[[Կատեգորիա:արձակ]]
Կինս բավականին անճշտապահ է, այնպես, որ երբ ուշացումով հասա Քլարիջի ռեստորան, ուր պայմանավորվել էինք նախաճաշել, ու չգտա իրեն այնտեղ, բոլորովին էլ չզարմացա։ Կոկտեյլ պատվիրեցի։ Սեզոնի եռուն շրջանն էր, ու հազիվ երկու կամ երեք ազատ սեղան կար։ Մի քանիսը վաղ նախաճաշից հետո սուրճ էին խմում, մյուսներն ինձ նման ժամանակ էին անցկացնում՝ մի գավաթ մարտինի խմելով։ Կանայք իրենց ամառային հագուստներով հմայիչ էին ու զվարթ, տղամարդիկ՝ կենսուրախ, բայց չկարողացա գտնել մեկին, որի տեսքը հետաքրքրեր ինձ՝ լրացնելու համար այն քառորդ ժամը, որի ընթացքում պետք է սպասեի կնոջս։ Հաճելի էր դիտել նրանց, նայել նրանց նուրբ տեսքին․ թեև լավ էին հագնված, բայց նաև անփույթ էին և գրեթե բոլորն էլ կարծես միևնույն կաղապարից էին։ Ես դիտում էի նրանց ավելի շատ համբերատարությամբ, քան հետաքրքրությամբ։ Արդեն ժամը երկուսն էր և ես զգացի, որ քաղցած եմ։ Կինս ասում է, որ ինքը չի կարողանում կրել ոչ փիրուզե քար և ոչ էլ՝ ժամացույց, քանի որ առաջինի գույնը կանաչի է փոխվում, իսկ ժամացույցը կանգնում է, և սրանք նա վերագրում է չար բախտին։ Փիրուզի մասին ասելիք չունեմ, բայց երբեմն մտածում եմ, որ եթե նա ժամանակին լարեր ժամացույցը, կաշխատեր։ Ես տարված էի այս մտքերով, երբ սպասավորը մոտեցավ և հյուրանոցի սպասավորներին հատուկ ցածր ու խորհրդավոր ձայնով ասաց, որ ինչ֊որ մի տիկին հենց նոր հեռախոսով զանգահարեց և խնդրեց հաղորդել ինձ, որ ուշացել է և չի կարող նախաճաշել ինձ հետ։
Երկընտրանքի մեջ ընկա։ Այնքան էլ հաճելի չէր միայնակ ճաշել մարդկանցով լի ռեստորանում, մյուս կողմից էլ՝ ուշ էր ակումբ գնալու համար և ես որոշեցի մնալ իմ տեղում։ Ուղղվեցի դեպի ճաշասենյակ։ Ինձ երբեք առանձնապես բավականություն չի պատճառում, երբ շքեղ ռեստորանների վարիչներն անձամբ ճանաչում են քեզ, բայց այս դեպքում, անշուշտ, հաճելի կլիներ, որ ավելի ջերմ ողջույնի արժանանայի։ Ճաշասրահի վարիչը՝ չոր ու անբարյացակամ դեմքով մի մարդ, ասաց, որ բոլոր սեղանները զբաղված են։ Անօգնական հայացքով նայեցի մեծ ու շքեղ սրահի չորս բոլորը և հանկարծակի ուրախությամբ նշմարեցի ծանոթներիցս մեկին։ Լեդի Էլիզաբեթ Վերմոնթն էր՝ իմ վաղեմի բարեկամուհին։ Նա ժպտաց ինձ ու նկատելով, որ մենակ է, մոտեցա։
― Տեղ չէ՞իք տա քաղցած մարդուն ձեր սեղանի մոտ, ― հարցրի։
― Օ՜, անշուշտ, բայց ես գրեթե վերջացրել եմ։
Նա նստած էր մի մեծ սյան կողքին դրված սեղանի մոտ և ես տեսա, որ մենք համարյա առանձնացած էինք։
― Բախտս բերեց, ― ասացի ես։ ― Քաղցած ուշքս գնում էր։
Նա շատ հաճելի ժպիտ ուներ, որը պայծառացնում էր նրա դեմքը ոչ թե միանգամից, այլ մաս առ մաս՝ ուրույն հմայք տալով նրան։ Ժպիտը մի պահ տատանվում էր նրա շուրթերին, հետո դանդաղորեն շարժվում դեպի փայլուն աչքերն ու մեղմորեն հանգրվանում այնտեղ։ Անշուշտ, ոչ ոք չէր ասի, թե Էլիզբեթ Վերմոնթը սովորական կին էր։ Դեռատի տարիքում չեմ ճանաչել նրան, բայց շատերից եմ լսել, որ սիրունիկ աղջիկ է եղել, այնքան սիրունիկ, որ մարդիկ նրան նայելիս հուզվել են։ Ես դրան լրիվ հավատում էի, քանի որ հիմա էլ, չնայած իր հիսուն տարիներին, անզուգական էր մնում։ Նրա գեղեցկությունն արդեն խամրել էր և մի փոքր ստվեր էր գցում երիտասարդ օրերի փթթող հմայքի վրա։ Ինձ դուր չեն գալիս այն շպարված դեմքերը, որոնք բոլորն էլ իրար նման են։ Ես կարծում եմ, որ կանայք հիմար են, երբ բթացնում են իրենց դեմքի արտահայտությունը և մթագնում իրենց անձը դիմափոշիով, կարմրաներկով ու շրթներկով։ Բայց Էլիզաբեթ Վերմոնթը այնքան վարպետորեն էր օգտագործում այս ամենը, որ դրանից ոչ թե եղծվում, այլ բարելավում էր իր բնականը։ Մարդ չի քննարկում միջոցները, այլ ողջունում է արդյունքը։ Կոսմետիկան այն ձևով, ինչպես նա էր օգտագործում, ոչ թե հասարակացնում, այլ գեղեցկացնում էր այդ կատարյալ դեմքի արտահայտությունը։ Կարծում եմ, որ մազերը ներկում էր, որոնք սև, յուղոտ ու փայլուն էին։ Իրեն միշտ ուղղաձիգ էր պահում, կարծես երբեք որևէ բանի հենվելով չէր նստել։ Նա շատ նրբակազմ էր։ Հագել էր սև սատինե մի զգեստ, որի ձևն ու պարզությունը հրաշալի էին, իսկ վիզը զարդարում էր մարգարիտե մի շարան։ Նրա մյուս զարդը մի մեծ զմրուխտ էր, որը հանգչում էր ամուսնական մատանու վրա և որի մուգ փայլն ավելի էր ընդգծում ձեռքի ճերմակությունը։ Բայց Էլիզաբեթի տարիքը պարզորոշ կերպով մատնողը հենց նրա ձեռքերն էին։ Դրանք այլևս աղջկական փափուկ ձեռքերի փոսիկներով պատած կլորությունը չունեին, և տեսնելով այդ, մարդ հուսախաբ էր լինում։ Որոշ ժամանակ անց դրանք գիշատիչ թռչունի մագիլների տեսք կընդունեին։
Էլիզաբեթ Վերմոնթը հայտնի կին էր։ Նա ազնվական ծագում ուներ, սընթ Էրթի յոթերորդ կոմսի դուստրն էր։ Տասնութ տարեկանում ամուսնացել էր շատ հարուստ մարդու հետ և բռնել զարմանալի շռայլության, անառակության ու ցոփության ուղին։ Բավականին հպարտ էր զգույշ լինելու համար և բավականին համարձակ՝ հետևանքների համար մտածելու։ Երկու տարի անց ամուսինը ահավոր խայտառակ իրադարձություններից հետո ապահարզան տվեց։ Այնուհետև նա ամուսնացավ այդ գործին առնչվող պատասխանատու երեք անձանցից մեկի հետ և տասնութ ամիս անց նրան էլ լքեց։ Ապա հաջորդեց սիրահարների մի ամբողջ շարան։ Անուն հանեց իր անառակությամբ։ Նրա ցնցող գեղեցկությունը և խայտառակ վարքը, հասարակության ուշադրության կենտրոնում էին պահում նրան և ամեն անգամ առիթ տալիս բամբասանքի։ Էլիզաբեթի անունը արհամարհանք էր առաջացնում ազնիվ մարդկանց մոտ։ Նա թղթամոլ էր, շռայլող և քմահաճ։ Չնայած սիրահարների հանդեպ ունեցած անհավատարմությանը, հավատարիմ էր իր ընկերների նկատմամբ։ Համենայն դեպս կային մի քանիսը, որոնք իրենց թույլ չէին տալիս նրա մասին վատ արտահայտվել, ինչ էլ որ նա աներ, և գտնում էին, որ Էլիզաբեթը պարզապես հաճելի կին է։ Նրան հատուկ էր անկեղծությունը, բարձր տրամադրությունը և արիությունը։ Երբեք չէր կեղծել։ Առատաձեռն ու անկեղծ էր։ Կյանքի այդ շրջանում էր, երբ ծանոթացա նրան։ Որոշ հանրաճանաչ տիկնայք, որոնց համար կրոնն այլևս մոդայիկ չէ և որքան շատ են վարկաբեկված լինում, սկսում են կեղծ հետաքրքրություն ցուցաբերել արվեստի նկատմամբ։ Սառը վերաբերմունք ստանալով իրենց դասին պատկանող մարդկանցից, նրանք երբեմն բարեհաճում են ընկերություն անել գրողների, նկարիչների ու երաժիշտների հետ։ Ես զգացի, որ Էլիզաբեթը հաճելի ընկեր է։ Նա մեկն էր այն անձնավորություններից, որոնք աներկյուղ արտահայտում են իրենց մտածածը (այսպիսով՝ բավականին օգտակար ժամանակ են խնայում) և ճկուն միտք ունեն։ Միշտ պատրաստ էր զրուցելու իր ցնցող անցյալի մասին։ Այդ զրույցները, թեև պտտվում էին թեթև նյութերի շուրջ, այնուամենայնիվ հաճելի էին։ Եվ ամեն ինչ մի կողմ դնելով, նա դարձյալ մնում էր նույն ազնիվ կինը։
Հետո Էլիզաբեթը կրկին բոլորին ապշեցրեց։ Քառասուն տարեկան հասակում ամուսնացավ քսանմեկամյա մի երիտասարդի հետ։ Ընկերների կարծիքով դա նրա կյանքի ամենահիմար արարքն էր, և նրանք, ովքեր իր նեղ օրերին միշտ հավատարիմ էին, այժմ ի սեր տղայի, որը բավականին դուրեկան էր և ուղղակի ամոթ էր նրա անփորձությունից օգտվելը, հրաժարվեցին Էլիզաբեթից։ Դա արդեն գագաթնակետն էր։ Մարդիկ դժբախտություն գուշակեցին, քանի որ Էլիզաբեթ Վերմոնթը վեց ամսից ավելի անկարող էր հավատարիմ մնալ որևէ տղամարդու։ Նրանք այդ կարծիքին էին և հույս ունեին, որ Էլիզաբեթը նորից կընկնի սկանդալային իրավիճակի մեջ, իսկ թշվառ տղան ստիպված կլինի թողնել նրան՝ ի ուրախություն բոլորի։ Բայց նրանք սխալվեցին։ Հայտնի չէր, ժամանա՞կը փոփոխություն մտցրեց քառասնամյա տիկնոջ սրտում, թե Պետեր Վերմոնթի անմեղությունն ու պարզ սերը հուզեցին նրան, բայց փաստը մնում է փաստ, որ Էլիզաբեթը նրա համար հիանալի կին դարձավ։ Նրանք աղքատ էին, իսկ Էլիզաբեթը ըստ իր սովորության՝ շռայլ։ Բայց նա տնտեսող տանտիկին էր։ Եվ հանկարծ այնքան բծախնդիր դարձավ իր անվան նկատմամբ, որ բամբասանքները լռեցին։ Թվում էր, թե նրա միակ հոգսը ամուսնու երջանկությունն էր։ Ոչ ոք չէր կասկածում Էլիզաբեթի նվիրվածությանը։ Մարդիկ այլևս չէին բամբասում, կարծես թե մոռացան նրան։ Նա հիմնովին վերափոխվել էր, և ես հաճույք զգացի այն մտքից, որ երբ այդ կինը ծերանա, ետևում թողնելով ցնցող անցյալը, նրան կթվա, որ այդ տարիները ոչ թե իրեն էին պատկանում, այլ վաղուց մահացած մեկին, որին ինքը ժամանակին աղոտ կերպով գիտեր։ Կանայք կատարվածը մոռանալու նախանձելի ընդունակություն ունեն։
Բայց ո՞վ կարող է ասել, թե կյանքը ինչ անակնկալներով է լի։ Մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց։ Պետեր Վերմոնթը տաս տարվա իդեալական ամուսնությունից հետո խելագարի նման սիրահարվել էր Բարբարա Կանտոն անունով մի աղջկա։ Վերջինս Ռոբերտ Կանտոնի՝ արտաքին գործերի մինիստրի նախկին օգնականի կրտսեր դուրստրն էր և, իրոք, եթերային գեղեցկություն ուներ։ Անշուշտ, հնարավոր չէր նրան համեմատել լեդի Էլիզաբեթի հետ։ Շատերը գիտեին դեպքի մասին, բայց ոչ ոք չէր կարող ասել, այն հայտնի՞ է Էլիզաբեթին, թ՞ե ոչ։ Եվ ի՞նչ որոշում կկայացներ նա այդ իրադրության մեջ, որն այնքան անհարիր էր նրա կենսափորձին։ Չէ՞ որ առաջինը միշտ ինքն էր լքել իր սիրեկաններին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կարծում էի, որ նա կտրականապես վերջ կդնի այդ վիճակին։ Ես ծանոթ էի նրա արիությանը և հնարամտությանը։ Ահա թե ինչն էր զբաղեցնում իմ ուղեղը, երբ մենք զրուցում էինք նախաճաշի ժամանակ։ Ոչ մի կեղծ բան չկար նրա վարվելաձևի մեջ, առաջվա նման հմայիչ, որախ և այնքան անկեղծ էր նրա պահվածքը, որ առիթ չէր տալիս կասկածելու, թե որևէ բան է հուզում իրեն։ Թեթև, բայց առողջ բանականությամբ և հնարամիտ ու աշխույժ հումորով խոսակցության ընթացքում առաջացող տարբեր թեմաների շուրջ զրուցում էր այնպես, ինչպես միշտ։ Ես բավականություն էի ստանում այս ամենից։ Եվ եկա այն եզրակացության, որ ինչ֊որ հրաշքով նա անտեղյակ է ամուսնու զգացմունքներին։ Մտածում էի․ Էլիզաբեթի սերը Պետերի նկատմամբ այնքան մեծ է, որ մտքով անգամ չի անցկացնում վերջինիս դավաճանությունը։
Խմեցինք մեր սուրճը, մի քանի ծխախոտ ծխեցինք և նա ինձ ժամը հարցրեց։
― Երեքին քառորդ պակաս։
― Ես պետք է խնդրեմ իմ հաշիվը։
― Թույլ կտա՞ք վճարել ձեր նախաճաշի համար։
― Անշուշտ, ― ժպտաց նա"
― Շտապո՞ւմ եք։
― Ես պետք է Պետերի հետ հանդիպեմ ժամը երեքին։
― Օ՜, իսկ ինչպես է Պետերը։
― Շատ լավ։
Նա թեթևակի ժպտաց իր ձգված ու հաճելի ժպիտով, բայց կարծես ծաղր նկատեցի այդ ժպիտում, մի պահ տատանվեց, զգուշորեն նայեց ինձ։
― Քեզ դուր են գալիս հետաքրքրաշարժ դեպքերը, այնպես չէ՞, ― ասաց նա։ ― Երբեք չեք գուշակի, թե ինչու եմ եկել այստեղ։ Առավոտյան զանգահարեցի Պետերին և պայմանավորվեցի հանդիպելու նրան այստեղ, ժամը երեքին։ Պետք է խնդրեմ, որ ապահարզան տա։
― Չի կարող պատահել, ― բացականչեցի ես։ Զգացի, որ կարմրում եմ։ Չգիտեի ինչ ասել։ ― Կարծում էի, շատ համերաշխ եք։
― Մի՞թե կարծում ես, որ անտեղյակ եմ այն ամենին, ինչ բոլորը գիտեն։ Այդ աստիճան հիմար չեմ։
Նա այն կանանցից չէր, որին հնարավոր լիներ ասել այն, ինչին ինքդ չես հավատում, և ես չկարողացա ձևացնել, թե չեմ հասկանում նրա միտքը։ Մեկ, երկու վայրկյան լուռ մնացի։
― Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ ապահարզան տա։
― Ռոբերտ Կանտոնը հնամոլ ծերուկ է, և շատ եմ կասկածում, թե նա կթույլատրի Բարբարային ամուսնանալու Պետերի հետ, եթե անգամ ես ապահարզան տամ։ Գիտես, որ ինձ համար ոչ մի նշանակություն չունի մեկ ապահարզան ավել կամ պակաս տալը․․․
Նա թոթվեց իր գեղեցիկ ուսերը։
― Որտեղի՞ց գիտես, որ Պետերն ուզում է ամուսնանալ նրա հետ։
― Նա ոտից գլուխ սիրահարված է։
― Ի՞նքն է ասել այդ բոլորի մասին։
― Ոչ։ Նա նույնիսկ տեղյակ չէ, թե ինձ հայտնի է այդ ամենը։ Նա այնքան թշվառ է, այնքան է ջանում չվիրավորել իմ զգացմունքները։
― Միգուցե դա կարճատև, կույր հափշտակություն է, ― համարձակվեցի ասել ես։ ― Այն կարող է անցնել։
― Իսկ ինչո՞ւ․ Բարբարան երիտասարդ է, գեղեցիկ և բավականին դուրեկան։ Նրանք շատ համապատասխան զույգ են և բացի այդ, ի՞նչ լավ բան կա, եթե սերն արդեն անցել է։ Չէ՞ որ սիրո մեջ տվյալ պահն է կարևորագույնը։ Ես տասնինը տարով մեծ եմ Պետերից։ Եվ եթե տղամարդը դադարում է սիրել մի կնոջ, որն իր մոր տարիքին է, կարծում ես, որ նա կկարողանա՞ երբևիցե կրկին սիրել նրան։ Դու վիպասան ես և ավելի շատ բան գիտես մարդկային բնավորության մասին, քան ես։
― Ինչո՞ւ դո՛ւ պետք է այդ զոհաբերությունը անես։
― Երբ տասը տարի առաջ Պետերն առաջարկեց ամուսնանալ, ես խոստացա, որ երբևիցե իր ցանկացած պահին կստանա իր ազատությունը։ Հասկանո՞ւմ ես, մեր տարիքների մեջ այնքան շատ անհամաչափություն կա, որ այս ամենը օրինաչափ է։
― Իսկ դու ինչո՞ւ ես ուզում խոստումդ հարգել, երբ ինքը չի խնդրել այդ մասին։
Նա մի փոքր ջղաձգեց իր երկար, բարակ ձեռքերը և միայն այժմ նկատեցի, որ ինչ֊որ չարագուշակ բան կար այդ զմրուխտե քարի մուգ փայլի մեջ։
― Օ՜, ես անպայման պետք է այդ անեմ։ Մարդ իր խոսքի տերը պետք է լինի։ Ճիշտն ասած, ես այսօր դրա համար եմ այստեղ նախաճաշում։ Հենց այս նույն սեղանի շուրջն էր, որ նա ինձ առաջարկություն արեց։ Մենք միասին ճաշում էինք, և ես նստած էի այստեղ։ Ցավալին այն է, որ ես նրան առաջվա պես սիրում եմ։
Մի փոքր լռեց, նկատեցի, որ ատամները սեղմեց։
― Դե, կարծում եմ, պետք է գնալ։ Պետերը սպասել չի սիրում։ Նա նայեց ինձ մի տեսակ անօգնական հայացքով ու թվաց, թե դժվարանում է վեր կենալ աթոռից։ Բայց ժպտաց ու կտրուկ շարժումով ոտքի կանգնեց։
― Կցանկանայի՞ր, որ ուղեկցեի քեզ։
― Մինչև հյուրանոցի դուռը, ― ժպտաց նա։
Մենք քայլեցինք ռեստորանի և նախասրահի միջով և երբ հասանք մուտքին, դռնապանը բացեց պտտվող դուռը։ Ես հարցրեցի, չէր ուզենա արդյոք տաքսի նստել։
― Ոչ, ավելի լավ է քայլեմ, այնքան հաճելի որ է․․․ Նա ինձ մեկնեց ձեռքը։
― Շատ հաճելի էր քեզ հետ հանդիպել։ Ես վաղը մեկնում եմ արտասահման և կարծում եմ, որ աշունը անց կկացնեմ Լոնդոնում։ Զանգահարիր ինձ։
Նա ժպտաց, գլուխ տվեց ու հեռացավ։ Հայացքով հետևեցի նրան մինչև Դավիս փողոցը։ Օդը դեռևս տաք էր ու գարնանային։ Տանիքների արանքից երևացող կապույտ երկնքում դանդաղորեն լողում էին փոքրիկ, ճերմակ ամպերը։ Նա իրեն շատ ձիգ էր պահում, իսկ գլխի կեցվածքը վեհ էր։ Ուներ բարեկազմ ու գեղեցիկ արտաքին և ուշադրություն էր գրավում։ Տեսա, թե ինչպես նազանքով գլուխ տվեց իր ծանոթներից մեկին, որը հանեց գլխարկը և մտածեցի, եթե հազար տարի էլ անցներ, մարդ չէր կարող կռահել, թե ինչ մորմոք կար նրա սրտում։
Ես նորից եմ կրկնում․ նա շատ ազնիվ կին էր։