Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա նա մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին. ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։
― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ ի վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով...
Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Բեգինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։