Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 100 849 բայտ, 15:13, 23 Դեկտեմբերի 2016
Մի վերջնական ակնարկ ևս գցելով քարտեզի վրա և հիշելով այն հայտարարությունները, որ արվել են վեր բարձրացված օրգանական էակների վերաբերյալ, մեծ զարմանք ենք զգում այն տարածությունների ընդարձակության նկատմամբ, որոնք ենթարկվել են մակարդակի դեպի վեր կամ ներքև կատարվող փոփոխության, երկրաբանական ոչ հեռավոր մի պերիոդում։ Նաև թվում է, թե բարձրացման և իջեցման շարժումները հետևում են գրեթե նույն օրենքներին։ Ատոլներով բռնված ամբողջ տարածություններում, որտեղ չկա լեռնային ոչ մի գագաթ՝ պետք է որ սուզումը վիթխարի չափերի հասած լինի։ Բացի այդ, անընդհատ թե պարբերական սուզումը, որի ինտերվալները բավականին երկար պետք է լինեն, որպեսզի կորալներն իրենց կենդանի ապարանքը նորից բերեն հասցնեն մակերեսին, անհրաժեշտաբար պետք է շատ դանդաղ տեղի ունեցած լինի։ Այս եզրակացությունը հավանորեն ամենակարևորն է, որն առաջանում է կորալային ֆորմացիաների ուսումնասիրությունից,— այլապես ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ ճանապարհով մենք կարող ենք հանգել նման եզրակացության։ Եվ ոչ էլ կարող եմ անտեսել բարձր կղզիներով մի նախկին ընդարձակ արշիպելագի գոյության հավանականությունը, որտեղ այժմ միայն կորալային ժայռի օղակները հազիվ խանգարում են ծովի մակարդակի միօրինակությունը։ Դրանով մասամբ հնարավոր կլիներ բացատրել այլ բարձր կղզիների կենդանի էակների բաշխումը,— կղզիներ, որոնք այժմ գտնվում են իրարից անչափ հեռու մեծ օվկիանոսների մեջտեղում։ Ռիֆ-կառուցող կորալները, հիրավի, կառուցել և պահպանել են մակարդակի ստորերկրյա ճոճումների զարմանալի հուշարձաններ. յուրաքանչյուր բարիեր-ռիֆում մենք տեսնում ենք մի ապացույց այն բանի, որ ցամաքն այդ մասում իջել է, և յուրաքանչյուր ատոլում՝ մի կոթող այժմ կորած կղզու վրա։ Այսպիսով մենք, նման այն երկրաբանին, որն ապրել է իր տասը հազար տարիները և արձանագրել է անցնող փոփոխությունները, կարող ենք որոշ չափով խորը թափանցել այն մեծ սիստեմի մեջ, որով երկրագնդի մակերեսը կոտրտվել է և ցամաքն ու ջուրը փոխանակել են իրենց տեղերը։
 
 
==ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱՎՐԻԿԻԱՅԻՑ ԴԻՊԻ ԱՆԳԼԻԱ==
 
<FONT SIZE="-2">Մավրիկիա կղզին, նրա գեղանկար տեսարանը.— Լեռների կրատերաձև մեծ օղակը.— Հնդիկներ.— Սուրբ Հեղինեի կղզին.— Բուսականության փոփոխության պատմությունը.— Ցամաքային խեցիների անհետացման պատճառը.— Համբարձման կղզին.— Ներմուծված առնետների փոփոխականությունը.—Հրաբխային ռումբեր.— Ինֆուզորային շերտեր.— Բահիա.— Բրազիլիա.— Արևադարձային տեսարանների շքեղությունը.— Պեռնամբուկո.— Տարօրինակ ռիֆ.— Ստրկություն.— Վերադարձ դեպի Անգլիա.— Ամփոփում մեր ճանապարհորդության։</FONT>
 
'''Ապրիլի 29.'''— Առավոտյան բոլորեցինք Մավրիկիայի կամ Ֆրանսիական կղզու հյուսիսային ծայրը։ Այս կետից կղզու տեսքն արդարացնում էր այն ակնկալանքները, որոնք առաջացել են նրա գեղեցիկ տեսարանների բազմաթիվ հայտնի նկարագրություններից։ Կղզու առաջամասը կազմում էր Պամպլեմուսների թեք հարթավայրն իր ցրված տներով և գունավորված բաց-կանաչ շաքարեղեգի ընդարձակ դաշտերով։ Ավելի աչքի էր ընկնում կանաչի շողշողունությունը, որովհետև այդ մի գույն է, որը սովորաբար նկատելի է դառնում միայն շատ փոքր հեռավորությունից։ Կղզու կենտրոնում այս վերին աստիճանի մշակված հարթավայրի միջից բարձրանում էին անտառածածկ լեռների խմբեր. նրանց գագաթները, ինչպես առհասարակ լինում էին հրաբխային հին ապառաժները, հերձվելով կազմել էին ամենասուր կետեր։ Սպիտակ ամպերի զանգվածները հավաքվել էին այս սրածայր գագաթների շուրջը, կարծեք թե ուզում էին հաճոյացնել օտարականի աչքը։ Ամբողջ կղզին իր թեք ափերով և կենտրոնական լեռներով պճնված էր մի կատարյալ վայելուչ կերպարանքով. տեսարանը, եթե թույլ տրվի ինձ այսպիսի արտահայտություն անել, աչքին ներդաշնակ էր երևում։
 
Հաջորդ օրվա մեծ մասն անցկացրի քաղաքի շրջակայքն զբոսնելով և զանազան մարդկանց այցելելով։ Քաղաքը բավականին մեծ է, և ասում են, որ ունի 20000 քնակիչ։ Փողոցները շատ մաքուր են և կանոնավոր։ Թեև կղզին շատ տարիներ է, որ անգլիական իշխանության տակ է գտնվում, բայց վայրի ընդհանուր բնույթն ամբողջովին ֆրանսիական է. անգլիացիք իրենց ծառաների հետ խոսում են ֆրանսերեն, և բոլոր խանութները ֆրանսիական են. ինձ թվում է, թե Կալեն կամ Բուլոնը շատ ավելի են անգլիականացել, քան այս վայրը։ Այստեղ կա մի շատ գեղեցիկ փոքրիկ թատրոն, որտեղ հիանալի ներկայացնում են օպերաներ։ Մենք զարմացել էինք նաև՝ տեսնելով գրավաճառի մեծ խանութներ, գրքերով ծանրաբեռնված դարակներով,— երաժշտությունն ու ընթերցանությանը ցույց են տալիս մեր մոտենալը քաղաքակրթության հին աշխարհին, որովհետև իսկապես և՛ Ավստրալիան, և՛ Ամերիկան նոր աշխարհներ են։
 
Փողոցից քայլող մարդկային տարբեր ցեղերը Պորտ Լուի քաղաքին չափազանց հետաքրքրական տեսք են տալիս։ Դատապարտյալները Հնդկաստանից այստեղ են աքսորվում մինչև իրենց կյանքի վերջը. ներկայումս նրանց թիվը մոտ 800 է, և նրանց օգտագործում են հանրային տարբեր գործերում։ Նախքան այս մարդկանց տեսնելը ես չգիտեի, թե Հնդկաստանի բնակիչներն այսպես ազնվատեսք կերպարանք ունեն։ Նրանց մորթին վերին աստիճանի մութ է, և ծերերից շատերն ունեին ձյան սպիտակության մեծ բեղեր և մորուքներ. այս և նրանց կրակոտ արտահայտությունը նրանց կատարյալ պատկառելի տեսք էր տվել։ Նրանց մեծ մասն աքսորվել էր մարդասպանության և ամենավատ ոճիրների համար. մյուսներն՝ այնպիսի պատճառներով, որ հազիվ թե համարվի բարոյական սխալ, օրինակ՝ սնոտիապաշտական տրամադրությունից դրդված չեն հնազանդվել անգլիական օրենքներին։ Այս մարդիկ սովորաբար հանգիստ են և լավ վարքի տեր։ Տեսնելով նրանց արտաքին վարքը, մաքրությունը, հավատարիմ կերպով հետևելն իրենց կրոնական տարօրինակ արարողություններին, անկարելի էր նրանց և Նոր Հարավային Ուելսի մեր դատապարտյալների վրա նայել միևնույն աչքով։
 
'''Մայիսի 1.'''— Կիրակի։ Մի հանգիստ զբոսանք կատարեցի քաղաքից հյուսիս՝ ծովափի երկայնքով։ Այս մասում հարթավայրը բոլորովին անմշակ է. նա ներկայացնում է սև լավայի մի դաշտ՝ կոշտ կանաչով և թփերով ծածկված. վերջինս մեծ մասամբ բաղկացած է '''միմոզաներից'''։ Տեսարանը կարելի է համարել իր բնույթով Գալապագոսի և Տաիտիի տեսարանների միջանկյալը, բայց այս բնորոշումը շատ քչերին կարող է այդ վայրի մասին ճիշտ պատկերացում տալ։ Այս շատ հաճելի երկիր է, բայց նա չունի ոչ Տաիտիի հմայքը և ոչ էլ Բրազիլիայի մեծաշքությունը։ Հաջորդ օրը բարձրացա Լա Պուսը, մի լեռ, որն իր անունն ստացել է բթամատանման ցցվածքից, որն անմիջապես քաղաքի հետևից բարձրանում է մինչև 2600 ոտնաչափ բարձրություն։ Կղզու կենտրոնը ներկայացնում է մի մեծ պլատֆորմ՝ շրջապատված խորտուբորտ հին բազալտային լեռներով, որոնց շերտերն իջնում են դեպի ծովը։ Կենտրոնական պլատֆորմը, որը կազմվել է համեմատաբար նոր ժամանակների լավայի հոսանքներից, օվալ (ձվաձև) ձև ունի, որի կարճ առանցքն ունի աշխարհագրական տասներեք մղոն երկարություն։ Արտաքին շրջապատող լեռներն ընկնում են կառուցվածքի այն դասի մեջ, որ կոչվում է բարձրության կրատերներ, որոնք, ենթադրվում է, թե կազմվել են ոչ սովորական կրատերների ձևով, այլ մեծ և հանկարծակի բարձրացումով։ Ինձ թվում է, թե այս տեսակետին դեմ կլինեն անհաղթելի առարկություններ. մյուս կողմից՝ հազիվ թե հավատամ այս և մի քանի այլ դեպքերում, որ այս եզրային կրատերաձև լեռները սոսկ հիմքի մնացորդներն են ահռելի հրաբուխների, որոնց գագաթները կամ խորտակվելով հեռացել են կամ կուլ գնացել ստորերկրյա անդունդներին։ Մեր բարձրացած դիրքից վայելում էինք մի սքանչելի տեսաըան կղզու վրա։ Այս մասում կղզին երևում էր լավ մշակված, բաժանված լինելով դաշտերի, որոնք զարդարված էին ագարակատներով։ Սակայն ինձ հավատացնում էին, որ ամբողջ կղզուց պրոդուկտիվ վիճակում է գտնվում դեռ ոչ ավելի քան կեսը. եթե այդ այդպես է, նկատի ունենալով նրա այժմյան շաքարի մեծ էքսպորտը, ապա այս կղզին ապագայում, երբ խիտ բնակեցված կլինի, մեծ արժեք կունենա։ Անգլիայի կողմից այդ կղզին գրավվելուց հետո, մի ժամանակաշրջան, որը միայն քսան հինգ տարի է, նրա շաքարի արտահանումն աճել է յոթանասունհինգ անգամ։ Նրա բարգավաճման մի գլխավոր խթանը ճանապարհների սքանչելի վիճակն է։ Հարևան Բուբբոն կղզում, որը մնում է ֆրանսիական իշխանության տակ, ճանապարհները գտնվում են նույն ողորմելի վիճակում, ինչպես որ այստեղ էին միայն մի քանի տարի առաջ։ Թեև ֆրանսիացի բնակիչները մեծ չափով օգտվել են իրենց կղզու աճող բարգավաճումից, սակայն անգլիական կառավարությունը հեռու է ժողովրդական շինելուց։
 
'''Մայիսի 3.'''— Երեկոյան կապիտան Լլոյդը՝ ընդհանուր վերատեսուչը, որը հայտնի է Պանամայի պարանոցի մասին իր հետազոտություններով, մր. Ստոքսին և ինձ հրավիրեց իր ամառանոցը, որը զետեղված է Ուիլիեմի հարթավայրի ծայրին, քաղաքից մոտ վեց մղոն հեռավորության վրա։ Այս բերկրալի տեղում մնացինք երկու օր. գտնվելով ծովից մոտ 800 ոտնաչափ բարձրության վրա, օդը զով էր և թարմ և ամեն կողմ կային բերկրալի զբոսավայրեր։ Այդ վայրին շատ մոտիկ մի տեղ, մոտ 500 ոտնաչափ խորությամբ բացվել էր մի մեծ հեղեղատ՝ փոքր թեքության լավայի հոսանքի միջից, որը պետք է հոսած լիներ կենտրոնական պլատֆորմից։
 
'''Մայիսի 5.'''— Կապիտան Լլոյդը մեզ տարավ Ռիվիեր Նուարի (Սև գետակ) ափերը, որը գտնվում է մի քանի մղոն դեպի հարավ, որպեսզի ես կարողանայի քննել բարձրացած կորալի մի քանի ապառներ։ Մենք անցանք հաճելի պարտեզների միջով և գեղեցիկ դաշտերով, որտեղ լավայի ահռելի կույտերի վրա աճում էր շաքարեղեգը։ Ճանապարհները եզերված էին միմոզայի ցանկատունկերով, և շատ տների մոտ կային մանգոյի<ref>Մանգո (Mangifera indica) — չափազանց արժեքավոր պտղատու ծառ է։ Նրա պտուղը, որը նույնպես մանգո է կոչվում, բարեխառն գոտու խնձորի նման լինում է տարբեր ձևի, ծավալի, գույնի և բուրմունքի ու համի։ Նրա բազմաթիվ փոփոխակներից մի քանիսը համարվում են ամենահամեղ արևադարձային պտուղը։ ''Ծ. Թ.''</ref> ծառուղիներ։ Մի քանի տեսարաններ, որտեղ սուր գագաթներով բլուրները և մշակված դաշտերը երևում էին միասին, վերին աստիճանի նկարագեղ էին, և մենք գայթակղված՝ անընդհատ բացագանչում էինք. «Որքա՜ն հաճելի կլիներ մարդու համար ամբողջ կյանքն անցկացնել այստեղ»։ Կապիտան Լլոյդն ուներ մի փիղ, և ճանապարհի կեսը փիղը մեզ հետ էր։ Մենք հեծել էինք փղին իսկական հնդիկի ձևի։ Ինձ ամենից շատ զարմացնում էր այն, որ փիղն իր քայլերն անելիս ոչ մի ձայն չէր լսվում։ Առայժմ ամբողջ կղզում այս միակ փիղն է, բայց ասում էին, որ ուրիշներն էլ են ստացվելու։
 
'''Մայիսի 9.'''— Դուրս եկանք Պորտ Լուի քաղաքից և, հանդիպելով Բարեհուսո հրվանդանին, հուլիսի 8-ին ժամանեցինք Սուրբ Հեղինեի կղզին։ Այս կղզին, որի նզովյալ տեսքը շատ հաճախ է նկարագրվել, հանկարծակի բարձրանում է, ահռելի սև դղյակի նման, օվկիանոսի միջից։ Քաղաքի մոտ փոքրիկ բերդերը և թնդանոթները լցնում են այդ խորտուբորտ ժայռի վրայի բացվածքները, կարծեք թե լրացնում են բնության պաշտպանությունը։ Քաղաքը երկարաձգված է մի նեղ և հարթ հովտում, տներն ունեն կարգին տեսք, որոնց միջև ցրված են սակավաթիվ կանաչ ծառեր։ Խարսխակայանին մոտենալիս մեր առջև բացվեց մի ուշագրավ տեսարան. մի անկանոն դղյակ թառել էր մի բարձր բլրի կատարին և շրջապատված էր եղևնու մի քանի ցրված ծառերով, որոնք տարածվել էին երկնքի դիմաց։
 
Հաջորդ օրը ես ձեռք բերի մի օթևան, որը Նապոլեոնի դամբարանի<ref>Այս նյութի վերաբերյալ հատորներով հեղեղվող պերճախոսությունից հետո վտանգավոր է մինչև անգամ դամբարանը հիշատակելը։ Մի արդի ճանապարհորդ տասներկու տողով բեռնավորում է այս փոքրիկ խեղճ կղզին հետևյալ տիտղոսներով — այդ մի շիրիմ է, դամբարան, պիրամիդ, գերեզմանատուն, գերեզման, գետնադամբան, վիմադամբան, մինարեթ, մավզոլեում։</ref> մոտն է գտնվում, այդ տեղից քցած քարը կարող էր հասնել դամբարանին։ Այդ մի հիմնական կենտրոնական տեղ էր, որտեղից ես կարող էի էքսկուրսիաներ կատարել բոլոր ուղղություններով։ Այն չորս օրվա ընթացքում, որ ես մնացի այստեղ, թափառում էի կղզու վրա առավոտից մինչև երեկո և ուսումնասիրում նրա երկրաբանական պատմությունը։ Իմ օթևանները զետեղված էին մոտ 2000 ոտնաչափ բարձրության վրա. այստեղ եղանակը ցուրտ էր և փոթորկոտ՝ անձրևի անընդհատ տեղատարափով, և ժամանակ առ ժամանակ ամբողջ տեսարանը քողարկվում էր թանձր ամպերով։
 
Ափի մոտ խորտուբորտ լավան բոլորովին մերկ է. կենտրոնական և բարձր մասերում ֆելդշպատային ապառներն իրենց քայքայումից առաջացրել են կավային հող, որը, որտեղ որ չի ծածկված բուսականությամբ, գունավորված է բազմաթիվ պայծառ գույների մեծ երիզներով։ Այս սեզոնին ցամաքը խոնավանալով անընդհատ տեղումներից՝ առաջացնում է եզակիորեն վառ-կանաչ արոտ, որը հետզհետե, որքան իջնում ենք ներքև, թառամում և խամրում է և վերջապես անհետանում։ Այսպիսի լայնության (16°) տակ և չնչին (1500 ոտոնաչափ) բարձրության վրա զարմանալի է դիտել մի բուսականություն, որն ունի վճռականորեն անգլիական խարակտեր։ Բլուրները պսակված են շոտլանդական եղևնու անկանոն տունկերով, իսկ թեքվող թմբերի վրա խիտ տարածված են գենիստայի (Genista) թփուտներ՝ պայծառ դեղնավուն ծաղիկներով ծածկված։ Արտասվող ուռենիները տարածված են առվակների եզրերին, իսկ ցանկատունկերը պատրաստել են մորենուց, որը տալիս է բոլորին հայտնի իր պտուղը։ Երբ մենք նկատի ենք ունենում, որ այժմ կղզու վրա գտնվող բույսերի թիվը 746 է, և սրանցից միայն հիսուներկուսն են բնիկ տեսակներ, իսկ մնացածները ներմուծված բույսեր են, որոնց մեծ մասն Անգլիայից, ապա մեզ պարզ կլինի բուսականության անգլիական խարակտերը։ Այս անգլիական բույսերի մեծ մասն ավելի լավ են զարգանում այստեղ, քան իրենց մայրենի երկրում. մի քանիսը, որոնք բերված են Ավստրալիայից, նույնպես աճում են հիանալի լավ։ Ներմուծված բազմաթիվ տեսակները պետք է որ ոչնչացրած լինեն տեղական մի քանի տեսակների, և միայն ամենաբարձր և ամենաթեք բլրագոտիներն են, որոնց վրա տիրապետում է բնիկ ֆլորան։
 
Տեսարանի անգլիական կամ, ավելի ճիշտ, վալիսյան խարակտերն այստեղ զգալիորեն ուժեղանում է բազմաթիվ խրճիթներով և փոքրիկ սպիտակ տներով, մի քանիսն ամենախորը հովիտների հատակին թաղված և մի քանիսն էլ բարձր բլուրների կատարներին թառած։ Տեսարաններից մի քանիսն ուշագրավ են, ինչպես, օրինակ, երբ դիտում ենք սըր Ու. Դվտտոնի տան մոտից, որտեղ մի ցցված կատար, որ կոչվում է Լոտ, երեում է եղևնիների մութ անտառի վերևից, ամբողջի հետևում գտնվում են հեղեղներից մաշված հարավային ափի կարմիր լեռները։ Դիտելով կղզին մի բարձունքից, առաջին հանգամանքը, որ գրավում է մարդու ուշադրությունը, այդ ճանապարհների և բերդերի թիվն է, այն աշխատանքը, որ ծախսվել է հանրային գործերի համար, եթե նկատի չունենանք, որ այդ կղզին ծառայում է որպես աքսորավայր, բոլորովին չի համապատասխանում ո՛չ կղզու ծավալին և ո՛չ էլ արժեքին։ Այնքան փոքր է կղզու հարթ կամ օգտակար մակերեսը, որ մարդ զարմանում է, թե ի՛նչպես են կարողանում այդքան մարդիկ, մոտ 5000, ապրել այնտեղ։ Ցածր խավերը կամ ազատագրված ստրուկները կարծում են, որ ծայր աստիճան աղքատ են. նրանք տրտնջում են անգործությունից։ Ամենայն հավանականությամբ աղքատությունն էլ ավելի կմեծանա՝ շնորհիվ քաղաքացիական ծառայողների թվի կրճատման, որովհետև Արևելյան Հնդկաստանի ընկերությունը այդ կղզուց ձեռք է քաշել, որի հետևանքով հարուստների մեծ մասն այդտեղից կգաղթի։ Բանվոր դասակարգի գլխավոր սնունդը կազմում են բրինձը՝ քիչ աղած մսի հետ միասին. որովհետև այս նյութերից ոչ մեկը կղզու պրոդուկտները չեն, այլ պետք է գնել փողով, ուստի ցածր աշխատավարձերը դառն են խոսում աղքատ բնակչության մասին։ Այժմ, երբ բնակչությունն օժտված է ազատությամբ, մի իրավունք, որ, իմ կարծիքով, նրանք գնահատում են լրիվ չափով, հավանորեն նրանը թիվն արագ կմեծանա. եթե այդ այդպես է, հապա ի՞նչ է լինելու Սուրբ Հեղինեի փոքրիկ պետության վիճակը։
 
Իմ ուղեկցողը մի ծեր մարդ էր, որն իր մանկությունից այծարած էր եղել և ծանոթ էր ապառաժների յուրաքանչյուր կետին։ Նա բազմաթիվ ցեղերի խառնուրդ էր և, թեև մուգ մորթով, նա չուներ խառնածնի անդուրեկան արտահայտությունը։ Նա շատ քաղաքավարի, հանգիստ բնավորության տեր մարդ էր, և այդպես է ցածր խավերի մեծ մասի նկարագիրը։ Իմ ականջների համար տարօրինակ էր լսել գրեթե սպիտակած և պատշաճ հագնված մի մարդու՝ այդքան անտարբեր կերպով իր ստրկական ժամանակների մասին խոսելիս։ Իժ ընկերոջ հետ ամեն օր երկար զբոսանքներ էր անում, նա իր հետ վերցնում էր մեր ուտելիքը և մի կոտոշ ջուր, որը շատ անհրաժեշտ է, որովհետև ներքևում՝ հովտում ջուրն աղի է։
 
Վերին և կենտրոնական կանաչ շրջանի տակ վայրի հովիտները կատարյալ ամայի են և դատարկ։ Այստեղ երկրաբանի համար կային վերին աստիճանի հետաքրքրական տեսարաններ, որոնք ցույց էին տալիս հաջորդական փոփոխություններ և բարդ խանգարումներ։ Ըստ իմ տեսակետին Սուրբ Հեղինեն որպես կղզի գոյություն է ունեցել շատ հեռավոր մի էպոխայից սկսած. սակայն ցամաքի բարձրացման վերաբերյալի դեռ մնում են մի քանի աղոտ ապացույցներ։ Ես ենթադրում եմ, որ կենտրոնական և ամենաբարձր կատարները՜ կազմում են մի մեծ կրատերի եզրի մասերը, որի հարավային կեսն ամբողջովին հեռացրել են ծովի ալիքները. բացի այդ, կա սև բազալտային ապառների մի արտաքին պատ, նման Մավրիկիայի ափերի լեռներին, որոնք ավելի հին են, քան կենտրոնական հրաբխային հոսանքները։ Կղզու բարձր մասերում պատահում է հողի մեջ թաղված զգալի թվով մի խեցի, որը երկար ժամանակ է, որ համարվում է ծովային տեսակ։ Կան ապացույցներ, որ սա մի Cochlogena է կամ մի չափազանց յուրահատուկ ձևի ցամաքային խեցի.<ref>Ուշադրության արժանի է այն, որ այս խեցու բոլոր բազմաթիվ նմուշները, որ ես գտել եմ մի կետում, որպես որոշակի փոփոխակ տարբերվում են մի այլ շարք նմուշներից, որոնք գտնվել են մի այլ կետում։</ref> նրա հետ ես գտա վեց այլ տեսակ, և մի այլ կետում՝ մի ութերորդ տեսակ։ Նշանակալի է այն, որ այժմ սրանցից ոչ մեկը հայտնի չէ որպես ապրող տեսակ։ Նրանց անհետացման պատճառը հավանորեն եղել է անտառների ամբողջովին ոչնչացումը, հետևաբար և սննդի և ապաստարանի կորուստը, որը տեղի է ունեցել անցյալ դարի առաջին մասում։
 
Չափազանց հետաքրքրական է այն փոփոխությունների պատմությունը, որոնց ենթարկվել են Լոնգվուդ և Դեդվուդի բարձրացած հարթավայրերը, ինչպես այդ տեսնում ենք այս կղզու մասին գեներալ Բեթսոնի զեկուցագրում։ Ասում են, որ երկու հարթավայրերն էլ հին ժամանակներում ծածկված են եղել անտառներով, և այդ պատճառով անվանվել են Մեծ Անտառներ։ Դեռ 1716 թվին կային շատ ծառեր, բայց 1724 թվին հին ծառերը մեծ մասամբ տապալված էին, և որովհետև այծերն ու խոզերն ազատ թափառում էին այնտեղ, բոլոր փոքր ծառերը ոչնչանում էին։ Պաշտոնական արձանագրություններից երևում է, որ անսպասելիորեն մի քանի տարի հետո ծառերին փոխարինում է կոշտ խոտը, որը տարածվում է ամբողջ կղզու մակերեսին։<ref>Beatson’s „St. Helena”. Introductory chapter, p. 4.</ref> Գեներալ Բեթսոնն ավելացնում է, որ այժմ այս հարթավայրը «ծածկված է ընտիր մարգով և դարձել է կղզու արոտատեղի ամենաընտիր կտորը»։ Մակերեսի այն տարածությունը, որ հին ժամանակ հավանորեն ծածկված է եղել անտառով, հաշվվում է ոչ պակաս քան երկու հազար ակր.<ref>Մեկ ակրը հավասար է մnտ 0,4 հեկտարի։ ''Ծ. Թ.''</ref> ներկայումս հազիվ թե այնտեղ գտնվի մի ծառ։ Ասում են նաև, որ 1700 թվին Սենդիի ծոցում մեծ քանակությամբ չորացած ծառեր կային, այս վայրն այժմ ամբողջովին այնպես անապատ է, որ եթե այդպիսի արժանահավատ մի վկայություն չլիներ, ոչ մի բան չէր կարող հավատացնել ինձ, թե երբևէ այնտեղ ծառ աճել է։ Թվում է թե ապացուցված փաստ է, որ խոզերը և այծերը ոչնչացրել են բոլոր երիտասարդ ծառերը՝ ցատկելով վեր, և որ ժամանակի ընթացքում ծեր ծառերը, որոնք ապահով էին նրանց հարձակումից, տապալվել են տարիքից։ Այծերն այստեղ ներմուծվել են 1502 թվին. ութսունվեց տարի հետո, Կեվենդիշի ժամանակ, նրանք շատ էին բազմացել։ Ավելի քան մի դար հետո, 1731 թվին, երբ չարիքը լրիվ էր և անդարմանելի, մի հրաման է տրվում, որ բոլոր թափառող կենդանիները պետք է ոչնչացվեն։ Այսպիսով շատ հետաքրքրական է գտնել, որ նոր կենդանիների մուտքը Սուրբ Հեղինեի կղզին 1501 թվին՝ չփոխեց կղզու ամբողջ տեսքը մինչև երկու հարյուր քսան տարի անցնելը, որովհետև այծերն այնտեղ ներմուծվել են 1502 թվին, իսկ 1724 թվին ասված է, որ «ծերացած ծառերը մեծ մասամբ տապալվել էին»։ Քիչ կասկած կարող է լինել, որ բուսականության այս մեծ փոփոխությունը ոչ միայն ազդել է ցամաքային խեցիների վրա, պատճառելով ութ տեսակի անհետացումը, այլ նաև ազդել է բազմաթիվ միջատների վրա։
 
Սուրբ Հեղինեի կղզին գտնվելով այնքան հեռու որևէ մայր ցամաքից, մեծ օվկիանnuի մեջտեղում և ունենալով եզակի ֆլորա, գրգռում է մեր հետաքրքրությունը։ Ցամաքային ութ խեցիները, թեև այժմ անհետացած, և այժմ ապրող Succinea — հանդիսանում են յուրահատուկ տեսակներ և ուրիշ ոչ մի տեղ չեն գտնվում։ Մր. Կըմինդը, սակայն, ինձ տեղեկացնում է, որ անգլիական մի խխունջ (Helix) տարածված է այստեղ, անկասկած նրա ձվերն այստեղ են եկել ներմուծված բազմաթիվ բույսերից մի քանիսի հետ։ Մր. Կըմինդն ափից հավաքել է տասնվեց տեսակ ծովախեցի, որոնցից յոթը, որքան ինձ հայտնի է, սահմանափակված է այս կղզում։ Թռչունները և միջատները,<ref>Ես զարմացել էի՝ այս մի քանի միջատների մեջ գտնելով մի փոքրիկ Aphodius (nov. spec.) և մի Oryctes, որոնք երկուսն էլ չափազանց առատ են աղբակույտերի տակ։ Կղզին հայտնաբերելիս, իհարկե, չորքոտանի չի եղել այստեղ, բացառությամբ գուցե մի մկան. ուստի դժվար խնդիր է դառնում որոշել այն, թե այս աղբակեր միջատները տեղակա՞ն են, թե պատահաբար են ներմուծված. եթե տեղական են, հապա ինչո՞վ են սնվել նրանք հնում։ Պլատայի ափերին, որտեղ ձիերի և խոշոր եղջերավոր անասունների մեծ թվի առկայությունից կանաչի ընտիր դաշտերը հիանալի պարարտանում են, չեն պատահում այն բազմատեսակ աղբակեր բզեզները, որոնք այնքան առատ տարածված են Եվրոպայում։ Ես դիտեցի միայն մի Oryctes (այս սեռի միջատները Եվրոպայում սնվում են միայն քայքայված բուսական նյութերով) և Phanaeus-ի երկու տեսակ, որոնք տարածված են նման վայրերում։ Կորդիլյերների հակառակ կողմում՝ Չիլոեում չափազանց առատ է Phanaeus-ի մի այլ տեսակ, և նա անասունների աղբը՝ մեծ գնդակների ձևով, թաղում է գետնի տակ։ Հիմք կա հավատալու, որ Phanaeus սեռը, նախքան խոշոր եղջերավոր անասուններ ներմուծելը, գործել է որպես մարդկանց համար փողոցները մաքրող։ Եվրոպայում այն բզեզները, որոնք կախված են այն սննդանյութից, որն արդեն իր դերն այլ մեծ կենդանիների կյանքի նկատմամբ մի անգամ կատարել է, այնքան շատ են թվով, որ նրանց տեսակների թիվը հարյուրից զգալի չափով ավելի է։ Նկատի ունենալով այս և տեսնելով այս տեսակի սննդի ահռելի քանակությունը, որ կորչում է Լա Պլատայի հարթավայրերում, ինձ թվում էր, թե ես տեսնում եմ մի դեպք, որտեղ մարդը կտրում է այն շղթան, որով բազմաթիվ կենդանիներ կապված են իրար հետ իրենց մայր երկրում։ Վանդիմենի երկրում, սակայն, ես գտա կովերի աղբի տակ մեծ քանակությամբ չորս տեսակ Onthophagus, երկու՝ Aphodius, և մեկ տեսակ մի երրորդ սեռից, չնայած որ կովերի ներմուծումից մինչև այդ ժամանակը միայն երեսուներեք տարի էր անցել։ Ավելի առաջ այնտեղի միակ չորքոտանիները եղել են կենգուրուն և այլ փոքր կենդանիներ, և նրանց աղբն իր որակով շատ է տարբերվում մարդու ձեռքով ներմուծված կենդանիների աղբից։ Անգլիայում աղբակեր բզեզների մեծ մասը անտարբեր կերպով չեն սնվում ամեն տեսակի չորքոտանու աղբով։ Ուստի չափազանց նշանակալի է սովորության փոփոխությունը, որը պետք է տեղի ունեցած լինի Վանդիմենի երկրում։ Ես պարտավորված եմ զգում ինձ դեպի արժանապատիվ Ֆ. Ու. Հոպը, որը տվեց ինձ վերոհիչյալ միջատների անունները, և հուսով եմ, որ թույլ կտա ինձ անվանելու իրեն իմ միջատաբանության ուսուցիչը։</ref> ինչպես կարելի էր սպասել, թվով շատ քիչ են. իրավամբ ես կարծում եմ, որ բոլոր թռչուններն այստեղ ներմուծվել են վերջին տարիներում։ Կաքավները և փասյանները բավականին առատ են. կղզին այնքան անգլիականացել է, որ չի կարող չենթարկվել որսի խիստ կանոններին։ Ես լսել եմ այդ կանոններից բխող մի ավելի անարդարացի զոհողության մասին, քան երբևէ լսած կլինեմ մինչև անգամ Անգլիայում։ Աղքատ ժողովուրդն առաջ որպես վառելիք գործածելիս է եղել մի բույս, որն աճում է ծովափի ժայռերի վրա, որի մոխրից էլ ստանում էին սոդա. բայց դուրս է գալիս մի բացարձակ հրաման, որով արգելվում է այս բույսը վառելը, պատճառաբանելով, թե կաքավները բուն շինելու տեղ չեն ունենա։
 
Իմ զբոսանքների ժամանակ ես ավելի քան մի անգամ անցա խոր հովիտներով շրջապատված այն կանաչ հարթավայրը, որի վրա գտնվում է Լոնդվուդը։ Մի փոքր հեռավորությունից դիտելիս նա նման է մի մեծարելի ջենտլմենի ամառանոցի։ Դիմացը կան մի քանի մշակված դաշտեր, իսկ հետևում գտնվում է գունավոր ժայռերի ողորկ բլուրը, որը կոչվում է Ֆլագշտոկ, և Բառնի խորտուբորտ քառակուսի սև զանգվածը։ Ընդհանուր առմամբ տեսարանն ավելի քան դժգույն էր և անհետաքրքրական։ Միակ անհարմարությունը, որից ես տառապում էի քայլելու ժամանակ, ուժեղ քամիներն էին։ Միլ օր ես նկատեցի մի հետաքրքրական հանգամանք. կանգնելով մի հարթավայրի ծայրին, որը վերջանում էր մոտ հազար ոտնաչափ խորությամբ մի գահավանդով, ես տեսա հեռվում քամու ուղղությունից մի քանի յարդ աջ մի քանի ծովային ծիծեռնակ, որոնք պայքարում էին մի ուժեղ քամու դեմ, մինչ իմ կանգնած տեղում օդը կատարյալ խաղաղ էր։ Ընդհուպ մոտենալով եզրին, որտեղ թվում էր թե հոսանքը շեղվում էր դեպի վեր գահավանդի երեսից, տարածեցի ձեռքս դեպի առաջ և անմիջապես զգացի քամու ամբողջ ուժը — մի անտեսանելի պատնեշ, երկու յարդ լայնությամբ, բաժանում էր բոլորովին խաղաղ օդը ուժեղ փոթորկից։
 
Ես այնպես էի վայելում իմ էքսկուրսիաները Սուրբ Հեղինեի լեռների և ապառաժների մեջ, որ ես կատարյալ տխրել էի, երբ ամսի 14-ին իջա քաղաք։ Կեսօրից առաջ արդեն նավումն էի, և «Բիգլ»-ը ճանապարհ ընկավ։
 
Հուլիսի 19-ին հասանք համբարձման կղզին։ Նրանք, ովքեր տեսել են չոր կլիմայի տակ զետեղված հրաբխային կղզի, անմիջապես կկարողանան պատկերացնել Համբարձման կղզու տեսքը։ Նրանք կպատկերացնեն կոնաձև, ողորկ բլուրներ՝ բաց-կարմիր գույնի, սովորաբար հատված գագաթներով, որոնք բարձրանում են անջատված սև, խորտուբորտ լավայի հարթ մակերեսից։ Կղզու կենտրոնում մի գլխավոր բարձունք կարծեք թե հայրն է մյուս համեմատաբար փոքր կոների։ Նա կոչվում է Կանաչ բլուր. նրա անունը վերցված է այդ գույնի ամենաաղոտ երանգից, որը տարվա այս ժամանակին պարզ երևում է խարսխակայանից։ Ամայի տեսարանը լրացնելու համար ափի սև ապառաժները ծեծվում են մի վայրի և աղմկարար ծովից։
 
Սետլմենտը գտնվում է ծովափին. նա բաղկացած է մի քանի տներից և բարակներից, անկանոն ձևով շարված, բայց լավ կառուցված սպիտակ որձաքարից։ Միակ բնակիչները ծովայիններն են և մի քանի նեգրեր՝ ստրկությունից ազատագրված, որոնց վճարում և ուտելիք է հայթայթում կառավարությունը։ Ոչ մի կողնակի մարդ չկա կղզում։ Երևում էր, որ ծովայիններից շատերը գոհ էին իրենց կացությունից. նրանք կարծում են, որ ավելի լավ է քսանմեկ տարի ափին ծառայել, ինչպես էլ ուզում է լինի այդ, քան նավում ծառայել. եթե ես ծովային լինեի, ամենայն սրտով կհամաձայնեի այս նախընտրությանը։
 
Հաջորդ առավոտը բարձրացա Կանաչ բլուրը, որն ունի 2840 ոտնաչափ բարձրություն, և այնտեղից քայլեցի կղզու միջով մինչև քամու կողմի գագաթը։ Սայլի մի լավ ճանապարհ անցնում է ափի սետլմենտից դեպի տները, պարտեզները և դաշտերը, որոնք գտնվում են կենտրոնական լեռան կատարին մոտիկ։ Ճանապարհի կողքին կան մղոնաքարեր, ինչպես և ցիստեռններ, որտեղ յուրաքանչյուր ծարավ անցորդ կարող է մաքուր ջուր խմել։ Նման հոգատարության ցուցաբերված է հիմնարկության յուրաքանչյուր մասում և մասնավորապես աղբյուրների կարգավորման գործում, այնպես որ չի կարող կորչել և ոչ մի կաթիլ ջուր. իսկապես ամբողջ կղզին կարելի է համեմատել մի մեծ նավի հետ, որը պահվում է առաջնակարգ վիճակում։ Հիանալով այն աշխույժ հարատև աշխատանքով, որն այդքան անշնորհակալ միջոցների օգտագործումով այդպիսի էֆեկտներ էր ստեղծել, միաժամանակ չէի կարող չափսոսալ, որ այդ ուժը վատնվել էր այդքան խղճուկ և չնչին նպատակի համար։
 
Այս ափի մոտ ոչինչ չի կարող աճել, ավելի ներս՝ երբեմն կարելի է հանդիպել կանաչ դյանագերչակի և սակավաթիվ մորեխների՝ անապատի հավատարիմ բարեկամների։ Կենտրոնական բարձրադիր գոտում գետնին ցրված կա քիչ կանաչ խոտ, և այդ ամբողջությամբ վերցրած՝ նման է Ուելսի լեռների ամենավատ մասերին։ Որչափ էլ աղքատ երևա արոտը, բայց և այնպես այնտեղ լավ պահվում է մոտ վեց հարյուր ոչխար, բազմաթիվ այծեր, մի քանի կով և ձի։ Տեղական կենդանիներից վխտում են մեծ թվով ցամաքային, խեչափառներ և առնետներ։ Առնետների իսկապես տեղական լինելու վրա կարելի է կասկածել. երկու փոփոխակ կա, ինչպես նկարագրել է մր. Ուոթըրհաուզը. մեկն ունի սև գույն, ընտիր թավշափայլ մորթով, և ապրում է կանաչոտ գագաթին, մյուսը թուխ գույնի է և նվազ փայլուն, նա ունի երկար մազեր և ապրում է ափին, սետլմենտին մոտիկ։ Այս երկու փոփոխակներն էլ ավելի փոքր են, քան սովորական սև առնետը (M. rattus), և նրանք տարբերվում են նրանից և՛ գույնով, և՛ մորթու բնույթով։ Բայց ուրիշ էական կողմերով չեն տարբերվում։ Հազիվ թե կասկածեմ) որ այս առնետները (հասարակ մկան նման, որը վայրենացել է) ներմուծված չլինեն, և ինչպես Գալապագոսի կղզիներում, այստեղ ևս նոր պայմանների ազդեցությամբ, որոնց նրանք ենթարկվել են, փոփոխվել են, այստեղից էլ առաջանում է գագաթի և ծովափի փոփոխակների միջև եղած տարբերությունը։ Չկա և ոչ մի տեղական թռչուն, բայց գվինեական հավը, որ ներմուծված է Կանաչ Հրվանդանի կղզիներից, բավականին առատ է, հասարակ հավը նույնպես վայրենացել է։ Մի քանի կատուներ, որոնք սկզբում ոչնչացնում էին առնետներին և մկներին, այնքան են աճել, որ մի մեծ չարիք են դարձել։ Կղզին ամբողջովին զուրկ է ծառերից. այդ պատճառով, ինչպես և յուրաքանչյուր այլ կողմով, նա շատ ետ է մնում Սուրբ Հեղինեի կղզուց։
 
Իմ էքսկուրսիաներից մեկի ժամանակ ես գնացի մինչև կղզու հարավ-արևմտյան վերջավորությունը։ Օրը պայծառ էր և շոգ, և ես տեսնում էի, որ կղզին չի ժպտում գեղեցկությամբ, այլ նա դուրս է ցցվել իր մերկ, ատելի տեսքով։ Լավային հոսանքները ծածկված են բլրակներով և այնքան խորտուբորտ են, որ երկրաբանական տեսակետից հեշտ չէ բացատրել. Ընդմիջվող տարածությունները ծածկված են պեմզայի մոխրի և հրաբխային տուֆի շերտերով։ Անցնելով կղզու այս ծայրի ծովափով՝ ես չէի կարողանում պատկերացնել, թե ի՛նչ սպիտակ կտորներ էին, որ երևում էին, որոնցով պիսակավորված էր ամբողջ հարթավայրը. այժմ ես գտա, որ սրանք ծովահավեր են, այնքան ինքնավստահ քնած, որ մինչև անգամ կեսօրին մեկը կարող էր քայլելով մոտենալ և բռնել նրանց։ Այս թռչունները միակ կենդանի արարածներն էին, որ ես տեսա ամբողջ օրը։ Ծովեզրին, թեև փչում էր թեթև զեփյուռ, մի մեծ կոհակ գլորվելով գալիս էր լավայի խորտուբորտ ժայռերի վրայով։
 
Այս կղզու երկրաբանությունը շատ կողմերով հետաքրքրական է։ Մի քանի տեղ ես նկատեցի հրաբխային ռումբեր, այսինքն՝ լավայի զանգվածներ, որոնք արձակվել են օդի մեջ հեղուկ վիճակում, հետևաբար և ստացել են գնդի կամ տանձի ձև։ Ոչ միայն արտաքին տեսքով, այլ որոշ դեպքերում նաև նրանց ներքին կառուցվածքը շատ հետաքրքրական ձևով ցույց է տալիս, որ նրանք պտտվել են իրենց օդային ճանապարհորդության ընթացքում։ Կենտրոնական մասը կոշտ բջջային է. այդ բջիջները դեպի դուրս գնալով փոքրանում են ծավալով. արտաքին կողմում կա կոմպակտ քարից խեցանման մի պատյան մոտ մեկ երրորդ մատնաչափ հաստությամբ, որի վրա նորից տարածվում է մանր բջջային լավայի արտաքին կեղևը։ Կարծում եմ քիչ կասկած կարող է լինել, որ, առաջին, արտաքին կեղևն արագ սառել է այն վիճակում, ինչ վիճակում մենք տեսնում ենք այժմ, երկրորդ, որ ներսի դեռ չսառած լավան փակվել է կենտրոնախույս, ուժից, որն առաջանում է ռումբի պտտվելուց՝ ընդդեմ արտաքին սառած կեղևի, և այսպիսով առաջացել է քարե պինդ ռումբը. և, վերջապես, որ կենտրոնախույս ուժը, փոքրացնելով ճնշման ուժը ռումբի ավելի կենտրոնական մասերում, թույլ է տվել, որ տաքացած գոլորշիներն ընդարձակեն իրենց բջիջները՝ այսպիսով կազմելով կենտրոնի կոշտ բջջային մասսան։
 
Մի բլուր, ավելի հին սերիայի հրաբխային ապառներից կազմված, որը սխալ կերպով նկատվել է որպես մի հրաբխի կրատեր, նշանակալի է, իր լայն, մի փոքր խոռոչավոր գագաթով՝ մոխրի և խարամի բազմաթիվ հաջորդական շերտերով լցված։ Այս սկահակալի ձևի գոգավոր շերտերը երևում են մակերեսին, եզրի վրա, կազմելով բազմաթիվ տարբեր գույների կատարյալ օղակներ, գագաթին տալով մի վերին աստիճանի ֆանտաստիկ տեսք։ Այս օղակներից մեկն սպիտակ է և լայն և նմանվում է այնպիսի մի կլոր շրջանի, որով քշում են ձիերին՝ վարժեցնելու համար. այս պատճառով էլ բլուրը կոչվել է Սատանայի ձիամարզարան։ Վարդագույն տուֆային շերտերից ես վերցրի մի քանի նմուշ, և վերին աստիճանի տարօրինակ փաստ է այն, որ պրոֆեսոր Էրենբերգը<ref>Monats. der König. Akad. d. Wiss. zu Berlin, April, 1845.</ref> գտնում է, որ այս գրեթե ամբողջ մասսան կազմված է օրգանիզմներ պարունակող նյութերից. նա հայտնաբերել է նրանց մեջ սիլիցիումային վահանով անուշ ջրի մի քանի ինֆուզորիա և ոչ պակաս քան քսանհինգ տարբեր տեսակի սիլիցիումային հյուսվածքի բույսեր, գլխավորապես խոտեր։ Բոլոր տեսակի ածխածնային նյութերի բացակայության պատճառով՝ պրոֆեսոր Էրենբերգը կարծում է, որ այս օրգանական մարմիններն անցել են հրաբխային կրակի միջից, և ժայթքել են այն վիճակում, որում մենք այժմ տեսնում ենք նրանց։ Շերտերի արտաքին տեսքն ինձ այն համոզման բերեց, որ նրանք, նստել են ջրի տակ, թեև կլիմայի ծայրահեղ չորությունն ստիպեց ինձ ենթադրելու, որ հավանորեն մի մեծ ժայթքման ժամանակամիջոցում թափվել են անձրևի հեղեղներ, և որ այսպիսով կազմվել է ժամանակավոր մի լիճ, որի մեջ թափվել են մոխիրները։ բայց այժմ կարելի է ենթադրել, որ լիճը ժամանակավոր չի եղել։ Ամեն պարագայում կարող ենք վստահ լինել, որ մի հին էպոխայում Համբարձման կղզու կլիման և պրոդուկցիաները շատ են տարբերվել այժմ եղածից։ Կարելի՞ է գտնել երկրագնդի մակերեսի մի կետ, որի խորն ուսումնասիրությունը չհայտնաբերի նշաններն այն անվերջ փոփոխության ցիկլի, որին երկիրը ենթարկվել է և ենթարկվելու է։
 
Թողնելով Համբարձման֊ կղզին՝ նավարկեցինք դեպի Բահիա, Բրազիլիայի ափը, որպեսզի լրացրած լինեինք աշխարհի քրոնոմետրական չափումները։ Մենք ժամանեցինք այնտեղ օգոստոսի 1-ին և մնացինք չորս օր, որի ընթացքում ես կատարեցի մի քանի երկար զբոսանքներ։ Ես ուրախ էի, որ իմ վայելչանքս տրոպիկական տեսարաններում ամենափոքր չափով անգամ չէր նվազել նորությունների նվազեցման պատճառով։ Տեսարանի տարերքն այնքան պարզ են, որ արժանի են հիշատակության՝ ցույց տալու համար, թե ինչպիսի չնչին մոմենտներից է կախված բնական գեղեցկությունը։
 
Այստեղ երկիրը կարելի է նկարագրել որպես հարթ հարթավայր, մոտ երեք հարյուր ոտնաչափ բարձրությամբ, որ բոլոր մասերում նա մաշվելով վերածվել է հարթ հատակով հովիտների։ Այսպիսի ստրուկտուրան բացառիկ է գրանիտային երկրում, բայց գրեթե համատարած է բոլոր այն փափուկ ֆորմացիաներում, որոնցից սովորաբար կազմված են հարթավայրերը։ Ամբողջ մակերեսը ծածկված է զանազան տեսակի վեհաշուք ծառերով, որոնց միջև ցրված են մշակված գետնի տարածություններ, և բարձրանում են տներ, վանքեր և եկեղեցիներ։ Պետք է հիշել, որ արևադարձային երկրներում բնության վայրի փարթամությունը չի կորչում մինչև անգամ մեծ քաղաքների մերձակայքում, որովհետև ցանկատունկերի և բլրակողերի բնական բուսականությունը գեղանկար արտահայտությամբ տիրապետում է մարդու արհեստական աշխատանքի վրա։ Ուստի սակավաթիվ են այն վայրերը, որտեղ բաց-կարմիր հողը ուժեղ կոնտրաստ ներկայացնի համատարած կանաչ ծածկոցի հետ։ Հարթավայրի ծայրերից բացվում են երբեմն օվկիանոսի և երբեմն ցածր անտառներով ծածկված ափերի հետ միասին մեծ ծոցի հեռավոր տեսաբաններ, ծոցի վրա բազմաթիվ նավակներ և մակույկներ ցույց են տալիս իրենց սպիտակ առագաստները։ Բացառությամբ այս կետերի, տեսարանը ամեն կողմից խիստ սահմանափակ է. հետևելով հարթ շավիղներին՝ երկու կողմի վրա էլ գտնվող խճճված ծառերի միջից կարելի է ներքևում անտառածածկ հովիտներից նշմարանքներ ստանալ միայն։ Կարող եմ ավելացնել, որ տները և մասնավորապես սրբավայրեր ներկայացնող շենքերը կառուցված են յուրահատուկ և ֆանտաստիկ ճարտարապետական ոճով։ Նրանք բոլորն էլ սպիտակեցված են, այնպես որ երբ լուսավորվում են կեսօրվա պայծառ արևով և երևում են հորիզոնի կապույտ երկնքի դիմաց, ավելի շատ նմանվում են ստվերների, քան իրական շենքերի։
 
Այսպես են տեսա բանի տարերքը, բայց անհուսալի փորձ կլիներ ընդհանուր էֆեկտը նկարելը։ Ուսյալ բնագետները նկարագրում են արևադարձային այս տեսարանները թվելով բազմաթիվ առարկաներ և հիշատւսկելով յուրաքանչյուրի մի քանի հատկանշական գծերը։ Հմուտ ճանապարհորդին, հավանորեն այս կհաղորդի որոշակի գաղափարներ, բայց ուրիշ ո՞վ կարող է հերբարիումում եղած բույսը տեսնելով՝ պատկերացնել այդ բույսն իր բնական, մայրենի հողում աճելիս։ Ո՞վ կարող է ջերմոցի ընտրված բույսերը տեսնելով՝ մեծացնել մի քանիսը մինչև անտառային ծառերի ծավալը և մյուսները խռնել մի խճճված ջունգլիում։ Քննելով միջատաբանի կաբինետում էկզոտիկ (օտար երկրի) զվարթ, պայծառ թիթեռները և տարօրինակ Cicidas-ները (ճպուռ), ո՞վ կարող է այս անկենդան առարկաների հետ զուգորդել վերջիններիս անդադրում խռպոտ երաժշտությունը և առաջինների ծույլ թռիչքը, որոնք միջօրյա խաղաղ, հրավառ տրոպիկների աներկբա ակոմպանիմենտներն են։ Արեգակն իր ամենաբարձր դիրքում գտնվելիս պետք է դիտել այնպիսի տեսաբանները. եբբ մանգոյի խիտ շքեղ սաղարթը ծածկում է գետինն ամենամութ ստվերով, մինչ վերին ճյուղերը լույսի լիառատությունից ստացել են ամենավառ կանաչ գույն։ Բարեխառն գոտում դրությունը բոլորովին այլ է — բուսականությունն այնտեղ այնքան մութ կամ այնքան հարուստ չէ, այդ պատճառով էլ թեքվող արեգակի ճառագայթները, կարմիր, ծիրանի կամ բաց դեղին գույնով երանգավորված, ամենից շատ են մեծացնում այդ կլիմաների գեղեցկությունները։
 
Երբ հանդարտ քայլում էի այս ստվերոտ շավիղներով և սքանչանում յուրաքանչյուր հաջորդող տեսարանով, ուզում էի լեզու գտնել մտապատկերներս արտահայտելու համար։ Ածականների շարանը շատ թույլ է՝ միջտրոպիկական գոտիները չայցելած մարդուն հաղորդելու բերկրանքի այն զգացողությունները, որոնց ենթակա է մարդու միտքը։ Ես ասել եմ, որ ջերմոցի բույսը չի կարող ճիշտ այս բուսականության պատկերացումը տալ, սակայն ես պիտի դիմեմ այդ բանին։ Ցամաքը մի մեծ վայրի, թափթփած, փարթամ ջերմոց է. բնությունից պատրաստված, բայց մարդու տիրակալության տակ, որը զարդարել է նրա մակերեսը զվարթ տներով և ձևավոր պարտեղներով։ Որքա՜ն մեծ կլիներ բնության յուրաքանչյուր երկրպագուի համար ցանկությունը, եթե այդ հնարավոր լիներ, մի այլ մոլորակի տեսարանները տեսնելու, սակայն Եվրոպայի յուրաքանչյուր մարդու համար վստահորեն կարելի է ասել, որ իր հայրենի հողից միայն մի քանի — աստիճան հեռու նրա համար բացվում են մի այլ աշխարհի փառքն ու շքեղությունները։ Իմ վերջին զբոսանքում ես նորից և նորից կանգ էի առնում զարմանքով նայելու այս գեղեցկությունների վրա, և ջանում էի իմ մտքում ընդմիշտ դրոշմել մի տպավորություն, որը ես գիտեի, որ ժամանակի ըեթացքում, վաղ թե ուշ, պետք է նվազեր։ Նարնջի ծառի, կոկոսյան ընկույզի, արմավի, մանգոյի, ծառապտերի, բանանի ձևերը կմնան պարզ և անջատ, բայց հազարավոր գեղեցկություններ, որ միացնում են այս բոլորը մի ամբողջական տեսարանում, կաղոտանան, կհեռանան, սակայն նրանք մանկության ժամանակ լսած հեքիաթի նման կթողնեն անորոշություններով լի, բայց ամենագեղեցիկ կերպարանքներով պատկերներ։
 
'''Օգոստոսի 6.'''— Կեսօրից հետո դուրս եկանք ծով, ուղիղ դեպի Կանաչ Հրվանդանի կղզիները գնալու նպատակով։ Սակայն աննպաստ քամիները հապաղեցրին մեզ, և 12-ին փախանք Պեռնամբուկո — մի մեծ քաղաք Բրազիլիայի ափին, 8° լայնության վրա։ Մենք խարիսխ գցեցինք ռիֆից դուրս, բայց կարճ ժամանակից հետո մի պիլոտ (լոցման, ուղեցռւյց նավատար) եկավ նավը և տարավ մեզ ներքին նավահանգիստը, որտեղ մենք բոլորովին մոտիկ էինք քաղաքին։
 
Պեռնամբուկոն կառուցված է մի քանի նեղ և ցածր ավազաթմբերի վրա, որոնք իրարից բաժանված են աղի ջրի ծանծաղ կանալներով։ Քաղաքի երեք մասերն իրար հետ միացած են փայտյա ցցերի վրա կառուցած երկու երկար կամուրջներով։ Քաղաքը բոլոր մասերում էլ զզվելի է, փողոցները նեղ, վատ սալահատակած և կեղտոտ, տները՝ բարձր և մռայլ։ Ուժեղ անձրևների շրջանը դեռ բոլորովին չէր վերջացել, և այդ պատճառով շրջակայքում գետինը, որը հազիվ ծովի մակարդակից բարձր լինի, հեղեղվել էր ջրով, և իմ բոլոր փորձերը՝ մի երկար զբոսանք կատարելու, իզուր անցան։
 
Հարթ ճահճոտ ցամաքը, որի վրա կանգնած է Պեռնամբուկոն, մի քանի մղոն հեռավորությամբ շրջապատված է կիսաշրջան ցածր բլուրներով կամ, ավելի ճիշտ, մի տարածությամբ, որը թերևս ծովից երկու հարյուր ոտնաչափ բարձր չինի։ Օլինդա հին քաղաքը գտնվում է այս գոտու մի վերջավորության վրա։ Մի օր վերցրի մի նավակ և ընթացա այս կանալներից մեկով դեպի վեր, Օլինդան այցելելու նպատակով։ Ես գտա հին քաղաքն իր դիրքով ավելի դուրեկան և մաքուր, քան Պեռնամբուկոն։ Ես այստեղ հիշատակելու եմ այն, ինչ պատահեց մեզ առաջին անգամ մեր՝ մոտ հինգ տարվա թափառելու ժամանակամիջոցում, այն է՝ հանդիպումը քաղաքավարության բացակայության։ Երկու տարբեր տներում խոժոռ եղանակով ինձ թույլ չտվին իրենց պարտեզի միջով անցնել դեպի մի անմշակ բլուր՝ շրջակայքը դիտելու համար, և մի երրորդ տուն դժվարությամբ համաձայնվեց։ Ուրախ եմ, որ այդ պատահեց Բրազիլիայում, որովհետև այս երկրի նկատմամբ բարյացակամություն չունեմ — միաժամանակ նա մի ստրկատիրական երկիր է, հետևաբար և բարոյական տեսակետից նվաստ։ Սպանացին կամաչեր մինչև անգամ մտածել մերժել նման մի խնդիրք, կամ օտարականի հետ վարվել կոպտությամբ։ Նեղուցը, որով գնացինք Օլինդա և վերադարձանք, երկու կողմով էլ եզերված էր մանգլինու ծառերով, որոնք աճել էին, անտառի մինիատյուրայի նման, կեղտոտ, տղմոտ թմբերից։ Այս թփերի վառ-կանաչ գույնն ինձ միշտ հիշեցնում էր գերեզմանոցի բարձրաբուն խոտը. երկուսն էլ սնվում են նեխված գոլորշիներով, միայն թե խոտը խոսում է անցյալում մեռածի մասին, իսկ մանգլինու ծառը հաճախ ծառայում է որպես գալիք մահվան նախակարապետ։
 
Այս շրջանում իմ տեսած ամենահետաքրքրական բանը նավահանգիստը կազմող ռիֆն էր։ Կասկածում եմ, թե աշխարհի որևէ այլ մասում լինի մի այլ բնական կառուցում, որն այսքան արհեստական տեսք<ref>Ես այս ռիֆը մանրամասնորեն նկարագրել եմ London and Edinburgh Philosophical Magizine-ում, vol. XIX. (1841), p. 257.</ref> ունենա։ Նա մի քանի մղոն երկարությամբ անցնում է բացարձակ ուղիղ գծով, ափին զուգահեռ և նրանից ոչ շատ հեռու։ Լայնքը տարբեր մասերում տարբեր է, լինելով երեսունից մինչև վաթսուն յարդ, և նրա մակերեսը հարթ է և ողորկ։ Նա կազմված է աղոտ կերպով շերտավորված կարծր ավազաքարից։ Մակընթացության ժամանակ ալիքները փշրվում են նրա վրա, տեղատվության ժամանակ նրա կատարը մնում է չոր, և նրան կարելի է շփոթել կիկլոպյան բանվորների ձեռքով կանգնեցրած թմբի հետ։ Այս ափին ծովի հոսանքները ցամաքի վրա կիտում են թույլ ավազի երկար ցամաքաշերտեր և երիզներ, և այս մասերից մեկի վրա է կանգնած Պեռնամբուկո քաղաքի մի մասը։ Թվում է, թե հին ժամանակներում այս բնույթի մի երկար ցամաքաշերտ ամրացել է կրային նյութի պերկոլացիայից (ծծվելուց) և ապա աստիճանաբար վեր է բարձրացել. արտաքին և թույլ մասերն այս պրոցեսի ժամանակ մաշվել են ծովի գործունեությունից, և պինդ կորիզը մնացել է այնպես, ինչպես մենք տեսնում ենք այժմ։ Թեև գիշեր և ցերեկ բաց Ատլանտյան օվկիանոսի ալիքները, սեդիմենտներից պղտորված, քշվում են այս քարի պատի արտաքին թեք կողերի դեմ, սակայն ամենածեր նավաստիները չէին իմանում և ոչ մի ավանդություն նրա տեսքի փոփոխության վերաբերյալ։ Այս դիմացկունությունը նրա պատմության մեջ ամենահետաքրքրական փաստն է. այդ արդյունք է մի քանի մատնաչափ հաստության կրային նյութի կարծր շերտի, ամբողջովին կազմված հաջորդաբար աճող և մեռնող Serpulae-ի ջոքրիկ խեցիներից, որոնց հետ կա և մի քանի բառնակլ (կրախեցի) և նուլիպորա։ Այս նուլիպորաները, որոնք պինդ, շատ պարզ կազմության ծովային բույսեր են, խաղում են նման և կարևոր դեր կորալային ռիֆերի արտաքին մակերեսները պաշտպանելու խնդրում, անմիջականորեն գտնվելով ալեբախության ազդեցության ներքո, որտեղ իսկական կորալները, զանգվածի վեր աճելու ժամանակ արևի և օդի հետ շփվելով, սպանվում են։ Այս օրգանական աննշան էակները, մասնավորապես Serpulae-ն, լավ ծառայություն են մատուցել Պեռնամբուկոյի բնակչությանը, որովհետև առանց նրանց պաշտպանողական օգնության՝ ավազաքարի թումբը վաղուց անխուսափելիորեն մաշված վերջացած կլիներ, իսկ առանցց թմբի նավահանգիստ չէր լինի։
 
Օգոստսսի 19-ին մենք վերջապես թողինք Բրազիլիայի ափերը։ Շնորհակալ եմ աստծուց, որ այլևս երբեք չպիտի այցելեմ ստրկատիրական մի երկիր։ Մինչև այսօր էլ, երբ լսում եմ մի հեռավոր ճիչ, այդ տանջալի կենդանությամբ հիշեցնում է ինձ իմ զգացողությունները, Պեռնամբուկոյի մոտ երբ անցնում էի մի տան կողքով, ես լռեցի վերին աստիճանի խղճալի հեծեծանքներ, և միայն կարելի էր ենթադրել, որ ներսում տանջում էին մի խեղճ ստրուկի, և ես զգում էի ինձ նույնչափ անզոր, որչափ մի երեխա, մինչև անգամ առարկելու։ Ես ենթադրում էի, որ այդ հեծեծանքները մի տանջվող ստրուկի հեծեծանքներ են, որովհետև մի այլ անգամ նման դեպքում ինձ ասել էին, որ ստրուկի են ծեծում։ Ռիո դե Ժանեյրոյում ես ապրում էի մի ծեր կնոջ տան դիմացը, որը պտուտակներ էր պահում իր ստրկուհիների մատները ճզմելու համար։ Ես ապրել եմ մի տան մեջ, որտեղ մի երիտասարդ սպասավոր խառնածին ամեն օր և ամեն ժամ անարգվում էր, ծեծվում և հալածվում այն աստիճանի, որ նման դեպքում մինչև անգամ ամենաստորին կարգի անասունի համառությունը կխորտակվեր։ Ես տեսել եմ մի փոքր տղա, վեց կամ յոթը տարեկան, որի գլխին իջեցրին ձիու մտրակի երեք հարված (նախքան ես կկարողանայի միջամտել), որովհետև նա ինձ տվել էր մի բաժակ ջուր, որը կատարյալ մաքուր չէր. ես տեսա նրա հորը, որը դողում էր իր տիրոջ աչքի մի ակնարկից անգամ։ Այս վերջին դաժանություններին ականատես եմ եղել մի սպանական գաղութում, որտեղ միշտ ասում են, որ ստրուկների հետ ավելի լավ են վարվում, քան պորտուգալացիները կամ անգլիացիները կամ մի որևէ եվրոպական այլ ազգություն։ Ես տեսել եմ Ռի դե Ժանեյրոյում մի ուժեղ նեգր, օրը վախ էր զգում պաշտպանվելու համար այն հարվածից, որն, ինչպես ինքն էր կարծում, ուղղված էր նրա երեսին։ Ես ներկա էի, երբ մի քարեսիրտ մարդ, քիչ էր մնում, բազմաթիվ ընտանիքների մարդկանց, կանանց և երեխաներին բաժաներ իրարից, որոնք երկար ժամանակ ապրել էին միասին։ Մինչև անգամ չեմ ակնարկում այն բազմաթիվ սրտաճմլիկ գազանությունները, որոնց մասին ես հաստատապես լսել եմ.— և ոչ էլ ես կհիշատակեի վերևի ցնցող մանրամասնությունները, եթե ես հանդիպած չլինեի մի քանի մարդկանց, որոնք այնքան էին կուրացած սահմանադրական գեղապճնությամբ, որ ստրկության մասին խոսում են՝ որպես տանելի չարիքի մասին։ Այդպիսի մարդիկ ընդհանրապես այցելել են բարձր դասերի տները, որտեղ ընտանիքում աշխատող ստրուկների հետ սովորաբար լավ են վարվում, և նրանք չեն ապրել ցածր դասերի մեջ, ինչպես ես։ Նման հարցաքննիչները հարցնում են ստրուկներին իրենց վիճակի մասին. նրանք մոռանում են, որ ստրուկը հիրավի հիմար պետք է լինի, եթե հաշվի չի առնում, որ իր պատասխանը կարող է հասնել տիրոջ ականջին։
 
Հաճախ վիճում են, որ շահասիրությունը խափանում է չափազանց դաժանությունները, կարծեք թե շահասիրությունը պաշտպանել է մեր ընտանի կենդանիներին, որոնք շատ ավելի քիչ են ընդունակ գրգռելու իրենց վայրենի տերերի ցասումը, քան վատթարագույն համարված ստրուկները։ Այդ մի փաստարկում է, որի դեմ երկար ժամանակ ազնիվ զգացողությամբ և ուշագրավ օրինակներով բողոքել է հավերժ հռչակավոր Հումբոլտը։ Հաճախ փորձել են մեղմել ստրկությունը՝ համեմատելով ստրուկների վիճակը աղքատ գյուղացիների վիճակի հետ. եթե մեր աղքատների թշվառությունը բնության օրենքներից չէ, այլ մեր հիմնարկություններից, ապա մեր մեղքը մեծ է, բայց թե այս որչափ է վերաբերում ստրկության, ես չեմ կարող հասկանալ. նույն ձևով կարելի է պաշտպանել բութապտուտակի<ref>Պտուտակ, որով ճզմում էին ստրուկների քթամասը։ ''Ծ. Թ.''</ref> գործածությունը մի երկրում, ցույց տալով, որ մի այլ երկրում մարդիկ տառապում են մի ահարկու հիվանդությամբ։ Նրանք, ովքեր ստրկատիրոջ վրա նայում են գորովանքով, իսկ սառը սրտով՝ ստրուկի վրա, թվում է թե երբեք իրենց չեն դնում վերջինիս դրության մեջ.— ինչպիսի՜ տխուր հեռանկար, մինչև անգամ առանց հույս ունենալու, որ մի օր կփոփոխվի այդ վիճակը։ Պատկերացրո՛ւ դամոկլյան սրի պես միշտ վրադ կախված քեզ սպասելիք այն օրը, երբ քո կինը և երեխաները, որոնց բնությունը մինչև անգամ ստրուկին ստիպում է իրենը համարելու, անջատում են քեզնից և որպես անասունների՝ ծախում առաջին հանդիպողին։ Եվ այս գործերը կատարվում և պարտակվում են մարդկանց կողմից, որոնք հրապարակավ հայտնում են, որ պետք է սիրել հարևաններին իրենց անձի պես, որոնք հավատում են աստծուն և աղոթում, որ նրա կամքը լինի երկրի վրա։ Մարդու արյունը եռ է գալիս, սիրտը թրթռում է, երբ մտածում է, որ մենք՝ անգլիացիներս և մեր ամերիկյան սերունդներն իրենց ազատության պարծենկոտ գոչերով հանդերձ եղել են և ե՛ն այնքան հանցավոր։
 
Օգոստոսի վերջին օրը երկրորդ անգամ խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի Պորտո Պրայայում, այնտեղից զգնացինք Ադորյան կղզիները, որտեղ մնացինք վեց օր։ Հոկտեմբերի երկուսին հասանք Անգլիայի ափերը, և Ֆալմատում ես թողեցի «Բիգլ»-ը՝ հիանալի փոքրիկ նավի վրա մոտ հինգ տարի լինելուց հետո։
 
Մեր ճանապարհորդությունը վերջացած լինելով՝ ես մի կարճ հեռտահայացք եմ գցելու, մեր շուրջերկրյա նավարկության առավելությունների և վնասների, նրա պատճառած տանջանքների և հաճույքների մասին։ Եթե մեկն ինձնից խորհուրդ հարցներ՝ նախքան մի երկար ճանապարհորդություն ձեռնարկելը, իմ պատասխանը կախված կլիներ գիտության որևէ ճյուղի նկատմամբ նրա ունեցած որոշակի ճաշակից, որն այս միջոցով կարող էր առաջադիմել։ Կասկած չկա, որ մեծ բավականություն է դիտել տարբեր երկրներ և մարդկային բազմաթիվ ցեղեր, բայց այդ ժամանակամիջոցում ստացված հաճույքը չի հավասարակշռում չարիքները։ Անհրաժեշտ է հուսալ ապագա բերքի վրա, որչափ էլ հեռու լինի այդ ապագան, երբ հնձվելու է որոշ պտուղ։
 
Կորուստներից շատերը, որոնց ենթակա է մարդը, ակներև են, օրինակ՝ ամեն մի հին բարեկամի ընկերությունից զրկվելը, ինչպես և այն վայրերի տեսարաններից հեռանալը, որոնց հետ այնքան սերտորեն կապված են մեր ամենասիրելի հիշողությունները։ Սակայն այս կորուստները ժամանակին մասամբ ամոքվում են անսպառ բերկրանք առաջացնող երկար ժամանակ սպասված օրվա վերադարձով։ Եթե, ինչպես բանաստեղծներն են ասում կյանքը երազ է, ապա վստահ եմ, որ մի ճանապարհորդության մեջ կան այնպիսի տեսիլքներ, որոնք ամենից լավ են ծառայում երկար գիշերն անցկացնելու համար։ Մյուս կորուստները թեև սկզբում չեն զգացվում, ծանր են դառնում մի որոշ ժամանակից հետո. սրանք սենյակի, առանձնարանի, հանգստի կարիքն են, անընդհատ շտապելու հոգեմաշ զգացմունքը, մանր պերճանքներից գրկվելը, ընտանեկան շրջապատի կորուստը և մինչև անգամ երաժշտության և երևակայության այլ հաճույքները։ Երբ հիշակատում եմ այդպիսի չնչին բաներ, ապա ակներև է, որ ծովային կյանքի իրական նեղությունները, չհաշված պատահարներից առաջացածները, հետզհետե վերանում են։ Վաթսուն տարվա կարճ ժամանակամիջոցը ծովային հեռավոր ճամբորդությունը մեծ չափով հեշտացրել է։ Մինչև անգամ Կուկի ժամանակ այն մարդը, որը թողնում էր իր օջախը նման էքսպեդիցիաների համար, ենթարկվում էր խիստ զրկանքների։ Այժմ մի զբոսանավ կյանքի բոլոր պերճանքներով կարող է նավարկել երկրագնդի շուրջը։ Բացի նավերի և նավային ռեսուրսների մեծ կատարելագործումից, Ամերիկայի ամբողջ արևմտյան ափը բացված է, և Ավստրալիան դարձել է բարձրացող քաղաքակրթության մի կենտրոն։ Որքա՜ն տարբեր են ներկա օրերում Խաղաղ օվկիանոսում նավաբեկման ենթարկված նավաստու պայմանները Կուկի ժամանակում՝ նման դեպքերի հետ համեմատած։ Նրա ճանապարհորդությունից այս կողմ մի կիսագունդ է ավելացել քաղաքակրթված աշխարհին։
 
Եթե մեկը ենթակա է ծովային հիվանդության, թող նա ծանր կշռի այդ հանգամանքը։ Ես խոսում եմ փորձից. այդ մի շաբաթում բուժվող թեթև չարիք չէ։ Մյուս կողմից: եթե նա նավային տակտիկայում հաճույք է ստանում, վստահորեն նա իր ճաշակի համապատասխան կունենա լրիվ ասպարեզ։ Բայց պետք է նկատի ունենալ, թե երկար ճանապարհորդության ընթացքում ժամանակի ինչպիսի մեծ բաժին է վատնվում ծովի վրա՝ համեմատած նավահանգիստներում անցկացրած օրերի հետ։ Իսկ ի՞նչ են անսահման օվկիանոսի սնապարծ փառքերը։ Մի ձանձրալի ամայություն, մի անապատ ջրի, ինչպես արաբներն են անվանում նրան։ Անկասկած կան որոշ բերկրալի տեսարաններ, լուսնյակ գիշեր՝ վճիտ երկնքով և մութ շողշողուն ծովով, և սպիտակ առագաստները՝ մեղմ փչող պասսատային քամու քնքույշ օդով լցված, կամ մի մեռելային լռություն հառաչող մակերեսով՝ հղկված ինչպես հայելի, և ամեն ինչ խաղաղ, բացառությամբ կտավի երբեմն տեղի ունեցող բախյունի։ Լավ է մի անգամ ականատես լինել փոթորկի, տեսնել, թե ինչպես ծովի մակերեսը բարձր կամարի ձևով բարձրացնում է վեր, կամ թե ինչպես ալիքները ինչպես լեռներ բարձրանում են ուժեղ քամուց։ Սակայն, խոստովանվում եմ, որ իմ երևակայությունը լիաճուն փոթորիկն ավելի մեծ, ավելի սարսափելի է նկարել։ Անհամեմատ ավելի գեղեցիկ տեսարան է բացվում մարդու առջև, երբ դիտում է ափից, որտեղ օրորվող ծառերը, թռչունների վայրագ թռիչքը, մութ ստվերները և պայծառ լույսերը, հեղեղների խուճապը, բոլորը հայտարարում են պայքարն արձակված տարերքի։ Ծովի վրա ձկնկուլը և փոքրիկ մրրկահավն այնպես են թռչում, կարծեք թե փոթորիկը նրանը հատուկ սֆերան է, ջուրը բարձրանում է և իջնում, կարծեք թե կատարում է իր սովորական պարտականությունը, և տարերքի մոլեգնոտ ձախորդությունները ուղղված են միայն բացառապես դեպի նավը և նրա բնակիչները։ Լքված և հողմնահար ափին տեսարանը հիրավի տարբեր է, բայց զգացմունքներն այստեղ առաջացնում են ավելի շատ սարսափ, քան վայրի բերկրանք։
 
Այժմ նայենք անցած ժամանակի պայծառ կողմերի վրա։ Այն հաճույքը, որ ստացվում է տեսարանները և մեր այցելած տարբեր երկրները գիտելիս, վճռականորեն վայելչանքի ամենահարատև և ամենաբարձր աղբյուրն է կազմում։ Հավանական է, որ Եվրոպայի շատ մասերի գեղանկար գեղեցկությունը գերազանցում է մեր տեսած ամեն մի բանը։ Բայց մարդու մեջ առաջանում է մի ուժեղ հաճույք տարբեր երկրների տեսարանի բնույթը համեմատելիս, որը որոշ աստիճանի գունագեղ է դառնում սոսկ նրա գեղեցկությունը զննելուց։ Այդ գլխավորապես կախված է յուրաքանչյուր տեսարանի առանձին մասերի հետ ծանոթություն ունենալուց, ես հակամետ եմ կարծելու, որ ինչպես երաժշտության մեջ նա, ով հասկանում է յուրաքանչյուր նոտա, եթե ունի նաև առանձին ճաշակ, ավելի լրիվ կվայելի ամբողջը, ուստի ով քննում է մի լավ տեսարանի յուրաքանչյուր մաս, նա նույնպես ամբողջովին կըմբռնի լրիվ և միացյալ էֆեկտը։ Ուստի ճանապարհորդը պետք է բուսաբան լինի, որովհետև բոլոր տեսարաններում բույսերը կազմում են գլխավոր զարդարանքը։ Մերկ ապառաժի մեծ զանգվածները, մինչև անգամ ամենավայրի ձևերով ժամանակավորապես կարող են տալ վսեմ պատկեր, բայց նրանք շուտով մոնոտոն կդառնան։ Գունազարդի՛ր նրանց պայծառ և տարբեր գույներով, ինչպես հյուսիսային Չիլիում, և նրանք կդառնան ֆանտաստիկ. ծածկի՛ր նրանց բուսականությամբ, նրանք կկազմեն վայելուչ եթե ոչ գեղեցիկ, պատկեր։
 
Երբ ես ասում եմ, որ Եվրոպայի զանազան մասերի տեսարանները հավանորեն գերազանցում են մեր տեսած ամեն մի բանը, ես բացառում եմ, որպես առանձին դաս, միջարևադարձային զոնաները։ Այս երկու դասերը չեն կարող իրար հետ համեմատվել, բայց ես արդեն հաճախ ազատ արտահայտվել եմ այդ շրջանների հոյակապության մասին։ Որովհետև տպավորության ուժեղությունն ընդհանրապես կախված է նախապես ստացած գաղափարներից, ես կարող եմ ավելացնել, որ իմ տպավորություններն ստացվել են Հումբոլտի „Personal narrative”-ի կենդանի նկարագրություններից, որոնք իրենց արժանիքներով գերազանցում են իմ կարդացած որևէ բան։ Սակայն այս բարձր նրբադործ պատկերավորումով իմ զգացմունքները հեռու էին հուսախաբության որևէ ստվերից իմ առաջին և վերջին անգամին բրազիլիական ափը դուրս գալու ժամանակ։
 
Իմ մտքում ամենախորը տպավորություն առաջացնող տեսարաններից ոչ մեկը չի գերազանցում իր վսեմությամբ կուսական անտառները, որոնք դեռ չեն եղծվել մարդու ձեռքով, լինեն դրանք Բրազիլիայում, որտեղ տիրապետում է կյանքի ուժը, լինեն Հրո Երկրում, որտեղ իշխում է մահը և քայքայումը։ Երկուսն էլ տաճարներ են՝ լցված աստծու և բնության տարբեր պրոդուկցիաներով.— ոչ ոք չի կարող առանց հուզմունքի կանգնել այս մենավայրերում և չզգալ, որ մարդու մեջ կա ավելի բան, քան իր մարմնի սոսկ շունչը։ Վերհիշելով անցյալի պատկերները՝ տեսնում եմ Պատագոնիայի հարթավայրերը հաճախակի աչքիս առջևից անցնելիս, բայց և այնպես այս հարթավայրերը բոլորի կողմից շեշտված են որպես ողորմելի և անպետք բաներ։ Այս հարթավայրերը նկարագրում են միայն բացասական հատկություններով, առանց բնակչության, առանց ջրի, առանց ծառերի, առանց լեռների. նրանք ունեն սոսկ մի քանի գաճաճ ծառեր միայն։ Եթե այդ այդպես է, հապա ինչո՞ւ այս չոր ամայություններն այսքան, ամուր տեղավորվել են իմ, ու ոչ միայն իմ հիշողության մեջ։ Ինչո՞ւ դեռ ավելի հարթ, ավելի կանաչ, ավելի բերրի պամպասները, որոնք օգտագործելի են մարդկության համար, հավասար տպավորություն չեն առաջացրել։ Հազիվ թե կարողանամ վերլուծել այս զգացողությունները, բայց մասամբ այդ պետք է վերագրել երևակայությանը տրված ազատությանը։ Պատագտնիայի հարթավայրերն անծայրածիր են, որովհետև հազիվ թե նրանք անցանելի լինենք հետևաբար և անհայտ են։ Նրանք կրում են դարերի և այժմյան տևականության կնիքը, և թվում է թե ապագա ժամանակի նրանց տևականության սահման չկա։ Եթե, ինչպես ենթադրում էին հնում, տափակ երկիրը շրջապատված էր անանցանելի լայնության ջրով կամ անտանելիորեն տաքացած անապատներով, ո՞վ չէր նայի մարդու գիտության համար այս վերջին սահմաններին խորը, բայց անորոշ զգացողությամբ։
 
Վերջապես բնական տեսարանները, բարձր լեռներից դիտված, թեև, աներկբայորեն մի տեսակետից գեղեցիկ չեն, բայց չափազանց ուշագրավ են։ Կորդիլյերների ամենաբարձր կատարից ներքև նայելիս միտքը, մանրամասնություններից անխռով, լցվում էր շրջապատող զանգվածների ապշեցուցիչ քանակություններով։
 
Առանձին առարկաներից թերևս ոչինչ ավելի հավաստի չէ զարմանք առաջացնելու, քան առաջին հանդիպումը վայրենուն իր հայրենի որջում — մի մարդու՝ իր ամենացածր և ամենավայրենի վիճակում։ Մարդու միտքն շտապում է դեպի անցյալ դարերը և ապա հարց է տալիս, թե մեր նախածնողնե՞րն էլ եղել են սրանց նման մարդիկ — մարդիկ, որոնց հենց արտահայտության նշանները նվազ հասկանալի են մեզ, քան ընտանի կենդանիներինը, մարդիկ, որոնք չունեն այդ կենդանիների բնազդը և ոչ էլ կարող են պարծենալ մարդկային բանականությամբ կամ առնվազն որոշ ճարտարությամբ, որը հետևանք է այդ բանականության։ Չեմ կարծում, որ հնարավոր է նկարագրել կամ նկարել վայրենու և քաղաքակրթված մարդու միջև եղած տարբերությունը։ Այդ այն տարբերությունն է, որ գոյություն ունի վայրի և ընտանի կենդանու միջև, և վայրենին տեսնելու հետաքրքրությունը մասամբ նույնն է, ինչ որ յուրաքանչյուր մարդու ցանկությունն է՝ տեսնել առյուծին իր անապատում, վագրին՝ ջունգլիում իր որսը բզկտելիս, կամ ռնգեղջյուրին՝ Աֆրիկայի ընդարձակ վայրի հարթավայրերում թափառելիս։
 
Մեր տեսած մյուս ամենանշանավոր տեսարանների շարքը կարելի է դասել հարավային Խաչը, Մագելլանի ամպը և հարավային կիսագնդի այլ համաստեղություններ — ծովի թաթառը — սառցադաշտերն իր սառցի կապույտ հոսանքով, ծովի վրա՝ ցցված ժայռի ձևով կախված — լագունային կղզին՝ ռիֆ կառուցող կորալներից պատրաստված — մի գործող հրաբուխ և ուժգին երկրաշարժի ավերիչ էֆեկտները։ Այս վերջին երևույթները թերևս ինձ համար առանձին հետաքրքրություն ունենան՝ աշխարհի երկրաբանական կաոուցվածքի հետ սերտ կապ ունենալու համար։ Սակայն երկրաշարժը ամեն մեկի համար ամենատպավորիչ դեպքը պետք է լինի. երկիրը, որը մեր մանկությունից սկսած նկատվել է որպես հաստատունության նախատիպ, ճոճվում է մեր ոտքերի տակ ինչպես մի բարակ կեղև, և տեսնելով մարդու ջանքերով առաջ բերած գործերը մի մոմենտում տակնուվրա եղած՝ զգում ենք նրա (մարդու) պարծեցյալ ուժի ունայնությունը։ Ասում են, որ որսի սերը մարդկանց մոտ ժառանգական բերկրանք է — մի մնացորդ բնազդական կրքի։ Եթե այդ այդպես է, ապա ես վստահ եմ, որ բաց օդում ապրելու հաճույքը, երկինքն ունենալով որպես տանիք և գետինը՝ որպես սեղան, միևնույն զգացողության մի մասն է. այդ վայրենին է, որ վերադառնում է դեպի իր վայրի և բնիկ սովորությունները։ Ես միշտ ետ եմ նայում դեպի մեր ճանապարհորդությունը ծովի վրա՝ նավակներով, և իմ ցամաքային ճամբորդությունները, երբ անցնում էի չհաճախված երկրներով այնպիսի մեծ բերկրանքով, որ չէին կարող առաջացնել քաղաքակրթության տեսարանները։ Ես չեմ կասկածում, որ յուրաքանչյուր ճանապարհորդ կհիշի երջանկության այն հրավառ զգացողությունը, որով նա ապրել է, երբ առաջին անգամ շնչել է օտար կլիմաներում, որտեղ քաղաքակրթված մարդը քիչ անգամ է ոտք դրել, կամ երբեք ոտք չի դրել։
 
Կան և հաճույքների մի շարք այլ աղբյուրներ ծովային երկար ճանապարհորդությունների մեջ, որոնք ավելի բանական բնույթ ունեն։ Աշխարհի քարտեզը դադարում է սոսկ դատարկ թուղթ լինելուց, նա դառնում է մի նկար՝ լի չափազանց տարբեր և կենդանի կերպարանքներով։ Յուրաքանչյուր մաս ստանում է իր աոանձին մեծությունը, մայր ցամաքները չեն դիտվի կղզիների լույսով և ոչ էլ կղզիները կնկատվեն որպես սոսկ կետեր, որոնք իրականում ավելի մեծ են, քան Եվրոպայի շատ թագավորություններ։ Աֆրիկան կամ Հյուսիսային և Հարավային Ամերիկան հեշտ հնչող անուններ են, բայց մինչև մեկը շաբաթներով նրանց ափերի մի փոքր մասով չնավարկի, լրիվ չի համոզվի, թե ինչպիսի լայնարձակ տարածությունների են պատկանում այդ անունները մեր վիթխարի աշխարհում։
 
Տեսնելով գրեթե մի ամբողջ կիսագնդի ներկա վիճակը, անհնար է բարձր սպասելիքներով չնայել առաջ՝ դեպի նրա ապագա առաջադիմությունը։ Առաջադիմության ընթացքն ամբողջ հարավային ծովում (Խաղաղ օվկիանոս), որպես հետևանք քրիստոնեության մուտքի, հավանորեն իր արժանի տեղն է գրավում պատմության մեջ։ Ավելի հետաքրքրական է, երբ հիշում ենք, որ միայն վաթսուն տարի առաջ Կուկը, որի վսեմ դատողությունները ոչ ոք չի ժխտի, չէր կարող նախատեսել փոփոխության հեռանկար։
 
Եզրափակելով՝ թվում է թե ոչ մի բան չի կարող ավելի կատարելացործող նշանակություն ունենալ երիտասարդ բնագետի համար, քան ճանապարհորդությունը դեպի հեռավոր երկրները։ Այդ ճանապարհորդությունը և՛ սրում և՛ մասամբ մեղմում է այն պահանջները և տենչանքները, որոնք, ինչպես նկատում է սըր Ջ. Հերշելը, առաջանում են մարդու մեջ, որչափ էլ նրա յուրաքանչյուր մարմնական զգայարանները լրիվ բավարարված լինեն։ Առարկաների նորօրինակությունից առաջացած հույզը և հաջողության առիթը խթանում են նրան դեպի գործունեության բարձրացում։ Բացի այդ, որովհետև անջատ փաստերի թիվը շուտով անհետաքրքրական կդառնա, բաղդատության սովորությունը կտանի մեզ դեպի ընդհանրացում։ Մյուս կողմից, որովհետև ճանապարհորդը յուրաքանչյուր տեղում միայն կարճ ժամանակով է մնում, նրա նկարագրությունները սովորաբար պետք է ներկայացնեն սոսկ ուրվագծեր, մանրամասն դատողությունների փոխարեն։ Այստեղից էլ առաջանում է, ինչպես զգացել եմ այդ իմ անհատական փորձից, մշտական տենդենց՝ գիտության մեծ անջրպետները ոչ ճիշտ և մակերեսային հիպոթեզներով լցնելու։
 
Ես շատ խորն եմ վայելել իմ ճանապարհորդությունը, և պատրաստ եմ հանձնարարելու որևէ բնագետի՝ բոլոր առիթներից օգտվելու, և սկսել իր երկար ճանապարհորդությունը ցամաքով, եթե հնարավոր է, այլապես ծովով, թեև նա չպետք է ակնկալի իր համար այնպիսի բախտավորություն իր ճանապարհորդակիցների մեջ, ինչպես ես։ Նա կարող է վստահ լինել, որ ինքը չի հանդիպի այնպիսի դժվարությունների կամ վտանգների, բացառությամբ շատ քիչ դեպքերի, ինչ որ նա սպասում է։ Բարոյական տեսակետից արդյունքն ուսուցանում է զվարթամիտ համբերություն, ինքնուրույն գործելու սովորություն և յուրաքանչյուր պատահմունքից ամենալավ արդյունք ստանալու կարողություն։ Կարճ ասած՝ նա պետք է ունենա նավաստիների մեծ մասի բնորոշ որակների իր բաժինը։ Ճանապարհորդությունը նքան պետք է սովորեցնի նաև անվստահություն, կասկածամտություն, բայց միաժամանակ նա կտեսնի, թե որքան իսկական բարեսիրտ մարդիկ կան, որոնց հետ նա առաջուց ոչ մի հարաբերություն չի ունեցել և չի ունենա հետագայում, բայց և այնպես նրանք պատրաստ են իրեն մատուցելու ամենաանշահախնդիր օգնությունը։
Վստահելի
1396
edits