն ու Հասմիկը նա, իհարկե, չգիտեր և չէր էլ ուզում իմանալ։ Միևնույն է, բոլոր խոսակցությունները նրան կթվային գաղտնագրված՝ իր աչքերին թոզ փչելու համար։
Արամը նորից խփեց կանաչներին։ Այս անգամ զայրացել էր ինքն իր վրա. «Հիմար շերեփուկ, մի խելոք բան չգիտես, որ պատմես, կարողանաս զբաղեցնել»։ Նա ոտքերը հանեց ջրից։
Հասմիկը տեսավ ու հեռվից ձայնեց.
— Սա՞ռն էր։
— Անմահական ջւոր է,— պատասխանեց Արամը։
— Սառը չէ՞։
— Չէ։ Մի քիչ զով է, ը՛հ,— Արամը ցցեց բութ մատը,— հաճույք։
— Հաճույքը ձուկ ուտելուց հետո կտեսնես,— միջամտեց Գագիկը։
Քիչ անց, նրանք երեքն էլ նստել էին գետափին, ոտքերը կախել ջրի մեջ և ուշադիր հետևում էին ուռենու ճյուղերից գործած զամբյուղին, որ Գագիկը լցրել էր որդերով ու իջեցրել ջուրը։ Գագիկը գիտեր, որ այդ եղանակով ձուկ բռնելը երկար ժամանակ է պահանջում և մի փոքրիկ դասախոսություն էր սկսել գորտերի մասին։ Սկզբում նա պատմեց գորտերի սննդամիջոցների մասին, իսկ այնուհետև անցավ նրանց ապրելակերպի մյուս հարցերին.
— Ամենահետաքրքիրն այն է, որ ձմեռելու համար գորտերը հեռանում են գետից, բավական շատ՝ մոտ մեկուկես-երկու կիլոմետր։ Իսկ ձմեռն անցնելուն պես շտապում են ետ...
«Թե ինչ հետաքրքիր բան կա այս տափակության մեջ»,— մտածեց Արամը։
Գագիկը ոգևորված շարունակում էր.
— Դե, մեզ համար այդ մեկուկես֊երկու կիլոմետր անցնելը դատարկ բան է, իսկ նրանց համար... շատ է դժվար։ Իհարկե, հարցը տարածությունը չէ, այլ կողմնորոշվելը։ Գորտերը նորից պիտի վերադառնան ետ՝ գետը։ Պատկերացնո՞ւմ եք, ճանապարհը գտնում են առանց սխալվելու։ Գիտնականները այդ մասին երկար են մտածել։ Սկզբում կարծում էին, որ գորտերը կողմնորոշվում են միայն արեգակով։ Բայց պարզվեց, որ կռկռանները ճանապարհը չեն կորցնում նաև ամպամած եղանակներին, որովհետև կողմորոշվում են հոտառությամբ ու լսողությամբ...
— Զամբյուղը շարժվեց,— ընկերոջը հրեց Արամը։
Գագիկը ընդհատեց խոսքն ու քաշեց զամբյուղը, որի նեղլիկ բերանից անմիջապես երևացին մանրիկ ձկնիկները։ Գագիկը զամբյուղը շրջեց խոտերի վրա։
— Քիչ է,— ասաց Արամը։
— Էլի կբռնենք,— համաձայնեց Գագիկն ու նորից զամբյուղը իջեցրեց գետի մեջ, բերանը՝ հոսանքի հակառակ ուղղությամբ։
— Սրանք ի՞նչ ձկներ են,— հարցրեց Հասմիկը։
— Տարբեր,— Գագիկը փորձեց բռնել կանաչների վրա խլվլացող ձկներից մեկը՝ իրեն ամենամոտը,— ա՛յ, օրինակ սա հաշամ է,— Գագիկը դեռ չէր կարողացել բռնել։ Մի ձեռքով դժվար էր, իսկ նրա մյուս ձեռքն զբաղված էր՝ ղամբյուղի պոչն էր պահել։— Գիշատիչ ձուկ է, տես, դրա համար էլ բերանն այսքան մեծ է, իսկ ատամները, եթե բերանը բացես, կտեսնես, երկու շարք են ու կեռ կարթի պես։
— Բա ո՞նց ճանաչեցիր, որ սա հաշամ է,— ընդհատեց Արամը,— հը՞,— անձավից դուրս գալուց հետո նա անընդհատ հարցեր էր տալիս Գագիկին՝ ոչ այնքան հետաքրքրությունից, որքան ընկերոջը փակուղու առաջ կանգնեցնելու ցանկությունից։
Բայց Գագիկն այս անգամ էլ չպարտվեց.
— Հաշամին ճանաչելը հեշտ է,— ասաց նա,— դունչը սուր է, իսկ բերանը տեղավորված է դնչի ծայրին։ Խռիկաճեղքերն էլ, տես, ինչքան լայն են, քիչ է մնում մատս տեղավորվի։— Այդպես էլ Գագիկին չհաջողվեց բռնել ժիր ու ճարպիկ հաշամին և ցույց էր տալիս հեռվից։— Հետո, թեփուկներն էլ, ուշադրություն դարձրու թիկունքի կողմից թեփուկները թուխ են, կողագծից ներքև բաց֊կանաչավուն, արծաթափայլ երանգով։
Հաշամի հետ հարցերն արդեն ավարտված էին և Գագիկն անցավ մյուսին։
— Իսկ այս մյուսները,— այս անգամ նրան հաջողվեց բռնել ձկներից մեկին,— ճապալ է, կոչվում է նաև փիչխոլ, զմբուռն։ Ավելի մեծերը համարյա չեն հանդիպում։ Շատ արագաշարժ ձուկ է՝ կրակի կտոր։ Գիշատիչ էլ չէ։ Ընդհակառակը, ուրիշ ձկներն են սրանց ուտում...
Այստեղ Արամը նորից ընդհատեց Գագիկին. «Բավական է, ինչքան գիտելիքներդ ցույց տվեցիր» , — մտածեց նա և ասաց.
— Զամբյուղիդ նայիր։
— Հա՛, կարող է լցված լինի,— համաձայնեց Գագիկը։
Իսկապես, զամբյուղում ձկնիկներ կային։ Արամը նկատեց նրանց թեփուկների փայլն ու վեր կացավ տեղից։ Առանց կոշիկները հագնելու գնաց կրակի պատրաստություն տեսնելու, իսկ Հասմիկը մի քիչ էլ մոտեցավ Գագիկին ու հարցրեց.
— Գիտե՞ս ինչ հիշեցի։
Պատասխանելուց առաջ Գագիկը նորից դատարկեց ձկները, հետո զամբյուղը կրկին դրեց ջրի մեջ և նոր միայն ասաց.
— Չդիտեմ։
— Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ կկուն իր ձվերը ուրիշ թռչունների բներում է դնում, հա՞։
— Ճիշտ է,— Գագիկը գլխով արեց,— բայց այդպիսի բան թռչուններից քչերն են անում։ Հիմնականում նրանք գերադասում են ձվերը դնել սեփական բներում։
— Հա՞։
— Իհարկե, աշխարհում գոյություն ունի թռչունների 8600 տեսակ, որոնցից միայն մեկ տոկոսն է պարազիտ կյանք վարում՝ այսինքն օգտվում ուրիշների աշխատանքից։ Դրանք հիմնականում արևադարձային շրջանների թռչուններն են։
— Իսկ թռչունների ձուն ուտել կարելի՞ է,— հետաքրոքրվեց Հասմիկը։
— Կարելին՝ կարելի է, միայն թե անխղճություն է։ Ես թռչնի ձու երբեք չեմ կերել։
— Իսկ հավի ձո՞ւ,— Հասմիկը ժպտաց,— ի՞նչ տարբերություն։
Գագիկն ուսերը թոթվեց.
— Չգիտեմ, բայց թռչնի ձու չեմ ուտում։
Ոչ հեռվից լսվեց Արամի ձայնը.
— Գագիկ, խարույկը այստեղ եմ պատրաստում։
Գագիկը նայեց, տեսավ տեղն ու գլխով արեց.
— Պատրաստիր։
— Հասմիկ, լուցկին բեր։
— Իսկ հետո կաղնու տերևներ հավաքեք,— Արամի կողմը վազող Հասմիկի ետևից ձայնեց Գագիկը,— որքան կարող եք մեծերից՝ ձկները փաթաթելու համար։
Հասմիկը գլխով արեց ու վազեց։
{{ԵրեքԱստղ}}
Խորովածն սպասածից համեղ ստացվեց։
Այդ խոստովանեց նույնիսկ Արամը, որը քարանձավից դուրս գալուց հետո դարձել էր խիստ նրբաճաշակ և անընդհատ թերություններ էր գտնում Գագիկի պատրաստած ուտելիքներում։
— Այս անգամ ինքդ քեզ գերազանցեցիր,— երրորդ ձկան հետ հաշիվները մաքրելուց հետո հայտարարեց նա ու մտերմիկ թփթփացնելով ընկերոջ ուսին, ավելացրեց,— շարունակությունը վերցնում եմ ինձ վրա։
— Այսի՞նքն,— հարցական ժպտաց Հասմիկը։
— Լուծում եմ մրգի հարցը։
— Շատ շնորհակալություն, երեկվա թթված խնձորներից հետո ատամներիս խելքը դեռ գլուխը չի եկել։ Մենակ վայելիր գտածդ միրգը։ Բարի ախորժակ։
— Իմանայիր ի՜նչ միրգ եմ գտել...
Գագիկը, որ մինչ այդ մնացել էր կիսահանգած խարույկի մոտ և անտարբեր հետևում էր խոսակցությանը, բարձրացավ տեղից։
— Վերջ։ Դատարկախոսությունն ավարտում ենք ու շարժվում,— ասաց նա, նախաճաշից ավելացած ձկները տեղավորեց ուսապարկում և ընկավ առաջ։
— Սպասիր, ընկեր Դարվին,— ձեռքը նրա ետևից մեկնեց Արամը,— շատ ես շտապում, մորուտն այս կողմում է,— նա ցույց տվեց ճանապարհից աջ անտառի ուղղությամբ,— հիսուն քայլ էլ չկա, ուտենք ու շարժվենք։
— Մորի՞,— զարմացավ Հասմիկը։
Արամը գլխով արեց, այսինքն՝ այո։ Իսկ Գագիկը անփույթ թափ տվեց ձեռքը.
— Դատարկ բան է, քո գտած մորին քացախից չի տարբերվի։
— Իհարկե,— վիրավորվեց Արամը,— լիքը բան գտնելը քո մասնագիտությունն է, մերը դատարկ կլինի։
Գագիկը չէր ցանկանում վիրավորել ընկերոջը։ Փոշմանեց ասածի համար.
— Իզուր ես վիրավորվում։
— Իսկ ի՞նչ անեմ։ Ես ասում եմ, իսկ դու... Չէ՞ որ արդեն համտես եմ արել փայտ հավաքելիս։ Այնքան քաղցր էր։ Այդքան քաղցր մորի դեռ չէի հանդիպել։
Գագիկը զարմացած թոթվեց ուսերը.
— Չե՞ս կատակում։
Այս անգամ արդեն Արամը զայրացավ։
— Զզվեցնում ես քո կասկածամտությամբ, — բողոքեց նա,— ես երդվում եմ, իսկ դու...
— Ախր ո՞վ է տեսել, որ ամառվա այս ժամանակ հասած մորի լինի,— բացատրեց Գագիկը,— դա անհնար բան է։
— Իսկ ես ասում եմ, որ աչքովս եմ տեսել։ Ասում եմ, որ նույնիսկ կերել եմ։
Հասմիկը, որ հեռացել էր գետափին թողած կոշիկները վերցնելու, նորից մոտեցավ։ Տեսավ, որ տղաները դեռ շարունակում են վեճը, ծիծաղեց, թափահարեց ուսերին թափված մազերը և մերթ մեկին, մերթ մյուսին նայելով ասաց.
— Վիճելու բան եք գտել, հա՜... այսքան ժամանակ հինգ անգամ մորուտ հասած կլինեինք ու վերադարձած։ Իսկ դուք մեխվել եք տեղում ու համոզում եք իրար. «Հասած չի լինի»։ «Ազնիվ խոսք, հասած է»։ «Բայց ո՞վ է տեսել»։ «Ես եմ տեսել»։ «Ո՞վ է կերել» «Ես եմ կերել»։ Հետո՞,— նա ծիծաղեց և կտրուկ շարժումով դեմքին թափված մազերը մի կողմ տանելով, սլացավ Արամի ցույց տված ուղղությամբ։
Տղաները գնացին նրա ետևից։
Մորուտը մեծ էր՝ փոխված զառիթափի արևկող լանջին, և մորին էլ իսկապես հասած էր՝ հյութեղ ու խոշոր։ Առանց ժամանակ կորցնելու Արամն ու Հասմիկը ձեռնամուխ եղան հատապտուղները համտես անելուն, իսկ Գագիկն սկսեց շուրջը զննել։ Քիչ անց, մորու ժամանակից շուտ հասնելու գաղտնիքը արդեն պարզված էր՝ պատճառը տեղանքի չափից ավելի արևկող լինելու մեջ էր։ Արամն ու Հասմիկը վրա տված ճաշակում էին հասած պտուղները, Իսկ Գագիկը կանգնել նրանց կողքին և ոգևորված բացատրում էր այն կարևոր նշանակությունը, որ ունեն արևի ճառագայթները՝ բույսի հասունացման գործում։ Ընկերները համարյա չէին լսում, զբաղված էին ուտելով։ Վերջապես Գագիկը հասկացավ, որ ժամանակն անցնում է և դասախոսությունը հետաձգեց մեկ այլ, ավելի հարմար ժամանակի։ Նա նույնպես հետևեց Արամի ու Հասմիկի օրինակին։ Մորին իսկապես համեղ էր։ Դրանում համոզվեց անմիջապես, երկու կամ երեք հատապտուղ ճաշակելուց հետո և խոստովանեց.
— Ճիշտ որ, այսպիսի մորի դեռ չէի կերել։
— Իսկ դու փիլիսոփայում էիր,— հաղթանակած ժպտաց Արամը,— դե իմացիր, որ բնությունբ միայն քո սեփականությունը չէ, բա...
— Պարծենկոտ,— մորուց կարմրած շուրթերը մաքրելով հեգնեց Հասմիկը։
— Լավ էլի, Հասմիկ, կարծես բերանիս դրված կողպեք լինես։ Հենց մի բառ եմ ասում, անմիջապես։
— Դու էլ դրանից քաշվում ես, չես կարողանում ինքդ քեզ կարգին գովել, չէ՞։
— Պատկերացրու, այո։
Նրանք արդեն հոգնել էին ուտելուց, քաշվել մի կողմ և սպասում էին Գագիկի վերջացնելուն։ Երկու քայլ հեռու ընկած էր հաստաբուն մի ծառ։ Արամը մոտեցավ ծառին, նստեց և Հասմիկին նույնպես առաջարկեց նստել.
— Նստեք հանգստացեք, ընկեր քննադատ։
Հասմիկը չհրաժարվեց.
— Շնորհակալություն։
— Շատ ծանր եք տեղավորվում,— նկատեց Գագիկը, որ աչքի ծայրով հետևում էր նրանց,— կարծես մի դար նստած եք մնալու։ Ես արդեն վերջացնում եմ։
Նա միանգամից պոկեց չորս կամ հինգ մորի և ուտելով մոտեցավ ծառաբնին։ Հասմիկն ու Արամը ավարտել էին իրենց կիսավեճ-կիսակատակը և հիմա զբաղված էին ծառի չորացած կեղևները պոկելով։ Թե ինչն էր նրանց ստիպել զբաղվելու այդ տաղտկալի գործով, Գագիկը չհասկացավ և, թերևս դա հասկանալու նպատակով էր, որ սկսեց ուշադրությամբ հետևել ընկերների աշխատանքին։ Հետաքրքիր ոչինչ չկար. սովորական ծառ էր, սովորական կեղև՝ տեղ֊տեղ հեշտ պոկվող, տեղ֊տեղ էլ դժվար։ Կեղևի վրա համաչափ գնում-գալիս էր Հասմիկի ոտքը՝ բարակ, երկար։ Գագիկը նայեց ոտքին և անմիջապես էլ տեսավ մատնաչափ մորմը, որ սողում էր դեպի աղջկա ոտքը։ Գագիկը վախեցած ճչաց.
— Ութոտնուկը, փախիր։
Հասմիկն ու Արամը շփոթված նայեցին նրան։ Վերջինս զայրացավ ընկերների անտարբերությունից, ցատկեց տեղից, հասավ Հասմիկին ու ամբողջ ուժով քաշեց նրա թևը.
— Չե՞ս լսում։ Ութոտնուկը, թունավոր մորմը, ո՞ւմ եմ ասում։
Թունավոր բառը վախեցրեց Հասմիկին։ Նա թռավ տեղից։ Արամը նույնպես հեռացավ ծառից։ Գագիկի երկրորդ բացականչությունը նրանց երկուսին էլ լավ վախեցրել էր։ Բայց միաժամանակ մեծ էր նաև հետաքրքրությունը։
— Ի՞նչն էր քեզ սարսափեցրել,— առժամանակ նայելուց և վտանգավոր ոչինչ չհայտնաբերելուց հետո, հետաքրքրրվեց Հասմիկը։
— Օ՞ձ էր,— ավելացրեց Արամը։
— Չէ՛, չէ՛, մորմ՝ թունավոր ութոտնուկ,— Գագիկը մյուսներից ավելի մոտեցավ ծառաբնին և մատով ցույց տվեց վառ֊շագանակագույն մի բվեճ, որ շարժվում էր կեղևի ճեղքում։— Ա՛յ սա՝ մորմը։
Ցույց տվածն՝ արտաքուստ սովորական միջատ էր՝ առջևի աքցանաձև վերջավորություններով և ութ հատ, ասես մասնատված՝ ջարդված ու շատ վատ կպցրած ոտքերով։ Ոտքերը դասավորված էին չորսականէ յուրաքանչյուր կողմում։ Մարմնի ետևի մասից ձգվում էր պոչը՝ կեռ թրի պես կլորված ու կազմված առանձին՝ մեղեսիկի հատերի պես մանրիկ մասնիկներից։ Պոչի ամենավերջին հատվածը սուր էր, ինչպես ասեղ։
— Հենց դա էլ խայթիչն է,— պոչի սրված ծայրը ցույց տալով բացատրեց Գագիկը,— մորմը սովորաբար չի թունավորում, այսինքն օձի նման ակտիվ չէ։ Մորմին մինչև չկպչես, մինչև վնաս չհասցնես՝ չի կծի։ Բայց խայթածը խայթած է, օձի թույնից ուժեղ։
— Այդ մատնաչափի՞կը,— Արամը հիասթափված նայեց Գագիկին, հետո թափով գնաց դեպի ընկած ծառը։
Կռահելով ընկերոջ մտադրությունը Գագիկը նրան թույլ չտվեց մոտենալ ծառին.
— Սպասիր,— կանգնեցրեց նա,— չմոտենաս։ Կատաղած է, կխայթի։
— Լավ, բայց ո՞վ է նրան կատացեցրել,— զարմացած հարցրեց Հասմիկը։
— Երկուսիցդ մեկը։ Նստած ժամանակ թափահարել եք ոտքերդ ու պատահաբար խփել նրան։
— Բայց ախր դրա եղածն ի՞նչ է, որ,— Արամը նորից հոխորտաց,— նույնիսկ ամոթ է դրանից վախենալը։
— Դե լավ, լավ,— տեսնելով, որ Արամին խոսք հասկացնել չի հաջողվում, ասաց Գագիկը և առանց նրա թևը թողնելու քայլեց դեպի ճանապարհը,— գնանք։
Արամն ստիպված ենթարկվեց՝ գնաց Գագիկի ու Հասմիկի հետ, իհարկե, չմոռանալով իր անհիմն դատողությունները բվեճի մասին։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում ինքն իրեն համոզել, որ այդ պստլիկ միջատը իսկապես կարող էր իրենց լուրջ վնաս պատճառել։ Գագիկը փորձում էր համոզել նրան՝ օրինակներ էր բերում, դեպքեր, փաստեր հիշում...
Ամպերը, որ առավոտյան ծածկել էին երկինքը՝ պատռվեցին, ծվեն֊ծվեն եղան և գլխապատառ սկսեցին փախչել դեպի հորիզոնի անիրական գիծը։
Եռյակը շարժվում էր գետի ափով՝ հոսանքն ի վեր։
=== Գլուխ վեցերորդ ===