Մերին առաջինն անցավ կամրջակով՝ իր հետևից տանելով պոնիին. նրա հետևից իջան մնացածները։ Նա անշտապ հետ հրվեց երկար ձողով, և լաստանավի ու նավամատույցի արանքով սահեցին Բրենդիդուիմի հզոր, դանդաղահոս ջրերը։ Արևելյան ափը զառիվայր էր. նավամատույցից սկիզբ էր առնում լապտերների առկայծող շղթայով ուրվագծվող ոլոր-մոլոր ճանապարհը, որը բարձրանում էր Բրենդիդուիմյան Թեք բլուրը։ Բլրի վրա մառախուղի մեջ իրար աչքով էին անում կարմիր ու դեղին կրակները։ Այդ Բրենդիաշենի՝ Բրենդիբաքերի հինավուրց կալվածքի լույսերն էին:
Շատ վաղուց Գորհենդադ Ծերունբաքը՝ Ծերունբաքերի (որը Հոբիթստանի ամենահին տոհմերից է) տոհմավագը, որոշեց անցնել գետի մյուս ափը և այնտեղ հիմնավորվել՝ մինչև այդ պահը գետը համարվում էր Հոբիթստանի արևելյան սահմանը: Նա կառուցեց Բրենդիաշենը (ավելի ճիշտ փորեց), փոխեց տոհմանունը, իրեն հռչակեց Բրենդիբաք ու դարձավ այդ փոքրիկ և Հոբիթստանից համարյա անկախ մարզի տեր ու տիրականը: Նրա տոհմն աճում ու աճում էր ինչպես նրա օրոք, այնպես էլ նրանից հետո, և տարիների ընթացքում բլրի մեջ ազատ տարածք չմնաց: Երբ բլրի հնարավորությունները վերջացան, Բրենդիբաքերն սկսեցին մոտակա՝ Նապաստակի բլուրների վրա բույներ, ապա նաև տներ կառուցել: Այդպես սկսվեց Բրենդիդուիմքի՝ գետի և Հավերժական Զառամյալ Անտառի միջև ընկած տարածքի պատմությունը։ Այստեղի գլխավոր գյուղը, որը հիմնվել էր Բրենդիաշենի հետևի բլուրների վրա, կոչվում էր Բաքմորի։
Ամբարների բնակիչները բարեկամություն էին անում Բրենդիբաքերի հետ, և չկար մեկը ով չընդուներ Բրենդիդուիմքի կառավարչի իշխանությունը: Սակայն հին ու բարի Հոբիթստանի բնակիչները Բրենդիբաքերին տարօրինակ ու գրեթե օտարերկրացի էին համարում, չնայած վերջիններս ոչնչով չէին տարբերվում չորս նահանգների ժողովրդից: Բացառությամբ, թերևս, մի սովորության. գետափնյա հոբիթները սիրում էին նավակներով զբոսնել գետում, իսկ ոմանք նույնիսկ լողալ գիտեին:
― Թող գուշակի իր համար, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Ճիշտը հո չգիտի։
― Հաստատ ասել չես կարող, ― առարկեց Մերին։ ― Տեսա՜ծ ծերուկ է, նրա գլխում ավելի շատ կա, քան լեզվի վրա։ Ասում են, ժամանակին Հավերժական Զառամյալ Անտառում էլ է թափառել, և առհասարակ ի՞նչ ասես չգիտի... Գոնե ասա, Ֆրոդո, նա ճի՞շտ է կռահել։
― Դեհ... ― Ֆրոդոն հապաղեց։ ― Որոշ բաներ ճիշտ է հասկացել։ Այդ բոլորը կապված է Բիլբոյի այն ժամանակվա արկածների հետ, և Հեծյալներն էլ որոնում են, իսկ ավելի ճիշտ՝ ուզում են որսալ նրան կամ ինձ։ Ասեմ նաև, որ դա բոլորովին կատակ բան չէ և շատ վտանգավոր է։ Այստեղ պատսպարան չէ, նրանցից չես թաքնվի նույնիսկ այստեղ։
― Մենք այսպես կանենք, ― վերջապես ասաց նա։ ― Վաղը լուսամութին դուրս ենք գալիս։ Միայն թե ոչ ճանապարհով, դա ամենավտանգավորն է։ Եթե գնանք հյուսիսային դարպասով, տեղի բնակիչներն անմիջապես կիմանան, որ ես այլևս Բրենդիդուիմքում չեմ, իսկ մեզ հարկավոր է, որ մի քանի օր մեր մասին ոչ ոք ոչինչ չխոսի: Եթե նույնիսկ Հեծյալները Բրենդիդուիմք չխցկվեն, միևնույնն է, ճանապարհները կհսկեն: Գուցե մեզ բոլոր կողմերից պաշարել են, ես հո չգիտեմ քանի՞ Հեծյալ է մեզ հետապնդում, կարող է երկուսն են, կարող է՝ շատ։ Մենք պիտի գետնի տակ մտածների պես գնանք։
― Էդ ուրեմն դուք մենակ Հավերժական Զառամյալ Անտառով պիտի գնաք, ― սարսափով բացականչեց Գիրուկը։ ― Զգուշացեք, էնտեղ ամենավատն է։ Էլ ո՜նց կլիներ, ինչ-որ Սև Հեծյալներ...
― Դե, դու մի քիչ չափազանցացնում ես, ― ասաց նրան Մերին։ ― Անտառը, իհարկե, ահավոր է, բայց այնուամենայնիվ Ֆրոդոն իրավացի է։ Այնտեղ մեզ չեն հետապնդի: Բախտներս եթե բերի, մեր հետքը կկորցնեն ու որոշ ժամանակ հետապնդումից կազատվենք։
― Էդ ձեր բախտը Հավերժական Զառամյալ Անտառո՞ւմ է բերելու, ― ծղրտաց Գիրուկը։ ― Այնտեղ դեռ ոչ ոքի բախտը չի բերել։ Հետապնդողները կկորցնեն ձեզ, ո՜նց չէ... Ինքներդ հավիտյան կկորչեք... Էնտեղ ոչ ոք չի գնում։
― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― առարկեց Մերին։ ― Լավ էլ գնում են: Բրենդիբաքերը, օրինակ: Իհարկե ոչ ամեն օր՝ երբ պետք է լինում։ Մենք նույնիսկ այնտեղ գնացող մեր սեփական, առանձին կածանն ունենք։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։
― Ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն, աշխարհումս Հավերժական Զառամյալ Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսեք։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ. պետք է չէ՞ ինչ-որ մեկը մնա, որ Գենդալֆին պատմի, թե ուր եք խցկվել։
Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել. ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Բեգինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայն դեպս, նույնիսկ Բեգ-Էնդից հին զգեստներ էին բերել. Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ վտանգավոր դեր է դա։
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա. ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Զառամյալ Անտառ։
― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։