Անցնում ես ծաղկափնջերի մօտով, այստեղ օդը աւելի թեթև է ու շնչալի․ Զգալի է օծալենիքների բուրմունքը։ Յետոյ զգում ես Հայի հոտը որը նման է հացի բուրմունքին։ Կարծես բոլոր անց ու դարձ անողները հաց լինեն։ Կան նաև Մեկսիկացի աշխատողներ, նրանք էլ են օժտուած հացի բուրմունքով։ Թեքւում ես աջ:
Մրգերի և բանջարեղենների բաժնում ես գտնւում: Այս տեղ շատ լաւ է: Հաճախորդները իրար մէջ խլրտւելով մրգերի ու բանջարեղենների արկղերից ընտրում են իրենց առօրեայ պիտոյքը: Հանկարծ մի նիհար կազմուածքով կին, մէջքը դէպի քեզ արած կռանում է որ իր կառքի մէջ տեղաւորի ջոկած մրգերը: Նրա հասարակ երաստանի կազմուածքը հանկարծ ստանում է մի գեղեցիկ կլորակ հրապուրիչ դեղձի երևոյթ: Մի պահ քարանում ես այդ հրաշալի փոփոխութիւնից: Զարմանում ես թէ ինչպէս կանացի յետոյքի երկու ոսկորների չնչին տարբերութիւնը տղամարդկանցից, կարող է այդքան հրապուրիչ տեսարան առաջացնել: Հենց այդ չնչին տարբերութիւնն է որ կանանց կարող է դարձնում ինը ամիսներ շարունակ արգանդում կրել երեխայի կշիռը և զաւակին երկար ժամեր խնամք տանեն գրկում. Իսկ դու քո ամբողջ վարժուած տղամարդկային մկաններով անկարող ես նոյնը անելու, սաստիկ հոգնելով:
Աչքերդ հառել ես այդ գեղեցիկ կլոր դեղձանման գլուխ գործոցին և նկատում ես թէ ինչպէս գլխի գագաթից մինչև ոտքերի թաթը, ամբողջ կազմուածքը բաղկացած է մի շարք կէսկլոր, մահիկաձև, մեծ ու փոքր, աղեղնային մկաների միութիւնից, որոնց էլիպսային շրջումները ամբողջովին համերաշխ կերպով միանում են միմիանց և ստեղծում են ընդհանուր կլորաձև մարմնի կերպարանքը: