— Բարի գիշեր, բարեկամներ,— ժպտաց Գալադրիելը: — Հանգիստ քնեք, մի մտածեք վաղվա մասին: Կարող է պատահել, որ ձեզանից յուրաքանչյուրն արդեն ճակատագրով նախանշված իր ճանապարհն ունի, թեև առայժմ դուք չեք տեսնում այն:
Ճամփորդները վերադարձան շատրվանի մոտ, իրենց վրանը: Այս անգամ Լեգոլասը մնաց նրանց հետ՝ գիշերելու և խորհրդակցելու: Նրանք երկար ու բուռն քննարկում էին, թե ինչպես հասնեն Ճակատագրի Լեռ: Շուտով բացարձակապես պարզ դարձավ, որ բոլորին էլ վախեցնում է Մորդորը, և շատերն ուզում են գնալ Մինաս Թիրիթ, որ գոնե որոշ ժամանակով հետաձգեն ճամփորդությունը դեպի Սև Տիրակալի սարսափելի որջը: Ոչ ոք, սակայն , չէր առարկի և վախը հաղթահարելով կանցներ Անդուինը, եթե Ֆրոդոն կոչեր այդ անել: Բայց Ֆրոդոն համառորեն լռում էր, և Արագորնը չգիտեր, թե ինչ վճիռ կայացնի:
Եթե Գենդալֆն առաջվա պես նրանց հետ լիներ, ապա Արագորնն առանց տատանվելու կթեքվեր Գոնդոր: Նա հավատում էր, որ Բորոմիրի ու նրա եղբոր մարգարեական երազը, հաստատելով դունադանների հին ավանդությունը, կոչ է անում իրեն՝ Էլենդիլի ժառանգին, որ եկել է ժամանակը բացվել աշխարհին և մարտի դուրս գալ Թշնամու դեմ: Բայց Գենդալֆը չկար, և Արագորնը հասկանում էր, որ ինքն է ստիպված լինելու ուղեկցել Ֆրոդոյին, եթե նա ցանկանա անցնել Անդուինը: Եվ, սակայն, ինքը ինչո՞վ կօգնի հոբիթին՝ կուրորեն սուզվելով Խավարի Վարագույրի հետևը...
Նավակների հատակին դրված էին տերևաձև բերաններով թիեր: Արագորնը թիով հրվեց կառանատեղից և փորձի համար գնաց Արծաթաջրով վերև: Նա թիավարել գիտեր, բայց գետն արագահոս էր, և նավակը բավական դանդաղ էր շարժվում: Սեմը տեղավորվել էր առջևի նստարանին և, երկու ձեռքով նավակի կողերից կառչած, սարսափով նայում էր ջրին: Արծաթաջուրն ուրախ կայծկլտում էր արևի տակ: Երբեմն նավակի կողքով մելորնի տերև էր լողում դեպի Անդուին:
Շուտով մարգագետինը վերջացավ , և ճամփորդների գլխավերևում սաղարթե կամար կապվեց: Օդը չոր էր, բայց թարմ ու զով. լռությունը խզում էր միայն արտույտի երգը:
Գետը կտրուկ շրջադարձ կատարեց, և հեռվում երևաց հոսանքի ուղղությամբ լողացող մի հսկայական կարապ՝ հպարտ, ձյունաճերմակ պարանոցով, սաթե աչքերով, ոսկեզօծ կտուցով և թեթևակիորեն բացված թևերով: Լսվեց ցածր, քնքուշ երաժշտություն: Երբ զարմանալի թռչունը մոտեցավ, ճամփորդները հասկացան, որ դա նավակ է, էլֆերի զարմանալի վարպետության արդյունքը: Հեռվից կարապը կենդանի էր թվում, թեև անբնական մեծ էր: Ճերմակ հագուստներով երկու էլֆ վարժ աշխատում էին մեծ սև թիերով: Նավակում նստած էր Լորիենի տիրակալը, իսկ նրա հետևում կանգնած էր Գալադրիելը: Տիրուհին քնարով ինքն իրեն ցածր նվագակցելով էլֆական թախծալուր երգ էր երգում: Նրա տխուր, բայց գեղեցիկ ձայնը մեղմորեն տարածվում էր ձմեռային սառը, մաքուր օդում:
Բայց այժմ մարում է թագը, իսկ Էլանորները՝ թոշնում:
Բայց եթե երգում եմ նավի մասին, ապա ու՞ր է այն,
Որ հրաժեշտ կտամ տամ ընդմիշտ ու Ծովից այն կողմ գնամ:
</poem>
Սկզբում նա դիմեց Արագորնին.
— Քեզ համար, Ջոկատի առաջնորդ, մեր վարպետները պատրաստել են փառապանծ Էլենդիլի փառապանծ թրին վայել պատյան:
Պատյանը ծածկված էր խորամանկորեն իրար միահյուսված ոսկե և արծաթե ծաղիկներով ու տերևներով, իսկ տերևների արանքում թանկարժեք քարերով էլֆական ռունագրեր էին, որոնք կազմում էին սրի անունը՝ Անդուրիլ, և պատմում նրա պատմությունը:
— Ես ոչինչ կանխագուշակել չեմ ուզում, քանզի Միջերկրի վրա Մութն է իջնում, և մենք չգիտենք, թե ինչ է սպասում մեզ ապագայում: Բայց եթե վիճակված է, որ Մութը ցրվի, ապա ոսկին ինքը կհոսի քո ձեռքերի մեջ, սակայն վրադ իշխանություն չի ունենա:
— Քեզ, Մատանու Պահապան, վերջում եմ ընծա տալիս,— Ֆրոդոյին նայելով ասաց Գալադրիելը,— թեև դու վերջինը չես իմ մտքերի շղթայում: Ահա թե ինչով եմ ուզում թեթևացնել քո ճանապարհը գոնե մի փոքր: — Նա վեր կացավ և հոբիթին մեկնեց ներսից լուսավորվող մի բյուրեղապակյա անոթ: — Այս անոթում Էարենդիլի աստղի շողերով թափանցված մի քանի կաթիլ ջուր է իմ Հայելու լճախորշից,— բացատրեց նա: — Որքան սև լինի խավարը, այնքան ավելի պայծառ սա կվառվի: Թող որ այն լուսավորի քո ճանապարհը, երբ լույսի մնացած բոլոր աղբյուրները խավարեն: Եվ այնժամ հիշի՛ր Գալադրիելին ու նրա Հայելին:
Տիրուհին թասի լույսով լուսավորված մի պահ կրկին հզոր, հրաշագեղ ու վեհասքանչ տեսք ընդունեց, ինչպես այն ժամանակ, բայց այդ գեղեցկություն ու վեհությունն այլևս ահարկու չէր թվում: Ֆրոդոն անխոս խոնարհվեց: