Է՜հ, ես էլ սկսեցի Վիկտորի հետ ծիծաղել, գրողն էլ հետաքրքրվեց, թե ինչ է պատահել։ Հետո ինքն էլ կարդաց հոդվածն ու սկսեց հետներս ծիծաղել, բայց ինձ ստիպեց, որ լրջանամ ու մանրամասն պատմեմ, թե ինչ գիտեմ էդ մարդու մասին, ու ձեռքս ընկած նամակների մեջ նա ինչից էր խոսում։
Հաջորդ օրն Օլսոնը (նրա ականջին էլ էր բան հասել) «Նյու Յորք Թայմզ֊ի» մի օրինակ բերեց ու մեզ մի ուրիշ հոդված ցույց տվեց Մարփլզի մասին։ Սա նույնիսկ «Սթարզ ընդ սթրայփս֊ի» հոդվածից էլ լավն էր, որովհետև մեջբերումներ էին արված մի հինգ֊վեց նամակից, որ թղթակիցը հաջողացրել էր պոկել ՀՖԲ֊ի գործակալներից․ հոյակապ նյութ էր։ Օլսոնը թե՝ մարդը յոգերի ուսմունքի հեռևորդ է։ «Նյու Յորք Թայմզ»֊ի հոդվածում ասվում էր, որ Մարփլզը շատ է զայրացած կառավարության վրա իր աննորմալ չլինեն ապացուցելու ջանքերի համար, որովհետև առանց այդ էլ ինքն իրեն համարում է աշխարհի երեսին մնացած հատուկենտ նորմալ մարդկանցից մեկը, ուրեմն էլ ինչո՞ւ է կառավարությունը վիրավորում իրեն՝ գլխին բժշկական փորձաքննություն սարքելով, որպեսզի ապացուցի, թե նա այն է, ինչ իրականում անտարակույս կա։ Հոդվածի շարունակության մեջ ասված էր, որ Մարփլզի պնդումը, թե ինքը նորմալ մարդ է, փորձաքննության հետ կապված նոր հոգսեր է պատճառել կառավարությանը, որովհետև ավելի քան հավանական է դարձել, որ նա հոգեկան հիվանդության նշաններ ունի։ Մի քանի օր անց ուրիշ հոդված լույս տեսավ։ «Թայմզ»֊ի կիրակնօրյա հավելվածում էր, ամբողջ երկու էջ, թերթի առաջնորդող հոդվածները գրողներից մեկն էր հեղինակը, երեք հատ էլ հրաշալի լուսանկար էին տպված, երեքում էլ՝ Մարփլզը։ Բայց նրա վրա աննորմալության ոչ մի նշան չկար, ու պարզվում էր, որ նրանց ընտանիքում էլ նման բան չի եղել։ Մի նկարում Մարփլզը նստած էր կլոր սեղանի մոտ՝ մեջքով դեպի լուսանկարիչը։ Սեղանի մյուս կողմում բազմել էին երկրի լավագույն հոգեբույժներից վեցը, ընդ որում մեկն էլ կին էր։ Սրանից ծիծաղելի նկար երբեք չէի տեսել․ Մարփլզին դուր չէր եկել, որ իրեն մեջքից են նկարում, ու նա թեքվել, հետ էր նայում։ Վեց հոգեբույժներն էլ ասես աննորմալ լինեին, այնինչ Մարփլզը միակն էր, որ մարդավարի, մի քիչ սրտնեղած տեսք ուներ։ Էս հոդվածի ենթատեքստում էլ էր Մարփլզի նկատմամբ մեծ հիացմունք զգացվում, չնայած հեղինակը կարծում էր, որ նա չի ազատվի նման մասնագետների ձեռքից։ Սրանք պարտավոր էին նրան խելագար հանել ու համապատասխան հաստատություն ուղարկել․ և իրոք, հաջորդ չորեքշաբթի Օլսոնը «Թայմզի» նոր համար բերեց, որտեղ Մարփլզի մասին մի ուրիշ հոդված կար՝ գրված նույն հեղինակի կողմից։ Մարփլզին հոգեկան հվիանդ էին ճանաչել ու հոգեբուժարան տարել։ Բայց նա հասցրել էր աշխարհի մարդկանց մի նամակ էլ գրել, որը ծածուկ հանձնել էր հոդվածի հեղինակին, սա էլ ամբողջությամբ նամակը մեջ էր բերել․ «Աշխարհի մարդկանց․ Իհարկե, խելագարներն ասում են, թե ես խելագար եմ, բայց մի հավատացեք նրանց։ Կարծում են, եթե ինձ հոգեբուժարանում փակեն, ես կխելագարվեմ, իսկ ես բոլորովին էլ չեմ խելագարվի։ Մտադիր եմ անընդհատ ընթերցանությամբ զբաղվել, հետևաբար ձեզ պատմելու շատ բան կունենամ։ Գրամեքենաս խլել են, բայց դրանով նրանք ոչինչ չեն շահի, որովհետև եթե նամակներս չեմ կարող մեքենագրել, ուրեմն առաջվա համեմատ ավելի կարճ կկապեմ և այն հիվանդներին, որոնք ուր որ է հոգեբուժարանից դուրս պիտի գրվեն, կպատվիրեմ նամակներս անգիր անել ու բերնեբերան տարածել։ Չգիտեմ, թե ինչքան կմնամ հոգեբուժարանում։ Երեսունութ տարեկան եմ, բայց թեկուզ տասը տարի էլ մնամ, թեկուզ պատերազմը այդքան երկար տևի, ու բոլորն էլի այնքան աննորմալ լինեն, որ ինձ աննորմալ համարեն, միևնույն է՝ ազատվելիս ես ընդամենը քառասունութ տարեկան կլինեմ և դեռ անսահման աասելիք կունենամ։ Ուստի սպասեք ինձ։ Ոչ ոքի չհավատաք, եթե միայն դա այն մարդը չէ, որին շատ եք սիրում, ու նա էլ ձեզ է շատ սիրում։ Սա վերջը չէ։ Ընդմիջում է, լոկ։ Ես միշտ կմտածեմ ձեր մասին»։ Հոդվածին առընթեր տպված էր Մարփլզի լուսանկարը, նա ձեռնաշղթայով էր, աջ ու ձախ կողմերում էլ՝ ՀՖԲ֊ի մի֊մի գործակալ։ ՀՖԲ֊ի գործակալները աննորմալի տեսք ունեին, իսկ Մարփլզը ասես սուրբ լիներ, ու հոդվածագիրն էլ էր հաստատում, որ դա որոշ իմաստով էդպես է։ Նա փաստեր էր բերում Մարփլզի կյանքից։ Ուոլթեր Մարփլզը ծնվել էր Միսուրիի նահանգի Քայրո քաղաքում, աղքատ, բայց ազնիվ ընտանիքում։ Վերջացրել էր Քայրոյի միջնակարգ դպորցի վեցերորդ դասարանը, այնուհետև ագարակում մշակ աշխատել, որպեսզի օգնի ծնողներին ընտանիքը պահել, որն այդ ժամանակ կազմված էր եղել նրա վեց կրտսեր եղբայրներից ու քույրերից։ Տասնյոթ տարեկանում նավաստի էր դարձել, աշխատանվարձի մեծ մասը հորն ու մորն ուղարկել։ Նավարկության էր մեկնել ոչ թե ընտանիքի հանդեպ ունեցած պարտականություններից խույս տալու նպատակով, այլ մտահորիզոնն ընդարձակելու համար։ Ծովում եղած ժամանակ նրա աչքին իսկական հայտնություն էին դարձել իր խոսքերով ասած՝ «սրբերի երկերը», այսինքն՝ ամերիկացի գրողների՝ Թորոյի, Էմերսոնի, Մելվիլի, Ուիթմենի ու Մարկ Տվենի գործերը։ Ինքն իրեն գրողի տեղ չէր դնում, այդքան փառասեր չէր, բայց հավատացած էր, որ իր ուղերձները՝ մոտ 393 հատ, պատերազմի սկզբից ի վեր ոչ միայն ամերիկյան ժողովրդին են հասել, այլև Եվրոպայի, Ասիայի ու մի շարք կղզիների ժողովուրդներին։ Նա իրեն նահատակ չէր համարում, որովհետև չէր տառապել։ Դեմ չէր որպես խելագար մնալ հոգեբուժարանում մինչև աշխարհը նորից խելքի գա, քանի որ համոզված էր, թե հոգեբուժարանում շատ խելամիտ մարդկանց կհանդիպի ու նրանցից բազմաթիվ լավ բաներ կսովորի։ Բա՛, այ էսպես․ և Վիկտորը, ես, Օլսոնը, գրողն ու Ջո Ֆոքսհոլը փառք էինք տալիս աստծուն նման մարդու համար, որովհետև եթե մի մարդ կար, որ արժանավոր էր երևում ու իր ասածներից դատելով՝ կարծես իրոք աշխարհի երեսին մնացած հատուկենտ մարդկանցից մեկն էլ, ուրեմն դա նա էր՝ Ուոլթեր Մարփլզը, որին օրենքի անունից ձերբակալել էին Արիզոնայի Ֆլագսթաֆ քաղաքի մի փոքրիկ, հին հյուրանոցում։ Մենք վստահ էինք, որ ամերիկացիների մեծամասնությունը նրա նկատմամբ նույն զգացմունքներն ունի։ Թերթերի հոդվածագիրները հիանում էին նրանով, ու մենք զգում էինք, որ վերջիվերջո, թերևս մարդկությանը ինչ֊որ հույս է մնում։ «Ոչ ոքի չհավատաք, եթե միայն դա այն մարդը չէ, որին շատ եք սիրում, ու նա էլ ձեզ է շատ սիրում»,― ասել էր նա։ Ինչ լավ է ասված, Մարփլզ, երեսնութամյա հին ընկեր, հին ու հարազատ ընկեր։ Մեր ամենաջերմ աղոթքներն ընդ քեզ։ ==Գիրք վաթսունիններորդ=='''Ջիմ Քըրբին Վեսլիին պատմում է, որ Դոմինիկ Տոսկան մահացել է Խաղաղ օվկիանոսում''' Օրերից մի օր մեր հեռախոսը զանգեց, ու մի տղամարդու ձայն ասաց․ ― Ես Վեսլի Ջեքսոնին եմ խնդրում։ Է՛, Ջիմ Քըրբին էր՝ լրագրողը, որ դասավորես ինձ ու Հարի Քուքին ինքնաթիռով Ալյասկա ուղարկեցին, նա թե՝ ― Որտե՞ղ կարող ենք հենց հիմա հանդիպել։ Ասի՝ կարելի է «Սրարշավ ձի» պանդոկում հանդիպել, դուրս թռա փողոց, տեղ հասա, ու քիչ հետո նա զինվորական թղթակցի համազգեստը հագին՝ ներս մտավ պանդոկ։ ― Հենց նոր եմ ինքնաթիռից իջել, եկել եմ ներխուժման մասին թերթում հաղորդագրություն տալու,― ասաց։― Խաղաղ օվկիանոսում էի։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ տեսած կլինեմ։ ― Հարի Քուքին,― ասի։― Ո՞նց է, ի՞նչ է։ ― Լավ է,― ասաց Ջիմը։ Նա մի շնչով գարեջրի բաժակը դատարկեց։― Շատ լավ է՝ Դոմինիկ Տոսկա անունով մեկի շնորհիվ, որին էդպես էլ չհանդիպեցի։ ― Իսկ ի՞նչ է եղել Դոմինիկին։ ― Մինչև էնտեղ հասնելս, արդեն մահացել էր։ Հարիին հոսպիտալում տեսա, նա՛ պատմեց։ ― Ի՞նչ պատմեց։ ― Դոմինիկ Տոսկան նրա կյանքը փրկել է, իսկ իրենը՝ զոհել։ ― Ընտանիքին արդեն հայտնե՞լ են։ ― Դեռ որոշ ժամանակ հարազատները տեղյակ չեն լինի։ Դա ընդամենը երկու շաբաթ առաջ է կատարվել։ Հարին լավ է։ Շուտով նորից կկարողանա քայլել։ Նրան ուղարկում են տուն՝ Սան Ֆրանցիսկո։ Ձեր զորամասի համարն ու անունը տվեց, խնդրել է գտնեմ քեզ ու ամեն ինչ պատմեմ։ Ասաց․ «Պատմիր, որ իմ կյանքը փրկողին ես չէի սիրում։ Ոչ էլ նա էր ինձ սիրում։ Ուրեմն ինչո՞ւ նա էդ բանն արեց»։ ― Իր եղբոր՝ Վիկտորի համար է արել,― ասի։ ― Եկել են հոսպիտալ, նրան շքանշան տալու, որ Հարիի կյանքը փրկել է, բայց նա բոլորին բռնդել է, հետո էլ՝ մահացել։ Ասում էին՝ մի երկու օր էլ կապրեր, եթե էդպես չվրդովվեր։ Հարին պատմում էր, որ նա մի ժամ շարունակ հայհոյելիս է եղել, հետո ինքը կարծել է, թե քնեց, բայց բանից դուրս է եկել՝ արդեն մահացել է։ Այս ամենի մասին հոդված եմ գրել, թեև ոչ նրա, ոչ էլ Հարիի անունը չեմ հիշատակել։ Երանի չմեռներ։ Շատ կուզեի նման մարդու հանդիպել։ ― Դոմինիկի մայրը,― ասի,― պրեզիդենտին նամակ պիտի գրեր, որ պատերազմում, եթ եուրիշ ճար չլինի, գոնե Դոմինիկին սպանեն, բայց Վիկտորին՝ չէ։ Դոմինիկը մեռած է, նրան սպանեցին, ուրեմն չեն համարձակվի Վիկտորին էլ սպանել։ ― Ինչե՞ր ես խոսում,― ասաց Ջիմը, ու ես պատմեցի նրան միսիս Տոսկայի, Դոմինիկի ու Վիկտորի մասին։ ― Բայց գրողը տանի,― ասի,― ինչ անես, եթե մարդն ուղղակի համոզված է, թե պատերազմից ողջ չի պրծնելու։ Նրա եղբայրը մեռած է։ Մի ընտանիքին էսքանն էլ է հերիք։ Վիկտորի եղբայրը սպանվելու բան չուներ։ Նա Վիկտորի համար է դա արել, բայց հանկարծ Վիկտորին էլ չսպանե՞ն։ Ջիմ Քըրբին մանրամասն պատմեց Դոմինիկի մահվան մասին, պատմեց, թե Խաղաղ օվկիանոսում ինչ վիճակ է տիրում․ էնտեղ դրությունը վատ էր։ Նա ուրախ էր, որ ընկել է Եվրոպա, որովհետև եթե սպանվելու լիներ, լավ է էստեղ սպանվեր, քան Դոմինիկի պես չգիտես որտեղ։ Ջիմը շտապ գործեր ուներ, բայց մենք պայմանավորվեցինք ավելի ուշ՝ իրիկունը, Լեհական ակումբում հանդիպել։ Է՛հ, հետ եկա գրասեղանիս մոտ, գլխումս միտք էլ չէր մնացել։ Ախր առաջին անագմ, երբ Դոմինիկին տեսա, կարծեցի խուժանի մեկն է, բայց հենց մի քիչ մոտիկից ճանաչեցի, հասկացա՝ ամենալավ եղբայրն է, որ մարդ կարող է ունենալ․ նա Վիկտորի համար էնքան լավ եղբայր էր, որ առանց երկար մտածելու գլուխը փորձանքի էր տվել, այնինչ դա բոլորովին էլ պատրադիր չէր, իսկ նա արի տես՝ գլուխը փորձանքի էր տվել, որ մի լավ վախեցած տղայի փրկի, ում ուրիշ ոչ ոք օգնության չէր հասնի։ Ես ուրախ ոի, որ ընկերս՝ Հարի Քուքը, չի ամաչել Ջիմ Քըրբիին պատմելու ամբողջ ճշմարտությունը կատարվածի մասին, որովհետև եթե նա ճիշտը չասեր, ես երբեք չէի իմանա, թե Դոմինիկը ինչ եղբայր էր Վիկտորի համար։ Ես միշտ մտածել եմ, որ ոչ մի բան չի կարող Դոմինիկ Տոսկային սպանել, բայց, աստված իմ, սերն էլ է սպանում մարդուն, չէ՞։ Երբ շատ ես սիրում մեկին, սերն էլ է սպանում, չէ՞։ Դոմինիկ Տոսկային սերը սպանեց, չէ՞։ Հարին ամեն ինչ իրար չէր խառնել, ստեր չէր հնարել ինչ է թե՝ կյանքն արդեն փրկված էր, ու նա գնալու էր տուն՝ Սան Ֆրանցիսկո, իր ու Դոմինիկի հայրենի քաղաքը, գնալու էր, դառնար իր բախտի տերը, ինքը գլուխ հաներ, թե ոնց ապրի կյանքի մնացած մասը։ Նա կատարվածը ոչ հրաշք չէր սարքել, ոչ էլ անմիտ պատմություն։ Ուղղակի վիրավորվել էր, մնացել կրակի տակ անպաշտպան ընկած, ու ոչ ոք նրան օգնության չէր հասել, նույնիսկ ամենալավ ընկերները, որովհետև դա անխելքություն կլիներ։ Հարին կանչել էր ընկերներին, աղաչել, որ օգնեն, բայց ոչ ոք մոտ չէր եկել։ Իհարկե, սրանք սիրում էին նրան, իհարկե, իր ընկերներն էին, բայց գրողը տանի, ինչի՞ համար անխելք գործ բռնես, մանավանդ որ դրանից ոչ մի օգուտ չկա, ու դեռ շատ հնարավոր է՝ արածիդ դիմաց սեփական կյանքով հատուցես։ Էդ տղերքը ոչ մեկի էնպես սիրելիս չեն եղել, ոնց որ Դոմինիկն էր սիրում Վիկտորին։ Հարին նրանց եղբայրը չէր, բայց Հարին Դոմինիկի եղբայրն էր․ Հարին Վիկտոր Տոսկա էր։ Քիչ հետո Ջո Ֆոքսհոլը մտավ գրասենյակ ու հետաքրքրվեց, թե ինձ ինչ է պատահել։ Միտք չունեի իմացածս մեկնումեկին հայտնել, բայց Ջոյին պարզապես պարտավոր էի ասել, ախր էնպես էի տանջվում, դիմանալու բան չէր, դրա համար էլ Ջոյին նստեցրի ու ամեն ինչ պատմեցի։ Նա Դոմինիկին էլ, Հարի Քուքին էլ շատ լավ էր հիշում, բայց Վիկտորի, նրա մոր ու կնոջ վերաբերյալ ինչ որ պատմեցի, չգիտեր․ որտեղից իմանար, թե Վիկտորը ոնց էր ինձ համոզում, որ խոսք տամ մենակ սիրո մասին գրել, որովհետև հավատացած էր, թե ինքը մեռռնելու է։ Ջոն ասելիք չէր գտնում, բայց էնքան վատ զգաց Դոմինիկի ու մեզ՝ բոլորիս համար, որ աչքերն արցունքով լցվեցին։ Խոստացավ Վիկտորին ոչ մի բառ չասել Դոմինիկի մասին։ Ասաց՝ Վիկտորին հետև կվերցնի, մի տեղ զվարճանալու կտանի։ Ընթրիքից հետո գնացի Լեհական ակումբ՝ Ջիմ Քըրբիի հետ խմելու, բարի կանգնակի մոտ նստեցինք ու խմում էինք բաժակ բաժակի հետևից։ Քիչ հետո Ջիմը թե՝ ― Հարին ասում էր, որ ծանոթ տղերքի մասին կուզես տեղեկություններ իմանալ։ Մոտս ամեն ինչ գրել եմ։ Նա մի փոքրիկ, կաշեկազմ ծոցատետր հանեց ու շատ տղերքի անուն ազգանուններ կարդաց, որոնց մի թեթև ճանաչում էի․ բոլորն էլ լավ էին։ ― Նի՞քը ոնց է,― ասի։ ― Ազգանունն ի՞նչ է։ ― Քալի։ ― Քալի,― ասաց Ջիմը։― Նիք Քալի։ Ահա՛, սա է։ Նա սպանվել է։ Վա՛յ, գրողը տանի, ես ուրախ էի, որ մյուս տղերքը լավ են, բայց Նիքը, աստծու սիրուն, ինչի՞ համար էին նրան սպանել։ Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն,<refbr>Թե ինչ դըրախտ չըտանես, ասա՝ էլ ես ի՞նչ անեմ։</refbr>()Երկնքի դուռն են ցույց տալիս հըրեշտակները վերևից,<br>Էլ չեմ կարող դիմանալ այս աշխարհում տանջալից։ Նիքի երգը հիշելով, հո չտխրեցի՜, սիրտս էնպես ցավեց՝ երկար ժամանակ խոսելս չէր գալիս։ Ականջիս տակ անընդհատ նրա երգն էի լսում։ ― Ախր էդ ո՞նց է պատահել։ ― Դժբախտ դեպ,― ասաց Ջիմը։― Պարեկություն անելիս է եղել, մյուս ջոկատի տղերքը՝ հենց մերոնցից, վրան կրակել են։ ― Է՞լ ով է սպանվել։ Ջիմը երեք անուն, ազգանուն էլ կարդաց ու սրանց թվում՝ Վերնոն Հիգբիինը․ վա՛յ, անիծվե՜ք դուք, անիծվեք, անիծվեք, ախր Վերնոնն էր, որ ինձ հանձնեց կյանքումս ստացած առաջին նամակը՝ Սան Ֆրանցիսկոյի Յոթերորդ պողոտայի երիցական եկեղեցու քարոզչի գրածը։ Ուրեմն Վերնոնն է՞լ է սպանվել, աստվա՜ծ իմ։ Ջիմն ասաց՝ իր պես անվերջ շրջագայելիս, աչքիդ սովորական է դառնում, որ առավոտյան ծանոթանում ես շատ տղերքի հետ, իսկ երեկոյան տեսնում՝ արդեն սպանված են, բայց ես ասի․ ― Իմ աչքին դա երբեք սովորական չի դառնա։ Ինձ ավելի ու ավելի էի մեն֊մենակ զգում․ մտածեցի գնամ տուն՝ Ջիլի մոտ, որովհետև շուտով երկար ժամանակ նրան էլ չէի տեսնելու, միգուցե և ընդմիշջ։ Ջիմը հազար ու մի բան պատմեց պատերազմի մասին, ինչ որ պարզել էր ու հասկացել։ Ասաց, թե ինչքան է պատերազմն ատում՝ առաջվանից էլ շատ, ու ինչքան կատի մարդկանց, եթե պատմերազմից հետո ամեն ինչ չշտկեն։ Նա մի քիչ հարբած էր, տաքացած ու երդվում էր, թե մինչև կյանքի վերջը ամենքի երեսին էլ կասի, որ ստում են, եթե մեկնումեկը ստելիս լինի։ Պատմում էր հոսպիտալներում ինչ տղերք է տեսել․ իսկական մարդասպաններ, որ ատում էին բոլորին, ատում իրենց հարազատ մայրերին ու հայրերին, իրենց կանանց ու երեխաներին․ դրանք դեսանտային պարաշյուտիստներ էին եղել, դիվերսիոն֊հետախուզական ջոկատների մարտիկներ ու ամեն տեսակ շքանշաններով պարգևատրվածներ։ Պատերազմի համար նրանք շատ հարմար էին, բայց ուրիշ ոչ մի բանի էլ պիտանի չէին, իսկ պատերազմը շուտով կվերջանար, ու նրանց վիճակն ի՞նչ պիտի լիներ։ Ջիմն ատում էր պատերազմի հետ կապված ամեն, ամեն ինչ։ Ատում էր դերասան֊դերասանուհիներին, որ տեղից տեղ էին շրջում ու ջանում զվարճացնել զինվորներին, հեշտանքի գրգիռներ պարգևել ու սիրաշահելով՝ բթացնել տղերքին, որոնց ընկերներն արդեն սպանված էին, իսկ վաղը երևի հենց իրենց սպանվեին։ Նա ատում էր լրագրողներին, որ ճամարտակում էին, թե «մեր տղաները» մարտական առանձնակի հատկանիշներ ունեն, «մեր տղաները» գործն այսպես են բռնում, ոչ թե այնպես, աշխարհի լավագույն զինվորնեն են ու սիրում են կռվել։ «Իսկ ի՞նչ պիտի ասեն մեր այն տղաների մասին, ովքեր սպանված են ու էլ ոչինչ չեն կարող պատմել»․ այ, սա էր Ջիմն ուզում իմանալ։ Նա պայթում էր ատելությունից, բայց ինձ չէր թվում, թե էսպես բարուն նստելուց ու ամեն ինչ հայհոյելուց բացի, ընդունակ է և ավելի մեծ բանի։ Խաղաղ օվկիանոսից բերած նրա լուրերը ամենավատն էին երբևէ լսածներիս մեջ ու սրտովս չէին։ Քիչ֊քիչ ավելի էի տրտմությամբ ու ահով լցվում։ Դոմինիկ Տոսկան։ Նիք Քալին։ Վերնոն Հիգբին։ Գրողը տանի, նրանք բոլորն էլ մեռած էին, իսկ ո՞վ գիտի, թե ինչ է նշանակում մեռած լինել։ Գնացի տուն՝ Ջիլի մոտ, գրկեցի նրան ու լաց եղա, որովհետև չէի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում մեռած լինել․ մի բան գիտեի, որ ում էլ հանդիպել եմ կյանքում, չէի ցանկանա մեռներ, ում չեմ հանդիպել, նրան էլ չէի ցանկանա մեռներ ու ինչ խոսք, ինձ էլ։ ==Գլուխ յոթանասուներորդ=='''Սկսվում է ներխուժումը Եվրոպա''' Է՛հ, ապրիլն ու մայիսն էլ անցան, եկավ հունիսը, ջինջ, մեղմիկ օրեր էին, բայց մի առավոտ՝ շաբաթ օրը, հունիսի 3-ին, Ջո Ֆոքսհոլը, Վիկտոր Տոսկան, Դունկան Օլսոնն ու էլի երեք շարքային, հետներն էլ մի լեյտենանտ ու մի կապիտան, մեկնեցին, և բոլորը հասկացան՝ ներխուժումն ուր որ է կսկսվի։ Կապիտանին հարցրի, թե ի՛նձ ինչու չեն Վիկտորենց ջոկատը մտցրել, ախր ուզում էի նրա հետ լինել, բայց նա ասաց՝ շուտով մենք էլ իրենց կհետևենք։ Վիկտորենց ջոկատը հատուկ առաջադրանք էր ստացել։ Մեր գնալուն պես՝ նրանք Լոնդոն էին վերադդառնալու։ Հետո նորից էին մեկնելու, ու բոլորս պիտի իրար միանայինք, միասին էլ մնայինք, մինչև պատերազմը վերջանար Եվրոպայում։ Երեք օրից իմացանք, որ ներխուժումն սկսվել է։ Ամբողջ Լոնդոնը գիտեր դրա մասին, բայց ոչ աղմուկ կար, ոչ էլ իրարանցում։ Քաղաքը մի տեսակ շունչը պահել էր։ Բոլորն էլ ասես աղոթելիս լինեին, նույնիսկ փողոցի անցորդները։ Էդպես էր թվում, եբ նայում էիր նրանց դեմքերին ու տեսնում, թե ոնց է ամեն մարդ իր առօրյա գործերով զբաղվում։ Էս անտեր ներխուժումից ի՞նչ էր դուրս գալու։ Այ, սա էր հարցը։ էսքան երկարժբարակ նախապատրաստվելուց հետո մի բան դո՞ւրս էր գալու։ Էդ օրը շուտ վերադարձա տուն, Ջիլին վերցրի, գնացինք մի անգամ էլ փողոցներում շրջելու։ Սեյնթ Ջեյմսի պալատն անցանք, հասանք Գրի զբոսայգի, հետո էլ եկանք Փիքադիլի ու էստեղ կլարնետի ու բանջոյի զուգերգը լսեցինք․ «Խոտերի շրշյունն» էին ողբաձայն ծոր տալիս։ Ես մոտեցա երաժիշտներին, կես քրոն տվի ու խնդրեցի, որ ինձ համար «Վալենսիան» նվագեն, նրանք էլ նվագեցին։ Բայց չէի կարողանում թողնել հեռանալ, էլի էի ուզում լսել իմ երգը, ու քիչ հետո, երբ նրանք երկու ուրիշ երգ նվագեցին ու մի թաղամաս անցան, ես նրանց երկու կես քրոնանոց տվի ու խնդրեցի, որ երգս նորից նվագեն։ Երեք անգամ իրար վրա նվագեցին, հետո ես ու Ջիլը տուն եկանք, նստեցինք ու ի վիճակի չէինք գոնե մի բառ ասել, անընդհատ մտածում էի․ «Տեր աստված, տեսնես ի՞նչ եղան Վիկտորը, Ջոն, Օլսոնը։ Որտե՞ղ են հիմա»։ Մյուս օրը մեր հերթն էլ հասավ, ճանապարհ ընկանք, ու ես նույնիսկ չհասցրի Ջիլին մնաս բարով ասել։ Նրան զգուշացրել էի, որ միգուցե էդպես ստացվի, թող չանհանգստանա։ Ինձ ոչինչ էլ չի լինի։ Ուրեմն՝ գնացինք պատերազմ, բայց ի՞նչ է պատերազմը, գրողը տանի։ Ամեն բան նույնն էր, ու ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե մեզ ոնց չեն սպանում։ Կարծում էի՝ հենց որ դուրս գանք, պատերազմը միանգամից վրա կպրծնի, բայց բոլորովին էլ էդպես չէր։ Բեռնատարներ նստեցինք, հետո իջանք նավերից, նորից բեռնատարներ նստեցինք, հետո նորից իջանք բեռնատարներից, գնում էինք, գնում՝ կանգնում, ու ես անընդհատ սպասում էի, թե պատերազմը փոթորկի պես, երկնքից կպայթի գլխներիս ու մեզ հողմացրիվ կանի, բայց ոչ մի բան չեղավ։ Երբ ոտքներս դրիքն ֆրանսիական հողին ու գյուղամիջյան ճամփաներով առաջ շարժվեցինք, ամեն մարդ կարծում էր, թե հայրենիքում է, որովհետև գյուղը միշտ էլ գյուղի է նման, ուր էլ որ գտնվի։ Ֆրանսիան իմ աչքին ասես Կալիֆոռնիան լիներ։ Մեր զորամասում տղերք կային թե՛ Վիրջինիայից, թե Նեբրասկայից, թե՛ Լուզիանայից, թե՛ Օրեգոնից, ու ամեն մեկի կարծիքով՝ Ֆրանսիան իր հայրենիքն էր հիշեցնում։ Եվրոպան խաղաղ ու հաճելի էր թվում Ֆրանսիայի հյուսիսում։ Չորս կողմը թռչուններ էին ու բզեզներ, ծառ ու ծաղկի անուշ բուրմունք, ֆրանսիացի երեխեք ու աղջիկներ, պառավ կանայք ու ջահել տղերք, կովեր, ձիեր, շներ․ ամեն ինչ նույնն էր, ոնց որ մեզ մոտ, ոչ մի տարբերություն։ ― Բա ո՞ւր է պատերազմը,― հարցնում էին բոլորը։― Էս հո լավ ու լավ ենք։ Բա ո՞ւր է պատերազմը։ Դե, երևի ճամփի վրա էր՝ մի տեղ։ Ու մահն էլ էր էնտեղ։ Ճամփի վրա էսպիսի մի տեղ էր, ուր մենք էինք, բայց պատերազմն էր էնտեղ, իսկ մենք էնտեղ չէինք։ Մի գյուղ անցանք, հետո ուրիշը, հետո մի սիրուն, փոքր քաղաք, բայց բոլորն ամենուրեք ապրելու հագսն էին քաշում։ Ոչ ոք մեռնելու հոգսը չէր քաշում։ Հաջորդ օրն էլ էր նույնը, չհաշված, որ թշնամու մի քանի սպանված զինվոր նկարահանեցինք, մի քանի գերի ու մի քանի տեսարան՝ քաղաքից։ Բեռնատարներով սլացող կամ փողոցներով քայլող զորքը նկարեցինք, տուն դարձող մարդկանց, մի խոսքով, էն ամենը, ինչ որ հետաքրքիր էր թվում ու արժեր կինոյում ցույց տալ։ Մյուս իրիկուն ավելի մոտեցանք պատերազմին։ Սկսեցինք խրամատավորվել, որ գիշերը, պետք եղած դեպքում, կրակից պաշտպանվենք, ու վերջապես պատերազմը եկավ, մեզ էլ հասավ։ Բոլորս փռվեցինք գետնին ու սպասում էինք ամենավատ բանին, բայց դա ընդամենը մի արկ էր, մի մեծ արկ, որ ահագին հեռվից, շաչ ու շառաչով գալիս էր մեզ վրա։ Ահից քարացանք։ Երկար ժամանակ սիրտ չէինք անում վեր կենալ կանաչների և կեղտ ու փոշու միջից։ Նայում էի կանաչին ու խոտի ցողուններ ծամում։ Արկը դիպավ մեր հետևի բլրալանջին, ու հողը ցաքուցրիվ դեսուդեն թռավ, բայց ոչ ոք չնվասվեց․ այ, հիմա որ արդեն պատերազմում էինք։ Հաստատ պատերազմում էինք․ արկը մեր մոտերքում պայթեց, բայց Լոնդոնի ռմբակոծությունից սարսափելի չէր, պարզպաես բաց երկնքի տակ էինք։ Հետո բոլորիս սիրտն էլ տեղն ընկավ, դե, պատերազմի համը քիչ թե շատ տեսանք՝ իմացանք ինչ է ու առայժմ լավ պրծանք, բոլորս՝ մեկ առ մեկ․ ոչ ոք նույնիկս մի թեթև չվիրավորվեց, բայց անցած֊դարձածը դուրներս չեկավ ամենքս էլ պատկերացնում էինք, թե ինչ կլիներ, եթե հովտի փոխարեն բլրալանջին լինեինք․ է՛հ, ուրեմն մեզնից մի քանիսը պիտի վիրավորվեին, մի քանիսն էլ սպանվեին։ Խրամատները փորեցինք վերջացրինք․ մտնել֊դուրս գալու վարժություններ արինք ու ստուգեցիքն, թե ինչքանով են հարմար, արդեն գիշեր դարձավ։ Մեր ճակատային օրաբաժնից ինչ որ հասնում էր՝ կերել էինք, ուտելիքը շատ համով էր թվում, ախր ուշ֊ուշ էինք ուտում ու կարգին սովածանում, բայց տնական ճաշերի հետ սա չէր համեմատվի, ուտելու բան չէր։ Գիտականորեն հաշվարկված, կալորիական սնունդ էր, ուրիշ ոչինչ։ Ճամփին ոչ մի ծանոթ մեզ չէր հանդիպում, չնայած ինչքան ասես տարբեր ջոկատներ տեսանք։ Ինձ հույս էի տալիս, թե Վիկտորը, Ջոն ու Օլսոնը լավ են, քանի որ մենք էլ վատ օրի չէինք, բայց մյուս իրիկուն արդեն օրներս օր չէր։ Մերոնց ինքնաթիռները վրա տվին, որ թծնամուն ռմբակոծեն, բայց թունդ գործի կպած՝ ռումբերը մեր գլխին թափեցին։ Էլի փռվեցինք գետնին,― էդ իրիկուն դեռ խրամատներ չունեինք,― ուղղակի հող ու կեղտի և սպասում էինք։ Մի սարսափելի դղրդոց էր ընկել, հետն էլ ի՜նչ շիլաշփոթ, չնայած հավատս չէր գալիս, թե ես կամ ինձ պես մեկը էս ապուշության երեսից կարող է սպանվել, բայց սխալվում էի։ Մեզնից քիչ հեռու, կողքի ջոկատում, տղերքից երկուսը սպանվել էին, հինգն էլ՝ վիրավորվել։ Նրանց չէի ճանաչում ու մեր ջոկատի մի քանի տղերքի նման չգնացի տեսնելու, որովհետև չեմ սիրում նայել, երբ մարդ ահավոր տանջանքների մեջ է կամ արդեն մեռնում է, ու մոտը ոչ ոք չկա, որի հետ ուզենա խոսել։ Բայց ախր սա ամեն քայլափոխի էլ կարող է պատահել։ Մեկ էլ տեսար՝ սպասածիդ պես չեղավավ, մեկ էլ տեսար՝ մի ապուշ անակնկալ մեջ ընկավ, ախր սա կարող է էնքան հեշտ ու հանգիստ պատահել՝ էլ չասած։ Պատերազմում շատ մարդիկ են մեռնում անընդհատ կատարվող ինչ֊որ բաներից․ ամեն տեսակ պատահականություններից, ամեն տեսակ սխալներից, ամեն տեսակ դժբախտ դեպքերից, հենց հիմարության երեսից։ Մեր մեկնելուց ի վեր, ինչ պատմություն ասես չիէնք լսել։ Գյուղամիջյան ճամփաները լիքն էին անտեղի տուժած տղերքով։ Առաջին ափհանումների ընթացքում ալիքը շատերին սրբել տարել էր տախտակամածից, ու նրանք խեղդվել էին։ Կարճլիկ տղերքից քանի֊քանի հոգի, ափ հանող նավակներից իջնելիս, իրենց եղած֊չեղախծով սուզվեցին ջրի մեջ ու էլ դուրս չեկան, նրանց փրկելու ժամանակ չկար, բոլորն իրար հետևից թռչում էին ջուրը՝ հույս ունենալով, թե էնքան խորը չի լինի, որ խեղդվեն։ Շտապել էր պետք, դու էլ շտապում էիր, և քեզ երազ եկած ամենատանջալի ու ահավոր բաներն էլ սրանց համեմատ դատարկ ու փուչ էին թվում։ Պիտի անընդհատ շտապեիր, որ քիչ հետո ոտքդ Եվրոպա դնեիր։
==Ծանոթագրություններ==
<references>