Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 26 737 բայտ, 06:08, 7 Մարտի 2017
/* Ոսկե նետը */
== Ոսկե նետը ==
 
Շատ դարեր առաջ Վարդհա քաղաքի հռչակավոր տիրակալ Վիրը հարյուր կին ուներ, մեկը մեկից գեղեցիկ։ Բայց բոլորից գեղեցիկն ու սիրելին Գունավարան էր։ Բոլոր իննսունինը թագուհիներն էլ հերթով որդիներ ունեցան... բայց երբ ծնվեց Գունավարայի որդին, թագավորի ուրախությանը չափ չկար։ Եվ արքան իր սիրելի փոքրիկ արքայազնին Սրինգա անունը տվեց։ Տղան մեծանում էր իր իննսունինը եղբայրների հետ։ Նա գեղեցիկ էր, ինչպես սիրո աստվածը, ուժեղ, ինչպես Բհիման, և խելացի, ինչպես աղեղնավոր Արջունան։ Սրինգայի այդ արժանիքները շարժեցին մյուս թագուհիների նախանձը։ Բանն այն էր, որ նրանք նախանձում էին նաև տղայի մորը՝ Գունավարային, որովհետև նա էր թագավորի սիրեցյալը։
 
Եվ ահա մի օր կանանցից մեկը, որ շատ չար էր ու նախանձ, ասաց մյուսներին.
 
— Եկեք Գունավարայի գլխին խաղ խաղանք, հարկավոր է նրանից ազատվել։ Քանի նա կա, թագավորը մեզ չի նկատի։
 
— Իսկ եթե մեր տերն իմանա,— հարցրին մյուսները, վախենալով թագավորի զայրույթից։
 
— Մի անհանգստացեք,— ասաց չար կինը։— Միայն լսեք ինձ և արեք այն, ինչ որ կասեմ։
 
Եվ մի օր, Գունավարայի բացակայությամբ, չար կինը ասաց թագավորին.
 
— Ամուսինս, ինչու ես այդքան բարյացակամ Գունավարայի հանդեպ։ Նա քո մասին ինչեր ասես, որ չի պատմում քո զորապետին ու կանանց։ Եվ նրանք վատ բաներ են մտածում իրենց տիրակալի մասին։ Դա խայտառակություն է։ Չարաչար սխալված ես դու, ես այլևս դրան դիմանալ չեմ կարող։
 
Չար կինը ուրիշ բաներ էլ ասաց թագավորին։ Թագավորը խիստ անհանգստացավ։ Իսկ եթե ճիշտ է։ Նա չէր ուզում հավատալ և որոշեց ստուգել։ Գաղտնի հարցուփորձ արեց բոլոր կանանց, որոնք հաստատեցին նրա լսածը։
 
— Այո, այդպես է։ Գունավարան լավ թագուհի չէ։ Նա ատում է քեզ։
 
Դժբախտ թագավորը կանչեց զորապետին և ասաց.
 
— Սուրաք, ես որոշել եմ պատերազմ հայտարարել հարևան թագավորին։ Լուրեր են պտրտվում, որ նա ուզում է կործանել ինձ։ Անմիջապես պատրաստվիր արշավանքի։ Ես քեզ կմիանամ ավելի ուշ ու կվարեմ գլխավոր ճակատամարտը։
 
Չկարողանալով հակաճառել թագավորին՝ Սուրաքը գնաց նախապատրաստելու զորքը։
 
«Ես ճիշտ վարվեցի,— մտածում էր Վիր արքան։— Երեք տարի հեռվում մնալով՝ զորապետը չի լսի Գունավարայի հերյուրանքներն իմ մասին, իսկ լսածներն էլ կմոռանա։ Բացի դրանից, ես կնվաճեմ դավադիր հարևանիս հողերը»։
 
Ապա թագավորը ծանր սրտով գնաց իր թանկագին Գունավարայի մոտ և ասաց.
 
— Իմ սիրելի թագուհի, մեծ մոգն ասաց, որ քեզ երեք տարի պետք է փակեմ զնդանում, հակառակ դեպքում կկորցնեմ թագավորությունս։ Ես շատ վշտացած եմ, որովհետև չէի ցանկանա քեզ հետ այդպես վարվել։
 
Բայց բարի թագուհին չթողեց, որ թագավորը շարունակի։ Նա վեր թռավ գահավորակից, ծնկի իջավ թագավորի առաջ և ասաց հեկեկալով.
 
— Իմ լավ ամուսին, զնդանն ինձ երկնային դրախտ կթվա, եթե հանուն քեզ պիտի փակվեմ այնտեղ։ խնդրում եմ, աղաչում եմ, մի վշտանա։ Ես հոժարակամ կգնամ զնդան։
 
Զնդանը պատրաստվեց հատուկ խնամքով, ամեն հարմարություն կար թագուհու հանգստի համար, քանի որ, չնայած բոլոր չար լուրերին, թագավորը նույն ջերմ սիրով էր սիրում Գունավարային։
 
Եվ այսպես, խեղճ թագուհուն երեք տարով փակեցին զնդանում։ Թագավորը թեպետ շատ տխրեց, բայց կարծում էր, որ լավը դա էր։
 
«Հիմա ոչ ոք ստեր չի լսի իմ մասին։ Գունավարան փակված է, իսկ բանակս հեռու է։ Շուտով ես էլ կմիանամ զորքին»,— տխուր մտածում էր նա։
 
Կանայք բավարարված էին. վերջապես ազատվեցին Գունավարայից։ Բայց նրանք չգիտեին թագավորի հեռանալու մասին։
 
<center>* * *</center>
 
Չար հոգիները երբեք չեն հանգստանում։ Եվ իննսունինը կին նորից սկսեցին դավեր նյութել։
 
— Հարկավոր է հիմա էլ Սրինգային հեռացնել, թագավորը շատ-շատ է սիրում նրան,— վճռեց չար կինը։
 
Ապա նա կանչեց իր որդուն և ասաց.
 
— Որդիս, եղբայրներիդ հետ Սրինգայից ազատվելու մի հնար պիտի գտնես։ Չէ՞ որ դու կարող է մի օր թագավոր դառնաս։
 
Նախանձի սերմը այսպես գցելով ջահել արքայազնի սիրտը նա սպասեց, թե ինչ կլինի հետո։
 
Մի օր, երբ թագավորի որդիները զինավարժությամբ էին տարված, մի մեծ թռչուն անցավ պալատի վրայով։ Մոտակա ծառի տակ նստած ծերունին ասաց.
 
— Քաջ արքայազներ, դա թռչուն չէ, դա ռաքշաս է։ Նետահարեք նրան, թե չէ նա կկործանի ձեր հոր թագավորությունը։
 
Այդ խոսքի վրա բոլոր արքայազները նշան բռնեցին։ Իննսունինը նետեր ճեղքեցին օդը, բայց ոչ մեկը նպատակին չհասավ։ Այն ժամանակ չար թագուհու որդին հիշեց մոր ասածը և դիմեց Սրինգային.
 
— Եղբայր, փորձիր բախտդ, չէ՞ որ դու հրաշալի նշանառու ես։ Ինչո՞ւ մեզ հետ նշան չբռնեցիր։ Դե, փորձիր բախտդ։
 
Նա ադամանդե ծայրով մի ոսկե նետ տվեց Սրինգային։ Տղան նշան բռնեց և նետահարեց թռչունին։ Վիրավոր թռչունը, նետը սրտում, շարունակեց թռչել։ Արյան խոշոր կաթիլներ էին ընկնում գետնին, բայց ռաքշաս թռչունը դեռ կենդանի էր ու թռչում էր քաղաքից հեռու։
 
— Ափսոս, ափսոս,— ասաց չար կնոջ որդին։— Հայր թագավորը շատ կբարկանա, որ թշնամին տարավ իր նետը։ Ինչ գնով էլ լինի, դու պետք է նետը հետ բերես, թանկագին եղբայր։
 
— Հուզմունքից չնկատեցի, որ դա հայրիկի նետն էր... Բայց ոչինչ, անպայման հետ կբերեմ, մի անհանգստացեք,— ասաց Սրինգան։
 
Եվ հենց նույն օրն էլ նա ճանապարհ ընկավ գետնին թափված արյան հետքերով։ Մյուս որդիները վերադարձան իրենց մայրերի մոտ և հրճվանքով պատմեցին, թե ինչպես Սրինգային ծուղակը գցեցին։ Հիմա արդեն թագավորի երկու սիրեցյալներն էլ հեռու են, ուրախացած մտածում էին նրանք։
 
<center>* * *</center>
 
Հոգնած ու տանջված Սրինգան շարունակում էր թռչունի ու ոսկե նետի որոնումները։ Վերջապես հեռավոր մի անտառի հասավ։ Անտառում երկար թափառելուց հետո նա հանկարծ հայտնվեց մի հրաշալի քաղաքի դարպասների մոտ։
 
Սրինգան նստեց ծառի տակ ու սկսեց մտածել, թե ինչ է անելու հետո։ Ու հանկարծ մի գեղեցիկ օրիորդ տեսավ, որը իր կողմն էր գալիս։ Աղջիկն այնքան չքնաղ էր, որ ասես ինքը՝ գեղեցկության աստվածուհին լիներ։ Նա երկչոտ մոտեցավ տղային։ Սրինգան ոտքի կանգնեց ու հարցրեց.
 
— Ի՞նչ քաղաք է սա, ո՞ւմ է պատկանում։ Եվ ասա ինձ, խնդրում եմ, ո՞վ ես դու, ի՞նչ գործ ունես այստեղ։
 
Գեղեցկուհին ժպտաց և պատասխանեց.
 
— Ես Ռուփան եմ, իսկ սա Դհումա քաղաքն է, որ պատկանում է հզոր ռաքշասին՝ իմ հորը։
 
Նա երբեմն թռչունի կերպարանք է ստանում։ Ես դեռ հեռվից տեսա քեզ և եկել եմ ողջունելու։ Դե, հիմա էլ դու պատմիր քո մասին։
 
Սրինգան պատմեց, ինչ եղել էր։ Երբ վերջացրեց, արքայադուստրն ասաց.
 
— Ուրեմն դու ամենալավ նետաձիգն ես, եթե կարողացել ես նետահարել հորս։ Ոչինչ, արքունական հմուտ բժիշկները մեկ օրում դարմանեցին նրա վերքերը։ Իսկ ոսկե նետը հայրս ինձ է նվիրել։ Հիանալի խաղալիք է։ Բայց ավելի լավ է արի, քեզ նրա մոտ տանեմ։ Նա քեզ կնդունի, որովհետև ես հավանեցի քեզ։
 
Սրինգան համաձայնեց, քանի որ հենց առաջին հայացքից սիրահարվել էր գեղեցկուհուն։ Երբ նրանք պալատ հասան, Ռուփան նախ ինքը մտավ հոր հարկաբաժինը։
 
— Հայրիկ, ես պիտի քեզ մոտ բերեմ մի հրաշալի արքայազնի։ Անունը Սրինգա է, և նրա նմանը չկա աշխարհում։ Եթե ինձ թույլ չտաս նրա հետ ամուսնանալ, ես վշտից կմեռնեմ։
 
— Ինձ մոտ բեր քո այդ հրաշալի արքայազնին, դստրիկս, բեր, տեսնեմ արդյոք նա արժանի՞ է քո ազնիվ հոգուն,— ասաց ռաքշսաը։
 
Ռուփան ներս կանչեց արքայազնին։
 
«Նախքան աղջկաս հետ ամուսնանալը ես պետք է փորձեմ այս ջահել շնիկին»,— մտածեց ռաքշասը, բայց, իհարկե, Սրինգային ոչինչ չասաց։
 
Նա ջերմորեն ողջունեց տղային, ծառաներին պատվիրեց արքայազնին վայել վերաբերմունք ցույց տալ նրան։
 
Երեկոյան Ռուփան թաքուն եկավ Սրինգայի մոտ և ասաց.
 
— Լսիր ինձ, Սրինգա, սիրելիս։ Հայրս այնքան էլ խելոք չէ, որքան ցույց է տալիս։ Նա ավելի էվ շատ խոսում է, քան մտածում։ Համենայն դեպս, նա մի բան է որոշել... Ես հարյուր քույր ունեմ ու բոլորս էլ անչափ նման ենք իրար։ Նա կպահանջի, որ դու գտնես ինձ նրանց մեջ։ Դա այնքսծ էլ հեշտ բան չէ, որովհետև բոլորս էլ միանման հագուստով պիտի լինենք։ Բայց մի՛ վախեցիր։ Ես էլ ուրիշ բան եմ մտածել. գլխաշոր կկապեմ գլխիս, լավ հիշիր։
 
Եվ Ռուփան անձայն դուրս սահեց արքայազնի սենյակից, ինչպես որ հայտնվել էր։ Հաջորդ առավոտյան կանչեցին բոլոր արքայադուստրերին։ Ի՜նչ ճոխ զգեստներ էին հագել նրանք, ի՜նչ գեղեցիկ... Ճիշտ այնպես, ինչպես Ռուփան էր պատմել։ Ապա եկավ ռաքշասը. և բարձր գոռաց.
 
— Հո՛, հո՛, քաջ արքայազն, գտիր Ռուփային, թե որ կարող ես, ու վայրի ծաղիկներից հյուսած այս պսակը անցկացրու նրա պարանոցին։
 
Սրինգան դանդաղ մի արքայադստրից մյուսին էր անցնում՝ փնտրելով Ռուփային։ Ռուփան կանգնած էր անտարբեր, թաքցնելով հուզմունքը։ Արքայազնը իսկույն նրա պարանոցին անցկացրեց ծաղկապսակը, միաժամանակ, զգուշորեն գլխից իջեցնելով գլխաշորը, որպեսզի գաղտնիքը չբացվի։ Եվ ոչ ոք չնկատեց... Ռաքշասը շատ զարմացավ։ Նա թեև խիստ բարկացավ, բայց, աշխատելով ցույց չտալ, կանչեց արքայազնին ու ասաց.
 
— Ահա քեզ մի լիքը պարկ սերմ։ Դու պետք է սա ցանես մինչև արևի մայր մտնելը։
 
Հուսահատված Սրինգան գնաց Ռուփայի մոտ։
 
— Սիրելիս, ես կօգնեմ քեզ իմ կախարդանքով,— ասաց աղջիկը։— Մի վախենա, հույսդ ինձ վրա դիր։
 
Եվ այդպես էլ եղավ։ Արևամուտից մեկ ժամ առաջ գործն արդեն ավարտված էր։ Սրինգան գնաց թագավորի մոտ ու ասաց.
 
— Հրամանդ կատարված է։ Արևը դեռ մայր չի մտել, իսկ սերմն արդեն ցանված է։ Կարող ես ստուգել։
 
Ամբողջ գիշեր ռաքշասը զայրացած փնթփնթում էր ինքն իրեն. «Խելոք է անպիտանը։ Ամեն ինչ հեշտությամբ է անում։ Չլինի՞ աստված է։ Ոչինչ, այս անգամ ես նրան կբռնացնեմ»։ Հաջորդ առավոտյան, համոզված, որ վերջապես կազատվի Սրինգայից, ռաքշասը ուրախ-ուրախ դիմեց նրան.
 
— Արի, որդիս, արի։ Տես, ինչ պայծառ օր է։ Հա՛, հա՛, հա՛։ Քեզ համար հաճելի հանձնարարություն ունեմ այսօր։ Կգնաս Շիվայի տաճարը, որտեղ իմ եղբայրն է ապրում, և բարձրաձայն կասես. «Դհումասամա, ես եկել եմ եղբորդ կողմից քեզ հրավիրելու նրա դստեր հարսանիքին։ Մեծապատիվ ազնվականներիդ հետ խնդրում եմ գաս և պատվես խնջույքը»։ Եվ ինձ կբերես նրա պատասխանը։
 
— Կկատարվի, տեր արքա,— ասաց Սրինգան։
 
Նա, իհարկե, հասկացավ, որ հանձնարարությունն այնքան էլ հաճելի չէր, որքան խորա մանկ ռաքշասը ներկայացրեց։ Սրինգան չէր կասկածում, որ նախորդ երկուսից դժվար էր լինելու։ Եվ այսպես, Սրինգան ու Ռուփան մեկ անգամ ևս գաղտնի հանդիպեցին՝ քննարկելու իրենց անելիքը։
 
Բարի արքայադուստրը Սրինգային մի բուռ հող տվեց, մի աման ջուր, փշոտ մի ճյուղ և մի փոքրիկ կրակ, որ առկայծում էր արկղիկի մեջ։
 
— Ուշադիր լսիր ինձ և արա, ինչ որ կասեմ։ Կհեծնես իմ ձին, կգնաս Շիվայի տաճարը, կասես, ինչ հայրս պատվիրել է, ու անմիջապես հետ կսլանաս։ Ոչ մի վայրկյան չհապաղես։ Ձին արագ քշիր և շուտ-շուտ հետ նայիր, որովհետև հորեղբայր Դհումսաաման կհետապնդի քեզ և կփորձի սպանել։ Նախ կնետես հողը, ապա հերթով մյուսները, և կտեսնես իմ կախարդանքի ուժը։ Հաջողություն քեզ։
 
Սրինգան ճանապարհ ընկավ և շուտով հասավ տաճարին։ Հայտնեց հրավերի մասին ու անմիջապես հետ սլացավ, ինչպես Ռուփան էր զգուշացրել։ Քիչ անց, երբ նա հետ նայես, տեսավ իրեն հետապնդող Դհումասամային՝ մի աժդահա, ձի հեծած։ Նա ավելի հսկայամարմին էր ու սոսկալի, քան եղբայրը։ Արքայազնը արագ նրա առաջ նետեց Ռուփայի տված հողը։ Եվ ով զարմանք, հողը լեռ դարձավ։ Սրինգան շարունակես ճանապարհը և քիչ անց նորից հետ նայեց ու կրկին տեսավ Դհումասամային, որը անցել էր լեռը ու մեծ արագությամբ հետապնդում էր իրեն։ Այս անգամ արքայազնը նետեց ջրով լի ամանը։ Ջուրը անմիջապես մի լիճ դարձավ։ Ուրախ երգելով, վստահ, որ Ռուփայի կախարդանքը կպաշտպանի իրեն, Սրինգան շարունակեց ճանապարհը դեպի Դհումա։ Բայց սարսափազդու Դհումաստման կտրել անցել էր լիճը և արագորեն մոտենում էր։ Արքայազնը նետեց նաև փշոտ ճյուղը, որն իսկույն վերածվեց խիտ ջունգլիի։ Իսկ երբ որոշ ժամանակ անց նորից տեսավ իրեն հետապնդողին, նետեց արկղիկի կրակը, որից այնպիսի հրդեհ բռնկվեց, որ ոչինյ չէր երևում։ Դհումասաման շատ էր վախենում կրակից և, շրջելով ձիու գլուխը, կատաղի ոռնոցով հետ սլացավ դեպի մութ անտառներում գտնվող իր ամրոցը։
 
Հոգնած, բայց երջանիկ Սրինգան ուշ երեկոյան հասավ Դհումա քաղաքը։
 
— Ահա և ես,— ասաց նա արքային։
 
— Ի՞նչ։ Ինչպե՞ս։ Մի՞թե այդ դու ես։ Մի՞թե Դհումասաման չհետապնդեց քեզ։ Չե՞ս խաբում, գնացե՞լ ես։ Դե, նկարագրիր տաճարը, եթե, իրոք, եղել ես այնտեղ։
 
— Տաճարի մի կողմում Շիվայի պատկերն է Փարվաթի հետ, մյուս կողմում Գենեշան, իսկ...
 
— Բավական է, բավական է,— կտրեց ռաքշասը։— Դու արժանի ես իմ դստերը, հիմա արդեն կարող եք ամուսնանալ։ Վաղը կպատրաստվենք հարսանիքի։
 
Բայց Ռուփան, որ լավ էր ճանաչում հորը, ասաց Սրինգային.
 
— Արի փախչենք մինչև լուսաբաց, թե չէ հայրս նոր դավեր կնյութի։
 
Նրանք հեծան Ռուփայի արագավազ ձին և ձևացրին, թե գնում Են անտառ զբոսանքի։ Ապա ճանապարհը թեքեցին դեպի Վարդհա։ Երբ արդեն բավականաչափ հեռացել էին, ուժգին դղրդոց լսեցին։
 
— Դա հորս կառքի ձայնն է։ Նա երևի նկատել է մեր փախուստը և հետապնդում է մեզ։ Մի՛ վախենա, դու թաքնվիր այստեղ, ես մի բան կմտածեմ։
 
Սրինգան ձին պահեց մի մեծ թփի հետևում։ Թփուտում մի աղքատ փայտահատ փայտ էր ջարդում։ Ռուփան մոտեցավ նրան ու ասաց.
 
— Բարի մարդ, խնդրում եմ, տուր ինձ քո կացինը և ոչինչ մի հարցրու։
 
Ռուփան հանկարծ տղամարդու կերպարանք առավ ու սկսեց փայտ ջարդել։ Հոգնած փայտահատը ուրախ-ուրախ հավաքում էր ջարդված փայտերը։
 
Շուտով հայտնվեց ռաքշասի կառքը։
 
— Հո՛, հո՛, մի ձիու վրա նստած տղամարդ ու կին չանցա՞ն այստեղով,— հարցրեց նա։
 
— Ես զբաղված էի գերան կտրելով Դհումայի մեծ թագավորի հուղարկավորության համար, որը սպանվել է ճակատամարտում։ Տեր իմ, ես այնպես վշտացած եմ, որ ոչինչ չեմ նկատել,— տխուր ասաց ծպտված Ռուփան։
 
Լսելով այս խոսքերը հիմար ռաքշասն ասաց.
 
— Ի՞նչ, ի՞նչ։ Մեռա՞ծ է, մեռա՞ծ է։ Դու ասացիր մեռա՞ծ է։ Պետք է շտապ հետ դառնալ ու հարցնել պալատականներին....
 
Եվ, շրջելով կառքը, դղրդոցով հետ սլացավ։ Հասնելով պալատ նա որոտաց.
 
— Ուրեմն ես մեռա՞ծ եմ։ Ասացեք, ես սպանվե՞լ եմ մարտում։ Բոլորն այդ մասին են խոսում, բոլորն իմ թաղմանն են պատրաստվում։
 
— Ոչ, վսեմագույն արքա, դու չես մեռել։ Ո՞վ է այդպիսի բան ասում։
 
Եվ պալատականները սկսեցին ծիծաղել իրենց հիմար թագավորի վրա։ Մի՞թե կարող է մարդ այդքան անխելք լինել, որ չիմանա՝ ինքը մեռա՞ծ է, թե ոչ։
 
Ռաքշասը ամաչեց իր ծիծաղելի վիճակից և ասաց.
 
— Վերջ, ես մոռանալու եմ աղջկաս։ Թող գնա։ Նա անշնորհակալ գտնվեց, այլևս չեմ մտածի նրա մասին։
 
Իսկ Սրինգան ու Ռուփան շարունակեցին իրենց ճանապարհը խաղաղությամբ, ծիծաղելով հիմար ռաքշասի վրա և հիշելով նրա գլխին սարքած խաղը։
 
<center>* * *</center>
 
Երեք տարուց քիչ ավելի ժամանակ էր անցել, ինչ Սրինգան հեռացել էր հայրական՝ տնից փնտրելու ոսկե նետը։ Այդ ընթացքում Վիր արքան պատերազմից վերադարձել էր հաղթանակած և, Սրինգային պալատում չգտնելով, մեծ վիշտ էր ապրում։ Որդիները խաբել էին նրան, որ իբր թե Սրինգան գնացել է ուխտի, այնինչ, իրենք էին ուղարկել նրան ոսկե նետի հետևից, հույս ունենալով, որ էլ երբեք չի վերադառնա։ Մինչդեռ թագավորը շատ էր ուզում տեսնել իր սիրեցյալ որդուն և, իհարկե, Գունավարային։
 
Եվ այսպես, մի օր, երբ քաղաքի պահապանները հայտնեցին, որ Սրինգան վերադառնում է մի ազնվազարմ օրիորդի հետ, թագավորը չկարողացավ ուրախությունը զսպել։ Նա հրամայեց մեծ շուքով դիմավորել որդուն։
 
Սրինգան և Ռուփան մտան Վարդհա քաղաքը՝ փողերի ու թմբուկների հնչյունների ներքո, ցնծացող ժողովրդով շրջապատված։ Արքան և ամթողջ թագավորական ընտանիքը նրանց սպասում էին պալատում։ Դավադիրները դողում էին վախից։ Արքայազնը ծնկի իջավ հոր առաջ և նրան տվեց ոսկե նետը։ Ապա պատմեց իր զարմանալի արկածների մասին։ Եվ մինչ պատմում էր, արքան հասկացավ ինչն ինչոց է, և թե ինքը որքան անարդարացի է վարվել իր սիրելի թագուհու՝ Գունավարայի հետ։
 
Նա հրամայեց անմիջապես իր մոտ թերել Գունավսւրային։ Թագուհին եկավ շքեղ հագնված և էլ ավելի գեղեցկացած։ Ի՜նչ երջանիկ էր նա, որ նորից տեսնում էր պաշտելի ամուսնուն ու որդուն։
 
Վիր արքան իր մոտ կանչեց նաև չար կնոջը, որը վախից ամեն ինչ խոստովանեց։ Արքան հրամայեց նրան և մյուս բոլոր կանանց գցել նույն զնդանը, որտեղ Գունավարան էր մնացել երկար ժամանակ։ Իսկ իննսունինը արքայազներին վճռեց ընդմիշտ վտարել թագավորությունից։
 
Բայց բարեսիրտ Գունավարան խնդրեց ամուսնուն՝ ներել նրանց։ Սրինգան էլ իր հերթին խնդրեց՝ խնայել արքայազներին։ Թագավորն, իհարկե, կատարեց իր սիրելիների խնդրանքը, բայց այդ օրվանից ուշադրության չարժանացրեց դավադիր կանանց ու նրանց որդիներին, որոնք, սակայն, երախտագիտության զգացումից, բարի ու մարդասեր դարձան։ Հաջորդ օրը Վիր արքան հայտարարեց, որ իր մահից հետո թագը ժառանգելու է Սրինգան։ Այսպիսով, հենց իր հարսանիքի օրը Սրինգան թագաժառանգ դարձավ։ Եվ ինչ հրաշալի քեֆ ու ուրախություն եղավ երկրով մեկ։
== Փորձություն ==
9
edits