Այժմ Երիցուկը կրկին ուրախությամբ էր մանկապարտեզ գնում։ Նա նույնիսկ դեմ չէր մի տարի ևս մնալ այնտեղ, այնքան որ հաճելի էր Չքնաղ Լիլոյի հետ տիկնիկներ պատրաստելն ու նրա ներկայացումները դիտելը։ Բայց հետո նա իմացավ, որ տիկնիկային թատրոնն իր դիրեկտորի հետ միասին դպրոց էլ պիտի գա՝ պիոներական հավաքներին։ Եվ այնժամ Երիցուկը կրկին սկսեց երազել այն մասին, թե երբ պետք է դպրոցական դառնա։
==Երկյուղ==
― Նախնախ, ― մի առավոտ ասաց Երիցուկը։ ― Մազերս աշակերտուհու պես սանրիր։ Չէ որ շուտով դպրոց պիտի գնամ։
― Ինչպես թե աշակերտուհու պես, ― զարմացավ տատիկը։
― Դե, Գինայի պես, էլի։
― Ի՜նչ ես ասում, Երիցուկ։ Բա քո մազերից «ձիուկի պոչ» կստացվի՞, ինչպես Գինայինն է։
― Ինչո՞ւ չի ստացվի որ։
― Ախր Գինայի մազերը հարթ են, երկար։ Իսկ քոնը կարճ ու գանգուր։
― Հետո՞ ինչ, որ գանգուր են։ Ա՛յ, Գինայի քրոջ մազերը գանգուր են, բայց նա էլ «ձիուկի պոչ» ունի։ Դու միայն թե այլևս մազերս չկարճացնես։
― Ի՛նչ է, քո ամեն ինչը անպայման պիտի Գինայի նման լինի՞, ― բարկացավ Նախնախը։ Բայց, ինչպես միշտ, նա քիչ֊քիչ տեղի տվեց։ Մի ամբողջ ամիս Երիցուկը գզգզված էր վազվզում, և միայն սեպտեմբերի մեկին նրա գլխին հայտնվեց փոքրիկ, գանգուր մի պոչիկ, որը շարունակ վեր֊վեր էր թռչկոտում հուզմունքից։ Երիցուկն իր «պոչիկով» պարծենում էր ոչ պակաս, քան իր նոր պայուսակով, փայլփլուն գրչատուփով ու քաղցրավենիքով լի տոպրակով, ինչպիսին ունեին բոլոր առաջին դասարանցիները։ Բայց ամենից շատ նրան դուր էր գալիս նոր Այբբենարանը, որ խնդրագրքի ու տետրերի հետ նվիրեցին դպրոցում։ Երիցուկին նաև դուր էր գալիս այն, որ ինքը միակն է ամբողջ դասարանում, որ ճանաչում է իրենց ուսուցչին, իսկ նրանց ուսուցիչը Գինայի ավագ եղբայրն էր։
Դասերից հետո Երիցուկի մոտ եկան Գինան ու Վոլֆը և էլի մի քանիսը նրանց մանկապարտեզից։ Նույնիսկ Երիցուկի հայրիկը գործարանում մի քանի ժամով ազատվեց իր բոլոր կարևոր գործերից։ Նա վաղուց արդեն վերջացրել էր սովորելը և հիմա ինքն էր նոր մեքենաներ հնարում ու իր աշխատակիցների հետ փորձարկում։ Բայց այսօր, Երիցուկի առաջին դպրոցական օրը, նա երեխաների հետ խաղում էր Նախնախի այգում, ասես ինքն էլ փոքրիկ տղա էր։
Եվ ընդհանրապես, դա հրաշալի օր էր։ Եվ ողջ դպրոցական առաջին տարին այդպիսին եղավ՝ հրաշալի։
Երիցուկը լավ էր սովորում, հատկապես մաթեմատիկան․ նրան շատ էր դուր գալիս վարժություններ լուծելը։ Միայն Նախնախը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու էին թվաբանության համար նոր անուն հնարել և թե ինչու հիմա գումարում են ոչ թե թվերը, ինչպես իրենց ժամանակ, այլ տառերը։ Իսկ Երիցուկը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Նախնախը զարմանում․ չէ որ այդպես էլ պետք է լինի։ Բայց ավելի քիչ նա հասկանում էր իր ընկեր Վոլֆին, որը բոլորովին գլուխ չէր հանում այդ տառերից․․․ Դե ո՞ւմ են պետք այդ տառերը։ Այ, թվերը ուրիշ բան են։ Թվերը պետք են ավտոբուսային երթուղիների ու չվացուցակների համար, բացատրում է նա։ Իսկ տառե՞րն ինչի համար են։ Երթուղիներին Վոլֆը շատ մեծ նշանակություն էր տալիս։ Նա մտադիր էր հոր նման ավտոբուսի վարորդ դառնալ։ Եվ հայրը երբեմն նրան ավտոբուսի հին չվացուցակներ ու երթուղային քարտեզներ էր նվիրում։ Վոլֆը այնքան շուտ սկսեց գլուխ հանել դրանցից, որ բոլորը զարմանում էին։ Նրա սիրած խաղն էր՝ չվացուցակին ու երթուղային քարտեզին նայելով՝ պատկերացնել տարբեր ճանապարհորդություններ։
Այլևա անհրաժեշտություն չկար, որ տատիկը Երիցուկին ուղեկցի դպրոց։ Միշտ երեքով էին գնում՝ Երիցուկը, Վոլֆն ու Գինան։ Նախնախը դրա համար նույնիսկ ուրախ էր։ Տանն առանց այդ էլ շատ գործ կար։ Դեռ այգին, ճաշը և երկու հոգեորդիների՝ Երիցուկի ու Ֆրիդրիխի հոգսն էլ մյուս կողմից։ Եվ տարիներն էլ արդեն զգացնել էին տալիս։
Սակայն երկրորդ դասարանում Երիցուկի բախտը չբերեց։ Դեռ նոր էր սկսվել ուսումնական տարին, երբ նա մրսեց ու հիվանդացավ։ Տատիկը պառկեցրեց նրան ու բուժից խոտերից թեյ պատրաստեց։ Այդ թեյը կախարդական բուրմունք և հրաշալի համ ուներ։ Հավանաբար, ամբողջ աշխարհում Նախնախը միակ մարդն էր, որ այդպիսի թեյ պատրաստել գիտեր։ Երիցուկի դողն անցավ, ու նա քնեց։ Արթնացավ պատի ետևից լսվող ձայներից։ Խոհանոցում բարձրաձայն խոսում էին։
― Խորթը խորթ էլ մնում է, ― ասում էր Նախնախը։ ― Թեկուզ գեղեցիկ ու օրինավոր էլ լինի, միևնույն է, խորթը խորթ էլ մնում է։ ― Եվ ասես ի հաստատումն իր խոսքերի՝ Նախնախը բարձր փռշտաց։
― Առողջություն, ― ասաց Ֆրիդրիխը։
«Ով գիտե, գուցե ինձանից է հարբուխով վարակվել», ― կեսքուն֊կեսարթուն մտածեց Երիցուկն ու նորից փակեց աչքերը։ Բայց Նախնախը չէր լռում։
― «Խորթը խորթ էլ մնում է», ասում է ժողովրդական իմաստությունը։ Եթե որոշել է ամուսնանալ, էլ ինչու է աղջկան տանում իր մոտ։ Մի՞թե ինձ մոտ նա իրեն վատ է զգում։ Ախր այսպես շատ լավ է։ Դե, ինքդ ասա, լավ չէ՞։
― Լավ է, ― պատասխանեց Ֆրիդրիխը։ ― Պարզ բան է՝ լավ է։
― Կիրակի օրը Երիցուկին կտանես հոր մոտ և այդ մասին ոչինչ չասես՝ թող հաճելի անակնկալ լինի։ Լա՜վ անակնկալ է։ Խորթ մայր։ Խե՜ղճ Երիցուկ։
― Խե՜ղճ Երիցուկ, ― կրկնեց Ֆրիդրիխը։
― Խե՜ղճ Երիցուկ, խե՜ղճ Երիցուկ․․․ ― մռթմթռթաց և Եիրցուկն ինքը։
Նա ամեն ինչ լսում էր, բայց այնքան թույլ էր, որ նույնիսկ չէր կարողանում լսածի մասին ինչպես հարկն է մտածել։ «Խե՜ղճ Երիցուկ․․․ ― ինքն իր մասին անվերջ կրկնում էր նա այնպես, ասես խոսքը բոլորովին ուրիշ աղջկա մասին էր։ ― Պետք է Գինային հարցնել․․․»։ ― Եվ նա կրկին քնեց։
Նա չարթնացավ նաև այն ժամանակ, երբ Նախնախը մոտեցավ նրա մահճակալին ջերմությունը չափելու ու ինչ֊որ խմելու բան տալու։ Կաթ է, ինչ է․․․ Նա համ ու հոտ էլ չէր զգում, միայն ինչ տալիս էին, կուլ էր տալիս, կուլ էր տալիս ու անմիջապես նորից քնում․․․
Երիցուկն արթնացավ։ Սենյակում կիսախավար էր՝ չգիտես իրիկուն էր, թե վաղ առավոտ։ Խոհանոցում, ամանեղենը զնգզնգացնելով, Նախնախը գործ էր անում։ Թարմ սուրճի հոտ էր գալիս․․․ Ուրեմն՝ առավոտ է․ տատիկը երեկոյան սուրճ չի եփում․․․
Երիցուկը ճմլկոտաց։ Իսկ մահճակալն արդեն փոքր էր․․․ Սակայն տաքուկ ու հարմարավետ։ Թերևս նա արդեն առողջացե՞լ է։ Դպրոց գնալ, իհարկե, չի կարելի, բայց գուցե կարելի՞ է վեր կենալ․․․ Եվ որպեսզի գա Գինան․․․ «Խորամանկ Գինան»․․․ Այո։ Չէ՞ որ նա ուզում էր ինչ֊որ բանի մասին հարցնել։ Բայց ինչի՞ մասին։ Հանկարծ Երիցուկը ամեն ինչ հիշեց․ «Խորթը խորթ էլ մնում է․․․ Խե՜ղճ Երիցուկ․․․»։ Եվ անմիջապես ամեն ինչ փոխվեց։ Անկողինն այլևս տաքուկ ու հաճելի չէր։ Գուցե ջերմությո՞ւն ունի։ Չէ, ջերմությունը ինչ֊որ ուրիշ տեսակ է լինում։ Դա երկյուղ է․․․ Ուրեմն կիրակի օրը նա գնալու է հայրիկի մոտ՝ խորթ մոր հետ ծանոթանալու։ Նա խիստ վախեցավ կիրակի օրվանից։ Իսկ այսօր ի՞նչ օր է։ Նա մտքի մեջ ընկավ։ Հավանաբար, հինգշաբթի է։ Ուրեմն դեռ ժամանակ կա․․․
Ներս մտավ Նախնախը՝ ջերմաչափը ձեռքին։ Պարզվեց, որ Երիցուկը ջերմություն չունի, և նրան թույլ տվեցին վեր կենալ։ Լվացված ու սանրված՝ նստել էր նա սեղանի մոտ, կաթ էր խմում ու բուտերբրոդ ուտում։ Ամեն ինչ առաջվանն էր։ Եվ ասես առաջվանը չէր։ Նա նստած էր սուսուփուս, ոչինչ չէր ասում, չէր երգում։ Նույնիսկ հագնվելուց չերգեց։ Խեղճ Նախնախը շատ անհանգստացավ, որովհետև Երիցուկը այդպես շարունակեց և հաջորդ օրը, և մյուս․․․ Դպրոցից եկավ Գինան, դասերի տեղն ասաց, բայց ինչ֊որ տեղ էր շտապում ու անմիջապես գնաց։ Ասենք, Երիցուկն էլ, միևնույն է, ոչինչ չէր կարող հարցնել նրան․ Նախնախը նրանցից ոչ մի քայլ չհեռացավ։
«Այս ի՞նչ է պատահել երեխային, ― անվերջ մտածում էր տատիկը։ ― Ուտելը տեղն է, խմելը տեղն է, և իր մշտական զբաղմունքով էլ զբաղված է, բայց, ա՜յ, չի երգում։ Եվ ինչ էլ լուրջ է երևում։ Չլինի՞ դեռ վատառողջ է»։
― Հո կոկորդ չի՞ ցավում, ― հարցրեց տատիկը Երիցուկին, բայց սա տարուբերեց գլուխը։ Չէ, կոկորդը չի ցավում։
― Իսկ, այ, սրտի վրա ինչ֊որ բան է ծանրացել․․․ Բայց այդ մասին ասել չէր կարող։
․․․Ուրբաթ օրը Երիցուկը դպրոց գնաց ու դասերից հետո Գինայի հետ տուն վերադառնալիս վերջապես նրան մի հարց տվեց, որ վաղուց էր ուզում տալ։
― Իսկ ճի՞շտ է, որ խորթը խորթ էլ մնում է։ Չէ որ խորթերը չար են լինում։
― Հիմարիկ, ― ժպտաց խորամանկ Գինան, ― երևի Նախնախը էլի քեզ հեքիաթ է պատմել խորթ մոր ու կախարդի մասին։
― Չէ, ― ասաց Երիցուկը, ― ոչ մի հեքիաթ էլ չի պատմել։ Ես խորթ մայր եմ ունենալու։ Նախնախն էր ասում Ֆրիդրիխին։ Կարծում էր քնած եմ։
Զարմանքից Գինան կանգ առավ։
― Հավատալու բան չէ։ Իսկ ո՞վ է։
― Չգիտեմ։ Նախնախը չասաց։
― Իսկ դու հարցնեիր։
Նրանք նորից շարունակեցին քայլել կողք֊կողքի։ Երիցուկը գլուխը տարուբերեց։
― Ինձ չի կարելի հարցնել։ Ես ոչինչ չպետք է իմանամ։ Դա անակնկալ է լինելու։ Եվ դու ոչ մեկին մի՛ ասա։ Դա առայժմ գաղտնիք է։
Ինչ չէ՝ չէ, գաղտնիքներից Գինան լավ էր հասկանում։ Բայց այրվում էր հետաքրքրասիրությունից։
― Դե, ես լեզուս ինձ կպահեմ։ Բայց Նախնախդ էլ լավ է, հա՜։ Նույնիսկ անունն էլ չի ասել։
― Նախնախն ասում է, որ նա գեղեցիկ է։ Դրա համար էլ վախենում եմ։
― Վախենում ես, որովհետև գեղեցի՞կ է։ Ա՛յ քեզ բա՜ն։
― Ձյունանուշիկի խորթ մայրն էլ էր գեղեցիկ։ Ամբողջ օրը այդ մասին եմ մտածում։
― Հը՛մ, տեսնո՞ւմ ես։ Ուրեմն, այնուամենայնիվ, հեքիաթն է պատճառը։ Ճիշտ է ասում եղբայրս․ «Ինչ ասես լցնում են երեխաների գլուխը»։ Գուցե, քո կարծիքով, նա կախարդական հայելի՞ էլ ունի։
Երիցուկը շփոթվեց։
― Դե չէ՜, ի՛նչ հայելի․․․ Իսկ հանկարծ ու նա ինձ նա ինձ նախանձի՞։
― Երիցո՛ւկ, ― խիստ տոնով ասաց Գինան, ― դու ուղղակի երևակայում ես։ Դե մի՞թե դու գեղեցկուհի ես։ Եվ ընդհանրապես դու փոքրիկ աղջիկ ես։
― Իսկապես որ, Գինա, ― պայծառացած բացականչեց Երիցուկը։ ― Ձյունանուշիկը արդեն հարսնացու էր։ Իսկ մինչև մեծանալը խորթ մայրը նրան ոչինչ չէր արել։ ― Բայց այստեղ հանկարծ նա կրկին ամեն ինչ հիշեց ու ծանր հառաչեց․ ― Խորթը խորթ էլ մնում է․․․
Խորամանկ Գինան կրկին կանգ առավ ու բարձր ձայնով ասաց․
― Խորթ մայրերը բոլորովին էլ չար չեն։ Իսկ ոմանք նույնիսկ, ընդհակառակը, շատ բարի են։ Ա՛յ, օրինակ, Վոլֆի մայրը նույնպես խորթ է։ Ի՜նչ չարաճճին էր առաջ Վոլֆը։ Իսկ հիմա շատ լավ տղա է դարձել։ Եվ բոլորովին էլ խիստ չէ այդ կինը։ Կարծում ես քի՞չ կան այդպիսի խորթ մայրեր։ ― Ու կրկին Երիցուկի կողքից քայլելով, ասաց․ ― Ընդհանրապես, դա հիմար խոսք է՝ «խորթ մայր»։ Վոլֆը նրան ուղղակի «մայրիկ» է ասում, և նույնիսկ մոռացել է, որ խորթ է։
Բայց Երիցուկը դեռ կասկածում էր։
― Վոլֆի բախտը բերել է, ― ասաց նա։ ― Իսկ գուցեև ամեն ինչ այլ կերպ լինի։
― Իհարկե, կարող է, ― խորամանկ ժպիտով պատասխանեց Գինան։ ― Չէ՞ որ երբեմն հարազատ մայրերն էլ չար են լինում։
Չնայած Երիցուկը լիովին չհանգստացավ, բայց, տուն գալով, սկսեց քթի տակ երգելով, պայուսակից հանել գրքերը։
«Երգում է, ― ուրախացավ Նախնախը։ Նրա ուսերից ասես մի ծանր քար ընկավ։ ― Տեսնես ի՞նչ էր պատահել իմ Երիցուկին»։
==Խորթ մայրը==
Եվ ահա եկավ կիրակին։ Նախաճաշից հետո Նախնախն ու Երիցուկը գնացին պարտեզ։ Նախնախը այգու մեծ մկրատով գույնզգույն վառ քրիզանտեմներ էր կտրում։ Իսկ Երիցուկը հավաքում էր։ Ստացվեց այնպիսի հսկայական մի փունջ, որ Երիցուկի գլուխն այլևս չէր երևում։
― Ախր մենք այսպիսի մեծ ծաղկաման էլ չունենք, Նախնախ։ Վա՜յ, արդեն ձեռքերս հոգնեցին։
― Պահիր, պինդ պահիր։ Մենք այս ծաղիկները հայրիկին ենք տանելու, նա մեծ ծաղկաման ունի։
Եվ Նախնախը հառաչեց։ Երիցուկը նույնպես հառաչեց։ Նա հիշեց խորթ մորը։ Ուրեմն ծաղիկները նրա՞ համար են․․․
Պարտեզի դռնակը ճռռաց, բայց Երիցուկը ծաղկեփնջի ետևից չկարողացավ անմիջապես տեսնել, թե ով մտավ։ Եվ հանկարծ լսեց հոր ուրախ ձայնը․
― Երիցո՜ւկ։
Հայրը արդեն դուրս էր եկել թփերի ետևից։ Միայն թե մենակ չէր։ Երիցուկը արագ փակեց աչքերն ու կրկին բացեց։ Ոչ, դա երազ չէր․․․
Նա ամուր կրծքին սեղմեց ծաղկեփունջը։
Հոր կողքին կանգնած էր խորթ մայրը, նա, որից այնպես վախեցել էր հինգ օր ու գիշեր։ Դա․․․ Չքնաղ Լիլոն էր։ Նա ծիծաղեց, կռացավ ու համբուրեց Երիցուկին, իսկ Երիցուկը ոչինչ ասել չկարողացավ, միայն ինքն էլ համբուրեց նրան։ Եվ այն ժամանակ Լիլոն համբուրեց Նախնախին, այնքան ուժեղ, որ տատիկի սև բերետը թեքվեց ականջի վրա, ու նա ստիպված էր ուղղել։ Բայց Նախնախն էլ համբուրեց Լիլոյին։ Իսկ հայրիկը Երիցուկին իր հսկա ծաղկեփնջի հետ բարձրացրեց վե՜ր֊վեր։ Բոլորը ծիծաղում էին, համբուրվում և ուրախանում։ Իսկ Ֆրիդրիխը տանիքի իր խցիկից նայում էր այդ ամենին ու ժպտում։
․․․Հիմա Երիցուկը խորթ մայրիկ ունի և շատ երջանիկ է։ Չքնաղ Լիլոյի հետ կարելի էր ամեն ինչի մասին խոսել և ամեն տեսակ հարցեր տալ։ Նա ամեն ինչ էլ գիտի։ Չէ՞ որ նա Նախնախից շատ էր ջահել, բայց թե նրանից էլ շատ էր սովորել։ Այնուամենայնիվ, Երիցուկը առաջվա պես սիրում էր Նախնախի հեքիաթները լսել։
Չքնաղ Լիլոն իր տիկնիկային թատրոնի հետ շրջում էր երկրով մեկ։ Նրան ավելի հաճախ էին հրավիրում դպրոցները, պիոներական ճամբարներն ու մանկապարտեզները․ թատրոնը հանրահռչակ էր դարձել։ Երբ Լիլոն մեկնում էր, Երիցուկը մնում էր տատիկի մոտ։ Նախնախի համար դրանք ամենաերջանիկ օրերն էին։ Նրա հնամենի տնակը ասես արթնանում էր Երիցուկի ձայնից։ Եթե Երիցուկը այդ պահերին դաս չէր սովորում, առանց մի վայրկյան դադար առնելու՝ ինչի մասին ասես չէր պատմում տատիկին։ Իսկ եթե լռում էլ էր, ուրեմն անմիջապես սկսում էր կամ քթի տակ մռմռալ, կամ էլ ձայնը գլուխը գցած երգել։ Եվ Նախնախը ուրախությամբ մտածում էր․ «Այ այսպես ավելի լավ է, քան քան փնթփնթոցն ու մռթմռթոցը»։ Որովհետև փնթփնթալն ու մռթմռթալը նրա մոտ սովորություն էր դարձել։
Հին տնակում գիշերելիս Երիցուկը ամենից շատ երեկոներն էր սիրում։ Որովհետև այդ ժամերին Նախնախը նստում էր նրա անկողնու մոտ ու սկսում էր պատմել, հա՜ պատմել։ Վերջին շրջանում տատիկը Երիցուկին ոչ միայն հեքիաթներ էր պատմում, այլև, հիշողության խորքերը թափանցելով, այնտեղից լույս աշխարհ էր հանում հին֊հին պատմություններ Թյուրինգիայում՝ իրենց հայրենիքում անցկացրած Պոսոշոկ ընտանիքի մասին։ Իսկ երբ նկարագրում էր սարի լանջին թառած իրենց գերանակապ տունը, ուր ծնվել ու մեծացել էր ինքը, և տան շուրջը փռված փաղանգամուշկի խիտ լեռնային մարգագետինը, Երիցուկը նույնիսկ երազում տեսնում էր այդ մանուշակա֊երկնագույն մարգագետինը։
Եթե Երիցուկին հարցնեին․ «Ո՞ւմ ես ամենից շատ սիրում՝ Նախնախի՞ն, թե Լիլո մայրիկին», նա, հավանաբար, կպատասխաներ․ «Ես էլ չգիտեմ»։ Իսկ եթե հարցնեին «Ի՞նչն է քեզ ավելի դուր գալիս՝ ծնողներիդ մեծ, նոր բնակարա՞նը, որ այնպես լուսավոր է ու չորս կողմից քեզ են նայում տիկնիկ֊դերասանները, թե՞ պարտեզով շրջապատված Նախնախի տնակը», նա ստիպված կլիներ նույնը պատասխանել։ Երիցուկը երկու հարազատ տուն ուներ։
Լավ չէ, երբ մարդ քիչ գործ է ունենում․ ինչ հիմարություն ասես մտքով չի անցնում։ Պոսոշոկ տատիկը վերջերս սկսել էր ծանր լսել, ասենք տարիներն էլ արդեն իրենց զգացնել էին տալիս։ Տնային գործերը մի կերպ գլուխ էր բերում, իսկ այգու աշխատանքները միայն Ֆրիդրիխն էր անում։ Հենց որ Նախնախն ուզում էր օգնել նրան, մեկ մեջքն էր կոտրատվում, մեկ ոտքերն էին ցավում։ Լավ էր, որ գոնե Ֆրիդրիխի համար դեռ կարողանում էր հոգ տանել։
Բայց, միևնույն է, Երիցուկին շատ էր կարոտում։
Երիցուկն, իհարկե, հենց ազատ րոպե էր ունենում, վազում էր տատիկի մոտ, ամեն օր կաթ ու հաց էր բերում, խանութ էր վազում։ Բայց ախր հայտնի է, որ դպրոցականները շատ քիչ ազատ ժամանակ են ունենում։ Տատիկի մոտ երկար մնալ չէր կարող․ մեկ երգչախմբի փորձերին էր վազում, մեկ՝ պիոներական հավաքի, մեկ՝ «Պատրաստիր ինքդ» խմբակի պարապմունքներին, մեկ՝ տիկնիկային թատրոն․․․ Բայց դրա փոխարեն Նախնախին պատմելու շատ բան ուներ։
Մի անգամ տատիկը, ձեռնափայտին հենված, ոտքերը հազիվ քարշ տալով ման էր գալիս այգում, և հանկարծ աչքին ընկավ կապտա֊մանուշակագույն ծաղիկներով մի փոքրիկ թուփ։
― Դլփնա՜կ, ― քթի տակ ասաց նա։ ― Ինչպես է, որ մինչև հիմա մտքովս էլ չի անցել։ Բուժիչ խոտն ինքն է աճել իմ այգում, իսկ ես ուշադրություն էլ չեմ դարձնում։ Իզուր չէ, որ սրան «ոսկրաբույժ» են ասում։ Ծերացած ոսկորներն է բուժում, կյանք է տալիս նրանց։ Մենակ թե պետք է ոչ միայն ծաղիկները, այլև ամբողջ թուփը՝ արմատն էլ հետը քաշել հանել։ Թող Ֆրիդրիխը մի լավ փորի, արմատախիլ անի։
Սակայն այս անգամ Ֆրիդրիխը համառեց։ Նա նույնիսկ մի երկար ճառ ասաց․
― Լավ ծաղիկներ են, գեղեցիկ։ Իրենք իրենց աճել են մեր այգում, ափսոս են։
― Բայց չէ՞ որ, Ֆրիդրիխ, դրանք պետք են իմ առողջության համար։
Ֆրիդրիխը մի քիչ ընդդիմացավ, հետո սկսեց փորել։ Միայն թե շարունակ ինչ֊որ բան էր փնթփնթում ու տարուբերում գլուխը։
Պոսոշոկ տատիկը մի քանի արմատիկ վերցրեց, ջեռոցում մի լավ չորացրեց, լցրեց կտավե տոպրակի մեջ ու բերանը կարեց։ Այնուհետև այդ տոպրակը դրեց իր ներքնակի տակ ու սկսեց ինչ֊որ կախարդական խոսքեր մրմնջալ․ «Դլփնակի արմատ, կյանք տուր ոսկորներիս, այնպես արա, որ թևերս չթմրեն, ոտքերս չցավեն, մեջքս չկոտրվի, ուժս տեղը գա, և երակներովս կենարար հյութը հոսի»։ Այս կախարդանքը նա իր տատիկից էր սովորել, երբ դեռ շատ փոքրիկ աղջիկ էր։
Վաղո՜ւց֊վաղո՜ւց էր դա։
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ․․․ Իսկ այն ժամանակ նա ապրում էր իր հայրենիքում՝ Թյուրինգիայում, անտառապատ սարի գագաթին ծվարած, լեռնային մարգագետնով շրջապատված Պոսոշոկների փայտե տնակում։ Մի անգամ ոչխար արածեցնելիս նրա ոտքը դուրս է ընկնում, և տատիկը բուժում է նրան չորացած արմտիքով ու կախարդանքով։
Եվ մեկ էլ, իհարկե, թրջոցներով։ Նրա հորեղբոր տղա Ալոիզ Պոսոշոկը հիմա էլ է այնտեղ ապրում՝ անտառին մոտիկ, մարգագետնի ծայրին գտնվող գերանակապ տանը։ Կովեր, իհարկե, նա այլևս չի արածեցնում։ Անցյալ ձմեռ ուսուցիչ Հերբերտը՝ Գինայի ավագ եղբայրը, այցելեց նրան, երբ դահուկային մեծ արշավի էին դուրս եկել։ Ալոիզին Պոսոշոկ տատիկի ողջյունները հաղորդեց և նրանից էլ ողջույն բերեց տատիկին։ Ուսուցիչը պատմեց Ալոիզի քանդակազարդ հնամենի պահարանի մասին, որը զբոսաշրջիկները միշտ էլ ցանկանում էին գնել։ Սակայն ծերուկը չէր համաձայնում վաճառել։ Այ, հենց այդ պահարանում էլ ապրում է Արմատիկ֊ծերուկը։ Է՛հ, թե որ այդ արմատիկն այստեղ կլինե՜ր․․․ Բայց քանի որ այստեղ չէ, տատիկը ստիպված է բուժվել դլփնակով ու կախարդանքով։
Դլփնակից էլ հենց ամեն ինչ սկսվեց։ Հետո նա հիշեց նաև խաղաթղթերը։ Այն օրից, ինչ Նախնախը իր մոտ բերեց փոքրիկ Երիցուկին, միշտ այնքան զբաղված էր լինում, որ թղթերի մասին իսկի մտքովն էլ չէր անցնում։ Միայն լռակյաց Ֆրիդրիխը գիտեր նրա գաղտնիքը, նա էլ խոստացել էր լուռ ու մունջ մնալ։
==Թե ինչպես Երիցուկը խիստ կատաղեց==
Չքնաղ Լիլոյին շատ դուր եկավ նաև Պոսոշոկ տատիկը։ Եթե Նախնախը մի քիչ առողջ լիներ, նա Երիցուկի ծնողների բնակարանում իրեն համար շատ գործ կգտներ և կդառնար տան մարդ, ինչպես մի ժամանակ մանկապարտեզում։ Այդ դեպքում օրերն այդպես դատարկ չէին թվա ու Երիցուկից անջատվելն էլ նրա համար այդքան դառնություն չէր պատճառի։ Բայց ոտքերի ցավին ու գոտկատեղի կոտրատվելուն չէին օգնում ոչ դլփնակը, ոչ էլ կախարդանքները։ Արդյո՞ք ճիշտ չէին նրանք, ովքեր այդ ամենը անմտություն էին համարում։ Այժմ Նախնախը նույնիսկ դարպասից դուրս գալ չէր կարողանում։
Մի անգամ, երբ Երիցուկը կրկին մի քանի օրով հյուր էր եկել տատիկին, և նրանք նստած էին ընթրիքի սեղանի շուրջը, Երիցուկն ասաց․
― Հիմա մայրիկը ստիպված է քիչ գնալ քաղաքից֊քաղաք։ Իսկ հրավերներ շատ ունի․․․
― Իսկ ինչո՞ւ չի գնում, ― հարցրեց Նախնախը։
― Մենք պստիկ պիտի ունենանք։ Մայրիկը երեկ է ասել այդ մասին։ Իսկ դու արդեն գիտե՞ս․․․
― Գիտեմ, գիտեմ․․․ ― մռթմռթաց Նախնախը․ այդ պահին նրա ձայնը նման էր ծեր արջի ձայնի։ Եվ սրտնեղած ավելացրեց․ ― Դե, քանի որ այդպես է, ավելի լավ կլինի վերադառնաս ինձ մոտ։
― Դու, ինչ է, Նախնախ, իսկապե՞ս կարծում ես, որ եթե փոքրիկը ծնվի, մայրիկը կդառնա չար խորթ մայր։
Նախնախը կրկին զայրացած մռթմռթաց․
― Ըը՜, դե չէ, չէ․․․ Բայց հայրիկին դու արդեն առաջվա նման պետք չես լինի։ Ասենք, մայրիկին նույնպես․․․ Իսկ ինձ ավելի շատ ես պետք։
Վերջին նախադասությունը Երիցուկը դժվարությամբ հասկացավ։
― Ի՜նչ ես ասում, Նախնախ, ես ամեն օր կգամ քեզ մոտ, ես ու մայրիկը, քեզ հո բոլորովին մենակ չե՞նք թողնի․․․ Իսկ ես մայրիկին էլ եմ պետք։ Հայրիկին՝ նույնպես։ Այդ պստիկն էլ։
― Այդտեղ մեծ տարբերություն կա, ― գլուխը տմբտմբացնելով՝ մռթմռթաց Նախնախը։ ― Շատ մեծ տարբերություն․․․
Երիցուկը քիչ էր մնում լաց լիներ։
― Ախր ես այդ փոքրիկին արդեն շատ֊շատ եմ սիրում։ Դու էլ, Նախնախ, դու էլ սիրիր նրան․․․ Ա՛յ, ինչպես ինձ։
Նախնախը հազաց, մաքրեց կոկորդը, և նրա ձայնը բոլորովին ուրիշ դարձավ․
― Դե, գուցե ոչ այնպես, ինչպես քեզ, բայց նրան նույնպես կսիրեմ։
― Իսկ ես նրան ամեն օր մանկասայլակով քո այգին կբերեմ։ Խնձորենու տակ կդնենք՝ այնտեղ զով է։ Ես շատ ուրախ եմ, Նախնախ։ Դու էլ, դու էլ ես ուրախ, ես տեսնում եմ, որ ուրախ ես։
― Իհարկե, ուրախ եմ, ― ասաց Նախնախը։ Նա չէր ուզում Երիցուկին վշտացնել։ Առանց այն էլ իր շատախոսությամբ քիչ էր մնում լացացներ նրան։
Երգչախմբի պարապմունքներին, ինչպես միշտ, երեքով էին գնում՝ Գինան, Երիցուկն ու Վոլֆը։ Երիցուկը անվերջ լուսանշանին էր նայում ու չէր թողնում, որ Վոլֆը կարմիր լույսի տակ փողոցն անցնի։ Իսկ Գինան դրա համար ձեռ էր առնում նրան։
― Ինչ խելո՜ք ես։ Ուզում ես միլիցիոներից հի՞նգ ստանալ։ Երիցուկը չէր բարկանում, այլ միայն ծիծաղում էր, և նրա գանգուր պոչիկը շարունակ թռչկոտում էր ծոծրակի վրա։
Բայց դրա փոխարեն Վոլֆն էր կատաղում․
― Էյ դու, խորամանկ։ Ինչ ես անընդհատ կպչում նրան։ ― Եվ զարմանում էր Երիցուկի վրա։ ― Ինչպե՞ս ես հանդուրժում։ Ես քո տեղը լինեի՝ նրան մի լավ հուպ կտայի։
― Դրա համար էլ դու Վոլֆ<ref>Վոլֆ ― գերմաներեն՝ գայլ։</ref> ես, ― վրա տվեց Գինան։ ― Վո՛լֆ, Վո՛լֆ, Վո՛լֆ․․․
Վոլֆը կարմրեց։ Ոչ մի բանից նա այնքան չէր վիրավորվում, որքան իր անունը ծաղրանքով արտասանելուց։ Բռունցքները սեղմելով նա նետվեց Գինայի վրա, և եթե Երիցուկը չբռներ նրա ձեռքը, տուրուդմփոց կսկսվեր։
― Ի՞նչ եք մի բառի համար կռիվ սարքում, ― Վոլֆին հանգստացրեց Երիցուկը։ Բայց սա, բռունցքները դեռ սեղմած, գոռաց․
― Թող հլա փորձի մեկ էլ ինձ այդպես անվանել։ Երևակայում է։ Այնպես կհասցնեմ, որ քեֆը կգա։
Չնայած Գինան երկուսից էլ բարձր էր, բայց գիտեր, որ Վոլֆի հախից գալ չի կարող։ Դրա համար էլ նա խոսեց այնպիսի տոնով, ինչպես սովորաբար խոսում են մեծերը։
― Դե լավ, դու Վոլֆ չես։ Հիմա գո՞հ ես։
«Միշտ էլ խելացին է զիջում», ― հիշեց մոր սիրած ասույթն ու դեմքին այնպիսի արտահայտություն տվեց, որ Երիցուկը հռհռաց։ Հիմա արդեն Գինան ու Վոլֆը չկարողացան իրենց ծիծաղը զսպել։ Եվ կրկին երեքով շարունակեցին ճանապարհը դեպի դպրոց։ Սակայն հաշտությունը կարճ տևեց։ Այսօր Գինայի գժությունը իրոք բռնել էր։ Շինհրապարակի մոտ մի փոքրիկ, անճոռնի խցիկ կար։ Մատով խցիկի կողմը ցույց տալով՝ Գինան ասաց․
― Ոնց որ Պոսոշոկ տատիկի տնակը լինի։ Հավի ոտքերով խրճիթ է։ Վաղուց այդ կախարդի տնակը քանդելու ժամանակն է։ Մեր ժամանակակից թաղամասի տեսքն է գցում միայն։
Ասես մեկը բռունցքով հարվածեց Երիցուկի կրծքին։ Նա մեխվեց տեղում։
― Հավի ոտքերով խրճի՞թ։ Հապա կրկնի՛ր։
Երիցուկի ուրախ տրամադրությունը չգիտես ուր կորավ։ Նրա դեմքը հանկարծ բոլորովին փոխվեց, իսկ ձայնը դարձավ խռպոտ ու ցածր․․․
Մի պահ Գինան իրեն կորցրեց։ Այդպիսի բան երբեք չէր եղել։ «Միշտ էլ խելացին է զիջում» ասույթը գլխից հանկարծ թռավ։
― Հա՛, հա՛, հա՛, ― գոռաց նա։ ― Հավի ոտքերով խրճիթ։ Բա ի՛նչ է, մեղրաբլիթե տնա՞կ։ Չէ՛, հին ու փտած կախարդի խրճիթ։
Բայց այստեղ արդեն լուսանի պես նրա վրա հարձակվեց Երիցուկը։ Եվ չնայած Գինան մի գլուխ նրանից բարձր էր, անսպասելիությունից գետին գլորվեց։
Ուշադրություն չդարձնելով նրա վայրի ճիչերին՝ Երիցուկը հարվածում էր ուր պատահի։ Գինան թափահարում էր ոտքերը, ճանկռում էր, բայց կատաղած Երիցուկը ցավ չէր զգում․․․ Վոլֆը փորձում էր բաժանել նրանց, բայց դա հաջողվեց միայն այն ժամանակ, երբ օգնության հասավ ինչ֊որ կին։
Գինան իսկույն ոտքի ելավ ու, կեղտոտ, պատառոտված շրջազգեստով, լացուկոծով նետվեց հակառակ կողմը, դեպի տուն։ Նրա մեծ լինելուց հետք անգամ չէր մնացել։ Վազելիս բռունցքներով սրբում էր արցունքներն ու դեմքը կեղտոտում։
Երիցուկն ու Վոլֆը նույնպես վերադարձան տուն։ Հիմա արդեն էլ ի՞նչ երգչախումբ։ Երիցուկը քայլում էր լուռ, Վոլֆը նույնիսկ նրա ձեռքից բռնեց ու տուն տարավ, ինչպես փոքրիկի։
Լիլո մայրիկը սարսափեց, երբ դուռը բանալով, շեմքին տեսավ Երիցուկին։ Վերջինս կանգնած էր գզգզված, ճանկռոտված ու ոչ մի բառ չէր ասում։ Վոլֆը ստիպված եղավ ամեն ինչ պատմել։
― Սկզբում ես ուզում էի Երիցուկին օգնել ու մի լավ դնգստել Գինային, ― ասաց նա, ― բայց երկուսը մեկի դեմ՝ դա բանի նման չէ։ Իսկ երբ Երիցուկը նրան այդպես քոթակեց, ես նրանց բաժանեցի։ Գուցե ճիշտ չե՞մ վարվել։
― Միանգամայն ճիշտ ես վարվել, ― ասաց Լիո մայրիկը։ ― Ապրես, Վոլֆ։
Մայրիկը Վոլֆին շոկոլադ հյուրասիրեց, ու նա տուն գնաց։ Իսկ Երիցուկին մայրիկը տարավ լողասենյակ, ձեռք ու երես լվաց, շորերը փոխեց, սանրեց մազերը։
― Քեզ այդ ի՞նչ է պատահել, Երիցուկ։
Նա նստեց պատուհանի մոտ դրված բազկաթոռին ու Երիցուկի ձեռքը բռնելով՝ մոտ քաշեց։
Երիցուկը սեղմվեց նրա այտին ու սկսեց լաց լինել։ Լիլո մայրիկին կարելի էր ամեն ինչ պատմել՝ և թե ինչից սկսվեց վեճը, և որ, միևնույն է, այդ Գինային քիչ պատիժ հասավ, և որ Երիցուկն այժմ ամաչում է․․․ Եվ ինչի մասին էլ ուզես կարելի է հարցնել։
― Ուրեմն Գինան ուզում էր ասել, որ Նախնախը կախա՞րդ է։
― Դե չէ, ի՞նչ ես ասում, Երիցուկ։ Չէ՞ որ միայն հեքիաթներում են կախարդներ լինում, մեկ էլ տիկնիկային թատրոնում։ Իսկ դեղագործի ընտանիքում, առավել ևս, ոչ ոք չի հավատում կախարդներին։ Իսկ Գինան բոլորից փոքրն է։ Էլ ինչպե՞ս կարող է նա բարի Նախնախին կախարդ համարել։ Չէ, նա ուրիշ բան է ուզեցել ասել։
― Եվ իրոք։
Լիլոն միշտ էլ անսխալ պատասխան էր գտնում։
Հիմա Երիցուկն այլևս բարկացած չէր Գինայի վրա։
==Թե ինչպես Երիցուկն իմացավ Նախնախի գաղտնիքը==
Մի անգամ Երիցուկենց դասարանին մի ժամ շուտ էին տուն թողել, որովհետև հիվանդացել էր նկարչության ուսուցիչը։ «Նախ կվազեմ տատիկի մոտ, ― որոշեց Երիցուկը, ― տեսմեմ ինչ կա առնելու, և ընդհանրապես, ոնց է, ոնց չի․․․ Գարնանային արևոտ օր էր։ Պարտեզների ցանկապատների վրայից երևում էին ծաղկած եղրևանիները։ Նոր մայթերի երկայնքով վերջերս տնկված մատղաշ շիվերը արդեն կանաչել էին։ Ճյուղից ճյուղ թռչելով բարձր ճռվողում էին ճնճղուկները։ Բայց ամենից ուրախալին Նախնախի հին այգու մասին մտածելն էր․ այնտեղ ծառերը բարձր֊բարձր էին, իսկ թփերի մեջ թռվռում ու ճախրում էին թռչունները՝ կեռնեխները, շիկահավերն ու երաշտահավերը։ Նրանց մի մասը բույն է հյուսում, մյուսները արդեն բնակվել են՝ ծլվլում են ու միմյանց ձայնակցում։ Իսկ ամենածիծաղելին երաշտահավերն էին․․․
Երիցուկը բացեց պարտեզի դռնակը, որը երբեք փականով չէին փակում։ Պարտեզը ողողված էր արևով։ Հավանաբար, Նախնախը տան ետևում է՝ նստած է խնձորենու տակ դրված նստարանին։ Երիցուկը պտտվեց տան շուրջը։ Չէ, Նախնախն այստեղ չէր։ Երիցուկը մի քիչ կանգ առավ, ականջ դրեց ծլվլոցին ու ճռվողյունին։ Այ քեզ գեղեցկություն։ Ծառերն ու թփերը ասես կանաչ լույսով են պարուրված, սիզամարգերում ծաղկել են մարգարտածաղիկներն ու խատուտիկները։ Ահա և մանուշակը։ Ահա և երկրորդը․․․ Երիցուկը երկու փունջ արեց․ մեկը՝ Նախնախի, մյուսը Լիլո մայրիկի համար։
Նա չքաշեց պարանը, որպեսզի զնգզնգացնի հնամենի զանգը, այլ պարզապես հրեց դուռը․ դուռը նույնպես կողպված չէր, բայց Երիցուկի ետևից շրխկոցով փակվեց։ Կանաչ լույսից և ուրախ ճռվողյունից հետո նախասենյակը նրան առանձնապես մութ ու սառը թվաց։ Եվ մի տեսակ մգլահոտ էր գալիս․․․ Այսօր այստեղ ամեն ինչ կարծես ուրիշ է․․․ Երիցուկը ականջ դրեց։ Չնայած խոհանոցի դուռը կիսաբաց էր, սակայն չէր լսվում ոչ Նախնախի փնթփնթոցը, ոչ էլ հատակի տախտակների ճռճռոցը։ Տնակը իրոք որ բոլորովին խարխուլ էր․ ոչ մի դուռ չէր փակվում․․․
Գուցե Նախնախը հիվանդացե՞լ է։ Երիցուկը զգուշությամբ ննջարանի դռնից ներս նայեց։ Ոչ, այնտեղ էլ ոչ ոք չկար։ Ուրեմն նա ձեղնահարկում է։ Երիցուկը մի տեսակ իրեն կորցրեց։ Զգույշ, ասես խախտելով, ինչ֊որ արգելք, գաղտագողի բարձրացավ աստիճաններով ու անաղմուկ բացեց դուռը։ Նախնախը անշարժ նստած էր սեղանի մոտ՝ մեջքը Երիցուկի կողմը։ Երիցուկը մոտ գնաց, կողքից նայեց․․․ Տատիկը մի տեսակ կարծես այն չէր, ինչ եղել էր․․․ Եվ քիթն էլ ոնց որ սրված լիներ․․․ Սեղանին շաղ էին տված խաղաթղթերը։ Նախնախը ուշադրությամբ նայում էր դրանց։ Վերջապես նա շարժվեց, գլուխը տարուբերեց, հետո խորը հոգոց հանեց։ Լսվեց ծանոթ փնթփնթոցը։ Երիցուկի ականջին այնպիսի սարսափելի բառեր հասան, որ նա քարացավ տեղում․
― Միայն թե չմեռնի․․․
«Ո՞վ, ― մտածեց Երիցուկը, ― ո՞ւմ մասին է խոսում»։
Նախնախը կրկին սկսեց մռթմռթալ, և Եիրցուկը լսեց․
― Արմատիկ֊Ծերուկ․․․ Արմատիկ֊Ծերուկ․․․ Արմատիկ֊ծերուկ․․․
«Այս ինչի՞ մասին է խոսում։ Ի՞նչ Արմատիկ֊Ծերուկի մասին է խոսքը»։
Երիցուկը չհասցրեց այդ մասին կարգին մտածել, որովհետև կրկին վախեցավ, երբ Նախնախը իր անունը տվեց։
― Երիցուկ, իմ խե՜ղճ Երիվուկ։
Ուրեմն խոսքը ի՞ր մասին է։ Ինքը պիտի մեռնի՞։ Երիցուկը ուզեց ճչալ․ ասես ամեն ինչ գեշ երազում լիներ։ Իսկ Նախնախն արդեն նորից փնթփնթաց․․․
― Չքնաղ Լիլո․․․ Չքնաղ Լիլո․․․
Եվ ակստեղ Երիցուկը ճչաց․
― Ո՛չ, ո՛չ։ Միայն ոչ Լիլոն։
Արցունքներն հոսում էին այտերով։
Նախնախը վեր թռավ տեղից։ Նա ուզեց վեր կենալ, սակայն նորից նստեց։ Իսկ Երիցուկն արդեն փաթաթվել էր նրան ու, լաց լինելով, կրկնում էր․
― Նախնա՛խ, Նախնա՛խ, այս ի՞նչ ես անում այստեղ։ Ինչո՞ւ պիտի նա մեռնի։ Ասա, Նախնախ, ասա։ ― Նա ցնցեց Նախնախի ուսերը։
Եվ հանկարծ մի սարսափելի միտք առկայծեց գլխում․․․ Նա ետ թռավ ու աչքերը չռեց Նախնախի վրա։
― Նախնա՛խ, գուցե դու իսկապե՞ս կախարդ ես։
Այս բառերը կարծես մտրակի պես հարվածեցին տատիկին։ Նախնախը հանկարծ կծկվեց, ասես ավելի ծերացավ։ Կորացած՝ նստել էր աթոռին, գլուխը ցնցվում էր, շուրթերը դողդողում էին։ Դեմքը փոքրացավ֊փոքրացավ և կնճիռներով սկսեցին արցունքներ հոսել։ Այստեղ Երիցուկը նորից սկսեց լաց լինել ու ամուր֊ամուր փաթաթվեց Նախնախին։
― Չէ, չէ, Նախնախ։ Ես բոլորովին էլ դա չէի ուզում ասել․․․ Ախր ես գիտեմ, որ կախարդներ չկան․․․
Երկուսն էլ այնքան հուզված էին, որ ոչ մեկը, ոչ մյուսը չկարողացան հիշել անգամ, թե ինչ խոսեցին, ինչ արեցին ու ինչպես հաշտվեցին։ Այդ պատճառով էլ այստեղ, այս գրքում նույնպես այդ մասին ոչինչ չի պատմվի։
Կես ժամ անց ամեն ինչ սովորականի պես էր։ Երիցուկը բացեց պատուհանը, և սենյակը միանգամից արևով ողողվեց․ պարտեզից լսվում էր թռչունների դայլայլը։ Նախանախատատն ու ծոռը նստել էին դեմ֊դիմաց, սեղանի մոտ, որի վրա, մանուշակների փնջով փոքրիկ բաժակից բացի, ոչինչ չկար դրված։
Նախնախը արդեն կրկին առաջվանն էր, միայն աչքերն ու քիթն էին մի քիչ կարմրած, ասենք, Երիցուկն էլ նրանից պակաս չէր։
― Երիցուկ, ոչ մեկին չպատմես այդ խաղաթղթերի մասին և այն մասին, որ․․․ դու ինձ բռնացրիր թղթերի վրա։ Թե չէ, Լիլոն ու հայրիկը այլևս քեզ չեն թողնի ինձ մոտ գաս․․․ Բա ինչպե՞ս կապրեմ այն ժամանակ։ Ախր, Երիցուկ, ինքդ էլ գիտես, որ առանց քեզ ապրել չեմ կարող։
Երիցուկը խոստացավ, որ ոչ մեկին ոչինչ չի ասի։
― Մենակ ասա ինձ, թե դրանք ի՞նչ թղթեր են, ― հարցրեց նա։ ― Եվ ինչո՞ւ ասացիր, թե Լիլո մայրիկը կմեռնի։ Չէ՞ որ դա չի կարող պատահել․․․
Եվ այստեղ Նախնախը սկսեց ստել։ Ուրիշ ի՞նչ աներ, ճար չկար։ Բայց ստել բոլորովին չէր կարողանում։
― Ճիշտ չէ, ճիշտ չէ, ― ասաց նա։ ― Դա հիմարություն է, ուղղակի ես էի հնարել․․․ Դատարկ բան է․․․ Երևի, ծերությունից է։ Եվ մեկ էլ նրանից, որ ամբողջ օրը մենմենակ եմ․․․ Մեկ էլ տեսար գլուխս մի հիմարություն է մտնում։ Հիմարություն է դա, հիմարությո՛ւն․․․ Սուտ է, ինչ որ խաղաթղթերը ցույց են տալիս, բոլորն էլ սուտ է։
― Ինչպե՞ս թե «խաղաթղթերը ցույց են տալիս», Նախնա՛խ։
― Դե ոչինչ էլ ցույց չեն տալիս, ուղղակի ինքդ ես երևակայում, և վերջ․․․ Մի ինչ֊որ անհեթեթ բան ես հնարում ու ինքդ էլ հավատում ես։ Չէ, Երիցուկ, դա սուտ է։ Եվ հայրիկին չասես, Լիլոյին էլ չասես, թե ես խաղաթղթերով «բախտ եմ բացում» ու ինքս էլ հավատում եմ դրան։ Կախարդել ես չեմ կարող, բայց զանազան խորհրդավոր բաների հավատում եմ։ Չէ, Երիցուկ, դու, իհարկե, մի հավատա, այս ամենը դատարկ բան է, հիմարություն, կայրեմ ես այդ խաղաթղթերը․․․ ― Եվ նա մատով ցույց տվեց լուսամուտագոգին դրված խաղաթղթերը։
― Ինչո՞ւ այրես, ― զարմացավ Երիցուկը։ ― Ախր դրանք դեռ բոլորովին նոր են։ Կխաղանք իրար հետ։
― Խաղալու համար պիտանի չեն․․․ Դրանց մեջ ջոքեր չկա։
― Հա֊ա֊ա՜․․․ Ուրեմն իրոք պիտանի չեն․․․ Միայն թե ես չհասկացա, Նախնախ, դու հավատո՞ւմ ես այդ «բախտ բացելուն», թե ոչ։ Մի տեսակ անհասկանալի ես խոսում։
― Դա, ախր, բոլորովին միևնույն է, Երիցուկ․․․ Բայց, այ, դու իսկի չպիտի հավատաս։ Լսում ես, Երիցուկ, դու, ուրեմն, ոչինչ չես տեսել, ոչինչ չես լսել։ Հասկացա՞ր։
Ոչ, Երիցուկը ոչինչ չհասկացավ։ Նա ամեն ինչ տեսել էր ու այնքան սարսափելի բաներ էր լսել․․․ Այնքան սարսափելի, որ նույնիսկ հարցրեց․
― Իսկ ինչո՞ւ ասացիր՝ «Միայն թե չմեռնի»։ Ինչո՞ւ պիտի Լիլո մայրիկը մեռնի։ Դա ախր հիմարություն է, չէ՞։ Թե՞ հիմարություն չէ։
― Հիմարություն է, Երիցուկ, հիմարություն է։ Երբ փոքրիկը ծնվի, Լիլո մայրիկը չի մեռնի։ Ամեն ինչ լավ կլինի․․․
― Իսկ մի՞թե մայրիկները մեռնում են, երբ երեխաներ են ծնվում։ Մի՞թե այդպես է լինում։
― Չէ, չէ, Երիցուկս, հիմա արդեն այդպես չի լինում։ Առաջներում հաճախ էր լինում, իսկ հիմա՝ երբեք։ Հիմա չէ որ մաքրություն կա, բժիշկներ կան․․․ Իսկ առաջ այդ բոլորը չկար։ Մենք էլ Արմատիկ֊Ծերուկին էինք հավատում։
Եվ Նախնախը բոլորովին մոռանալով, որ ուզում էր ձևացնել, թե իբր ոչ մի բանի չի հավատում՝ ոչ թղթերին, ոչ նախանշաններին, սկսեց պատմել Արմատիկ֊Ծերուկի մասին։
Խորհրդավոր շշուկով բացատրում էր նրան, որ մանուկ հասակում, դեռ այնտեղ, հայրենի Թյուրինգիայում, իրենց երբեմն թույլ էին տալիս խաղալ Արմատիկ֊Ծերուկի հետ․․․
― Դե, այդպիսի մի արմատ կա՝ ղանձիլի արմատ, սոխուկ, զորավոր, հասկանո՞ւմ ես։ Արմատիկ֊Ծերուկ․․․ Այ հենց դրա համար էլ ես ու իմ հորեղբոր տղա Ալոիզը ապրում ենք այսպես մինչև խոր ծերություն ու երբեք չենք հիվանդացել։ Միմիայն այդ պատճառով։ Չէ որ այդ արմատը առողջներին պահպանում է, իսկ հիվանդներին՝ բուժում։ Ա՜խ, թե որ այն ժամանակ այդ Արմատիկ֊Ծերուկը լինե՜ր։ Մայրիկդ չէր մահանա․․․
Եվ այստեղ նա տեսավ Երիցուկի սարսափահար դեմքն ու չռված աչքերը, որ հարցնում էին․ «Ուրեմն, կնշանակի այդ ամենը ճի՞շտ է։ Կամ գուցե Նախնախը հնարո՞ւմ է։ Կամ էլ նրա գլխում ամեն ինչ խառնվե՞լ է»։
Նախնախը Երիցուկի աչքերում այնպես պարզ կարդաց այս բոլոր հարցերը, որ անմիջապես ուշքի եկավ։
Երիցուկ, եթե ինձ սիրում ես, մոռացիր այս ամենը, ինչ ասացի այսօր այս ձեղնահարկում․․․ Մոռացիր այս խաղաթղթերի մասին։ Ես, հավանաբար, ջերմություն ունեմ, և ինչ ասես մտքովս չի անցնում։ Էլ այդ մասին մի մտածիր, Երիցուկ։ Իսկ ամենակարևորը՝ ոչ մեկին չես պատմի, թե չէ ես էլ հանգիստ չեմ ունենա։ Եթե այս խոսակցությունը բացվի, ախր էլ քեզ թույլ չեն տա ինձ մոտ գալ։ Բա ես ի՞նչ կանեմ․․․
Եվ նա նորից կծկվեց ու փոքրացավ֊փոքրացավ, ավելի ծերացավ, ու այնժամ Երիցուկն սկսեց նրան համոզել, որ աշխարհում ոչ մեկին ոչ մի դեպքում չի պատմի խաղաթղթերի մասին։ Իսկ հետո տուն գնաց։ Բայց նա արդեն այն Երիցուկը չէր, որը մի ժամ առաջ մտել էր տատիկի պարտեզը։