Անտառում աննպատակ թափառելով՝ Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Կտրուկ վայրերում դեռևս երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն բարձրանում էր՝ չանհանգստանալով, թե ուր կհասցնի իրեն արահետը, մինչև որ հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած: Լեռնային մարգագետինն արևելքից բաց էր վաղորդյան արևի ճառագայթների համար: Ֆրոդոն նայեց ներքևում փայլող գետին, ապա Թոլ Բրանդիրին, որի գագաթի շուրջը պտտվում էին թռչունները: Հեռվում ահարկու մռնչում էր Ռաուրոսը:
Հոբիթը նստեց քարին և , կզակը ափերին հենած, խոր մտքերի մեջ ընկած, անշարժացավ: Մտովի նրա աչքերի առջևով սրընթաց անցան Բեգ-Էնդից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գենդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խորհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց՝ տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Ավելի լավ է չհանեմ,— կարճ ասաց նա:
— Որ լավ է, թող լավ լինի,— իսկույն նահանջեց Բորոմիրը,— դու գիտես: Բայց խոսել դրա մասին, հուսով եմ, կարելի՞ է: Ահա դուք միշտ խոսում եք Թշնամու ձեռքում նրա ահռելի հզորության մասին. իբր աշխարհն այժմ փոխվում է, և եթե Մատանին չոչնչացվի, Մինաս Թիրիթը, իսկ հետո էլ Միջերկիրը կչքանա կչքանան Խավարի Վարագույրի տակ: Հնարավոր է, որ այդպես էլ պատահի, ես չեմ վիճում, եթե Մատանին ընկնի Թշնամու ձեռքը: Իսկ եթե մնա մեզ մո՞տ...
— Էլրոնդը նախազգուշացրեց Խորհրդի ժամանակ, որ Մատանին կարող է միայն Չարին ծառայել,— գոնդորցուն հիշեցրեց Ֆրոդոն:
— Ո՛չ,— վախեցած ճչաց Ֆրոդոն: — Ես այն չեմ կարող վստահել ուրիշներին: Չեմ կարող:
— Հիմա՛ր,— մռնչաց Բորոմիրը: — Համա՛ռ հիմար: Դու կկործանվես սեփական հիմարությանդ պատճառով ու բոլորիս կկործանես: Եթե մահկանացուներից որևէ մեկը կարող է հավակնություն ունենալ Մեծ Մատանու նկատմամբ, ապա, իհարկե, ոչ դուք, կոլոտիկներդ, այլ Նումենորի մարդիկ, և միայն նրանք... Անհեթեթ պատահականությունն է Մատանին քո ձեռքը տվել: Այն կարող էր իմը լինել: Այն պետք է իմը լինի... Տու՛ր ինձ:
Ֆրոդոն առանց պատասխանելու հետ-հետ գնաց, որպեսզի քարով անջրպետվի խոշորամարմին գոնդորցուց: