[[Կատեգորիա:Արձակ]]
ՄԱՅՐԸ
Ջորջ Ուիլլարդի մայրը՝ Էլիզաբեթ Ուիլլարդը, բարձրահասակ, նիհարավուն, ծաղկատար դեմքով կին էր: Ընդամենը քառասունհինգ տարեկան էր, բայց անհասկանալի հիվանդությունն արդեն մարել էր նրա կրակը: Անտարբեր շրջում էր հին ու անկարգ հյուրանոցով մեկ, նայելով խունացած պաստառներին ու հնամաշ գորգերին: Եվ երբ ի վիճակի էր լինում մի բան անելու, սպասուհու նման կարգի էր բերում գեր տղամարդկանց աղտոտած անկողիները: Նրա ամուսինը՝ Թոմ Ուիլլարդը, սև բեղերով, քառակուսի ուսերով, զինվորական արագ քայլվածքվ, կտրուկ շարժումներով, սլացիկ մարմնով բարետես տղամարդ էր: Նա ամեն կերպ աշխատում էր մոռանալ կնոջը: Սրահներով դանդաղոտ շարժվող գունատ, երկարավուն կերպարանքը կարծես կենդանի հանդիմանանք լիներ: Կնոջ մասին հիշելիս, նա զայրանում ու հայոյում էր: Եվ ուզում էր գլուխն ազատել այդ հյուրանոցից, որը եկամտաբեր չէր և մշտապես գտնվում էր սնանկացման եզրին: Նրա համար կինն ու այդ հին տունն վաղուց կորած ու իր կյանքից ջնջված բաներ են: Հյուրանոց, որտեղ մի ժամանակ այնպիսի հույսերով սկսել էր իր կյանքը, հիմա երազածի ստվերն էլ չէր: Ռայնսբուրգի փողոցներով, կոկիկ հագնված ու գործնական քայլելիս, նա մերթընդմերթ կանգնում ու արագ հետ էր շրջվում, կարծես վախենալով, որ հյուրանոցի և կնոջ ոգին կարող է հետապնդել նրան նույնիսկ փողոցում: «Անիծված լինի այսպիսի կյանքը, անիծված»,- փնչացրեց նա մտացրիվ:
Թոմ Ուիլլարդը քաղաքական կյանքի կրքոտ սիրահար էր և տարիներ շարունակ թունդ հանրապետականների համայնքում դեմոկրատների առաջնորդն էր: Նա հույս էր տալիս իրեն, թե մի օր քաղաքական վիճակն իր օգտին կփոխվի, և կգա ժամանակը, երբ երկար տարիների անօգուտ ծառայությունը կբերի փոխհատուցման պարգևը: Նա երազում էր կոնգրես ընկնել, նույնիսկ նահանգապետ դառնալ: Մի անգամ, երբ քաղաքական մի խորհրդակցության ժամանակ կուսակցության երիտասրդ անդմաներից մեկը սկսեց պարծենալ, թե անձնվեր ծառայում է կուսակցությանը, Թոմ Ուիլլարդը զայրույթից գունատվեց: «Ձայնդ կտրիր»,- շուրջը նայելով մռնչաց նա: «Է՛յ, պատանի, դու ի՞նչ գիտես, ծառայությունն ինչ է: Իսկ ես, ես դեմոկրատ էի այստեղ, Ուայնսբուրգում դեռ այն ժամանակ, երբ դեմոկրատ լինելն հանցանք էր համարվում: Այո, այն օրերին մեզ անխնա հալածում էին»:
Թոմ Ուիլլարդն արագ անցավ միջանցքով սանդուղքաբաժին և ուղղվեց դեպի գրասենյակ: Մթության մեջ կանգնած կինը լսում էր, թե նա ինչպես էր խոսում ու ծիծաղում մի հյուրի հետ, որը կամենալով փարատել երեկոյի տաղտուկը՝ նստել էր գրասենյակի դռան մոտ մի աթոռի ու ննջում էր: Կինը հետ դարձավ որդու սենյակի դռան մոտ, կարծես հրաշքով նրա մարմնի թուլությունը վերացել էր ու քայլերն էլ համարձակ էին: Լսելով ներսից եկող աթոռի ճռռոցն ու թղթի վրայով սահող գրչի ձայնը, նա կրկին հետ շրջվեց ու միջանցքով անցավ դեպի իր սենյակը:
Մի խիստ, որոշակի վճռականություն համակեց Ուայնսբուրգյան հյուրանոցի տնօրենի հուսաբեկ կնոջը: Այդ վճռականությունը երկար տարիների լուռ ու ապարդյուն մտորումների արգասիքն էր:
«Հիմա,- ասաց ինքն իրեն,- ես պետք է գործի անցնեմ: Իմ որդուն վտանգ է սպառնում և ես պետք է կանխեմ այն»: Նրան կատաղեցնում էր այն, որ Թոմ Ուիլլարդի և որդու միջև տեղի ունեցած խոսակցությունը բավական խաղաղ էր ու բնական, կարծես թե նրանք համամիտ էին: Թեև նա տարիներ շարունակ ատել էր ամուսնուն, բայց այդ ատելությունը տարտամ էր ու անկերպարանք: Նա եղել էր իր արած ամեն ինչի մի մասնիկը: Հիմա, դռան մոտ ասված մի քանի խոսքից այդ զգացմունքը կերպարանք ստացավ: Մթության մեջ կինը սեղմեց բռունցքները ու մոլեգնած շուրջը նայեց: Մոտենալով պատից կախված պահարանին՝ հանեց դերձակի իր երկար մկրատը ու պահեց դաշույնի պես: «Ես կսպանեմ նրան»,- ասաց բարձրաձայն: «Նա չարիքի մարմնացում է դարձել, ու ես պետք է սպանեմ նրան: Եվ երբ մեռնի, մի բան կփշրվի իմ մեջ ու ես էլ կմեռնեմ: Դա բոլորիս փրկությունը կլինի»:
Իր աղջկական տարիներին, ամուսնությունից առաջ, Էլիզաբեթը կասկածելի վարք ուներ Ուայնսբուրգում: Տարիներ շարունակ նա «թատրոնի գիժ» էր ու ճչան շորեր հագած նա ցուցադրաբար քայլում էր փողոցներում, հոր հյուրանոցի զբոսաշրջիկների հետ, ստիպելով նրանց պատմել իրենց քաղաքների կյանքի մասին: Մի անգամ Էլիզաբեթը ցնցեց քաղաքը. տղամարդու շորեր հագած, հեծանվով անցավ գլխավոր փողոցով:
Այն տարիների բարձրահասակ, թուխ աղջիկը մտովի նրա պատկերներում էր խռովահույզ ու մոլոր: Նրա մեջ մի անհատնում տագնապ կար, և դա արտահայտվում էր երկու ձևով: Նախ՝ նրան հանգիստ չէր տալիս փոփոխության, իր կյանքում որոշակի տեղաշարժ տեսնելու մի անդիմադրելի ձգտում: Այդ զգացումը Էլիզաբեթին մղեց դեպի թատրոն, դեպի բեմ: Նա երազում էր մտնել որևէ թատերախմբի մեջ և թափառել աշխարհով մեկ, միշտ տեսնել նոր մարդկանց և իր էությունից ինչ-որ բան տալ ամեքին: Երբեմն գիշերներն այդ ձգտումը խելագարեցնում էր նրան, բայց երբ փորձում էր այդ մասին խոսել Ուայնսբուրգ ժամանած և իրենց հյուրանոցում իջևանած թատերախմբի անդամների հետ, լրիվ թևաթափ էր լինում: Նրանք անհաղորդ էին մնում իր ասածին, իսկ եթե հաջողվում էլ էր ինչ-որ չափով արտահայտել էր իր տենչը, միայն ծիծաղում էին: