Changes

Տրիբունալ

Ավելացվել է 12 115 բայտ, 10:43, 26 Սեպտեմբերի 2016
/* Տեսարան երրորդ */
Պոդոպլելով։ Իսկ իմ կարծիքով, այդ ժողովուրդն է հուզվում։
 
 
==Տեսարան չորրորդ==
 
Կիթառով բարդը։ Հայտնվում է Լարիսան։
 
Լարիսա։ Բարև ձեզ։
 
Բարդ։ Ողջույն։
 
Լարիսա։ Դե, ի՞նչ է կատարվում։
 
Բարդ։ Բացարձակապես ոչինչ։
 
Լարիսա։ Իսկ ես լսել եմ, ժողովուրդը հուզվում է, պահանջում է ազատել Պոդոպլեկինին։
 
Բարդ։ Կհուզվի, կաղմկի, հետո նրան կհանգստացնեն։ Դրա համար ունենք ՕՄՈՆ, մահակներ, էլեկտրոշոկերներ, ջրցաններ, ավտոզակեր։ Ժողովուրդը հուզվում է, իսկ դատավարությունը շարունակվում է։ Ահա, նայեք, նրանք արդեն գալիս են։
 
Տրիբունալի մասնակիցները զբաղեցնում են իրենց տեղերը։
 
Նախագահ (Տրիբունալի անդամներին)։ Կոլլեգաներ, մենք պետք է նկատի ունենանք, որ այս դատավարությունը ձգձգվեց և դարձավ անառողջ աղմուկի պատճառ մեր երկրում և արտասահմանում, որտեղ մեղադրյալը ներկայացված է համարյա թե որպես հերոս, մարդու իրավունքների պաշտպան և խղճի բանտարկյալ։ Այդ պատճառով էլ առաջարկում եմ այնպիսի հարցեր տալ, որպեսզի բացահայտվի մեր մեղադրյալի բարոյական պատկերը։ (Թխկացնում է մուրճով։ Դիմում է դահլիճին։) Շարունակվում է դատաքննությունը Պոդոպլեկով Լեոնիդ Լեոնիդովիչի գործով։ Հարցաքննության համար հրավիրվում է վկա Սոլյոնայան։
 
Քարտուղար։ Զելյոնայան, ձերդ պատվություն։
 
Նախագահ։ Զելյոնայան։ Նա այստե՞ղ է։
 
Զելյոնայա։ Այստեղ եմ։
 
Նախագահ։ Բարձրացեք վերև։ (Զելյոնայան բարձրանում է։)
Ձեր ազգանունը, անունն ու հայրանունը։
 
Զելյոնայա։ Զելյոնայա Ալբինա Ռոբերտովնա։
 
Նախագահ։ Դուք ճանաչո՞ւմ եք մեղադրյալին։
Զելյոնայա։ Այո, մենք աշխատում ենք նույն ֆիրմայում։
 
Նախագահ։ Ինչպիսի՞ ծառայողական հարաբերություններում եք գտնվում։
 
Զելյոնայա։ Մենք կոլլեգաներ ենք։ Նա ինժեներ է, իսկ ես գովազդային բաժնում զբաղվում եմ մեր ապրանքների առաջխաղացմամբ շուկայում և արդեն ինքնուրույն, բայց ղեկավարության հավանությամբ, աշխատում եմ նպաստել աշխատակիցների մշակույթային հանգստին։ Կազմակերպում եմ էքսկուրսիաներ ռազմական փառքի տեղերով, այցելություններ թանգարաններ, թատրոններ, աղոթքների, կարճ ասած, տարբեր կորպորատիվ միջոցառումներ։
 
Նախագահ։ Մեղադրյալը նույնպե՞ս մասնակցում էր այդ բոլորին։
 
Զելյոնայա։ Այո, երբեմն։
 
Նախագահ։ Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարող եք ասել նրա մասին։
 
Զելյոնայա։ Ոչ մի լավ բան։
 
Մեղադրող։ Տրամաբանական է։ Ասացեք, վկա, իսկ այս թատրոն դուք նրան ուժո՞վ բերեցիք։
 
Զելյոնայա։ Ի՜նչ եք ասում։ Ես նրան առաջարկեցի տոմսեր, նա հետաքրքրվեց վերնագրով, հարցուփորձ արեց, թե ինչի մասին է։ Ես ասում եմ, չգիտեմ, բայց լսել եմ, որ այնտեղ կարծես ինչ֊որ մեկին դատում են։
 
Մեղադրող։ Իսկ նա՞։
 
Զելյոնայա։ Իսկ նա ասում է․ «Շատ հետաքրքրիր է։ Ես, ասում է, ― սիրում եմ, երբ ինչ֊որ մեկին դատում են»։
 
Նախագահ։ Երբ ինչ֊որ մեկին, այլ ոչ թե իրեն։
 
Մեղադրող։ Եթե նա նախօրոք հետաքրքրվել է դատավարությամբ, կարո՞ղ ենք մենք համարել, որ նա այստեղ է եկել կանխամտածված։
 
Զելյոնայա։ Կարծում եմ, կարող ենք այդպես համարել։
Մեղադրող։ Ասացեք, վկա․․․ Մեղադրյալի բարոյական կերպարը մեզ համար ինչ֊որ չափով պարզ է։ Բայց ինձ հետաքրքրում է, նա մենա՞կ էր, թե ուներ մեղսակիցներ։
 
Զելյոնայա։ Հստակ ասել չեմ կարող։ Բայց նա շատ մտերիմ էր Տերյոխինի հետ, նրանք, ես գիտեմ, միասին շախմատ էին խաղում։
 
Պաշտպան։ Տերյոխինն էլ է այստե՞ղ։
 
Զելյոնայա։ Այո, պետք է որ այստեղ լինի։ Կարծում եմ, ինչ֊որ տեղ նստած է։ Իսկապես, ահա նա, տեսնո՞ւմ եք։
 
Նախագահ (ուշադիր նայելով)։ Նա որ մոխրագույն պիջակո՞վ է, այո՞։
 
Զելյոնայա։ Այո, զոլավոր։
 
Նախագահ։ Այո, այո, տեսնում եմ։ Իսկ ինչո՞ւ է այդքան հեռու նստած։ Ավելի լավ տոմսեր չճարե՞ց։
 
Զելյոնայա։ Ոչ, բոլոր տոմսերն էլ լավն էին, մինչև վեցերորդ կարգը։ Երևի ինչ֊որ մեկի հետ տեղը փոխել է։ Նա արդեն այդպիսի սովորություն ունի, նույնիսկ մեր ժողովների ժամանակ բոլորի ետևն է նստում։
 
Նախագահ։ Լավ, թող նստի։ (Դեպի դահլիճ։) Դուք, Տերյոխին, պատրաստվեք, դուք նույնպեսյ մեզ պետք կգաք։ (Մեղադրողին։) Էլի հարցեր ունե՞ք վկային։
 
Մեղադրող։ Ունեմ։ (Զելյոնյային։) Ասացեք, վկա, մեղադրյալը երբևիցե չի՞ արտահայտվել մեր դատական համակարգի աննդունելիության մասին, իր կենդանական ատելությունը արտահայտել դատարանի անդամների հանդեպ։
 
Զելյոնայա։ Բարձրաձա՞յն։ Ոչ, այդպիսի բան ես նրանից չեմ լսել։
 
Մեղադրող։ Եթե դուք չեք լսել, մյուսները չեն լսել, գուցե դա միայն վկայում է մեղադրյալի գաղտնապահության մասին, այն մասին, որ նա շատ վարպետորեն թաքցնում է իր իսկական էությունը։
 
Զելյոնայա։ Այդ մասին ես կարծես չեմ մտածել։
 
Մեղադրող։ Հենց այն է, որ չեք մտածել։ Պետք էր մտածել։ Եթե դուք և ձեր աշխատակիցները ժամանակին այդ մասին մտածեիք, անհանգստություն արտահայտեիք, հանցագործությունը կարելի էր կանխարգելել։
 
Զելյոնայա։ Դուք ճիշտ եք։ Մենք պետք է դա հաշվի առնենք, անհրաժեշտ հետևություններ անենք։
 
Պոդոպլեկով։ Սրիկա։
 
Նախագահ։ Մեղադրյալ, վերջ տվեք ձեր արտահայտություններին։
 
Զելյոնայա։ Ոչինչ, ես արդեն վարժվել եմ դրան։
 
Մեղադրող (հետաքրքրված)։ Ինչ է, նա հաճա՞խ է ձեզ վիրավորել։
 
Զելյոնայա։ Պատահում էր։ (Հուզվելով։) Ես, իհարկե, չեի ուզում խոսել, բայց քանի որ նա իրեն այդպես է պահում, կասեմ։ Ընդհանրապես պետք է ասել, որ Լեոնիդ Լեոնիդովիչ․․․
 
Նախագահ։ Ոչ թե Լեոնիդ Լեոնիդովիչ, այլ մեղադրյալ․․․
 
Զելյոնայա։ Ներեցեք։ Մեղադրյալը կռվարար բնավորություն ունի, ամբարտավան է, բոլորին վերևից է նայում։ Պարծենում է, որ իր IQ ավելի բարձր է, քան մյուսներինը, իսկ ինքը մինչև հիմա հին «Ժիգուլի» է քշում։ Բոլորն արդեն տեղափոխվել են օտարերկրյա մեքենաներ, իսկ նա դեռ տռտռացնում է իր երրորդի վրա։ Իր աշխատակիցների հանդեպ բացարձակապես անտարբեր է։ Մենք այնքա՜ն երկար տարիներ նստել ենք նույն սենյակում դեմ֊դիմաց․․․ Եվ գիտեք, երբեմն սանրվածքդ ես փոխում, կամ գալիս ես նոր հագուստով․․․ Գոնե մի անգամ ասեր․ «Ալլեչկա, ինչ հոյակապ տեսք ունես»։
 
Նախագահ։ Ոչ թե Ալլեչկա, այլ վկա։
 
Զելյոնայա։ Գոնե հարցներ․ «Վկա, այդ որտե՞ղ ես այդքան սևացել» Իսկ այդ ի՞նչ պայուսակ է։ Իսկապե՞ս «Լուի Վիտտոն» է։ Դուք չեք հավատա, բայց այդքան տարիների ընթացքում նույնիսկ իրեն նեղություն չտվեց հիշել իմ ծննդյան օրը։ (Հեկեկալով։) Եվ ընդհանրապես, որոշեց ամուսնանալ կողմնակի կնոջ հետ, չնայած նրան, որ ֆիրմայում ունենք մեր կանանց, որոնք ավելի վատը չեն։
 
Լարիսա (թռչում է բեմ)։ Այդ ո՞վ ոչ ավելի վատը չէ։ Երևի դո՞ւ։ Լյոնյան ինձ միշտ ասել է․․․
 
Նախագահ (սպառնալից)։ Ով, ով է ասե՞լ։
 
Լարիսա։ Մեղադրյալը, մեղադրյալը ասում էր, որ վկայի ոտքերը կարճ են, իսկ քիթը երեք մարդու համար է աճել, բայց միայն իրեն է հասել։
 
Պոդոպլեկով (կշտամբանքով)։ Լա՜րա։
 
Զելյոնայա (ամբարտավան)։ Չգիտեմ, ում և ինչ է ասել։ Նա ինձ ասում էր, որ քիթս հունական է։
 
Լարիսա։ Հին հունական։
 
Մեղադրող։ Ձերդ պատվություն, տեսնո՞ւմ եք, մեկին մի բան է ասել, մյուսին՝ ուրիշ բան։
 
Պաշտպան։ Ձերդ պատվություն, այդ նկատողությունը գործի հետ կապ չունի։
 
Նախագահ։ Դուք ազատ եք։ (Զելյոնայան իջնում է դահլիճ։)
Հարցաքննության համար հրավիրվում է վկա Տերյոխինը։ Տերյոխինն այստե՞ղ է։ (Լռություն։) Ես հարցնում եմ, որտե՞ղ է Տերյոխինը։
 
Զելյոնայա (դահլիճից)։ Հենց նոր նա այնտեղ էր նստած։
 
Քարտուղար։ Քիչ առաջ ես էլ եմ նրան այստեղ տեսել։
 
Մեղադրող (սարկազմով)։ Նա էլ է տեսել։ Պետք էր ոչ թե տեսնել, այլ կալանավորել։ Չէ՞ որ նախօրորք պարզ էր, որ նա կփախչի։
 
Պաշտպան։ Ոչ։ Դա դժվար էր կանխագուշակել։ Առավել ևս, որ նրա կողքին մարդիկ կային։
 
Մեղադրող։ Իսկապես որ, մարդիկ կային։ Պետք է տեսնել, թե այդ ինչ մարդիկ էին։ Գուցե նրանք էլ են ուզում փախչել։
Ադմին, Վստահելի
1876
edits