Զայիմ աղային համար ոչ-ազգական, օտար մարդ չկար աշխարհին վրա։
— Ղալեին կողմը կերթամ, Զայիմ քեռի,– կպատասխաներ,- — երկու օր է՝ հոն եմ, փոսը ցանեցի, հիմա ալ վրայի մասը պիտի ցանեմ.
— Շատ աղեկ կընես, դեռ ատեն կա, ուշ չսեպվիր, մինչև մայիսի վերջը կցանվի, մանավանդ որ այն կողմերը քամիին դեմ է, բարձր, արևզարկ չըլլար։
— Նայինք բան մըն ալ պիտի ելլե, Զայիմ քեռի, առջի տարի ցանած սերմնցուս ալ չառի:
— ճանըմ, դուն չգիտես չէ՝ մեր մեծերուն խոսքը. էքիճի օլ պիլիճի օլմա*<ref>Սերմը գցիր ու տեր մի լինիր,- (Ծ. կ.)</ref>,— կհարեր Զայիմ աղան, ավելի լրջանալով ու կրկնելով գյուղացիներու հատուկ իմաստությունը՝ թե պետք է ցանել, ու ա՛լ չխորհիլ, մնացածը աստուծո հանձնել, ու կշարունակեր.
— Մի՞թե իմ ու քու ուզելովդ պիտի ըլլա, ինչ որ կամենա՝ ան կուտա... թեվեքելլի եղիր… Աստված իր ծառան որ ստեղծեր է, րըզգն էլ հետը ստեղծած է, անոթի չթողուր… նասիպ… նասիպեդ ավելի չըլլար ինչքան ալ աշխատիս։
Մի հարցներ, Զայիմ աղա,— կպատասխաներ ան,— մի՞ հարցըներ։
* Սերմը գցիր ու տեր մի լինիր, (Ծ. կ.)
Ու կպատմեր, թե դատարանեն կուգար: Վեց արտավարնոց ջրարբի արտ մը իր եղբորորդիները ձեռքեն հափշտակել կուզեին, ու կկասկածեր իր հաջողութենեն, որովհետև ուխտիկցի Մոլլան, Կուլանցի Մահմուտ պեկը, փանպուխձորցի Կոճո պեկը հակառակ էին իրեն: