[[Կատեգորիա:Արձակ]]
Կիրակի երեկոյան ժամը յոթին Մերի Քոքընը Քոքրընը դուրս եկավ այն տնից, որտեղ ապրում էր հոր՝ բժիշկ Լեսթըր Քոքընի Քոքրընի հետ։ Հազար ինը հարյուր ութ թվականի հունիս ամիսն էր, իսկ Մերին տասնութ տարեկան էր։ Նա Թրիմընթից քայլեց մինչև Գլխավոր փողոցը և երկաթգծերը անցնելով հասավ այդ փողոցի հյուսիսային մասը, որն իր ցաքուցրիվ տներով ու փոքրիկ խանութներով ավելի մռայլ տեսք էր ստանում մանավանդ կիրակի օրերին, երբ շրջակայքում քիչ մարդ էր լինում։ Մերին հորն ասել էր, որ եկեղեցի է գնում, բայց նման մտադրություն չուներ։ Աղջիկն ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում անել։ «Կհեռանամ տանից ու մի քիչ կմտածեմ», ― մտքում ասաց նա՝ դանդաղ քայլելով։ Երեկոյան հրաշալի եղանակ էր սպասվում, և նա գերադասում էր զբոսնել, քան մռայլ ու տամուկ եկեղեցում լսել քահանայի քարոզները, որոնք ոչնչով չէին օգնելու նրա ծրագրերի իրագործմանը։ Աղջկա գործերը լավ չէին, ժամանակն էր լրջորեն մտահոգվել ապագայի մասին։
Մերին այդ մտահոգ վիճակի մեջ ընկել էր երեկ երեկոյան, հոր հետ ունեցած զրույցից հետո։ Հայրը անսպասելիորեն հայտնել էր, որ սրտի արատ ունի, և մահը ամեն վայրկյան կարող է անխուսափելի լինել։ Բժիշկ Քոքընը Քոքրընը այդ լուրը հայտնեց, երբ աղջկա հետ իր բուժարանում էին՝ այն սենյակների ետևում, որտեղ հայր ու աղջիկ էին ապրում։
Դրսում աղջամուղջն էր թանձրանում, երբ Մերին բուժարան մտավ ու տեսավ միայնակ նստած հորը։ Բուժարանն ու նրանց սենյակները Իլինոյս նահանգի Հանսթբըրգ քաղաքի հինավուրց շենքի առաջին հարկում էին, իսկ Մերիի հայրը այդ լուրը հայտնելիս կանգնել էր Թրիմընթ փողոցին նայող պատուհանի մոտ։ Շաբաթ օր էր։ Երեկոյի նվազուն շշունջը թափառում էր Գլխավոր փողոցի շրջակայքում։ Չիկագոյի երեկոյան գնացքը հենց նոր էր մեկնել։ Հյուրանոցի ավտոբուսը Լինքոլն փողոցից հռնդյունով մտավ Թրիմընթ և շարժվեց դեպի հյուրանոց, որ Գլխավոր փողոցի ծայրին էր գտնվում։ Ձիերի սմբակներից փոշին մեղմորեն պարուրվելով, օդ բարձրացավ, իսկ մարդկանց խառնաշփոթ ամբոխը հետևեց հանրակառքին։ Թրիմընթ փողոցում արդեն շարվել էին երկանիվ կառքերը․ ֆերմերներն էին իրենց կանանց հետ եկել քաղաք առևտուր անելու և մի քիչ դեսից֊դենից խոսելու։
Երբ բժիշկն սկսեց խոսել, Բարնի Սմիթֆիդլը, որ Թրիմընթ փողոցում հենց բժիշկ Քոքընի տան դիմաց վարձու տրվող ձիերի ախոռ ուներ, ընթրելուց հետո գործի տեղն էր վերադառնում։ Նա մի պահ կանգնեց ու ինչ֊որ բան պատմեց ախոռի դռան մոտ հավաքված մարդկանց։ Բոլորը բարձր քրքջացին։ Փողոցի ավարաներից մեկը՝ ամրակազմ մի տղա, առանձնացավ մյուսներից ու կանգնեց Բարնի Սմիթֆիլդի դիմաց։ Նկատած լինելով պատուհանի մոտ կանգնած Մերիին, տղան ուզում էր գրավել նրա ուշադրությունը։ Նա նույնպես սկսեց ձեռքի շարժումներով ինչ֊որ բան պատմել, միաժամանակ աչքի տակով պատուհանին էր նայում տեսնելու, արդյոք աղջիկը դեռ կանգնա՞ծ էր այնտեղ, նայո՞ւմ էր իրեն։
Իր մոտալուտ մահվան մասին բժիշկ Քոքընը Քոքրընը պատմեց հանդարտ ու սառը ձայնով։ Աղջկան ընդհանրապես թվում էր, որ հորը վերաբերող ամեն ինչ անպայման սառը ու հանդարտ պետք է լինի։ «Ես սրտի արատ ունեմ», ― պարզ ու մեկեն ասաց հայրը։ ― «Վաղուց էի կասկածում։ Իսկ հինգշաբթի օրը, երբ Չիկագոյում էի, մանրազնին քննության ենթարկվեցի։ Այնպես որ ամեն վայրկյան կարող եմ մեռնել։ Այս մասին քեզ չէի ասի, բայց մի բան կա, որ․․․ Հասկանում ես, ես մի քիչ փող կկտակեմ քեզ և ինքդ կտնօրինես քո ապագան»։
Բժիշկը մոտեցավ աղջկան, որը կանգնել էր պատուհանի մոտ և ձեռքը հպել ապակուն։ Մերին այդ լուրը լսելիս գունատվեց և նրա ձեռքերն սկսեցին դողալ։ Չնայած իրեն հատուկ սառնասրտությանը, հայրը հուզվեց և փորձեց սիրտ տալ աղջկան։ «Դե, դե․․․, ― տարակուսանքով ասաց նա։ ― Մի վախեցիր։ Ես երեսուն տարվա բժիշկ եմ ու լավ գիտեմ, որ սրտի արատի հարցերում բժշկագիտությունը դեռ շատ բան չի պարզել։ Մի խոսքով, սրտի արատ ունեցող մարդուն մահը կարող է մի քանի տարի ուշ այցելել»։ Հայրը ջղայնորեն ծիծաղեց։ «Լսել եմ, ասում են նույնիսկ, որ երկարակեցությունն ապահովելու լավագույն միջոցը սրտի արատի հետ «պայմանագիր կնքնելն է»։
Մերին քայլեց ճանապարհով, հետո բլրից իջնելով, դեպի Վիլմըթ փողոցի կողմը գնաց։ Մոր մասին քաղաքում ծայր առած բամբասանքների պատառիկները նորից արձագանքվեցին աղջկա ականջներում։ Ասում էին, թե մայրը վաղուց անհետացել էր, ամռան մի երեկո, ինչ֊որ ստահակի հետ, որ սովորություն է ունեցել ժամերով պարապ֊սարապ կանգնել Սմիտֆիլդի վարձու ձիերի ախոռի առջև։ Հիմա էլ մի ուրիշ ջահել սրիկա փորձում է նույն բանը իր հետ անել։ Այդ միտքը կատաղեցրեց աղջկան։ Եթե մի սուր բան լիներ ձեռքին, տենդագին մտածեց Մերին, ինքն ավելի ուժգին կհարվածեր Դյուկ Ցիթըրին։ Այդ ջղային վիճակում նրա երևակայության մեջ փայլեց հոր կերպարանքը, որի առողջությունն արդեն քայքայվել էր և որը մահվան շեմին էր կանգնել։ «Հորս էլ առիթ է պետք, որ քեզ նման մի սրիկայի հանդիպի ու սպանի», գոռաց աղջիկը՝ շրջվելով Դյուկի կողմը, որը, խաղողի որդերից ազատվելով, ճանապարհ էր բարձրացել և սկսել էր հետևել աղջկան։ «Հայրս ուզում է քեզ նմաններին սպանել, որ քաղաքում սուտ բամբասանքներ չտարածեն մորս հասցեին»։
Դյուք Դյուկ Ցիթըրին պատժելու տենչից ազատվելով, Մերին նույն պահին ամաչեց քիչ առաջվա իր պոռթկման համար և, լուռ հեկեկալով, արագ քայլեց ճանապարհով։ Դյուկը գլխիկոր հետևեց նրան։ «Միսս Քոքրըն, ես վատ բան չէի ուզում անել, ― աղերսանքով ասաց նա։ ― Ես չէի ուզում ոչ մի վատ բան անել։ Հայրիկիդ չասես։ Ուղղակի ուզում էի կատակել։ Ասում եմ, մտքումս ոչ մի վատ բան չկար»։