Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 143 756 բայտ, 10:24, 30 Հունվարի 2017
Միևնույն դասին պատկանող բոլոր էակների ազգակցությունը երբեմն պատկերում են մեծ ծառի ձևով։ Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը շատ համապատասխանում է ճշմարտությանը։ Կանաչ ճյուղերը բացվող բողբոջներով ներկայացնում են ապրող տեսակներին, իսկ նախորդ տարիների ճյուղերը համապատասխանում են մահաջնջված տեսակների երկար շարքին։ Յուրաքանչյուր տարի աճող ճյուղերը աշխատել են առաջացնել ընձյուղներ բոլոր ուղղություններով և անցնել ու խեղդել հարևան ընձյուղներին և ճյուղերին, ճիշտ այդպես էլ տեսակները և տեսակների խմբերը բոլոր ժամանակներում գոյության մեծ կռվում հաղթահարել են մյուս տեսակներին։ Բնի ճյուղավորոլթյունները, որոնք իրենց ծայրերում բաժանվում են սկզբում փոքրիկ ճյուղերի, իսկ հետո ավելի ու ավելի մանրիկ ճյուղերի, մի ժամանակ իրենք էլ, երբ ծառը դեռ մատաղ էր, եղել են բողբոջներով ծածկված ընձյուղներ. իսկ առաջվա և այժմյան բողբոջների միջև ճյուղավորվող ընձյուղների միջոցով եղած կապը հիանալի կերպով մեզ ներկայացնում է ապրող և մահաջնջված տեսակների դասակարգությունը, որը նրանց միացնում է խմբերում, որոնք ստորադասվում են այլ խմբերի։ Այն շատ ընձյուղներից, որոնք դուրս էին եկել այն ժամանակ, երբ ծառը դեռ բուն չէր տվել, թերևս ընդամենը երկուսը կամ երեքը պահպանվել են և աճել ու դարձել են մեծ ճյուղեր, որոնց վրա նստած են մնացած ճյուղերը, նույնն է տեղի ունեցել վաղուց անցած երկրաբանական դարաշրջաններում ապրած տեսակների հետ, նրանցից միայն քչերն են իրենցից հետո թողել դեռևս ապրող փոփոխված հաջորդներ։ Այդ ծառի կյանքի սկզբից շատ ոստեր ու ճյուղեր են չորացել ու թափվել, այդ թափված զանազան մեծության ճյուղերը ներկայացնում են ամբողջ կարգեր, ընտանիքներ և սեռեր, որոնք այժմ չունեն կենդանի ներկայացուցիչներ և մեզ հայտնի են միայն բրածո մնացորդներով։ Եվ ինչպես այստեղ որոշ տեղերում, հին ճյուղերի միջև երկճյուղավորման տեղում, նշվում է վտիտ մի ընձյուղ, որը պատահականության շնորհիվ ողջ է մնացել և շարունակում է իր ծայրին կանաչ մնալ, այդպես էլ որևէ բադակտուց կամ լեպիդոսիրեն, որը հավանորեն պաշտպանված բնակավայրի շնորհիվ փրկվել է օրհասական կռվից, իր ազգակցությամբ որոշ չափով միացնում է կյանքի երկու մեծ ճյուղեր։ Ինչպես որ բողբոջները աճման շնորհիվ սկիզբ են տալիս նոր բողբոջների, իսկ սրանք, եթե միայն նրանք բավականաչափ ուժեղ են, դառնում են ընձյուղներ, որոնք ճյուղավորվելով ծածկում և խեղդում են հյուծված շատ ճյուղեր, այդպես էլ, կարծում եմ, եղել է վերարտադրության շնորհիվ նաև կյանքի մեծ ծառը, որն իր մեռած թափված ճյուղերով լցրել է երկրի կեղևը և նրա մակերեսը ծածկում է իր հավետ ճյուղավորվող և հավետ հրաշալի ճյուղավորություններով։
 
 
==ԳԼՈՒԽ V։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ==
 
<FONT SIZE="-1">ՓՈՓՈԽՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ։— ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԺԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՉ ՎԱՐԺԵՑՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ԹՌԻՉՔԻ ԵՎ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԸ։— ԱԿԿԼԻՄԱՏԻԶԱՑԻԱ։— ՀԱՐԱԲԵՐԱԿՑԱԿԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։— ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱ) ԵՎ ԱՃԻ ՏՆՏԵՍՈՒՄ։— ԿԵՂԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։— ԲԱԶՄԻՑՍ ԿՐԿՆՎՈՂ ԹԵՐԱՃ ԵՎ ՑԱԾՐ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ։— ԱՐՏԱՍՈՎՈՐ ԿԵՐՊՈՎ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԸ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ։— ՏԵՍԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՍԵՌԱՅԻՆՆԵՐԸ։— ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ։— ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍԵՌԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՆՄԱՆ ՁԵՎՈՎ։— ՎԱՂՈՒՑ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։</FONT>
 
Ես մինչև այժմ երբեմն այնպես եմ խոսել, կարծես թե այն փոփոխությունները, որ այնքան սովորական ու բազմազան են ընտանի էակների մեջ և ավելի հազվադեպ են բնական վիճակում, պատահականության արդյունք են։ Այդ արտահայտությունը, իհարկե, միանգամայն սխալ է, բայց դա պարզ կերպով երևան է հանում մեր անգիտակությունը փոփոխությունների պատճառի մասին յուրաքանչյուր մասնավոր դեպքում։ Մի քանի հեղինակներ կարծում են, թե վերարտադրողական սիստեմի գործունեության մեջ մտնում են հավասարապես թե զավակների ու ծնողների ճիշտ նմանության պահպանումը և թե կառուցվածքում անհատական տարբերությունների կամ թույլ շեղումների իրականացումը։ Բայց այն փաստը, որ շեղվող ձևերը և այլանդակությունները ավելի հաճախ հանդիպում են ընտանեցման, քան բնական դրության մեջ, ինչպես նաև լայն տարածված տեսակների փոփոխականությունը ավելի մեծ է, քան սահմանափակ տարածվածություն ունեցող տեսակներինը, բերում է հետևյալ եզրակացության, որ փոփոխականությունը սովորաբար շաղկապված է կենսապայմանների հետ, որոնց ենթարկվել է տեսակը մի քանի հաջորդական սերունդների ընթացքում։ Առաջին գլխում ես փորձել եմ ցույց տալ, որ փոփոխված պայմանները ներգործում են երկու ձևով՝ անմիջականորեն ամբողջ կազմվածքի վրա կամ նրա մի որոշ մասի վրա և անուղղակի որ են վերարտադրողական սիստեմի միջոցով։ Յուրաքանչյուր դեպքում մասնակցում են երկու գործոններ՝ օրգանիզմի բնույթը, որ երկուսից ամենակարևորն է, և ներգործող պայմանների բնույթը։ Փոփոխված պայմանների անմիջական ներգործությունը առաջ է բերում որոշակի և անորոշ հետևանքներ։ Երկրորդ դեպքում ամբողջ կազմվածքը կարծես դառնում է պլաստիկ, և մենք ստանում ենք մեծ, բայց տատանվող փոփոխականություն։ Առաջինում օրգանիզմի բնույթն այնպես է, որ նա հեշտությամբ է ենթարկվում որոշ պայմանների ներգործության և բոլոր կամ գրեթե բոլոր անհատները փոփոխվում են միանման ձևով։
 
Չափազանց դժվար է որոշել, թե որքան հեռուն է տարածվում կլիմայի, սննդի և այլ փոփոխված պայմանների ներգործությունը այդ ուղղությամբ։ Հիմք կա կարծելու, որ առաջներում նրանց ներգործությունը ավելի մեծ է եղել քան այն, ինչ կարելի է լիակատար ստուգությամբ ապացուցել։ Սակայն մենք կարող ենք վստահ լինել, որ անթիվ բարդ փոխադարձ հարմարումները, որոնք մենք ամենուրեք նկատում ենք բնության մեջ բազմազան օրգանիզմների մոտ, չի կարելի վերագրել միայն այդ ներգործությանը։ Հետևյալ դեպքերում կենսապայմաններն ըստ երևույթին ունեցել են ինչ որ, թեպետև թույլ, որոշակի ներգործություն։ Է. Ֆորբսը պնդում է, որ կակղամորթների խեցիները նրանց տարածման հարավային սահմանում և միաժամանակ ծանծաղ ջրերում ունենում են ավելի վառ գույն, քան ավելի մեծ խորություն ունեցող ջրերում կամ ավելի հյուսիսային տեղերում ապրող միևնույն տեսակի խեցիները, սակայն այդ, իհարկե, ընդհանուր օրինաչափություն չէ։ Գուլդը կարծում է, որ միևնույն տեսակի թռչունները պարզ մթնոլորտ ունեցող կլիմաներում ունենում են ավելի վառ գույն, քան ծովափնյա երկրներում կամ կղզիների վրա. իսկ Ուոլլաստոնը համոզված է այն բանում, որ ծովի հետ հարևանությամբ ապրելը ազդում է միջատների գույնի վրա։ Մոկեն-Տանդոնը բերում է այնպիսի բույսերի մի ցուցակ, որոնք ապրելով ծովափին, ձեռք են բերում որոշ չափով մսոտ տերևներ, թեև այլ վայրերում նրանք մսոտ չեն։ Այս թույլ փոփոխվող օրգանիզմները հետաքրքրական են այն տեսակետից, որ նրանց փոփոխությունների բնույթը համապատասխանում է այն տեսակների հատկություններին, որոնք մշտապես սահմանափակված են նման պայմաններով։
 
Եթե մի փոփոխություն, որ թեկուզ թույլ չափով օգտակար է դրանով օժտված էակին, ապա մենք չենք կարող ասել, թե ինչ չափով մենք պետք է այն վերագրենք բնական ընտրությանը, և ինչ չափով կենսապայմանների որոշակի ներգործությանը։ Այսպես, մորթեվաճառներին լավ հայտնի է այն փաստը, որ միևնույն տեսակի կենդանին որքան ավելի հյուսիսում է ապրում, այնքան ավելի խիտ և ավելի լավ կլինի նրա մորթին, բայց ով կկարողանա ասել, թե այդ փաստը ինչ չափով կախված է այն բանից, որ այդ տաք հագնված անհատները, որպես ավելի բարենպաստվածներ, մյուսների հանդեպ գերադասորեն պահպանվել են բազմաթիվ սերունդների ընթացքում, և ինչ լափով կախված է դաժան կլիմայի անմիջական ներգործությունից, որովհետև, ըստ երևույթին, կլիման իրոք անմիջական ներգործություն է ունենում մեր ընտանի չորքոտանիների մորթու վրա։
 
Կարելի է բերել օրինակներ, որ միևնույն տեսակի տարատեսակներ միանգամայն նման են միմյանց և առաջացել են այնքան տարբեր պայմաններում, որքան կարելի է պատկերացնել, իսկ մյուս կողմից բերել օրինակներ, որ միմյանց չնմանվող տարատեսակներ առաջացել են, ըստ երևույթին, միանգամայն միանման պայմաններում։ Նմանապես ամեն մի բնախույզի հայտնի են լիակատար անփոփոխության անհամար օրինակներ, չնայած նրան, որ նրանք ապրում են ամենահակառակ կլիմայական պայմաններում։ Նման նկատառումներն էլ ինձ դրդում են ավելի քիչ կշիռ տալու շրջապատող պայմանների անմիջական ներգործությանը, քան փոփոխականության ինչ որ ձգտման, որը կախված է մեզ բոլորովին անհայտ պատճառներից։
 
Միայն մի իմաստով կենսապայմանների ներգործությունը, կարելի է ասել, ոչ միայն փոփոխականություն է պատճառում անմիջականորեն կամ անուղղակի կերպով, այլև իր մեջ պարփակում է բնական ընտրությունը, այսինքն այն իմաստով, որ այդ պայմաններն են որոշում, թե արդյոք կապրի այս տարատեսակը, թե մյուսը։ Միայն երբ մարդն է հանդիսանում ընտրության ազդակ տվողը, մենք պարզ նկատում ենք փոփոխության այդ երկու տարբերի անկախ ներգործությունը, որովհետև այսպես թե այնպես փոփոխականությունը արտահայտվում է, բայց միայն մարդու կամքն է կուտակում այդ փոփոխությունները որոշ ուղղություններով, և ամենահարմարվածի գերապրումը բնության մեջ համապատասխանում է հենց այդ վերջին գործունեությունը։
 
===ՕՐԳԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՂ ՎԱՐԺԵՑՄԱՆ ԵՎ ՈՉ ՎԱՐԺԵՑՄԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ===
 
Առաջին գլխում բերված փաստերի հիման վրա, ինձ թվում է, չի կարելի կասկածել այն բանում, որ մեր ընտանի կենդանիների մի քանի օրգանների վարժեցումը ամրապնդել է այդ օրգանները և մեծացրել նրանց չափերը, իսկ ոչ վարժեցումը, ընդհակառակը, փոքրացրել է նրանց, ինչպես նաև այն բանում, որ նման փոփոխությունները ժառանգաբար փոխանցվում են։ Ազատ բնության մեջ համեմատության համար մենք չունենք նմուշներ, որոնց հիման վրա կարողանայինք դատել օրգանների տևական վարժեցման կամ ոչ վարժեցման ազդեցության մասին, որովհետև մեզ անհայտ են նախասկզբնական ձևերը։ Բայց շատ կենդանիներ ունեն այնպիսի օրգաններ, որոնց կառուցվածքը լավագույն կերպով կարելի է վերագրել նրանց ոչ վարժեցմանը։ Ինչպես նկատում է պրոֆեսոր Օուենը, ամբողջ բնության մեջ չի կարելի գտնել ավելի մեծ անոմալիա, քան թռչել չկարողացող թռչունը. բայց և այնպես կան այդպիսի մի քանի թռչուններ։ Հարավ-ամերիկական կարճաթև բադը (logger headed duck) կարողանում է միայն ջրի մակերեսին խփել թևերով, որոնք նրա մոտ նույն վիճակում են, ինչ որ ընտանի էլսբերիական բադինը (Aylesbury duck)։ Ուշագրավ է այն, որ Կյոնինգհեմի դիտումների համաձայն, երիտասարդ թռչունները կարող են թռչել, մինչդեռ մեծերը կորցրել են այդ ընդունակությունը։ Քանի որ արածող խոշոր թռչունները հազվադեպ են թռչում, բացի աչն դեպքերից, երբ փրկվում են վտանգից, ուստի հավանական է թվում, որ գիշատիչ գազաններից զուրկ օվկիանոսային կղզիների վրա ապրող կամ ոչ վաղուց ապրած թռչունների թևազուրկ վիճակը առաջացել է նրանց թռչելու օրգանների ոչ վարժեցման հետևանքով։ Ջայլամը, ճիշտ է, ապրում է մայր ցամաքների վրա և ենթարկվում է վտանգների, որոնցից չի կարող փրկվել թռիչքի միջոցով, բայց դրա փոխարեն նա պաշտպանվում է, աքացի տալով ոչ ավելի վատ, քան որևէ չորքոտանի։ Մենք կարող ենք ենթադրել, որ ջայլամի նախահայրը կենսակերպով նմանվել է արոսին և նրա մարմնի մեծության ու կշռի ավելացման հետ զուգընթաց մեկը մյուսին հաջորդող մի շարք սերունդների ընթացքում նրա ոտները ավելի ու ավելի են վարժվել, իսկ թևերը ավելի քիչ, մինչև որ, վերջապես, վերջնականապես անպետքացել են թռիչքի համար։
 
Կերբին նկատել է (ես էլ կարող եմ հաստատել նրա դիտողությունը), որ գոմաղբով սնվող բզեզների արուներից շատերի առջևի վերջավորությունների թաթերը հաճախ կոտրտված են։ Նա զննել է իր հավաքածուի մեջ եղած տասնյոթ օրինակ և ոչ մեկի վրա ոտների այդ մասի հետքն էլ չի գտել։ Onites appelles բզեզի ոտնաթաթերն այնպես միշտ բացակայում են, որ բզեզի նկարագրություններում նա նշված է որպես այդ մասերից զուրկ։ Մի քանի այլ սեռերի մեջ նրանք գտնվում են սաղմնային վիճակում։ Եգիպտացիների սրբազան բզեզը (Ateuchus) բոլորովին զուրկ է դրանցից։ Պատահական վնասվածքների ժառանգական փոխանցումը հաստատող վճռական վկայություն դեռևս չկա, բայց այն զարմանալի դեպքերը, որ դիտել է Բրոուն-Սեկարը, երբ ծովախոզուկների վրա կատարված վիրահատության հետևանքները ժառանգական են եղել, պետք է մեզ դրդեն զգուշավոր լինել նաև այդ փաստի հնարավորությունը ժխտելու մեջ։ Համենայն դեպս Ateuchus-ի թաթերի լրիվ բացակայությունը և այլ սեռերի մեջ նրանց թերզարգացումը ավելի շրջահայաց է դիտել ոչ թե որպես ժառանգական վնասվածքների դեպքեր, այլ որպես վարժեցման տևական բացակայության հետևանքներ։ Քանի որ աղբաբզեզներից շատ շատերին մենք գտնում ենք կոտրատված թաթերով, ուստի այդ կորուստը պետք է տեղի ունենա նրանց կյանքի վաղ շրջանում, իսկ դա ցույց է տալիս, որ տվյալ օրգանները մեծ նշանակություն չեն կարող ունենալ և հետևապես զգալի վարժեցման չեն կարող ենթարկվել։
 
Այլ դեպքերում մենք կարող ենք վարժեցման և ոչ վարժեցման վերագրել կառուցվածքի այնպիսի ձևափոխությունները, որոնք բացառապես կամ գլխավորապես առաջացել են ընտրության միջոցով։ Միստր Ուոլլաստոնը հայտնագործել է մի ուշագրավ փաստ, որ Մադեյրայում ապրող բզեզների 550 տեսակից 200 տեսակը (այժմ հայտնի են ավելի շատ տեսակներ) այնքան թևազուրկ են, որ բոլորովին չեն կարողանում թռչել. տեղական քսանևինը սեռերից ոչ պակաս քան 23-ի բոլոր տեսակները աչքի են ընկնում այդ հատկությամբ։ Մի շարք փաստեր, այն է՝ որ աշխարհիս շատ երկրներում բզեզները քամուց քշվում են ծովը և ոչնչանում են, որ Ուոլլաստոնի դիտումների համաձայն, բզեզները Մադեյրայում թաքնվում են, մինչև որ քամին հանդարտում է և արևն սկսում է փայլել, որ անթև միջատների հարաբերական թիվն ավելի ևս մեծ է Դեզերտաս կղզու վրա, որը քամիների առջև ավելի բաց է, քան Մադեյրան, և առանձնապես այն արտասովոր փաստը, որի վրա հատկապես խիստ կերպով պնդում է Ուոլլաստոնը, որ բզեզների որոշ խմբեր, որոնք անպայման իրենց թևերի կարիքն զգում են և այլ երկրներում բազմաթիվ են, Մադեյրայում գրեթե բացակայում են,— այս բոլոր կշռադատումներն ինձ ստիպում են ենթադրելու, որ մադեյրական այդքան բազմաթիվ բզեզների թևագուրկ վիճակը կախված է գլխավորապես բնական ընտրությունից, կարող է պատահել, և ոչ վարժեցման հետ զուգորդված։ Որովհետև այդ բզեզների յուրաքանչյուր հաջորդ սերնդում ամեն մի անհատ, որ ավելի քիչ թռիչք է գործել թեկուզ թևերի աննշան թերզարգացման պատճառով կամ ավելի ծույլ սովորությունների պատճառով, ավելի շատ շանսեր է ունեցել գերապրելու, քանի որ ավելի քիչ է ենթարկվել ծովը քշվելու վտանգին, իսկ մյուս կողմից, այն բզեզները, որոնք ավելի հաճույքով են նետվել թռիչքներ գործելու, ավելի հաճախ են տարվել ծովը և ոչնչացել։
 
Բայց Մադեյրայի վրա այն միջատները, որոնք կերակրվում են ոչ թե գետնի վրա սողալով, այլ ծաղիկներով սնվող բզեզների ու թիթեռների նման ստիպված են սնունդ հայթայթելու համար բանեցնել իրենց թևերը, ինչպես կարծում է Ուոլլաստոնը, ունեն ոչ թե փոքրացած, այլ նույնիսկ մեծացած թևեր։ Դա միանգամայն համատեղելի է բնական ընտրության ներգործության հետ։ Որովհետև, կղզու վրա որևէ միջատի առաջին անգամ երևալու դեպքում նրա թևերը փոքրացնելու կամ մեծացնելու համար բնական ընտրության ցուցաբերած ձգտումը պետք է կախված լիներ այն հանգամանքներից, թե արդյոք անհատների մեծ մասը փրկվում էր քամու դեմ հաջողությամբ պայքարելով, թե՞ այդ պայքարից խուսափելով և քիչ կամ բոլորովին չթռչելով։ Այդպես էլ կլիներ ափի մոտ խորտակված նավի նավաստիների հետ. լավ լողորդներին ձեռնտու կլիներ որքան կարելի է ավելի երկար լողալ և ցամաքին հասնել, իսկ վատ լողորդները ավելի լավ է, բոլորովին չփորձեն լողալ, այլ կառչեն նավի բեկորներին։
 
Խլուրդների և գետնի տակ ապրող մի քանի կրծողների աչքերը իրենց մեծությամբ սաղմնային են և որոշ դեպքերում բոլորովին ծածկված են մաշկով և մազով։ Նրանց աչքերի այդ վիճակը ամենայն հավանականությամբ կախված է այլասերումից, որն առաջացել է վարժեցման բացակայության հետևանքով, գուցե և բնական ընտրության օժանդակությամբ։ Հարավային Ամերիկայում գետնի տակ ապրող մի կրծող թուքու-թուքոն (Ctenomis) ավելի ևս ստորերկրյա կենսակերպ ունի, քան մեր խլուրդը, և մի իսպանացի, որը հաճախ էր որսացել այդպիսի կրծողներ, ինձ պատմում էր, որ նրանք հաճախ կույր են լինում։ Դրանցից մեկը, որին ես միառժամանակ ողջ պահում էի, իսկապես կույր էր, և ինչպես ցույց տվեց դիահերձումը, դրա պատճառը թարթաթաղանթի բորբոքումն է եղել։ Քանի որ աչքերի հաճախակի բորբոքումը պետք է վնասակար լինի ամեն մի կենդանու համար և քանի որ ստորերկրյա կենսակերպ ունեցող կենդանուն աչքերը հարկավոր չեն, ուստի նրանց փոքրացումը, որին ուղեկցում է կոպերի մոտենալը և նրանց մազակալելը, կարող է միայն օգտակար լինել, իսկ այդ դեպքում բնական ընտրությունը, ի հարկե, կօժանդակե ոչ վարժեցման հետևանքներին։
 
Հայտնի է, որ շատ կենդանիներ, որոնք պատկանում են ամենատարբեր դասերի և ապրում են Կարնիոլիայի և Կենտուկկիի<ref>Կարնիոլիա կամ Կրայնա — Ավստրիայի ամենահարավային մարզերից մեկն է, Կենտուկկի — Հյուսիսային Ամերիկայի նահանգներից մեկն է։— ''Խմբ.։''</ref> ստորերկրյա այրերում, բոլորովին կույր են։ Մի քանի խեցեմորթների մոտ աչքի ցողունիկը պահպանվել է, բայց աչքն ինքը անհետացել է, այսինքն հեռադիտակի հաստատոցը պահպանվել է, բայց հեռադիտակն իր ապակիների հետ միասին արդեն գոյություն չունի։ Քանի որ դժվար է ենթադրել, որ աչքերը, թեկուզև օգուտ չտվող, կարող էին այս կամ այն ձևով վնասել մթության մեջ ապրող օրգանիզմներին, ուստի նրանց կորուստը պետք է վերագրել վարժեցման բացակայությանը։ Այդ կույր կենդանիներից մեկը, այն է՝ քարանձավային մեծամկները — (Neotoma), որոնցից մի զույգ բռնել է պրոֆեսոր Սիլլիմանը քարանձավի մուտքից կես մղոն հեռավորության վրա և, հետևաբար, քարանձավի ոչ ամենախոր տեղում, ունեցել են փայլուն և զգալի մեծությամբ աչքեր։ Այդ կենդանիները, ինչպես ինձ հաղորդում է պրոֆ. Սիլլիմանը, երբ նրանց ենթարկել են մոտավորապես մի ամսվա ընթացքում շարունակ ուժեղացող լույսի ներգործությանը, սկսել են աղոտ կերպով զանազանել առարկաները։
 
Դժվար է պատկերացնել ավելի նման կենսապայմաններ, քան այն պայմանները, որ ներկայացնում են գրեթե միանման կլիմա ունեցող կրաքարային խոր քարանձավները, այնպես որ, հին տեսակետի համաձայն, ըստ որի կույր կենդանիները ամերիկական և եվրոպական քարանձավների համար առանձին առանձին են ստեղծվել, պետք էր սպասել, որ նրանց կազմվածքը և սիստեմատիկական ազգակցությունը մոտ նմանություն կունենան միմյանց հետ։ Ակներևորեն դա չի արդարանում, երբ երկու կենդանական աշխարհն ամբողջությամբ համեմատում ենք միմյանց հետ։ Շիեդտեն մի քանի միջատների վերաբերմամբ նկատում է. «Հետևաբար, մենք այդ երևույթն ամբողջությամբ վերցրած պետք է համարենք մի ինչ որ բացառապես տեղական բան, իսկ այն նմանության մեջ, որ նկատելի է Մամոնտի այրի (Կենտուկկիի) և Կարնիոլիայի քարանձավների սակավաթիվ ձևերի միջև, կարելի է տեսնել այն համանմանության միայն մի պարզ արտահայտությունը, որ գոյություն ունի առհասարակ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի կենդանական աշխարհների միջև»։ Իմ տեսակետից՝ ամերիկական կենդանիները, որ օժտված են եղել տեսողության սովորական սրությամբ, դանդաղորեն ամբողջ մի շարք սերունդների ընթացքում արտաքին աշխարհից շարունակ ավելի ու ավելի թափանցել են Կենտուկկիի քարանձավների խորքը. նույնն է տեղի ունեցել նաև եվրոպական քարանձավներում եղած կենդանիների հետ։ Մենք որոշ վկայություններ ունենք կենսակերպում տեղի ունեցած այդ աստիճանական փոփոխության օգտին, որովհետև Շիեդտեն նկատում է. «Հետևաբար մենք դիտում ենք ստորերկրյա կենդանական աշխարհները որպես հարակից վայրերի աշխարհագրական տեսակետից մեկուսացած կենդանական աշխարհների փոքրիկ ճյուղեր, որոնք թափանցել են երկրի խորքը և որքան նրանք տարածվել են խավարի այդ շրջանում, այնքան ավելի ու ավելի հարմարվել են շրջապատող պայմաններին։ Սովորական ձևերից քիչ տարբերվող կենդանիները նախապատրաստում են անցումը լույսից դեպի մթություն։ Այնուհետև գալիս են այն ձևերը, որոնք հարմարված են մշտական աղջամուղջին և, վերջապես, այն ձևերը, որոնք նախանշված են լիակատար խավարի համար, սրանք արդեն ունեն բոլորովին առանձնահատուկ կառուցվածք»։ Շիեդտեի դիտողությունները, չպետք է մոռանալ, վերաբերում են ոչ թե մի, այլ տարբեր տեսակների։ Այն ժամանակամիջոցում, երբ կենդանին անթիվ սերունդների շարքից հետո հասել է ամենախոր խորխորատներին, մեր արտահայտած տեսակետի հիման վրա վարժեցման բացակայությունը առաջ է բերել աչքերի ավելի կամ պակաս չափով կորուստ, իսկ բնական ընտրությունն արդեն կարողացել է առաջացնել այլ փոփոխություններ, օրինակ, բողկուկների կամ շոշափուկների մեծացում՝ որպես տեսողության կորստին փոխհատուցում։ Չնայած այդ փոփոխություններին, մենք, այնուամենայնիվ, իրավունք ունենք սպասելու, որ Ամերիկայի քարանձավային միջատները ազգակցության գծեր կունենան մայր ցամաքի այլ բնակիչների հետ, ճիշտ այդպես էլ այն կենդանիները, որոնք ապրում են Եվրոպայի քարանձավներում, ազգակցությամբ, կապված կլինեն այդ մայր ցամաքի բնակիչների հետ։ Եվ դա արդարանում է ամերիկական քարանձավային միջատների վերաբերմամբ, ինչպես ինձ հաղորդել է պրոֆ. Դանան. նմանապես էլ մի քանի եվրոպական քարանձավային միջատներ մոտ ազգակցություն ունեն շրջապատող երկրի միջատների հետ։ Չափազանց դժվար կլիներ բանական բացատրություն տալ քարանձավային կույր կենդանիների և երկու մայր ցամաքների այլ բնակիչների միջև եղած այդ ազգակցությանը, կողմնակից լինելով այն սովորական պատկերացման, որ նրանք ստեղծված են իրարից անկախ կերպով։ Այն փաստը, որ ձին և նոր աշխարհի քարանձավային կենդանիներից մի քանիսը ներկայացնում են. մոտ ազգակցություն, կարելի էր նախատեսել այդ երկու աշխարհների կենդանիների մեծ մասի լավ հանրածանոթ ազգակցության հիման վրա։ Քանի որ Battyscia-ի մի կույր տեսակը առատորեն հանդիպում է քարանձավներից հեռու ստվերոտ ժայռերի վրա, ուստի այդ միակ սեռի քարանձավային տեսակների տեսողության կորուստը հավանորեն ոչ մի առնչություն չունի նրա մութ բնակավայրի հետ։ Մի այլ կույր սեռ (Anophthalmus) ունի այն զարմանալի առանձնահատկությունը, որ ըստ Մուրրեյի խոսքերի, նրա տեսակները դեռ ոչ մի տեղ չեն գտնված, բացի քարանձավներից. և այնուամենայնիվ Եվրոպայի և Ամերիկայի զանազան քարանձավներում հանդիպող տեսակները տարբերվում են իրարից։ Սակայն հնարավոր է, որ այդ զանազան տեսակների նախնիները անցյալում, երբ նրանք դեռ օժտված էին աչքերով, ցրված են եղել երկու մայր ցամաքների վրա և հետագայում մահաջնջվել են ամենուրեք, բացի իրենց այժմյան մեկուսացած ապաստարաններից։ Ես հեռու եմ զարմանք արտահայտելուց այն անոմալիաների առթիվ, որ ներկայացնում են քարանձավային կենդանիները, ինչպես այն արտահայտել է Ագասսիսը կույր ձկան (Amblyopsis) վերաբերմամբ, բայց ավելի շուտ այդ կարելի էր անել կույր պրոտեի առթիվ, եթե նրան համեմատում ենք Եվրոպայի այլ երկկենցաղների հետ։ Ես զարմանում եմ նրա վրա, որ այդ մռայլ ապաստարաններում նախկին կյանքի ավելի շատ մնացորդներ չեն պահպանվել շնորհիվ ավելի քիչ դաժան մրցության, որին ենթարկվել է նրանց սակավաթիվ բնակչությունը։
 
===ԱԿԼԻՄԱՏԻԶԱՑԻԱ===
 
Բույսերն ունեն ժառանգական սովորություններ, որոնք դրսևորվում են ծաղկելու և քնելու ժամանակի, սեղմերի ծլման համար անձրևաջրի անհրաժեշտ քանակության մեջ և այլն.— այս հանգամանքն ինձ դրդում է մի քանի խոսք ասել ակլիմատիզացիայի մասին։ Քանի որ շատ հաճախ միևնույն սեռի սահմաններում հանդիպում են տեսակներ, որոնք ապրում են տաք և ցուրտ երկրներում, ապա, ընդունելով այն դրույթի ճշտությունը, որ միևնույն սեռի բոլոր տեսակներն առաջացել են ընդհանուր ծնողներից, մենք պետք է ակնկալենք, որ նրանք սերունդների երկար շարանների ընթացքում կարող են հաջողությամբ կլիմայավարժվել։ Ամենքին հայտնի է, որ յուրաքանչյուր տեսակ հարմարված է իր բնակլիմայական պայմաններին. արկտիկական կամ նույնիսկ բարեխառն գոտու տեսակները չեն դիմանում արևադարձային կլիմային և ընդհակառակը։ Այդպես էլ մսալի բույսերից շատերը չեն դիմանում խոնավ կլիմայի։ Բայց իրենց սովորական կլիմային տեսակների հարմարվածության աստիճանը հաճախ չափազանցնում են։ Մենք այդ իրավունք ունենք եզրակացնելու այն փաստից, որ հաճախ անհնարին է նախօրոք ասել, թե այդպիսի բույսը կդիմանա մեր կլիմային կամ ոչ, ինչպես նաև այն դիտողությունից, որ ամենատարբեր երկրների բույսերն ու կենդանիները մեզ մոտ միանգամայն առողջ են լինում։ Մենք լիովին հիմք ունենք ենթադրելու, որ տեսակներն իրենց բնական դրության մեջ մնում են իրենց տարաբնակման սահմաններում որքան որոշ կլիմայական պայմանների հարմարվելու շնորհիվ, նույնքան էլ, եթե ոչ ավելի, այլ օրգանիզմների դեմ մրցելու շնորհիվ։ Արդյոք միշտ այդ հարմարումը սազացնում է բույսերին կլիմայական պայմաններին թե ոչ, համենայն դեպս մի քանի բույսերի վերաբերմամբ մենք ունենք պարզորոշ ապացույց, որ նրանք կարող են բնականորեն վարժվել զանազան ջերմաստիճանների, այսինքն՝ կլիմայավարժվել։ Այսպես, օրինակ, սոճիները և ռոդոդենդրոնները, որոնք ստացված են Հիմալայների զանազան բարձրություններից Հուկերի հավաքած սերմերից, Անգլիայում ցուցաբերել են տարբեր չափի ցրտադիմացկունություն։ Միստր Տվեյտիսը հաղորդել է ինձ, որ նա նման երևույթներ նկատել է Ցեյլոնում. նույնպիսի դիտումներ կատարել է Ուոտսոնը Ազորյան կղզիներից Անգլիա բերված եվրոպական տեսակների վրա. իսկ ես կարող եմ բերել նաև այլ օրինակներ։ Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա կարելի է բերել տեսակի լայն տարածման մի քանի արժանահավատ դեպքեր, որ տեղի են ունեցել պատմական ժամանակաշրջանում տաք երկրներից դեպի ավելի ցուրտ երկրները և ընդհակառակը։ Սակայն մենք ստույգ չգիտենք, թե արդյոք այդ կենդանիները խիստ կերպով հարմարված են իրենց բնական կլիմային, թեև մենք այդ համարում ենք որպես ապացուցված, մենք չգիտենք նույնպես և այն, թե արդյոք նրանք իրենց նոր հայրենիքում կլիմայավարժվե՞լ են ժամանակի ընթացքում, արդյոք հետագայում ավելի լա՞վ են հարմարվել նրա պայմաններին, քան եղել են սկզբում։
 
Քանի որ մենք իրավունք ունենք ենթադրելու, որ մեր ընտանի կենդանիներին սկզբնապես ընտրել է կիսավայրենի մարդը նրանց օգտակար հատկությունների համար և այն պատճառով, որ հեշտությամբ կարող էին բազմանալ գերության մեջ, այլ ոչ թե այն պատճառով, որ հետագայում ընդունակ եղան լայնորեն տարաբնակվելու, ուստի մեր ընտանի կենդանիների սովորական և զարմանալի այն առանձնահատկությունը, որ նրանք ոչ միայն դիմանում են զանազան կլիմաների, այլ նաև միաժամանակ պահպանում են իրենց պտղաբերությունը (որն անհամեմատ ավելի խիստ փորձանշան է) կարող է ներկայացվել որպես փաստարկ այն դրույթի օգտին, որ բնական վիճակում ապրող կենդանիների մեծ մասը կարող է գոյություն ունենալ խիստ տարբեր կլիմաներում։ Բայց մենք չպետք է չափազանց լայն կերպով կիրառենք այս փաստարկը, հիշելով որ մեր ընտանի ցեղերը հավանորեն ծագել են մի քանի տեսակներից, այսպես, օրինակ, մեր շների մեջ կարող է խառնված լինել արևադարձային կամ արկտիկական որևէ գայլի արյունը։ Թեև մուկը և մեծամուկը չեն կարող ընտանեցված կենդանիներ անվանել, այնուամենայնիվ մարդու միջոցով նրանք տարածվել են աշխարհի զանազան կողմերը և այժմ ավելի լայն տարածում ունեն, քան որևէ այլ կրծող, նրանք ապրում են հյուսիսում՝ Ֆարերյան կղզիների ցուրտ կլիմայում և հարավում՝ Ֆալկլանդյան կղզիների, ինչպես նաև տաք գոտու շատ կղզիների վրա։ Հետևաբար, որևէ հատուկ կլիմայի հարմարվելու ընդունակությունը կարելի է դիտել որպես մի առանձնահատկություն, որը շատ հեշտությամբ պատվաստվում է կենդանիների մեծամասնությանը հատուկ կառուցվածքային բնածին մեծ ճկունության հողի վրա։ Այս տեսակետից մարդու և նրա ընտանի կենդանիների կողմից ամենաբազմազան կլիմաների հարմարվելու ընդունակությունը, ինչպես նաև այն փաստը, որ մահաջնջված փղերը և ռնգեղջյուրները առաջներում դիմացել են սառցադաշտային շրջանին, մինչդեռ նրանց այժմ ապրող տեսակները իրենց սովորություններով պատկանում են բացառապես արևադարձային և մերձարևադարձային կլիմային,— այս փաստերը չպետք է դիտվեն որպես անոմալիա, այլ միայն որպես օրգանիզմների բնույթի շատ սովորական ճկունության օրինակներ, մի ճկունություն, որ երևան է գալիս առանձին հանգամանքներում։
 
Թե որևէ յուրահատուկ կլիմայի վերաբերմամբ տվյալ տեսակի հարմարեցման երևույթը ինչ չափով է կախված միայն նրա հատկություններից, ինչ չափով զանազան բնածին առանձնահատկություններ ունեցող տարատեսակների բնական ընտրությունից և, վերջապես, ինչ չափով ամբողջությամբ միասին վերցրած երկու պատճառներից էլ, այդ բոլորը դեռևս մութ հարցեր են։ Որ սովորությունը իր ներգործությունն է ունենում, դրանում ինձ համոզում են ոչ միայն անալոգիաները, այլև գյուղատնտեսական աշխատությունների մեջ, սկսած հնագույն չինական հանրագիտարաններից, հաճախակի հանդիպող մշտական խորհուրդները, որ կենդանիներին տեղից տեղ փոխադրելիս պետք է ծայրահեղ զգուշություն պահպանել։ Որովհետև անհավանական է, որ մարդը կարողանար տվյալ վայրերին հատկապես հարմարված կառուցվածքով այդքան մեծ թվով ցեղեր և ենթացեղեր ընտրել, ապա այդ արդյունքը, ես կարծում եմ, պետք է վերագրել սովորությանը։ Մյուս կողմից, բնական ընտրությունը անխուսափելիորեն պետք է հակվեր այն անհատների պահպանման կողմը, որոնք ծնվել են իրենց բնակված երկրներին ամենից ավելի հարմարված կառուցվածքով։ Մշակովի այս կամ այն բույսին նվիրված մասնագիտական աշխատություններում հիշատակվում է, որ մի քանի տարատեսակներ ավելի հեշտությամբ են դիմանում մի որոշ կլիմայի, քան մյուսները. դա առանձնապես զարմանալիորեն դրսևորվում է պտղաբուծության վերաբերյալ աշխատություններում, որ հրատարակվում են Միացյալ Նահանգներում։ Այդ աշխատությունների մեջ սովորաբար որոշ տարատեսակներ հանձնարարվում են հյուսիսային, իսկ մյուսները հարավային նահանգների համար և քանի որ այդ տարատեսակների մեծ մասը նորագույն ծագում ունի, ապա ակներև է, որ նրանք իրենց կազմությամբ պարտական չեն սովորությանը։ Գետնախնձորը, որ Անգլիայում երբեք սերմերով չի բազմացվում, և հետևապես, նոր տարատեսակներ չի տվել, բերվում է իբրև ապացույց կլիմայավարժեցման փաստի անհնարինությունը ցույց տալու համար, որովհետև նա այժմ էլ նույնքան զգայուն է, ինչքան միշտ էլ եղել է։ Նույն նպատակով էլ և մեծ հիմնավորմամբ հաճախ բերվել է լոբու օրինակը։ Բայց քանի դեռ որևէ մեկը չի փորձի ցանել իր լոբին առնվազն քսան սերունդների ընթացքում այնքան վաղ, որ մեծ մասը սառնամանիքից ոչնչանա, չի հավաքի ողջ մնացածներից սերմեր, միաժամանակ մանրազնին կերպով խուսափելով պատահական խաչաձևումներից և կրկին չի ստանա սերմեր այդ սերմնաբույսերից, պահպանելով նույն նախազգուշությունները,— մինչև այդ կարելի է համարել, որ այդ իմաստով դեռևս ոչ մի փորձ չի ձեռնարկվել։ Եվ չի կարելի կարծել, թե լոբու ծիլերի կազմության մեջ ոչ մի տարբերություն երևան չի բերվել, ցուցումներ այն մասին, թե ինչքան տարբեր է լինում այդ բույսի զանազան ծիլերի դիմացկունությունը, հանդիպում են մամուլում, և ես ինքս դիտել եմ այդ փաստի ապշեցուցիչ օրինակներ։
 
Ընդհանուր առմամբ մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ սովորությունը, վարժեցումը կամ ոչ վարժեցումը որոշ դեպքերում մեծ դեր են խաղացել կազմության և կառուցվածքի փոփոխության մեջ, բայց այդ պատճառների հետևանքները զգալի չափով ամրապնդվել կամ գերազանցվել են բնածին փոփոխությունների բնական ընտրությամբ։
 
===ԿՈՌԵԼՅԱՏԻՎ (ՀԱՐԱԲԵՐԱԿՑԱԿԱՆ) ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ===
 
Այդ արտահայտությամբ ես հասկանում եմ այն փաստը, որ էակի ամբողջ կազմվածքը աճման ու զարգացման ժամանակ գտնվում է այնպիսի սերտ փոխադարձ կապի մեջ, որ երբ նրա որևէ մասում երևան են գալիս թույլ փոփոխություններ և կուտակվում են բնական ընտրության միջոցով, մյուս մասերը նույնպես ենթարկվում են փոփոխության։ Սա մի չափազանց կարևոր հարց է, որը դեռ պարզ կերպով չի հասկացվում և, անկասկած, այստեղ միանգամայն տարբեր փաստերի ամբողջ խմբեր կարող են խառնվել։ Մենք ամենից առաջ կհամոզվենք, որ ժառանգականության պարզ փաստը կարող է ընդունվել որպես նման հարաբերակցություն։ Ամենից ավելի ակներև դեպքերից մեկն է հանդիսանում թրթուրների կամ ձագերի կառուցվածքում փոփոխությունների և չափահաս կենդանու կառուցվածքի միջև եղած կախումը։ Մարմնի զանազան մասերը, որ հոմոլոգ են միմյանց հետ, վաղ, սաղմնային վիճակում ունեն նման կառուցվածք և անհրաժեշտորեն ենթակա են նման պայմանների, ըստ երևույթին առանձնապես հակում ունեն միանման ձևով փոփոխվելու։ Դրա օրինակները մենք տեսնում ենք մարմնի բոլորովին միանման ձևով փոփոխվող աջ և ձախ մասերի մեջ, առջևի և հետևի վերջավորությունների և նույնիսկ վերջավորությունների ու ծնոտների համատեղ փոփոխությունների մեջ, որովհետև ստորին ծնոտները, մի քանի կազմախոսների կարծիքով, վերջավորությունների հոմոլոգներ են։ Այդ ձգտումները, անկասկած, կարող են լիովին կամ մասամբ հաղթահարվել բնական ընտրության ներգործությամբ, այսպես, օրինակ, հայտնի է մի դեպք, երբ եղջերուների մի ամբողջ ընտանիք եղջյուրներ ունեցել է գլխի միայն մի կողմում, եթե այդ առանձնահատկությունը կարողանար որևէ օգուտ բերել, ապա նա հավանորեն կարող էր կայունացվել բնական ընտրությամբ։
 
Հոմոլոգ մասերը, ինչպես այդ նկատել են մի քանի հեղինակներ, հակում ունեն սերտաճելու, դա հաճախ նկատվում է այլանդակ բույսերի վրա, և ոչ մի բան այնքան սովորական չէ, որքան հոմոլոգ գոյացումների սերտաճումը նորմալ կառուցվածքում, ինչպես, օրինակ, երբ պսակաթերթիկները սերտաճում և կազմում են խողովակ։ Կոշտ մասերը ներգործում են իրենց հարակից փափուկ մասերի վրա. մի քանի հեղինակներ կարծում են, որ թռչունների կոնքի ձևի բազմազանությունը ազդում է նրանց երիկամների ձևի զարմանալի բազմազանության վրա։ Ուրիշները կարծում են, որ մարդու մոտ մոր կոնքի ձևը իր գործած ճնշման միջոցով ազդում է երեխայի գլխի ձևի վրա։ Շլեգելի կարծիքով օձերի մարմնի ձևը և սնունդը կուլ տալու եղանակը որոշում են մի քանի ներքին ամենակարևոր օրգանների դիրքն ու ձևը։
 
Այդ հարաբերակցության պատճառը հաճախ բոլորովին մութ է. Իսիդոր Ժոֆրուա Սենտ-Իերը պնդել է, որ մի քանի այլանդակություններ շատ հաճախ, իսկ մյուսները, ընդհակառակը, շատ հազվագյուտ դեպքերում են ուղեկցում միմյանց, թեպետև մենք ի վիճակի չենք այդ փաստին որևէ բացատրություն տալու։ ի՞նչը կարող է ավելի տարօրինակ լինել, քան կատուների մեջ հանդիպող այն կախումը, որ գոյություն ունի մի կողմից բոլորովին սպիտակ մազերի ու կապույտ աչքերի և մյուս կողմից խլության միջև, կամ կրիային նմանվող խայտաբղետ գույնի և իգական սեռի միջև։ Իսկ աղավնիների մեջ՝ ի՞նչը կարող է օտարոտի լինել, քան այն կապը, որ մենք տեսնում ենք փետրավորման և արտաքին մատները միացնող թաղանթի միջև, կամ ձվից նոր դուրս եկած ձագուկի աղվամազով ծածկվելու աստիճանի և նրա փետուրի ապագա գույնի միջև։ Եվ, վերջապես, մերկ տաճկական շան մազի և ատամների միջև եղած կապը, թեև այստեղ, անկասկած, դեր է խաղում նաև հոմոլոգիան։ Ինչ վերաբերում է այս վերջին հարաբերակցությանը, ապա ես կարծում եմ, որ հազիվ թե կարելի է պատահական համարել այն փաստը, որ կաթնասունների երկու կարգեր, որոնք իրենց մաշկային ծածկույթի տեսակետից ամենից ավելի անկանոն են, այսինքն կետանմանները (Cetacea) և թերատամավորները (Edentata, ինչպես, օրինակ, զրահակիրները, թեփամորթները և այլն), միաժամանակ ամենից ավելի անկանոն են նաև իրենց ատամներով։ Այնուամենայնիվ՝ միստր Մայվարտը այդ կանոնից այնքան բացառություններ է նշել, որ նա քիչ նշանակություն ունի։
 
Ինձ հայտնի չէ մի օրինակ, որ ավելի հարմար լիներ հարաբերակցության և փոփոխականության օրենքների կարևորությունը պարզաբանելու համար, անկախ օգտակարությունից և, հետևաբար, անկախ բնական ընտրության մասնակցությունից, քան այն, որ ընձեռում է մեզ բարդածաղիկների և հովանոցավորների ծաղկաբույլերի արտաքին ու ներքին ծաղիկների միջև եղած տարբերությունը։ Ո՞ւմ հայտնի չէ, օրինակ, մարգարտածաղկի եզրային և միջին ծաղիկների միջև եղած տարբերությունը, և այդ տարբերությունը հաճախ ուղեկցվում է վերարտադրողական օրգանների մասնակի կամ լիակատար թերզարգացմամբ։ Այդ բույսերից մի քանիսների նաև սերմերը ձևով և մակերեսի կառուցվածքով ներկայացնում են տարբերություններ։ Այդ տարբերությունները երբեմն վերագրվել են ծածկույթի թերթիկների ճնշմանը ծաղիկների վրա կամ ծաղիկների փոխադարձ ճնշմանը, և բարդածաղիկների եզրային ծաղիկներում սերմերի ձևը որոշ չափով հաստատում է այդ բացատրությունը։ Սակայն, ինչպես ինձ հաղորդում է Հուկերը, հովանոցավորների ամենևին ոչ այն տեսակները, որոնք ունեն ամենից ավելի խիտ ծաղկաբույլեր, աչքի են ընկնում արտաքին ու ներքին ծաղիկների միջև ամենամեծ տարբերությամբ։ Կարելի էր կարծել, որ եզրային պսակաթերթիկների զարգացումը խլելով վերարտադրողական օրգաններից սննդանյութեր, նրանց թերզարգացման պատճառ է դառնում, բայց դա հազիվ թե միակ պատճառն է, որովհետև բարդածաղիկներից շատերի արտաքին ու ներքին ծաղիկների սերմերը տարբերվում են միմյանցից, թեև նրանց պսակների միջև տարբերություն չկա։ Գուցե այդ տարբերությունները կապ ունեն դեպի եզրային և միջին ծաղիկները գնացող սննդանյութերի հոսանքի տարբերության հետ, համենայն դեպս մենք գիտենք, որ անկանոն ծաղիկներ ունեցող բույսերի այն ծաղիկները, որոնք գտնվում են ծաղկի առանցքի գագաթին, ամենից ավելի հաճախ են ներկայացնում պելորիայի երևույթ, այսինքն աննորմալ վերադարձ դեպի կանոնավոր ձևը։ Կարող եմ իբրև օրինակ, որպես հարաբերակցության մի զարմանալի դեպք բերել այն, որ շատ պելարգոնիաների ծաղկաբույլի մեջ միջին ծաղկի վերին երկու պսակաթերթիկները հաճախ կորցնում են մգա գույն բծերի և այդ դեպքում նրանց հարակից նեկտարանոցը լինում է բոլորովին անզարգացած, այսպիսով, միջին ծաղիկը պելորիկ է, կամ կանոնավոր, իսկ երբ մգագույն բիծը բացակայում է միայն մեկ պսակաթերթիկի վրա, նեկտարանոցը բոլորովին չի ոչնչանում, այլ միայն զգալիորեն կարճանում է։
 
Պսակի զարգացման վերաբերմամբ շատ հավանական է Շպրենգելի ենթադրությունը, որ եզրային ծաղիկները ծառայում են միջատներին գրավելու համար, որոնց այցելությունը չափազանց ձեռնտու է կամ նույնիսկ անհրաժեշտ է այդ բույսերի բեղմնավորման համար, իսկ եթե այդպես է, ապա բնական ընտրությունը կարող է այստեղ ցուցաբերել իր ներգործությունը։ Սակայն սերմերի վերաբերմամբ անհնարին է թվում, որ նրանց ձևի մեջ եղած տարբերությունները, որոնք ոչ միշտ հարաբերակցության մեջ են գտնվում պսակաթերթիկներում եղած որևէ տարբերությունների հետ, կարող են որևէ ձևով օգտակար լինել։ Բայց և այնպես հովանոցավորների այդ տարբերությունները այնքան ակներևորեն կարևոր են, եզրային ծաղիկները երբեմն տալիս են ուղիղ էնդոսպերմով սերմեր (Orthospermeae), իսկ միջին ծաղիկները՝ կոր էնդոսպերմով (Geolospermeae),— որ դը-Կանդոլը հովանոցավորների ընտանիքի գլխավոր ստորաբաժանումների հիմքում դրել է այդ հատկանիշները։ Այստեղից հետևում է, որ այն տարբերությունները, որոնք կարգաբանների կողմից ընդունվում են որպես շատ կարևոր, կարող են կախված լինել բացառապես փոփոխականության և հարաբերակցության (կոռելյացիայի) օրենքներից, չներկայացնելով, որքան մենք կարող ենք այդ մասին դատել, նվազագույն օգուտ անգամ։
 
Հաճախ մենք կարող ենք սխալմամբ հարաբերակցական փոփոխականության վերագրել կառուցվածքի այն առանձնահատկությունները, որոնք ընդհանուր են տեսակների ամբողջ խմբերի համար, իրականում իրենց ծագումով պարզապես պարտական են ժառանգականությանը։ Մի որևէ հեռավոր նախահայր կարող էր բնական ընտրության շնորհիվ ձեռք բերել այս կամ այն փոփոխությունն իր կաոուցվածքում, և ապա հազարավոր սերունդներ անցնելուց հետո՝ մի ուրիշը, աոաջինից բոլորովին անկախ կերպով. այդ փոփոխությունները փոխանցվելով տարբեր կենսակերպ ունեցող հաջորդների մի ամբողջ խմբի, մեզ կարող է թվալ, կարծես թե գտնվում են անհրաժեշտ հարաբերակցության մեջ։ Մի քանի այլ հարաբերակցություններ ըստ երևույթին կարող են առաջանալ միայն այն ներգործություններից, որոնք բացառապես հատուկ են բնական ընտրությանը։ Այսպես, օրինակ, Ալֆոնս դը-Կանդոլը ցույց է տվել, որ թռիչքաթևեր ունեցող սերմերը երբեք լեն հանդիպում չպայթող պտուղներում. ես այդ կանոնը կբացատրեի ելնելով այն բանից, որ բնական ընտրությունը չէր կարողանա առաջացնել թևավոր սերմեր, եթե տուփիկները չբացվեին. միայն այդ դեպքում կարող էին թևավոր սերմերը, որոնք ավելի լավ են տարվում քամուց, ստանալ առավելություններ լայն տարածման համար ավելի քիչ հարմարվածների հանդեպ։
 
===ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱ) ԵՎ ԱՃԻ ՏՆՏԵՍՈՒՄ===
 
Ժոֆֆրուա ավագը և Գյոթեն գրեթե միաժամանակ հայտարարել են աճման փոխհատուցման կամ հավասարակշռության իրենց օրենքը, որը Գյոթեն արտահայտել է այսպես. «Բնությունը, որպեսզի առատաձեռն լինի մի ուղղությամբ, ստիպված է ժլատանալու մի այլ ուղղությամբ»։ Ես կարծում եմ, որ այդ որոշ իմաստով վերաբերում է մեր ընտանի ցեղերին։ Եթե սննդարար հյութերը առատությամբ առհոսում են դեպի մի օրգանը, ապա նրանք հազվադեպ են հոսում, համենայն դեպս առատորեն չեն հոսում դեպի մի այլ օրգան. դժվար է հասնել այն բանին, որ կովը շատ կաթ տա և միևնույն ժամանակ հեշտությամբ գիրանա։ Կաղամբի միևնույն տարատեսակները չեն տալիս միաժամանակ առատ և սննդարար տերևներ և յուղատու սերմերի առատ բերք։ Երբ մեր պտուղներում սերմերը ատրոֆիայի են ենթարկվում, պտուղները դրանից շահում են մեծությամբ և որակով։ Մեր հավացեղերի մեջ գլխի վրա փետուրների մեծ փուփուլը միշտ ուղեկցվում է կատարի փոքրացմամբ, իսկ կզակի տակի փետրափունջը՝ ականջօղերի փոքրացմամբ։ Բնական վիճակում գտնվող տեսակների վերաբերմամբ հազիվ թե կարելի լինի պաշտպանել այս օրենքի ընդհանրականությունը, բայց մանրազնին դիտողներից շատերը, առավելապես բուսաբանները, համարում են այն որպես ճշմարտություն։ Այնուամենայնիվ ես այստեղ չեմ բերի օրինակներ որովհետև գրեթե հնարավոր չեմ համարում տարբերել այդ երկու երևույթները, այն է՝ մի կողմից օրգանի զգալի զարգացումը բնական ընտրության շնորհիվ և մի այլ, հարևան օրգանի թերզարգացումը միևնույն պատճառով կամ ոչ վարժեցման հետևանքով, մյուս կողմից նույնպիսի հետևանքները, որ առաջանում են մի օրգանից սննդանյութերը դեպի մյուս, ուժեղ աճող, հարևան օրգանին հատկացնելուց։
 
Ես կասկածում եմ, որ փոխհատուցման առաջադրված դեպքերից մի քանիսը, ինչպես նաև մի քանի այլ փաստեր կարող են մի ավելի լայն սկզբունքի հիմք կառուցել, այն է՝ բնական ընտրությունը միշտ ձգտում է խնայողություն պահպանել կազմվածքի բոլոր մասերի վերաբերմամբ։ Եթե փոփոխված կենսապայմաններում առաջուց օգտակար եղած օրգանը դառնում է ավելի քիչ օգտակար, այդ դեպքում բնական ընտրությունը կնպաստի նրա կրճատմանը, որովհետև անհատների համար ձեռնտու է սննդանյութ չվատնել անօգուտ մասի կառուցման վրա։ Միայն այս տեսակետով ես կարող եմ ինձ բացատրել այն փաստը, որը ինձ չափազանց զարմացրել էր փնջոտնյա խեցգետինների (Cirripedia) ուսումնասիրման ժամանակ, և դրան համանման շատերը, այն է՝ երբ մի փնջոտնյա խեցգետին մակաբույծ կյանք է վարում մի ուրիշի մարմնի մեջ և այդպիսով պաշտպանություն է գտնում, ապա նա կատարելապես կամ մասամբ կորցնում է իր կեղևը կամ խեցին։ Այդ tմենք նկատում ենք Ibla-ի արուի մոտ և զարմանալի ձևով Proteolepas-ի մոտ։ Մնացած բոլոր փնջոտնյաների խեցին բաղկացած է գլխի առջևի չափազանց կարևոր հատվածներից, որոնք հսկայական չափով են զարգացած և օժտված են ուժեղ մկաններով և նյարդերով։ Բայց մակաբուծական կյանք վարող և այդ պատճառով էլ պաշտպանված Protelepas-ի գլխի ամբողջ առջևի մասը այլասերվել ու դարձել է մի աննշան թերաճիկ, որն ամրակցված է բռնիչ շոշափուկների հիմքին։ Հասկանալի է, որ այդպիսի մի մեծ ու բարդ, արդեն ավելորդ դարձած օրգանից զրկվելը այդ տեսակի ամեն մի անհատի համար բացահայտ օգուտ կներկայացներ, որովհետև գոյության կռվում, որին ենթակա է ամեն մի կենդանի, նրանցից յուրաքանչյուրը իր գոյությունը պահպանելու համար կունենար այնքան ավելի շատ շանսեր, որքան նրան ավելի քիչ հատուկ լիներ սննդանյութերի ապարդյուն ծախսումը։
 
Այսպիսով, ես կարծում եմ, բնական ընտրությունը ժամանակի ընթացքում կձգտի կրճատել կազմվածքի ամեն մի մաս, հենց որ նա փոփոխված կենսակերպի պատճառով ավելորդ կդառնա, առանց որևէ այլ մասի համապատասխան ավելացրած զարգացում ստանալու։ Եվ ընդհակառակը, բնական ընտրությունը կարող է առաջ բերել որևէ օրգանի զարգացում, կարիք չունենալով պարտադիր փոխհատուցման համար կրճատել այդ օրգանի հարևան որևէ մի մաս։
 
===ԲԱԶՄԻՑՍ ԿՐԿՆՎՈՂ, ԹԵՐԱՃ ԵՎ ՑԱԾՐ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ===
 
Ըստ երևույթին, պետք է որպես կանոն ընդունել այն, ինչպես այդ նկատել է Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը, որ ինչպես տեսակների, այնպես էլ տարատեսակների մեջ փոփոխական է լինում այն օրգանների թիվը, որոնք միևնույն անհատի մոտ բազմիցս կրկնվող են (օրինակ, օձերի ողները, առէջքները բազմայր ծաղիկներում). ընդհակառակը, եթե նույն օրգանը կամ նույն մարմնամասը թվով ավելի քիչ է, ապա այդ թիվը հաստատուն է լինում։ Նույն գիտնականը, իսկ նրանից հետո նաև մի քանի բուսաբաններ նկատել են, որ բազմիցս կրկնվող մարմնամասերը փոփոխական են նաև իրենց կառուցվածքով։ Քանի որ «վեգետատիվ կրկնությունը», եթե այստեղ օգտագործենք պրոֆ. Օուենի այդ արտահայտությունը, հանդիսանում է ավելի ցածր կազմվածքի հատկանիշ, ապա հենց նոր արտահայտված դրույթները համընկնում են բնախույզների մեջ ավելի լայն տարածված այն կարծիքի հետ, որ կազմվածքի ավելի ցածր աստիճանների վրա կանգնած էակներն ավելի փոփոխական են, քան ավելի բարձր կազմվածքով օրգանիզմները։ Ես կարծում եմ, որ կազմվածքի ցածր աստիճան ասելով այստեղ հասկանում ենք առանձին օրգանների գործունեության մասնագիտացման ավելի ցածր աստիճան, իսկ քանի դեռ մի մարմնամասը կատարում է մի քանի տարբեր աշխատանքներ, մենք կարող ենք բացատրել, թե ինչու նա պահպանում է իր փոփոխականությունը, այսինքն, թե ինչու բնական ընտրությունը չի վերացնում ամեն մի փոքրիկ շեղում, ինչպես այդ արվում է այն դեպքում, երբ որոշ մաս կատարում է միայն մի հատուկ աշխատանք։ Նույն հիման վրա էլ դանակը, որով կտրում են ամեն տեսակի առարկաներ, կարող է համարյա ամեն ձևի լինել, մինչդեռ միայն մի որոշակի աշխատանքի համար նախասահմանված գործիքը պետք է ունենա միանգամայն որոշակի ձև։ Բնական ընտրությունը, այդ երբեք չպետք է մոռանալ, ներգործում է միայն տվյալ էակի օգտին և այդ օգուտի միջոցով։
 
Թերզարգացած (ռուդիմենտար) մարմնամասերը, ինչպես ընդունում են բոլորը, չափազանց փոփոխական են։ Այդ խնդրին մենք դեռ վերադառնալու ենք. այստեղ ես միայն կնկատեմ, որ նրանց փոփոխականությունը հավանորեն տեղի է ունենում նրանց անօգտակարությունից, որի հետևանքով բնական ընտրությունը չէր կարող սահմանափակել շեղումների առաջացման այդ ձգտումը։
 
===ՄԻ ՄԱՐՄՆԱՄԱՍ, ՈՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՄ ԲԱՑԱՌԻԿ ՁԵՎՈՎ ԶԱՐԳԱՑԱԾ Է ՄԻ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ՄՈՏ՝ ՀԱՄԵՄԱՏԱԾ ԱԶԳԱԿԻՑ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՈՒՅՆ ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԻ ՀԵՏ, ԵՐԵՎԱՆ է ՀԱՆՈՒՄ ՈՒԺԵՂ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄ===
 
Մի քանի տարի առաջ ես զարմացել էի միստր Ուոտերհաուզի այդ իմաստով արած դիտողության վրա։ Ըստ երևույթին պրոֆ. Օուենը նույնպես եկել է նման եզրակացության։ Բայց ինձ թվում է, թե համարյա անհուսալի է որևէ մեկին համոզելու փորձը այդ դրույթի անկասկածելիության մասին, չբերելով իմ հավաքած փաստերի երկար շարանները, որոնք, իհարկե, այստեղ բերվել չեն կարող։ Ես միայն կարող եմ իմ համոզմունքը արտահայտել այն բանում, որ այդ կանոնը ամենալայն կիրառություն է գտնում։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ նման դատողությունների ժամանակ հնարավոր են սխալների մի քանի աղբյուրներ, բայց հույսով եմ, որ դրանք ես նկատի եմ առել։ Ամենից առաջ պետք է առանձին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ կանոնը ոչ մի դեպքում չի վերաբերում օրգաններին, ինչքան էլ նրանք արտասովոր կերպով զարգացած լինեն, եթե միայն այդ օրգաններով օժտված տեսակը կամ տեսակները դրանով չեն տարբերվում իրենց մոտիկ այլ շատ տեսակներից։ Այսպիսով, չղջիկի թևը գոյացում է, որը չափազանց աննորմալ է կաթնասունների ամբողջ դասի համար, և, այնուամենայնիվ, այդ կանոնը նրա վերաբերմամբ չի կարող կիրառվել, քանի որ չղջիկների ամբողջ խումբն օժտված է թևերով. այդ կանոնը կիրառելի կլիներ միայն այն դեպքում, եթե որևէ տեսակ նույն սեռին պատկանող տեսակների համեմատությամբ ունենար անսովոր կերպով զարգացած թևեր։ Այդ կանոնը առանձնապես խիստ կերպով վերաբերում է երկրորդական սեռական հատկանիշներին, երբ նրանք արտահայտվում են որևէ անսովոր ձևով։ «Երկրորդական սեռական հատկանիշներ» տերմինը Հունտերը (Hunter) կիրառում է այն հատկանիշների վերաբերմամբ, որոնք պատկանում են միայն մի սեռի, թեև անմիջական առնչություն չունեն վերարտադրման բուն գործողության հետ։ Կանոնը վերաբերում է թե՛ արուներին և թե՛ էգերին, բայց վերջիններին ավելի փոքր չափով, որովհետև նրանք ավելի հազվագյուտ դեպքերում են ունենում աչքի ընկնող երկրորդական սեռական հատկանիշներ։ Պատճառը, թե ինչու այդ կանոնը այդքան խստորեն կիրառելի է երկրորդական սեռական հատկանիշներին, թերևս այն է, որ այդ հատկանիշները աչքի են ընկնում մեծ փոփոխականությամբ, անկախ նրանից, թե արդյոք նրանք բացառիկ զարգացում ունեն, թե ոչ։ Այս փաստի վերաբերմամբ, ես կարծում եմ, հազիվ թե կարելի է կասկածել։ Բայց որ մեր կանոնը չի սահմանափակվում միայն երկրորդական սեռական հատկանիշներով, պարզ կերպով երևում է հերմոֆրոդիտ փնջոտնյաների օրինակից. ուսումնասիրելով այդ ընտանիքը, ես հատկապես ի նկատի եմ ունեցել Ուոտերհաուզի դիտողությունը և լիովին համոզված եմ, որ այդ կանոնը համարյա միշտ արդարանում է։ Ես մի այլ աշխատության մեջ կբերեմ ամենից ավելի ուշագրավ դեպքերի ցուցակը, իսկ այստեղ կսահմանափակվեմ միայն մեկ օրինակով, որը կպարզաբանի կանոնն իր ամենալայն կիրառման մեջ։ Նստակյաց կյանք վարող փնշոտնյաների (Cirripedia ծովային ժայռերի) ծածկափեղկերը, որ նրանց կազմվածքի բառիս լիակատար իմաստով չափազանց կարևոր մասեր են, շատ քիչ են տարբերվում նույնիսկ տարբեր սեռերի մեջ. բայց Pyrgoma սեռի մի քանի տեսակների մոտ այդ փեղկերը ունենում են զարմանալի չափերով բազմազանություն, զանազան տեսակների հոմոլոգ փեղկերը իրենց ձևով բոլորովին տարբեր են լինում։ Միևնույն տեսակի պատկանող անհատների մոտ այդ տարբերության աստիճանը այնքան մեծ է, որ առանց չափազանցության մեջ ընկնելու կարելի է ասել, որ միևնույն տեսակին պատկանող տարատեսակները այդ կարևոր օրգանների կառուցվածքում ներկայացնում են ավելի խոր տարբերություններ, քան տարբեր սեռերի պատկանող տեսակների միջև եղած տարբերությունները։
 
Քանի որ միևնույն երկրում ապրող թռչունների միևնույն տեսակի անհատները միմյանցից շատ քիչ են տարբերվում, ուստի ես հատուկ ուշադրություն եմ դարձրել նրանց վրա, և այս կանոնը, իհարկե, այդ դասի վերաբերմամբ էլ արդարանում է։ Ես չեմ կարողացել համոզվել, թե այս կանոնը կիրառելի՞ է արդյոք նաև բույսերի նկատմամբ և այդ, իհարկե, զգալիորեն կխախտեր իմ հավատը դեպի այդ կանոնի ճշտությունը, եթե միայն բույսերի ընդհանուր փոփոխականության զգալի չափերը առանձնապես չեն դժվարացնի նրանց հարաբերական փոփոխականության աստիճանի գնահատումը։
 
Երբ մենք տեսնում ենք, որ բույսի որոշ տեսակի որևէ օրգան կամ մաս զարգացած է բացառիկ կերպով կամ անսովոր չափով, բնական է ենթադրել, որ նրանք կարևոր նշանակություն ունեն տեսակի համար։ Այնուամենայնիվ, հենց այդ դեպքերում նրանք աչքի են ընկնում իրենց առանձնապես խիստ արտահայտված փոփոխականության հակումով։ Բայց ինչո՞ւ է այդպես։ Ելնելով այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր տեսակ իր բոլոր մասերով ստեղծվել է մյուսներից անկախ կերպով, ապա ես բացատրություն գտնելու հնարավորություն չեմ տեսնում։ Բայց ենթադրելով, որ տեսակների խմբերը առաջացել են այլ տեսակներից և փոփոխվել են բնական ընտրության միջոցով, ինձ թվում է, թե կարելի է որոշ լույս սփռել այդ հարցի վրա։ Ամենից առաջ թույլ տվեք ինձ մի քանի նախնական դիտողություններ անելու։ Եթե մեր ընտանի կենդանիների օրգանիզմի որևէ մասը կամ ամբողջ կենդանին անուշադրության մատնվի և նրա վերաբերմամբ ընտրություն չկիրառվի, ապա այդ մասը (օրինակ, դորկինգյան հավերի կատարը) կամ ամբողջ ցեղը կկորցնի իր միակերպությունը և, կարելի է ասել, կսկսի այլասերվել։ Թերաճ օրգաններում և այն օրգաններում, որոնք բավարար չափով չեն հարմարված որևէ որոշակի նպատակի համար, կարող է պատահել նաև պոլիմորֆ խմբերում, մենք տեսնում ենք դրան զուգահեռ դեպք, որովհետև այստեղ բնական ընտրությունը կամ չի կարողացել երևան գալ, կամ պարզապես չի դրսևորվել իր ամբողջ ուժով, կազմվածքը թողնելով ինչ որ երերվող վիճակում։ Բայց այստեղ ավելի մոտ առնչություն ունի մի այլ փաստ, այսինքն այն, որ այն առանձնահատկությունները, որոնք մեր ընտանի կենդանիների կազմվածքում մշտական ընտրության ազդեցության տակ ամենից ավելի արագ են ենթարկվում փոփոխության, նույնպես երևան են հանում փոփոխվելու ծայրահեղ ենթարկվողություն։ Համեմատեցեք աղավնիների միևնույն ցեղի անհատներին միմյանց հետ, և դուք կզարմանաք փոփոխականության այն հսկայական չափերի վրա, որ նկատվում են թուրմանների կտուցների, փոստատար աղավնու կտուցների և ականջաօղակների, փողապոչ աղավնու ընդհանուր կերպարանքի և պոչի մեջ և այլն, այսինքն այն մասերի, որոնց վրա ուշադրություն են դարձրել անգլիական աղավնասերները։ Նույնիսկ միևնույն ենթացեղի, օրինակ կարճակտուց թուրմանի սահմաններում խիստ դժվար է ստանալ կատարելության մոտ թռչուններ, որովհետև շատերը շեղվում են տիպիկ նմուշից։ Իսկապես կարելի է ասել, որ անընդհատ պայքար է տեղի ունենում մի կողմից օրգանիզմների ավելի նվազ կատարյալ ձևի վերադառնալու հակման, ինչպես նաև նոր շեղումներ առաջացնելու բնածին ձգտման և մյուս կողմից ցեղի մաքրությունը պահպանող անշեղ ընտրության ուժի միջև։ Վերջ ի վերջո հաղթահարում է ընտրությունը, և մենք երբեք չենք վախենա այնպիսի անհաջողություն կրելու, որ կարճակտուց թուրմանից կստանանք այնպիսի կոպիտ թռչուն, ինչպիսին է սովորական թուրմանը։ Բայց քանի դեռ ընտրությունը առաջ է ընթանում, միշտ էլ կարելի է սպասել փոփոխականության զգալի աստիճան այն մասերում, որոնք ենթարկվում են նրա ներգործությանը։
 
Իսկ այժմ դառնանք դեպի բնությունը։ Երբ մի որևէ տեսակի մեջ կազմվածքի որոշ մասը նույն սեռի այլ տեսակների համեմատությամբ զարգացել է բացառիկ ձևով, մենք կարող ենք եզրակացնել, որ այդ մասը ենթարկվել է արտասովոր փոփոխության արդեն այն ժամանակաշրջանից հետո, երբ այդ բոլոր տեսակները բաժանվել են միմյանցից որպես ամբողջ սեռի մի ընդհանուր նախահորից առաջացած ճյուղեր։ Այդ ժամանակաշրջանը չի կարող լինել շատ հեռավոր, որովհետև տեսակները հազվագյուտ դեպքում են պահպանվում մեկ երկրաբանական ժամանակաշրջանից ավելի երկար։ Փոփոխության անսովոր մեծությունը ենթադրել է տալիս նաև փոփոխականության անսովոր զգալի մեծություն և տևականություն, որի ընթացքում բնական ընտրության միջոցով փոփոխությունները կուտակվել են հօգուտ տեսակի։ Բայց քանի որ արտասովոր կերպով զարգացած մասի կամ օրգանի փոփոխականությունը եղել է այդքան մեծ և այդքան տևական, այն էլ մի ժամանակաշրջանում, որն առանձնապես հեռու չէ, ուստի մենք իրավունք ունենք, որպես ընդհանուր կանոն, սպասելու, որ այդ մասերում էլ կգտնենք պլաստիկության ավելի մեծ աստիճան, քան մնացած մասերում, որոնք ավելի երկար ժամանակաշրջան պահպանվել են համարյա անփոփոխ։ Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ լինում է իրոք։ Ես ոչ մի առիթ չեմ տեսնում կասկածելու այն բանում, որ մի կողմից բնական ընտրության և մյուս կողմից վերադարձի հակման ու փոփոխականության միջև եղած պայքարը, վերջապես, կդադարի և ամենաաննորմալ կերպով զարգացած օրգանները կարող են կայունանալ։ Նշանակում է, որևէ օրգան, ինչքան էլ նա նորմայից շեղվի, եթե գրեթե անփոփոխ վիճակում փոխանցվել է բազմաթիվ փոփոխված հաջորդների,— ինչպես այդ եղել է չղջիկի թևերի հետ,— ապա պետք է նա մեր տեսության հիման վրա գոյություն ունենար հսկայական ժամանակաշրջանների ընթացքում գրեթե նույն դրության մեջ, որպեսզի դառնար նույնքան քիչ ենթակա փոփոխականության, ինչպես կազմվածքի ամեն մի այլ մասն է։ Միայն այն դեպքերում, երբ փոփոխությունը վաղուց չի տեղի ունեցել և շատ մեծ է, մենք դեռ պետք է հանդիպենք այդ բնածին փոփոխականությանը (generative variability), ինչպես կարող ենք այն անվանել, որովհետև այդ դեպքերում հազվադեպ է, որ փոփոխականությունը լիովին ամրացած լինի պահանջվող ուղղությամբ ու չափովի փոփոխվող անհատների երկարատև ընտրության միջոցով և նախկին, ավելի քիչ փոփոխված վիճակին վերադառնալու հակում ունեցող անհատների տևական վերացման միջոցով։
 
===ՏԵՍԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՍԵՌԱՅԻՆՆԵՐԸ===
 
Այն սկզբունքը, որը քննարկման առարկա է եղել նախորդ պարագրաֆում, կարող է կիրառվել նաև ներկա խնդրի նկատմամբ։ Հանրածանոթ է, որ տեսակային հատկանիշներն ավելի փոփոխական են, քան սեռայինները։
 
Պարզաբանենք այդ օրինակով. եթե մի մեծ սեռի մեջ մի քանի տեսակներ ունենային կապույտ ծաղիկներ, իսկ մյուսները՝ կարմիր, ապա նրանց գույնը կլիներ միայն տեսակային հատկանիշ, և ոչ ոքի չէր զարմացնի, եթե կապույտ ծաղիկներ ունեցող տեսակներից մեկը փոխակերպվեր կարմրի կամ ընդհակառակը. բայց եթե բոլոր ծաղիկները կապույտ լինեին, ապա այդ արդեն կլիներ սեռային հատկանիշ, և նրա փոփոխությունը կներկայացներ արդեն ավելի անսովոր երևույթ։ Ես դիտմամբ ընտրեցի այդպիսի օրինակ, որի վերաբերմամբ կիրառելի չէ այն բացատրությունը, որ սովորաբար այդպիսի դեպքերում առաջարկում են մի քանի բնախույզներ, այն է՝ տեսակային հատկանիշներն ավելի փոփոխական են, որովհետև նրանք վերաբերում են ֆիզիոլոգիական տեսակետից ավելի պակաս էական մասերի, քան նրանք, որոնց հիման վրա որոշում են սեռերը։ Ես կարծում եմ, որ այդ բացատրությունը մասամբ ճիշտ է, թեև ոչ ուղղակի իմ աստով, դրան ես կվերադառնամ դասակարգության նվիրված գլխում։ Ավելորդ կլիներ փաստեր բերել հաստատելու, որ սովորական տեսակային հատկանիշներն ավելի փոփոխական են, քան սեռայինները, բայց էական հատկանիշների վերաբերմամբ բնապատմական աշխատություններում ես բազմիցս նկատել եմ հետևյալը՝ եթե հեղինակը զարմանքով նշում է, որ որևէ օրգան կամ մաս, որը տեսակների մի մեծ խմբի մոտ հաստատուն է, մերձավոր որևէ տեսակների մեջ խիստ '''տարբերվում է''', ապա միաժամանակ այդ օրգանը կամ մասը այդ տեսակի տարբեր անհատների մոտ լինում է '''փոփոխական'''։ Իսկ այդ փաստը ապացուցում է, որ սովորաբար սեռային նշանակություն ունեցող հատկանիշը այն դեպքերում, երբ նա իջնում է մինչև տեսակային մակարդակի, հաճախ դառնում է փոփոխական, ընդ որում չփոխելով իր ֆիզիոլոգիական նշանակությունը։ Նման մի բան կիրառելի է նաև այլանդակությունների նկատմամբ. գոնե Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը, ըստ երևույթին, չի կասկածում, որ որքան նորմալ օրգանը միևնույն խմբի տեսակների մոտ ավելի է տարբերվում, այնքան ավելի շատ նա ենթակա է անոմալիաների առանձին անհատ֊ ների մոտ։
 
Տեսակները որպես անկախ ստեղծագործական ակտերի արդյունքներդ ընդունող տեսակետի հիման վրա ինչո՞վ կարելի է բացատրել, թե ի՞նչ պատճառով այն օրգանը, որը տարբերվում է նման մասերից միևնույն սեռին պատկանող անկախ կերպով ստեղծված տեսակների մեջ, պետք է ավելի մեծ չափով փոփոխական լինի, քան կազմվածքի այն մասերը, որոնք տարբեր տեսակների մոտ նման են միմյանց։ Ես որևէ բացատրություն տալու հնարավորություն չեմ տեսնում։ Բայց ելնելով այն դրույթից, որ տեսակները միայն ցայտուն կերպով արտահայտված և ավելի կայուն տարատեսակներ են, մենք իրավունք ունենք սպասելու, որ հաճախ նրանց կգտնենք դեռ փոփոխման պրոցեսի մեջ հատկապես նրանց այն մասերի վերաբերմամբ, որոնք արդեն փոփոխվել են համեմատաբար ոչ վաղ ժամանակաշրջանում և այդպիսով սկսել են տարբերվել մերձավոր ձևերի նման մասերից։ Այդ հարցը կարելի է շարադրել նաև այսպես՝ այն հատկանիշները, որոնցով մի սեռի պատկանող տեսակները նմանվում են իրար և որոնցով նրանք տարբերվում են հարևան սեռերից, կոչվում են սեռային. այդ հատկանիշները կարելի է վերագրել մի որևէ ընդհանուր նախահոր, որովհետև ավելի կամ պակաս տարբեր կենցաղաձևի հարմարված զանազան տեսակները միայն շատ հազվագյուտ դեպքերում կարող էին փոփոխվել բնական ընտրության միջոցով միանգամայն միանման ձևով. և քանի որ այդ այսպես կոչված սեռային հատկանիշները ժառանգվել են դեռ այն ժամանակաշրջանից առաջ, երբ ընդհանուր նախահորից առաջին անգամ բաժանվել են այն ճյուղերը, որոնք համապատասխանում են հետագայում փոփոխված և տարբերություններ դրսևորած ժամանակակից տեսակներին, ապա և քիչ հավանական է, որ նրանք սկսել են փոփոխվել ներկա ժամանակներում։ Մյուս կողմից, այն հատկանիշները, որոնցով միևնույն սեռին պատկանող տեսակները տարբերվում են միմյանցից, կոչվում են տեսակային, քանի որ այդ հատկանիշները առաջացել են արդեն այն ժամանակաշրջանից հետո, երբ տեսակները ճյուղավորվել են, հեռանալով իրենց ընդհանուր նախահորից, ապա հավանական է, որ նրանք այժմ էլ դեռ պահպանել են փոփոխականության մի որոշ բաժին, համենայնդեպս ավելի մեծ, քան կազմվածքի այն մասերում, որոնք շատ երկար ժամանակաշրջանի ընթացքում պահպանվել են առանց փոփոխությունների։
 
===ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ===
 
Ես կարծում եմ, բնախույզները կհամաձայնվեն ինձ հետ առանց մանրամասնությունների մեջ ընկնելու, որ երկրորդական սեռական հատկանիշները խիստ փոփոխական են։ Նմանապես, ես կարծում եմ, հեշտությամբ կընդունեն, որ միևնույն խմբի տեսակները միմյանցից ավելի շատ են տարբերվում իրենց երկրորդական սեռական հատկանիշներով, քան իրենց կազմվածքի այլ գծերով։ Համեմատեցեք, օրինակ, այն տարբերության աստիճանը, որ ունեն հավերի ընտանիքի թռչունների արուները, որոնց երկրորդական սեռական հատկանիշները այնպես խիստ զարգացած են, էգերի տարբերության աստիճանի հետ։ Այդ հատկանիշների սկզբնական փոփոխականության պատճառը պարզ չէ, բայց մենք կարող ենք բացատրել, թե ինչու նրանք դարձել են այնպես կայուն և միակերպ, ինչպես մյուս հատկանիշները, որովհետև նրանք կուտակվում են սեռական ընտրության ազդեցությամբ, որն իր հետևանքով այնքան խիստ չէ, ինչպես բնական ընտրությունը, վերջինիս հետևանքը մահվան է հանգում, մինչդեռ առաջինը միայն սահմանափակում է ավելի քիչ հարմարված արուի սերունդը։ Ինչ էլ ուզում է լինի երկրորդական սեռական հատկանիշների փոփոխականության պատճառը, համենայն դեպս նրանց չափազանց փոփոխականության շնորհիվ սեռական ընտրության ներգործության համար լայն ասպարեզ է բացվել, և նա կարողացել է այդ խմբի տեսակներին հաղորդել տարբերության ավելի զգալի աստիճան սեռական և այլ հատկանիշների տեսակետներից։
 
Ուշագրավ է այն փաստը, որ միևնույն տեսակի երկու սեռերը միմյանցից տարբերող երկրորդական սեռական հատկանիշները սովորաբար վերաբերում են կազմվածքի հատկապես այն մասերին, որոնցով միևնույն սեռի տեսակները տարբերվում են միմյանցից։
 
Այդ փաստը հաստատելու համար ես կբերեմ իմ ցուցակի սկզբին գտնվող առաջին երկու օրինակը, և քանի որ այդ դեպքերում երևան եկող տարբերությունները շատ արտասովոր բնույթ ունեն, ուստի հարընչությունը հազիվ թե կարող է պատահական լինել։ Թաթի մեջ հոդերի միանման թիվ բզեզների ամբողջ մեծ խմբերի համար կայուն հատկանիշ է, բայց Engidae-ի մոտ ինչպես նկատել է Ուեստվուդը, նրանց թիվը զգալիորեն տատանվում է, և միաժամանակ այդ թիվը տատանվում է միևնույն տեսակի թե՛ արուների և թե՛ էգերի մոտ։ Ճիշտ նույնն է նաև այն թաղանթաթևերի մոտ, որոնք իրենց համար բնիկներ են փորում ավազի մեջ, ջղերի դասավորությունը թևերի վրա չափազանց կարևոր հատկանիշ է, որովհետև նա կայուն է մեծ խմբերի համար, բայց մի քանի սեռերում տարբեր տեսակների մոտ ջղավորումը տարբերվում է, ինչպես նաև այն տարբեր է միևնույն տեսակի տարբեր սեռի անհատների մոտ։
 
Սըր Ջ. Լեբբոկը վերջերս նկատել է, որ մի քան մանր խեցեմորթներ ներկայացնում են այդ օրենքի հիանալի օրինակ, «Pontella-ի, օրինակ, սեռական հատկանիշները վերաբերում են միայն առջևի բողկուկներին և ոտների հինգերորդ զույգին, տեսակային հատկանիշները նույնպես սահմանափակվում են գլխավորապես այդ օրգաններով»։ Այդ հարաբերությունը ինձ համար միանգամայն պարզ է, որովհետև ինձ համար մի սեռի տեսակները, անշուշտ, նույնպես ծագում են մեկ ընդհանուր նախահորից, ինչպես որ միևնույն տեսակի երկու սեռերը։ Ուրեմն՝ եթե ընդհանուր նախահոր կամ նրա ամենամերձավոր հաջորդների կազմվածքի որևէ մասը փոփոխական է դարձել, ապա շատ հավանական է, որ նրա փոփոխությունները աջակցություն են ստացել բնական ու սեռական ընտրությունների կողմից, որպեսզի հարմարեցնեն զանազան տեսակները համապատասխան տեղերին բնական տնտեսության մեջ, կամ երկու սեռերը մեկը մյուսին, կամ, վերջապես, արուներին այն պայքարին, որ նրանք մղում են միմյանց հետ էգերին տիրանալու համար։
 
Վերջում ես գալիս եմ հետևյալ ընդհանուր եզրակացության, փոփոխականության ամենամեծ աստիճանը տեսակային հատկանիշների համար (այսինքն այն հատկանիշների, որոնք մեզ հնարավորություն են տալիս տարբերելու տեսակը տեսակից), քան սեռային հատկանիշների (այսինքն այն հատկանիշների, որոնք ընդհանուր են մի սեռի պատկանող տեսակներին). հաճախ արտահայտվող խոր փոփոխականություն որևէ մասի, որը խիստ զարգացած է որոշ տեսակի մոտ մերձավոր տեսակների համեմատությամբ, կամ թույլ փոփոխականություն այն մասի, որը թեև ուժեղ կերպով, բայց միանման չափով զարգացած է մի ամբողջ խմբի տեսակների մոտ. երկրորդական սեռական հատկանիշների մեծ փոփոխականությունը և նրանց զգալի տարբերությունը միմյանց մոտիկ տեսակների մեջ. վերջապես, երկրորդական սեռական հատկանիշների ու սովորաբար կազմվածքի միևնույն մասերին վերաբերող սովորական տեսակային հատկանիշների զուգադիպումը միմյանց, այս բոլորը սկզբունքներ են, որոնք փոխադարձ սերտ կապի մեջ են գտնվում։ Նրանք բոլորը հիմնականում կախված են նրանից, որ մի խմբի տեսակները առաջացել են մեկ ընդհանուր նախահորից, որը նրանց փոխանցել է ընդհանուր շատ առանձնահատկություններ, նրանից, որ ոչ վաղուց և խոր կերպով փոփոխված մասերը հավանորեն կշարունակեն ավելի շատ փոփոխվել, քան վաղուց ժառանգված ու չփոփոխված մասերը, նրանից, որ բնական ընտրությունը անցած ժամանակամիջոցի համեմատ կկարողանա մեծ կամ փոքր չափով հաղթահարել վերադարձի կամ հետագա փոփոխականության ձգտումները, նրանից, որ սեռական ընտրությունը այնքան խիստ չի ներգործում, ինչպես սովորական ընտրությունը, և վերջապես նրանից, որ նույն մասերի փոփոխությունները, որոնք կուտակվել են բնական ու սեռական ընտրության ներգործությամբ, հարմարված են եղել օրգանիզմների թե՛ երկրորդական սեռական և թե՛ սովորական պահանջներին։
 
===ՄԻՄՅԱՆՑԻՑ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԱՆԱԼՈԳ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅՆՊԵՍ ՈՐ ՈՐՈՇ ՏԵՍԱԿԻ ՄԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՀԱՃԱԽ ՁԵՌՔ է ԲԵՐՈՒՄ ԱԶԳԱԿԻՑ ՄԻ ՏԵՍԱԿԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ է ԻՐ ՄԻ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՆԱԽԱՀՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՆ===
 
Այս դրույթները մեզ իսկույն հասկանալի կդառնան, եթե մենք դրանք կիրառենք մեր ընտանի ցեղերի նկատմամբ։ Մեկը մյուսից հեռու գտնվող երկրներում աղավնիների ամենատարբեր ցեղերը ներկայացնում են այնպիսի ենթացեղեր, որոնք ունենում են գլխի վրա խճճված փետուրներ, փետրածածկ ոտքեր, այսինքն հատկանիշներ, որ հատուկ չեն իրենց տեղական նախահորը, ժայռաղավնուն, հետևաբար դրանք անալոգ փոփոխություններ են երկու կամ ավելի թվով ցեղերի մեջ։ Փքաղավնու պոչի հաճախ տասնչորս կամ նույնիսկ տասնվեց փետուրներ ունենալը կարելի է դիտել որպես մի փոփոխություն, որը համապատասխանում է մի այլ ցեղի՝ սիրամարգաաղվանու նորմալ ձևին։ Ոչ ոք, ես կարծում եմ, չի կասկածում, որ նման բոլոր անալոգ փոփոխություններն իրենց ծագումով պարտական են այն հակումին, որ աղավնիների զանազան ցեղերը ժառանգել են մի ընդհանուր նախահորից, այն է՝ նման, մեզ համար անհայտ ազդեցությունների ներգործությամբ փոփոխվելու հակումը։ Բույսերի մեջ անալոգ փոփոխության մի դեպք են ներկայացնում, սովորաբար, արմատներ կոչվող հաստացած ցողունները շվեդական գոնգեղի և սովորական կերաշաղգամի մոտ, որոնք մի քանի բուսաբանների կողմից համարվում են մի ընդհանուր նախահորից առաջացած կուլտուրական տարատեսակներ, բայց եթե այդ ենթադրությունը ճիշտ չէ, ապա մենք այստեղ ևս կունենանք երկու, այսպես կոչված, առանձին տեսակների անալոգ փոփոխության դեպք, իսկ դրանց կարելի է միացնել նաև երրորդը, այն է՝ սովորական շաղգամը։ Տեսակների մասին տարածված այն տեսակետի հիման վրա, որ նրանք առանձին ստեղծագործական ակտերի արդյունքներ են, մենք չենք կարող ընդունել, որ այդ երեք բույսերի ցողունների միանման հաստացման vera causa-ն<ref>Իսկական պատճառը։— ''Խմբ.։''</ref> գտնվում է նրանց ընդհանուր ծագման և այստեղից բխող միանման փոփոխության ձգտելու մեջ, այլ պետք է ընդունենք երեք ինքնուրույն, թեև մեկը մյուսին շատ մոտիկ ստեղծագործական ակտեր։ Անալոգ փոփոխությունների նման շատ դեպքեր նկատեք է Նոդենը դդմազգիների ընտանիքում և զանազան հեղինակներ՝ մեր հացազգիների մեջ։ Նման օրինակներ հանդիպում են նաև միջատների մեջ բնական վիճակում և վերջերս մեծ հմտությամբ մշակվել են միստր Ուելշեմի կողմից, որը խմբավորել է այդ երևույթները «համազոր փոփոխականության» (equable variability) օրենքի անվան տակ։
 
Բայց աղավնիների մեջ մենք հանդիպում ենք նաև մի այլ դեպքի, այն է՝ աղավնիների բոլոր ցեղերի մեջ պատահական երևան են գալիս գորշակապույտ (թխագորշ) գույնով, թևերի վրա երկու սև լայնակի շերտեր ունեցող, սպիտակ փորով, պոչածայրին սպիտակ շերտով, հիմքի մոտ սպիտակ եզրապատում ունեցող արտաքին փետուրներով անհատներ։ Քանի որ այդ բոլոր հատկանիշները բնորոշ են նախահայր ժայռաղավնու համար, ուստի ես կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածի, որ այստեղ մեր առջև ունենք վերադարձի դեպք, այլ ոչ թե նոր և անալոգ փոփոխություն, որն առաջանում է զանազան ցեղերի մեջ։ Մենք կարող ենք վստահությամբ ընդունել այդ եզրակացությունը, որովհետև այդ գունավոր նշանները առանձնապես հեշտությամբ են դրսևորվում երկու տարբեր և զանազանագույն ցեղերի խաչաձևման ժամանակ, իսկ այդ դեպքերում ոչինչ չի փոխվում արտաքին կենսապայմաններում, բացի խաչաձևման ակտից, որն ազդում է ժառանգականության օրենքի վրա։
 
Անտարակույս զարմանալի է այն փաստը, որ շատ, ամենայն հավանականությամբ, հարյուրավոր սերունդներ առաջ անհետացած հատկանիշները երևան են գալիս։ Բայց երբ որևէ ցեղ խաչաձևում են մի այլ ցեղի հետ, ապա ստացված խառնացեղերը պահպանում են այդ օտար ցեղի հատկանիշներին վերադառնալու ձգտտումը,— ոմանք պնդում են, թե մինչև տասներկուերորդ և նույնիսկ մինչև քսաներորդ սերունդը։ Տասներկու սերունդներից հետո օտար նախորդի արյան բաժինը, եթե թույլատրելի է գործածել այդ սովորական արտահայտությունը, կլինի 1/2048, և այնուամենայնիվ այդ օտար արյան մնացորդը, ըստ տարածված կարծիքի, արտահայտվում է վերադարձի ձգտմամբ։ Այն ցեղը, որ երբեք չի ենթարկվել խաչաձևման, բայց որի մեջ երկու ծնողներն էլ կորցրել են իրենց նախնիքի հատկանիշներից որևէ մեկը, կորցրած հատկանիշը վերարտադրելու այդ ընդունակությունը թույլ կամ ուժեղ չափով կարող է, ինչպես մենք ասել ենք վերևում, պահպանվել անորոշ քանակությամբ սերունդներում, թեև մենք սովորաբար տեսնում ենք հակառակը։ Երբ մի որևէ հատկանիշ, որը որոշ ցեղի մեջ անհետացել էր, սերունդների երկար շարքից հետո նորից է երևում, ապա ամենից ավելի հավանական է ոչ թե այն պատկերացումը, որ իբր թե մի անհատ հանկարծակի կերպով իրենից հարյուրավոր սերունդներ առաջ եղած նախորդին է քաշել, այլ այն ենթադրությունը, որ յուրաքանչյուր հաջորդ սերնդում այդ հատկանիշը պահվում է թաքնված վիճակում և միայն մեզ անհայտ բարենպաստ պայմանների շնորհիվ վերջապես հայտնվել է։ Այսպես, շատ հազվագյուտ դեպքերում կապտագույն անհատներ առաջացնող հնդկական աղավնու (Barb), շատ հնարավոր է, յուրաքանչյուր սերնդում գոյություն ունի կապտագույն փետրավորում առաջացնելու այդ թաքնված ընդունակությունը։ Վերացական տեսակետից դատելով, սերունդների երկար շարքի ընթացքում այդպիսի ձգտման փոխանցման անհավանականությունը ավելի մեծ չէ, քան բոլորովին անօգուտ ու այլասերված թերաճ օրգանների նույնպիսի փոխանցումը։ Իսկ նման թերաճ օրգաններ առաջացնելու ձգտումը հաճախ ժառանգական է լինում։
 
Քանի որ ենթադրվում է, որ միևնույն սեռի բոլոր տեսակները առաջացել են մի ընդհանուր նախահորից, ապա բնական է սպասել, որ նրանք երբեմն կփոփոխվեն համանման ձևով, այնպես որ երկու կամ մեծ թվով տեսակների տարատեսակները նման կլինեն մեկը մյուսին, կամ մի տեսակի տարատեսակ իր որոշ հատկանիշներով կնմանվի մի այլ տեսակի, որն ինքը, մեր տեսակետի հիման վրա, միայն ավելի խիստ արտահայտված ու հաստատուն տարատեսակ է։ Սակայն բացառապես համանման փոփոխությունների շնորհիվ առաջացած հատկանիշները, ամենայն հավանականությամբ էական չեն լինի, որովհետև օրգանիզմի աշխատանքների համար կարևոր բոլոր հատկանիշները կպահպանվեն բնական ընտրությամբ տեսակների տարբեր կենցաղին համապատասխան կերպով։ Վերջապես, այնուհետև կարելի է սպասել, որ միևնույն սեռի տեսակները երբեմն կդրսևորեն վերադարձ դեպի վաղուց կորցրած հատկանիշները։ Բայց քանի որ մեզ անհայտ են մեր բնական խմբերի ընդհանուր նախնիները, ուստի մենք ի վիճակի չենք տարբերելու անալոգ հատկանիշները վերադարձի հատկանիշներից։ Եթե մենք, օրինակ, չգիտենայինք, որ մեր աղավնացեղերի նախահայր ժայռաղավնին չի ունեցել ոչ փետրածածկ ոտներ, ոչ էլ փուփուլավոր գլուխ, մենք չէինք կարողանա ասել, թե մեր ընտանի ցեղերի այդ հատկանիշներն արդյոք անալոգ են, թե վարդարձային։ Մենք գուցե կընդունենք թխակապույտ գույնը որպես վերադարձի դեպք, որովհետև այդ գույնի հետ կապված նշանների մեծ թիվը անհավանական է դարձնում նրանց բոլորի միասին երևան գալը պարզ փոփոխակման շնորհիվ։ Առավել ևս մեզ կբերեր այդ եզրակացության այն փաստը, որ թխակապույտ գույնը և նշանները շատ հաճախ են երևում, երբ խաչաձևվում են ամենաբազմազան գույն ունեցող ցեղերը։ Հետևաբար, թեև բնական վիճակում սովորաբար կասկածի տակ կմնա, թե արդյոք մենք մեր առջև ունե՞նք նախկինում գոյություն ունեցող հատկանիշներին վերադառնալու դեպք, թե նոր անալոգ փոփոխության դեպք, այնուամենայնիվ, մեր տեսության հիման վրա մենք պետք է սպասենք, որ ժամանակ առ ժամանակ երևան կգան փոփոխություններ, որոնք կմոտեցնեն որևէ տեսակի հատկանիշները նույն խմբի այլ տեսակների հատկանիշներին։ Եվ այդ անկասկած այդպես է։
 
Փոփոխական տեսակները միմյանցից տարբերելը դժվար է լինում մեծ չափով այն պատճառով, որ տարատեսակները, այսպես ասած, ընդօրինակում են միևնույն սեռի այլ տեսակներին։ Կարելի է բերել նաև այն ձևերի երկար ցուցակը, որոնք միջին տեղ են բռնում երկու ձևերի միջև, որոնց կարելի էր միայն կասկածանքով բարձրացնել տեսակների աստիճանի, իսկ այդ ապացուցում է,— եթե միայն այդ միմյանց մերձավոր ձևերը չընդունենք որպես առանձին ստեղծագործական ակտերի արդյունք,— նրանք ձեռք են բերել մյուս ձևերի հատկանիշներին նման հատկանիշներ։ Անալոգ փոփոխությունների լավագույն ապացույց են ծառայում այն մասերը կամ օրգանները, որոնք սովորաբար աչքի են ընկնում իրենց հատկանիշների կայունությամբ, բայց երբեմն այնպես են փոփոխվում, որ սկսում են որոշ չափով նմանվել հարևան տեսակի համապատասխան մասին կամ օրգանին։ Ես այդպիսի դեպքերի մի երկար ցուցակ եմ հավաքել, բայց այստեղ, ինչպես որ առաջ, ես գտնվելով աննպաստ պայմաններում, ի վիճակի չեմ այն բերելու։ Կարող եմ միայն կրկնել, որ այդպիսի դեպքեր իրոք գոյություն ունեն և ինձ չափազանց զարմանայի են թվում։
 
Սակայն ես կբերեմ մի հետաքրքիր և բարդ դեպք, ոչ այն պատճառով, որ նա վերաբերում է մի կարևոր հատկանիշի, այլ այն պատճառով, որ նա ընդգրկում է մի քանի տեսակներ, որոնք մասամբ գտնվում են բնական վիճակում, մասամբ էլ ընտանեցված են։ Դա համարյա հաստատապես վերադարձի դեպք է։ Էշի ոտքերի վրա երբեմն լինում են լայնական պարզորոշ զոլեր, ինչպես զեբրի ոտքերի վրա. պնդում են, որ նրանք ավելի պարզ կերպով երևում են քուռակի վրա, և իմ հավաքած տեղեկությունների հիման վրա, ես կարծում եմ, որ այդ ճիշտ է։ Ուսի վրա զոլը երբեմն կրկնակի է և խիստ տատանվում է ինչպես երկարությամբ, այնպես էլ ձևով։ Հայտնի է մի դեպք, որ սպիտակ, բայց '''ոչ ալբինիոս''' էշը ոչ ուսի, ոչ էլ մեջքի զոլեր չի ունեցել, իսկ մուգ թույր ունեցող էշերի վրա այդ զոլերը երբեմն աննշմարելի են կամ բոլորովին բացակայում են։ Պալլասի կուլանի վրա պատահել է կրկնակի, ուսազոլ։ Միստեր Բլիտը տեսել է մի ջիգետայ (hemionus), որն ունեցել է ուսի վրա պարզորոշ զոլ, թեև տիպականորեն ջիգետայը չի ունենում այն. իսկ գնդապետ Պուլը հաղորդել է ինձ, որ այդ տեսակի քուռակները սովորաբար ունենում են զոլավոր ոտներ և ոչ պարզորոշ ուսազոլ։ Կվագգան, որի մարմինը զեբրին բոլորովին նման ծածկված է զոլերով, իր ոտների վրա զոլեր չունի, բայց դոկտոր Գրեյը նկարագրել է մի օրինակ, որ ունեցել է զեբրին հիշեցնող պարզ զոլեր։
 
Ինչ վերաբերում է ձիուն, ապա ես Անգլիայում հավաքել եմ ամենաբազմազան ցեղերի և '''բոլոր''' թույրերի ձիերի մեջքի զոլին վերաբերող փաստեր, ոտների վրա լայնակի զոլերը հազվադեպ չեն բաց աշխետ, մկնագույն աշխետ ձիերի վրա և մի դեպքում նկատվել են մուգ շագանակագույն ձիու վրա։ Թույլ ուսազոլը երբեմն կարելի է տեսնել բաց աշխետների վրա, և ես մի անգամ նրա հետքերը տեսել եմ դեղնակարմիր ձիու վրա։ Իմ որդին մանրազնին կերպով զննել և նկարել է ինձ համար մի բելգիական բաց աշխետ ծանրաքաշ ձի, որն ուներ կրկնակի ուսազոլ և ոտների վրա զոլեր։ Ես ինքս տեսել եմ դեվոնշիրյան բաց աշխետ մի պոնի, իսկ մի ուրիշ փոքրիկ էլի բաց աշխետ վալիսյան պոնի դիտեմ ըստ մանրամասն նկարագրությունների, երկուսն էլ ունեին երեքական զուգահեռ զոլեր յուրաքանչյուր ուսի վրա։
 
Հյուսիս-արևմայան Հնդկաստանում կատտիվարյան ցեղի ձիերը այնքան միշտ լինում են զոլավոր, որ ինչպես ինձ հաղորդել է գնդապետ Պուլը, որն ուսումնասիրել է այդ ցեղը հնդկական կառավարության հանձնարարությամբ, այդ զոլերը չունեցող ձին զտարյուն չի համարվում։ Մեջքի վրա միշտ գտնվում է մի զոլ, ոտները սովորաբար զոլավոր են, իսկ ուսի զոլերը, թվով երկ ու կամ երեք հատ, նույնպես հազվադեպ չեն, բացի դրանից, զոլեր կան նաև այտերի վրա։ Հաճախ զոլերը ավելի նկատելի են մտրուկի վրա, իսկ ծեր ձիերի վրա երբեմն բոլորովին անհետանում են։ Գնդապետ Կուլը նկատել է, որ կատտիվարյան թե՛ գորշ և թե՛ դեղնակարմիր զամբիկները առաջին անգամ ծնելիս բերում էին զոլավոր մտրուկներ։ Միստեր Էդվարդսի ինձ հաղորդած տեղեկությունների հիման վրա ես առիթ ունեմ ենթադրելու, որ անգլիական արշավաձիու մեջքի զոլը ավելի սովորական է մտրուկի վրա, քան չափահաս ձիու վրա։ Ես ինքս նույնպես վերջերս ստացել եմ մի մտրուկ դեղնակարմիր զամբիկից (որն առաջացել է թուրքմենական հովատակից և ֆլամանդական զամբիկից) և դեղնակարմիր անգլիական արշավաձիու հովատակից, երբ այդ մտրուկը մոտավորապես մեկ շաբաթական էր, նա ուներ իրանի հետևի մասի և ճակատի վրա բազմաթիվ նեղ մգագույն ղողեր, ինչպես զեբրինն է, և երևան էր բերում ոտների թույլ զոլավորություն. բայց շուտով այդ բոլոր զոլերն անհետացան։ Չմտնելով հետագա մանրամասնությունների մեջ, միայն կասեմ, որ ես ուսերի և ոտների վրա եղած զոլերի մասին փաստեր հավաքել եմ ամենաբազմազան ցեղերի վերաբերյալ և զանազան երկրներում՝ սկսած Բրիտանիայից մինչև Արևելյան Չինաստան և հյուսիսում գտնվող Նորվեգիայից մինչև Մալայան արշիպելագը հարավում։ Բոլոր երկրներում այդ զոլերը ամենից ավելի հաճախ հանդիպում են բաց աշխետ, մկնագույն աշխետ ձիերի վրա. այդ '''աշխետ''' տերմինի տակ հասկացվում է թույրերի բավական լայնածավալություն սկսած սևագորշից մինչև սերուցքի գույնը։
 
Ես շատ լավ գիտեմ, որ գնդապետ Համիլտոն Սմիտը, որը գրել է այդ հարցի մասին, կարծում է, թե ձիերի զանազան ցեղերը առաջացել են մի քանի նախնական տեսակներից, որոնցից մեկը՝ բաց աշխետը եղել է զոլավոր և որ նկարագրված առանձնահատկություններն առաջանում են այդ բաց աշխետ ցեղի հետ կատարված հին խաչաձևումներից։ Բայց այդ տեսակետը կարելի է համարձակորեն ժխտել, որովհետև վերին աստիճանի անհավանական է, որ բելգիական ծանրաքաշը (բեռնակիրը), վալլիսյան պոնին, նորվեգիական ձին, նիհարակազմ կատիվարյան ցեղը, որոնք ապրում են աշխարհիս ամենահեռավոր ծայրերում, բոլորը խաչաձևված լինեն մի ենթադրական նախնական ցեղի հետ։
 
Այժմ դառնանք ձիու սեռի տարբեր տեսակների խաչաձևման արդյունքներին։ Ռոլլենը պնդում է, որ էշից ու ձիուց ստացված խառնացեղ սովորական ջորին առանձնապես հաճախ երևան է բերում ոտների վրա զոլեր. ըստ միստեր Գոսսեյի՝ Միացյալ Նահանգների որոշ մասերում տասը ջորուց ինը ունեն զոլավոր ոտներ։ Ես մի անգամ տեսել եմ մի ջորի, որի ոտներն այնպես զոլավոր էին, որ նրան կարելի էր ընդունել որպես զեբրի խառնացեղ, իսկ Վ. Մարտինը ձիու մասին գրած իր հիանալի աշխատության մեջ բերում է նման մի ջորու պատկերը։ Էշից և զեբրից ստացված հիբրիդների գունազարդ չորս նկարների վրա, որ ես տեսել եմ, ոտները այնքան էլ խիստ զուլավոր չէին, ինչպես մարմնի մնացած մասերը, իսկ նրանցից մեկի վրա կար կրկնակի ուսազոլ։ Լորդ Մորտոնի նշանավոր հիբրիդը, որն ստացվել էր մուգ շագանակագույն զամբիկից և կվագայի հովատակից, ինչպես նաև դրանից հետո նույն զամբիկից և արաբական սև հովատակից ստացված զտարյուն քուռակը, ունեցել են ոտների վրա ավելի ևս ցայտուն զոլեր, քան նույնիսկ զտարյուն կվագան։ Վերջապես, այս էլ չափազանց ուշագրավ դեպք է, դոկտոր Գրեյը տալիս է էշից ու ջիգետայից ստացված հիբրիդի պատկերը (իսկ ինձ նա հաղորդում է, որ իրեն հայտնի է նաև մի երկրորդ այդպիսի դեպք)։ Չնայած այն բանին, որ էշը ոտների վրա երբեմն է ունենում զոլեր, իսկ ջիգետայը երբեք չի ունենում, և նույնիսկ ոչ մի հատ ուսազոլ չի ունենում, այդ հիբրիդի չորս ոտներն էլ եղել են զոլավոր, իսկ ուսերի վրա երեք կարճ զոլեր, ինչպես դեվոնշիրյան և վալլիսյան բաց աշխետ պոնիների վրա, և նույնիսկ ուներ մի քանի զոլեր այտերի վրա, ինչպես զեբրինն է։ Այս վերջին փաստի առթիվ ես համոզված էի այն բանում, որ ոչ մի նույնիսկ գույնի զոլ չի կարող, այսպես ասած, պատահականության արդյունք լինել, որ էշի և ջիգետայի այդ հիբրիդի այտերի զոլերի հիման վրա ես հարցումով դիմել եմ գնդապետ Պուլին, ցանկանալով իմանալ, թե արդյոք նրանք լինո՞ւմ են նաև ձիերի կատտիվարյան ցեղի վրա, որն այնքան աչքի է ընկնում էր զոլավորությամբ, և ստացել եմ, ինչպես արդեն տեսանք, դրական պատասխան։
 
Ի՞նչ կասենք մենք այդ զանազան փաստերի մասին։ Մենք տեսնում ենք ձիու սեռի մի քանի ինքնուրույն տեսակներ, որոնց ոտները պարզ փոփոխականության միջոցով դառնում են զոլավոր, ինչպես որ զեբրինն է, կամ զոլերը երևան են գալիս ուսերի վրա, ինչպես որ էշինն է։ Ձիու մոտ այդ հակումն առանձնապես ուժեղ կերպով արտահայտված ենք տեսնում, երբ նրա թույրը մոտենում է բաց աշխետին՝ այսինքն նրան, որն ավելի մոտ նմանություն ունի այդ սեռի մյուս տեսակների թույրին։ Զոլերի երևան գալը չի ուղեկցվում ձևի կամ որևէ այլ հատկանիշների ոչ մի փոփոխություններով։ Զոլավորություն արտահայտելու այդ հակումը առանձնապես ուժեղ կերպով է դրսևորվում, երբ միմյանցից ամենաշատ տարբերվող տեսակներ են խաչաձևվում։ Հիշենք աղավնիների զանազան ցեղերի օրինակը։ Նրանք առաջացել են մեկ աղավնուց (ներառնելով այստեղ երկու կամ երեք ենթատեսակ կամ աշխարհագրական ռասաներ), որն ունի թխակապույտ գույն՝ որոշ զոլերով ու նշաններով և ամեն անգամ, երբ որևէ ցեղ փոփոխականության հետևանքով ձեռք է բերում թխակապույտ գույն, նրա հետ միասին միշտ երևան են գալիս նաև այդ զոլերն ու նշանները, բայց առանց միաժամանակ ձևի կամ այլ հատկանիշների որևէ փոփոխության։ Երբ զանազան գույն ունեցող ամենահին և կայուն ցեղերը խաչաձևում են միմյանց հետ, այդ դեպքում հիբրիդները ցուցաբերում են ուժեղ հակում դեպի թխակապույտ գույնը, զոլերը և նշանները։ Ես կարծիքս արդեն հայտնել եմ, որ ամենից հավանական է թվում այն հիպոթեզը, որը բացատրում է հին հատկանիշների երևալը նրանով, որ յուրաքանչյուր սերունդ իր մատաղ հասակում '''հակում''' ունի վերարտադրելու այդ վաղուց կորսված հատկանիշները՝ մի հակում, որը անհայտ պատճառներով երբեմն հաղթում է։ Իսկ այժմ մենք տեսնում ենք, որ ձիու սեռի մի քանի տեսակների մեջ զոլերը և ավելի պարզորոշ և ավելի հաճախ են երևում մատղաշ կենդանիների վրա, քան ծերերի վրա։ Անվանեցեք աղավնիների ցեղերը, որոնք որոշ դեպքերում իրենց կայունությունը պահպանել են դարերի ընթացքում, անվանեցեք նրանց տեսակներ, և այդ դեպքը արդյոք չի՞ ներկայացնի մեզ զուգահեռություն այն երևույթի հետ, ինչ որ մենք տեսնում ենք ձիու սեռի տեսակների մեջ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես համոզվածությամբ եմ նայում հեռու անցյալին, որից մեզ բաժանում են հազարավոր ու հազարավոր սերունդներ, և տեսնում եմ այնտեղ զեբրի նման զոլավոր կենդանուն, բայց որը այլ տեսակետներից թերևս բոլորովին այլ կերպ էր կառուցված և եղել է մեր ընտանի ձիու (միևնույնն է, թե արդյոք նա առաջացել է մեկ կամ մի քանի վայրենի ձևերից), ջիգետայի, կվագայի և զեբրի ընդհանուր նախահայրը։
 
Բայց նա, ով հավատում է, թե ձիու յուրաքանչյուր տեսակ ստեղծվել է մնացածներից անկախ կերպով, հավանորեն կպնդի, որ յուրաքանչյուր տեսակ ստեղծվել է բնական կամ ընտանեցված վիճակում մի որոշակի ուղղությամբ այնպես փոփոխվելու հակումով, որպեսզի այդ սեռի մյուս տեսակների նման դառնա զոլավոր և այնուհետև կպնդի, որ յուրաքանչյուր տեսակ ստեղծվել է ուժեղ ձգտումով՝ աշխարհի այլ ծայրում ապրող տեսակների հետ խաչաձևվելու ժամանակ տալ հիբրիդներ, որոնք իրենց զորավորությամբ նմանվում են ոչ թե իրենց ծնողներին, այլ նույն սեռի այլ տեսակներին։ Ընդունել այդ տեսակետը՝ կնշանակեր հրաժարվել իսկական պատճառից հանուն երևակայական, կամ առնվազն անհայտ պատճառի։ Դա կնշանակեր աստծո արարածներին համարել ծաղր ու խաբեություն, ես նույնպիսի հեշտությամբ կհամաձայնեի հավատալ դրան, ինչպես հին տիեզերածնությունդների տգետ ստեղծողներին, որոնք պնդում էին, թե բրածո խեցիները երբեք կենդանի չեն եղել, այլ միայն այդպես ստեղծվել են քարից, որպեսզի ընդօրինակեն ծովափին ապրող խեցիներին։
 
===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
 
Մեր անգիտակությունը փոփոխականության օրենքների մասին խորն են։ Հարյուր դեպքից ոչ մեկում մենք ի վիճակի չենք ցույց տալու այն պատճառը, թե ինչու կազմվածքի այս կամ այն մասը փոփոխվել է։ Բայց բոլոր դեպքերում, որտեղ հնարավոր է լինում համեմատել, մենք համոզվում ենք, որ միևնույն օրենքներն են ղեկավարում տարատեսակների միջև եղած ավելի քիչ խոր տարբերությունները և տեսակների միջև եղած ավելի խոր տարբերությունները։ Պայմանների փոփոխությունը սովորաբար հարուցում է տատանվող փոփոխականություն, սակայն երբեմն ուղեկցվում է նաև ուղղակի, որոշակի հետևանքներով, և այդ հետևանքները ժամանակի ընթացքում կարող են ավելի ուժեղ կերպով նկատվել, թեև այդ ենթադրության օգտին բավարար վկայություն դեռ չկա։ Սովորությունը, որն առաջացնում է ընդհանուր կառուցվածքի որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև օրգաններն ուժեղացնող վարժեցումը, թուլացնող ու փոքրացնող ոչ վարժեցումը, ըստ երևույթին շատ դեպքերում ցուցաբերել են իրենց ներգործությունը։ Հոմոլոգ մասերը դրսևորում են միանման փոփոխվելու, ինչպես նաև միաձուլվելու ձգտում։ Պինդ և արտաքին մասերի փոփոխությունները իրենց ազդեցությունն են գործում փափուկ և ներքին մասերի վրա։ Երբ մի որևէ մաս անչափ է զարգանում, այդ դեպքում նա կարող է իրեն հարակից մասերից քաշել սննդանյութեր, և ամեն մի մաս, որը կարող է կյանքի համար առանց վնասի հեռացվեի կվերացվի։ Կազմվածքի մեջ վաղ հասակում երևան եկող փոփոխությունները կարող են անդրադառնալ այն մասերի վրա, որոնք զարգանում են ավելի ուշ, ինչպես նաև հանդիպում են հարաբերակցական փոփոխականության դեպքեր, որոնց պատճառը մեզ համար պարզ չէ։ Միևնույն օրգանիզմի մեջ բազմակի կրկնվող մասերը փոփոխական են ինչպես իրենց թվով, այնպես էլ կառուցվածքով, և դա գուցե բխում է նրանից, որ նրանք, ճշգրտորեն մասնագիտացած չլինելով իրենց աշխատանքներում, բնական ընտրության խիստ վերահսկողության չեն ենթարկվել։ Նույն պատճառի հետևանքն է թերևս նաև այն փաստը, որ էակների շարքում ավելի ցածր աստիճանի վրա կանգնածներն ավելի փոփոխական են, քան ավելի բարձր կանգնած էակները, որոնց կազմվածքն ավելի մասնագիտացված է։ Թերաճ օրգանները, անօգուտ լինելով, բնական ընտրության ներգործության չեն ենթարկվում և այդ պատճառով փոփոխական են։ Տեսակային հատկանիշները, այսինքն տարբերության այնպիսի գծերը, որոնցով տեսակներն սկսել են տարբերվել միմյանցից այն ժամանակից սկսած, երբ նրանք ճյուղավորվել են իրենց ընդհանուր նախահորից, ավելի փոփոխական են, քան սեռային կամ այնպիսի հատկանիշները, որոնք վաղուց ի վեր ժառանգված են և չեն փոփոխվել այդ ժամանակաշրջանի ընթացքում։ Այդ դիտողություններում մենք շոշափեցինք միայն օրգաններն ու առանձին մասերը, մատնանշելով, որ նրանք պահպանել են փոփոխականության ձգտումն այն պատճառով, որ դեռ նոր են փոփոխվել ու զանազանակերպվել, բայց մենք երկրորդ գլխում տեսանք, որ նույն կշռադատումները ճիշտ են նաև ամբողջությամբ վերցրած անհատի վերաբերմամբ։ Մենք համոզվեցինք, որ տվյալ սեռին պատկանող շատ տեսակներ պարփակող մարզում, այսինքն այնտեղ, որտեղ վերջերս են տեղի ունեցել զգալի փոփոխություն և դիֆերենցում, կամ ինչպես մենք արտահայտվել ենք, որտեղ տեսակների ֆաբրիկացիան գործուն է եղել, այնտեղ ևս այդ տեսակների մեջ մենք հանդիպում ենք, միջին հաշվով, տարատեսակների ամենամեծ առատության։ Երկրորդական սեռական հատկանիշները շատ փոփոխական են. նրանք ամենից ավելի փոփոխական են միևնույն սեռի տեսակների մեջ։ Կազմվածքի միևնույն մասերում փոփոխականությունը նյութ է ծառայել ինչպես երկրորդական սեռական հատկանիշների համար, այնպես էլ միևնույն սեռի տեսակների միջև տեսակային տարբերությունների համար։ Ամեն մի մաս կամ օրգան, որը զգալի մեծության է հասել կամ զարգացել է արտասովոր ձևով՝ համեմատած ազգակից տեսակների միևնույն օրգանների կամ մասերի հետ, պետք է ուժեղ կերպով փոփոխվեր այդ սեռի ծագման ժամանակից սկսած. այստեղից մեզ հասկանալի է, թե ինչու նրանք դեռ պահպանել են փոփոխվելու ընդունակությունն անհամեմատ ավելի մեծ չափով, քան մյուս մասերը, որովհետև փոփոխականությունը ներկայացնում է դանդաղ ու երկարատև պրոցես և բնական ընտրությունը դեռ չի կարողացել հաղթահարել հետագա փոփոխականության և ավելի քիչ փոփոխված վիճակի վերադառնալու ձգտումները։ Բայց այն դեպքում, երբ արտասովոր զարգացած օրգան ունեցող տեսակը կարողացել է սկիզբ տալ բազմաթիվ փոփոխված հետնորդների, որը, մեր կարծիքով, պետք է կատարվեր ծայրահեղ դանդաղությամբ, երկար ժամանակամիջոցների ընթացքում, այղ դեպքում բնական ընտրությունն արդեն կարողացել է այդ օրգանին կամ հատկանիշին տալ կայունության դրոշմ՝ չնայած նրա արտասովոր զարգացմանը։ Այն տեսակները, որոնք իրենց ընդհանուր նախնիներից ժառանգել են գրեթե միանման ընդհանուր կերտվածք և ենթարկված են միանման պայմանների, բնականաբար ձգտում են համանման փոփոխությունների կամ երբեմն վերադառնում են իրենց հեռավոր նախնիների հատկանիշներին։ Այսպիսով, թեև վերադարձի, կամ անալոգ փոփոխականության շնորհիվ նոր և կարևոր փոփոխություններ չեն առաջանա, այնուամենայնիվ նրանք կնպաստեն բնության հիանալի ու ներդաշնակ բազմազանությանը։
 
Ինչ էլ որ լինի ծնողների և նրանց հաջորդների միջև եղած յուրաքանչյուր չնչին տարբերության պատճառը,— իսկ այդպիսի պատճառ պետք, է միշտ գոյություն ունենա,— մենք լիակատար հիմք ունենք կարծելու, որ հենց բարենպաստ տարբերությունների անշեղ կուտակումն է ծնել կազմվածքի այն բոլոր էական փոփոխությունները, որոնք կապված են յուրաքանչյուր տեսակի կենսակերպի հետ։
Վստահելի
1396
edits