— Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սեմը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Գիմլիի նավակի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ էստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ՝ էդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ՝ էս ի՞նչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանը նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ բարձրացնել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, թե ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր:
— Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերն ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո՝ Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Նիմրոդելի մոտի պահակակետում մագլցում էր մեր թալանը: Այն ժամանակ Հալդիրն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, թե մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը:
— Ո՞նց չէ, հիշում եմ,— պատասխանեց Սեմը: — Ու պարոն Բիլբոյի պատմածներն էլ եմ հիշում: Եվ, իմ կարծիքով, գիտեմ, թե ով է մեզ հետապնդում: Գոլլումը, անիծված լինի դա...
Սեմին նշանակեցին առաջ նայող: Մառախուղը ցրվեց, և վառ աստղերը կայծկլտացին գետի ջրում: Ծփացող ալիքների շողքն աչք էր շլացնում: Սեմն ուշադիր նայում էր մթության մեջ: Կեսգիշերն անց էր: Նավակները լողում էին հոսանքի կամքին մատնված՝ ճամփորդները չէին թիավարում: Անտեսանելի ափերի մոտ, ժայռերի մեջ, խուլ աղմկում էր ջուրը: Հանկարծ Սեմը ճչաց: Առջևում, մթության մեջ ինչ-որ սևություն երևաց. լսվեց սրընթաց հոսող ջրի քլթքլթոց:
ճանապարհը փակելով, ափից ափ քարոտ ծանծաղուտի նեղ շերտ էր ձգվում: Հոսանքը կտրուկ ձախ թեքվելով, նավակները քշեց արևելյան ափ: Փրփրած ջուրը ոռնում էր ու քլթքլթում, այնտեղ, ուր նեղ հոսանքը զարնվում էր արևելյան ափի ժայռերին, սպիտակափրփուր հորձանուտներ էին:
— Գիշերն այստեղով չենք անցնի,— գոռաց Բորոմիրը՝ փորձելով շրջվել: — Իսկ եթե սրանից հետո սահանքն է սկսվում, ապա ցերեկն էլ չենք անցնի՝ Սարն Գեբիրը ոչ մի նավակ չի հաղթահարի: